Աստվածաշնչի գիրք համար 28. Օսեե
Գրողը՝ Օսեե
Գրվելու վայրը՝ Սամարիա (շրջան)
Գրության ավարտը՝ մ.թ.ա. 745թ.-ից հետո
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. 804թ.-ից առաջ մինչև մ.թ.ա. 745թ.-ից հետո
1, 2. ա) Եբրայերեն Գրությունների վերջին 12 գրքերը երբեմն ինչպե՞ս են կոչվում։ բ) Ի՞նչ է հայտնի Օսեեի մասին, և ինչի՞ն է վերաբերում նրա մարգարեությունը։
ԵԲՐԱՅԵՐԵՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ վերջին տասներկու գրքերը ընդունված է անվանել «փոքր մարգարեներ»։ Թեև այդ գրքերը «փոքր» են կոչված ու միասին վերցված՝ իրենց մեծությամբ չեն հասնում «Եսայիա» կամ «Երեմիա» գրքերին, բայց դա չի նշանակում, որ պակաս կարևոր են։ Եբրայերեն Աստվածաշնչում «փոքր մարգարեները» մեկ գիրք են կազմել և կոչվել «Տասներկու»։ Նպատակը հավանաբար եղել է դրանց պահպանումը, քանի որ առանձին գալարաձև փոքր ձեռագրերը հեշտությամբ կարող էին կորչել։ Առաջին գիրքը, ինչպես և մյուս 11-ը կոչվում է գրողի անունով։ Օսեե անունը «Հոշայահ» անվան կրճատ ձևն է, որը նշանակում է «Յահի կողմից փրկված», կամ՝ «Յահը փրկել է»։
2 «Օսեե» գրքում գրեթե ոչինչ չի ասվում գրողի մասին, միայն այն, որ նա Բեերիի որդին է։ Նրա մարգարեությունները վերաբերում են հիմնականում Իսրայելի թագավորությանը. Հուդան հիշատակվել է մասնակիորեն։ Օսեեն Երուսաղեմի մասին ընդհանրապես չի հիշատակում։ Մինչդեռ 37 անգամ նշում է Իսրայելի ամենաազդեցիկ ցեղի անունը՝ Եփրեմ, և 6 անգամ Իսրայելի մայրաքաղաքի անունը՝ Սամարիա։
3. Որքա՞ն ժամանակ է տևել Օսեեի մարգարեական ծառայությունը, և ո՞ր մարգարեներն են եղել նրա ժամանակակիցները։
3 Գրքի առաջին համարը հայտնում է, որ Օսեեն՝ որպես մարգարե, Եհովային ծառայել է բավական երկար ժամանակ՝ սկսած Իսրայելի թագավոր Հերոբովամ II-ի իշխանության վերջից (մահացել է մ.թ.ա. 804-ին) մինչև Հուդայի Եզեկիա թագավորի օրերը (սկսել է իշխել մ.թ.ա. 745-ին), այսինքն՝ մարգարեն ծառայել է առնվազն 59 տարի։ Նրա ծառայությունը, անկասկած, որոշ չափով ընդգրկել է Հերոբովամ II-ի և Եզեկիայի իշխանության մի քանի տարիները։ Այդ ժամանակահատվածում Եհովային հավատարմորեն ծառայող մարգարեներից են եղել Ամոսը, Եսայիան, Միքիան և Օդեդը (Ամոս 1։1; Ես. 1։1; Միք. 1։1; 2 Տար. 28։9)։
4. Ո՞ր մեջբերումներն ու մարգարեությունների կատարումն են հաստատում «Օսեե» գրքի վավերականությունը։
