Ի՞նչ է Եհովան ակնկալում մեզանից
«Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ քո Աստուծոյ հետ» (ՄԻՔԻԱ 6։8)։
1, 2. Ինչո՞ւ են Եհովայի ծառաներից ոմանք վհատվում, բայց ի՞նչը կարող է օգտակար լինել։
ՎԵՐԱՆ մոտ 75–ամյա վատառողջ հավատարիմ քրիստոնյա է։ «Երբեմն,— ասում է նա,— երբ պատուհանից դուրս եմ նայում ու տեսնում իմ քրիստոնյա եղբայրներին և քույրերին տնից–տուն քարոզելիս, աչքերս արցունքով են լցվում, քանի որ ես էլ եմ ուզում իրենց հետ լինել, բայց հիվանդությունս սահմանափակում է իմ ծառայությունը Եհովային»։
2 Երբևէ այդպիսի զգացում ունեցե՞լ եք։ Իհարկե, բոլոր նրանք, ովքեր սիրում են Եհովային, ցանկանում են նրա անունով քայլել և կատարել այն ամենը, ինչ նա է պահանջում։ Սակայն ինչ ասել, երբ մեր առողջությունը գնալով վատանում է, արդեն բավական հասակ ենք առել, կամ ընտանեկան պատասխանատվություններ ունենք։ Գուցէ որոշ չափով վհատվենք, քանի որ նման իրավիճակները չեն թողնում, որ մեր սրտի ուզածի չափ շատ ծառայենք Աստծուն։ Եթե մենք էլ համանման իրավիճակում ենք գտնվում, հավանաբար շատ քաջալերական կլինի Միքիայի 6 և 7 գլուխները քննարկելը։ Այս գլուխները ցույց են տալիս, որ Եհովայի պահանջները ողջախոհ են և իրականանալի։
Ինչպես է Աստված վերաբերվում իր ժողովրդին
3. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում ապստամբ իսրայելացիներին։
3 Նախ եկեք մեր ուշադրությունը դարձնենք Միքիա 6։3–5-ին և տեսնենք, թե ինչպես է Եհովան վերաբերվում իր ժողովրդին։ Մի մոռացեք, որ Միքիայի օրերում իսրայելացիները ապստամբներ էին։ Սակայն նույնիսկ այդ դեպքում Եհովան կարեկցաբար նրանց է դիմում իր հետևյալ խոսքերով. «Ով իմ ժողովուրդ»։ Նա խնդրում է. «Ով իմ ժողովուրդ, մէկ յիշիր»։ Կոպտորեն մեղադրելու փոխարեն՝ Եհովան փորձում է հասնել նրանց սրտին՝ հարցնելով. «Ես քեզ ի՞նչ եմ արել»։ Նա նույնիսկ հորդորում է նրանց. «Պատասխանիր ինձ»։
4. Կարեկցանք ցույց տալու Աստծո օրինակը ինչպե՞ս պետք է ներգործի մեզ վրա։
4 Ինչպիսի՜ հոյակապ օրինակ է հանդիսանում Աստված մեր բոլորի համար։ Միքիայի օրերում ապրող Իսրայելի և Հուդայի ապստամբ ժողովրդին նա իր խոսքերը խնդրանքով է ուղղում և կարեկցաբար նույնիսկ «իմ ժողովուրդ» անվանում նրանց։ Անխոս, ուրեմն, մենք նույնպես պետք է բարություն և կարեկցանք դրսևորենք ժողովում գտնվող մարդկանց հետ մեր փոխհարաբերություններում։ Ճիշտ է, ոմանց հետ գուցե դժվար լինի համակերպվել, կամ ոմանք գուցե հոգևորապես թույլ լինեն, բայց եթե նրանք սիրում են Եհովային, ապա մենք ցանկանում ենք օգնել նրանց և կարեկցանք ցուցաբերել նրանց հանդեպ։
5. Ի՞նչ կարևոր հարց է շոշափվում Միքիա 6։6, 7–ում։
