ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 45
Եհովայի օգնությամբ կատարում ենք մեր ծառայությունը
«Նրանք.... կիմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել» (ԵԶԵԿ. 2։5)։
ԵՐԳ 67 «Խոսքը քարոզիր»
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Երբեմն ինչի՞ ենք բախվում ծառայության ժամանակ, բայց ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ծառայության ժամանակ մենք երբեմն բախվում ենք հալածանքի։ Ապագայում այդ հալածանքը, ամենայն հավանականությամբ, ավելի կուժգնանա (Դան. 11։44; 2 Տիմոթ. 3։12; Հայտն. 16։21)։ Բայց մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովան կտա մեզ անհրաժեշտ օգնությունը, որպեսզի կարողանանք կատարել մեր ծառայությունը։ Չէ՞ որ նա միշտ օգնել է իր հավատարիմ ծառաներին՝ անկախ նրանից, թե որքան դժվար հանձնարարություններ են նրանք ունեցել։ Եկեք քննենք նրանցից մեկի՝ Եզեկիել մարգարեի օրինակը, ով պետք է քարոզեր Բաբելոն տարված հրեա գերիներին։
2. Ըստ Եհովայի խոսքերի՝ ինչպիսի՞ն էին այն մարդիկ, ում Եզեկիելը պետք է քարոզեր, և ի՞նչ կիմանանք այս հոդվածից (Եզեկիել 2։3-6)։
2 Ինչպիսի՞ մարդիկ էին ապրում այն տարածքում, որտեղ Եզեկիելը պետք է քարոզեր։ Ըստ Եհովայի խոսքերի՝ «ապստամբ.... պնդերես ու համառ սիրտ ունեցող» մարդիկ։ Նրանք «փշերի» նման վնասակար էին և «կարիճների» պես՝ վտանգավոր։ Ուստի զարմանալի չէ, թե ինչու Եհովան մի քանի անգամ Եզեկիելին ասաց. «Մի՛ վախեցիր» (կարդա Եզեկիել 2։3-6)։ Իսկ ի՞նչն օգնեց մարգարեին կատարել իր ծառայությունը։ Նա կարողացավ անել դա, քանի որ 1) Եհովան էր ուղարկել նրան, 2) սուրբ ոգին ուժ էր տալիս նրան, և 3) Աստծու խոսքերը ամրացնում էին նրա հավատը։ Հոդվածից կիմանանք, թե այս երեք բաները ինչպես օգնեցին Եզեկիելին, և թե դրանք ինչպես կարող են օգնել մեզ։
ԵՀՈՎԱՆ ԷՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԵԶԵԿԻԵԼԻՆ
3. Ո՞ր խոսքերը պետք է որ զորացրած լինեին Եզեկիելին, և Եհովան ինչպե՞ս հավաստիացրեց, որ կաջակցի նրան։
3 Եհովան Եզեկիելին ասել էր. «Ես քեզ ուղարկում եմ» (Եզեկ. 2։3, 4, «Արարատ» թարգմանություն)։ Այս խոսքերը պետք է որ շատ զորացրած լինեին Եզեկիելին։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Դրանք լսելով՝ նա հավանաբար հիշել էր, որ Եհովան նմանատիպ բան էր ասել նաև Մովսեսին ու Եսայիային, երբ նրանց մարգարե էր նշանակել (Ելք 3։10; Ես. 6։8)։ Բացի այդ՝ Եզեկիելը գիտեր, թե ինչպես էր Եհովան օգնել այդ երկու մարգարեներին հաղթահարել իրենց դժվարությունները։ Ուստի երբ Եհովան նրան երկու անգամ ասաց՝ «Ես քեզ ուղարկում եմ», վերջինս