ԳԼՈՒԽ 1
«Իմ խոսքերը քո բերանում դրեցի»
1, 2. Ինչո՞ւ կարելի է վստահել աստվածաշնչյան արձանագրությանը։
«ԿԱ ԸՆԿԵՐ, որ եղբորից ավելի մտերիմ է»,— ասվում է Առակներ 18։24–ում։ Ունե՞ս այդպիսի ընկեր։ Եթե այո, ապա համաձայն կլինես աստվածաշնչյան այս մտքի հետ։ Ի՜նչ օրհնություն է իսկական ընկերը։ Դու վստահում ես նրան, հավատում նրա պատմածներին։ Գիտես, որ նա անպայման իր խոսքի տերը կլինի։ Երբ քեզ որևէ խորհուրդ է տալիս, հեշտությամբ ես ընդունում։ Չէ՞ որ նա ժամանակի ընթացքում փաստել է, որ մտածում է քո բարօրության մասին։ Ինչ խոսք, դու էլ մտածում ես նրա բարօրության մասին և ուզում ես, որ ձեր ընկերությունը երբեք վերջ չունենա։
2 Կարելի է ասել, որ Աստվածաշունչը գրի առնող մարդիկ հենց այդպիսի ընկերներ են քեզ համար։ Աստծու այդ ծառաների գրածները վստահության են արժանի։ Նրանց խոսքերը միայն բարիք կբերեն քեզ։ Հենց այդպիսի վերաբերմունք պետք է ունենային իսրայելացիները այն անհատների հանդեպ, ովքեր «Աստծու կողմից էին խոսում՝ սուրբ ոգուց մղված» (2 Պետ. 1։20, 21)։ Նրանցից մեկն էր Երեմիան, որը Եհովայի ներշնչմամբ գրի առավ Աստվածաշնչի ամենամեծ մարգարեական գիրքը, ինչպես նաև «Ողբը» ու երկու այլ գրքեր։
3, 4. Ինչպե՞ս են ոմանք վերաբերվում «Երեմիա» և «Ողբ» գրքերին, և ինչո՞ւ են այդ պատկերացումները սխալ։ Պարզաբանի՛ր։
3 Ոմանք, սակայն, նախընտրում են չկարդալ «Երեմիա» և «Ողբ» գրքերը, թեպետ սիրով են ընթերցում Աստվածաշնչի մյուս մասերը։ Նրանք այդ գրքերը տխուր են համարում՝ չարագույժ մտքերով լիa։ Արդյոք ճի՞շտ են այդ պատկերացումները։
4 Անվիճելի է, իհարկե, որ Երեմիայի գրքերում խիստ խորհուրդներ ու նախազգուշացումներ կան։ Սակայն մի՞թե իսկական ընկերը հարկ եղած դեպքում անկեղծորեն խորհուրդ չի տա։ Հիսուսն, օրինակ, չէր լռում, երբ նրա ընկերները՝ առաքյալները, սխալ էին վարվում (Մարկ. 9։33–37)։ Բայց դա չի նշանակում, որ նա տխուր լուր էր հայտնում։ Ընդհակառակը՝ Հիսուսը մարդկանց ասում էր, թե ինչպես կարող են արժանանալ Աստծու հավանությանը ու երջանիկ ապագա ունենալ (Մատթ. 5։3–10, 43–45)։ Նույնն է պարագան նաև Երեմիայի գրքերի դեպքում։ Չէ՞ որ դրանք ընդգրկված են «ամբողջ Գրքում», որն օգտակար է «ուղղելու» համար (2 Տիմոթ. 3։16)։ Երեմիան պարզ հայտնում է, թե ինչ վերաբերմունք ունի Եհովան այն մարդկանց հանդեպ, ովքեր աստվածապաշտ են ձևանում, բայց աստվածանարգ գործեր են անում։ Մարգարեն ասում է, որ նրանք կկրեն իրենց արժանի պատիժը։ Այդուհանդերձ, «Երեմիա» և «Ողբ» գրքերը հույս են տալիս մեզ։ Այնտեղ գրված է, թե ինչպես կարող ենք օրհնություններ վայելել ապագայում։ «Երեմիա» գրքում կան մարգարեություններ Աստծու նպատակների մասին, որոնք այսօր կատարվում են նաև մեր առնչությամբ։ Վերոհիշյալ երկու գրքերում էլ կարող ենք դրական ու քաջալերական բազմաթիվ մտքեր գտնել (կարդա՛ Երեմիա 31։13, 33; 33։10, 11; Ողբ 3։22, 23)։
5. Ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել Երեմիայի գրքերից։
5 Երեմիայի գրքերը նպաստում են Աստծու ծառաների ուրախությանն ու միասնությանը և պայծառ ապագայի հույս են տալիս։ Դրանք ամրացնում են մեր եղբայրական կապը և մղում են կիրառելու Պողոս առաքյալի հետևյալ խորհուրդը. «Եղբայրնե՛ր, շարունակեք ուրախանալ, ուղղվել, մխիթարվել, միևնույն մտքի լինել, խաղաղությամբ ապրել. և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի» (2 Կորնթ. 13։11)։ Երեմիայի գրվածքները ուղղակիորեն կապված են բարի լուրի հետ։ Թեև մենք բոլորին նախազգուշացնում ենք այս համակարգի մոտալուտ վախճանի մասին, սակայն մեր հաղորդած լուրը դրական է, քանի որ երջանիկ ապագայի հույս է տալիս մարդկանց։ Երեմիայի գրքերը օգտակար են անգամ առօրյա կյանքում։ Նրա և մեր հանգամանքներն ու գործունեությունը շատ նման են։ Եկեք, ուրեմն, քննենք, թե ինչ ծագում է ունեցել և ինչ հանձնարարություն է ստացել այդ հավատարիմ մարգարեն, որին Եհովան ասել էր. «Ահա իմ խոսքերը քո բերանում դրեցի» (Երեմ. 1։9)։
6, 7. Որտեղի՞ց գիտենք, որ Աստված ուշադրություն դարձրեց Երեմիայի վրա, և ի՞նչ հանգամանքներում ծնվեց ապագա մարգարեն։
6 Այն զույգերը, որոնք երեխայի են սպասում, հաճախ մտածում են, թե ինչպիսին կլինի իրենց զավակը, ինչ ուղի կընտրի կյանքում, ինչ հաջողությունների կհասնի, ինչ հետաքրքրություններ կունենա, ինչ մասնագիտություն կընտրի։ Ամենայն հավանականությամբ, այդ մասին խորհել են նաև քո ծնողները։ Պարագան, վստահաբար, նույնն էր նաև Երեմիայի ծնողների դեպքում։ Սակայն նրանց որդին առանձնահատուկ էր։ Ինչո՞ւ։ Որովհետև Երեմիայի ապագա կյանքն ու գործունեությունը խորապես հետաքրքրում էր տիեզերքի Արարչին (կարդա՛ Երեմիա 1։5)։
7 Աստված կանխատեսելու իր գերազանց ունակության շնորհիվ հատուկ ուշադրություն էր դարձրել այդ տղայի վրա, որը ծնվելու էր քահանայի ընտանիքում՝ Երուսաղեմից հյուսիս գտնվող մի քաղաքում։ Երեմիան լույս աշխարհ եկավ մ.թ.ա. 7–րդ դարի կեսերին։ Դա դժվարին ժամանակաշրջան էր Հուդայի համար, քանի որ այնտեղ իշխում էր Մանասե թագավորը (տե՛ս 19–րդ էջի աղյուսակը)։ 55 տարվա իր գահակալության մեծ մասի ընթացքում Մանասեն անում էր այն, ինչը չար է Եհովայի աչքում։ Նրա որդի Ամոնը առանձնապես չէր տարբերվում իր հորից (2 Թագ. 21։1–9, 19–26)։ Իսկ Հովսիայի օրոք ամեն բան փոխվեց։ Ի տարբերություն նախորդ թագավորների՝ նա սկսեց փնտրել Եհովային։ Իր գահակալության 18–րդ տարում Հովսիան երկիրը մաքրեց կուռքերից։ Այս բարեփոխումները պետք է որ ուրախություն պատճառած լինեին Երեմիայի ծնողներին։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ Եհովան նրանց որդուն մարգարե նշանակեց (2 Տար. 34։3–8)։