5 Իսկ այժմ եկեք մեր ուշադրությունը դարձնենք Միքիա 6։6, 7 համարներին։ Միքիան մի քանի հարցեր է ուղղում՝ ասելով. «Ես ինչո՞վ դիմաւորեմ Տիրոջը, ընկնեմ Բարձրեալ Տիրոջ առաջին. Արդեօք դիմաւորեմ նորան ողջակէզներո՞վ, մէկ տարեկան որթերո՞վ։ Մի՞թէ Տէրը կ’հաճի հազարաւոր խոյերի, կամ բիւրաւոր յուղի գետերի. Արդե՞օք իմ անդրանիկը տամ իբրեւ իմ յանցանքի պատարագ, իմ որովայնի պտո՞ւղը՝ իբրեւ իմ անձի մեղքի զոհ»։ Ոչ, հնարավոր չէ հաճեցնել Եհովային ‘հազարավոր խոյերով կամ բյուրավոր յուղի գետերով’, բայց կա մի բան, որ կգոհացնի նրան։ Ո՞րն է դա։
Մենք պետք է արդարություն ի գործ դնենք
6. Աստվածային ո՞ր երեք պահանջներն են ներկայացված Միքիա 6։8–ում։
6 Միքիա 6։8–ում մենք տեսնում ենք, թե Եհովան ինչ է ակնկալում մեզանից։ Միքիան հարցնում է. «Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ [«համեստությամբ», ՆԱ] վարուիլ քո Աստուծոյ հետ»։ Այս երեք պահանջները իրենց մեջ բովանդակում են մեր զգացումները, մտքերը, ինչպես նաև մեր գործերը։ Մենք պետք է ցանկանանք արտացոլել այս հատկությունները, մտածենք, թե ինչպես կարող ենք ցուցաբերել դրանք և գործի անցնենք, որպեսզի դրսևորենք դրանք։ Եկեք մեկ առ մեկ քննենք այս երեք պահանջները։
7, 8. ա) Ի՞նչ է նշանակում «իրաւունք անել»։ բ) Ինչպիսի՞ անիրավ գործեր էին լայն տարածում գտել Միքիայի օրերում։
7 «Իրաւունք անել» նշանակում է անել այն, ինչ ճիշտն է։ Աստծո գործելակերպը հանդիսանում է արդարության, կամ՝ իրավունքի չափանիշը։ Միքիայի ժամանակներում ապրող մարդիկ, սակայն, ոչ թե իրավունք են անում, այլ անիրավություն։ Ինչպե՞ս։ Ուշադրություն դարձրեք Միքիա 6։10–ին։ Համարի վերջում առևտրականները նկարագրված են որպես «նուազած արդու» գործածողներ, այսինքն՝ այնպիսին, որը շատ փոքր է։ 11–րդ համարն ավելացնում է, որ նրանք ‘խարդախ քարեր’ են օգտագործում, իսկ ըստ 12–րդ համարի՝ «նորանց բերանումը նենգաւոր լեզու կայ»։ Այսպիսով՝ կեղծ չափերը, կեղծ կշռաքարերը և կեղծավոր լեզուն լայն տարածում էին գտել Միքիայի ժամանակների առևտրական աշխարհում։
8 Անարդար գործերը չեն սահմանափակվում միայն շուկայում։ Նույն չափով դրանք կատարվում են և դատարաններում։ Միքիա 7։3–ը նշում է. «Իշխանը պահանջում է ընծայ, եւ դատաւորը վարձքով է դատ տեսնում»։ Դատավորներին կաշառք է տրվում, որպեսզի անարդար կերպով դատավճիռ կայացնեն անմեղ մարդկանց նկատմամբ։ «Մեծ մարդը», կամ՝ ազդեցություն ունեցող քաղաքացին միանում է չարագործությանը։ Իրականում, Միքիայի խոսքերով՝ իշխանը, դատավորը և մեծ մարդը «ոլորում», կամ՝ կազմակերպում են իրենց ամբարիշտ գործերը։
9. Ամբարիշտ մարդկանց կատարած անիրավությունները ինչպիսի՞ ազդեցություն էին թողնում Հուդայի և Իսրայելի վրա։