կարող էր համոզված լինել, որ Եհովան կաջակցի իրեն։ Դեռ ավելին՝ «Եզեկիել» գրքում հաճախ են հանդիպում հետևյալ խոսքերը. «Եհովայի խոսքը եղավ ինձ» (Եզեկ. 3։16; 6։1)։ Անշուշտ, Եզեկիելը մի վայրկյան անգամ չէր կասկածում, որ Եհովան է իրեն ուղարկել։ Հիշենք նաև, որ նա քահանայի որդի էր, և հավանաբար նրա հայրը պատմել էր, թե անցյալում Եհովան ինչպես է հավաստիացրել իր մարգարեներին, որ նրանց կողքին է։ Օրինակ՝ Իսահակին, Հակոբին և Երեմիային Եհովան ասել էր. «Ես քեզ հետ եմ» (Ծննդ. 26։24; 28։15; Երեմ. 1։8)։
4. Ո՞ր մտքերը զորացրին Եզեկիելին։
4 Իսկ ինչպե՞ս էր իսրայելացիների մեծամասնությունը արձագանքելու Եզեկիելի հայտնած լուրին։ Եհովան ասել էր. «Իսրայելի տունը չի ցանկանա քեզ լսել, որովհետև նա չի ուզում ինձ լսել» (Եզեկ. 3։7)։ Փաստորեն, մերժելով Եզեկիելին՝ նրանք մերժելու էին Եհովային։ Այս խոսքերը մարգարեին հավաստիացրին, որ ժողովրդի արձագանքը չէր նշանակելու, թե նա լավ չի կատարում մարգարեի իր գործը։ Եհովան նաև վստահեցրեց Եզեկիելին, որ երբ իր հայտնած դատավճիռները իրականանան, ժողովուրդը «կիմանա, որ իրենց մեջ մարգարե է եղել» (Եզեկ. 2։5; 33։33)։ Անկասկած, այս քաջալերական մտքերը ուժ տվեցին Եզեկիելին, որ կարողանա կատարել իր ծառայությունը։
ԵՀՈՎԱՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՄԵԶ
5. Ինչպե՞ս է Եսայիա 44։8-ը զորացնում մեզ։
5 Մեզ նույնպես զորացնում է այն միտքը, որ Եհովան է մեզ ուղարկել։ Նա մեզ իր «վկաներն» է կոչում, ինչը, անկասկած, մեծ պատիվ է (Ես. 43։10)։ Եհովան ինչպես Եզեկիելին վստահեցրեց, որ նրա հետ է՝ ասելով՝ «Մի՛ վախեցիր», այնպես էլ մեզ է սրտապնդում՝ ասելով՝ «Մի՛ սարսափեք»։ Այո՛, մենք մեր հակառակորդներից վախենալու ոչ մի պատճառ չունենք. չէ՞ որ Եզեկիելի պես մենք էլ ենք ուղարկված Եհովայի կողմից և գիտենք, որ Նա կօգնի մեզ (կարդա Եսայիա 44։8)։
6. ա) Ի՞նչ հավաստիացում է Եհովան մեզ տալիս։ բ) Ո՞ր միտքն է մխիթարում ու զորացնում մեզ։
6 Եհովան հավաստիացնում է, որ կօգնի մեզ։ «Դուք եք իմ վկաները» խոսքերը ասելուց առաջ նա ասել է. «Եթե անցնես ջրերի միջով, ես քեզ հետ կլինեմ, եթե անցնես գետերի միջով, դրանք քեզ չեն ծածկի։ Եթե գնաս կրակի միջով, չես խանձվի, և բոցը քեզ չի այրի» (Ես. 43։2)։ Քարոզելիս մենք տարբեր դժվարությունների ենք բախվում։ Երբեմն դրանք ասես հեղեղում են մեզ, երբեմն էլ՝ կրակի պես այրում։ Բայց անկախ ամեն ինչից՝ Եհովայի օգնությամբ մենք շարունակում ենք քարոզել (Ես. 41։13)։ Ինչպես Եզեկիելի օրերում, այնպես էլ այսօր մարդկանց մեծամասնությունը մերժում է Աստծու Խոսքը։ Սակայն պետք է հիշենք, որ դա չի նշանակում, թե մենք լավ չենք կատարում մեր դերը՝ որպես Աստծու Վկաներ։ Մենք մխիթարվում և զորանում ենք այն մտքից, որ շարունակ հավատարմորեն քարոզելով՝ հաճեցնում ենք Եհովային։ Պողոս առաքյալն ասաց. «Յուրաքանչյուրը կստանա իր վարձատրությունը՝ իր իսկ աշխատանքի համեմատ» (1 Կորնթ. 