Վճռի հովտում գործադրված դատաստան
«Վեր գան ազգերը Յովսափատի հովիտը, որովհետեւ այնտեղ պիտի նստեմ բոլոր շրջակայ ազգերը դատելու համար» (Յովէլ 3։12)։
1. Հովելն ինչո՞ւ է տեսնում «Վճռի հովիտումը» հավաքված բազմություններին։
«ԲԱԶՄՈՒԹԻՒՆՆԵՐ, բազմութիւններ Վճռի հովիտումը»։ Այս սրտաշարժ խոսքերն ենք կարդում Յովէլ 3։14–ում։ Այդ բազմություններն ինչո՞ւ են հավաքվել։ Հովելը պատասխանում է. «Մօտ է Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] օրը»։ Դա Եհովայի փառաբանության՝ ամբոխների դեմ դատաստան ի գործ դնելու օրն է, քանի որ նրանք մերժել են Հիսուս Քրիստոսի կառավարմամբ Աստծո հաստատած Թագավորությունը։ Վերջապես, Յայտնութիւն 7–րդ գլխի «չորս հրեշտակները» բաց են թողնում ամուր պահած «երկրի չորս հողմերը». արդյունքում «մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի» (Յայտնութիւն 7։1; Մատթէոս 24։21)։
2. ա) Եհովայի դատաստանն ի գործ դնելու վայրը ինչո՞ւ է համապատասխանաբար կոչվում «Յովսափատի հովիտ»։ բ) Հովսափատն ինչպիսի՞ պատշաճ հակազդեցություն ցույց տվեց հարձակման ժամանակ։
2 Ըստ Յովէլ 3։12–ի՝ դատաստան ի գործ դնելու վայրը կոչվում է «Յովսափատի հովիտ»։ Հետևաբար, Հուդայի պատմության փոթորկալից մի ժամանակաշրջանում Եհովան այնտեղ դատաստան ի գործ դրեց՝ ի օգուտ բարի Հովսափատ թագավորի, որի անունը նշանակում է «Եհովան է դատավորը»։ Այն ժամանակվա դեպքերի քննարկումը մեզ կօգնի ավելի լավ հասկանալ այն ամենը, ինչը որ շուտով տեղի կունենա մեր ժամանակներում։ Արձանագրությունը հիմնված է Բ Մնացորդաց 20–րդ գլխի վրա։ Այդ գլխի առաջին խոսքում կարդում ենք. «Մովաբի որդիքը եւ Ամմոնի որդիքը եւ նորանց հետ Մաոնացիներից էլ եկան Յովսափատի վերայ պատերազմելու»։ Հովսափատն ինչպե՞ս հակազդեց։ Նա վարվեց ճիշտ այնպես, ինչպես սովորաբար վարվում են Եհովայի հավատարիմ ծառաները ճգնաժամի դեպքում։ Նա առաջնորդության համար Եհովային դիմեց՝ ջերմեռանդորեն աղոթելով. «Ով մեր Աստուած, մի՞թէ նորանց չես դատիլ. որովհետեւ մենք զօրութիւն չ’ունինք այս մեծ բազմութեան դէմ, որ եկել է մեզ վերայ, եւ մենք չ’գիտենք թէ ինչ անենք. որովհետեւ մեր աչքերը քեզ վերայ է» (Բ Մնացորդաց 20։12)։
Եհովան պատասխանում է աղոթքին
3. Եհովան ի՞նչ հրահանգներ տվեց Հուդային, երբ նրանք հարևան ժողովուրդների կողմից հարձակման ենթարկվեցին։
3 Մինչ «բոլոր Յուդան կանգնած էր Տիրոջ առաջը, նաեւ նորանց երեխայքը. նորանց կանայքը եւ որդիքը», Եհովան իր պատասխանն է տալիս (Բ Մնացորդաց 20։13)։ Ինչպես այսօր է աղոթքի մեծ Լսողը գործածում «հաւատարիմ և իմաստուն ծառային», այնպես էլ այն ժամանակ արտոնեց ղևտացի մարգարե Հազիելին իր պատասխանը հայտնել հավաքվածներին (Մատթէոս 24։45)։ Կարդում ենք. «Տէրը ձեզ այսպէս է ասում. Դուք մի վախենաք եւ մի զարհուրիք այս մեծ բազմութեան երեսից. որովհետեւ պատերազմը ձերը չէ այլ Աստուծուն է։ ....Դուք չէք պատերազմելու այս անգամ. դուք կացէք, կանգնեցէք եւ կ’տեսնէք Տիրոջ փրկութիւնը ձեզ հետ.... մի վախենաք եւ մի զարհուրիք. էգուց նորանց դիմացը դուրս եկէք, եւ Տէրը ձեզ հետ է լինելու» (Բ Մնացորդաց 20։15—17)։
