Որքա՞ն դեռ պիտի գոյատևի չարությունը
«Ի՞նչու ես.... լռում [Եհովա]՝ ամբարիշտն իրանից արդարին կուլ տալիս» (ԱՄԲԱԿՈՒՄ 1։13)։
1. Ե՞րբ է երկիրն ամբողջովին լցվելու Եհովայի փառքի գիտությամբ։
ԱՍՏՎԱԾ երբևէ կործանելո՞ւ է ամբարիշտներին։ Եթե այո, ապա դեռ որքա՞ն պիտի սպասենք։ Նման հարցեր մարդիկ տալիս են ամբողջ աշխարհում։ Իսկ որտե՞ղ կարելի է գտնել այդ հարցերի պատասխանները։ Դրանք կարող ենք գտնել Աստծո սահմանած ժամանակների վերաբերյալ իր առաջնորդությամբ գրի առնված մարգարեություններում։ Այդ մարգարեությունները մեզ վստահեցնում են, որ Եհովան շուտով իր դատաստանն է բերելու բոլոր ամբարիշտ մարդկանց վրա։ Միայն դրանից հետո է, որ «երկիրը պիտի լցուի Տիրոջ փառքի գիտութեամբը, ինչպէս որ ջրերը ծածկում են ծովը»։ Այս խոստումը գտնվում է Աստծո Սուրբ Խոսքում՝ Ամբակումի մարգարեության 2։14 համարում։
2. Ի՞նչ երեք դատավճիռների մասին է հաղորդում Ամբակումի գիրքը։
2 Ամբակումի գիրքը գրի է առնվել մ.թ.ա. մոտավորապես 628–ին։ Գիրքը հաղորդում է Եհովա Աստծո երեք դատավճիռների մասին, որոնցից երկուսն արդեն ի կատար են ածվել։ Առաջինն ուղղված էր հին Հուդայի կամակոր ժողովրդի դեմ, երկրորդը՝ հարստահարող Բաբելոնի։ Ուստի, մենք բոլոր պատճառներն ունենք վստահ լինելու, որ Աստծո երրորդ դատավճիռը նույնպես իր կատարումը կունենա։ Իսկ իրողությունն այն է, որ այդ դատավճիռն իրականանալու է շատ շուտով։ Հանուն արդարների՝ Աստված այս վերջին օրերում կործանում է բերելու ամբարիշտ մարդկանց վրա։ Նրանցից վերջինը իր շունչը կփչի արագորեն մոտեցող «Ամենակալ Տիրոջ մեծ օրը» (Յայտնութիւն 16։14, 16)։
3. Ի՞նչ է հաստատ կատարվելու մեր օրերի ամբարիշտների դեմ։
3 Աստծո մեծ օրվա պատերազմի ուրվագիծը գնալով ավելի մոտիկից է երևում։ Իսկ մեր օրերի ամբարիշտ մարդկանց ուղղված Եհովայի դատաստանը նույնքան հաստատ է, որքան հաստատ էին Հուդայի և Բաբելոնի դեմ։ Այժմ եկեք պատկերացնենք, որ գտնվում ենք Ամբակումի օրերում, Հուդայում։ Ի՞նչ էր այնտեղ կատարվում։
Անկարգությունը երկրում
4. Ի՞նչ վատ լուր է լսում Ամբակումը։
4 Մի պահ երևակայեցեք, թե ինչպես է Եհովայի մարգարեն՝ Ամբակումը, իր տան տանիքին նստած, վայելում խաղաղ երեկոյի զովը։ Նրա ձեռքին երաժշտական ինչ–որ գործիք կա (Ամբակում 1։1; 3։19, մակագրությունը գլխի վերջում)։ Հանկարծ Ամբակումը անսպասելի լուրից կարծես շանթահար է լինում. Հուդայի Հովակիմ թագավորը սպանել է Ուրիային և այդ մարգարեի դիակը նետել հասարակ ժողովրդի ընդհանուր գերեզմանը (Երեմիա 26։23)։ Ճիշտ է, Ուրիան մինչև վերջ հավատարիմ չէր մնացել Եհովային, քանի որ, վախին տրվելով, փախել էր Եգիպտոս, սակայն Ամբակումը գիտեր, որ Հովակիմի բարկության պատճառը բոլորովին էլ Եհովայի պատիվը բարձր պահելը չէր։ Դա ակնհայտ էր դարձել այն բանից հետո, երբ թագավորն արտահայտվել էր Աստծո օրենքի դեմ և ատելության զգացում էր տածում Երեմիա մարգարեի ու Եհովայի մյուս ծառաների հանդեպ։
