Ովսեեի մարգարեությունը օգնում է մեզ քայլել Աստծու հետ
«Տիրոջ ետեւից պիտի գնան» (ՈՎՍԷԷ 11։10)։
1. Այլաբանական ի՞նչ դրամայի մասին ենք կարդում «Ովսէէ» գրքում։
ՍԻՐՈ՞ՒՄ ԵՔ դրամատիկ ստեղծագործություններ՝ հետաքրքիր կերպարներով և գրավիչ սյուժեով։ Աստվածաշնչի «Ովսէէ» գիրքը այլաբանական մի դրամա է պարունակում։a Դրաման նկարագրում է Աստծու մարգարե Ովսեեի ընտանեկան վիճակը և առնչություն ունի այն այլաբանական ամուսնական կապի հետ, որ Եհովան հաստատեց հին Իսրայելի հետ Մովսիսական օրենքի ուխտի միջոցով։
2. Ի՞նչ է մեզ հայտնի Ովսեեի մասին։
2 Այս դրամայի ընդհանուր նկարագրությունը գտնում ենք «Ովսէէ» գրքի 1–ին գլխում։ Ովսեեն ակներևաբար ապրել է Իսրայելի տասցեղ թագավորության տարածքում (որը նաև Եփրեմ էր կոչվում՝ այդ ցեղի նշանավոր լինելու պատճառով)։ Նա մարգարեացել է Իսրայելի վերջին յոթ թագավորների, ինչպես նաև Հուդայի Ոզիա, Հովաթամ, Աքազ և Եզեկիա թագավորների կառավարման ընթացքում (Ովսէէ 1։1)։ Հետևաբար Ովսեեն մարգարեացել է ամենաքիչը 59 տարի։ Թեև նրա անունով կոչվող գրքի գրությունը ավարտվել է մ.թ.ա. 745 թ.–ից կարճ ժամանակ անց, նշանակալից է տեսնել, որ այսօր միլիոնավորներ հետևում են այն ընթացքին, որի մասին նախագուշակված էր. «Տիրոջ ետեւից պիտի գնան» (Ովսէէ 11։10)։
Հակիրճ ամփոփում
3, 4. Հակիրճորեն պատմեք, թե ինչ են պարունակում «Ովսէէ» գրքի 1–5-րդ գլուխները։
3 «Ովսէէ» գրքի 1–5-րդ գլուխների հակիրճ ամփոփումը կամրացնի մեր վճռականությունը, որ շարունակ քայլենք Աստծու հետ՝ դրսևորելով հավատ և հետևելով այն ընթացքին, որը ներդաշնակ է նրա կամքին։ Թեև Իսրայելի թագավորության բնակիչները հոգևոր պոռնկության մեջ էին ընկղմվել, սակայն Աստված ողորմած կլիներ նրանց հանդեպ, եթե նրանք զղջային։ Դրամայում դա նկարագրվում է նրանով, թե ինչպես Ովսեեն վարվեց իր կնոջ՝ Գոմերի հետ։ Ովսեեի համար մի երեխա ծնելուց հետո Գոմերը ակներևաբար ունեցավ նաև երկու ապօրինի երեխա։ Այնուամենայնիվ, Ովսեեն նրան ետ ընդունեց, ճիշտ ինչպես որ Եհովան էր պատրաստ ողորմություն ցուցաբերել զղջացող իսրայելացիների հանդեպ (Ովսէէ 1։1–3։5)։
4 Եհովան դատի էր կանչելու Իսրայելին, քանի որ երկրում ո՛չ ճշմարտություն կար, ո՛չ սիրառատ բարություն, ո՛չ էլ Աստծու մասին գիտություն։ Նա հաշիվ էր պահանջելու թե՛ կռապաշտությամբ զբաղվող Իսրայելից, թե՛ Հուդայի անհնազանդ թագավորությունից։ Սակայն երբ Աստծու ժողովուրդը «նեղութեան մէջ լին[եր]», այդ ժամանակ Եհովային կփնտրեր (Ովսէէ 4։1–5։15)։
Դեպքերի զարգացումը
