Փորձությունները ամրացրին մեր վստահությունը Եհովայի հանդեպ
ՊԱՏՄՈՒՄ է ԱԴԱ ԴԵԼԼՈ ՍՏՐԻՏՈՆ
Հենց նոր արտագրեցի օրվա խոսքի մեկնաբանությունը։ Ես 36 տարեկան եմ, սակայն այս մի քանի տողը գրեցի երկու ժամում։ Ինչու այսքան երկա՞ր. մայրս կբացատրի։ (Ջոել)
ԵՍ ԵՎ ամուսինս մկրտվել ենք 1968 թ.–ին։ Ունենք երկու առողջ տղա՝ Դեյվիդ ու Մարկ անուններով։ 1973 թ.–ին վաղաժամ լույս աշխարհ եկավ մեր երրորդ որդին՝ Ջոելը։ Նա ծնվեց Բելգիայի Բենշ քաղաքի (Բրյուսելից 60 կիլոմետր հարավ) հիվանդանոցում։ Ջոելը կշռում էր 1,7 կգ, այդ պատճառով նա մնաց հիվանդանոցում, թեև ինձ դուրս գրեցին։
Անցավ ևս մի քանի շաբաթ, բայց Ջոելի վիճակը չէր լավանում, ուստի ես և ամուսինս՝ Լուիջին, նրան տարանք մանկաբույժի մոտ։ Ջոելին զննելուց հետո բժիշկն ասաց. «Ցավում եմ, բայց երեխան լուրջ հիվանդ է»։ Երկար լռություն տիրեց։ Ես նոր միայն սկսեցի հասկանալ, որ մեր մանկիկը առողջական շատ լուրջ խնդիրներ ունի։ Բժիշկը ամուսնուս մի կողմ տարավ ու ասաց. «Ձեր երեխան հիվանդ է 21–րդ քրոմոսոմի տրիսոմիայով (կոչվում է նաև Դաունի հիվանդությունa)»։
Մենք որոշեցինք խորհրդակցել մեկ ուրիշ մասնագետի հետ։ Մոտ մեկ ժամ բժիշկը, առանց որևէ խոսք ասելու, զննեց Ջոելին։ Մեզ համար, սակայն, այդ մեկ ժամը անվերջ թվաց։ Վերջապես նա ասաց. «Փոքրիկը միշտ ձեր օգնության կարիքն է ունենալու»։ Հետո մեղմ ձայնով ավելացրեց. «Բայց վստահ եմ, որ Ջոելը երջանիկ կլինի, որովհետև իր ծնողները սիրում են իրեն»։ Հուզված՝ գիրկս առա փոքրիկիս, և տուն բերեցինք նրան։ Այդ ժամանակ նա ութ շաբաթական էր։
Ժողովներն ու ծառայությունը զորացնում են
Հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ Ջոելն ունի սրտի արատ և հիվանդ է ռախիտով։ Նրա սիրտը շատ մեծ էր ու սեղմում էր թոքերը, այդ պատճառով էլ օրգանիզմն ավելի հակված էր վարակվելու տարբեր հիվանդություններով։ Երբ Ջոելը չորս ամսական էր, հիվանդացավ բրոնխաթոքաբորբով, և մենք ստիպված եղանք հիվանդանոց վերադառնալ, որտեղ նրան կարանտինի մեջ պահեցին։ Մեզ համար շատ ցավալի էր տեսնել, թե ինչպես է մեր երեխան պայքարում մահվան դեմ։ Այնքա՜ն էինք ուզում գրկել նրան ու գուրգուրել, սակայն տասը շաբաթ շարունակ մեզ թույլ չտվեցին անգամ դիպչել նրան։ Ուստի մեզ մնում էր միայն նայել մեր փոքրիկին և աղոթել։
Ծանր օրերին մենք շարունակում էինք ժողովների հաճախել մեր մյուս որդիների հետ։ Այդ ժամանակ Դեյվիդը 6 տարեկան էր, իսկ Մարկը՝ 3։ Թագավորության սրահում մենք ասես Եհովայի հոգատար գրկում լինեինք։ Եղբայրների ու քույրերի ջերմ սերը և ուշադրությունը տեսնելով՝ զգում էինք, որ Եհովան է տանում մեր բեռը, ու ներքին խաղաղությամբ էինք պարուրվում (Սաղ. 55։22)։ Նույնիսկ բուժքույրերն էին նկատում, որ ժողովներին հաճախելը օգնում է չկորցնելու մեր հավասարակշռությունը։
