Պահպանիր քո սիրտը
«Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին [«պահպանի՛ր քո սիրտը», ԷԹ], որ նորանից է կեանքի ելքը» (Առակաց 4։23)։
1, 2. Ինչո՞ւ պետք է պահպանենք մեր սիրտը։
ԿԱՐԻԲՅԱՆ ծովի կղզիներից մեկում փոթորիկը հանդարտվեց, և ծերունին դուրս եկավ իր ապաստարանից։ Դիտելով շրջապատի ավերածությունները՝ նա նկատեց, որ իր տան դարպասի դիմաց գտնվող հսկա ծառը, որ տասնամյակներ շարունակ կանգուն էր եղել, չկար։ «Ինչպե՞ս կարող էր դա պատահել,— զարմանում էր նա,— երբ մյուս՝ ավելի փոքր ծառերը կանգուն են մնացել»։ Նայելով տապալված ծառի կոճղին՝ նա ամեն բան հասկացավ. առաջին հայացքից ամուր թվացող ծառը ներսից փտել էր, և փոթորիկն ընդամենը բացահայտել էր այդ իրողությունը։
2 Ինչպիսի՜ ողբերգություն է, երբ Աստծո ճշմարիտ երկրպագուն, որը կարծես թե ամուր արմատներ է գցել քրիստոնեական կյանքի հողում, չի կարողանում դիմանալ հավատի փորձությանը։ Աստվածաշունչն իրավացիորեն նշում է, որ «մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկութիւնիցը» (Ծննդոց 8։21)։ Սա նշանակում է, որ, առանց մշտական զգոնության, նույնիսկ լավագույն սրտերը կարող են ենթարկվել վատն անելու գայթակղությանը։ Քանի որ ոչ մի անկատար մարդու սիրտ ապահովված չէ այլասերումից, մեզ հարկավոր է լրջորեն նկատի առնել հետևյալ խորհուրդը. «Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին [«պահպանի՛ր քո սիրտը», ԷԹ], որ նորանից է կեանքի ելքը» (Առակաց 4։23)։ Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր փոխաբերական սիրտը։
Պարբերաբար ստուգելը խիստ կարևոր է
3, 4. ա) Բառացի սրտի վերաբերյալ ի՞նչ հարցեր կարելի է տալ։ բ) Ի՞նչը կօգնի մեզ քննել մեր փոխաբերական սիրտը։
3 Եթե դուք բժշկի մոտ ստուգման գնաք, ապա նա, հավանաբար, կքննի ձեր սիրտը։ Արդյո՞ք ձեր ընդհանուր առողջական վիճակից (այդ թվում նաև սրտի) երևում է, որ ձեր օրգանիզմը բավարար չափով սննդարար նյութեր է ստանում։ Ինչպիսի՞ն է ձեր արյան ճնշումը։ Կայուն և բավական ուժգի՞ն է ձեր սրտի բաբախյունը։ Բավականաչափ ֆիզիկական վարժություններ կատարո՞ւմ եք։ Արդյոք ձեր սիրտը ավելորդ ստրեսի չի՞ ենթարկվում։
4 Եթե բառացի սիրտը պարբերական ստուգման կարիք ունի, ապա ի՞նչ կարելի է ասել փոխաբերական սրտի մասին։ Եհովան է քննում այն (Ա Մնացորդաց 29։17)։ Սակայն մենք էլ պետք է քննենք մեր սիրտը։ Ինչպե՞ս։ Ինքներս մեզ այսպիսի հարցեր տալով. «Արդյո՞ք սիրտս բավականաչափ հոգևոր կերակուր է ստանում կանոնավոր անձնական ուսումնասիրության և հանդիպումներին ներկա գտնվելու միջոցով (Սաղմոս 1։1, 2; Եբրայեցիս 10։24, 25)։ Եհովայի լուրը մո՞տ է սրտիս այնքան, որ, ինչպես ‘ոսկորներումս պահված վառված կրակ’, մղի ինձ մասնակցելու Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին (Երեմիա 20։9; Մատթէոս 28։19, 20; Հռովմայեցիս 1։15, 