Աստվածաշնչի գիրք համար 27. Դանիել
Գրողը՝ Դանիել
Գրվելու վայրը՝ Բաբելոն
Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 536թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. 618-ից մինչև մ.թ.ա. մոտ 536թ.
1. Ի՞նչ պատմություն է ընդգրկված «Դանիել» գրքում, և ինչի՞ վրա է այն հրավիրում մեր ուշադրությունը։
ԱՅՍՕՐ, երբ աշխարհի բոլոր ժողովուրդները կանգնած են մի մեծ աղետի շեմին, «Դանիել» գիրքը մեր ուշադրությունը հրավիրում է խիստ կարևոր մարգարեությունների վրա։ Ի տարբերություն «Սամուել», «Թագավորներ» և «Տարեգրություն» գրքերի, որոնք շարադրում են Դավթի թագավորական դինաստիայի (որը Աստծու Թագավորության նախատիպն է) պատմությունը և հիմնվում են ականատեսների տեղեկությունների վրա՝ Դանիելը հիմնականում նկարագրում է աշխարհակալ ուժերը և մարգարեանում է հզոր դինաստիաների հակամարտությունների մասին՝ սկսած իր ժամանակներից մինչև «վերջի ժամանակը»։ Կարելի է ասել, որ «Դանիել» գիրքը աշխարհի պատմությունն է՝ գրված նախապես։ Գիրքն ավարտվում է մի ցնցող արձանագրությամբ՝ ցույց տալով, թե ինչ է տեղի ունենալու «վերջի ժամանակում»։ Նաբուգոդոնոսորի նման՝ ազգերը դառը փորձով ստիպված են լինելու իմանալ, որ «Բարձրյալը Իշխան է մարդկային թագավորության վրա», և ի վերջո նա այդ թագավորությունը տալու է «մարդու որդու նման մեկին»՝ Մեսիա և Առաջնորդ Քրիստոս Հիսուսին (Դան. 12։4; 10։14; 4։25; 7։13, 14; 9։25; Հովհ. 3։13–16)։ Աստծու ներշնչմամբ գրված այս գրքի մարգարեությունների կատարմանը խորին ուշադրություն դարձնելով՝ մենք կհամոզվենք, թե որքան վստահարժան են Եհովայի կողմից ասված մարգարեությունները, և որ նա իսկապես կարող է պաշտպանել ու օրհնել իր ժողովրդին (2 Պետ. 1։19)։
2. Ի՞նչն է հաստատում, որ Դանիելն իրական անձնավորություն է եղել, և իրադարձություններով լի ի՞նչ ժամանակահատվածում է նա մարգարեացել։
2 Գիրքը կրում է հեղինակի անունը։ «Դանիել» անունը (եբրայերեն՝ Դանիյել) նշանակում է «իմ դատավորն Աստված է»։ Դանիելի ժամանակակից Եզեկիելը հաստատում է, որ նման անձնավորություն գոյություն է ունեցել՝ վերջինիս անունը հիշատակելով Նոյի ու Հոբի կողքին (Եզեկ. 14։14, 20; 28։3)։ Դանիելը իր գիրքը սկսում է՝ նկարագրելով այն դեպքերը, որ տեղի ունեցան «Հուդայի Հովակիմ թագավորի թագավորության երրորդ տարում»։ Դա մ.թ.ա. 618-ն էր, և երրորդ տարին էր, ինչ Հովակիմը հարկատու էր Նաբուգոդոնոսորինa։ Դանիելը մարգարեական տեսիլքներ է ստացել մինչև Կյուրոս թագավորի իշխանության երրորդ տարին՝ մ.թ.ա. մոտ 536-ը (Դան. 1։1; 2։1; 10։1, 4)։ Իրադարձություններով լի ի՜նչ կյանք է նա ունեցել։ Նրա մանկությունն անցել է Հուդայի թագավորությունում, որը Աստծու թագավորության նախատիպն էր։ Ապա Հուդայի իր ազնվատոհմիկ ընկերների հետ այս պատանի իշխանը տարվել է Բաբելոն, որտեղ ականատես է եղել աստվածաշնչյան պատմության երրորդ աշխարհակալ ուժի վերելքին ու անկմանը։ Դանիելը պալատական իշխան դարձավ չորրորդ համաշխարհային կայսրության՝ Մարա-Պարսկաստանի օրոք։ Ըստ ամենայնի, Դանիելն ապրել է մոտ հարյուր տարի։
3. Ի՞նչն է փաստում «Դանիել» գրքի կանոնականությունն ու վավերականությունը։
3 «Դանիել» գիրքը միշտ ընդգրկված է եղել Սուրբ Գրքի հրեական ցուցակի մեջ։ Այս գրքից որոշ պատառիկներ հայտնաբերվել են Մեռյալ ծովի ձեռագրերի կանոնական գրքերի մեջ, որոնց մի մասը թվագրվում է մ.թ.ա. առաջին դարի առաջին կեսով։ Սակայն «Դանիել» գրքի վավերականության առավել կարևոր ապացույցը Քրիստոնեական Հունարեն Գրություններում նրան արված հղումներն են։ «Աշխարհի վախճանի» վերաբերյալ մարգարեության մեջ Հիսուսը հիշատակել է Դանիելին և նրա գրքից մի քանի մեջբերում արել (Մատթ. 24։3; տե՛ս նաև Դան. 9։27; 11։31; 12։11 — Մատթ. 24։15 և Մարկ. 13։14; Դան. 12։1 — Մատթ. 24։21; Դան. 7։13, 14 — Մատթ. 24։30)։
