«Տիրոջ ճանապարհները» ուղիղ են
«Ուղիղ են Տիրոջ ճանապարհները եւ արդարները գնում են նորանցով» (ՈՎՍԷԷ 14։9)։
1, 2. Եհովան ի՞նչ ճանապարհի վրա դրեց իսրայելացիներին, սակայն ի՞նչ վիճակի մեջ ընկան նրանք։
ԵՀՈՎԱՆ իսրայելացիներին ուղիղ ճանապարհի վրա կանգնեցրեց Մովսեսի օրերում։ Սակայն մ.թ.ա. ութերորդ դարի սկզբում նրանք այնպիսի ողբալի վիճակի մեջ ընկան, որ Աստծու աչքերում դարձան գարշելի մեղավորներ։ Դա ակնհայտորեն երևում է «Ովսէէ» գրքի 10–14-րդ գլուխներից։
2 Իսրայելի սիրտը կեղծավոր էր դարձել։ Այդ տասցեղ թագավորության բնակիչները ամբարշտություն ցանեցին և անարդարություն հնձեցին (Ովսէէ 10։1, 13)։ «Երբոր մանուկ էր Իսրայէլը, ես սիրում էի նորան,— ասում է Եհովան,— եւ Եգիպտոսից կանչեցի իմ որդին» (Ովսէէ 11։1)։ Թեև Եհովան իսրայելացիներին ազատեց եգիպտական լծից, սակայն նրանք ստով ու նենգությամբ պատասխանեցին նրան (Ովսէէ 12։1)։ Ուստի Եհովան նրանց այսպիսի խորհուրդ տվեց. «Քո Աստուծուն դարձիր, ողորմութիւն եւ իրաւունք պահիր» (Ովսէէ 12։7)։
3. Ի՞նչ էր պատահելու ապստամբ Սամարիային, սակայն ո՞ր դեպքում իսրայելացիները ողորմության կարժանանային։
3 Ապստամբ Սամարիան և նրա թագավորը պետք է կործանվեին (Ովսէէ 13։11, 16)։ Սակայն «Ովսէէ» գրքի վերջին գլխում այսպիսի հրահանգ ենք գտնում. «Ետ դարձիր, ով Իսրայէլ, քո Տէր Աստուծուն մօտ»։ Եթե իսրայելացիները զղջային և ներում խնդրեին, Աստված նրանց հանդեպ ողորմություն ցույց կտար։ Ինչ խոսք, նրանք պետք է ընդունեին, որ «ուղիղ են Տիրոջ ճանապարհները», և պետք է ընթանային այդ ճանապարհներով (Ովսէէ 14։1–6, 9)։
4. Ո՞ր սկզբունքներն ենք քննարկելու Ովսեեի մարգարեությունից։
4 Ովսեեի մարգարեության այս հատվածում շատ սկզբունքներ կան, որոնք կօգնեն մեզ քայլել Աստծու հետ։ Մենք կքննարկենք հետևյալ սկզբունքները. 1) Եհովան կեղծավորությունից զերծ երկրպագություն է պահանջում, 2) Աստված իր ժողովրդի հանդեպ ողորմություն է ցույց տալիս, 3) մենք պետք է միշտ Եհովային ապավինենք, 4) Եհովայի ճանապարհները միշտ ուղիղ են, և 5) մեղք գործած անհատները կարող են դառնալ դեպի Եհովան։
Եհովան կեղծավորությունից զերծ երկրպագություն է պահանջում
5. Ինչպիսի՞ ծառայություն է Աստված ակնկալում մեզանից։
5 Եհովան ակնկալում է, որ մեր սուրբ ծառայությունը մատուցենք մաքուր ձևով և առանց կեղծավորության։ Սակայն Իսրայելը դարձել էր խաղողի չորացող որթ։ Իսրայելի բնակիչները «շատացրել [էին] սեղանները»՝ դրանք կեղծ երկրպագության մեջ գործածելու համար։ Այս հավատուրացները նույնիսկ սյուների ձևով կուռքեր էին կանգնեցրել, հավանաբար օբելիսկներ, որոնք պատրաստված էին անմաքուր երկրպագության համար։ Եհովան մտադիր էր կոտրել այդ սեղանները և ոչնչացնել այդ սյուները (Ովսէէ 10։1 ՆԱ, 2)։
6. Աստծու հետ քայլելու համար մենք ո՞ր հատկությունից պետք է ձերբազատվենք։