5, 6. ա) Որքա՞ն էր տարածված պոռնկությունը Իսրայելի տասցեղ թագավորությունում։ բ) Հին Իսրայելին տրված զգուշացումը ինչո՞ւ մեծ նշանակություն ունի մեզ համար։
5 Աստված պատվիրեց Ովսեեին. «Գնա քեզ համար մի պոռնկութեան կին եւ պոռնկութեան որդիք առ. որովհետեւ երկիրը բոլորովին պոռնկացել է Տիրոջը հետեւելուց խոտորելով» (Ովսէէ 1։2)։ Որքա՞ն էր տարածված պոռնկությունը Իսրայելում։ Աստծու Խոսքում կարդում ենք. «Պոռնկութեան հոգին խաբել է [տասցեղ թագավորության բնակիչներին], եւ պոռնկացան իրանց Աստուծուն չ’հպատակելով։ .... Ձեր աղջիկները պիտի պոռնկանան [«պոռնկությամբ են զբաղվում», ՆԱ], եւ ձեր հարսերը շնութիւն անեն [«շնություն են գործում», ՆԱ]։ .... Որովհետեւ սորանք պոռնիկների բաժանուած են [«Քանի որ այրերն իրենք էին պոռնիկների հետ կենակցում», ԷԹ], եւ նուիրեալ բոզերի [«տաճարում պոռնկությամբ զբաղվող կանանց», ՆԱ] հետ զոհում են» (Ովսէէ 4։12–14)։
6 Իսրայելում պոռնկությունը տարածված էր թե ֆիզիկական և թե հոգևոր առումով։ Ուստի Եհովան հաշիվ էր պահանջելու իսրայելացիներից (Ովսէէ 1։4; 4։9)։ Այս նախազգուշացումը մեծ նշանակություն ունի նաև մեզ համար, քանի որ Եհովան հաշիվ է պահանջելու բոլոր նրանցից, ովքեր այսօր ընկղմված են անբարոյության և անմաքուր երկրպագության մեջ։ Սակայն Աստծու հետ քայլող անհատները հետևում են մաքուր երկրպագության համար սահմանված սկզբունքներին և գիտեն, որ «ոչ մի պոռնիկ .... ժառանգութիւն չ’ունի Քրիստոսի եւ Աստուծոյ արքայութիւնումը» (Եփեսացիս 5։5; Յակոբոս 1։27)։
7. Ի՞նչ էր խորհրդանշում Գոմերի հետ Ովսեեի ամուսնությունը։
7 Երբ Ովսեեն ամուսնացավ Գոմերի հետ, վերջինս ակներևաբար կույս էր և այն ժամանակ, երբ Ովսեեի համար «մի որդի ծնեց», հավատարիմ կին էր (Ովսէէ 1։3)։ Ինչպես նկարագրվում է այլաբանական դրամայում, մ.թ.ա. 1513 թ.–ին իսրայելացիները ազատագրվեցին Եգիպտոսի լծից, և դրանից կարճ ժամանակ անց Աստված նրանց հետ ուխտ կապեց, որը նման էր ամուսնական մաքուր կապի։ Համաձայնվելով կատարել ուխտի պահանջները՝ Իսրայելը խոստացավ հավատարիմ մնալ իր ‘այրուն’, այսինքն՝ ամուսնուն՝ Եհովային (Եսայիա 54։5)։ Այո՛, Իսրայելի հետ Աստծու այս այլաբանական ամուսնությունը ներկայացվում է Գոմերի հետ Ովսեեի մաքուր ամուսնությամբ։ Սակայն տեսնենք, թե ինչպիսի փոփոխություն է տեղի ունենում։
8. Ինչպե՞ս առաջացավ Իսրայելի տասցեղ թագավորությունը, և ի՞նչ կարող եք ասել նրա պաշտամունքի մասին։