4, 5. Հնագիտական հայտնագործությունները ինչպե՞ս են ամբողջովին հերքել քննադատների պնդումները, թե «Դանիել» գիրքը վավերական չէ։
4 Թեև Աստվածաշնչի քննադատները կասկածի են ենթարկել «Դանիել» գրքի պատմական տեղեկությունները, սակայն ժամանակի ընթացքում հնագիտական հայտնագործությունները ամբողջովին հերքել են նրանց պնդումները։ Այդ քննադատները, օրինակ, ծիծաղելի էին համարում Դանիելի ներկայացրած այն տեղեկությանը, որ Բաղդասարը թագավոր է եղել Բաբելոնում, քանի որ համարվում էր, որ այդ ընթացքում Նաբոնիդն էր կառավարիչը (Դան. 5։1)։ Հնագիտությունն այսօր վերջնականապես հաստատել է, որ իրոք գոյություն է ունեցել Բաղդասար անունով անձնավորություն, և որ նա Բաբելոնյան կայսրության վերջին տարիներին իշխանակից է եղել Նաբոնիդին։ Մի հնագույն սեպագրություն, որը կոչում են «Բանաստեղծություն Նաբոնիդի մասին», փաստում է, որ Բաղդասարը իշխել է Բաբելոնում որպես թագավոր, և բացատրում է, թե ինչպես է նա իշխանակից դարձել Նաբոնիդինb։ Սեպագիր մեկ այլ արձանագրություն նույնպես խոսում է հօգուտ այն կարծիքի, որ Բաղդասարը թագավորական պարտականություններ է ունեցել։ Նաբոնիդի իշխանության 12-րդ տարով թվագրված մի հուշատախտակ երդում է պարունակում, որը տրվել է թագավոր Նաբոնիդի և արքայորդի Բաղդասարի անունով, ինչը ցույց է տալիս, որ Բաղդասարը համարվել է հորը հավասարc։ Այս ամենն օգնում է հասկանալու, թե ինչու Բաղդասարը Դանիելին առաջարկեց «թագավորության մեջ երրորդը լինել», եթե վերջինս կարողանար մեկնել պատի վրա գրվածը։ Քանի որ Նաբոնիդը առաջինն էր, Բաղդասարը՝ երկրորդը, Դանիելը կարող էր լինել երրորդը (5։16, 29)։ «Բաղդասարի մասին ակնարկներ պարունակող սեպագիր արձանագրությունները այնքան շատ լույս են սփռել նրա ունեցած դերի վրա,— գրում է մի հետազոտող,— որ պատմության մեջ նրա տեղն այսօր անհերքելի է։ Գոյություն ունեն շատ գրավոր հուշարձաններ, որոնք ցույց են տալիս, որ Բաղդասարը դիրքով ու հեղինակությամբ գրեթե հավասար էր Նաբոնիդին։ Այսօր հաստատված փաստ է, որ Նորբաբելոնական թագավորության վերջում երկիշխանություն է եղել։ Նաբոնիդը գերագույն իշխանություն ուներ և կառավարում էր Թեմայում (Արաբիա) գտնվող իր արքունիքից, մինչդեռ Բաղդասարը նրա իշխանակիցն էր իրենց հայրենիքում և իր ազդեցությունը կենտրոնացնում էր Բաբելոնում։ Հստակ է, որ Բաղդասարը ոչ թե պարզապես փոխարքա է եղել, այլ նրան «թագավորություն» է վստահվել»d։
5 Ոմանք փորձել են կասկածի ենթարկել Դանիել 3-րդ գլխում կրակե հնոցի մասին արձանագրությունը՝ պնդելով, թե դա առասպել է։ Հին բաբելոնական նամակից մի հատվածում հետևյալն է գրված. «Այսպես է ասում քո տիրակալ Րիմ-Սինը. «Քանի որ նա իր տղա-ծառային նետել է փուռը, դու քո ծառային նետիր հնոցը»»։ Հետաքրքրական է, որ խոսելով այդ նամակի մասին՝ Ջ. Ռ. Դրայվերը նշում է, որ այդ պատժաձևը «հիշատակվում է նաև երեք սրբերի մասին պատմությունում (Դան. III 6, 15, 19–27)»e։
6. Ի՞նչ երկու մասից է բաղկացած «Դանիել» գիրքը։
6 Հրեաները «Դանիել» գիրքն ընդգրկել են ոչ թե «Մարգարեներ», այլ «Գրություններ» բաժնի մեջ։ Հայերեն Աստվածաշունչը, սակայն, հետևում է հունարեն «Յոթանասնից» և լատիներեն «Վուլգատա» թարգմանությունների հերթականությանը և «Դանիել» գիրքը դնում է մեծ և փոքր մարգարեների միջև։ Գիրքը, ըստ էության, բաղկացած է երկու մասից։ Առաջինը՝ 1–6-րդ գլուխներն են, որոնցում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված են Դանիելի և նրա ընկերների հետ կապված դեպքերը, երբ նրանք ծառայում էին արքունիքում մ.թ.ա. 617–538թթ. (Դան. 1։1, 21)։ Երկրորդ մասը, որն ընդգրկում է 7–12-րդ գլուխները, գրված է առաջին դեմքով՝ Դանիելի կողմից, և նկարագրում է նրա տեսիլքները ու հրեշտակներից ստացած տեղեկությունները, որոնք մարգարեին տրվել են մ.թ.ա. մոտ 553թ.-իցf մինչև մ.թ.ա. մոտ 536թ. (7։2, 28; 8։2; 9։2; 12։5, 7, 8)։ Այս երկու մասերը միասին կազմում են Դանիելի մեկ ամբողջական ու ներդաշնակ գիրքը։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