6 Եհովայի ծառաները պետք է խուսափեն կեղծավորությունից։ Իսկ ի՞նչ պատահեց իսրայելացիներին։ Ինչո՞ւ էր «կոկուած [«կեղծավոր», ՆԱ].... նորանց սիրտը»։ Թեև մինչ այդ նրանք Եհովայի հետ ուխտի մեջ էին մտել և դարձել էին նրա նվիրյալ ժողովուրդը, սակայն Եհովան նրանց մեղադրեց կեղծավորության մեջ։ Ի՞նչ կարող ենք սովորել այստեղից։ Եթե մենք նվիրվել ենք Աստծուն, ապա կեղծավոր չպետք է լինենք։ Առակաց 3։32–ը զգուշացնում է. «Խոտորնակ [կամ՝ կեղծավոր] մարդը զզուելի է Տիրոջը, բայց Նորա մտերմութիւնը ուղիղների հետն է»։ Աստծու հետ քայլելու համար մենք պետք է սեր դրսևորենք «սուրբ սրտից, եւ բարի խղճմտանքով, եւ անկեղծ հաւատքից» (Ա Տիմոթէոս 1։5)։
Աստված իր ժողովրդի հանդեպ ողորմություն է ցույց տալիս
7, 8. ա) Ո՞ր դեպքում Աստված մեր հանդեպ ողորմություն ցույց կտա։ բ) Ի՞նչ պետք է անենք, եթե լուրջ մեղք ենք գործել։
7 Եթե մենք Եհովային երկրպագենք առանց կեղծավորության և ճիշտ ձևով, ապա նա մեր հանդեպ ողորմություն, կամ՝ նվիրված սեր ցույց կտա։ Կամակոր իսրայելացիներին այսպիսի խոսքեր ասվեց. «Սերմեցէք ձեզ համար արդարութիւնով, հնձեցէք ողորմութեան համեմատ, խամահատ մշակեցէք ձեզ համար, ըստ որում ժամանակ է Տիրոջը որոնելու, մինչեւ որ ինքը գայ եւ արդարութիւն տեղայ ձեզ վերայ» (Ովսէէ 10։12)։
8 Որքա՜ն լավ կլիներ, եթե իսրայելացիները զղջային և Եհովային փնտրեին։ Այդ ժամանակ Եհովան ուրախությամբ ‘արդարություն կտեղար նրանց վրա’։ Եթե մենք լուրջ մեղք ենք գործել, ապա պետք է Եհովային փնտրենք՝ աղոթքով նրանից ներում խնդրելով և դիմելով քրիստոնյա երեցներին՝ հոգևոր օգնություն ստանալու համար (Յակոբոս 5։13–16)։ Նաև եկեք Աստծու սուրբ ոգու առաջնորդությունը փնտրենք, քանի որ «իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կ’հնձէ. եւ Հոգու մէջ սերմողը Հոգուցն յաւիտենական կեանք կ’հնձէ» (Գաղատացիս 6։8)։ Եթե մենք «Հոգու մէջ սերմ[ենք]», Աստված մեր հանդեպ ողորմություն ցույց կտա։
9, 10. Ինչպե՞ս է Ովսէէ 11։1–4-ը կիրառվում Իսրայելի առնչությամբ։
9 Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան միշտ սիրով է վերաբերվում իր ժողովրդի հետ։ Դա են փաստում Ովսէէ 11։1–4 համարները, որտեղ կարդում ենք. «Երբոր մանուկ էր Իսրայէլը, ես սիրում էի նորան, եւ Եգիպտոսից կանչեցի իմ որդին։ .... Բահաղիմներին զոհ մատուցրին, եւ կուռքերին խունկ ծխեցին։ Բայց ես ման ածեցի Եփրեմին [իսրայելացիներին]. նորանց բռնում էի իրանց բազուկներիցը, սակայն չ’իմացան թէ ես եմ բժշկում նորանց։ Մարդի լարերով ես նորանց քաշեցի՝ սիրոյ կապերով, եւ ես նորանց համար եղայ իբրեւ նորանց ծնօտներիցը լուծը հանող, եւ հանդարտ լինելով նորանց դէմ՝ ուտեցնում էի»։