8 Ովսեեի կինը «դարձեալ յղացաւ եւ ծնեց մի աղջիկ»։ Այդ աղջիկը և հետագայում ծնված տղան հավանաբար ծնվեցին Գոմերի պոռնկության հետևանքով (Ովսէէ 1։6, 8)։ Քանի որ Գոմերը ներկայացնում էր Իսրայելին, գուցե հարցնեք. «Ինչպե՞ս պատահեց, որ Իսրայելը դարձավ պոռնիկ»։ Մ.թ.ա. 997–ին Իսրայելի ցեղերից տասը առանձնացան հարավային ցեղերից՝ Հուդայից և Բենիամինից։ Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունում հաստատվեց հորթի պաշտամունքը, որպեսզի այդ թագավորության բնակիչները չգնային Հուդա՝ Երուսաղեմի տաճարում Եհովային երկրպագելու։ Կեղծ աստված Բահաղի պաշտամունքը՝ սեռական այլասերվածությամբ ուղեկցվող իր սանձարձակ խնջույքներով, խոր արմատներ գցեց Իսրայելում։
9. Ի՞նչ պատահեց Իսրայելին՝ Ովսէէ 1։6–ում կանխագուշակված խոսքերի համաձայն։
9 Երբ Գոմերը ծնեց իր երկրորդ երեխային, որը հավանաբար ապօրինի էր, Աստված ասաց Ովսեեին. «Դորա անունը Լօ–րուհամա դիր [անունը նշանակում է՝ «նրա հանդեպ ողորմություն ցույց չտրվեց»], որովհետեւ այլ եւս չեմ ողորմելու Իսրայէլի տանը որ նորանց ներեմ [«զանիկա բոլորովին պիտի վերցնեմ», ԱԱ]» (Ովսէէ 1։6)։ Եհովան իսրայելացիներին ‘վերցրեց’ այն ժամանակ, երբ մ.թ.ա. 740 թ.–ին ասորեստանցիները գերի տարան նրանց։ Սակայն Աստված ողորմություն ցուցաբերեց Հուդայի երկցեղ թագավորության հանդեպ և փրկեց նրան, բայց ոչ աղեղով, սրով, պատերազմով, ձիերով կամ ձիավորներով (Ովսէէ 1։7)։ Մ.թ.ա. 732 թ.–ին մի գիշերվա ընթացքում միայն մեկ հրեշտակ սպանեց 185 000 ասորեստանցի զինվորների, որոնք սպառնում էին կործանել Հուդայի մայրաքաղաք Երուսաղեմը (Դ Թագաւորաց 19։35)։
Եհովայի դատը Իսրայելի դեմ
10. Ի՞նչ է խորհրդանշում Գոմերի անառակ վարքը։
10 Գոմերը լքեց Ովսեեին և դարձավ «պոռնկութեան կին»՝ ապրելով մեկ ուրիշ տղամարդու հետ։ Սա խորհրդանշում է այն, թե ինչպես Իսրայելի թագավորությունը քաղաքական դաշինքներ կնքեց կռապաշտ ազգերի հետ և նրանցից կախվածության մեջ ընկավ։ Իր նյութական բարգավաճումը Եհովային վերագրելու փոխարեն՝ Իսրայելը այն վերագրեց այդ ազգերի աստվածներին և ոտնահարեց Աստծու հետ իր ամուսնական ուխտը՝ կեղծ երկրպագության մեջ ներգրավվելով։ Ուստի զարմանալի չէ, որ Եհովան դատ ուներ հոգևոր պոռնկության մեջ ընկղմված ժողովրդի դեմ (Ովսէէ 1։2; 2։2, 12, 13)։
11. Ի՞նչ եղավ Օրենքի ուխտի հետ, երբ Եհովան թույլ տվեց, որ Իսրայելն ու Հուդան գերի տարվեն։