3։8; 4։1, 2)։ Մի քույր, ով երկար տարիներ ռահվիրա է ծառայում, ասում է. «Այն միտքը, որ Եհովան վարձատրում է մեզ մեր ջանքերի համար, ինձ մեծ ուրախություն է պատճառում»։
ԱՍՏԾՈՒ ՈԳԻՆ ՈՒԺ ԷՐ ՏԱԼԻՍ ԵԶԵԿԻԵԼԻՆ
7. Երբ Եզեկիելը մտածեր իրեն տրված տեսիլքի մասին, ի՞նչ ազդեցություն դա կունենար նրա վրա (տես ամսագրի շապիկի նկարը)։
7 Եզեկիելին մի տեսիլք տրվեց, որից երևում էր, թե որքան զորեղ է Աստծու ոգին։ Մարգարեն տեսավ, թե ինչպես է այն գործում հզոր ոգեղեն արարածների և երկնային կառքի վիթխարի անիվների վրա (Եզեկ. 1։20, 21)։ Իսկ ի՞նչ ազդեցություն ունեցավ դա Եզեկիելի վրա։ Նա գրում է. «Տեսնելով այն՝ ես երեսնիվայր ընկա»։ Այդ տեսարանից տպավորված՝ մարգարեն ընկավ գետնին (Եզեկ. 1։28)։ Հետագայում երբ էլ որ նա մտածեր այդ տպավորիչ տեսիլքի մասին, ավելի մեծ համոզվածությամբ կլցվեր, որ Աստծու ոգու օգնությամբ կարող է կատարել իր ծառայությունը։
8-9. ա) Ի՞նչ եղավ Եզեկիելի հետ, երբ Եհովան պատվիրեց նրան «կանգնել ոտքերի վրա»։ բ) Ուրիշ ինչպե՞ս Եհովան զորացրեց Եզեկիելին, որ կարողանա քարոզել իրեն նշանակված տարածքում։
8 Եհովան Եզեկիելին պատվիրեց. «Մարդո՛ւ որդի, կանգնիր ոտքերիդ վրա, որ խոսեմ քեզ հետ»։ Այս խոսքերը լսելով՝ մարգարեն Աստծու ոգուց զորություն ստացավ և կարողացավ ոտքի կանգնել։ Նա գրել է. «Ոգին իմ մեջ մտավ և ինձ ոտքի կանգնեցրեց» (Եզեկ. 2։1, 2)։ Դրանից հետո Եզեկիելի ողջ ծառայության ընթացքում Աստծու «ձեռքը», այսինքն՝ նրա սուրբ ոգին առաջնորդում էր նրան (Եզեկ. 3։22; 8։1; 33։22; 37։1; 40։1)։ Այն ուժ էր տալիս մարգարեին, որ կատարի իր հանձնարարությունը՝ քարոզի այդ տարածքում ապրող «պնդագլուխ և կարծր սիրտ» ունեցող մարդկանց (Եզեկ. 3։7)։ Այնուհետև Եհովան Եզեկիելին ասաց. «Ես քո երեսը նրանց երեսի նման պինդ եմ դարձրել, և քո ճակատը՝ նրանց ճակատի նման կարծր։ Ադամանդի պես, կայծքարից ավելի կարծր եմ դարձրել քո ճակատը։ Նրանցից մի՛ վախեցիր և նրանց երեսից մի՛ սարսափիր» (Եզեկ. 3։8, 9)։ Եհովան կարծես ասում էր. «Թույլ մի՛ տուր, որ այս մարդկանց համառությունը վհատեցնի քեզ։ Ես քեզ կզորացնեմ»։