«Երեմիա» և «Ողբ» գրքերը ինչո՞ւ պետք է հետաքրքրեն քեզ։
ԱՍՏՎԱԾ ԸՆՏՐՈՒՄ Է ԻՐ ԽՈՍՆԱԿԻՆ
8. Ի՞նչ նշանակում ստացավ Երեմիան, և ինչպիսի՞ն էր նրա արձագանքը։
8 Հայտնի չէ, թե քանի տարեկան էր Երեմիան, երբ Եհովան նրան ասաց. «Ազգերի մարգարե քեզ նշանակեցի»։ Հավանաբար, նա մոտ 25 տարեկան էր. այդ տարիքում էր ղևտացին սկսում իր քահանայական ծառայությունը (Թվեր 8։24)։ Քանի տարեկան էլ որ Երեմիան լիներ, հաստատ է, որ նա այդ նշանակումը ստացավ երիտասարդ հասակում։ Դա երևում է նրա հետևյալ խոսքերից. «Ավա՜ղ, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, ես խոսել չգիտեմ, որովհետև դեռ պատանի եմ» (Երեմ. 1։6)։ Ինչպես տեսնում ենք, նա վարանում էր ստանձնել այդ պատասխանատվությունը, քանի որ իրեն երիտասարդ ու անփորձ էր համարում։ Բացի այդ, Երեմիան կարծում էր, թե հռետորական ունակություններ չունի, ինչը կարևոր էր մարգարե ծառայելու համար։
9, 10. Ինչո՞ւ սկզբում Երեմիային պետք է որ հեշտ լիներ կատարել իր ծառայությունը, բայց ի՞նչ պատահեց հետագայում։
9 Երեմիան իր նշանակումը ստացավ այն ժամանակ, երբ Հովսիան Հուդայից արմատախիլ էր անում կռապաշտությունը և առաջ էր տանում ճշմարիտ երկրպագությունը։ Ոչ մի տեղեկություն չկա այն մասին, թե Երեմիան և Հովսիան որքան են առնչվել իրար հետ։ Սակայն Եհովայի մարգարեի համար այդ թագավորի գահակալության շրջանը, անշուշտ, բարենպաստ ժամանակ էր։ Հովսիայի իշխանության սկզբում Հուդայում ծառայում էին նաև Սոփոնիա ու Նաում մարգարեներըb։ Այդ օրերում էր ապրում նաև Օլդա մարգարեուհին, որը, սակայն, վատ ժամանակներ կանխագուշակեց, ու Երեմիան դրանց ականատեսը դարձավ (2 Թագ. 22։14)։ Հետագայում նրա ընկերները՝ Աբդիմելեքն ու Բարուքը, փրկեցին մարգարեի կյանքը ու պաշտպանեցին նրան ոխերիմ թշնամիներից։
10 Ի՞նչ կզգայիր, եթե Աստված քեզ հանձնարարեր որևէ խիստ պատգամ հայտնել։ Հենց այդպիսի պատգամներ էր հայտնում Երեմիան (կարդա՛ Երեմիա 1։10)։ Ահա մի օրինակ։ Մ.թ.ա. 609 թ.–ին բաբելոնական զորքերը շարժվեցին դեպի Երուսաղեմ։ Սեդեկիա թագավորը հույս ուներ, թե Երեմիան լավ լուր կհայտնի Աստծուց։ Սակայն Աստված բոլորովին այլ բան ուներ ասելու նրան (կարդա՛ Երեմիա 21։4–7, 10)։
ՆԱ ՄԵԶ ՆՄԱՆ ՄԱՐԴ ԷՐ
11. Ինչո՞ւ Երեմիայի հանձնարարությունը հեշտ չէր, սակայն ի՞նչը զորացրեց նրան։