11 Ինչպե՞ս պատժվեց Իսրայելը իր Ամուսնուն լքելու համար։ Աստված թույլ տվեց, որ Իսրայելին տանեն Բաբելոնի անապատը՝ մի ազգի երկիրը, որը հաղթել էր Ասորեստանին, որտեղ իսրայելացիները գերության մեջ էին գտնվում մ.թ.ա. 740–ին (Ովսէէ 2։14)։ Երբ այդպիսով Եհովայի թույլտվությամբ տասցեղ թագավորությունը դադարեց գոյություն ունենալուց, Աստված չեղյալ չհամարեց իր ամուսնական ուխտը, որ հաստատել էր սկզբում Իսրայելի 12 ցեղերի հետ։ Փաստորեն, երբ Աստված թույլ տվեց, որ մ.թ.ա. 607 թ.–ին բաբելոնացիները կործանեն Երուսաղեմը, և Հուդայի բնակիչները գերության մեջ ընկնեն, նա անվավեր չհամարեց Մովսիսական օրենքի ուխտը, որի միջոցով Իսրայելի 12 ցեղերը այլաբանական ամուսնական կապի մեջ էին մտել նրա հետ։ Այդ ուխտը վերացավ միայն այն բանից հետո, երբ հրեա առաջնորդները մերժեցին Հիսուս Քրիստոսին և մահվան մատնեցին նրան մ.թ. 33–ին (Կողոսացիս 2։14)։
Եհովան խրատում է Իսրայելին
12, 13. Ո՞րն է Ովսէէ 2։6–8 համարների նշանակությունը, և այդ խոսքերն ինչպե՞ս կատարվեցին Իսրայելի առնչությամբ։
12 Եհովան պատվիրեց Իսրայելին, «որ նա հեռացնէ իր պոռնկութիւնը», սակայն Իսրայելը ցանկացավ գնալ իր «հոմանիների ետեւից», այսինքն՝ նրանց ետևից, ովքեր տռփանքով սիրում էին իրեն (Ովսէէ 2։2, 5)։ «Դորա համար,— ասում է Եհովան,— ահա ես փուշերով ցանգ պիտի քաշեմ նորա ճանապարհին եւ նորան պիտի պատեմ պատով, որ նա իր շաւիղները չ’գտնէ։ Եւ նա կ’գնայ իր հոմանիների ետեւից, բայց նորանց չի հասնիլ, եւ նորանց կ’որոնէ, բայց չի գտնիլ. այն ժամանակ կ’ասէ. Ետ դառնամ գնամ իմ առաջի մարդի մօտ, որովհետեւ ինձ համար այն ժամանակը լաւ էր քան թէ հիմա։ Եւ նա չ’գիտէր, որ ես էի տալիս իրան ցորենը, գինին եւ իւղը. եւ ես նորա արծաթը շատացրի եւ ոսկին. որոնցով նորանք Բահաղներ շինեցին» (Ովսէէ 2։6–8)։
13 Թեև Իսրայելը օգնության համար դիմում էր ազգերին, որոնք տռփանքով սիրում էին իրեն, նրանցից և ոչ մեկը ի վիճակի չէր օգնելու նրան։ Նա կարծես մի անանցանելի մացառուտով շրջապատված լիներ, այնպես որ նրան օգնություն ցույց տալը անհնարին էր։ Ասորեստանցիների կողմից երեք տարի պաշարման մեջ գտնվելուց հետո մ.թ.ա. 740 թ.–ին ընկավ Իսրայելի մայրաքաղաք Սամարիան, և տասցեղ թագավորությունը այլևս չվերականգնվեց։ Գերության մեջ գտնվող իսրայելացիներից միայն քչերն էին հետագայում գիտակցելու, թե որքան լավ էր այն ժամանակ, երբ իրենց նախահայրերը ծառայում էին Եհովային։ Այդ մնացորդը մերժելու էր Բահաղի երկրպագությունը և ցանկանալու էր նոր ուխտ հաստատել Եհովայի հետ։
Դեպքերին մեկ ուրիշ կողմից նայենք
14. Ինչո՞ւ Ովսեեն վերականգնեց Գոմերի հետ իր ամուսնական հարաբերությունները։