9 Հետո Աստծու ոգին վերցրեց Եզեկիելին և տարավ նրան՝ ցույց տալու նրա քարոզչական տարածքը։ Եզեկիելը գրում է. «Եհովայի ձեռքը զորավոր էր ինձ վրա»։ Մեկ շաբաթ պահանջվեց մարգարեից, որպեսզի նա յուրացներ այն լուրը, որը պետք է հայտներ մարդկանց (Եզեկ. 3։14, 15)։ Այնուհետև Եհովան նրան ասաց, որ գնա մի դաշտահովիտ, որտեղ «ոգին մտավ նրա մեջ» (Եզեկ. 3։23, 24)։ Այսպիսով՝ Եզեկիելն արդեն պատրաստ էր սկսելու իր ծառայությունը։
ԱՍՏԾՈՒ ՈԳԻՆ ՈՒԺ Է ՏԱԼԻՍ ՄԵԶ
10. Ինչի՞ շնորհիվ մեզ կհաջողվի իրականացնել քարոզչական գործը և ինչո՞ւ։
10 Մեր քարոզչական գործը կատարելու համար մենք ինչի՞ կարիք ունենք։ Որպեսզի պատասխանենք այս հարցին, եկեք հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Եզեկիելի հետ։ Նախքան նա կսկսեր քարոզչական գործը, Աստծու ոգին զորացրեց նրան։ Այսօր էլ է այդպես. մենք կարողանում ենք կատարել քարոզչական գործը միմիայն Եհովայի ոգու շնորհիվ։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Սատանան մեր դեմ պատերազմ է մղում, որպեսզի կանգնեցնի քարոզչական գործը (Հայտն. 12։17)։ Մարդկային տեսանկյունից՝ Սատանայի դեմ պայքարում մենք բոլորովին անզոր ենք։ Բայց քարոզչական գործն անելով՝ մենք հաղթում ենք նրան (Հայտն. 12։9-11)։ Ի՞նչ առումով։ Երբ մասնակցում ենք ծառայությանը, ցույց ենք տալիս, որ չենք վախենում Սատանայի սպառնալիքներից։ Ուստի ամեն անգամ երբ քարոզում ենք, Սատանան պարտություն է կրում։ Ուրեմն ի՞նչ եզրակացություն կարող ենք անել այն փաստից, որ չնայած հակառակությանը՝ մեզ հաջողվում է շարունակել քարոզչական գործը։ Ակնհայտ է, որ սուրբ ոգին է զորացնում մեզ, և մենք ունենք Եհովայի հավանությունը (Մատթ. 5։10-12; 1 Պետ. 4։14)։
11. Սուրբ ոգին ինչպե՞ս կարող է օգնել մեզ, և ի՞նչ պետք է անենք, որ միշտ ունենանք այն։
11 Ուրիշ ի՞նչ ենք սովորում այն մտքից, որ Եհովան «պնդացրեց» Եզեկիելի երեսն ու ճակատը։ Սովորում ենք, որ Աստծու ոգին կարող է զորացնել մեզ, որ հաղթահարենք ծառայության ժամանակ հանդիպող ցանկացած դժվարություն (2 Կորնթ. 4։7-9)։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ միշտ ստանանք այդ ոգին։ Մենք պետք է անդադար աղոթենք այն ստանալու համար՝ համոզված լինելով, որ Աստված կլսի մեր խնդրանքները։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Շարունակեք խնդրել.... շարունակեք փնտրել.... շարունակեք թակել»։ Ի պատասխան՝ Եհովան իր «սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։9, 13; Գործ. 1։14; 2։4)։
ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԵՐԸ ԶՈՐԱՑՆՈՒՄ ԷԻՆ ԵԶԵԿԻԵԼԻ ՀԱՎԱՏԸ
12. Եզեկիել 2։9-3։3 համարների համաձայն՝ որտեղի՞ց էր գրությունը, և ի՞նչ էր գրված դրա մեջ։