11 Պատկերացրու՝ քեզ հանձնարարված է Եհովայի խիստ դատավճիռը հայտնել չար թագավորներին, կեղծավոր քահանաներին և սուտ մարգարեներին։ Իհարկե, դա հեշտ չի լինի։ Հենց այդպիսի հանձնարարություն պետք է կատարեր Երեմիան։ Բայց Եհովայի օգնությամբ նա կարողացավ դա անել (Երեմ. 1։7–9)։ Աստված ցույց տվեց, որ վստահում է երիտասարդ մարգարեին, և զորացրեց նրան՝ ասելով. «Այսօր ես քեզ ամբողջ երկրի դեմ, Հուդայի թագավորների դեմ, նրա իշխանների, նրա քահանաների ու երկրի ժողովրդի դեմ բերդաքաղաք, երկաթե սյուն և պղնձե պարիսպ եմ դարձրել։ Նրանք կպատերազմեն քո դեմ, բայց քեզ չեն հաղթի, որովհետև «ես քեզ հետ եմ, .... որ ազատեմ քեզ»» (Երեմ. 1։18, 19)։
12. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Երեմիան մեզ նման մարդ էր։
12 Երեմիան իրականում բացառիկ անձնավորություն չէր։ Նա մեզ նման մարդ էր։ Ու թեպետ մարգարեն ապրել է հազարավոր տարիներ առաջ, բայց ունեցել է այն նույն խնդիրները, ինչ որ մենք ունենք։ Ամեն օր մենք առնչվում ենք տարբեր մարդկանց հետ։ Նրանցից ոմանք մեր հավատակիցներն են, ոմանք՝ ոչ։ Նույնն էր պարագան Երեմիայի դեպքում։ Ուստի շատ բան կարող ենք սովորել նրանից։ Չէ՞ որ Երեմիան, Եղիա մարգարեի պես, «այնպիսի զգացմունքներ ուներ, ինչպիսիք որ մենք ունենք» (Հակ. 5։17)։ Տեսնենք, թե ինչ օգտակար դասեր կարող ենք քաղել նրա օրինակից։
13, 14. Քրիստոնյաներից ոմանց իրավիճակը ինչո՞վ է նման Երեմիայի իրավիճակին (տե՛ս 10–րդ էջի նկարը)։
13 Մեր կյանքում լինում են թե՛ լավ, թե՛ վատ օրեր։ Երեմիայի կյանքում էլ էր նույնը։ Մի անգամ ազդեցիկ քահանաներից մեկը, որի անունը Փասուր էր, հարվածեց մարգարեին և հետո հրամայեց դնել նրան կոճղի մեջ։ Երեմիան ժամերով մնաց այդ վիճակում։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան էին ցավում նրա ձեռքերը, ոտքերը, վիզը... Այդքանը կարծես հերիք չէր, մարգարեն նաև ծաղրուծանակի առարկա էր դարձել։ Իսկ դու կկարողանայի՞ր դիմանալ ծաղրանքին ու տանջանքներին (Երեմ. 20։1–4)։
14 Զարմանալի չէ, որ մարգարեն ասաց. «Անիծյալ լինի այն օրը, երբ ես ծնվեցի։ .... Ինչո՞ւ դուրս եկա արգանդից. որ ծանր աշխատանք ու վի՞շտ տեսնեմ, և իմ օրերը ամոթալի վախճա՞ն ունենան» (Երեմ. 20։14–18)։ Որքա՜ն հուսալքված էր նա։ Իսկ դու նման զգացումներ ունեցե՞լ ես։ Պատահե՞լ է, որ քեզ անարժեք զգաս, մտածես, թե զուր է քո ծառայությունը։ Եթե այո, ապա Երեմիայի հետ պատահածն ուսումնասիրելով՝ մեծ օգուտներ կքաղես։
Ինչո՞վ է քեզ տպավորում Երեմիային տրված հանձնարարությունը։ Ի՞նչ նմանություն ես տեսնում քո և մարգարեի միջև։
15. Ինչո՞վ է քաջալերական Երեմիայի օրինակը։