4. Թշնամու մարտահրավերը դիմագրավելիս՝ Եհովան ի՞նչ առումով էր իր ժողովրդից ակտիվություն, և ոչ թե անգործունեություն պահանջում։
4 Եհովան Հովսափատ թագավորից և նրա ժողովրդից ավելին էր պահանջում, քան միայն ձեռքերը ծալած նստելը և հրաշքով փրկություն ակնկալելը։ Նրանք պետք է նախաձեռնությունն իրենց ձեռքն առնեին թշնամու մարտահրավերը դիմագրավելու համար։ Թագավորը և «բոլոր Յուդան.... նաեւ նորանց երեխայքը. նորանց կանայքը եւ որդիքը» ամուր հավատ ցուցաբերեցին, հնազանդորեն առավոտյան վաղ վեր կացան և ներխուժող բազմությանը դեմ–հանդիման դուրս եկան։ Ճանապարհին թագավորը շարունակում էր աստվածապետական հրահանգներ տալ ու քաջալերել՝ հորդորելով նրանց. «Հաւատացէք ձեր Տէր Աստուծուն եւ հաստատ կ’մնաք. հաւատացէք նորա մարգարէներին, եւ յաջողութիւն կ’ունենաք» (Բ Մնացորդաց 20։20)։ Հավատացե՛ք Եհովային. հավատացե՛ք նրա մարգարեներին. այդ պարագայում հաջողության բանալին դա էր։ Նմանապես այսօր, քանի դեռ շարունակում ենք ակտիվորեն ծառայել Եհովային, եկեք երբեք չկասկածենք, որ նա կգործի ի շահ մեր հավատի հաղթանակին։
5. Գոհանալով Եհովայից՝ նրա Վկաներն ի՞նչ ակտիվությամբ են գործում այսօր։
5 Հովսափատի օրերում Հուդայի ժողովրդի նման մենք էլ պետք է ‘գոհանանք Եհովայից, որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է’։ Ինչպե՞ս ենք արտահայտում այս գովեստը. Թագավորության եռանդուն քարոզչությամբ։ Ինչպես Հուդայի բնակիչները «ցնծութեան երգն ու օրհնութիւնն սկսեցին», այնպես էլ մենք ենք մեր հավատի վրա գործեր գումարում (Բ Մնացորդաց 20։21, 22)։ Եկեք նույնանման անկեղծ հավատ ցուցաբերենք, քանի որ Եհովան պատրաստվում է իր թշնամիներին հակառակ գործել։ Թեպետ ճանապարհը կարող է երկար թվալ, եկեք հաստատուն մնանք տոկալու և ակտիվ հավատ ցուցաբերելու մեջ, ինչպես Աստծո հաղթանակած ժողովուրդն է գործում այսօր երկրագնդի թեժ գոտիներում։ Չնայած շատ երկրներում տիրող հալածանքին, բռնությանը, սովին և ծանր տնտեսական պայմաններին՝ Աստծո հավատարիմ ծառաները, ինչպես հաղորդում է «1998 թ. Եհովայի վկաների տարեգիրքը», տեսնում են իրենց գործունեության բարի պտուղները։
Եհովան ազատում է իր ժողովրդին
6. Ամուր հավատն այսօր ինչպե՞ս է մեզ օգնում հավատարիմ մնալ։
6 Հուդան պաշարած անաստված ժողովուրդները փորձում էին ճնշել Աստծո ժողովրդի դիմադրությունը, բայց օրինակելի հավատ ունեցող Եհովայի ծառաները դրան հակազդեցին գովերգություններով։ Այսօր նույնպես կարող ենք նման հավատ ցուցաբերել։ Երբ մեր կյանքը Եհովային ուղղված փառաբանության գործերով ենք լցնում, ամրացնում ենք մեր հոգևոր սպառազինությունը՝ Սատանայի բանեցրած խորամանկ հնարքներին ներգործելու տեղ չթողնելով (Եփեսացիս 6։11)։ Ամուր հավատը կճնշի մեզ շրջապատող, կործանվող աշխարհին բնորոշ անբարո ժամանցների, նյութապաշտության և անտարբերության հետևանքով մտամոլոր դառնալու գայթակղությունը։ Նման անպարտելի հավատը մեզ «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» հետ անձնվիրաբար ծառայելու մեջ ամուր կպահի, քանզի մենք շարունակ կերակրվում ենք իր «ժամանակի՛ն» հայթայթված հոգևոր սնունդով (Մատթէոս 24։45, ԱԹ)։