16)։ Արդյոք հնարավորության դեպքում ջանո՞ւմ եմ բաժին ունենալ լիաժամ ծառայության որևէ ձևի մեջ (Ղուկաս 13։24)։ Ինչպիսի՞ մարդկանց հետ է սիրտս ուզում ընկերակցել։ Ձգտո՞ւմ եմ շփվել նրանց հետ, որոնց սրտերը միակամ են ճշմարիտ երկրպագության մեջ» (Առակաց 13։20; Ա Կորնթացիս 15։33, ԱԹ)։ Եկեք աչալուրջ լինենք և որևէ թերություն հայտնաբերելիս անհապաղ քայլերի դիմենք տվյալ բացը շտկելու համար։
5. Ի՞նչ օգտակար նպատակի կարող են ծառայել հավատի փորձությունները։
5 Հավատի փորձություններ հաճախ են լինում, և դա հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպիսին է մեր սրտի վիճակը։ Իսրայելացիներին, որոնք գտնվում էին Ավետյաց երկրի շեմին, Մովսեսն ասաց. «Քո Եհովայ Աստուածը այս քառասուն տարիումը քեզ ման ածեց անապատի մէջ, որ քեզ խոնարհեցնէ, քեզ փորձելու եւ սրտիդ միջինը իմանալու համար, թե արդեօք նորա պատուիրանքները կ’պահես թէ ոչ» (Բ Օրինաց 8։2)։ Երբեմն չե՞նք զարմանում մեր զգացումների, ցանկությունների և արձագանքների վրա, երբ անսպասելի իրավիճակների կամ փորձությունների ենք բախվում։ Եհովայի թույլատրած փորձությունները, անշուշտ, կարող են ահազանգել մեր թերությունների մասին՝ հնարավորություն տալով մեզ բարելավումներ կատարելու (Յակոբոս 1։2–4)։ Եկեք երբեք առիթը բաց չթողնենք աղոթքով խորհրդածելու այն մասին, թե ինչպես ենք արձագանքում մեզ բաժին ընկած փորձություններին։
Ի՞նչ են ցույց տալիս մեր խոսքերը
6. Ի՞նչ կարող է բացահայտել մեր սրտի վերաբերյալ այն, թե ինչի մասին ենք սիրում խոսել։
6 Ինչպե՞ս կարող ենք որոշել, թե որն է մեր սրտի գանձը։ Հիսուսն ասաց. «Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բղխում, եւ չար մարդն իր սրտի չար գանձիցը չար է բղխում, որովհետեւ սրտի աւելացածիցն խօսում է նորա բերանը» (Ղուկաս 6։45, ԱԹ)։ Այն, թե ինչի մասին ենք սովորաբար խոսում, հստակորեն ցույց է տալիս, թե մեր սրտում ինչ ձգտումներ կան։ Մեր զրույցները հաճախ նյութականի և աշխարհիկ հաջողությունների՞, թե՞ հոգևորի ու աստվածապետական նպատակների շուրջ են։ Պատրա՞ստ ենք սիրով ծածկել դիմացինի սխալները՝ այդ մասին ուրիշների հետ խոսելու փոխարեն (Առակաց 10։11, 12)։ Հակվա՞ծ ենք հիմնականում խոսել մարդկանց և նրանց նիստուկացի, և քիչ՝ հոգևոր ու բարոյական հարցերի մասին։ Իսկ գուցե սա ահազա՞նգ է, որ ավելորդ հետաքրքրվածություն ենք ցուցաբերում ուրիշների անձնական գործերի նկատմամբ (Ա Պետրոս 4։15)։
7. Ի՞նչ կարող ենք սովորել սիրտը պահպանելու մասին Հովսեփի տասը եղբայրների վերաբերյալ պատմությունից։