12 Եզեկիելը ոչ միայն զորանում էր Աստծու ոգով, այլև ուժ էր ստանում նրա խոսքերից։ Տեսիլքում մարգարեն տեսավ մի ձեռք, որում մի գրություն կար (կարդա Եզեկիել 2։9-3։3)։ Որտեղի՞ց էր այն, ի՞նչ էր գրված դրա մեջ։ Գրությունը Աստծու գահից էր և, ամենայն հավանականությամբ, այն փոխանցվեց Եզեկիելին նրա տեսած չորս հրեշտակներից մեկի միջոցով (Եզեկ. 1։8; 10։7, 20)։ Դրա մեջ գրված էին Աստծու խոսքերը՝ դատաստանի մասին ծավալուն լուրը, որը Եզեկիելը պետք է հայտներ ապստամբ աքսորյալներին (Եզեկ. 2։7)։ Այդ լուրը գրված էր գրության ներսի և դրսի կողմերում։ Այժմ տեսնենք, թե այն ինչպես հոգևորապես ամրացրեց Եզեկիելին։
13. Եհովան ի՞նչ պատվիրեց Եզեկիելին գրության հետ կապված, և ինչո՞ւ էր այն քաղցր։
13 Եհովան մարգարեին ասաց, որ ուտի գրությունը և «որովայնը լցնի» դրանով։ Հետևելով Աստծու պատվերին՝ Եզեկիելը ամբողջությամբ կերավ այն։ Ի՞նչ նշանակություն ուներ տեսիլքի այս հատվածը։ Դա նշանակում էր, որ Եզեկիելը պետք է լիովին յուրացներ այն լուրը, որը պատրաստվում էր հայտնել։ Այն պետք է դառնար իր էության մի մասը, այլ խոսքով՝ պետք է ազդեր նրա ամենախոր զգացումների վրա։ Զարմանալի է, բայց գրությունն ուտելով՝ մարգարեն զգաց, որ այն «մեղրի պես քաղցր էր», այսինքն՝ Եզեկիելի համար Եհովային ներկայացնելու պատիվը քաղցր ու հաճելի մի բան էր (Եզեկ. 3։3; Սաղ. 19։8-11)։ Նա երախտապարտ էր Աստծուն, որ իրեն նշանակել էր որպես իր մարգարե։
14. Ինչի՞ շնորհիվ էր Եզեկիելը պատրաստ կատարելու իր հանձնարարությունը։
14 Այնուհետև Եհովան պատվիրեց Եզեկիելին. «Այն բոլոր խոսքերը, որ քեզ կասեմ, սրտիդ մեջ դիր և ականջներովդ լսիր» (Եզեկ. 3։10)։ Եհովան ուզում էր, որ Եզեկիելը գրության խոսքերը իր մտքում պահի և խորհրդածի դրանց շուրջ։ Այդպիսով մարգարեն կամրացներ իր հավատը։ Բացի այդ՝ գրությունը պարունակում էր այն ազդեցիկ լուրը, որը նա պետք է հայտներ ժողովրդին (Եզեկ. 3։11)։ Այժմ, երբ Աստծու խոսքերը Եզեկիելի սրտում էին ու նրա շուրթերին, նա պատրաստ էր կատարել և ավարտին հասցնել իր հանձնարարությունը (համեմատիր Սաղմոս 19։14)։
ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԵՐԸ ԱՄՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԱՎԱՏԸ
15. Մեր ծառայությունը կատարելու համար ի՞նչ պետք է մեր «սրտի մեջ դնենք»։
15 Մեր ծառայությունը կատարելու համար մենք նույնպես պետք է «սնվենք» Աստծու խոսքերով և մեր «սրտի մեջ դնենք» այն ամենը, ինչ նա ասում է։ Այսօր Եհովան խոսում է մեզ հետ իր գրավոր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Ի՞նչ կարող ենք անել, որ Աստծու Խոսքը շարունակի ազդել մեր մտքերի, զգացմունքների և մղումների վրա։
16. Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի լիովին հասկանանք Աստծու Խոսքը։