15 Ուշագրավ է, որ Երեմիա 20։14–18-ում գրված տխուր մտքերից առաջ Երեմիան խոսում է Եհովային գովերգելու և փառաբանելու մասին (կարդա՛ Երեմիա 20։12, 13)։ Փաստորեն, նրա տրամադրությունը կտրուկ փոխվել էր։ Իսկ քեզ հետ նման բան եղե՞լ է։ Պատահե՞լ է, որ տրամադրությունդ կտրուկ ընկնի կամ բարձրանա։ Եթե այո, ապա Երեմիայի օրինակը հարազատ կլինի քեզ։ Ինչպես տեսնում ենք, մարգարեն նույն հույզերն ու ապրումներն ուներ, ինչ որ մենք։ Ուստի բոլորս էլ մեծ օգուտներ կքաղենք՝ ուսումնասիրելով Աստծու այդ անվեհեր խոսնակի օրինակը (2 Տար. 36։12, 21, 22; Եզր. 1։1)։
16. Ո՞ւմ համար կարող են քաջալերական լինել Երեմիայի հանգամանքները։
16 Երեմիայի օրինակը քաջալերական է մեկ այլ առումով ևս։ Աստված նրան մի արտասովոր ու, ակներևաբար, դժվարին հրահանգ էր տվել։ Եհովան մարգարեին պատվիրել էր չամուսնանալ (կարդա՛ Երեմիա 16։2)։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս դա անդրադարձավ նրա ծառայության վրա։ Ի՞նչ կարող են նրանից սովորել այն եղբայրներն ու քույրերը, ովքեր հոժարակամորեն կամ հանգամանքների բերումով ամուսնացած չեն։ Իսկ Երեմիային տրված պատվերում ի՞նչ ուսանելի միտք կա ամուսնացած քրիստոնյաների համար։ Ինչո՞վ է այդ պատվերն ուշագրավ այն զույգերի համար, որոնք «որդիներ ու աղջիկներ» չունեն։ Մարգարեի օրինակը ինչո՞վ է օգտակար անձամբ քեզ։
17. Ի՞նչ ենք սովորում Երեմիայի խոսքերից՝ գրված Երեմիա 38։20 համարում։
17 Հետաքրքրական է, որ մի անգամ Երեմիան Հուդայի թագավորին ասաց. «Խնդրում եմ, հնազանդվիր Եհովայի ձայնին, ինչ որ ասում եմ քեզ, և քեզ համար լավ կլինի, ու քո հոգին ողջ կմնա» (Երեմ. 38։20)։ Երեմիայի այս խոսքերից կարող ենք սովորել ճիշտ խոսել մարդկանց հետ և օգնել այն անհատներին, ովքեր դեռ չեն քայլում Եհովայի ճանապարհներով։ Նաև մարգարեի օրինակին հետևելով՝ կարող ենք բարելավել մեր փոխհարաբերությունները հավատակիցների հետ։ Այո՛, Երեմիայից շատ բան ունենք սովորելու։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԱՅՍ ԳՐՔՈՒՄ
18, 19. Ի՞նչ ձևերով կարելի է ուսումնասիրել «Երեմիա» և «Ողբ» գրքերը։
18 Այս գիրքը կօգնի քեզ խորությամբ ուսումնասիրելու Աստվածաշնչի «Երեմիա» և «Ողբ» գրքերը։ Դրանից մեծ օգուտներ կքաղես։ Չէ՞ որ, ինչպես գրեց Պողոս առաքյալը, «ամբողջ Գիրքը (այդ թվում վերոհիշյալ երկու գրքերը) ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար» (2 Տիմոթ. 3։16)։
