Ո՞վ «կ’փրկուի»
«Ամէն ոք, որ Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] անունը կանչի, պիտի փրկուի» (Գործք 2։21)։
1. Ինչո՞ւ մ.թ. 33–ի Պենտեկոստեն մարդկության պատմության մեջ առանցքային օր դարձավ։
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ պատմության մեջ մ.թ. 33–ի Պենտեկոստեի օրը առանցքային օր դարձավ։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ օրը մի նոր ազգ ծնվեց։ Սկզբնական շրջանում այդ ազգը մեծ չէր. այն բաղկացած էր Երուսաղեմում մի վերնատան մեջ հավաքված Հիսուսի 120 աշակերտներից միայն։ Թեև այն ժամանակ գոյություն ունեցող շատ ազգեր այսօր մոռացվել են, բայց այն վերնատանը ծնված ազգը մինչև այժմ մեզ հետ է։ Այս իրողությունը ծայրաստիճան կարևոր է բոլորիս համար, քանի որ այդ ազգը Աստծո կողմից նշանակվեց մարդկության առաջ իր վկան լինելու համար։
2. Ինչպիսի՞ հրաշք–իրադարձություններ տեղի ունեցան նոր ազգի ծնունդով։
2 Այդ նոր ազգը կազմավորվելիս մի շարք կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, որոնցով էլ կատարվեցին Հովելի մարգարեական խոսքերը։ Այդ մասին կարդում ենք Գործք 2։2—4–ում. «Յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։ Եւ նրանց երեւացին բաժանուած լեզուներ, նման բոցեղէն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ։ Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս»։ Այս կերպով այն 120 հավատարիմ տղամարդիկ և կանայք հոգևոր ազգ դարձան՝ այդ ազգի առաջին անդամները, որոնց Պողոսն ավելի ուշ «Աստծու Իսրայէլ» անվանեց (Գաղատացիս 6։16)։
3. Հովելի ո՞ր մարգարեությունը կատարվեց մ.թ. 33–ի Պենտեկոստեին։
3 «Սաստիկ հողմից եկած ձայնի» մասին տեղեկանալու համար մեծ բազմություն էր հավաքվել. Պետրոս առաքյալը նրանց բացատրեց, որ դա Հովելի մարգարեություններից մեկի կատարումն էր։ Ո՞ր մարգարեության։ Լսեցեք, թե ինչ է ասում նա. «Պիտի լինի սորանից յետոյ, վերջին օրերին,— ասում է Աստուած,— որ իմ Հոգուց պիտի թափեմ ամէն մարդու վրայ, եւ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարէանան. ձեր երիտասարդները տեսիլներ եւ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։ Եւ իմ ծառաների ու իմ աղախինների վրայ այն օրերին իմ Հոգուց պիտի թափեմ, եւ նրանք պիտի մարգարէանան։ Եւ վերը, երկնքում զարմանալի գործեր պիտի ցոյց տամ, իսկ ներքեւում, երկրի վրայ՝ նշաններ. արիւն եւ հուր եւ ծխի մրրիկ. արեգակը խաւար պիտի դառնայ, եւ լուսինը՝ կարմիր, ինչպէս արիւն, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երեւելի օրը։ Եւ պիտի լինի այնպէս, որ ամէն ոք, որ Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] անունը կանչի, պիտի փրկուի» (Գործք 2։17—21)։ Պետրոս առաքյալի մեջբերած խոսքերը հիմնված են Յովէլ 2։28—32–ի վրա, և դրանց կատարումը նշանն էր այն բանի, որ այն օրերում հրեա ազգի վախճանը մոտ էր։ «Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] մեծ ու երեւելի օրը»՝ անհավատարիմ Իսրայելի հաշիվ տալու ժամանակը մոտ էր։ Բայց ո՞վ կփրկվեր կամ անվնաս կմնար այդ օրը։ Եվ դա ի՞նչ բանի նախանշանն էր հանդիսանում։