7 Ահա թե ինչ պատահեց մի բազմանդամ ընտանիքում։ Հակոբի տասը որդիները «խաղաղութեամբ չէին կարողանում խօսել» իրենց կրտսեր եղբայր Հովսեփի հետ։ Ինչո՞ւ։ Նրանք նախանձում էին նրան, քանի որ վերջինս իրենց հոր սիրելին էր։ Ավելի ուշ, երբ Աստված Հովսեփին երազներ տվեց, որոնք վկայում էին նրա նկատմամբ իր հավանության մասին, նրանք «աւելի ատեցին նորան» (Ծննդոց 37։4, 5, 11)։ Նրանք այնքան դաժան էին, որ մինչև իսկ իրենց եղբորը ստրկության վաճառեցին։ Այնուհետև, հանցանքը ծածկելու մտադրությամբ, խաբեցին իրենց հորը՝ ասելով, թե իբր Հովսեփը գիշատվել է։ Տվյալ դեպքում Հովսեփի տասը եղբայրները չպահպանեցին իրենց սրտերը։ Եթե մենք հակում ունենք քննադատելու ուրիշներին, ապա գուցե դա խոսո՞ւմ է այն մասին, որ մեր սրտում խանդի կամ նախանձի զգացում կա։ Հարկավոր է զգոն լինել ու քննել, թե ինչ խոսքեր են դուրս գալիս մեր բերանից, և արագորեն արմատախիլ անել անպատշաճ հակումները։
8. Ի՞նչը կօգնի մեզ քննել մեր սիրտը, եթե տեղի ենք տալիս ստելուն։
8 Ինչպես գիտենք, ‘անհնար է, որ Աստված սուտ խոսի’, բայց մարդիկ ահա ստելու հակում ունեն (Եբրայեցիս 6։18)։ «Ամեն մարդ սուտ [«ստախոս», ՆԱ] է»,— ցավով նշում է սաղմոսերգուն (Սաղմոս 116։11)։ Ինքը Պետրոս առաքյալը ստելով երեք անգամ ուրացավ Հիսուսին (Մատթէոս 26։69–75)։ Հստակ է, որ մենք պետք է զգույշ լինենք, որ չստենք, քանզի Եհովան ատում է «ստախօս լեզուն» (Առակաց 6։16–19)։ Այնուամենայնիվ, եթե երբևիցե թույլ տանք այդպիսի բան, ապա լավ կլիներ վերլուծել դրա պատճառը։ Արդյո՞ք դա մարդավախությունից էր։ Գուցե պատժվելու վա՞խն էր պատճառը։ Իսկ գուցե ա՞յն, որ ցանկանում էինք փրկել մեր հեղինակությունը կամ էլ պարզապես եսասիրությունից մղված ենք դա արել։ Ինչ էլ որ լինի պատճառը, շատ կարևոր է խորհել այդ խնդրի շուրջ, խոնարհաբար ընդունել սխալը և Եհովայից ներում հայցել՝ նրանից օգնություն խնդրելով այդ թուլությունը հաղթահարելու համար։ Ժողովի երեցները կարող են լավագույն կերպով այդ օգնությունը ձեզ ցույց տալ (Յակոբոս 5։14)։
9. Ի՞նչ կարող են բացահայտել մեր աղոթքները մեր սրտի մասին։
9 Երիտասարդ թագավոր Սողոմոնը Եհովայից իմաստություն և գիտություն խնդրեց, ինչին վերջինս պատասխանեց. «Որովհետեւ սա եղաւ քո սրտումը, եւ չը խնդրեցիր հարստութիւն, ստացուածք եւ փառք.... քեզ իմաստութիւն եւ գիտութիւն է տրվում, բայց հարստութիւն եւ ստացուածք եւ փառք էլ պիտի տամ քեզ» (Բ Մնացորդաց 1։11, 12)։ Սողոմոնի խնդրած և չխնդրած բաներից Եհովան տեսավ, թե ինչ կա նրա սրտում։ Իսկ ի՞նչ են մեր սրտի մասին բացահայտում Աստծուն ուղղված մեր աղոթքները։ Վկայո՞ւմ են գիտություն, իմաստություն և հասկացողություն ձեռք բերելու մեր փափագի մասին (Առակաց 2։1–6; Մատթէոս 5։3, ՆԱ)։ Արդյո՞ք մեզ հոգեհարազատ են Թագավորության շահերը։ Եթե մեր աղոթքները սկսել են մեխանիկական կամ մակերեսային բնույթ կրել, ապա դա կարող է նշան լինել այն բանի, որ հարկավոր է ժամանակ տրամադրել Եհովայի գործերի մասին խորհրդածելուն (Սաղմոս 103։2)։ Բոլոր քրիստոնյաները պարտավոր են աչալրջորեն նկատել, թե ինչ են բացահայտում իրենց աղոթքները։