7. Դանիելն ու նրա ընկերները ինչպե՞ս են պետական ծառայության անցնում Բաբելոնում։
7 Կրթություն պետական ծառայության համար (1։1–21)։ Մ.թ.ա. 617-ին Դանիելը գերի հրեաների հետ գալիս է Բաբելոն։ Քաղդեացիները Երուսաղեմի տաճարից բերում են նաև սուրբ պատկանելիքները և դնում հեթանոսական գանձատանը։ Դանիելն ու նրա երեք եբրայեցի ընկերները այն երիտասարդների մեջ են, որոնք Հուդայի թագավորական սերնդից են և ընտրվել են, որ երեք տարի կրթվեն թագավորի պալատում։ Իր սրտում որոշելով չպղծվել թագավորական ընտիր կերակուրներով ու գինով՝ Դանիելը առաջարկում է պահապանին, որ տասը օր փորձի իրենց բանջարեղենային սննդակարգով։ Դանիելն ու նրա ընկերները հաջող անցնում են փորձությունը, և Աստված օժտում է նրանց գիտելիքներով ու իմաստությամբ։ Նաբուգոդոնոսորը նշանակում է այդ չորսին որպես իր խորհրդականներ։ 1-ին գլխի վերջին համարը, որը հնարավոր է՝ Դանիելը ավելացրել է երկար տարիներ հետո, ցույց է տալիս, որ գերությունից մոտ 80 տարի անց՝ մ.թ.ա. 538-ին, նա դեռ ծառայում էր արքունիքում։
8. Ի՞նչ երազ ու մեկնություն է Աստված հայտնում Դանիելին, և ինչպե՞ս է Նաբուգոդոնոսորը ցույց տալիս իր երախտագիտությունը։
8 Ահազդու արձանի մասին երազը (2։1–49)։ Իր թագավորության երկրորդ տարում (հավանաբար հաշվելով մ.թ.ա. 607թ. Երուսաղեմի կործանումից) Նաբուգոդոնոսորը անհանգստացնող երազ է տեսնում։ Մոգությամբ զբաղվող նրա քրմերը անկարող են պատմել երազը ու մեկնել այն։ Նա մեծ նվերներ է խոստանում նրանց, սակայն նրանք ասում են, որ բացի աստվածներից, ոչ մի մարդ չի կարող թագավորին պատմել այն, ինչ նա խնդրում է։ Թագավորը խիստ զայրանում է ու հրամայում մահվան մատնել իմաստուններին։ Քանի որ այս որոշումը վերաբերում է նաև չորս եբրայեցիներին, Դանիելը խնդրում է, որ իրեն ժամանակ տրվի երազի մեկնությունը հայտնելու համար։ Դանիելն ու նրա ընկերները աղոթում են Եհովային, որ առաջնորդություն տա։ Եհովան հայտնում է երազն ու դրա նշանակությունը մարգարեին, որը հետո գնում է թագավորի մոտ և ասում. «Երկնքում գաղտնիքներ Հայտնող Աստված կա, և նա իմացրել է Նաբուգոդոնոսոր թագավորին, թե ինչ է լինելու վերջին օրերում» (2։28)։ Դանիելը պատմում է երազը։ Այն հսկա արձանի մասին է։ Արձանի գլուխը ոսկուց է, կուրծքն ու ձեռքերը արծաթից են, որովայնն ու ազդրերը պղնձից են, սրունքները երկաթից են, իսկ ոտնաթաթերի մի մասը երկաթից է, մի մասը՝ կավից։ Մի քար հարվածում ու ջարդուփշուր է անում արձանը, մեծ լեռ է դառնում ու լցնում ողջ երկիրը։ Ի՞նչ է դա նշանակում։ Դանիելը հայտնում է, որ Բաբելոնի թագավորը ոսկե գլուխն է։ Նրան հաջորդում են երկրորդ, երրորդ և չորրորդ թագավորությունները։ Ի վերջո, «երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու.... Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան» (2։44)։ Լցված երախտագիտությամբ՝ թագավորը փառաբանում է Դանիելի Աստծուն՝ ասելով, որ նա «աստվածների Աստվածն է», Դանիելին «կառավարիչ է դարձնում Բաբելոնի ողջ գավառի վրա և վերակացու՝ Բաբելոնի բոլոր իմաստունների վրա», իսկ նրա երեք ընկերներին հանձնարարվում է տնօրինել Բաբելոնի գավառի գործերը (2։47, 48)։
9. Ի՞նչ է լինում այն բանի արդյունքը, որ երեք հրեաները խիզախորեն հրաժարվում են արձանին երկրպագելուց։
