Մաս 7
Աստծու նպատակը շուտով կիրագործվի
1, 2. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստված քայլեր կձեռնարկի չարությանն ու տառապանքին վերջ դնելու համար։
1 Թեև Աստված թույլ է տվել, որ անկատարությունն ու տառապանքը գոյություն ունենան մարդկային տեսանկյունից բավականին երկար ժամանակ, նա թույլ չի տա, որ վատ պայմանները անվերջ մնան։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված այդ ամենը թույլատրել է սահմանափակ ժամանակով։
2 «Ամեն ինչ իր ժամանակն ունի» (Ժողովող 3։1)։ Երբ լրանա Աստծու կողմից սահմանված ժամանակը, որի ընթացքում նա թույլ է տվել չարության և տառապանքի գոյությունը, նա կմիջամտի մարդկանց գործերին։ Նա վերջ կդնի չարությանն ու տառապանքին և կիրագործի իր սկզբնական նպատակը, համաձայն որի՝ երկիրը պետք է բնակեցված լինի կատարյալ, երջանիկ մարդկանցով, որոնք ապրելով դրախտային պայմաններում՝ տնտեսապես ապահովված կլինեն և կվայելեն խաղաղություն։
Աստծու դատաստանները
3, 4. Համաձայն «Առակներ» գրքի՝ ի՞նչ կլինի Աստծու միջամտության արդյունքում։
3 Նկատի առնենք Աստվածաշնչի բազմաթիվ մարգարեություններից մի քանիսը, որոնք հայտնում են, թե ինչ կնշանակի մարդկության համար Աստծու միջամտությունը՝ նրա դատաստանների գործադրումը։
4 «Ուղղամիտները կբնակվեն երկրի վրա, և անարատները կմնան նրա վրա։ Իսկ ամբարիշտները կվերանան երկրից, և անհավատարիմները բնաջինջ կլինեն նրանից» (Առակներ 2։21, 22)։
5, 6. Համաձայն 37-րդ սաղմոսի՝ ի՞նչ կլինի, երբ Աստված միջամտի մարդկանց գործերին։
5 «Չարագործները կկործանվեն, իսկ Եհովային վստահողները երկիրը կժառանգեն։ Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի.... Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։9–11)։
6 «Վստահի՛ր Եհովային և պահի՛ր նրա ճանապարհները, նա կբարձրացնի քեզ, որ երկիրը ժառանգես. և դու կտեսնես ամբարիշտների կործանումը։ Նայի՛ր անարատին և աչքդ ուղղամիտի վրա պահիր, որովհետև այդպիսի մարդու ապագան խաղաղ է լինելու։ Բայց հանցավորները՝ բոլորը ջնջվելու են, ամբարիշտների վախճանը կործանում է լինելու» (Սաղմոս 37։34, 37, 38)։
7. Ի՞նչ խելամիտ խորհուրդ է մեզ տալիս Աստծու Խոսքը։
7 Ինչպես տեսանք, սքանչելի ապագա է սպասում նրանց, ովքեր ընդունում են բարձրյալ Արարչի իշխելու իրավունքը, ուստի մեզ այսպիսի հորդոր է տրվում. «Թող քո սիրտը պահի իմ պատվիրանները, որովհետև քեզ համար երկար օրեր, կյանքի տարիներ ու խաղաղություն կավելանան»։ Այսպիսով՝ հավիտյան կյանք կստանան նրանք, ովքեր կորոշեն կատարել Աստծու կամքը։ Աստծու Խոսքը հորդորում է. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները» (Առակներ 3։1, 2, 5, 6)։
Աստծու երկնային կառավարությունը
8, 9. Ինչի՞ միջոցով է Աստված մաքրելու երկիրը։
8 Աստված երկիրը մաքրելու է լավագույն կառավարության միջոցով, որպիսին մարդկության պատմության մեջ երբևիցե չի եղել։ Դա մի կառավարություն է, որն արտացոլում է Աստծու իմաստությունը, քանի որ այն իշխում է երկնքից Աստծու առաջնորդության ներքո։ Այդ երկնային Թագավորությունը երկրի վրայից վերացնելու է մարդկային բոլոր կառավարությունները։ Մարդկանց այլևս թույլ չի տրվելու Աստծուց անկախ իշխելու փորձ անել։
9 Այդ մասին Դանիել 2։44-ի մարգարեությունն ասում է. «Այն օրերում երկնքի Աստվածը [երկնքում] մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու։ Այդ թագավորությունը ուրիշ ժողովրդի չի տրվելու [մարդկանց այլևս թույլ չի տրվելու իշխել Աստծուց անկախ]։ Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան» (տե՛ս նաև Հայտնություն 19։11–21; 20։4–6)։
10. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստծու երկնային Թագավորությունը ապականված չի լինի։