Իսկ ի՞նչ են ցույց տալիս մեր գործերը
10, 11. ա) Որտե՞ղ են սկիզբ առնում շնությունն ու պոռնկությունը։ բ) Ի՞նչը կօգնի մեզ ‘չշնանալ սրտում’։
10 Ասում են՝ գործերն ավելի բարձր են հնչում խոսքերից։ Մեր գործերն, անկասկած, շատ բան են բացահայտում մեր ներքին էության մասին։ Օրինակ՝ բարոյականության հարցում սիրտը պահպանելն իր մեջ ավելին է ներառում, քան պարզապես պոռնկություն կամ շնություն չգործելը։ Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում» (Մատթէոս 5։28)։ Ինչպե՞ս կարող ենք թեկուզև մեր սրտում շնություն կատարելուց խուսափել։
11 Հավատարիմ նահապետ Հոբը ամուսնացած քրիստոնյաների համար օրինակ է թողել։ Իհարկե, Հոբը երիտասարդ կանանց հետ ամեն օր շփվում էր և, եթե նրանք օգնության կարիք էին ունենում, անշուշտ, պատրաստակամորեն օգնում էր։ Բայց նրանց հանդեպ ռոմանտիկ հետաքրքրություն ցուցաբերելու մասին այդ անարատ մարդու համար խոսք անգամ լինել չէր կարող։ Ինչո՞ւ։ Քանի որ նա վճռել էր տարփալից հայացքներ չնետել կանանց վրա։ «Աչքերուս հետ ուխտ ըրի,— ասաց նա։— Ուրեմն ի՞նչպես կոյսի վրայ մտածեմ» (Յոբ 31։1, Արևմտ. Աստ.)։ Եկեք մենք էլ նման ուխտ կապենք մեր աչքերի հետ և պահպանենք մեր սիրտը։
12. Ինչպե՞ս կկիրառեիք Ղուկաս 16։10 համարը՝ սիրտը պահպանելու հետ կապված։
12 «Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է,— ասաց Աստծո Որդին.— իսկ քչի մէջ անիրաւը, շատի մէջ էլ անիրաւ է» (Ղուկաս 16։10)։ Այո՛, մենք պետք է քննենք, թե ինչպես ենք վարվում արտաքուստ չնչին թվացող առօրեական հարցերի առնչությամբ, այդ թվում՝ տանը մենակ լինելիս (Սաղմոս 101։2)։ Երբ տանը հեռուստացույց ենք դիտում կամ էլ միացած ենք լինում Ինտերնետին, զգուշանո՞ւմ ենք արդյոք, որ հնազանդ մնանք հետևյալ սուրբգրային հորդորին. «Հեռո՛ւ ձեզնից պոռնկութիւն եւ ամէն տեսակ պղծութիւն կամ ագահութիւն. դրանց անունն իսկ թող չյիշուի ձեր մէջ, ինչպէս որ վայել է սրբերին. եւ հեռո՛ւ ձեզնից զազրախօսութիւն [«ամոթալի վարք», ՆԱ] կամ յիմար խօսք կամ խեղկատակութիւն, որ վայել չեն» (Եփեսացիս 5։3, 4)։ Ի՞նչ ենք անում, երբ տեսնում ենք, որ հեռուստացույցով կամ տեսախաղերով բռնություն է ցուցադրվում։ «Տէրը քննում է արդարին [«եւ ամբարշտին», ԷԹ (10։6)],— ասում է սաղմոսերգուն,— բայց ....անիրաւութիւն սիրողին ատում է նորա անձը» (Սաղմոս 11։5)։
13. Խորհրդածելով մեր սրտից դուրս եկածի մասին՝ ի՞նչ նախազգուշացում ենք ստանում։
13 «Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած»,— նախազգուշացնում է Երեմիան (Երեմիա 17։9)։ Սրտի խորամանկությունը կարող է ի հայտ գալ այն ժամանակ, երբ արդարացնում ենք մեր սխալները, նվազեցնում զանցանքների լրջությունը, աչք փակում մեր լուրջ թերությունների վրա, չափազանցնում հաջողությունները։ Ապականված սիրտը նաև ընդունակ է երկատվելու. «նենգաւոր շրթունքները» մի բան են ասում, բայց գործերը՝ ուրիշ բան անում (Սաղմոս 12։2; Առակաց 23։7)։ Որքա՜ն կարևոր է ազնվորեն քննել, թե ինչ է դուրս գալիս մեր սրտից։