19 Ինչ խոսք, «Երեմիա» և «Ողբ» գրքերը կարելի է ուսումնասիրել տարբեր ձևերով։ Օրինակ՝ ոմանք գուցե որոշեն դրանք հետազոտել համար առ համար՝ փորձելով հասկանալ յուրաքանչյուր խոսքի իմաստը։ Ոմանք էլ թերևս ցանկանան պարզել, թե ինչ զուգահեռներ կան այդ գրքերում հիշատակվող անձանց ու դեպքերի և մերօրյա մարդկանց ու իրադարձությունների միջև (համեմատի՛ր Երեմիա 24։6, 7; 1 Կորնթացիներ 3։6)։ Որոշ քրիստոնյաներ գուցե ուզենան խորությամբ ուսումնասիրել այդ գրքերում նկարագրված պատմական իրադարձությունները (Երեմ. 39։1–9)։ Այս ամենն ինչ–որ չափով նույնիսկ անհրաժեշտ է «Երեմիան» և «Ողբը» լիարժեքորեն հասկանալու համար։ Ուստի այս գրքի 2–րդ գլխում կքննարկենք այն ժամանակաշրջանի պատմությունը, որի ընթացքում ապրել է մարգարեն։ Մենք նաև կտեսնենք, թե ինչպես է Աստված ազդել իրադարձությունների զարգացման վրա, որպեսզի իրագործի իր նպատակները։
20. Ո՞ր տեսանկյունից են այս գրքում քննարկվելու «Երեմիան» և «Ողբը»։
20 Այս գրքում, սակայն, բոլորովին այլ տեսանկյունից կքննարկենք «Երեմիան» և «Ողբը»։ Կտեսնենք, թե Աստծու պարգևած այդ գրքերն ինչով են գործնական մեզ՝ քրիստոնյաներիս համար (Տիտոս 2։12)։ Կհամոզվենք, որ դրանք բազմաթիվ ուսանելի բաներ են պարունակում։ «Երեմիայում» և «Ողբում» գործնական խորհուրդներ կգտնենք, կքննենք տարբեր մարդկանց օրինակներ։ Դրա շնորհիվ կդառնանք «իրազեկ և ամբողջովին պատրաստված»՝ դիմագրավելու տարբեր դժվարություններ։ Այս գրքերից օգուտ կքաղեն բոլորը՝ ամուրիները, ամուսնացածները, կանայք, ամուսինները, դպրոցականները, երեցները, ռահվիրաները։ Անշուշտ, մեզնից յուրաքանչյուրը գեթ մի օգտակար բան կբացահայտի իր համար, ինչը կօգնի լինելու պատրաստված «ամեն բարի գործի» (2 Տիմոթ. 3։17)։
21. Այս գրքի ուսումնասիրությունը ինչո՞ւ հետաքրքիր կլինի քեզ համար։
21 Այս գրքի յուրաքանչյուր գլուխը քննելիս աշխատիր գտնել այնպիսի մտքեր, որոնք օգտակար են անձամբ քեզ համար։ Դու, անկասկած, կհամոզվես, որ Հռոմեացիներ 15։4–ում գրվածը ճշմարիտ է նաև «Երեմիա» և «Ողբ» գրքերի առնչությամբ։ Այդ համարում Պողոս առաքյալն ասաց. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք»։
Գործնական ի՞նչ խորհուրդներ կգտնես «Երեմիա» և «Ողբ» գրքերում։
a Հայերենում կա «երեմիական» բառը, որը նշանակում է դառը՝ արտասվալից գանգատ, տրտունջ, ողբ։ Իսկ որոշ լեզուներում այս բառը կրում է նաև մեղադրանքի և բարկության իմաստ։ Օրինակ՝ «Վաշինգտոն փոստ» օրաթերթի համարներից մեկում քննարկվում էր մի ֆիլմ՝ նվիրված կլիմայի և էկոլոգիայի փոփոխությանը։ Թերթն այն կոչում էր «անհանգստացնող երեմիական»։
b Երեմիայի ժամանակակիցներն են եղել Ամբակում, Աբդիա, Դանիել ու Եզեկիել մարգարեները։ Մ.թ.ա. 607 թ.–ին՝ Երուսաղեմի կործանման ժամանակ, Երեմիան մարգարե էր ծառայում արդեն մոտ 40 տարի։ Դրանից հետո նա ապրեց ևս 20 տարի։