5. Հոգևոր ի՞նչ վիճակում է գտնվում Հուդան, և ինչպե՞ս է Ամբակումը դրան արձագանքում։
5 Ամբակումը նկատում է հարևան տների տանիքներից վեր բարձրացող խնկի ծուխը։ Ժողովուրդը ոչ թե Եհովայի համար է խունկ ծխում, այլ մասնակցում է կեղծ կրոնական արարողությունների, որոնց թիկունքում կանգնած է Հուդայի չար Հովակիմ թագավորը։ Ինչպիսի՜ խայտառակություն։ Արտասուքն աչքերին՝ Ամբակումը ձայն է տալիս. «Մինչեւ ե՞րբ, ով Տէր, աղաղակեմ ես, եւ դու չ’լսես, աղաղակեմ դէպի քեզ զրկա՜նք, եւ դու չ’ազատես։ Ի՞նչու ես ինձ անօրէնութիւն տեսնել տալիս, տառապանք ցոյց տալիս. եւ յափշտակութիւն եւ զրկանք կայ իմ առաջին, եւ կռիւ է լինում, եւ վէճ բարձրանում։ Սորա համար օրէնքը խափանուել է եւ իրաւունքը մշտատեւ չէ հանդիսանում, որովհետեւ ամբարիշտը շրջապատում է արդարին. դորա համար դատաստանն էլ ծուռ է դուրս գալիս» (Ամբակում 1։2—4)։
6. Մարդիկ Հուդայում ինչպե՞ս են վարվում օրենքի և իրավունքի հետ։
6 Երկիրը լի է կողոպուտով ու բռնությամբ։ Շուրջ բոլորը դժբախտություն է, վեճ ու կռիվ։ Օրենքը խափանված է, իսկ արդարությունը... ‘մշտատև չէ’։ Փոխարենը՝ ‘ամբարիշտը շրջապատում է արդարին’, այսինքն՝ շրջանցում արդարին պաշտպանելու համար նախատեսված օրենքը։ Իրոք որ, ‘դատաստանն էլ ծուռ է դուրս գալիս’, ուղղակի աղավաղված է։ Իրավիճակն իրոք ողբերգական է։
7. Ի՞նչ անելու վճռականությամբ է լցված Ամբակումը։
7 Ամբակումը մի պահ կանգ է առնում և խորհում. կհանձնվի՞ արդյոք։ Երբե՛ք։ Մտաբերելով Աստծո հավատարիմ բոլոր ծառաների կրած հալածանքները՝ այս անձնվեր մարդը կրկին վճռականությամբ է լցվում՝ որպես Եհովայի մարգարե հաստատ ու աննկուն մնալու վճռականությամբ։ Ամբակումը պիտի շարունակի հաղորդել Աստծո լուրը, թեկուզև դա լինի իր կյանքի գնով։
Եհովան սկսում է անհավատալի «գործեր» անել
8, 9. Ի՞նչ անհավատալի «գործ» է մտադիր անելու Եհովան։
8 Ամբակումը մի տեսիլք է ստանում, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են կեղծ կրոնականներն անարգում Աստծուն։ Լսեցեք, թե ի՛նչ է Եհովան ասում նրանց. «Նայեցէք ազգերի մէջ եւ տեսէք, եւ զարմանալով հիացէք»։ Ամբակումին գուցե զարմացնում են այս խոսքերը, որոնցով Եհովան դիմում է ամբարիշտ մարդկանց։ Ապա լսվում են հաջորդ խոսքերը. «Հիացէք, որ մի գործ է գործում ձեր օրերումը, որ չէք հաւատալ եթէ պատմուի» (Ամբակում 1։5)։ Փաստորեն, Եհովան ինքն է կատարելու մի գործ, որին նրանք չեն հավատալու։ Բայց ի՞նչ գործի մասին է խոսքը։