9 Երեք եբրայեցիները փրկվում են կրակե բորբոքված հնոցից (3։1–30)։ Նաբուգոդոնոսորը կանգնեցնում է մի հսկա ոսկե արձան, որի բարձրությունը մոտ 27 մետր է, և հրամայում է հավաքել կայսրության կառավարիչներին դրա հանդիսավոր բացմանը։ Երաժշտության ձայնը լսելիս բոլորը պետք է ընկնեն ու երկրպագեն արձանին։ Իսկ ով որ այդպես չվարվի, կգցվի կրակով բորբոքված հնոցը։ Թագավորին տեղեկացնում են, որ Դանիելի երեք ընկերները՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, չեն կատարել թագավորի հրամանը։ Նրանց բերում են մոլեգնած թագավորի առաջ, որտեղ նրանք խիզախորեն հայտարարում են. «Աստված, որին մենք ծառայում ենք, կարող է փրկել մեզ.... Քո կանգնեցրած ոսկե արձանին չենք երկրպագի» (3։17, 18)։ Ցասումով լցված՝ թագավորը հրամայում է, որ հնոցը սովորականից յոթ անգամ ավելի ուժեղ վառեն, երեք եբրայեցիներին կապեն և գցեն հնոցը։ Հնոցը գցողները մեռնում են կրակի բոցերից։ Նաբուգոդոնոսորը վախենում է։ Այդ ի՞նչ է նա տեսնում հնոցում։ Չորս մարդ ազատ քայլում են կրակի մեջ, նրանց ոչ մի վնաս չի լինում, և «չորրորդը աստվածների որդու տեսք ունի» (3։25)։ Թագավորը երեք եբրայեցիներին ասում է, որ դուրս գան կրակից։ Նրանք դուրս են գալիս. ո՛չ վնասվել են, ո՛չ խանձվել և նույնիսկ ծխի հոտ չի գալիս նրանցից։ Շնորհիվ այն բանի, որ նրանք խիզախորեն ճշմարիտ երկրպագության կողմն են բռնում, Նաբուգոդոնոսորը հայտարարում է, որ իր կայսրության մեջ հրեաները կարող են ազատորեն երկրպագել իրենց Աստծուն։
10. «Յոթ ժամանակի» մասին ի՞նչ զարհուրելի երազ տեսավ Նաբուգոդոնոսորը, և արդյո՞ք այն կատարվեց նրա վրա։
10 «Յոթ ժամանակի» մասին երազը (4։1–37)։ Այս երազի մասին պատմությունը Դանիելը արտագրել է բաբելոնյան պաշտոնական փաստաթղթից։ Այն գրի է առել խոնարհված Նաբուգոդոնոսորը։ Նախ նա ընդունում է Բարձրյալ Աստծու զորությունն ու թագավորությունը։ Հետո պատմում է մի զարհուրելի երազի մասին և թե ինչպես այն կատարվեց իր վրա։ Նա մի ծառ տեսավ, որը հասավ երկնքին։ Այն ապաստան էր ամեն մարմնի համար և կերակրում էր նրանց։ Մի պահապան բարձրաձայն կանչեց ու ասաց. «Կտրե՛ք ծառը.... Սակայն դրա կոճղը թողեք երկրում.... [և] երկաթե ու պղնձե կապանքներ դրեք վրան.... [Թող] դրա վրա յոթ ժամանակ անցնի.... որպեսզի ապրողներն իմանան, որ Բարձրյալը Իշխան է մարդկային թագավորության վրա.... և դրա վրա նշանակում է մարդկանցից ամենաաննշանին» (4։14–17)։ Դանիելը մեկնեց երազը՝ հայտնելով, որ ծառը ներկայացնում է Նաբուգոդոնոսորին։ Շուտով մարգարեական այս երազը կատարվեց։ Երբ թագավորը հպարտացավ իր նվաճումներով, խելագարությամբ զարկվեց։ Յոթ տարի գազանի պես ապրեց դաշտում։ Դրանից հետո նրա հասկացողությունը հետ դարձավ, ու նա ընդունեց Եհովայի գերազանցությունը։
11. Բաղդասարը ե՞րբ է տեսնում գրությունը, ինչպե՞ս է մեկնում այն Դանիելը, և ինչպե՞ս է այն կատարվում։
11 Բաղդասարի խնջույքը, գրության մեկնությունը (5։1–31)։ Մ.թ.ա. 539թ. հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը վճռորոշ է դառնում։ Բաղդասար թագավորը՝ Նաբոնիդի որդին ու թագավորակիցը, մեծ խնջույք է անում իր հազար մեծամեծների համար։ Թագավորը գինու ազդեցության տակ հրամայում է, որ բերեն Եհովայի տաճարի ոսկե և արծաթե սուրբ անոթները։ Բաղդասարն ու իր հյուրերը դրանցով խմում են ու գովաբանում իրենց հեթանոս աստվածներին։ Անմիջապես մի ձեռք է հայտնվում ու սկսում ինչ-որ խորհրդավոր բան գրել պատին։ Թագավորը սարսափահար է լինում։ Նրա իմաստունները չեն կարողանում հայտնել դրա մեկնությունը։ Ի վերջո, բերում են Դանիելին։ Թագավորը նրան ասում է, որ թագավորության մեջ երրորդը կդարձնի, եթե կարողանա կարդալ գրությունը և հայտնել դրա մեկնությունը, բայց Դանիելը հրաժարվում է պարգևներից։ Հետո կարդում է գրությունը ու հայտնում նշանակությունը՝ ասելով. «ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ու ՓԱՐՍԻՆ.... Աստված հաշվել է քո թագավորության օրերը և վերջ է տվել դրան.... Դու կշեռքով կշռվել ես, ու քաշդ պակաս է եղել.... Քո թագավորությունը բաժանվել ու տրվել է մարերին ու պարսիկներին» (5։25–28)։ Հենց այդ գիշեր Բաղդասարը սպանվում է, և թագավորությունը ստանձնում է մարաց Դարեհը։