7. Եհովայի վկաներն ինչպե՞ս են արձագանքում իրենց դեմ ուղղված զանազան հարձակումներին։
7 Աստվածաշնչի վրա հիմնված հավատը կամրացնի մեզ, որպեսզի հաստատուն մնանք այն մարդկանց կողմից ատելությամբ առաջնորդվող հարձակումների ժամանակ, որոնք Մատթէոս 24։48—51–ում նկարագրված «չար ծառայի» ոգին են ցուցաբերում։ Այս մարգարեությունը ակնառու կերպով կատարելով՝ հավատուրացներն այսօր շատ երկրներում ակտիվորեն սուտ պրոպագանդա են տարածում՝ նույնիսկ գաղտնի կերպով համագործակցելով որոշ ժողովուրդների քաղաքագետների հետ։ Փիլիպպեցիս 1։7–ի համաձայն՝ Եհովայի վկաները, հարմար առիթներն օգտագործելով, խիզախորեն արձագանքել են՝ ‘պաշտպանելով ու [«օրինականորեն», ՆԱ] հաստատելով աւետարանը’։ Օրինակ՝ նկատի առնենք 1996 թ. սեպտեմբերի 26–ին Հունաստանում պատահած դեպքը. Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ինը դատավորները միաբերան հաստատեցին, որ «Եհովայի վկաները «ընդունված կրոն» սահմանման մեջ են մտնում», ինչը վերջիններիս իրավունք է տալիս վայելել մտքի, խղճի և հավատի ազատություն, ինչպես նաև ճանաչեցնել իրենց հավատը։ Իսկ հավատուրացների համար Աստծո դատաստանն այսպես է հնչում. «Նրանց յարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թէ՝ «Շունը վերստին է դառնում իր փսխածին» եւ թէ՝ «Լուացուած խոզը վերստին է թաւալւում տիղմի մէջ» (Բ Պետրոս 2։22)։
8. Հովսափատի օրերում Եհովան ինչպե՞ս դատաստան ի գործ դրեց իր ժողովրդի թշնամիների դեմ։
8 Հովսափատի օրերում Եհովան դատաստան գործադրեց նրանց դեմ, ովքեր ցանկանում էին վնասել իր ժողովրդին։ Այդ մասին կարդում ենք. «Տէրը դարանակալներ հանեց Ամմոնի և Մովաբի որդկանց եւ Սէիր սարի բնակիչների դէմ, որ եկել էին Յուդայի վերայ, եւ նորանք կոտորուեցան։ Որովհետեւ Ամմոնի եւ Մովաբի որդիքը վեր կացան Սէիր սարի բնակիչների վերայ ջարդելու եւ բնաջինջ անելու. եւ երբոր վերջացրին Սէիրի բնակիչներին, իրար օգնեցին միմեանց ջարդելու» (Բ Մնացորդաց 20։22, 23)։ Հուդայի բնակչությունը այդ վայրը «Օրհնութեան հովիտ» էր կոչում, եբրայերեն՝ Բարաքա։ Այսօր նույնպես իր թշնամիների դեմ Եհովայի դատաստանի գործադրումը սեփական ժողովրդի համար մեծ օրհնությունների ճանապարհ կբացի։
9, 10. Ովքե՞ր են ցույց տվել, որ Եհովայի կործանիչ դատաստանին ենթարկվելու արժանի են։
9 Կարող ենք հարցնել. «Արդի ժամանակներում ո՞վ է արժանանալու Եհովայի կործանիչ դատաստանին»։ Պատասխանը ստանալու համար կրկին անդրադառնանք Հովելի մարգարեությանը։ Յովէլ 3։3–ը պատմում է Աստծո ժողովրդի թշնամիների մասին, որոնք «տղային տուին պոռնկի կապէնքի տեղ, եւ աղջիկը ծախեցին գինիի եւ խմեցին»։ Այո, նրանք Աստծո ծառաներին իրենցից ստորադաս են համարում, նրանց երեխաներին գնահատում ավելի էժան, քան վարձու պոռնիկը կամ մի կուժ գինին։ Այսպիսի վարմունքի համար նրանք հաշիվ պետք է տան։