9 Անիրավությունները, որ կատարում էին ամբարիշտ առաջնորդները, իրենց ազդեցությունն էին թողնում ամբողջ Հուդայի և Իսրայելի վրա։ Միքիա 7։5–ը նշում է, որ անարդարության պատճառով վստահության պակաս էր առաջացել բարեկամների, ընկերների, ինչպես նաև ամուսնական կողակիցների միջև։ 6–րդ համարը ցույց է տալիս, որ այս հանգամանքը առաջնորդել էր մի իրադրության, որտեղ այնպիսի մոտ հարազատներ, ինչպիսիք են հայր ու որդի, մայր ու աղջիկ, անարգում են մեկը մյուսին։
10. Ներկայիս անարդարությամբ հագեցած մթնոլորտում ինչպե՞ս են վարվում քրիստոնյաները։
10 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Մի՞թե չենք տեսնում նույնանման իրավիճակներ։ Միքիայի նման, մենք նույնպես շրջապատված ենք անարդարությամբ, անվստահության մթնոլորտով, և մի աշխարհով, ուր ամենուրեք քայքայվում են հասարակական ու ընտանեկան բարքերը։ Սակայն որպես Աստծո ծառաներ այս անարդար աշխարհում՝ մենք թույլ չենք տալիս, որ նրա՝ անիրավ գործերի մղող ոգին ներթափանցի քրիստոնեական ժողով։ Դրա փոխարեն՝ մենք ջանքեր ենք թափում՝ բարձր պահելու անարատությամբ ընթանալու և ազնիվ վարվելու սկզբունքները՝ դրսևորելով դրանք մեր առօրյա կյանքում։ Իրոք որ, մենք «ուզում ենք ամէն ինչում բարի ընթացք ցոյց տալ» (Եբրայեցիս 13։18, ԷԹ)։ Մի՞թե համաձայն չեք, որ արդարությամբ վարվելով՝ մենք առատ օրհնություններ ենք վայելում, որն արդյունք է իսկական վստահություն ցուցաբերող եղբայրության։
Ինչպես են մարդիկ լսում «Տիրոջ ձայնը»
11. Ինչպե՞ս է իրականանում Միքիա 7։12–ը։
11 Չնայած տիրող անարդար իրավիճակներին՝ Միքիան մարգարեանում է, որ կգա ժամանակ, երբ բոլոր մարդիկ արդարություն պիտի վայելեն։ Մարգարեն նախագուշակում է, որ մարդիկ պիտի հավաքվեն «ծովից ծով ու սարից սար» և դառնան Եհովայի երկրպագուները (Միքիա 7։12)։ Այսօր՝ այս մարգարեության վերջնական կատարման ժամանակ, ոչ թե կոնկրետ մեկ ազգ, այլ բոլոր ազգերին պատկանող անհատ անձիք են օգտվում Եհովա Աստծո անաչառ արդարությունից (Եսայիա 42։1)։ Սակայն ինչպե՞ս է դա իրականանում։
12. Ինչպե՞ս է լսվում «Տիրոջ ձայնը» այսօր։
12 Պատասխանը ստանալու համար ուշադրություն դարձրեք Միքիայի նախորդ՝ 6–րդ գլխի 9–րդ համարի խոսքերին. «Տիրոջ ձայնը կանչում է քաղաքին, ու իմաստունը քու անունդ պիտի տեսնէ»։ Ինչպե՞ս են բոլոր ազգերի մարդիկ լսում «Տիրոջ ձայնը», և ի՞նչ կապ ունի սա մեր իրավունք անելու հետ։ Իհարկե, մարդիկ այսօր չեն լսում Աստծո ձայնը բառի ուղղակի իմաստով։ Սակայն աշխարհածավալ քարոզչական գործունեության շնորհիվ Եհովայի ձայնը լսում են բոլոր ցեղերին պատկանող և տարբեր խավերից եկող մարդիկ։ Որպես արդյունք՝ նրանք, ովքեր լսում են, ‘անունից վախենում են, ԷԹ’, խոր ակնածանք տածում այդ անվան նկատմամբ։ Մենք իրապես իրավունք արած կլինենք և սիրալիր կերպով կվարվենք, եթե ծառայենք որպես Թագավորության նախանձախնդիր հռչակողներ։ Ճանաչեցնելով Աստծո անունը բոլորին անխտիր՝ մենք ‘իրավունք արած’ կլինենք։