12. Ինչպե՞ս է ձախողվում Դանիելի դեմ նյութած դավը, և ի՞նչ հրաման է տալիս Դարեհը։
12 Դանիելը առյուծների գուբում (6։1–28)։ Բարձրաստիճան պաշտոնյաները Դարեհի կառավարության մեջ չարիք են ծրագրում Դանիելի դեմ՝ թագավորին դրդելով սահմանելու մի օրենք՝ ըստ որի 30 օրվա ընթացքում արգելվում է խնդրանքով դիմել որևէ աստծու կամ մարդու, բացի թագավորից։ Ով չհնազանդվի օրենքին, պետք է գցվի առյուծների գուբը։ Քանի որ այս օրենքը խանգարում է Դանիելին երկրպագել Աստծուն, նա հրաժարվում է դրան հնազանդվելուց և շարունակում է աղոթել Եհովային։ Նրան գցում են առյուծների գուբը։ Եհովայի հրեշտակը հրաշքով փակում է առյուծների երախը, և հաջորդ առավոտ Դարեհ թագավորը ուրախանում է՝ իմանալով, որ Դանիելին ոչ մի վնաս չի եղել։ Թագավորը հրամայում է թշնամիներին գցել առյուծների մոտ, ինչպես նաև պատվեր է տալիս վախենալ Դանիելի Աստծուց, որովհետև «նա է կենդանի Աստվածը» (6։26)։ Դանիելը շարունակում է հաջողություն ունենալ նաև Կյուրոսի թագավորության ժամանակ։
13. Չորս գազանների ու Թագավորության իշխանության մասին ի՞նչ տեսիլք է ստանում Դանիելը։
13 Գազանների մասին տեսիլքները (7։1–8։27)։ Վերադառնանք «Բաղդասար թագավորի առաջին տարին»։ Նա հավանաբար սկսել է թագավորել մ.թ.ա. 553-ին։ Դանիելը մի երազ է տեսնում, որը գրի է առնում արամերենովg։ Նա տեսնում է, որ իրար հետևից չորս հսկա ու զարհուրելի գազաններ են հայտնվում։ Չորրորդը արտասովոր ուժ ունի, և փոքր եղջյուր է դուրս գալիս դրա մյուս եղջյուրների մեջտեղը ու «մեծ-մեծ բաներ է խոսում» (7։8)։ Հայտնվում է Հինավուրցը ու նստում։ «Հազար հազարներ» ծառայում են նրան։ «Մարդու որդու նման մեկը» կանգնում է նրա առաջ, «և նրան տրվում է իշխանություն, պատիվ ու թագավորություն, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգություններն ու լեզուները ծառայեն նրան» (7։10, 13, 14)։ Այնուհետև Դանիելին տրվում է չորս գազանների մասին տեսիլքի մեկնությունը։ Դրանք ներկայացնում են չորս թագավորների, կամ՝ թագավորությունների։ Չորրորդ գազանի տասը եղջյուրների մեջտեղը փոքր եղջյուր է դուրս գալիս։ Այն զորավոր է դառնում ու սրբերի դեմ պատերազմ սկսում։ Սակայն երկնային Ատյանը միջամտում է և տալիս է «թագավորությունը, իշխանությունն ու ողջ երկնքի թագավորությունների մեծությունը.... Ամենաբարձրյալի սրբերի ժողովրդին» (7։27)։
14. ա) Արու այծի ու երկու եղջյուր ունեցող խոյի մասին Դանիելը ի՞նչ տեսիլք է տեսնում։ բ) Ինչպե՞ս է այն բացատրում Գաբրիելը։
14 Երկու տարի անց՝ Բաբելոնի անկումից երկար ժամանակ առաջ, Դանիելը մեկ ուրիշ տեսիլք է տեսնում, որը գրի է առնում եբրայերենով։ Աչքերի մեջտեղում երևելի եղջյուր ունեցող մի արու այծ պայքարում ու հաղթում է երկու եղջյուր ունեցող հպարտ խոյին։ Արու այծի մեծ եղջյուրը կոտրվում է, և դուրս են գալիս չորս ավելի փոքր եղջյուրներ։ Դրանցից մեկից փոքր եղջյուր է դուրս գալիս և այնքան մեծ է դառնում, որ նույնիսկ դուրս է գալիս երկնքի զորքի դեմ։ Կանխագուշակվում է, որ 2300 օր պետք է անցնի, մինչև որ սուրբ վայրը «պատշաճ վիճակի բերվի» (8։14)։ Գաբրիելը Դանիելին բացատրում է տեսիլքը։ Խոյը խորհրդանշում է Մարաստանի ու Պարսկաստանի թագավորներին։ Այծը խորհրդանշում է Հունաստանի թագավորին, որի թագավորությունը չորս մասի է բաժանվելու։ Ավելի ուշ դաժան տեսքով մի թագավոր է դուրս գալու «իշխանների Իշխանի դեմ»։ Դանիելը պետք է գաղտնի պահի այդ տեսիլքը, քանի որ այն «հեռավոր ապագային է վերաբերում» (8։25, 26)։