10 Նման դատաստանի են արժանի նաև այն անհատները, որոնք հոգևոր պոռնկություն են գործում (Յայտնութիւն 17։3—6)։ Եվ, հատկապես, դատապարտության են արժանի նրանք, ովքեր հրահրում են քաղաքական ուժերին, որպեսզի վերջիններս հետապնդեն Եհովայի վկաներին և արգելեն նրանց գործունեությունը, ինչպես վարվեցին վերջերս մի շարք ամբոխավար կղերներ Արևելյան Եվրոպայում։ Եհովան այսպիսի անիրավների դեմ գործելու համար վճռականություն է հանդես բերում։ (Յովէլ 3։4—8)։
«Պատերազմ որոշեցէք»
11. Եհովան ինչպե՞ս է իր թշնամիներին պատերազմի մարտահրավեր նետում։
11 Այնուհետև, Եհովան իր ժողովրդին կոչ է անում՝ ազգերին մարտահրավեր նետելու. «Պատերազմ որոշեցէք. զարթնեցրէք տղամարդիկներին. մօտենան վեր գնան բոլոր պատերազմի մարդիկը» (Յովէլ 3։9)։ Սա մի արտակարգ պատերազմի՝ արդար պատերազմի հայտարարություն է։ Հակազդելով սուտ պրոպագանդային՝ Եհովայի հավատարիմ Վկաներն ապավինում են հոգևոր սպառազինությանը և կեղծիքին հակահարված տալիս ճշմարտությամբ (Բ Կորնթացիս 10։4; Եփեսացիս 6։17)։ Շուտով Աստված պատերազմ է հայտարարելու «Ամենակալ Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] մեծ օրուայ համար» (Յայտնութիւն 16։14)։ Այն երկիրը մաքրելու է Աստծո գերիշխանությանը հակառակվող բոլոր անհատներից, որին իր երկրային ծառաները ֆիզիկապես մասնակցություն չեն ունենալու։ Նրանք բառացի և փոխաբերական իմաստով ‘ձուլել են իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ’ (Եսայիա 2։4)։ Փոխարենը, Եհովան ընդդիմացող ազգերին է հակառակվելու կոչ անում. «Ձեր խոփերը սուրեր շինեցէք, եւ ձեր յօտոցները՝ նիզակներ» (Յովէլ 3։10)։ Նա հրահրում է նրանց պատերազմի դաշտ դուրս բերել իրենց ողջ ռազմական տեխնիկան և ժամանակակից սպառազինությունները։ Բայց նրանք չեն կարող հաջողություն ունենալ, քանի որ պայքարն ու հաղթանակը Եհովայինն են։
12, 13. ա) Չնայած այն բանին, որ սառը պատերազմն ավարտվել է, շատ ազգեր ինչպե՞ս են ցույց տվել, որ դեռ ռազմատենչ են։ բ) Ազգերն ինչի՞ն պատրաստ չեն։
12 Ինչպես գիտենք, 1990–ականների սկզբներին ազգերը հայտարարեցին սառը պատերազմի վերջը։ Ի նկատի ունենալով այդ՝ Միացյալ Ազգերի խաղաղություն և անվտանգություն հաստատելու գլխավոր նպատակակետն իրականացա՞վ արդյոք։ Անշուշտ, ո՛չ։ Բուրունդիում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Իրաքում, Լիբերիայում, Ռուանդայում, Սոմալիում և նախկին Հարավսլավիայում կատարված դեպքերն ի՞նչ են հուշում մեզ այդ մասին։ Դրանք կրկնում են Երեմիա 6։14–ի խոսքերը «ասելով՝ Խաղաղութիւն, խաղաղութիւն. քանի որ խաղաղութիւն չ’կայ»։
13 Նույնիսկ եթե որոշ տեղերում պատերազմը դադարել է, ՄԱԿ–ի անդամ դարձած պետությունները դեռևս պատերազմական, ժամանակակից զենքերի տեսակներ արտադրելու համար մրցում են միմյանց հետ։ Ոմանք շարունակում են միջուկային զենքի պահեստները լցնել։ Ուրիշներն էլ կատարելագործում են զանգվածային ոչնչացման քիմիական կամ բակտերիոլոգիական զենքերը։ Մինչ ազգերը հավաքվում են խորհրդանշական Արմագեդոն կոչված վայրում, Աստված կոչ է անում նրանց. «Թող տկարն ասէ. Տղամարդ եմ ես։ Շտապեցէք եւ եկէք, ով բոլոր շրջակայ ազգեր, եւ ժողովուեցէք»։ Որից հետո Հովելն ընդհատում է՝ խնդրելով. «Այնտեղ տար, ով Տէր, քո զօրաւորներին» (Յովէլ 3։10, 11)։