Ես նաև աղերսում էի Եհովային, որ ինձ ուժ տա ծառայության գնալու համար։ Տանը մնալու և լաց լինելու փոխարեն՝ ուրիշներին պատմում էի, թե ինչպես է ինձ զորացնում Աստծու այն խոստումը, որ նոր աշխարհում այլևս հիվանդություն չի լինելու։ Ամեն անգամ, երբ գնում էի ծառայության, զգում էի, որ Եհովան պատասխանում է իմ աղոթքներին։
«Սա հրա՜շք է»
Որքա՜ն երջանիկ էինք, երբ Ջոելին վերջապես հիվանդանոցից տուն բերեցինք։ Սակայն հենց հաջորդ օրը մեր ուրախությունը տխրության վերածվեց։ Ջոելի վիճակը կտրուկ վատացավ, և ստիպված էինք նրան արագ հիվանդանոց տեղափոխել։ Նրան զննելուց հետո բժիշկները ասացին. «Փոքրիկին մնացել է վեց ամիս»։ Երկու ամիս անց, երբ Ջոելը ութ ամսական էր, նրա վիճակը վատթարացավ. թվում էր՝ բժիշկների ասածը շուտով իրականություն կդառնա։ Նրանցից մեկը նստեց մեր կողքին և ասաց. «Ցավում եմ... ավելին չենք կարող անել»։ Հետո ավելացրեց. «Հիմա միայն Եհովան կարող է օգնել նրան»։
Ես վերադարձա Ջոելի մոտ։ Թեև զգացապես ու ֆիզիկապես սպառված էի, բայց չէի հեռանում նրա կողքից։ Մի քանի քրիստոնյա քույրեր հերթով մնում էին ինձ հետ, քանի որ Լուիջին պետք է հոգ տաներ մեր մյուս երկու երեխաներին։ Անցավ մի շաբաթ։ Հետո հանկարծ Ջոելը սրտի նոպա ունեցավ։ Բուժքույրերը վազեցին հիվանդասենյակ, բայց ոչինչ չկարողացան անել։ Մի քանի րոպե անց նրանցից մեկը շշուկով ասաց՝ վերջ...։ Ես լաց լինելով դուրս եկա սենյակից։ Ուզում էի աղոթել Եհովային, բայց բառեր չէի գտնում ցավս արտահայտելու համար։ Մոտ 15 րոպե անց ականջիս հասավ բուժքրոջ ձայնը. «Ջոելը նորից շնչում է»։ Նա բռնեց ձեռքս ու ասաց. «Արի՛, դու կարող ես տեսնել նրան»։ Վերադարձա սենյակ. փոքրիկիս սիրտը նորից բաբախում էր։ Այդ մասին լուրը արագորեն տարածվեց։ Բուժքույրերն ու բժիշկները եկան տեսնելու նրան, և շատերը բացականչեցին. «Սա հրա՜շք է»։
Առաջին քայլերը՝ չորս տարեկանում
Ջոելի կյանքի առաջին տարիներին մանկաբույժը հաճախ էր կրկնում. «Երեխան սիրո կարիք շատ ունի»։ Քանի որ ես ու Լուիջին մեր որդու ծնվելուց հետո առանձնահատուկ կերպով էինք զգացել Եհովայի սերը, ուզում էինք Ջոելին էլ շրջապատել սիրով ու հոգատարությամբ։ Ինչ խոսք, այդպես վարվելու առիթները շատ էին, որովհետև նա ամեն ինչում մեր օգնության կարիքն ուներ։
Յոթ տարի շարունակ հոկտեմբեր–մարտ ամիսներին Ջոելի առողջական վիճակը կտրուկ վատանում էր, ուստի ստիպված էինք նրան անընդհատ հիվանդանոց տանել։ Բայց ես ջանում էի նաև հնարավորինս շատ ժամանակ տրամադրել Դեյվիդին ու Մարկին։ Նրանք նույնպես օգնում էին մեզ խնամելու Ջոելին, և մեր միասնական ջանքերը անսպասելի արդյունքներ բերեցին. մի շարք բժիշկներ ասում էին, որ երեխան երբեք չի քայլի, սակայն երբ նա չորս տարեկան էր, ևս մի հրաշք տեղի ունեցավ։ Մի օր Մարկը կանչեց ինձ և դիմելով փոքրիկին՝ ասաց. «Դե՛, Ջոե՛լ, ցույց տուր մամային, որ դու կարող ես»։ Զարմանքից քարացա. երեխաս արեց իր առաջին քայլերը։ Բոլորս ցնծում էինք։ Ընտանիքով աղոթեցինք Եհովային և սրտանց շնորհակալություն հայտնեցինք նրան։ Մենք միշտ գովում էինք Ջոելին, երբ մի փոքր առաջխաղացում էինք նկատում։