10 Այստեղ Իսրայելը համեմատվում է փոքր երեխայի հետ։ Եհովան քնքշորեն սովորեցնում է իսրայելացիներին քայլել՝ բռնելով նրանց ձեռքից։ Եվ շարունակում է «սիրոյ կապերով [կամ՝ պարաններով]» քաշել նրանց դեպի իրեն։ Ինչպիսի՜ հուզիչ տեսարան։ Պատկերացրու, թե դու ծնող ես և ձեռքերդ պարզում ես, որպեսզի օգնես երեխայիդ իր առաջին քայլերն անել։ Իսկ եթե հին ժամանակներում ապրելիս լինեիր, հավանաբար կանեիր այն, ինչ շատ ծնողներ էին անում. դու պարան կօգտագործեիր, որից բռնվելով՝ փոքրիկը չէր ընկնի։ Նույնպես էլ Եհովան է այդպիսի քնքուշ սեր տածում քո նկատմամբ։ Նա ուրախությամբ առաջնորդություն է տալիս քեզ «սիրոյ կապերով»։
11. Ինչպե՞ս Աստված դարձավ «լուծը հանող»։
11 Իսրայելացիների հետ վերաբերվելիս Եհովան նրանց համար եղավ «իբրեւ նորանց ծնօտներիցը լուծը հանող, եւ հանդարտ լինելով նորանց դէմ՝ [նա] ուտեցնում» էր նրանց։ Աստված նրանց հետ վարվեց ինչպես մեկը, ով կենդանու վրայից վերցնում է լուծը, որպեսզի այն կարողանա հանգիստ ուտել։ Երբ Իսրայելի ժողովուրդը կոտրեց իր լուծը՝ դադարեց ենթարկվել Եհովային, այդ ժամանակ ընկավ իր թշնամիների ճնշող լծի տակ (Բ Օրինաց 28։45, 48; Երեմիա 28։14)։ Թող որ մենք երբեք չընկնենք մեր գլխավոր թշնամու՝ Սատանայի ճանկը, և չտանջվենք այն ցավերից, որ պատճառում է նրա ծանր լուծը։ Փոխարենը՝ եկեք շարունակաբար հավատարմորեն քայլենք մեր սիրող Աստծու հետ։
Միշտ Եհովային ապավինենք
12. Համաձայն Ովսէէ 12։7–ի՝ ի՞նչ է պահանջվում մեզանից Աստծու հետ քայլելու համար։
12 Աստծու հետ քայլելու համար մենք պետք է միշտ Եհովային ապավինենք։ Իսրայելացիներին այսպիսի խոսքեր էր ասվել. «Դու քո Աստուծուն դարձիր, ողորմութիւն եւ իրաւունք պահիր, եւ քո Աստուծուն յուսա միշտ» (Ովսէէ 12։7)։ Իսրայելի բնակիչները կարող էին ցույց տալ, որ զղջում են և դարձել են դեպի Եհովան՝ ողորմություն ցույց տալով, իրավունք, կամ՝ արդարություն գործադրելով և ‘միշտ Աստծուն հուսալով’։ Անկախ այն բանից, թե որքան ժամանակ է ինչ քայլում ենք Աստծու հետ՝ մենք պետք է վճռական լինենք ողորմություն ցույց տալու, արդարություն գործադրելու և մշտապես Աստծուն ապավինելու հարցում (Սաղմոս 27։14)։
13, 14. Պողոսն ինչպե՞ս գործածեց Ովսէէ 13։14–ը, և դրանով Եհովային ապավինելու ի՞նչ հիմք տվեց։
13 Ովսեեի մարգարեությունը, որ ուղղված է իսրայելացիներին, մեզ հիմք է տալիս Աստծուն ապավինելու։ «Դժոխքի ձեռիցը պիտի ազատեմ նորանց,— ասում է Եհովան,— մահուանից պիտի պրծեցնեմ նորանց. ո՞ւր է ժանտախտդ, մահ, ո՞ւր է աւերմունքդ, դժոխք» (Ովսէէ 13։14)։ Եհովան մտադիր չէր այդ ժամանակ իսրայելացիներին մահից ազատելու, սակայն ի վերջո նա հաղթելու է մահին մեկընդմիշտ և ջնջելու է նրա հաղթանակը։