10 Այսպիսով՝ մարդկության վրա այլևս երբեք չեն իշխի ապականված կառավարություններ, քանի որ երբ Աստված վերջ դնի ներկայիս համակարգին, այլևս չեն լինի Աստծուց անկախ մարդկային իշխանություններ։ Իսկ երկնքից իշխող այս Թագավորությունը ապականված չի լինի, որովհետև այն հիմնողն ու պահպանողը Աստված է։ Այն կգործի՝ ի բարօրություն իր հպատակների։ Այդ ժամանակ Աստծու կամքը կիրագործվի ամբողջ երկրի վրա, ինչպես որ իրագործվում է երկնքում։ Ահա թե ինչու Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց աղոթել Աստծուն. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։
Որքա՞ն մոտ է ժամանակը
11. Աստվածաշնչի ո՞ր մարգարեություններն են օգնում իմանալ, թե որքան մոտ է այս համակարգի վերջը։
11 Որքա՞ն մոտ է այս չար համակարգի վերջը, և ե՞րբ է հաստատվելու Աստծու նոր աշխարհը։ Աստվածաշնչի մարգարեությունները հստակ պատասխանում են այդ հարցերին։ Հիսուսն անձամբ մարգարեացավ, թե ինչ դեպքեր են տեղի ունենալու։ Դրանք օգնում են մեզ իմանալու, թե որքան մոտ է այն ժամանակը, որն Աստվածաշունչը կոչում է «աշխարհի վախճան»։ Այդ մասին գրված է «Մատթեոս» 24-րդ և 25-րդ, «Մարկոս» 13-րդ և «Ղուկաս» 21-րդ գլուխներում։ Իսկ «2 Տիմոթեոս» 3-րդ գլխում Պողոս առաքյալը նշել է, որ լինելու է «վերջին օրեր» կոչվող մի ժամանակաշրջան, երբ տարբեր երևույթներ նույնպես ցույց են տալու, թե ինչպիսի ժամանակներում ենք ապրում։
12, 13. Ի՞նչ են ասել Հիսուսը և Պողոսը վախճանի ժամանակի մասին։
12 Հիսուսն ասաց, որ այդ ժամանակահատվածը սկսվելու է հետևյալ դեպքերով. «Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն» (Մատթեոս 24։7)։ Ըստ Ղուկաս 21։11-ի՝ Հիսուսը նաև ասել է, որ «տեղ-տեղ համաճարակներ» են լինելու։ Նա նաև նախազգուշացրել է «անօրենության շատանալու» մասին (Մատթեոս 24։12)։
13 Իսկ Պողոս առաքյալը գրել է. «Բայց իմացիր, որ վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու, որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր, որ Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն, բայց նրա զորությունն ուրանում են.... Չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ՝ մոլորեցնելով ու մոլորվելով» (2 Տիմոթեոս 3։1–5, 13)։
14, 15. Ինչպե՞ս են 20-րդ դարի դեպքերը փաստում, որ իսկապես ապրում ենք վերջին օրերում։
14 Արդյոք մեր օրերում տեղի՞ են ունենում Հիսուսի և Պողոսի կանխագուշակած իրադարձությունները։ Այո՛։ Առաջին համաշխարհային պատերազմը իր դաժանությամբ գերազանցել է մինչ այդ տեղի ունեցած բոլոր պատերազմները։ Այն համաշխարհային առաջին պատերազմն էր, և շրջադարձային էր պատմության մեջ։ Այդ պատերազմը իր հետ բերեց սով, համաճարակներ և այլ աղետներ։ 1914-ից ի վեր տեղի ունեցող այդ դեպքերը «ցավերի սկիզբն» էին, ինչպես ասել էր Հիսուսը (Մատթեոս 24։8)։ Դրանցով սկսվեց «վերջին օրեր» կոչվող ժամանակաշրջանը, որի մասին մարգարեացվել էր։
15 Հավանաբար, տեղյակ եք 20-րդ դարի դեպքերին և լսել եք, թե ինչ խառնաշփոթ են դրանք առաջացրել։ Մոտ 100 միլիոն մարդ զոհվել է պատերազմներում։ Հարյուր միլիոնավորներ մահացել են սովից և հիվանդություններից։ Երկրաշարժերը անհամար կյանքեր են խլել։ Գնալով ավելի է տարածվում մարդու կյանքի և ունեցվածքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։ Մարդիկ մշտապես ապրում են ոճրագործությունների հանդեպ վախի մեջ։ Արհամարհվում են բարոյական չափանիշները։ Երկրագնդի բնակչության արագ աճը առաջ է բերում լուրջ խնդիրներ, որոնք լուծում չեն գտնում։ Շրջակա միջավայրի աղտոտումը վատթարացնում է կենսապայմանները և նույնիսկ վտանգ է ներկայացնում կյանքի համար։ Իսկապես, 1914-ից սկսած՝ մենք ապրում ենք վերջին օրերում և գնալով մոտենում ենք մեր ժամանակներին վերաբերող աստվածաշնչյան մարգարեությունների կատարման վերջնակետին։
16. Որքա՞ն է տևելու վերջին օրերի ժամանակաշրջանը։