Աստվածային կրթության օգուտները
Ջոելին հնարավորության դեպքում մեզ հետ Թագավորության սրահ էինք տանում։ Որպեսզի պաշտպանեինք նրան վարակիչ մանրէներից, որոնց պատճառով հեշտությամբ կարող էր հիվանդանալ, նրան դնում էինք հատուկ սայլակի մեջ, որը ծածկվում էր պլաստիկ ծածկոցով։ Նույնիսկ այդ վիճակում Ջոելը ուրախ էր, որ ժողովում է։
Մեր քույրերն ու եղբայրները քաջալերանքի աղբյուր էին մեզ համար։ Նրանք շրջապատում էին մեզ սիրով և օգնության ձեռք մեկնում։ Մի եղբայր հաճախ հիշեցնում էր մեզ Եսայիա 59։1–ի խոսքերը, որտեղ ասվում է. «Ահա Տիրոջ ձեռքը չէ կարճացել փրկելուց, եւ նորա ականջը չէ ծանրացել լսելուց»։ Այս հուսադրող խոսքերը օգնում էին մեզ ապավինելու Եհովային։
Մենք ջանք էինք թափում, որ Եհովային ծառայելը կարևոր տեղ զբաղեցնի Ջոելի կյանքում։ Ամեն առիթով խոսում էինք նրա հետ Եհովայի մասին, որպեսզի նա սեր զարգացնի իր երկնային Հոր հանդեպ։ Մենք խնդրում էինք Աստծուն օրհնել մեր ջանքերը, որ աստվածային կրթությունը օգուտներ բերի։
Պատանի հասակում Ջոելը սիրով ուրիշներին պատմում էր ճշմարտության մասին։ Պատմեմ երկու դեպք։ 14 տարեկանում որդիս ծանր վիրահատության ենթարկվեց։ Եվ երբ հիվանդանոցում ապաքինվում էր, մի օր ինձ հարցրեց. «Մա՛մ, կարո՞ղ եմ բժշկին «Հավիտյան ապրել» գիրքը նվիրել»։ Մի քանի տարի անց Ջոելը կրկին պետք է վիրահատվեր։ Մենք լավ հասկանում էինք, որ նա գուցե մահանա։ Վիրահատությունից առաջ Ջոելն իր բժիշկներին մի նամակ տվեց, որը միասին էինք գրել։ Այնտեղ խոսվում էր արյան վերաբերյալ իր դիրքորոշման մասին։ Բժիշկը հարցրեց Ջոելին. «Իսկ դու համաձա՞յն ես»։ Ջոելը պատասխանեց. «Այո՛, բժի՛շկ»։ Մենք շատ հպարտ էինք, որ մեր որդին ապավինում է իր Արարչին և վճռել է հաճեցնել Նրան։ Այդ օրերին բուժանձնակազմը մեծ օգնություն ցույց տվեց մեզ, որի համար շատ երախտապարտ ենք։
Հոգևոր առաջադիմություն
17 տարեկանում Ջոելը մկրտվեց։ Դա մի անմոռանալի օր էր։ Այդ ժամանակից սկսած՝ Եհովայի նկատմամբ ունեցած նրա սերը և եռանդը ծառայության հանդեպ չեն նվազել։ Մեզ անչափ ուրախացնում է Ջոելի հոգևոր աճը։ Նա հաճախ է կրկնում. «Ճշմարտությունն իմ կյանքն է»։
Մոտ 20 տարեկանում ահռելի ջանքերի շնորհիվ Ջոելը գրել ու կարդալ սովորեց։ Նրա գրած ամեն մի փոքր բառը մեծ հաղթանակ էր։ Այժմ նա օրը սկսում է «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկի ընթերցանությամբ, որից հետո մեծ դժվարությամբ, բայցևայնպես, արտագրում է մեկնաբանությունը։ Հիմա նա ունի տետրերի մի մեծ հավաքածու։
