Եհովայի օրը մոտ է
«Լսեցէք այս, ով ծերեր, եւ ականջ դրէք, ով երկրի բոլոր բնակիչներ» (Յովէլ 1։2)։
1, 2. Հուդայում տիրող ի՞նչ իրավիճակի պատճառով Եհովան ներշնչեց Հովելին՝ հայտնելու իր ազդեցիկ մարգարեությունը։
«ՎԱ՜Յ այն օրին, որովհետեւ մօտ է Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] օրը. եւ իբրեւ աւերմունք է գալիս Ամենակարողի կողմից»։ Ինչպիսի՜ հուզիչ հայտարարություն։ Դա Աստծո՝ իր ժողովրդին Հովել մարգարեի միջոցով ուղղված պատգամն էր։
2 Յովէլ 1։15–ի այդ խոսքերն արձանագրվել են Հուդայում, հավանաբար, մ.թ.ա. 820–ին։ Այդ օրերին գեղեցիկ էր Հուդան՝ իր կանաչապատ բլուրներով, ընդարձակ ու կանաչ արոտավայրերով, մրգերի ու ցորենի առատությամբ։ Բայց ինչ–որ բան սխալ էր այնտեղ. ամբողջ Հուդայով մեկ, այդ թվում նաև Երուսաղեմում, ծաղկում էր Բահաղի պաշտամունքը։ Մարդիկ այդ կեղծ աստծու առաջ գինարբուք էին սարքում (համեմատեցեք Բ Մնացորդաց 21։4—6, 11)։ Եհովան պիտի թույլատրե՞ր, որ այս ամենը շարունակվեր։
3. Եհովան ի՞նչ նախազգուշացրեց, և ազգերն ինչի՞ն պետք է պատրաստվեին։
3 Աստվածաշնչի Յովէլ գիրքը հստակ պատասխան է տալիս։ Աստված պիտի պաշտպաներ իր գերիշխանությունն ու սրբացներ իր նվիրական անունը։ Եհովայի մեծ օրը մոտ էր։ Աստված «Յովսափատի հովիտում» պետք է դատաստան տեսներ բոլոր ազգերի հետ (Յովէլ 3։12)։ Թող նրանք Ամենակարող Աստծու՝ Եհովայի հետ պատերազմի պատրաստվեն։ Մենք նույնպես կանգնած ենք Եհովայի մեծ օրվա առաջ։ Ուրեմն, եկեք մանրամասնորեն քննության առնենք մեր օրերի և անցյալի վերաբերյալ Հովելի մարգարեական խոսքերը։
Միջատների արշավանքը
4. Հովելի միջոցով նախազգուշացվածը ի՞նչ մեծ իրադարձություն պետք է լիներ։
4 Իր մարգարեի միջոցով Եհովան ասում է. «Լսեցէք այս, ով ծերեր, եւ ականջ դրէք, ով երկրի բոլոր բնակիչներ, այսպիսի բան եղե՞լ է արդեօք ձեր օրերին, եւ կամ ձեր հայրերի օրերին։ Սորա մասին պատմեցէք ձեր որդկանցը, եւ ձեր որդիքն իրանց որդկանցը, եւ նորանց որդիքը ուրիշ սերունդի» (Յովէլ 1։2, 3)։ Ե՛վ ծերերը, և, առհասարակ, բոլո՛ր մարդիկ մի այնպիսի բան պետք է ակնկալեին, որի նմանը ո՛չ իրենց կյանքի ընթացքում էր պատահել, ո՛չ էլ իրենց նախահայրերի օրերում։ Ի՜նչ ապշեցուցիչ իրադարձություն պետք է լիներ դա, որի մասին պիտի պատմվեր մինչև երրորդ սերունդը։ Այդ ի՞նչ ակնառու դեպք էր։ Դա իմանալու համար եկեք մի պահ մեզ պատկերացնենք Հովելի օրերում։
5, 6. ա) Նկարագրեցեք Հովելի կողմից մարգարեացված պատուհասը։ բ) Ո՞վ էր այդ պատուհասի Աղբյուրը։
5 Ունկնդրեք. Հովելը մի հեռավոր գոչյուն է լսում։ Երկինքը խավարում է, և, մինչ մութը կտարածվի երկնքում, ահարկու ձայնը սաստկանում է։ Այնուհետև, մի ծխանման ամպ է իջնում։ Դա միլիոնավոր միջատներից կազմված մի բանակ է։ Եվ ինչպիսի՜ ավերվածություն է պատճառում այն։ Այժմ քննարկենք Յովէլ 1։4–ը։ Արշավող միջատների բանակը միայն թևավոր, թափառական մորեխներով չի սահմանափակվում։ Նրանց է միանում նաև քաղցած ջորյակների [«սողացող, անթև մորեխների», ՆԱ] մի խումբ։ Հանկարծ վրա են հասնում քամուց քշված մորեխները, որոնց բարձրացրած աղմուկը կառքերի ձայն է հիշեցնում (Յովէլ 2։5)։ Իրենց անհագ ախորժակի պատճառով այդ միլիոնավոր մորեխները մեծ արագությամբ կարող են իսկական դրախտն անապատի վերածել։