Մարգարեության երկու կատարումներ
4, 5. Պետրոսն ի՞նչ խորհուրդ տվեց մոտեցող դեպքերը նկատի ունենալով, և ինչո՞ւ էր այն ոչ միայն իր օրերում կիրառելի, այլ դրանից հետո էլ։
4 Մ.թ. 33–ին հաջորդող տարիներին Աստծո հոգևոր Իսրայելը բարգավաճում էր, իսկ մ.թ. 66–ին մարմնավոր Իսրայելը պատերազմում էր Հռոմի հետ։ Մ.թ. 70–ին Իսրայելը գրեթե դադարեց գոյություն ունենալուց, իսկ Երուսաղեմն իր տաճարի հետ միասին հողին հավասարվեց։ Նկատի ունենալով այդ մոտեցող ողբերգությունը՝ մ.թ. 33–ի Պենտեկոստեին Պետրոսը, կրկին Յովէլ գրքից մեջբերելով, հետևյալ հստակ խորհուրդը տվեց. «Ամէն ոք, որ Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] անունը կանչի, պիտի փրկուի»։ Յուրաքանչյուր հրեա պետք է անձնական որոշում կայացներ Եհովայի անունը կանչելու համար, որը նշանակում էր ուշադրություն դարձնել Պետրոսի հետևյալ հրահանգին. «Ապաշխարեցէ՛ք, եւ ձեզանից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողութեան համար» (Գործք 2։38)։ Պետրոսին ունկնդրողները Հիսուսին, որին իսրայել ազգը մերժել էր, պետք է ընդունեին որպես Մեսիա։
5 Հովելի՝ վերը նշված մարգարեական խոսքերը մեծ ազդեցություն թողեցին առաջին դարի խոնարհ անհատների վրա, իսկ այսօր դրանց ազդեցությունը էլ ավելի մեծ է, քանի որ, ինչպես ցույց են տալիս 20–րդ դարում տեղի ունեցած իրադարձությունները, Հովելի մարգարեության երկրորդ կատարումն արդեն տեղի է ունեցել։ Տեսնենք, թե ինչպես։
6. Աստծո Իսրայելի ինքնությունն ինչպե՞ս սկսեց բացահայտվել 1914–ին մոտ ժամանակներում։
6 Առաքյալների մահից հետո կեղծ քրիստոնեության որոմները Աստծո Իսրայելի մեջ թափանցեցին։ Սակայն 1914–ից սկսված՝ վերջին ժամանակների ընթացքում, այս հոգևոր ազգի ինքնությունը մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ։ Այս ամենը Հիսուսի՝ ցորենի և որոմների առակի կատարումն էր (Մատթէոս 13։24—30, 36—43)։ Մինչ մոտենում էր 1914 թվականը, օծյալ քրիստոնյաները սկսեցին առանձնանալ անհավատարիմ քրիստոնյա աշխարհից՝ համարձակորեն մերժելով վերջինիս կեղծ ուսմունքներն ու քարոզելով «հեթանոսների ժամանակների» ավարտի մոտենալը (Ղուկաս 21։24)։ Սակայն, երբ 1914–ին ժայթքեց Առաջին համաշխարհային պատերազմը, խնդիրներ առաջ եկան, որոնց նրանք դեռ պատրաստ չէին։ Մեծ ճնշման տակ շատերը թուլացան և ոմանք փոխզիջումներ թույլ տվեցին։ 1918–ին նրանց քարոզչական աշխատանքը գրեթե ամբողջությամբ դադարեց։
7. ա) Մ.թ. 33–ի Պենտեկոստեի օրվա նման՝ ի՞նչ իրադարձություն տեղի ունեցավ 1919–ին։ բ) 1919–ից սկսած՝ Եհովայի ծառաների վրա Աստծո հոգու թափվելն ի՞նչ ազդեցություն է թողել։