Ժողովի օրերին Ջոելը հորդորում է մեզ շուտ գնալ Թագավորության սրահ, որպեսզի ողջունի եկողներին։ Որդիս մեծ հաճույքով է մեկնաբանություններ տալիս և մասնակցում ցուցադրումներին։ Նա նաև փոխանցում է խոսափողները և կատարում այլ հանձնարարություններ։ Եթե Ջոելն իրեն լավ է զգում, ամեն շաբաթ մասնակցում է քարոզչական գործին։ Մեր աչքերը լցվեցին ուրախության արցունքներով, երբ 2007 թ.–ին հայտարարվեց, որ նա ծառայող օգնական է նշանակվել։ Ի՜նչ մեծ օրհնություն։
Զգում ենք Եհովայի հոգատար ձեռքը
1999 թ.–ին մեկ ուրիշ դժբախտություն պատահեց մեզ։ Մի անխոհեմ վարորդ հարվածեց մեր մեքենային, և Լուիջին լուրջ վնասվածքներ ստացավ. նրա մի ոտքը անդամահատեցին և ողնաշարի վրա մի քանի ծանր վիրահատություններ կատարեցին։ Կրկին ապավինելով Եհովային՝ զգացինք այն զորությունը, որը նա տալիս է իր ծառաներին, որոնք աջակցության կարիք ունեն (Փիլիպ. 4։13)։ Թեև Լուիջին հաշմանդամ է դարձել, բայց մենք աշխատում ենք չկորցնել մեր դրական տրամադրվածությունը։ Քանի որ նա ի վիճակի չէ աշխատելու, այժմ շատ ժամանակ է հատկացնում Ջոելին։ Իսկ ես էլ կարողանում եմ լիարժեքորեն զբաղվել հոգևոր գործունեությամբ։ Ամուսինս հիմա ավելի շատ ժամանակ է հատկացնում մեր ընտանիքի հոգևոր կարիքներին և ժողովին, որտեղ ծառայում է երեցների խորհրդի կոորդինատոր։
Այժմ ավելի շատ ժամանակ ենք կարողանում անցկացնել միասին։ Մենք սովորել ենք խոհեմ լինել և շատ բան չակնկալել, իսկ երբ վհատվում ենք, մեր սիրտը բացում ենք Եհովայի առաջ։ Ցավոք, երբ չափահաս դառնալուց հետո Դեյվիդն ու Մարկը հեռացան տնից, աստիճանաբար դադարեցին Եհովային ծառայելուց։ Հուսով ենք, որ մի օր նրանք կվերադառնան դեպի մեր երկնային Հայրը (Ղուկ. 15։17–24)։
Տարիների ընթացքում մենք զգացել ենք Եհովայի աջակցությունն ու սովորել ենք ապավինել նրան ամեն անգամ դժվարության բախվելիս։ Մեզ շատ հարազատ են Եսայիա 41։13–ի խոսքերը. «Ես Եհովաս՝ քո Աստուածը՝ զօրացնում եմ քո աջը. որ ասում եմ քեզ, Մի վախենար, ես կ’օգնեմ քեզ»։ Անչափ մխիթարական է իմանալ, որ Եհովան ամուր բռնում է մեր ձեռքը։ Իսկապես, կարող ենք համոզվածությամբ ասել, որ փորձությունները ամրացրին մեր վստահությունը Եհովայի հանդեպ։
[Ծանոթագրություն]
a 21–րդ քրոմոսոմի տրիսոմիան բնածին արատ է, որը մտավոր թերզարգացման պատճառ է դառնում։ Սովորաբար քրոմոսոմները զույգերով են ներկայանում, սակայն տրիսոմիայով հիվանդ երեխայի մոտ նկատվում է քրոմոսոմի լրացուցիչ առկայությունը զույգերից մեկում։ 21–րդ քրոմոսոմի տրիսոմիան ազդում է 21–րդ քրոմոսոմի վրա։
[Նկարներ 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Ջոելը իր մոր՝ Ադայի հետ
[Նկար 18–րդ էջի վրա]
Ադան, Ջոելը և Լուիջին
[Նկար 19–րդ էջի վրա]
Ջոելը սիրով ողջունում է քույրերին ու եղբայրներին Թագավորության սրահում