4 Օսեեի մարգարեության վավերականությունը հաստատվում է նրանով, որ այդ գրքից մեջբերումներ են արված Քրիստոնեական Հունարեն Գրություններում։ Անձամբ Հիսուսը մեջբերեց Օսեե 10։8 համարը, երբ դատավճիռ հայտարարեց Երուսաղեմի դեմ։ «Այն ժամանակ պիտի ասեն լեռներին՝ «ծածկեք մեզ» և բլուրներին՝ «ընկեք մեզ վրա»»,— ասաց նա (Ղուկ. 23։30)։ Նույն հատվածը մասամբ մեջբերված է նաև Հայտնություն 6։16-ում։ Օսեե 11։1 համարից մեջբերել է Մատթեոսը՝ ցույց տալու «Եգիպտոսից կանչեցի իմ որդուն» մարգարեության կատարումը (Մատթ. 2։15)։ Օսեեի մարգարեությունը ամբողջ Իսրայելի վերականգնման մասին կատարվեց, քանի որ գերությունից վերադարձողների մեջ կային տասցեղ թագավորության սերունդներից, որոնք տեղափոխվել էին Հուդա նախքան նրա գերեվարվելը (Օս. 1։11; 2 Տար. 11։13–17; 30։6–12, 18, 25; Եզր. 2։70)։ Եզրասի օրերից ի վեր գիրքը Եբրայերեն Գրությունների կանոնի մասն է եղել, քանի որ այն Եհովայի խոսքն է, որը նա «հայտնել է Օսեեի միջոցով» (Օս. 1։2)։
5. Ինչո՞ւ Եհովան պատժեց Իսրայելին։
5 Ինչո՞ւ Եհովան Օսեեին ուղարկեց մարգարեանալու Իսրայելի թագավորությունում։ Քանի որ Իսրայելը դրժել էր Եհովայի հետ կապած ուխտը. թողել էր Աստծուն և պղծվել էր Բահաղի երկրպագությամբ։ Ավետյաց երկրում նրանք սկսել էին հողագործությամբ զբաղվել, բայց միևնույն ժամանակ որդեգրել էին ոչ միայն քանանացիների ապրելակերպը, այլև նրանց կրոնը, որում մեծ տեղ ուներ պտղաբերության աստված Բահաղի պաշտամունքը։ Օսեեի օրերում իսրայելացիները լիովին հեռացել էին Եհովայի երկրպագությունից և մասնակցում էին ծիսակատարությունների, որոնց ժամանակ հարբեցողությամբ էին զբաղվում ու սեռական հարաբերություններ ունենում տաճարային պոռնիկների հետ։ Իրենց բարեկեցությունը նրանք վերագրում էին Բահաղին։ Քանի որ հավատարիմ չէին Եհովային ու այլևս չէին համապատասխանում նրա չափանիշներին, պիտի պատժվեին։ Եհովան մտադիր էր ցույց տալ նրանց, որ իրենց նյութական կարողությունը Բահաղից չէր։ Այդ պատճառով Օսեեին ուղարկեց զգուշացնելու, թե ինչ կպատահի, եթե չզղջան։ Հերոբովամ II-ի մահից հետո սկսվեց Իսրայելի պատմության ամենասարսափելի ժամանակաշրջանը, որի ընթացքում մի շարք թագավորներ սպանվեցին։ Այդպես շարունակվեց մինչև մ.թ.ա. 740-ը, երբ Ասորեստանը գերեվարեց Իսրայելին։ Այդ ժամանակահատվածում երկու ուժեր էին պայքարում միմյանց դեմ. մեկը ձգտում էր դաշինք կնքել Եգիպտոսի հետ, մյուսը՝ Ասորեստանի։ Երկուսից և ոչ մեկը չէր ապավինում Եհովային։
6. Ինչո՞վ է հետաքրքիր Օսեեի գրելաոճը։
6 Օսեեի գրելաոճը շատ հետաքրքիր է։ Նա հաճախ նուրբ ու զգացմունքայնորեն է արտահայտվում և կրկին ու կրկին շեշտում է Եհովայի սիրառատ բարությունն ու ողորմությունը։ Օսեեն նշում է ժողովրդի կողմից զղջման ցանկացած, անգամ շատ փոքր դրսևորում։ Սակայն նրա լեզուն երբեմն կցկտուր է ու էմոցիոնալ։ Որտեղ պակասում է ռիթմը, նա խոսքին արտահայտչականություն և ուժ է հաղորդում։ Գրելիս Օսեեն կտրուկ մի մտքից մյուսին է անցնում և միևնույն ժամանակ ուժեղ զգացմունքներ արտահայտում։