Մենք պետք է ողորմություն սիրենք
13. Ո՞րն է սիրո և սիրուց մղված բարության միջև եղած տարբերությունը։
13 Այժմ եկեք քննարկենք Միքիա 6։8–ում հիշատակված երկրորդ պահանջը։ Եհովան ակնկալում է մեզանից, որ ‘ողորմություն սիրենք’։ «Ողորմություն» թարգմանված եբրայերեն բառը կարող է նշանակել նաև «սիրուց մղված բարություն», կամ էլ՝ «հավատարիմ, նվիրված սեր»։ Սիրուց մղված բարությունը ուրիշների հանդեպ ակտիվ ուշադրություն ցուցաբերելն է՝ կարեկցաբար նրանց մասին մտահոգված լինելը։ Սիրուց մղված բարությունը տարբերվում է սիրուց։ Ինչպե՞ս։ Սերը ավելի ընդհանուր տերմին է, մի այնպիսի տերմին, որը կարող է նաև դրսևորվել առարկաների կամ հասկացությունների նկատմամբ։ Օրինակի համար, Գրությունները խոսում են ‘գինի ու յուղ սիրող’, ինչպես նաև «իմաստութիւն սիրող» մարդու մասին։ (Առակաց 21։17; 29։3)։ Սակայն սիրուց մղված բարությունը միշտ դրսևորվում է մարդկանց նկատմամբ՝ նամանավանդ Աստծուն ծառայող մարդկանց։ Ուստի Միքիա 7։20–ը խոսում է Աբրահամին՝ Աստծուն ծառայող մարդուն տրված ‘ողորմության’ կամ սիրուց մղված բարության մասին։
14, 15. Ինչպե՞ս է ցուցաբերվում սիրուց մղված բարությունը, և ո՞ր փաստն է վկայում այդ մասին։
14 Ըստ Միքիա 7։18–ի՝ մարգարեն ասում է, որ Աստված «ողորմութիւն սիրող է»։ Միքիա 6։8–ում մեզ ոչ միայն խորհուրդ է տրվում ցուցաբերել սիրուց մղված բարություն, այլև սիրել այդ հատկությունը։ Ի՞նչ ենք սովորում այս համարներից. այն, որ սիրուց մղված բարությունը ցուցաբերվում է սիրահոժար կերպով, առատորեն, քանի որ մենք ցանկանում ենք դրսևորել այն։ Եհովայի նման, մենք էլ ենք սիրում կամ հաճույք ստանում սիրուց մղված բարություն դրսևորել նրանց նկատմամբ, ովքեր ունեն դրա կարիքը։
15 Այսօր նման հատկությունը՝ ողորմությունը, Աստծո ժողովրդին բնորոշող նշաններից մեկն է։ Քննարկենք միայն մեկ օրինակ։ 2001 թ. հունիսին արևադարձային փոթորկից առաջացած կործանարար ջրհեղեղի պատճառով ԱՄՆ–ի Տեխաս նահանգում վնասվեցին հազարավոր տներ, այդ թվում նաև հարյուրավոր տներ, որոնք պատկանում էին Եհովայի վկաներին։ Որպեսզի օգնեն կարիքի մեջ գտնվող իրենց եղբայրներին, մոտավորապես 10 000 Վկաներ սիրահոժար և անվճար կերպով տրամադրեցին իրենց ժամանակն ու եռանդը։ Կես տարուց ավել այս կամավորները անխոնջ կերպով աշխատեցին՝ տրամադրելով իրենց օրերը, գիշերներն ու հանգստյան օրերը։ Արդյունքում՝ նրանք վերակառուցեցին 8 Թագավորության սրահ և 700 տուն իրենց քրիստոնյա եղբայրների համար։ Իսկ ովքեր չէին կարող նման աշխատանքներ կատարել, նվիրաբերեցին կերակուր, այլ ապրանքներ վերականգնման աշխատանքների համար և դրամ։ Ինչո՞ւ այս հազարավոր Վկաները օգնության հասան իրենց եղբայրներին։ Քանի որ նրանք «ողորմութիւն» են սիրում։ Որքա՜ն են հուզվում մեր սրտերը՝ իմանալով, թե սիրուց մղված ինչպիսի բարություն են դրսևորում մեր եղբայրները ողջ աշխարհով մեկ։ Այո՛, ‘ողորմություն սիրելու’ պահանջը գոհացնելը ուրախություն է, և ոչ թե բեռ։