16 Ֆիզիկապես սնվելու համար հարկավոր է ուտել կերակուրը և մարսել այն։ Իսկ հոգևորապես սնվելու համար պետք է կարդանք Աստծու Խոսքը և խորհրդածենք դրա շուրջ։ Սրա հետ կապված կարևոր դաս ենք սովորում գրության մասին տեսիլքից։ Ինչպես Եզեկիելի դեպքում, այնպես էլ մեր դեպքում Եհովան ուզում է, որ մեր «որովայնը լցնենք» իր խոսքով, այսինքն՝ լիարժեքորեն հասկանանք այն։ Ինչպե՞ս հասնել դրան։ Աղոթքի, ընթերցանության և խորհրդածության միջոցով։ Նախ՝ պետք է աղոթենք, որ մեր սիրտը պատրաստենք Աստծու մտքերը ընկալելու համար։ Այնուհետև՝ պետք է կարդանք Աստվածաշնչից մի հատված, հետո՝ դադար տանք, որպեսզի խորությամբ մտածենք մեր կարդացածի շուրջ։ Արդյունքում լավ կհասկանանք Աստծու Խոսքը, ինչի շնորհիվ էլ մեր հավատը կամրանա։
17. Ինչո՞ւ է կարևոր խորհրդածել մեր կարդացածի շուրջ։
17 Ինչո՞ւ է կարևոր կարդալ Աստվածաշունչը և խորհրդածել դրա շուրջ։ Դա մեզ ուժ կտա, որ կարողանանք հռչակել Թագավորության բարի լուրն այսօր, և հայտնել դատաստանի կարկտանման լուրը, որը, ըստ ամենայնի, կքարոզենք մոտ ապագայում։ Բացի այդ, երբ խորհրդածենք Եհովայի գրավիչ հատկությունների շուրջ, ավելի կմտերմանանք նրա հետ։ Այդպիսով մենք կզգանք քաղցր ու հաճելի մի բան՝ ներքին խաղաղություն և բավարարվածություն (Սաղ. 119։103)։
ՎՃՌԱԿԱՆ ԵՆՔ ՀԱՄԲԵՐԵԼՈՒ
18. Մեր տարածքում ապրող մարդիկ ի՞նչ ստիպված կլինեն ընդունելու և ինչո՞ւ։
18 Ի տարբերություն Եզեկիելի՝ մենք ներշնչված չենք մարգարեանալու, սակայն շարունակում ենք հռչակել այն լուրը, որ Եհովայի ներշնչմամբ գրվել և պահպանվել է նրա Խոսքում։ Մենք դա կանենք այնքան ժամանակ, մինչև որ Եհովան ասի՝ բավական է։ Երբ դատաստանի ժամը գա, մեր տարածքում ապրող մարդիկ հիմք չեն ունենա ասելու, թե իրենց չեն նախազգուշացրել, կամ թե Աստված անտեսել է իրենց (Եզեկ. 3։19; 18։23)։ Նրանք ստիպված կլինեն ընդունելու, որ մեր քարոզած լուրը Աստծուց էր։
19. Ի՞նչը ուժ կտա մեզ, որ կատարենք մեր ծառայությունը։
19 Ի՞նչը ուժ կտա մեզ, որ մինչև վերջ կատարենք մեր ծառայությունը։ Այն երեք գործոնները, որոնք ուժ տվեցին Եզեկիելին։ Մենք կշարունակենք քարոզել, քանի որ գիտենք, որ Եհովան է ուղարկել մեզ, սուրբ ոգին ուժ է տալիս մեզ, և Աստծու Խոսքը ամրացնում է մեր հավատը։ Մենք վճռական ենք Եհովայի օգնությամբ կատարելու մեր ծառայությունը և «մինչև վերջ» համբերելու (Մատթ. 24։13)։
ԵՐԳ 65 Միշտ առա՛ջ
a Այս հոդվածից կիմանանք, թե որ երեք կերպերով Եհովան օգնեց Եզեկիել մարգարեին կատարել քարոզելու հանձնարարությունը։ Դա կամրացնի մեր համոզվածությունն այն բանում, որ նա մեզ էլ կօգնի կատարել մեր ծառայությունը։