Պա՞րզ է արդյոք մեր աչքը
14, 15. ա) Ի՞նչ է «պարզ» աչքը։ բ) Ինչպե՞ս է աչքը պարզ պահելն օգնում մեզ պահպանելու մեր սիրտը։
14 «Մարմնի ճրագը աչքն է,— ասաց Հիսուսը.— եթէ քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի» (Մատթէոս 6։22)։ Պարզ աչքը կենտրոնանում է մեկ նպատակի վրա և չի շեղվում դրանից։ Մեր աչքը պետք է որ կենտրոնացած լինի նախևառաջ Աստծո Թագավորությունը և Նրա արդարությունը փնտրելու վրա (Մատթէոս 6։33)։ Ի՞նչ կարող է պատահել մեր փոխաբերական սրտին, եթե մեր աչքը պարզ չպահենք։
15 Քննարկենք ապրուստի միջոցներ հայթայթելու խնդիրը։ Ընտանիքի կարիքները հոգալը քրիստոնեական պարտավորություն է (Ա Տիմոթէոս 5։8)։ Բայց ի՞նչ կարելի է ասել այն մասին, եթե գայթակղվում ենք հագուստեղենի ամենավերջին նորույթները, ամենալավ կերակուրները, ամենագեղեցիկ տունը և մյուս այլ բաների «ամենա–ամենան» ունենալու ցանկությամբ։ Մի՞թե դա չի ստրկացնի մեր սիրտն ու միտքը՝ մեզ անտարբեր դարձնելով Աստծո երկրպագության նկատմամբ (Սաղմոս 119։113; Հռովմայեցիս 16։18)։ Ինչո՞ւ պիտի այնքան կլանվենք ֆիզիկական կարիքները հոգալով, որ մեր կյանքը պտտվի բացառապես ընտանիքի, աշխատանքի և նյութականի շուրջ։ Հիշենք ներշնչյալ խորհուրդը. «Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ [«ապրուստի», ԱԹ] հոգսերով. եւ յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը. որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին» (Ղուկաս 21։34, 35)։
16. Աչքի հետ կապված՝ ի՞նչ խորհուրդ տվեց Հիսուսը և ինչո՞ւ։
16 Աչքը հաղորդակցության կարևոր միջոց է, որը արտաքին աշխարհը կապում է մարդու մտքի ու սրտի հետ։ Այն, ինչի վրա որ աչքը կենտրոնանում է, կարող է մեծապես ազդել մտքերի, էմոցիաների և գործողությունների վրա։ Հիսուսը պատկերավոր լեզվով ցույց տվեց, թե ինչքան զորեղ է տեսողական օրգանը, որ կարող է մարդուն գայթակղեցնել. «Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն» (Մատթէոս 5։29)։ Հարկավոր է աչքը հեռու պահել անպատշաճ տեսարանների վրա կենտրոնանալուց։ Օրինակ՝ չպետք է աչքերով կանգ առնել այն ամենի վրա, ինչը որ նախատեսված է անօրեն կրքեր և ցանկություններ բորբոքելու համար։
17. Ինչպե՞ս պահպանել մեր սրտերը՝ կիրառելով Կողոսացիս 3։5–ը։
17 Տեսողական զգայարանը, իհարկե, միակը չէ, որը մեզ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորություն է տալիս։ Մյուս զգայարաններն էլ, ինչպես օրինակ, շոշափելիքինն ու լսողականը, իրենց դերն ունեն, ուստի և մենք մարմնի համապատասխան անդամների առնչությամբ էլ պետք է զգույշ լինենք։ Պողոս առաքյալը կոչ արեց. «Սպանեցէ՛ք ուրեմն ձեր երկրաւոր ցանկութիւնները [«անդամները», ԱԹ]. դէ՛ն գցեցէք պոռնկութիւն, պղծութիւն, յոռի կրքեր, չար ցանկութիւն եւ ագահութիւն, որ կռապաշտութիւն է» (Կողոսացիս 3։5)։