Եհովան պաշտպանում է յուրայիններին
14. Ովքե՞ր են Եհովայի զորավորները։
14 Եհովայի զորավորներն ովքե՞ր են։ Աստվածաշնչում մոտ 280 անգամ ճշմարիտ Աստվածն անվանվում է «Զօրաց Տէր» (Դ Թագաւորաց 3։14)։ Այս զորքերը երկնքի հրեշտակների բանակներն են, որոնք պատրաստ կանգնած են Եհովայի հրամանները կատարելու համար։ Երբ ասորիները Եղիսեին բռնելու նպատակով որոնում էին նրան, Եհովան, վերջապես, բաց արեց Եղիսեի սպասավորի աչքերը, որպեսզի նա տեսներ, թե ինչու նրանք հաջողություն չէին ունենա. «Ահա սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով Եղիսէի շուրջը» (Դ Թագաւորաց 6։17)։ Հիսուսն ասաց, որ կարող էր իր Հորից «հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր» խնդրել (Մատթէոս 26։53)։ Նկարագրելով Արմագեդոնի ժամանակ դատաստան տեսնելու համար Հիսուսի կատարած ձիավարությունը՝ Յայտնութիւն գիրքը հաղորդում է. «Երկնքի զօրավարներ ու երկնքի զօրքեր ձիերով գնում էին նրա ետեւից՝ հագած մաքուր եւ սպիտակ բեհեզներ։ Եւ նրա բերանից ելնում էր սրած սուր, որպէսզի նրանով հարուածի ազգերին. եւ նա պիտի իշխի նրանց վրայ երկաթէ մականով. նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասման գինու հնձանը» (Յայտնութիւն 19։14, 15)։
15. Հովելն ինչպե՞ս է նկարագրում ազգերի դեմ Եհովայի պատերազմը։
15 Եհովան ի՞նչ պատասխան է տալիս Աստծո զորավորներին այնտեղ տանելու Հովելի խնդրանքի դիմաց։ Պատասխանը գտնվում է այս պատկերավոր խոսքերում. «Զարթնեն եւ վեր գան ազգերը Յովսափատի հովիտը, որովհետեւ այնտեղ պիտի նստեմ բոլոր շրջակայ ազգերը դատելու համար։ Մանգաղը գցեցէք, որովհետեւ հասել է հունձը, եկէք, իջէք, որովհետեւ լցուել է հնձանը. աւազանները յորդում են. որովհետեւ շատ է նորանց չարութիւնը։ Բազմութիւններ, բազմութիււներ Վճռի հովիտումը, որովհետեւ մօտ է Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] օրը Վճռի հովիտումը։ Արեգակն ու լուսինը պիտի խաւարեն, եւ աստղերը ետ քաշեն իրանց լոյսը։ Եւ Տէրը պիտի գոչէ Սիօնից, եւ Երուսաղէմից ձայն պիտի տայ, եւ երկինքը ու երկիրը պիտի դողան» (Յովէլ 3։12—16)։
16. Ովքե՞ր են մտնում այն հակառակորդների մեջ, որոնց դեմ Եհովան դատաստան է ի գործ դնելու։
16 Ճիշտ ինչպես որ Հովսափատ անունն ունի «Եհովան է դատավորը» նշանակությունը, նույն վստահությամբ էլ Աստված՝ Եհովան, դատաստան ի գործ դնելիս լիովին կպաշտպանի իր գերիշխանութիւնը։ Կործանիչ դատաստանի ենթարկվող անհատներին մարգարեությունը նկարագրում է որպես «բազմութիւններ, բազմութիւններ Վճռի հովիտումը»։ Կեղծ կրոնի յուրաքանչյուր կողմնակից այդ բազմությունների մեջ է լինելու։ Կլինեն նաև Սաղմոս 2–րդ գլխում նկարագրվածները՝ հեթանոսները, ազգերը, երկրի թագավորները և իշխանները, որոնք այս աշխարհի