6 Շարժման մեջ են նաև խառնիճները [«թրթուրները», ՆԱ]՝ ցեցերի և թիթեռների թրթուրային փուլում գտնվող միջատները։ Քաղցած խառնիճների հսկա խմբերը կարող են խժռել բույսերը մաս առ մաս, տերև առ տերև, մինչև որ երկիրը համարյա կզրկվի իր բուսականությունից և կմերկանա։ Նրանց թողածի մեծ մասը մորեխներն են ուտում։ Մորեխներից մնացածն, անշուշտ, արագաշարժ երևիլներն [«ուտիճներն», ՆԱ] են ոչնչացնում։ Բայց նկատի առեք, որ Յովէլ 2։11–ում Աստված մորեխների բանակը նմանեցնում է «իր զօրքերին»։ Այո՛, մորեխների պատուհասի Աղբյուրն ինքն էր. նա պետք է ավերեր երկիրը և սաստիկ սով պատճառեր։ Ե՞րբ էր դա լինելու. «Եհովայի օրը» (ՆԱ) գալուց անմիջապես առաջ։
«Զարթնեցէք, ով արբածներ»
7. ա) Հուդայի կրոնական առաջնորդներն ի՞նչ վիճակում էին գտնվում։ բ) Ներկայիս քրիստոնեական աշխարհի կղերների վիճակն ի՞նչ առումով է նման Հուդայի կրոնական առաջնորդների վիճակին։
7 Հուդայի կրոնական առաջնորդները նկատվում են որպես վատահամբավ մի ամբոխ, երբ հնչում է հետևյալ հրամանը. «Զարթնեցէք, ով արբածներ, եւ լացէք եւ ողբացէք, ով ամեն գինի խմողներ, քաղցուին համար որ կտրուել է ձեր բերանիցը» (Յովէլ 1։5)։ Այո՛, Հուդայի հոգևորապես արբածներին ասվեց՝ «զարթնեցէք», այսինքն՝ սթափվեք։ Բայց մի կարծեք, թե սա պարզապես հին պատմություն է։ Հենց հիմա՝ Եհովայի ահեղ օրը գալուց ճիշտ առաջ, քրիստոնեական աշխարհի կղերներն այլաբանորեն այնպես են արբել քաղցր գինուց, որ հազիվ թե գիտակցեն Բարձրյալի այս կոչի լրջությունը։ Ինչպիսի՜ անակնկալ կլինի նրանց համար, երբ Եհովայի մեծ ու ահեղ օրը գալու ժամանակ սթափվեն իրենց հոգևոր արբած վիճակից։
8, 9. ա) Ինչպե՞ս է Հովելը նկարագրում մորեխներին և նրանց հասցրած պատուհասի արդյունքը։ բ) Մորեխներն այսօր ո՞ւմ են ներկայացնում։
8 Հապա նայեցեք մորեխների այդ մեծ բանակին. «Մի ազգ է վեր եկել իմ երկրի վերայ՝ զօրաւոր եւ անթիւ, նորա ատամները առիւծի ատամներ են, եւ մատակ առիւծի ժանիքներ ունի։ Նա իմ որթը աւերեց, թզենիս կոտրատեց, բոլորովին պլոկեց ու դէն գցեց. նորա ուռերը սպիտակացան։ Ողբա կոյսի պէս, որ քուրձով գօտեւորուած է իր երիտասարդութեան տիրոջ վերայ» (Յովէլ 1։6—8)։
9 Արդյո՞ք սա պարզապես Հուդան զավթող մորեխների «ազգի»՝ երամի մասին մարգարեություն է։ Ո՛չ, այն ավելի մեծ նշանակություն ունի։ Թե՛ Յովէլ 1։6–ում, և թե՛ Յայտնութիւն 9։7–ում Աստծո ժողովուրդը մորեխներով է ներկայացված։ Մորեխների արդի բանակը ոչ այլ ինչ է, եթե ոչ Եհովայի օծյալ մորեխների զորքը, որին ներկայումս միացել են Հիսուսի՝ թվով մոտ 5 600 000 «ուրիշ ոչխարները» (Յովհաննէս 10։16)։ Ուրախ չե՞ք արդյոք Եհովայի երկրպագուների այս մեծ բազմության մասնիկը լինելու համար։