14 Օծյալ քրիստոնյաներին ուղղված իր նամակում Պողոսը մեջբերեց Ովսեեի մարգարեությունից՝ գրելով. «Երբոր այս ապականացուն անապականութիւնը կ’հագնէ, եւ այս մահկանացուն անմահութիւնը, այն ժամանակ կ’լինի այն խօսքը որ գրուած է թէ Մահն ընկղմուեցաւ յաղթութեան մէջ։ Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո յաղթութիւնը։ Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։ Բայց շնորհակալութիւն Աստուծուն, որ տուաւ մեզ յաղթութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը» (Ա Կորնթացիս 15։54–57)։ Եհովան հարություն տվեց Հիսուսին և այդպիսով մխիթարական երաշխիք տվեց, որ իր հիշողության մեջ գտնվող մարդիկ հարություն կառնեն (Յովհաննէս 5։28, 29)։ Ինչպիսի՜ հիանալի հիմք՝ Եհովային ապավինելու համար։ Սակայն հարության հույսից բացի, մի սկզբունք էլ կա, որը մղում է մեզ Աստծու հետ քայլելու։
Եհովայի ճանապարհները միշտ ուղիղ են
15, 16. Ի՞նչ էր նախագուշակվել Սամարիայի մասին, և ինչպե՞ս կատարվեց այդ մարգարեությունը։
15 Համոզված լինելով, որ «ուղիղ են Տիրոջ ճանապարհները»՝ մենք կշարունակենք քայլել Աստծու հետ։ Սամարիայի բնակիչները չէին ընթանում Աստծու արդար ճանապարհներով։ Հետևաբար, նրանք պետք է վճարեին իրենց մեղքերի և Եհովայի հանդեպ հավատ չդրսևորելու համար։ Այսպիսի նախագուշակություն էր արվել. «Սամարիան աւերակ պիտի դառնայ, որ ապստամբուեց իր Աստուծուն դէմ. սրով պիտի ընկնեն, նորանց երեխաները պիտի ջախջախուին. եւ նորանց յղի կանայքը պիտի ճեղքուին» (Ովսէէ 13։16)։ Պատմական արձանագրությունները ցույց են տալիս, որ ասորեստանցիները, որոնք պաշարել էին Սամարիան, ընդունակ էին այդպիսի դաժանությունների։
16 Սամարիան Իսրայելի տասցեղ թագավորության մայրաքաղաքն էր։ Սակայն այստեղ Սամարիա անվան տակ հասկացվում է տասցեղ թագավորության ողջ տարածքը (Գ Թագաւորաց 21։1)։ Ասորեստանի թագավոր Սաղմանասար V մ. թ. ա. 742 թ.–ին պաշարեց Սամարիա քաղաքը։ Երբ մ. թ. ա. 740–ին Սամարիան ի վերջո ընկավ, հայտնի շատ իսրայելացիներ աքսորվեցին Միջագետք և Մարաստան։ Հայտնի չէ՝ Սամարիան գրավել է Սաղմանասար V, թե՝ նրա հաջորդը՝ Սարգոն II (Դ Թագաւորաց 17։1–6, 22, 23; 18։9–12)։ Սակայն Սարգոնի արձանագրություններում նշվում է 27 290 իսրայելացիներին Եփրատի հյուսիսային շրջաններ և Մարաստան աքսորելու մասին։
17. Աստծու արդար չափանիշներն արհամարհելու փոխարեն՝ ի՞նչ պետք է անենք։
17 Սամարիայի բնակիչները թանկ վճարեցին Եհովայի ուղիղ ճանապարհներով չգնալու համար։ Որպես նվիրված քրիստոնյաներ՝ մենք նույնպես ցավագին հետևանքներ կկրենք, եթե մեղք գործենք՝ արհամարհելով Աստծու արդար չափանիշները։ Թող որ երբե՛ք այդ չար ուղով չընթանանք։ Փոխարենը՝ թող որ մեզանից յուրաքանչյուրը հետևի Պողոս առաքյալի տված խորհրդին. «Ձեզանից մէկը չ’չարչարուի ինչպէս մարդասպան, կամ գող, կամ չարագործ, կամ ինչպէս ուրիշի բանին խառնուող. բայց եթէ ինչպէս Քրիստոնեայ չարչարուի, թող չ’ամաչէ, այլ փառք տայ Աստուծուն այս մասին» (Ա Պետրոս 4։15, 16)։
18. Ինչպե՞ս կարող ենք ‘փառք տալ Աստծուն’։