Համեստությամբ Աստծո հետ քայլել
16. Ո՞ր օրինակն է շեշտում Աստծո հետ համեստությամբ քայլելու անհրաժեշտությունը։
16 Երրորդ պահանջը, որ նշվում է Միքիա 6։8–ում, հետևյալն է. «Խոնարհութիւնով [«համեստությունով», ՆԱ] քու Աստուծոյդ հետ քալել, (Արևմտ. Աստ.)»։ Սա նշանակում է՝ ընդունել մեր հնարավորությունների սահմանափակ լինելը և կախման մեջ լինել Աստծուց։ Օրինակով ներկայացնենք. պատկերացրեք մի փոքրիկ աղջնակի, որը փոթորկի ժամանակ ամուր կառչել է իր հոր ձեռքից։ Փոքրիկը շատ լավ գիտի, որ իր ունեցած ուժը սահմանափակ է, սակայն նա իր հորն է ապավինում։ Մենք նույնպես պետք է ընդունենք մեր հնարավորությունների սահմանափակ լինելը և միևնույն ժամանակ ապավինենք մեր երկնային Հորը։ Ինչպե՞ս կարող ենք նման վստահություն պահպանել։ Կերպերից մեկը հետևյալն է՝ հասկանալ, թե ինչու է Աստծուն մոտ մնալը իմաստուն ընթացք համարվում։ Միքիան մեզ հիշեցնում է երեք պատճառ՝ Եհովան մեր Ազատարարն է, մեր Առաջնորդն է և մեր Պաշտպանն է։
17. Ինչպե՞ս է Եհովան ազատել, առաջնորդել և պաշտպանել իր ժողովրդին վաղեմի ժամանակներում։
17 Ըստ Միքիա 6։4, 5–ի՝ Աստված ասում է. «Ես քեզ հանել եմ Եգիպտոսի երկրիցը»։ Այո, Եհովան Իսրայելի Ազատարարն էր։ Նա ավելացնում է. «Քո առաջն ուղարկեցի Մովսէսին, Ահարօնին եւ Մարիամին»։ Մովսեսն ու Ահարոնը առաջնորդեցին ազգին, իսկ Մարիամը հաղթական պարի ժամանակ առաջնորդություն վերցրեց իսրայելացի կանանց մեջ (Ելից 7։1, 2; 15։1, 19–21; Բ Օրինաց 34։10)։ Եհովան առաջնորդություն էր տալիս իր ծառաների միջոցով։ 5–րդ համարում Եհովան հիշեցնում է Իսրայել ազգին, որ նրանց պաշտպանել է Բաղակից և Բաղաամից, ինչպես նաև Մովաբի երկրում գտնվող Սատիմից մինչև Գաղգաղա՝ Ավետյաց երկիր իրենց ճանապարհորդության վերջին փուլի ժամանակ։
18. Ինչպե՞ս է Աստված հանդիսանում մեր Ազատարարը, Առաջնորդը և Պաշտպանը այսօր։
18 Երբ մենք Աստծո հետ ենք քայլում, նա ազատում է մեզ Սատանայի աշխարհից, առաջնորդում է իր Խոսքի և կազմակերպության միջոցով ու պաշտպանում է մեզ որպես խումբ, երբ մեզ վրա են հարձակվում հակառակորդները։ Այսպիսով, մենք բազմաթիվ պատճառներ ունենք ամուր կառչելու մեր երկնային Հոր ձեռքից, մինչ նրա հետ քայլում ենք մեր փոթորկալից ճանապարհորդության վերջին փուլով դեպի մի վայր՝ դեպի Աստծո արդար նոր աշխարհ, որն անհամեմատ ավելի լավն է, քան վաղեմի Ավետյաց երկիրը։