14 Ովսեեի ընտանեկան հարցերի և Եհովայի հետ Իսրայելի ունեցած փոխհարաբերությունների միջև եղած կապը ավելի լավ հասկանալու համար քննենք հետևյալ խոսքերը. «Տէրն ասեց ինձ. Էլի գնա մի շնացող կին սիրիր՝ ընկերիցը սիրուած» (Ովսէէ 3։1)։ Ովսեեն կատարեց այդ պատվերը՝ գնելով Գոմերին այն տղամարդուց, որի հետ նա ապրում էր։ Այնուհետև Ովսեեն խստորեն խրատեց իր կնոջը՝ ասելով. «Շատ օրերով կը նստես ինձ համար, չես պոռնկանալ, եւ մարդի չես մօտենալ» (Ովսէէ 3։2, 3)։ Գոմերը արձագանքեց այդ խրատին, և Ովսեեն վերականգնեց ամուսնական հարաբերությունները նրա հետ։ Ինչպե՞ս սա կատարվեց Իսրայելի և Հուդայի հանդեպ Աստծու դրսևորած վերաբերմունքի առնչությամբ։
15, 16. ա) Ո՞ր դեպքում խրատված ժողովուրդը կարող էր արժանանալ Աստծու ողորմությանը։ բ) Ինչպե՞ս կատարվեցին Ովսէէ 2։18–ում գրված խոսքերը։
15 Այն ժամանակ, երբ Հուդայից և Իսրայելից աքսորված իսրայելացիները Բաբելոնում գերության մեջ էին գտնվում, Աստված իր մարգարեների միջոցով ‘խոսեց նրանց սրտի հետ’։ Աստծու ողորմությանն արժանանալու համար ժողովուրդը պետք է ցույց տար, որ զղջում է, և վերադառնար իր Ամուսնու մոտ, ինչպես արեց Գոմերը։ Այդ ժամանակ Եհովան իր խրատված ժողովրդին, որին նա համարում էր իր կինը, հանելու էր Բաբելոնի ‘անապատից’ և վերադարձնելու էր Հուդա և Երուսաղեմ (Ովսէէ 2։14, 15)։ Նա կատարեց իր խոստումը մ.թ.ա. 537 թ.–ին։
16 Աստված կատարեց նաև իր հետևյալ խոստումը. «Նորանց համար ուխտ պիտի դնեմ այն օրը դաշտի գազանների հետ եւ երկնքի թռչունների հետ եւ երկրի սողունների հետ. եւ աղեղը, սուրը եւ պատերազմը պիտի կոտրեմ երկրից, եւ նորանց պիտի պառկեցնեմ ապահովութեամբ» (Ովսէէ 2։18)։ Հայրենիք վերադարձած հրեա մնացորդը ապրում էր ապահովության մեջ՝ բոլորովին չվախենալով կենդանիներից։ Այս մարգարեության մեկ այլ կատարումը տեղի ունեցավ մ.թ. 1919 թ.–ին, երբ հոգևոր Իսրայելի մնացորդը ազատագրվեց Մեծ Բաբելոնից՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունից։ Հիմա այդ մնացորդի անդամներն ապրում են ապահովության մեջ և վայելում են հոգևոր դրախտը իրենց ընկերակիցների հետ, որոնք երկրի վրա հավիտյան ապրելու հույսն ունեն։ Այս ճշմարիտ քրիստոնյաները չեն դրսևորում այնպիսի հատկություններ, որոնք գազաններին են հատուկ (Յայտնութիւն 14։8; Եսայիա 11։6–9; Գաղատացիս 6։16)։
Դասեր քաղենք
17–19. ա) Մեզ հորդոր է տրվում, որ Աստծու ո՞ր հատկություններն ընդօրինակենք։ բ) Ինչպե՞ս պետք է մեզ վրա անդրադառնա Եհովայի ողորմությունն ու կարեկցանքը։