15. Դանիելը ինչո՞ւ է աղոթում Եհովային, և Գաբրիելը ի՞նչ է հայտնում «յոթանասուն շաբաթի» մասին։
15 Կանխագուշակվում է Մեսիայի՝ Առաջնորդի մասին (9։1–27)։ «Դարեհի առաջին տարին» է, որը մարերի սերնդից է։ Դանիելը քննում է Երեմիայի մարգարեությունը։ Հասկանալով, որ Երուսաղեմի՝ 70 տարի տևող ավերվածությունը, որի մասին կանխագուշակվել էր, մոտենում է իր ավարտին, մարգարեն աղոթում է Եհովային և խոստովանում իր ու Իսրայելի մեղքերը (Դան. 9։1–4; Երեմ. 29։10)։ Գաբրիելը հայտնվում է և ասում, որ «յոթանասուն շաբաթ է որոշված.... որպեսզի դադարեցվի անօրենությունը, վերջ դրվի մեղքին, քավություն արվի հանցանքի համար»։ 69 շաբաթ հետո կգա Մեսիան՝ Առաջնորդը, որը հետո կսպանվի։ Ուխտը շատերի համար ուժի մեջ կմնա մինչև 70-րդ շաբաթվա վերջը, և վերջիվերջո, ամայացում ու բնաջնջում կլինի (Դան. 9։24–27)։
16. Ի՞նչ հանգամանքներում է հրեշտակը կրկին հայտնվում Դանիելին։
16 Հյուսիսը հարավի դեմ, Միքայելը վեր է կենում (10։1–12։13)։ «Կյուրոսի երրորդ տարին» է, այսինքն՝ մ.թ.ա. մոտ 536-ը։ Դրանից կարճ ժամանակ առաջ հրեաները վերադարձել են Երուսաղեմ։ Երեք շաբաթ ծոմ պահելուց հետո Դանիելը Հիդդեկել գետի ափին է (Դան. 10։1, 4; Ծննդ. 2։14)։ Մի հրեշտակ է հայտնվում ու բացատրում, որ «Պարսկաստանի թագավորության իշխանը» ընդդիմացել է իրեն, որ չգա Դանիելի մոտ, բայց «Միքայելը՝ գլխավոր իշխաններից մեկը», օգնության է հասել։ Այժմ տեսիլքում նա հայտնում է Դանիելին, թե ինչ է պատահելու «վերջին օրերում» (Դան. 10։13, 14)։
17. Հյուսիսի ու հարավի թագավորների մասին ի՞նչ մարգարեական պատմություն է գրի առնում Դանիելը։
17 Այս ցնցող տեսիլքի սկզբում խոսվում է պարսից թագավորների դինաստիայի և Հունաստանի հետ գալիք պայքարի մասին։ Մի հզոր թագավոր է վեր կենալու, որը տիրելու է մեծ իշխանությամբ, բայց նրա թագավորությունը կբաժանվի չորս մասի։ Արդյունքում երկար ժամանակ գոյություն կունենա թագավորների երկու շառավիղ՝ հարավի թագավոր և հյուսիսի թագավոր, որոնք պայքարելու են իրար դեմ։ Պայքարում մե՛րթ մեկը հաղթանակած դուրս կգա, մե՛րթ մյուսը։ Այս անուղղելի չար թագավորները մի սեղանի շուրջ սուտ բաներ կխոսեն։ «Նշանակված ժամանակին» պատերազմը նորից կբռնկվի։ Աստծու սրբարանը կպղծվի, և կդրվի «ամայացում բերող պղծությունը» (11։29–31)։ Հյուսիսի թագավորը աստվածների Աստծու դեմ ահավոր բաներ կխոսի ու փառք կտա ամրոցների աստծուն։ Երբ «վերջի ժամանակում» հարավի թագավորն ու հյուսիսի թագավորը իրար զարկվեն, հյուսիսի թագավորը կհեղեղի շատ երկրներ, «նաև կմտնի Փառահեղ երկիրը»։ Անհանգստանալով արևելքից և հյուսիսից եկող լուրերից՝ նա մեծ ցասումով դուրս կգա ու «իր շքեղ վրանները կդնի մեծ ծովի ու փառահեղ սուրբ լեռան միջև»։ Այդպես «նա կգնա իր վախճանին, և նրան օգնող չի լինի» (11։40, 41, 45)։
18. Ի՞նչ տեղի կունենա այն ժամանակ, երբ Միքայելը, «որը կանգնած է [Աստծու] ժողովրդի որդիների թիկունքին», վեր կենա։
18 Կարևոր տեսիլքը շարունակվում է։ Վեր է կենում Միքայելը, «որը կանգնած է [Աստծու] ժողովրդի որդիների թիկունքին»։ «Նեղության ժամանակ» է լինելու, որի նմանը չի եղել մարդկության պատմության մեջ, բայց նրանք, ովքեր գրի են առնված գրքում, կփրկվեն։ Հողի փոշու մեջ քնածներից շատերը կարթնանան, և «հասկացողություն ունեցողները կշողան երկնակամարի պես»։ Նրանք շատերին արդարության կբերեն։ Դանիելը պետք է կնքի գիրքը «մինչև վերջի ժամանակը»։ «Որքա՞ն ժամանակ է մնացել այս սքանչելի բաների ավարտին»։ Հրեշտակը նշում է տարբեր ժամանակահատվածներ՝ երեքուկես ժամանակ, 1290 օր և 1335 օր։ Նաև ասում է, որ միայն «հասկացողություն ունեցողները կհասկանան»։ Երջանի՛կ են այդպիսի մարդիկ։ Վերջում հրեշտակը վստահեցնող խոստում է տալիս Դանիելին, որ նա կհանգստանա, իսկ «օրերի վերջում» վեր կկենա, որ ստանա իր բաժինը (12։1, 3, 4, 6, 10, 13)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