18 Մենք «փառք [ենք տալիս] Աստուծուն», երբ ընթանում ենք նրա արդար ճանապարհներով և ոչ թե վարվում այնպես, ինչպես որ մենք ենք կարծում թե ճիշտ է։ Կայենը մարդասպանություն գործեց, քանի որ վարվեց այնպես, ինչպես որ ինքն էր ուզում և չլսեց Եհովային, որը նախազգուշացրել էր նրան, թե մեղքը իր դռան մոտ է «պառկած» և ուր որ է «կբռնի» իրեն (Ծննդոց 4։1–8)։ Բաղաամը վերցրեց Մովաբի թագավորի ուղարկած վարձը, սակայն չկարողացավ անիծել Իսրայելին (Թուոց 24։10)։ Նաև Աստված սպանեց ղևտացի Կորխին և այն մարդկանց, որոնք ապստամբել էին Մովսեսի և Ահարոնի հեղինակության դեմ (Թուոց 16։1–3, 31–33)։ Ինչ խոսք, մենք չենք ցանկանում հետևել «Կայէնի ճանապարհ[ին]», որը մարդասպանության ճանապարհ էր, տրվել «Բաղաամի մոլորութ[յանը]» և կործանվել «Կորխի պես ըմբոստությամբ խոսելու պատճառով» (Յուդա 11, ՆԱ)։ Սակայն եթե մեղք գործենք, կարող ենք մխիթարություն ստանալ Հովսեեի մարգարեությունից։
Մեղք գործած անհատները կարող են դառնալ դեպի Եհովան
19, 20. Ինչպիսի՞ զոհեր կարող էին մատուցել զղջացող իսրայելացիները։
19 Նույնիսկ նրանք, ովքեր սայթաքել են՝ լուրջ մեղք գործելով, կարող են վերադառնալ դեպի Եհովան։ Ովսէէ 14։1, 2 համարներում կարդում ենք այսպիսի խնդրանքի մասին. «Ետ դարձիր, ով Իսրայէլ, քո Տէր Աստուծուն մօտ. որովհետեւ դու գլորուել ես անօրէնութեան պատճառով։ Ձեզ հետ խօսքեր վեր առէք եւ դարձէք Տիրոջ մօտ. ասեցէք նորան. Ամեն անօրէնութիւն վեր առ, եւ ընդունիր բարութեամբ, եւ մենք պիտի մատուցանենք մեր շրթունքների զուարակները» (Ովսէէ 14։1, 2)։
20 Զղջում ցույց տվող իսրայելացիները կարող էին իրենց «շրթունքների զուարակները» մատուցել։ Դրանք անկեղծ փառաբանության զոհեր էին։ Պողոսը այդ մարգարեությանը հղում արեց, երբ քրիստոնյաներին հորդորեց «Աստուծուն օրհնութեան պատարագ մատուց[ել]. այսինքն նորա անունը դաւանող շրթունքների պտուղ» (Եբրայեցիս 13։15)։ Ի՜նչ մեծ պատիվ է քայլել Աստծու հետ և այդպիսի զոհեր մատուցել այսօր։
21, 22. Ինչպիսի՞ կենդանություն էին ստանալու զղջացող իսրայելացիները։
21 Այն իսրայելացիները, ովքեր թողեցին իրենց մոլորության ընթացքը և դարձան դեպի Աստված՝ իրենց «շրթունքների զուարակները» մատուցեցին։ Դրա շնորհիվ նրանք հոգևոր առումով կենդանացան, ճիշտ ինչպես որ խոստացել էր Աստված։ Ովսէէ 14։4–7-ում ասվում է. «[Ես՝ Եհովաս,] նորանց խոտորմունքը պիտի բժշկեմ, նորանց պիտի ձրի սիրեմ, որովհետեւ իմ բարկութիւնը ետ է դառել նորանցից. Ես ցօղի պէս պիտի լինեմ Իսրայէլի համար. նա շուշանի պէս պիտի ծաղկէ, եւ արմատներ պիտի գցէ Լիբանանի պէս։ Նորա ոստերը պիտի տարածուին, եւ նորա վայելչութիւնը ձիթենիի պէս, եւ նորա բուրմունքը Լիբանանի պէս պիտի լինի։ Ետ պիտի դառնան նորա հովանում նստողները. պիտի կենդանանան ցորենով, եւ ծաղկեն որթի պէս, նորա յիշատակը Լիբանանի գինիի պէս պիտի լինի»։
