Ամովս. թուզ քաղո՞ղ, թե՞ ծակող
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ իններորդ դարում չար Ամասիան՝ հորթի պաշտամունքի քահանան, Ամովս մարգարեին հրամայեց այլևս չմարգարեանալ Իսրայելում։ Ամովսը նրան պատասխանեց. «Տուարած եմ ես եւ մոլաթուզ քաղող [«ծակող», ՆԱ]: Բայց Տէրն ինձ վեր առաւ հօտերի ետեւիցը, եւ Տէրն ինձ ասեց. Գնա մարգարէացիր իմ Իսրայէլ ժողովրդին» (Ամովս 7:14, 15)։ Այո՛, Եհովան էր Ամովսին ուղարկել մարգարեանալու. Ամովսը ինքնակոչ մարգարե չէր։ Բայց ի՞նչ ի նկատի ուներ նա, երբ ասաց, որ ինքը մոլաթուզ «ծակող» էր։
«Արարատ» թարգմանությունում «քաղող» թարգմանված եբրայերեն բառը Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանությունում» (անգլ.) թարգմանված է «ծակող» և հանդիպում է միայն այս համարում։ Եբրայերեն այդ բառը այլ թարգմանություններում փոխանցված է՝ «հավաքող», «մշակող», «տեսակավորող» և «աճեցնող»։ Սակայն «Էքոնոմիք բոթանի» («Կիրառական բուսաբանություն») հանդեսում նշվում է, որ այդ բառը ճիշտ կլինի թարգմանել «ծակող», քանի որ այն մատնանշում է մոլաթզենու պտուղները մշակողի կողմից կատարվող հատուկ գործողություն։
Մոլաթզենու պտուղները ծակելու, այսինքն՝ դրանց վրա փոքր կտրվածք անելու սովորությունը դեռևս վաղնջական ժամանակներից լայնորեն տարածված է եղել Եգիպտոսում և Կիպրոսում։ Ներկայումս Իսրայելում այդպես չեն անում, քանի որ այնտեղ այժմ աճեցնում են թզի տարբեր տեսակներ։ Ինչևէ, ծակելու սովորությունը գոյություն ուներ Ամովսի օրերում, որովհետև Իսրայելում աճող մոլաթզենու տեսակները բերվել էին Եգիպտոսից։
Ըստ ամենայնի, ծակելը նպաստում էր, որ պտուղը կլաներ ջուրը և հյութեղ լիներ։ Նաև արագացնում էր էթիլեն գազի արտադրությունը, որն իր հերթին արագացնում էր պտղի հասունացումը. արդյունքում ստացվում էր մեծ և քաղցր թուզ։ Եվ քանի որ պտուղն արագ էր հասունանում, մակաբույծ իշամեղուները չէին հասցնում փչացնել այն։
Թեև Ամովսը համեստ ծագում ուներ՝ հովիվ էր և մոլաթուզ ծակող, նա չվախեցավ իր թշնամիներից։ Ամովսը քաջաբար հռչակեց Եհովայի դատաստանական պատգամը Իսրայելի դեմ։ Նա հրաշալի օրինակ է Աստծու ժամանակակից ծառաների համար, ովքեր նրա պես ազդարարում են մի պատգամ, որը մարդկանց դուր չի գալիս (Մատթէոս 5:11, 12; 10:22)։