7 Բայց այդ դադարը երկար չտևեց։ Ինչպես մ.թ. 33–ի Պենտեկոստեին, այնպես էլ 1919–ից սկսած՝ Եհովան իր ժողովրդի վրա թափեց իր հոգին։ Իհարկե, 1919–ին ո՛չ լեզուներով էին խոսում, ո՛չ էլ սաստիկ քամի էր փչում։ Ա Կորնթացիս 13։8–ում արձանագրված Պողոսի խոսքերից հասկանում ենք, որ հրաշքների ժամանակը վաղուց է անցել։ Բայց Աստծո հոգու թափվելը ակնհայտ դարձավ 1919–ին, երբ ԱՄՆ–ի Օհայո նահանգի Սեդըր Փոյինթ քաղաքում տեղի ունեցած համաժողովի ընթացքում հավատարիմ քրիստոնյաները նորից ուժ ստացան ու նորից սկսեցին Թագավորության բարի լուրի քարոզչական աշխատանքը։ 1922–ին նրանք կրկին Սեդըր Փոյինթ վերադարձան և քաջալերվեցին «Հռչակեցե՛ք, հռչակեցե՛ք, հռչակեցե՛ք Թագավորին և նրա Թագավորությունը» կոչով։ Ինչպես առաջին դարում, այդ ժամանակ ևս աշխարհը ստիպված էր նկատի առնել Աստծո հոգու թափվելու արդյունքները։ Յուրաքանչյուր նվիրված քրիստոնյա՝ լիներ դա տղամարդ թե կին, ծեր թե երիտասարդ, սկսեցին ‘մարգարէանալ’, որը նշանակում է հռչակել «Աստծու մեծագործութիւնների մասին» (Գործք 2։11)։ Պետրոսի նման նրանք կոչ էին անում խոնարհ անհատներին. «Ազատեցէ՛ք ձեր անձերը այս խոտորեալ սերնդից» (Գործք 2։40)։ Այդ կոչին արձագանքող անհատները ինչպե՞ս կարող էին վարվել. Յովէլ 2։32–ում արձանագրված խոսքերին ուշադրություն դարձնելով. «Ամեն ով որ կանչէ Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] անունը, կ’փրկուի»։
8. 1919–ից հետո Աստծո Իսրայելի համար դեպքերն ի՞նչ առաջընթաց ունեցան։
8 Այդ վաղ տարիներից սկսած՝ Աստծո Իսրայելի գործունեությունն առաջ է ընթացել։ Հավանաբար, օծյալների կնքումն իր ավարտին է մոտենում, և 1930–ականներից սկսած, երևան է եկել երկրային հույս ունեցող խոնարհ անհատների մի մեծ բազմություն (Յայտնութիւն 7։3, 9)։ Նրանք բոլորն էլ անհետաձգելիության զգացողություն ունեն Յովէլ 2։28, 29 համարների երկրորդ կատարման պատճառով, որը ցույց է տալիս Եհովայի ավելի մեծ ու ահեղ օրվա մոտ լինելը, երբ նա կոչնչացնի աշխարհածավալ կրոնական, քաղաքական և առևտրական իրերի համակարգը։ Ամեն պատճառ ունենք ‘Եհովայի անունը կանչելու’՝ հավատալով, որ նա կփրկի մեզ։
Ինչպե՞ս ենք կանչում Եհովայի անունը
9. Եհովայի անունը կանչելն իր մեջ ի՞նչ է պարունակում։
9 Եհովայի անունը կանչելն իր մեջ ի՞նչ է պարունակում։ Յովէլ 2։28, 29–ը օգնում է մեզ պատասխանել այդ հարցին։ Օրինակ՝ Եհովան ամեն իրեն կանչողին չի լսում։ Իր մեկ ուրիշ մարգարեի՝ Եսայիայի միջոցով Եհովան հաղորդում է Իսրայելին. «Դուք ձեր ձեռքերը տարածելիս՝ ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաև երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում»։ Ինչո՞ւ էր Եհովան մերժում լսել իր սեփական ժողովրդին։ Նա անձամբ բացատրում է. «Ձեր ձեռքերը լիքն են արիւնով»։ Եհովան արյունապարտ կամ անվերջ մեղանչող անհատներին չի լսելու։ Ահա թե ինչու էր Պետրոսը Պենտեկոստեի ժամանակ հրեաներին կոչ անում, որպեսզի զղջան։ Յովէլ 2։28, 29 խոսքերից պարզ երևում է, որ Հովելը նույնպես շեշտում է զղջալը։ Օրինակ՝ Յովէլ 2։12, 13–ում կարդում ենք. «Հիմա էլ, ասում է Տէրը, դէպի ինձ դարձէք ձեր բոլոր սրտովը, եւ ծոմով ու լացով եւ սգով։ Եւ պատառեցէք ձեր սրտերը, ու չէ թէ ձեր հանդերձները, եւ ետ դարձէք դէպի ձեր Տէր Աստուածը, ըստ որում ողորմած եւ գթած է, երկայնամիտ եւ բազումողորմ»։ 1919–ից օծյալ քրիստոնյաները սկսեցին այս խոսքերի հետ ներդաշնակ գործել։ Նրանք զղջացին իրենց թերացումների համար և վճռեցին երբեք այլևս չթուլանալ կամ փոխզիջումների չգնալ։ Սա Աստծո հոգին թափելու ճանապարհ հարթեց։ Ամեն ոք, ով ցանկանում է կանչել Եհովայի անունը և լսվել, պետք է նման ընթացք ունենա։