17 Աստված ողորմած է և կարեկից. մենք էլ պետք է այդպիսին լինենք։ Սա մեկն է այն դասերից, որ սովորում ենք «Ովսէէ» գրքի նախնական գլուխներից (Ովսէէ 1։6, 7; 2։23)։ Այն, որ Աստված պատրաստ էր զղջացող իսրայելացիների հանդեպ ողորմություն ցույց տալ, ներդաշնակ է հետևյալ ներշնչյալ առակին. «Իր յանցանքը ծածկողը չի յաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կ’գտնէ» (Առակաց 28։13)։ Զղջացող մեղավորների համար մխիթարական են նաև սաղմոսերգուի խոսքերը. «Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. կոտրուած ու փ1շրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած» (Սաղմոս 51։17)։
18 Ովսեեի մարգարեությունը ընդգծում է կարեկցանքն ու ողորմությունը այն Աստծու, որին մենք երկրպագում ենք։ Նույնիսկ նրանք, ովքեր շեղվում են նրա արդար ճանապարհներից, կարող են զղջալ և դարձի գալ։ Եթե նրանք անեն դա, Եհովան կընդունի նրանց։ Նա ողորմություն ցույց տվեց այն իսրայելացիների հանդեպ, ովքեր զղջացին, որոնց հետ նա փոխաբերական իմաստով ամուսնական կապի մեջ էր գտնվում։ Թեև նրանք չհնազանդվեցին Եհովային և «Իսրայէլի Սուրբին նեղացրին», նա «ողորմած» եղավ նրանց հանդեպ և «յիշում էր որ նորանք մարմին են» (Սաղմոս 78։38–41)։ Նման գթասրտությունը պետք է մղի մեզ, որ շարունակենք քայլել մեր կարեկից Աստծու՝ Եհովայի հետ։
19 Չնայած որ Իսրայելում տարածված էին այնպիսի մեղքերը, ինչպիսիք են՝ սպանությունը, գողությունը և պոռնկությունը, Եհովան ‘խոսեց Իսրայելի սրտի հետ’ (Ովսէէ 2։14; 4։2)։ Մեր սրտերը հուզմունքով են լցվում, և Եհովայի հետ մեր կապվածությունն ավելի է ամրանում, երբ խորհում ենք նրա ողորմության ու կարեկցանքի շուրջ։ Ուստի լավ կլինի, եթե ինքներս մեզ հարց տանք. «Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ ընդօրինակել Եհովայի ողորմությունն ու կարեկցանքը ուրիշների հետ առնչվելիս։ Եթե քրիստոնյա հավատակիցներից որևէ մեկը վիրավորել է ինձ և ներողություն է խնդրում, արդյոք պատրա՞ստ եմ ներելու, ինչպես Եհովան» (Սաղմոս 86։5)։
20. Օրինակի օգնությամբ ցույց տուր, որ մենք պետք է վստահություն ունենանք Աստծու տված հույսի նկատմամբ։
20 Աստված իրական հույս է տալիս։ Օրինակ՝ նա խոստացավ. «Ես կ’տամ նորան.... Աքովրի ձորը իբրեւ յոյսի դուռ» (Ովսէէ 2։15)։ Եհովայի հին ժամանակների կազմակերպությունը, որը ներկայացվում է որպես կին, ամուր հույս ուներ վերադառնալու հայրենիք, որտեղ գտնվում էր «Աքովրի ձորը»։ Այդ խոստումը, որ կատարվեց մ.թ.ա. 537 թ.–ին, հիմնավոր պատճառ է ուրախանալու այն հաստատ հույսով, որը Եհովան տալիս է մեզ։
21. Ի՞նչ դեր է խաղում գիտությունը Աստծու հետ քայլելու հարցում։