10. Հուդայի վրա եկած մորեխների պատուհասի արդյունքն ի՞նչ եղավ։
10 Յովէլ 1։9—12–ում կարդում ենք մորեխների պատճառած աղետի հետևանքի մասին։ Նրանք խումբ խմբի ետևից ամայացնում են ողջ երկիրը։ Ցորենի, գինու և յուղի պակասության պատճառով անհավատարիմ քահանաները չեն կարողանում շարունակել իրենց պաշտոնները կատարել։ Նույնիսկ երկիրն է սգում, քանի որ մորեխները ոչնչացրել էին ցորենը, առանց պտղի թողել մրգատու ծառերը։ Խաղողի այգիները չորանալու պատճառով այդ բահաղական գինեարբների համար, որոնք նույնպես հոգևորապես արբած էին, այլևս գինի չէր մնացել։
«Սուգ արեք, ով քահանաներ»
11, 12. ա) Այսօր ովքե՞ր են դավանում Աստծո քահանաները լինել։ բ) Ինչպե՞ս են ազդվում քրիստոնեական աշխարհի կղերները ներկայիս մորեխների պատուհասից։
11 Ունկնդրեք կամակոր քահանաներին ուղղված Աստծո պատգամը. «Գօտեւորուեցէք քուրձով եւ սուգ արէք, ով քահանաներ, ողբացէք, ով սեղանի սպասաւորներ» (Յովէլ 1։13)։ Հովելի մարգարեության առաջին կատարման ժամանակ ղևտացի քահանաները զոհասեղանի առաջ էին ծառայություն մատուցում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել վերջնական կատարման մասին։ Այսօր էլ քրիստոնեական աշխարհի կղերներն են հանձն առել զոհասեղանի առաջ ծառայելու պարտականությունը՝ դավանելով նրա ծառայողները՝ «քահանաները» լինել։ Այնուամենայնիվ, ի՞նչ է տեղի ունենում հիմա, երբ Աստծո ներկայիս մորեխները շարժման մեջ են գտնվում։
12 Երբ քրիստոնեական աշխարհի «քահանաները» տեսնում են Եհովայի ժողովրդին գործելիս և լսում Աստծո դատաստանի մասին նախազգուշացումը, նրանց զայրույթը կատաղության աստիճանի է հասնում։ Թագավորության պատգամի ավերիչ ազդեցության պատճառով նրանք զայրույթի և մոլեգնության մեջ ծեծում են իրենց կուրծքը։ Նրանք ողբում են, որովհետև հոտերը լքում են իրենց։ Նրանց արոտավայրերն ամայի են դառնում։ Թող գիշերները քուրձերի մեջ անցկացնեն և սգան իրենց եկամուտը կորցնելու համար։ Որոշ ժամանակ անց նրանք կորցնելու են նաև իրենց քահանայական պաշտոնը։ Այո՛, Աստված այդ քահանաներին կարգադրում է սգալ ամբողջ գիշեր, քանի որ նրանց վերջը մոտ է։
13. Բարեհաճությամբ կարձագանքի՞ արդյոք քրիստոնեական աշխարհի ողջ հոգևոր խավը Եհովայի նախազգուշացմանը։
13 Ըստ Յովէլ 1։14–ի (ՆԱ)՝ նրանց միակ հույսը զղջալն է և «Եհովային օգնության համար» աղաղակելը։ Կարո՞ղ ենք ակնկալել, որ քրիստոնեական աշխարհի ողջ հոգևոր խավը կդառնա դեպի Եհովան։ Իհարկե, ո՛չ։ Նրա միջից, թերևս, առանձին մարդիկ արձագանքեն Եհովայի նախազգուշացմանը։ Իսկ այդ կրոնական առաջնորդները և իրենց եկեղեցիների անդամները՝ որպես մի դասակարգ, շարունակելու են հոգևոր առումով քաղցած մնալ։ Ամովս մարգարեն նախագուշակեց. «Ահա օրեր են գալիս, ասում է Տէր Եհովան, որ սով պիտի ուղարկեմ երկրի վերայ, ոչ թէ հացի սով եւ ոչ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խօսքը լսելու» (Ամովս 8։11)։ Մյուս կողմից ի՜նչ երախտապարտ ենք մենք այն ճոխ հոգևոր խնջույքի համար, որ Աստված սիրալիր կերպով հայթայթում է «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով (Մատթէոս 24։45—47)։