10. ա) Ի՞նչ է նշանակում անկեղծ զղջալ։ բ) Եհովան ինչպե՞ս է պատասխանում անկեղծ զղջումին։
10 Հիշեք, որ անկեղծ զղջալն ավելին է նշանակում, քան պարզապես «ցավում եմ» ասելը։ Իսրայելացիներն իրենց զգացումների խորությունն արտահայտելու համար հագուստները պատառոտելու սովորություն ունեին։ Բայց Եհովան ասում է. «Պատռեցէք ձեր սրտերը, ու չէ թէ ձեր հանդերձները»։ Անկեղծ զղջումը սրտից է գալիս, մեր էությունից։ Սա նշանակում է ետ դառնալ մեր սխալ ընթացքից, ճիշտ ինչպես որ կարդում ենք Եսայիա 55։7–ում. «Ամբարիշտը թողէ իր ճանապարհը, եւ անօրէն մարդը՝ իր խորհուրդները, եւ դառնայ Տիրոջը [«Եհովային», ՆԱ]»։ Սա իր մեջ ներփակում է ատել մեղքը, ինչպես որ Հիսուսն էր ատում (Եբրայեցիս 1։9)։ Այդ ժամանակ կարող ենք վստահ լինել, որ Եհովան փրկանքի զոհաբերության հիման վրա կների մեզ, քանի որ նա «ողորմած եւ գթած է, երկայնամիտ ու բազումողորմ»։ Եհովան կընդունի մեր պաշտամունքը, մեր հոգևոր հացի ընծան ու ըմպելի նվերը։ Երբ իր անունը կանչենք, նա կլսի մեզ (Յովէլ 2։14)։
11. Մեր կյանքում ճշմարիտ երկրպագությունն ի՞նչ դիրք պետք է գրավի։
11 Հիսուսն իր Լեռան քարոզում մեկ ուրիշ բան ևս պատվիրեց մեզ հիշել, երբ ասաց. «Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը» (Մատթէոս 6։33)։ Մենք չպետք է անփութորեն վերաբերվենք մեր պաշտամունքին՝ ինչպես մի բանի, որը մակերեսորեն, սոսկ խղճի հանգստության համար է արվում։ Աստծո ծառայությունը մեր կյանքում առաջին տեղն է գրավում։ Հովելի միջոցով Եհովան շարունակում է խոսել. «Փող հնչեցրէք Սիօնումը.... Ժողովուրդ հաւաքեցէք, ժողովքը սրբեցէք, ծերերին ժողովեցէք. երեխաներին ու մանուկներին հաւաքեցէք, փեսան դուրս գայ իր սենեակիցը, եւ հարսը՝ իր առագաստիցը» (Յովէլ 2։15, 16)։ Նոր ամուսնացած անհատների համար մտացիր լինելը կամ միայն իրար հանդեպ ուշադիր լինելը բնական է։ Սակայն նույնիսկ նրանց համար Եհովայի ծառայությունը պետք է առաջին տեղում լինի։ Ոչ մի բան իր կարևորությամբ չպետք է գերազանցի մեր Աստծուն երկրպագելուն և նրա անունը կանչելու մեջ միասնական լինելուն։
12. Ըստ նախորդ տարվա Հիշատակատոնի հաշվետվության տվյալների՝ աճի ի՞նչ հնարավորություն կա։
12 Նկատի առնելով այս տենդենցը՝ եկեք քննարկենք Եհովայի վկաների 1997 թ. ծառայողական տարվա հաշվետվության վիճակագրությունը։ Նախորդ տարի Թագավորության հրատարակիչների բարձրագույն թիվը հասավ 5 599 931–ի. իսկապես, փառաբանողների ինչպիսի՜ մեծ բազմություն։ Հիշատակատոնին ներկա էին 14 322 226 հոգի՝ հրատարակիչների ընդհանուր թվից 8,5 միլիոնով ավել։ Վերջինս խոսում է աճի հիանալի հնարավորության մասին։ Այս 8,5 միլիոն մարդկանց մեծամասնությունը հետաքրքրվող անհատներ և քրիստոնյա ծնողների