22 Այն իսրայելացիները, ովքեր զղջում էին, պետք է բուժվեին հոգևորապես և պետք է դարձյալ Աստծու սերը վայելեին։ Եհովան նրանց համար թարմացնող ցողի պես էր լինելու այն իմաստով, որ առատապես օրհնելու էր նրանց։ Իր կենդանացած ժողովուրդը «ձիթենիի պէս» հմայիչ էր լինելու և ընթանալու էր Աստծու ճանապարհներով։ Քանի որ մենք էլ վճռել ենք քայլել Եհովա Աստծու հետ, ուստի հարց է առաջանում, թե ի՞նչ է պահանջվում մեզանից։
Շարունակ քայլենք Եհովայի ուղիղ ճանապարհներով
23, 24. Ի՞նչ քաջալերական մարգարեություն է պարունակում «Ովսէէ» գիրքը, և ի՞նչ ազդեցություն պետք է այն թողնի մեզ վրա։
23 Եթե մենք շարունակ քայլում ենք Աստծու հետ, ապա պետք է «վերին իմաստութիւնը» դրսևորենք և միշտ գործենք նրա ուղիղ ճանապարհներին ներդաշնակ (Յակոբոս 3։17, 18)։ Ովսեեի մարգարեության վերջին համարում կարդում ենք. «Ո՞վ է իմաստուն, որ հասկանայ այս, կամ հասկացող, որ գիտենայ սորանց. որովհետեւ ուղիղ են Տիրոջ ճանապարհները եւ արդարները գնում են նորանցով. իսկ յանցաւորները կը գլորուին նորանցում» (Ովսէէ 14։9)։
24 Այս աշխարհի իմաստությամբ ու չափանիշներով առաջնորդվելու փոխարեն՝ եկեք վճռական լինենք Աստծու ուղիղ ճանապարհներով ընթանալու (Բ Օրինաց 32։4)։ Ովսեեն այդպես վարվեց 59 կամ ավելի տարիներ։ Նա հավատարմորեն հռչակեց Աստծու պատգամները՝ հաստատ իմանալով, որ նրանք, ովքեր իմաստուն են և խոհեմ, կհասկանան այդ պատգամի խոսքերը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Քանի դեռ Եհովան թույլ է տալիս մեզ վկայություն տալ, մենք կշարունակենք փնտրել նրանց, ովքեր իմաստություն դրսևորելով՝ կընդունեն նրա անարժան բարությունը։ Եվ մենք ուրախությամբ կատարում ենք այդ գործը՝ սերտորեն համագործակցելով «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» հետ (Մատթէոս 24։45–47)։
25. Ովսեեի մարգարեության մեր այս քննարկումը ի՞նչ կօգնի մեզ անել։
25 Ովսեեի մարգարեության այս քննարկումը կօգնի մեզ շարունակել քայլել Աստծու հետ՝ նրա խոստացած նոր աշխարհում հավիտյան ապրելու հույսն ունենալով (Բ Պետրոս 3։13; Յուդա 20, 21)։ Ի՜նչ հրաշալի հույս։ Այդ հույսը իրականություն կդառնա մեզ համար, եթե մեր խոսքերով ու գործերով փաստենք, որ ընդունում ենք հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «ուղիղ են Տիրոջ ճանապարհները»։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Եթե մենք Աստծուն մաքուր երկրպագություն մատուցենք, նա ինչպե՞ս կվարվի մեզ հետ։
• Ինչո՞ւ ենք միշտ ապավինում Եհովային։
• Ինչո՞ւ ես համոզված, որ Եհովայի ճանապարհները ուղիղ են։
• Ինչպե՞ս կարող ենք շարունակել քայլել Եհովայի ուղիղ ճանապարհներով։
[նկար 28–րդ էջի վրա]
Հոգևոր օգնություն ընդունենք քրիստոնյա երեցների կողմից
[նկար 29–րդ էջի վրա]
Ովսեեի մարգարեությունը հիմք է տալիս վստահելու հարության վերաբերյալ Եհովայի խոստումներին
[նկարներ 31–րդ էջի վրա]
Շարունակեք քայլել Աստծու հետ՝ հավիտենական կյանքի հույսն ունենալով