14. Մորեխների պատուհասը ինչի՞ նախանշանն է հանդիսանում։
14 Մորեխների պատճառած պատուհասը և՛ անցյալում, և՛ հիմա ինչ–որ բանի նախանշանն է հանդիսանում։ Ինչի՞։ Հովելը հստակ կերպով տեղեկացնում է մեզ՝ ասելով. «Վա՜յ այն օրին, որովհետեւ մօտ է Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] օրը. եւ իբրեւ աւերմունք է գալիս Ամենակարողի կողմից» (Յովէլ 1։15)։ Այսօր Աստծո մորեխների կատարած աշխարհածավալ արշավանքները հստակորեն ցույց են տալիս, որ Եհովայի մեծ ու ահեղ օրը մոտ է։ Անկասկած, բոլոր ուղղասիրտ անհատները կարոտով են սպասում հաշվետվության այդ հատուկ օրվան, երբ աստվածային դատավճիռը կգործադրվի ամբարիշտների դեմ, և Եհովան կհաղթանակի՝ որպես Տիեզերքի Գերիշխան։
15. Տեսնելով երկրի անհույս վիճակը՝ ինչպե՞ս արձագանքեցին աստվածային նախազգուշացմանն ուշադրություն դարձնողները։
15 Ինչպես ցույց է տալիս Յովէլ 1։16—20–ը, սնունդը կտրվել էր հին Հուդայից։ Կտրվել էր նաև ուրախությունը։ Պահեստները դատարկվել էին, և ամբարները՝ քանդվել։ Արոտավայրեր չկային, քանի որ մորեխները երկիրն ամայացրել էին բուսականությունից. արջառները մոլորված թափառում էին, և ոչխարների հոտերը ոչնչանում էին։ Ինչպիսի՜ աղետ։ Այսպիսի խառնաշփոթ իրավիճակում ի՞նչ էր զգում Հովելը։ Համաձայն 19–րդ համարի՝ նա ասում է. «Դէպի քեզ եմ աղաղակում, ով Տէր»։ Այսօր նույնպես շատերն են ուշադրություն դարձնում աստվածային նախազգուշացմանը և հավատով աղաղակում դեպի Եհովան։
«Եհովայի օրը գալիս է»
16. «Երկրի բոլոր բնակիչները» ինչո՞ւ պետք է դողան։
16 Ուշադրություն դարձրեք Աստծո այս հրահանգին. «Փող հնչեցրէք Սիօնումը, եւ ազդ աղաղակեցէք իմ սուրբ սարի վերայ, դողան երկրի բոլոր բնակիչները» (Յովէլ 2։1)։ Արձագանքն ինչո՞ւ է այսպիսին։ Մարգարեությունը պատասխանում է. «Տիրոջ օրը եկել է [«Եհովայի օրը գալիս է», ՆԱ], որ մօտ է նա։ Խաւարի ու մէգի օրը. ինչպէս որ արշալոյսը տարածվում է սարերի վերայ» (Յովէլ 2։1, 2)։ Եհովայի մեծ օրվա մասին այս խոսքերը անհետաձգելիության իրական զգացում են առաջացնում։
17. Հուդան և նրա բնակչությունը ինչպե՞ս ազդվեցին մորեխների պատուհասից։
17 Պատկերացրեք մարգարեական տեսիլքի թողած ազդեցությունը՝ անգութ մորեխներն իրական մի Եդեմի պարտեզ ամայի անապատի վերածեցին։ Ականջ դրեք մորեխների բանակի նկարագրությանը. «Ձիերի կերպարանք է նորանց կերպարանքը, եւ ձիաւորների պէս պիտի վազեն։ Կառքերի ձայնին պէս սարերի գլխին ոստոստում են յարդ ուտող կրակի բոցի ձայնի պէս, մի հզօր ժողովրդի պէս, որ շարուած է պատերազմի։ Նորանց երեսիցը պիտի տագնապեն ժողովուրդները, բոլոր երեսները պիտի ետ քաշեն գոյնը» (Յովէլ 2։4—6)։ Հովելի օրերում՝ մորեխների պատուհասի ժամանակ, Բահաղին երկրպագողների տառապանքն ավելանում էր, նրանց դեմքերին նույնիսկ մտատանջության հուզումնալից արտահայտություն կարելի էր տեսնել։