երեխաներն են, որոնք արդեն ուսումնասիրում են Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ։ Շատերն առաջին անգամն են այցելում ժողով, որը Եհովայի վկաներին հիանալի հնարավորություն է ընձեռում՝ ավելի մոտիկից ծանոթանալու նրանց հետ և օգնելու հետագա առաջադիմություններ անելուն։ Կան նաև ուրիշներն էլ, որոնք ամեն տարի ներկա են գտնվում Հիշատակատոնին, երբեմն էլ ժողովներին են հաճախում, բայց հետագա առաջընթաց չի զգացվում։ Իհարկե, մենք ողջունում ենք նրանց այս քայլը, սակայն քաջալերում ենք նրանց նաև լրջորեն խորհել Հովելի մարգարեական խոսքերի շուրջ և քննել, թե հետագա ինչ քայլեր պիտի կատարեն վստահ լինելու համար, որ երբ կանչեն Եհովայի անունը, նա կլսի իրենց։
13. Եթե մենք արդեն կանչում ենք Եհովայի անունը, ի՞նչ պատասխանատվություն ունենք ուրիշների հանդեպ։
13 Պողոս առաքյալն Աստծո անունը կանչելու մեկ ուրիշ երեսակ ևս ընդգծեց։ Հռոմեացիներին ուղղված իր նամակում նա մեջ է բերում Հովելի մարգարեությունից հետևյալ խոսքերը. «Ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կը փրկուի»։ Այնուհետև պատճառաբանում է. «Իսկ ինչպէ՞ս կանչեն նրան, ում չհաւատացին. կամ՝ ինչպէ՞ս հաւատան, ում մասին չլսեցին. կամ՝ ինչպէ՞ս լսեն առանց մէկի քարոզելուն» (Հռովմայեցիս 10։13, 14)։ Այո՛, շատ մարդիկ, ովքեր դեռ առիթ չեն ունեցել Եհովային ճանաչելու, կարիք ունեն նրա անունը կանչելու։ Իսկ Եհովային արդեն ճանաչողները ոչ միայն քարոզելու, այլ նաև այդ գործում նրանց օգնության ձեռք մեկնելու պատասխանատվությունն ունեն։
Հոգևոր դրախտ
14, 15. Ինչպիսի՞ դրախտային օրհնություններ է վայելում Եհովայի ժողովուրդն աստվածահաճո կերպով նրա անունը կանչելու համար։
14 Թե՛ օծյալները, և թե՛ ուրիշ ոչխարները վերը նշված կարծիքն ունեն, իսկ արդյունքում Եհովան օրհնում է նրանց։ «Տէրը պիտի նախանձէ իր երկրի համար, եւ ողորմէ իր ժողովրդին» (Յովէլ 2։18)։ 1919–ին Եհովան իր ժողովրդի նկատմամբ գութ և նախանձախնդրություն ցուցաբերեց, երբ նրանց վերահաստատեց և իր հոգևոր գործունեության ոլորտ բերեց։ Սա, իսկապես, Հովելի նկարագրած հոգևոր դրախտն է. «Մի վախենար, ով երկիր, ցնծա եւ ուրախացիր, որ Տէրը մեծ բաներ է անում։ Մի վախենաք, ով դաշտի անասուններ, որ կանաչելու են անապատի արօտները, որովհետեւ ծառը տալու է իր պտուղը, թզենին եւ որթը պիտի տան իրանց զօրութիւնը։ Եւ ով Սիօնի որդիք, ցնծացէք եւ ուրախացէք Տիրոջմով՝ ձեր Աստուծով. որ կ’տայ ձեզ ուսուցիչ արդարութեան համար. եւ ձեզ համար անձրեւ կ’իջեցնէ՝ առաջի եւ վերջի անձրեւ առաջուայ պէս։ Եւ կալերը կ’լցուին ցորենով, եւ հնձանները կ’յորդեն գինիով եւ իւղով» (Յովէլ 2։21—24)։
15 Ինչպիսի՜ պատկերավոր նկարագրություն. կանաչ արոտավայրերում արածում են անասունների մեծաքանակ հոտերը, և կյանքի պահպանման համար առաջին անհրաժեշտության մթերքների՝ ցորենի, յուղի և գինու առատություն է Իսրայելում։ Մեր օրերում, սակայն, այս մարգարեական խոսքերը կատարվում են հոգևոր առումով։ Եհովան մեզ համար անհրաժեշտ հոգևոր սնունդ է հայթայթում։ Այսպիսի աստվածատուր առատությունն, արդյոք, մեզ հաճույք չի՞ պատճառում։ Իրոք, ինչպես նախագուշակեց Մաղաքիան, մեր Աստվածը ‘մեզ համար բացել է երկնքի պատուհանները եւ օրհնութիւն է թափել՝ մինչև որ նորա համար տեղ չ’լինի’ (Մաղաքիա 3։10)։