ապականված վիճակը գերադասում են ‘վախով ծառայելուց’։ Նրանք մերժում են «Որդիին համբուրեցէք» կոչը (Սաղմոս 2։1, 2, 11, 12)։ Չեն ընդունում Հիսուսին՝ որպես Եհովայի գործակից Թագավոր։ Դեռ ավելին, կործանվելու համար որոշված բազմությունների մեջ են մտնում բոլոր նրանք, ովքեր այդ փառապանծ Թագավորի կողմից պետք է դատվեն որպես «այծեր» (Մատթէոս 25։33, 41)։ Երբ վրա հասնի երկնային Երուսաղեմին աղաղակելու Եհովայի սահմանած ժամանակը, իր կողմից նշանակված թագավորների Թագավորը կձիավարի դեպի առաջ՝ այդ դատաստանն իրագործելու։ Երկինքն ու երկիրը դողալու են։ Այնուհանդերձ, մենք վստահ ենք, որ «Տէրը ապաւէն կ’լինի իր ժողովրդի համար, եւ ամրոց՝ Իսրայէլի որդկանց համար» (Յովէլ 3։16)։
17, 18. Ովքե՞ր են հաստատված որպես մեծ նեղությունից փրկվածներ, և ինչպիսի՞ պայմաններ են վայելելու նրանք։
17 Յայտնութիւն 7։9—17–ը հաստատում է, որ մեծ նեղությունից փրկվածները «մի մեծ բազմութիւն» են կազմում, և նրանք Հիսուսի արյան փրկագնի նկատմամբ հավատ են ցուցաբերում։ Մինչ Հովելի մարգարեության մեջ հավաքվող բազմությունները կործանիչ դատաստանի կենթարկվեն, փրկվածները Եհովայի օրը պաշտպանություն կունենան։ Հովելը նրանց է դիմում. «Դուք պիտի իմանաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, որ բնակվում եմ իմ սուրբ Սիօն սարումը»՝ Եհովայի երկնային բնակության վայրը (Յովէլ 3։17ա)։
18 Այնուհետև, մարգարեությունը տեղեկացնում է մեզ, որ Աստծո երկնային Թագավորության վայրը «սուրբ պիտի լինի, եւ օտարներ այլ եւս չեն անց կենալ նորա միջով» (Յովէլ 3։17բ)։ Երկնքում և այդ երկնային Թագավորության երկրային ոլորտում օտարներ չեն լինելու, քանի որ բոլորը միացած են լինելու մաքուր պաշտամունքի մեջ։
19. Ինչպե՞ս է Հովելը նկարագրում Եհովայի ժողովրդի երջանիկ վիճակն այսօր։
19 Նույնիսկ այսօր, այստեղ՝ երկրի վրա, Եհովայի ժողովրդի մեջ խաղաղության առատություն է տիրում։ Նրանք միահամուռ ուժերով Աստծո դատաստաններն են հռչակում 230 երկրներում ավելի քան 300 տարբեր լեզուներով։ Նրանց ծաղկումը գեղեցիկ կերպով մարգարեացված է Հովելի կողմից. «Պիտի լինի այն օրը որ սարերը քաղցու պիտի ծորեցնեն, եւ բլուրները կաթ հոսեցնեն, եւ Յուդայի բոլոր ձորերը ջուր պիտի բղխեն» (Յովէլ 3։18)։ Այո՛, Եհովան շարունակելու է իր երկրային ջատագովների վրա ցնծալի օրհնություններ հեղեղել, նաև պարգևել բարգավաճում ու անգին ճշմարտության տարածման աճ։ Եհովայի գերիշխանությունն ամբողջապես պիտի պաշտպանվի վճռի հովտում, և պիտի հորդի ուրախությունը, քանի որ նա իր փրկված ժողովրդի հետ է լինելու (Յայտնութիւն 21։3, 4)։
Հիշո՞ւմ եք
◻ Հովսափատի օրերում Եհովան ինչպե՞ս ազատեց իր ժողովրդին
◻ Եհովան ո՞ւմ է համարում «Վճռի հովիտումը» կործանվելու արժանի
◻ Աստծո զորավորներն ովքե՞ր են, և վերջնական պայքարում նրանք ի՞նչ մասնակցություն կունենան
◻ Հավատարիմ երկրպագուներն ի՞նչ երջանկություն են վայելում
[նկար 32–րդ էջի վրա]
Աստվածաշունչը հաստատում է, որ մեծ նեղությունից փրկվածները մեծ բազմություն են կազմում