19. Ինչպե՞ս է համեստությունը փոխկապակցված մեր սահմանափակումների հետ։
19 Համեստությամբ Աստծո հետ քայլելը օգնում է մեզ ռեալ կերպով նայել այն իրավիճակներին, որոնցում գտնվում ենք։ Դա այդպես է, քանի որ համեստություն դրսևորելը իր մեջ ներառում է մեր սահմանափակ կարողությունները գիտակցելը։ Ծերությունը, քայքայված առողջությունը հնարավոր է որոշ չափով սահմանափակեն մեր կարողությունները Եհովայի ծառայության մեջ։ Թույլ տալու փոխարեն, որ դա վհատեցնի մեզ՝ լավ կլինի, եթե հիշենք, որ Եհովան ընդունում է մեր ջանքերն ու զոհողությունները «ունեցածի չափովն.... եւ ոչ թէ չ’ունեցածի չափովը» (Բ Կորնթացիս 8։12)։ Իսկապես, ուրեմն, Եհովան սպասում է, որ ծառայենք իրեն լիասիրտ կերպով՝ մեր հանգամանքների թույլ տված չափով անելով այն, ինչ հնարավոր է (Կողոսացիս 3։23)։ Երբ մենք հաստատակամությամբ և նախանձախնդրությամբ իր ծառայության մեջ անում ենք այն, ինչ կարող ենք, Եհովան առատորեն օրհնում է մեզ (Առակաց 10։22, Արևմտ. Աստ.)։
Սպասելը օրհնություններ է բերում
20. Ինչի՞ն տեղյակ լինելն է օգնում մեզ Միքիայի նման սպասել։
20 Եհովայի օրհնության «համը տեսնելը» մղում է մեզ ընդօրինակելու Միքիայի ցուցաբերած ոգին։ «Ես Տիրոջը կ’սպասեմ, եւ կ’յուսամ իմ փրկութեան Աստուծուն»,— հայտարարում է Միքիան (Միքիա 7։7)։ Ի՞նչ կապ ունեն այս խոսքերը Աստծո հետ համեստությամբ քայլելու հետ։ Սպասել իմանալը, կամ՝ համբերություն ունենալը օգնում է մեզ խուսափել այն հիասթափությունից, որ կարող է մեզ պատճառել Եհովայի օրվա ուշանալը (Առակաց 13։12)։ Անկեղծ ասած, մենք անհամբերությամբ ենք սպասում այս ամբարիշտ աշխարհի վերջին, սակայն ամեն շաբաթ հազարավոր մարդիկ դեռ նոր են սկսում քայլել Աստծո հետ։ Այս իրողությունը հասկանալը մեզ սպասելու հիմքեր է տալիս։ Այս կապակցությամբ՝ երկար տարիների մի Վկա հետևյալն ասաց. «55 տարվա քարոզչական աշխատանքին դեպի ետ հայացք նետելով՝ ես համոզվում եմ, որ ոչինչ չեմ կորցրել՝ Եհովային սպասելով։ Ընդհակառակը, շատ սրտացավերից եմ ինձ ազատել»։ Իսկ դուք ունեցե՞լ եք նույնպիսի զգացում։
21, 22. Ինչպե՞ս է կատարվում Միքիա 7։14–ը մեր օրերում։
21 Անխոս՝ Եհովայի հետ քայլելը օգտավետ է մեզ համար։ Միքիա 7։14–ում մարգարեն Աստծո ժողովրդին համեմատում է ապահովությամբ բնակվող ոչխարների հետ։ Այս մարգարեության ավելի մեծ կատարման ժամանակ՝ այսօր, հոգևոր Իսրայելի մնացորդը, ինչպես նաև ‘ուրիշ ոչխարները’ ապահովություն են գտնում իրենց վստահելի Հովվի՝ Եհովայի մոտ։ Նրանք բնակվում են «առանձին.... անտառումը»՝ հոգևոր առումով բաժանված լինելով այս վտանգավոր և աստիճանաբար քայքայվող աշխարհից (Յովհաննէս 10։16; Բ Օրինաց 33։28; Երեմիա 49։31; Գաղատացիս 6։16)։