Իրերի ներկա համակարգի վերջը
16. ա) Ի՞նչ է նշանակում Աստծո հոգու թափվելը մեր ժամանակների համար։ բ) Ի՞նչ է սպասվում ապագայում։
16 Աստծո ժողովրդի դրախտային պայմանները նախագուշակելուց հետո էր, որ Հովելը մարգարեացավ Եհովայի հոգու թափվելու մասին։ Պենտեկոստեի օրը այս մարգարեությունը մեջբերելով՝ Պետրոսն ասաց, որ նրա կատարումը «վերջին օրերին» էր լինելու (Գործք 2։17)։ Այն ժամանակ Աստծո հոգու թափվելը նշանակում էր, որ հրեական իրերի համակարգի վերջին օրերը սկսվել էին։ 20–րդ դարում Աստծո Իսրայելի վրա Աստծո հոգու թափվելը նշանակում է, որ հիմա ապրում ենք ներկայիս իրերի համակարգի վերջին օրերում։ Նկատի ունենալով սա՝ ի՞նչ կարող ենք ասել ապագայի մասին։ Հովելի մարգարեությունը շարունակում է մեզ տեղեկացնել. «Նշաններ պիտի տամ երկնքումը ու երկրիս վերայ. արիւն եւ կրակ եւ ծուխի սիւներ։ Արեգակը պիտի փոխուի խաւարի, եւ լուսինը՝ արեան, Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] մեծ ու ահեղ օրը գալուց առաջ» (Յովէլ 2։30, 31)։
17, 18. Ինչպիսի՞ն էր Երուսաղեմի վրա եկած Եհովայի ահեղ օրը։ բ) Քանի որ Եհովայի ահեղ օրը հաստատապես մոտենում է, ի՞նչ քայլի է այն մեզ մղում։
17 Մ.թ. 66–ին, մինչ դեպքերն անխափան առաջ էին ընթանում դեպի մ.թ. 70–ի Եհովայի ահեղ օրվա գագաթնակետը, այս մարգարեական խոսքերը սկսեցին իրագործվել Հուդայում։ Ի՜նչ սարսափազդու էր այդ օրերին գտնվել այն մարդկանց մեջ, ովքեր մերժում էին փառաբանել Եհովայի անունը։ Այսօր նմանատիպ սարսափազդու իրավիճակ է. Եհովան պատրաստվում է ոչնչացնել աշխարհում տիրող իրերի ներկա համակարգը։ Բայց փրկվելու հնարավորություն կա։ Մարգարեությունը շարունակում է. «Պիտի լինի, որ ամեն ով որ կանչէ Տիրոջ անունը, կ’փրկուի. որովհետեւ Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմումը փրկութիւն կ’լինի՝ Տիրոջ ասածին պէս. եւ այն մնացորդների վերայ, որոնց Տէրը կ’կանչէ» (Յովէլ 2։32)։ Եհովայի վկաներն իսկապես երախտապարտ են այն բանի համար, որ գիտեն Եհովայի անունը և լիովին վստահ են, որ երբ կանչեն նրա անունը, նա կփրկի իրենց։
18 Սակայն ի՞նչ է պատահելու, երբ Եհովայի մեծ ու փառավոր օրը ամենայն ուժգնությամբ հարվածի այս աշխարհին։ Այս հարցը կքննարկվի ուսումնասիրվելիք վերջին հոդվածում։
Հիշո՞ւմ եք
◻ Առաջին անգամ Եհովան իր հոգին ե՞րբ թափեց իր ժողովրդի վրա
◻ Ի՞նչ է իր մեջ պարունակում Եհովայի անունը կանչելը
◻ Եհովայի մեծ ու փառավոր օրը ե՞րբ եկավ մարմնավոր Իսրայելի վրա
◻ Ինչպե՞ս է Եհովան օրհնում այն անհատներին, ովքեր այսօր կանչում են իր անունը
[նկարներ 24–րդ և 25–րդ էջերի վրա]
Դարասկզբին Եհովան կրկին իր հոգին թափեց իր ժողովրդի վրա՝ իրագործելով Յովէլ 2։28, 29
[նկար 26–րդ էջի վրա]
Մարդկանց պետք է օգնել, որպեսզի Եհովայի անունը կանչեն