21 Աստծու հետ շարունակաբար քայլելու համար մենք պետք է շարունակենք գիտություն ձեռք բերել նրա մասին և կիրառենք այն մեր կյանքում։ Իսրայելում բացարձակապես չկար Եհովայի գիտությունը (Ովսէէ 4։1, 6)։ Այնուամենայնիվ, կային անհատներ, որոնք բարձր էին գնահատում Աստծու տված ուսուցումը, վարվում էին այդ ուսուցման համաձայն և մեծ օգուտներ ստանում։ Նրանցից էր, օրինակ, Ովսեեն։ Նշենք նաև Եղիայի օրերում ապրած 7 000 իսրայելացիների մասին, որոնք ծնկի չեկան Բահաղի առաջ (Գ Թագաւորաց 19։18; Հռովմայեցիս 11։1–4)։ Աստծու տված ուսուցման հանդեպ մեր երախտագիտությունը կօգնի մեզ, որ շարունակենք քայլել Աստծու հետ (Սաղմոս 119։66; Եսայիա 30։20, 21)։
22. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք հավատուրացությանը։
22 Եհովան իր ժողովրդի մեջ առաջնորդություն վերցնող անհատներից ակնկալում է, որ նրանք մերժեն հավատուրացությունը։ Սակայն Ովսէէ 5։1–ում ասվում է. «Լսեցէք այս, ով քահանաներ, եւ ականջ դրէք, ով Իսրայէլի տուն, եւ ուշադիր եղէք, ով թագաւորի տուն, որ դատաստան կայ ձեզ համար, որովհետեւ դուք որոգայթ եղաք Մասփայում, եւ տարածուած վարմ՝ Թաբօրի վերայ»։ Հավատուրաց առաջնորդները որոգայթ և վարմ՝ թակարդ էին իսրայելացիների համար, և դրդում էին նրանց կռապաշտությամբ զբաղվել։ Թաբոր լեռը և Մասփա կոչվող վայրը հավանաբար այդպիսի կեղծ պաշտամունքի կենտրոններ էին։
23. Ի՞նչ օգուտներ քաղեցիք Ովսէէ 1–5-րդ գլուխների ուսումնասիրությունից։
23 Ինչպես տեսանք Ովսեեի մարգարեությունից, Եհովան ողորմած Աստված է, որ հույս է տալիս և օրհնում է նրանց, ովքեր կիրառում են իր տված հրահանգները և մերժում են հավատուրացությունը։ Ուստի եկե՛ք, հին ժամանակների զղջամիտ իսրայելացիների նման, փնտրենք Եհովային և միշտ ձգտենք հաճեցնել նրան (Ովսէէ 5։15)։ Այդպես վարվելով՝ մենք լավ պտուղներ կքաղենք և կունենանք անհամեմատելի ուրախություն և խաղաղություն, որոնք վայելում են նրանք, ովքեր հավատարմորեն քայլում են Աստծու հետ (Սաղմոս 100։2; Փիլիպպեցիս 4։6, 7)։
[ծանոթագրություն]
a Այլաբանական մի դրամա կարող ենք գտնել Գաղատացիս 4։21–26 համարներում։ Դրա վերաբերյալ տեղեկություններ կարելի է գտնել «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանում (հատոր 2, էջ 693, 694, անգլ.)՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ի՞նչ էր խորհրդանշում Գոմերի հետ Ովսեեի ամուսնությունը։
• Ինչո՞ւ էր Եհովան դատի կանչելու իսրայելացիներին։
• «Ովսէէ» գրքի 1–5-րդ գլուխներից ի՞նչը տպավորեց քեզ։
[նկար 18–րդ էջի վրա]
Գիտե՞ս արդյոք, թե ում է ներկայացնում Ովսեեի կինը
[նկար 19–րդ էջի վրա]
Սամարիայի բնակիչները գերի տարվեցին ասորեստանցիների կողմից մ.թ.ա. 740 թ.–ին
[նկար 20–րդ էջի վրա]
Ուրախ ժողովուրդը վերադառնում է հայրենիք