7. Ի՞նչ է ցույց տրվում Գոմերի անհավատարմության օրինակով ու նրա վերադարձով։
7 Իր ծառայության սկզբում Օսեեն հրահանգ ստացավ «մի կին առնել, որը պոռնկությամբ կզբաղվի» (1։2)։ Եհովան, անշուշտ, որոշակի նպատակ ուներ։ Իսրայելը Եհովայի համար նման էր մի կնոջ, որը, պոռնկություն գործելով, դավաճանել էր նրան։ Այնուամենայնիվ, Եհովան պատրաստ էր սեր դրսևորել և վերադարձնել իր ժողովրդին։ Այս ամենը կերևար Օսեեի կնոջ՝ Գոմերի օրինակով։ Իր առաջնեկի ծնվելուց հետո նա դավաճանեց ամուսնուն, և, ակներևաբար, մյուս երկու երեխաները ծնվեցին պոռնկությունից (2։5–7)։ Դա երևում է նրանից, որ առաջին երեխայի համար ասվում է՝ «նրա [Օսեեի] համար որդի ծնեց», սակայն մյուս երկու երեխաների ծնունդների կապակցությամբ մարգարեի մասին այլևս չի հիշատակվում (1։3, 6, 8)։ 3-րդ գլխի 1–3 համարներում հավանաբար ասվում է, որ Օսեեն հետ բերեց Գոմերին՝ գնելով նրան ինչպես ստրկուհու։ Նույն ձևով Եհովան հետ բերեց իր ժողովրդին, երբ վերջինս զղջաց իր գործած շնության համար։
8. Ի՞նչ անուններ են զուգահեռաբար գործածվում այս գրքում։
8 Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունը, որին էլ գլխավորապես ուղղված էին Օսեեի խոսքերը, հայտնի էր նաև «Եփրեմ» անունով՝ թագավորության ամենաազդեցիկ ցեղի անունով։ Այս երկու անունները՝ «Իսրայել» և «Եփրեմ», գրքում օգտագործվում են զուգահեռաբար։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
9. Գոմերի երեխաների անունները ի՞նչ են ասում այն մասին, թե ինչպես է Եհովան վարվելու Իսրայելի հետ։
9 Օրինակով ցույց է տրվում Իսրայելի հոգևոր շնությունը (1։1–3։5)։ Օսեեի կինը, որի մասին ասվում է, որ նա «պոռնկությամբ կզբաղվի», մարգարեի համար որդի է ծնում։ Երեխայի անունը Հեզրայել են դնում։ Հետո նա ուրիշ երկու երեխա է ունենում՝ մի աղջիկ՝ Լո-Րուհամա անունով, որը նշանակում է «նրա հանդեպ ողորմություն ցույց չի տրվել», և մի որդի՝ Լո-Ամմի անունով, որը նշանակում է «իմ ժողովուրդը չէ»։ Այս երկու անունները Եհովան տալիս է ցույց տալու համար, որ «այլևս չի ողորմելու Իսրայելի տունը», և ընդգծում է, որ մերժել է նրանց որպես իր ժողովուրդ (1։2, 6, 9)։ Սակայն Հուդայի ու Իսրայելի որդիները՝ որպես «կենդանի Աստծու որդիներ», միասին կհավաքվեն մի գլխի ենթակայության ներքո, «քանի որ մեծ է լինելու Հեզրայելի օրը» (1։10, 11)։ Մաքրված հոգևոր շնությունից՝ Բահաղի երկրպագությունից՝ Աստծու ժողովուրդը կվերադառնա նրա մոտ և կընդունի նրան որպես իր ամուսին (2։16)։ Եհովան Իսրայելին ապահովություն կտա և նրան կնշանի իր հետ դարեդար՝ արդարությամբ, արդարադատությամբ, սիրառատ բարությամբ, ողորմությամբ և հավատարմությամբ։ Հեզրայել անվանը ներդաշնակ (նշանակում է «Աստված սերմ կցանի»)՝ Եհովան խոստանում է. «Ինձ համար ես կցանեմ նրան իմ երկրում.... ու կասեմ նրան, ով իմ ժողովուրդը չէ՝ «դու իմ ժողովուրդն ես», և նրանք էլ կասեն՝ «դու իմ Աստվածն ես»» (2։23) Այն կնոջ նման, որը զղջում է շնություն գործելու համար, «Իսրայելի որդիները հետ կգան և իրենց Աստված Եհովային ու իրենց թագավոր Դավթին կփնտրեն» (3։5)։