22 Ինչպես նախագուշակված էր Միքիա 7։14–ում, Եհովայի ժողովուրդը նաև բարգավաճում է։ Խոսելով Աստծո ոչխարների, կամ՝ ժողովրդի մասին՝ Միքիան նշում է. «Թող արածեն Բասանումը եւ Գաղաադումը»։ Ճիշտ ինչպես Բասանի և Գաղաադի ոչխարներն էին սնվում հարուստ արոտավայրերում և բարգավաճում, նույնանման կերպով Աստծո ժողովուրդն է այսօր վայելում հոգևոր բարգավաճություն, ինչը մեկ այլ օրհնություն է նրանց համար, ովքեր համեստորեն Աստծո հետ են քայլում (Թուոց 32։1; Բ Օրինաց 32։14)։
23. Ի՞նչ դաս կարող ենք սովորել՝ քննարկելով Միքիա 7։18, 19–ը։
23 Միքիա 7։18, 19–ում մարգարեն ընդգծում է զղջացող մարդկանց ներելու Եհովայի ցանկությունը։ 18–րդ խոսքն ասում է, որ Եհովան ‘անօրենությունը վեր է առնում’ և ‘մեղքից անց է կենում’։ Ըստ 19–րդ խոսքի՝ նա «բոլոր մեղքերը.... գցում է ծովի խորքերը»։ Ո՞րն է այն դասերից մեկը, որ սովորում ենք այս հատվածից։ Մենք կարող ենք մեզ հարց տալ, թե արդյոք ընդօրինակո՞ւմ ենք Եհովային այս հարցում։ Արդյոք մենք «անցնո՞ւմ ենք» նրանց մեղքերի վրայով, ովքեր մեր դեմ են մեղանչում։ Երբ մեր դեմ հանցանք գործողը զղջում է և ցանկանում է փոխհատուցել վնասը, անշուշտ մենք պատրաստ ենք արտացոլել Եհովայի պատրաստակամությունը և ներել մեր դիմացինին ամբողջովին ու մշտապես։
24. Ի՞նչ օգուտներ ստացաք Միքիայի մարգարեությունից։
24 Ինչպիսի՞ օգուտներ քաղեցինք Միքիայի մարգարեության քննարկումից։ Այն հիշեցրեց մեզ, որ Եհովան է իսկական հույս տալիս նրանց, ովքեր մոտեցել են իրեն (Միքիա 2։1–13)։ Մեզ հորդոր տրվեց անել հնարավոր ամեն բան՝ առաջ տանելու ճշմարիտ երկրպագությունը, որպեսզի հավիտյան Աստծո անունով քայլենք (Միքիա 4։1–4)։ Մեզ նաև վստահեցում տրվեց, որ ինչպիսին էլ լինեն մեր հանգամանքները՝ մենք կարո՛ղ ենք կատարել Եհովայի պահանջները։ Այո՛, Միքիայի մարգարեությունը իսկապես ուժ է տալիս մեզ՝ քայլելու Եհովայի անունով։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Միքիա 6։8–ի համաձայն՝ ի՞նչ է Եհովան ակնկալում մեզանից։
• Ի՞նչ է անհրաժեշտ, եթե ցանկանում ենք «իրաւունք անել»։
• Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ «ողորմութիւն» կամ սիրուց մղված բարություն ենք սիրում։
• Ի՞նչ է իր մեջ պարփակում համեստությամբ Աստծո հետ քայլելը։
[նկարներ 21–րդ էջի վրա]
Չնայած իր օրերի չարությամբ հագեցած պայմաններին՝ Միքիան ապրեց Աստծո պահանջներին համաձայն։ Նույնը կարող եք և դուք անել
[նկար 23–րդ էջի վրա]
‘Իրավունք արեք’՝ վկայություն տալով ամեն տեսակի մարդկանց
[նկարներ 23–րդ էջի վրա]
Ցույց տվեք, որ սիրում եք ողորմություն անել՝ օգնության ձեռք մեկնելով ուրիշներին, երբ կարիքի մեջ են
[նկար 23–րդ էջի վրա]
Արեք այն, ինչ կարող եք՝ համեստորեն գիտակցելով ձեր սահմանափակ հնարավորությունները