16 Որքա՞ն է տևելու վերջին օրերի այս ժամանակաշրջանը։ 1914-ին (հենց այդ ժամանակ սկսվեց «ցավերի սկիզբը») սկսված ժամանակաշրջանի մասին Հիսուսն ասաց. «Այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն» (Մատթեոս 24։8, 34–36)։ Այսպիսով՝ վերջին օրերի բոլոր նշանները տեղի էին ունենալու սահմանափակ ժամանակաշրջանում։ Հայտնություն 12։12-ում նշվում է, որ երկրի շրջակայքը վայր գցվելուց հետո Սատանային քիչ ժամանակ է մնացել։
17, 18. Ո՞ր մարգարեությունն է ցույց տալիս, որ աշխարհի վերջը շատ մոտ է։
17 Մեկ ուրիշ մարգարեություն, որն արձանագրել է Պողոս առաքյալը, նույնպես ցույց է տալիս, որ ներկա համակարգի վախճանը մոտ է։ Նա գրեց. «Եհովայի օրը գալու է ճիշտ այնպես, ինչպես գողը գիշերով։ Երբ ասեն՝ «խաղաղություն և անվտանգություն», այդ ժամանակ հանկարծահաս կործանումը անմիջապես կգա նրանց վրա.... և նրանք ոչ մի կերպ չեն փախչի» (1 Թեսաղոնիկեցիներ 5։2, 3; տե՛ս նաև Ղուկաս 21։34, 35)։
18 Սառը պատերազմն ավարտվել է, և թվում է, թե համաշխարհային պատերազմի սպառնալիք այլևս չկա։ Ուստի ազգերը թերևս մտածեն, որ շուտով իրենց կհաջողվի համաշխարհային նոր համակարգ ստեղծել։ Սակայն երբ նրանց թվա, թե իրենց ջանքերը հաջողությամբ են պսակվում, ապա դա կնշանակի, որ տեղի է ունենալու ճիշտ հակառակը. դա կլինի վերջին ազդանշանը, որ Աստված շատ շուտով կործանելու է այս համակարգը։ Չմոռանանք, որ քաղաքական բանակցությունների և դաշինքների շնորհիվ մարդկանց մեջ էական փոփոխություններ տեղի չեն ունենում։ Դրանք չեն մղում մարդկանց սիրելու միմյանց։ Իսկ աշխարհի կառավարիչները չեն կարողանում վերացնել հանցագործությունը, հիվանդությունն ու մահը։ Ուստի մի՛ ապավինեք խաղաղություն և ապահովություն հաստատելու համար մարդկանց ձեռնարկած ջանքերին և մի՛ մտածեք, թե այս աշխարհին կհաջողվի լուծել խնդիրները (Սաղմոս 146։3)։ Իրականում, խաղաղության և ապահովության ազդարարումը կնշանակի, որ աշխարհի վախճանը շատ մոտ է։
Բարի լուրի քարոզչությունը
19, 20. Քարոզչության վերաբերյալ ո՞ր մարգարեության կատարումն ենք տեսնում։
19 Մեկ այլ մարգարեություն, որը ցույց է տալիս, որ 1914-ից ի վեր մենք ապրում ենք վերջին օրերում, տվել է Հիսուսը. «Բոլոր ազգերի մեջ նախ բարի լուրը պիտի քարոզվի» (Մարկոս 13։10)։ Այդ մասին գրված է նաև Մատթեոս 24։14-ում. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը»։
20 Այսօր ամբողջ աշխարհում աննախադեպ մասշտաբներով քարոզվում է աշխարհի վերջի և Աստծու Թագավորության ներքո դրախտ հաստատելու մասին բարի լուրը։ Իսկ ո՞վ է անում այդ գործը։ Միլիոնավոր Եհովայի վկաներ։ Նրանք քարոզում են աշխարհի բոլոր երկրներում։
21, 22. Հատկապես ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովայի վկաները ճշմարիտ քրիստոնյաներ են։
21 Եհովայի վկաները ճանաչվում են որպես Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ՝ ոչ միայն Աստծու Թագավորության մասին քարոզելով, այլև իրենց հիանալի վարքով։ Հիսուսն ասել էր. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար»։ Եհովայի վկաները սիրո անխզելի կապով միավորված են համաշխարհային եղբայրության մեջ (Հովհաննես 13։35; տե՛ս նաև Եսայիա 2։2–4; Կողոսացիներ 3։14; Հովհաննես 15։12–14; 1 Հովհաննես 3։10–12; 4։20, 21; Հայտնություն 7։9, 10)։
22 Եհովայի վկաները հավատում են Աստվածաշնչի հետևյալ խոսքերին. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։ Նրանք բոլոր երկրների Եհովայի վկաներին համարում են հոգևոր քույրեր ու եղբայրներ՝ անկախ ազգային պատկանելությունից կամ մաշկի գույնից (Մատթեոս 23։8)։ Եվ այն փաստը, որ մեր օրերում երկրի վրա գոյություն ունի այդպիսի համաշխարհային եղբայրություն, ևս մեկ ապացույց է, որ Աստծու նպատակը շուտով կիրագործվի։
[նկար 26-րդ էջի վրա]
Աստծու կատարյալ երկնային Թագավորությունը միակ կառավարությունը կլինի նոր աշխարհում