10. Ի՞նչ կլինի այն բանի հետևանքը, որ ազգը մերժում է գիտելիքը։
10 Մարգարեական դատաստաններ Եփրեմի դեմ (և Հուդայի) (4։1–14։9)։ 4-րդ գլխի առաջին համարում հիմք է բերվում հետագա մարգարեական նախազգուշացումների համար. «Եհովան դատ ունի այս երկրի բնակիչների հետ, քանի որ այս երկրում չկա ճշմարտություն, սիրառատ բարություն, Աստծու մասին գիտելիք»։ Ի՞նչ կլինի այս ցավալի իրավիճակի հետևանքը։ «Քանի որ դու մերժեցիր գիտելիքները, ես էլ քեզ կմերժեմ, և դու ինձ համար իբրև քահանա չես ծառայի։ Եվ քանի որ դու մոռանում ես քո Աստծու օրենքը, ես էլ քո որդիներին կմոռանամ»,— ասում է Եհովան (4։1, 6)։ Պոռնկության ոգին մոլորեցրել է Իսրայելին։ Աստված հաշիվ կպահանջի Իսրայելից ու Հուդայից, որոնք նման են պոռնիկների, բայց երբ նրանք «սաստիկ նեղության մեջ լինեն», Եհովային կփնտրեն (5։15)։
11. Օսեեն ի՞նչ է աղերսում ժողովրդին, բայց ինչո՞ւ են վայեր հայտարարվում։
11 Օսեեն աղերսում է ժողովրդին. «Եկեք հետ դառնանք Եհովայի մոտ, որովհետև.... նա կբուժի մեզ»։ Եհովային սիրառատ բարությունն է հաճելի, ոչ թե զոհերը, Աստծու մասին գիտելիքները, ոչ թե ողջակեզները, բայց Եփրեմի և Հուդայի սիրառատ բարությունը «շուտ անհետացող ցողի պես» է (6։1, 4)։ Եփրեմը «աղավնու պես միամիտ է դարձել»։ Ժողովուրդը օգնության համար գնում է Եգիպտոս և Ասորեստան, ոչ թե Եհովայի մոտ (7։11)։ Վա՜յ նրանց։ Ինչո՞ւ։ Նրանք պարապ ժամանակ են անցկացնում, չարիք են խորհում, զանց են անում Եհովայի ուխտը և նրա օրենքի դեմ անօրենություն գործում։ «Քանի որ քամի սերմեցին, մրրիկ պիտի հնձեն» (8։7)։ Եհովան կհիշի նրանց հանցանքը և ուշադրություն կդարձնի նրանց մեղքերին։ «Նրանք ազգերի մեջ թափառողներ պիտի լինեն» (9։17)։ Այլասերված որթատունկ է Իսրայելը, նրա սիրտը կեղծավոր է դարձել։ Փոխանակ արդարությամբ սերմելու և սիրառատ բարությամբ հնձելու՝ Իսրայելը անօրենություն է հերկել և անարդարություն հնձել։ «Եգիպտոսից կանչեցի իմ որդուն»,— հիշեցնում է Եհովան (11։1)։ Այո՛, Եհովան սիրեց Իսրայելին, երբ վերջինս երեխա էր, բայց նա ստությամբ ու խաբեբայությամբ պաշարեց Նրան։ Եհովան խորհուրդ է տալիս. «Վերադարձիր քո Աստծու մոտ՝ պահպանելով սիրառատ բարություն ու արդարություն, և հույսդ միշտ քո Աստծու վրա դիր» (12։6)։
12. ա) Ի՞նչ է Օսեեն հիշեցնում 13-րդ գլխում։ բ) Ի՞նչ վերականգնման մասին է խոստացվում։