18. Ինչպե՞ս պետք է վարվենք, երբ մեր մեջ անպատշաճ մտքեր են առաջանում։
18 Անպատշաճ ցանկությունը կարող է ծնվել մեր մտքի հեռավոր անկյուններում։ Սխալ ցանկությունը, մնալով մտքում, սովորաբար ավելի է բորբոքվում՝ սկսելով ազդել փոխաբերական սրտի վրա։ «Այնուհետեւ ցանկութիւնը, յղանալով, մեղք է ծնում» (Յակոբոս 1։14, 15)։ Շատերն ընդունում են, որ հենց այդպես են հաճախ սկսում ձեռնաշարժությամբ զբաղվել։ Որքա՜ն կարևոր է, որ մեր միտքը շարունակ լցնենք հոգևոր բաներով (Փիլիպպեցիս 4։8)։ Իսկ եթե անպատշաճ միտք է անցնում մեր գլխով, ապա պետք է աշխատենք այն դեն նետել։
Ծառայեք Եհովային կատարյալ սրտով
19, 20. Ինչպե՞ս կարող ենք հաջողության հասնել Եհովային կատարյալ սրտով ծառայելու մեջ։
19 Ծերունի Դավիթ թագավորն ասաց իր որդուն. «Որդեակ իմ Սողոմոն, ճանաչիր քո հօր Աստուծուն եւ ծառայիր նորան կատարեալ սրտով եւ յօժար կամքով. որովհետեւ Տէրը քննում է բոլոր սրտերը եւ գիտէ խորհուրդների բոլոր միտքը» (Ա Մնացորդաց 28։9)։ Ինքը Սողոմոնն աղոթեց «լսող» սիրտ ունենալու համար (Գ Թագաւորաց 3։9, ծան.)։ Բայցևայնպես, նա պետք է իր ողջ կյանքի ընթացքում ջանք թափեր սրտի նման վիճակը պահպանելու համար։
20 Ուստի, եթե այս առնչությամբ ցանկանում ենք հաջողության հասնել, ապա մեզ հարկավոր է ոչ միայն Եհովային հաճելի սիրտ ձեռք բերել, այլև այն պահպանել։ Այս նպատակին հասնելու համար մենք պետք է Աստծո Խոսքում գրված հիշեցումները պահենք մեր «սրտի մէջ» (Առակաց 4։20–22)։ Հարկավոր է նաև սովորություն դարձնել սեփական սիրտը քննելը՝ աղոթքով խորհրդածելով, թե ինչ են ցույց տալիս մեր խոսքերն ու գործերը։ Սակայն ի՞նչ արժեք կունենան նման խորհրդածումները, եթե նկատում ենք, որ թուլություն ունենք, բայց այն հաղթահարելու համար ինչպես հարկն է չենք փնտրում Եհովայի օգնությունը։ Իսկ որքա՜ն կարևոր է, որ աչալրջորեն հետևենք, թե ինչ ինֆորմացիա է անցնում մեր զգայարաններով։ Սա անելով՝ կարող ենք վստահ լինել, որ «Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի [մեր] սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով» (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Այո՛, եկեք, վճռականորեն տրամադրվելով, ամեն զգուշությունից առավել պահպանենք մեր սրտերը և ծառայենք Եհովային կատարյալ սրտով։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ է կարևոր սիրտը պահպանելը։
• Մեր խոսքերը վերլուծելը ինչպե՞ս է օգնում մեզ՝ պահպանելու մեր սիրտը։
• Ինչո՞ւ է հարկավոր աչքը «պարզ» պահել։
[նկարներ 23–րդ էջի վրա]
Ինչի՞ մասին ենք սովորաբար խոսում ծառայության, հանդիպումների ժամանակ և տանը գտնվելիս
[նկարներ 25–րդ էջի վրա]
Պարզ աչքը չի շեղվում