19. Անարատության և աղոթքով Եհովային ապավինելու ի՞նչ հրաշալի օրինակներ կան «Դանիել» գրքում։
19 Բոլոր նրանք, ովքեր վճռել են Աստծուց օտարացած այս աշխարհում անարատություն պահել, օգուտներ կքաղեն, եթե քննեն Դանիելի ու նրա երեք ընկերների օրինակը։ Անկախ այն բանից, թե ինչ վտանգ էր իրենց սպառնում, չորսն էլ կառչած մնացին Աստծու սկզբունքներին։ Երբ նրանց կյանքը վտանգի տակ էր, Դանիելը գործեց «խոհեմությամբ ու խելամտությամբ» և հարգանք ցուցաբերեց թագավորի իշխանության հանդեպ (2։14–16)։ Իսկ երբ երեք հրեաները ընտրության առաջ կանգնեցին, նախընտրեցին կրակե հնոցը գցվել, քան երկրպագել արձանին։ Դանիելը նախընտրեց գցվել առյուծների գուբը և չհրաժարվեց Եհովային աղոթելու պատվից։ Երկու դեպքում էլ Եհովան պաշտպանեց իր ծառաներին (3։4–6, 16–18, 27; 6։10, 11, 23)։ Դանիելը հիանալի օրինակ է Եհովա Աստծուն վստահելու ու միշտ աղոթքով նրան ապավինելու հարցում (2։19–23; 9։3–23; 10։12)։
20. Աշխարհակալ ուժերի մասին ի՞նչ չորս տեսիլքներ են գրի առնվել, և ինչո՞ւ են դրանք զորացնում մեր հավատն այսօր։
20 Մեր հավատը ամրանում է, երբ քննում ենք «Դանիել» գրքի ցնցող տեսիլքները։ Նկատի առնենք աշխարհակալ ուժերի մասին չորս տեսիլքները։ 1) Տեսիլք սարսափազդու արձանի մասին, որի ոսկյա գլուխը ներկայացնում էր բաբելոնյան արքայական դինաստիան՝ սկսած Նաբուգոդոնոսորից։ Հետո առաջ են գալիս արձանի մնացած մասերով ներկայացված երեք այլ թագավորություններ։ Այս թագավորությունները փլուզվում են «մի քարով», որն իր հերթին դառնում է մի թագավորություն, որը «երբեք չի ավերվի», այն է՝ Աստծու Թագավորությունը (2։31–45)։ 2) Հաջորդում են Դանիելին տրված տեսիլքները։ Սկզբում նա տեսնում է «չորս թագավորներ» ներկայացնող չորս գազանների։ Այդ գազանները նման էին առյուծի, արջի, ընձառյուծի, որ չորս գլուխ ուներ։ Չորրորդ գազանը ուներ երկաթյա մեծ ատամներ ու տասը եղջյուր, որից ավելի ուշ մի փոքր եղջյուր դուրս եկավ (7։1–8, 17–28)։ 3)։ Ապա հաջորդում է խոյի (Մարա-Պարսկաստան), արու այծի (Հունաստան) և փոքր եղջյուրի մասին տեսիլքը (8։1–27)։ 4) Եվ վերջապես, Դանիելը տեսնում է հարավի ու հյուսիսի թագավորների մասին տեսիլքը։ Դանիել 11։5–19 համարները ճշգրտորեն նկարագրում են Սելևկյանների և Պտղոմեյանների միջև եղած հակամարտությունը, որոնք Ալեքսանդր Մակեդոնացու մահից (մ.թ.ա. 323թ.) հետո դարձան Հունական կայսրության ժառանգորդները։ 20-րդ համարից սկսած՝ նկարագրվում է, թե ողջ պատմության ընթացքում ինչ է լինելու հարավի ու հյուսիսի թագավորների հետ։ Խոսելով իր ներկայության նշանի մասին՝ Հիսուսը հիշատակեց «ամայացում բերող պղծություն» արտահայտությունը (11։31), ինչից երևում է, որ այդ երկու թագավորների միջև պայքարը շարունակվելու էր մինչև «աշխարհի վախճանը» (Մատթ. 24։3)։ Որքա՜ն մխիթարական է մարգարեական հավաստիացումն այն մասին, որ «նեղության ժամանակ.... որի նմանը չի եղել ազգը առաջ գալու ժամանակվանից մինչև այդ ժամանակը», Միքայելը ոտքի կկանգնի՝ վերացնելու անաստված ժողովուրդներին և խաղաղություն բերելու հնազանդ մարդկանց (Դան. 11։20–12։1)։
21. Ինչպե՞ս զարմանալի կերպով կատարվեց Դանիելի մարգարեությունը «յոթանասուն շաբաթի» մասին։
21 «Դանիել» գիրքը ներկայացնում է նաև «յոթանասուն շաբաթի» մասին մարգարեությունը։ 69 շաբաթ հետո հայտնվելու էր «Մեսիան՝ Առաջնորդը»։ Հատկանշական է, որ 483 տարի (69-ը բազմապատկած 7-ով) անց այն բանից հետո, երբ դուրս եկավ Երուսաղեմը վերաշինելու մասին հրամանը, որն արձակեց Արտաքսերքսես թագավորը իր իշխանության 20-րդ տարում, և որը կատարեց Երուսաղեմ եկած Նեեմիան, նազովրեցի Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում և սուրբ ոգով օծվելով՝ դարձավ Քրիստոս, Մեսիա, այսինքն՝ Օծյալh։ Դա մ.թ. 29-ն էր։ Այնուհետև, ինչպես և մարգարեացել էր Դանիելը, վրա հասավ «բնաջնջումը», երբ մ.թ. 70-ին Երուսաղեմը կործանվեց (Դան. 9։24–27; Ղուկ. 3։21–23; 21։20)։
22. Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ Աստված խոնարհեցրեց Նաբուգոդոնոսորին։
22 Դանիել 4-րդ գլխում պատմվում է այն մասին, թե ինչպես է Նաբուգոդոնոսորը մի երազ տեսնում, որտեղ ծառը բնից կտրվում է, և ինչպես է Եհովա Աստված խոնարհեցնում թագավորին, որը պարծենում էր իր հաջողություններով և վստահում էր իր զորությանը։ Բաբելոնի թագավորը ստիպված է լինում գազանի պես ապրել դաշտերում այնքան ժամանակ, մինչև ընդունում է, որ «Բարձրյալը Իշխան է մարդկային թագավորության վրա և այն տալիս է նրան, ում ուզում է» (Դան. 4։32)։ Նաբուգոդոնոսորի նման՝ մենք է՞լ ենք պարծենում մեր հաջողություններով ու մեր հույսը դնում մարդկային զորության վրա՝ այդպիսով մեզ վրա բերելով Աստծու բարկությունը։ Խելամիտ չէ՞ արդյոք ընդունել, որ Եհովան է տիրում մարդկային թագավորության վրա, և ապավինենք նրա Թագավորությանը։
23. ա) «Դանիել» գրքում ինչպե՞ս է ընդգծվում Թագավորության հույսը։ բ) Մարգարեական այս գիրքը ի՞նչ է քաջալերում մեզ անել։
23 «Դանիել» գրքում սկզբից մինչև վերջ ընդգծված է Թագավորության հույսը, ինչը զորացնում է մեր հավատը։ Եհովա Աստված ներկայացված է որպես Գերիշխան, որը Թագավորություն է հաստատելու։ Այն երբեք չի ավերվելու և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին (2։19–23, 44; 4։25)։ Նույնիսկ հեթանոս թագավորներ Նաբուգոդոնոսորն ու Դարեհն են ստիպված եղել ընդունելու Եհովայի գերիշխանությունը (3։28, 29; 4։2, 3, 37; 6։25–27)։ Եհովան բարձրացվում ու փառավորվում է որպես Հինավուրց, որը լուծում է Թագավորությանը վերաբերող վիճաբանական հարցը և «մարդու որդու նման մեկին» տալիս է հավիտենական «իշխանություն, պատիվ ու թագավորություն, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգություններն ու լեզուները ծառայեն նրան»։ «Մարդու Որդու»՝ Հիսուս Քրիստոսի հետ այդ Թագավորության մեջ իշխելու են «Ամենաբարձրյալի սրբերը» (Դան. 7։13, 14, 18, 22; Մատթ. 24։30; Հայտն. 14։14)։ Հիսուսը՝ մեծ իշխան Միքայելը, իր թագավորական իշխանությունը կօգտագործի այս հին աշխարհի բոլոր թագավորությունները փշրելու ու վերացնելու համար (Դան. 12։1; 2։44; Մատթ. 24։3, 21; Հայտն. 12։7–10)։ Այս մարգարեությունների ու տեսիլքների նշանակության ըմբռնումը պետք է մղի արդարություն սիրողներին քննելու Աստծու Խոսքը և իմանալու Աստծու Թագավորության հետ կապված «սքանչելի բաները», որոնք բացվում են մեր առաջ «Դանիել» գրքում, որը ներշնչված է Աստծուց և օգտակար է (Դան. 12։2, 3, 6)։
[ծանոթագրություններ]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 1269 (անգլ.)։
b «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 283 (անգլ.)։
c «Archaeology and the Bible», 1949, Ջորջ Ա. Բարտոն, էջ 483։
d «The Yale Oriental Series · Researches», 1929, հատ. XV։
e «Archiv für Orientforschung», 1957, 1958, հատ. 18, էջ 129։
f Բաղդասարը՝ որպես Նաբոնիդի իշխանակից, սկսել է թագավորել, ըստ երևույթին, Նաբոնիդի իշխանության երրորդ տարում։ Քանի որ ենթադրվում է, որ Նաբոնիդը գահ է բարձրացել մ.թ.ա. 556-ին, ապա նրա իշխանության երրորդ և «Բաղդասար թագավորի առաջին տարին» թերևս եղել է մ.թ.ա. 553-ը (Դանիել 7։1; տե՛ս «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 283; հատ. 2, էջ 457 (անգլ.))։
g Դանիել 2։4բ–7։28 համարները գրվել են արամերենով, իսկ գրքի մնացած մասը՝ եբրայերենով։
h Նեեմիա 2։1–8; տե՛ս նաև «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 899–901 (անգլ.)։