12 13-րդ գլխում Օսեեն հիշեցնում է, թե ինչ էր տեղի ունեցել վաղ անցյալում. Իսրայելի խոստումը, Եհովայի քնքուշ հոգատարությունը, Իսրայելի մոռացկոտությունը և այն, որ ազգն ի վերջո Եհովայի դեմ դուրս եկավ։ Եհովան ասում է. «Ես քեզ թագավոր տվեցի իմ բարկությամբ և կհեռացնեմ նրան իմ զայրույթով» (13։11)։ Բայց հետո վերականգնում կլինի. «Գերեզմանի ձեռքից կփրկագնեմ, մահվանից կազատեմ նրանց։ Ո՞ւր են քո խայթոցները, Մա՛հ։ Ո՞ւր է քո ավերմունքը, Գերեզմա՛ն» (13։14)։ Այնուամենայնիվ, ապստամբ Սամարիայի բաժինը սարսափելի է լինելու։
13. Ի՞նչ խնդրանքով է ավարտվում «Օսեե» գիրքը, և ո՞վ կքայլի Եհովայի ճանապարհներով։
13 Գիրքն ավարտվում է ջերմագին խնդրանքով. «Վերադարձի՛ր, ո՛վ Իսրայել, դեպի քո Աստված Եհովան, քանի որ դու սայթաքեցիր քո մեղքի պատճառով» (14։1)։ Օսեեն աղերսում է ժողովրդին, որ Եհովայից ներողություն խնդրի և իր շուրթերի մատղաշ ցլերը մատուցի։ Այդ ժամանակ Եհովան ողորմություն և սեր կդրսևորի։ Նա թարմացնող ցողի պես կլինի նրա համար, և ազգը շուշանի ու ձիթենու պես կծաղկի։ Իմաստուններն ու խոհեմները կհասկանան այս բաները, քանի որ «Եհովայի ճանապարհներն ուղիղ են, արդարները կքայլեն դրանցով, իսկ օրինազանցները կսայթաքեն այդ ճանապարհների վրա» (14։9)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
14. Օսեեի մարգարեությունների ո՞ր ճշգրիտ կատարումներին արժե ուշադրություն դարձնել։
14 «Օսեե» գիրքն ամրացնում է մեր հավատը Եհովայի մարգարեությունների հանդեպ։ Իսրայելի և Հուդայի վերաբերյալ Օսեեի բոլոր մարգարեություններն իրականացան։ Իսրայելը լքվեց իր սիրեկանների՝ հարևան կռապաշտ ազգերի կողմից, ու մ.թ.ա. 740-ին «մրրիկ» հնձեց. Ասորեստանը կործանեց նրան (Օս. 8։7–10; 2 Թագ. 15։20; 17։3–6, 18)։ Սակայն Հուդայի վերաբերյալ Օսեեն գրել էր, որ Եհովան ողորմելու և փրկելու է նրան, բայց ոչ ռազմական ուժով։ Այդ խոսքերն իրականացան, երբ Եհովայի հրեշտակը սպանեց Երուսաղեմին սպառնացող 185000 ասորեստանցու (Օս. 1։7; 2 Թագ. 19։34, 35)։ Այնուհանդերձ, Օսեե 8։14-ում հիշատակված դատաստանը վերաբերում էր նաև Հուդային. «Ես կրակ կուղարկեմ նրա քաղաքների վրա, և այն կխժռի նրանց պալատները»։ Այս մարգարեությունն իրականացավ, երբ Նաբուգոդոնոսորը մ.թ.ա. 609–607-ին ավերեց Հուդան ու Երուսաղեմը (Երեմ. 34։6, 7; 2 Տար. 36։19)։ Վերականգնման մասին Օսեեի մարգարեություններից շատերը կատարվեցին մ.թ.ա. 537-ին, երբ Եհովան մեկտեղ հավաքեց Հուդան ու Իսրայելը, և նրանք «դուրս եկան այդ երկրից»՝ իրենց գերության երկրից (Օս. 1։10, 11; 2։14–23; 3։5; 11։8–11; 13։14; 14։1–9; Եզր. 2։1; 3։1–3)։
15. Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողները ինչպե՞ս են մեջբերում «Օսեե» գրքից։