18, 19. Աստծո ժողովրդի գործունեությունն այսօր ինչո՞վ է նմանվում մորեխների պատճառած պատուհասին։
18 Ոչ մի բան չէր կարող արգելք հանդիսանալ կազմակերպված, անխոնջ մորեխների համար։ Նրանք վազում էին «զօրաւորների պէս» և նույնիսկ բարձրանում պարիսպների վրա։ Եթե «նույնիսկ ինչ–որ մեկը ընկնում [էր] զենքից, մյուսները կանգ չ[էին] առնում» (Յովէլ 2։7, 8, ՆԱ)։ Աստծո խորհրդանշական մորեխների արդի բանակի ինչպիսի՜ մարգարեական նկարագրություն։ Եհովայի մորեխների բանակն այսօր նույնպես շարունակում է իր անխոտոր ընթացքը։ Ոչ մի դիմադիր «պարիսպ» նրանց ետ չի պահում։ Աստծո նկատմամբ իրենց ազնվության մեջ նրանք փոխզիջումների չեն գնում, այլ պատրաստ են նույնիսկ մահը դիմագրավել, ինչպես վարվեցին հազարավոր Վկաներ, որոնք նացիստական Գերմանիայի օրոք «հայլ [փրկիչ] Հիտլեր» չասելու համար ‘ընկան զենքից’։
19 Աստծո՝ ներկայիս մորեխների բանակը քրիստոնեական աշխարհի «քաղաքումը» ամբողջական վկայություն է տվել (Յովէլ 2։9)։ Նրանք այս գործը կատարել են ամբողջ աշխարհով մեկ։ Եհովայի պատգամը հռչակելու նպատակով նրանք շարունակում են հաղթահարել բոլոր խոչընդոտները, այցելում են միլիոնավոր տներ, մոտենում մարդկանց փողոցում, զրուցում նրանց հետ հեռախոսով և ամեն հնարավոր առիթի դեպքում կապ հաստատում նրանց հետ։ Նրանք աստվածաշնչային միլիարդավոր հրատարակություններ են տարածել և դեռ էլի պիտի տարածեն իրենց անդադար ծառայության ընթացքում՝ թե՛ հրապարակայնորեն, և թե՛ տնից տուն գնալով (Գործք 20։20, 21)։
20. Ո՞վ է ժամանակակից մորեխների պաշտպանը, և ի՞նչ արդյունքով։
20 Յովէլ 2։10–ը ցույց է տալիս, որ մորեխների հսկա բանակը նման է մի ամպի, որը կարող է ծածկել արևը, լուսինը և աստղերը (համեմատեցեք Եսայիա 60։8)։ Որևէ կասկած կա՞ այն մասին, թե ով է կանգնած այս զորքերի ետևում։ Միջատների աղաղակի միջից լսում ենք Յովէլ 2։11–ի հետևյալ խոսքերը. «Տէրը պիտի տայ իր ձայնը իր զօրքերի առաջին, որ շատ մեծ է նորա բանակը, որովհետեւ զօրաւոր է իր խօսքը կատարողը։ Որովհետեւ մեծ է Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] օրը եւ շատ ահեղ, եւ ո՞վ կարող է դիմանալ նորան»։ Այո՛, Եհովա Աստված այժմ՝ իր մեծ օրը գալուց առաջ, իր մորեխների զորքերին դեպի առաջ է ուղարկում։
«Տէրը չի ուշացնի»
21. Երբ ‘Եհովայի օրը գայ ինչպէս մի գող’, արդյունքը ի՞նչ կլինի։
21 Հովելի նման Պողոս առաքյալն էլ հիշատակեց Եհովայի մեծ օրը։ Նա գրեց. «Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] օրը պիտի գայ ինչպէս մի գող, երբ երկինքը պիտի անցնի չքանայ շառաչիւնով, եւ տարերքը, հրով կիզուած, պիտի լուծուի, եւ երկիրն ու ինչ գործեր, որ կան նրա վրայ, յայտնի պիտի լինեն» (Բ Պետրոս 3։10)։ Սատանայի ազդեցության տակ ամբարիշտ կառավարական «երկինքը» իշխում է «երկրի»՝ Աստծուց հեռացած մարդկության վրա (Եփեսացիս 6։12; Ա Յովհաննէս 5։19)։ Երբ վրա հասնի Եհովայի մեծ օրը, այս խորհրդանշական երկինքն ու երկիրը աստվածային բարկության տաքությունից չեն վերապրի, այլ կփոխարինվեն ‘նոր երկնքով եւ նոր երկրով, որոնցում արդարութիւնն է բնակւում’, և որոնց մենք «Աստծու խոստման համաձայն, աչքներս յառած սպասում ենք» (Բ Պետրոս 3։13)։