15 Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողները մեջբերումներ են կատարել «Օսեե» գրքից, և դրանք քննելը օգտակար է նաև այսօր։ Օրինակ՝ Պողոսը հարությանը վերաբերող հարցի մասին խոսելիս ազդեցիկ կերպով կիրառել է Օսեե 13։14 համարը. «Մա՛հ, ո՞ւր է քո հաղթանակը։ Մա՛հ, ո՞ւր է քո խայթոցը» (1 Կորնթ. 15։55)։ Ընդգծելով ողորմության անոթների հանդեպ Եհովայի անզուգական բարությունը՝ Պողոսը մեջբերում է արել Օսեե 1։10 և 2։23 համարներից՝ գրելով. «Ինչպես որ Օսեեի գրքում է նա ասում. «Ով իմ ժողովուրդը չէ, «իմ ժողովուրդ» պիտի կոչեմ, և ով սիրելի չէ, «սիրելի» պիտի կոչեմ, և այն վայրում, որտեղ նրանց ասվեց՝ «դուք իմ ժողովուրդը չեք», այնտեղ նրանք «կենդանի Աստծու որդիներ» կկոչվեն»» (Հռոմ. 9։25, 26)։ Իսկ Պետրոսը, «Օսեե»-ից վերցված այդ նույն հատվածը փոփոխելով, գրել է. «Քանի որ մի ժամանակ դուք ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդն եք, ձեր հանդեպ ողորմություն չէր ցուցաբերվել, բայց հիմա ձեր հանդեպ ողորմություն ցուցաբերվեց» (1 Պետ. 2։10)։
16. Օսեեի ո՞ր խոսքերը Հիսուսը կրկնեց, երբ ցույց տվեց, թե Եհովան ինչ է պահանջում իրեն երկրպագողներից։
16 Այսպիսով՝ Օսեեի մարգարեության կատարումը վերաբերում է ոչ միայն նրան, որ հրեա մնացորդը հայրենիք վերադարձավ Զորաբաբելի օրերում, այլև նրան, որ Եհովան, լինելով ողորմած, հավաքում է հոգևոր մնացորդին, որի անդամները դառնում են «կենդանի Աստծու [սիրելի] որդիներ»։ Աստծու սուրբ ոգու ներշնչմամբ Օսեեն տեղեկացել էր, թե ինչ պահանջներ են դրված այս մնացորդի առաջ. ոչ թե ձևական երկրպագություն, այլ այն, ինչ գրված է Օսեե 6։6-ում (այս խոսքերը կրկնել է նաև Հիսուսը Մատթեոս 9։13 և 12։7 համարներում). «Ինձ սիրառատ բարությունն է հաճելի, ոչ թե զոհերը, Աստծու մասին գիտելիքները, ոչ թե ողջակեզները»։
17. ա) Ի՞նչ պետք է անի ցանկացած անհատ, ով հոգևոր շնություն է գործել։ բ) Թագավորության վերաբերյալ ի՞նչ ուրախալի խոստում կա «Օսեե» գրքում։
17 Շնացող կնոջ օրինակով, ինչպիսին դարձավ Օսեեի կինը, ցույց է տրվում, որ Եհովան գարշում է նրանցից, ովքեր հեռանում են իրենից՝ ընկնելով կռապաշտության ու կեղծ պաշտամունքի մեջ, և այդպիսով հոգևոր շնություն գործում։ Նրանք, ովքեր մեղք են գործել Եհովայի դեմ, պետք է անկեղծորեն զղջան, հետ դառնան դեպի Աստված և իրենց «շուրթերի մատղաշ ցլերը» մատուցեն նրան (Օս. 14։2, ծնթ.; Եբր. 13։15)։ Այդպիսի մարդիկ Իսրայելի հոգևոր որդիների մնացորդի հետ կարող են ցնծալ Օսեե 3։5-ում գրված Թագավորության խոստման կատարման համար. «Դրանից հետո Իսրայելի որդիները հետ կգան և իրենց Աստված Եհովային ու իրենց թագավոր Դավթին կփնտրեն։ Վերջին օրերում նրանք դողալով կմոտենան Եհովային ու նրա բարությանը»։