22, 23. ա) Ինչպե՞ս պետք է արձագանքենք Եհովայի ցուցաբերած բարեգութ համբերատարությանը։ բ) Ինչպե՞ս պետք է ընդառաջենք Եհովայի օրվա մոտ լինելուն։
22 Ներկայումս գոյություն ունեցող զվարճությունների և հավատի փորձությունների պատճառով հնարավոր է, որ մենք անտեսենք մեր ժամանակի հրատապությունը։ Բայց մինչ մորեխների խորհրդանշական բանակն աննախադեպ առաջ է շտապում, շատերն են արձագանքում Թագավորության պատգամին։ Չնայած որ Աստված դրա համար ժամանակ է տրամադրել, նրա համբերատարությունը չպետք է շփոթենք դանդաղելու հետ։ «Տէրը [«Եհովան», ՆԱ] չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն» (Բ Պետրոս 3։9)։
23 Մինչ սպասում ենք Եհովայի մեծ օրվան, եկեք հետևենք Բ Պետրոս 3։11, 12–ում արձանագրված առաքյալի խոսքերին. «Քանի որ այս ամէնն այսպէս պիտի լուծուի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պէտք է լինէք դուք. սուրբ վարմունքով եւ աստուածապաշտ ընթացքով՝ սպասելով եւ հասնել ջանալով Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] օրուայ գալստեան, երբ հրավառ երկինքը պիտի չքանայ, եւ տարերքը հրկիզուելով պիտի հալուի»։ Այս վարմունքն ու ընթացքն, անշուշտ, նշանակում են, որ մենք համաքայլ ընթանում ենք Եհովայի մորեխների բանակի հետ, միասնաբար և իմաստալից կերպով մասնակցություն բերում Թագավորության բարի լուրը քարոզելու գործում մինչև վախճանի հասնելը (Մարկոս 13։10)։
24, 25. ա) Ինչպե՞ս եք արձագանքում Եհովայի մորեխների բանակի գործունեության մեջ մասնակցություն բերելու առանձնաշնորհմանը։ բ) Ի՞նչ խելամիտ հարց բարձրացրեց Հովելը։
24 Աստծո մորեխների բանակը չի դադարի գործելուց, մինչև որ Եհովայի մեծ ու ահեղ օրը բռնկվի։ Ներկա անդադրում մորեխների զորքի գոյությունն ակնառու փաստն է այն բանի, որ Եհովայի մեծ ու ահեղ օրը մոտ է։ Այս վճռական գրոհի ժամանակ՝ Եհովայի մեծ ու ահեղ օրը գալուց առաջ, Աստծո օծյալ մորեխների և նրանց ընկերակիցների հետ ծառայելը ուրախություն չի՞ պատճառում ձեզ։
25 Ի՜նչ ահեղ է լինելու Եհովայի օրը։ Հետևաբար, զարմանալի չի թվա հետևյալ հարցը. «Ո՞վ կարող է դիմանալ նորան» (Յովէլ 2։11)։ Սա և էլի ուրիշ հարցեր կքննարկվեն հաջորդ երկու հոդվածներում։
Կարո՞ղ եք բացատրել
◻ Եհովան ինչո՞ւ նախազգուշացրեց Հուդայի վրա գալիք միջատների աղետի մասին
◻ Ովքե՞ր են Եհովայի մորեխները Հովելի մարգարեության ներկայիս կատարման ժամանակ
◻ Քրիստոնեական աշխարհի առաջնորդներն ինչպե՞ս են արձագանքում մորեխների հասցրած աղետին, և ինչպե՞ս կարող են նրանցից ոմանք ազատվել այդ աղետի ազդեցությունից
◻ 20–րդ դարում մորեխների աղետը ի՞նչ տարածում է գտել, և այն մինչև ե՞րբ կշարունակվի