9 Ամբակումն ուշադիր լսում է Աստծո խոսքերի շարունակությունը, որն արձանագրված է Ամբակում 1։6—11 համարներում։ Դա Եհովայի լուրն է, և ոչ մի սուտ աստված կամ անկենդան կուռք չի կարող խոչընդոտել դրա իրագործումը։ «Ահա ես յարուցանում եմ Քաղդէացիներին, այն դառն ու արագընթաց ազգը, որ գնում է դէպի երկրի լայնութիւնները, որ տիրէ իրանը չ’եղող բնակութիւններին։ Նա սոսկալի եւ ահարկու է, նորա դատաստանն ու իշխանութիւնը նորանից դուրս կ’գայ։ Եւ ինձերից աւելի արագաշարժ են նորա ձիերը, եւ աւելի կատաղի՝ քան թէ երեկոյեան գայլերը, եւ պիտի արշաւեն նորա ձիաւորները, եւ նորա ձիաւորները հեռուից պիտի գան, եւ պիտի թռչեն արծիւի պէս որ յարձակվում է ուտելու։ Ամենքը զրկանքի համար են գալիս, իրանց երեսների յարձակմունքը դէպի առաջ է, եւ աւազի չափով գերիներ պիտի ժողովէ։ Եւ նա ծաղր պիտի անէ թագաւորներին, եւ իշխանները նորա խաղալիկը պիտի լինեն, նա ծիծաղելու է ամեն ամրոցի վերայ, որովհետեւ նա հող է դիզելու եւ նորան առնելու է։ Այն ժամանակ միտքը պիտի փոխուի եւ հպարտանայ [«այն ժամանակ նա քամու պես պիտի սլանա, անցնի», ՆԱ] ու յանցաւոր դառնայ, իբր թէ իր այս զօրութիւնը իր աստուծունն է»։
10. Ո՞ւմ է ոտքի հանում Եհովան։
10 Իսկապես որ, սա մի խիստ ու սարսափեցնող զգուշացում էր Բարձրյալից։ Եհովան ոտքի է հանում քաղդեացիներին՝ Բաբելոնի վայրագ ազգին։ «Երկրի լայնութիւններում» իրենց արշավների ընթացքում նրանք անթիվ–անհամար բնակավայրեր են զավթելու։ Հրեշավոր է... Քաղդեացիների հորդան «սոսկալի [է] եւ ահարկու», ահեղ ու զարհուրելի։ Այն իր անհողդողդ օրենքներն է սահմանում, «նորա [այդ ժողովրդի] դատաստանն.... նորանից դուրս կ’գայ»։
11. Ինչպե՞ս կնկարագրեիք Հուդայի վրա բաբելոնացիների արշավանքը։
11 Բաբելոնացիների ձիերն ընձառյուծներից արագաշարժ են։ Նրանց հեծելազորը ավելի կատաղի է, քան սոված գայլերի ոհմակը՝ գիշերով։ Նրանց նժույգները անհամբերությունից իրենց սմբակներով գետինն են փորում՝ ցույց տալով ‘արշավելու’ իրենց պատրաստակամությունը։ Հեռավոր Բաբելոնից նրանք ուղղություն են վերցրել դեպի Հուդա։ Համեղ մսի կտորի վրա հասնող արծվի նման քաղդեացիները շուտով կհարձակվեն իրենց զոհի վրա։ Կարելի՞ է դա համարել ասպատակություն, ընդամենը մի քանի զինվորների կատարած արշավանք։ Ո՛չ։ «Ամենքը զրկանքի համար են գալիս»՝ ավերում բերելու միտումով վրա հասնող վիթխարի ամբոխի նման։ Նրանց դեմքերը բոցավառված են, արևելյան քամու հոսանքներ հիշեցնելով՝ նրանք սլանում են դեպի Հուդա և Երուսաղեմ։ Բաբելոնացիք այնքան շատ գերի են վերցնում, որ կարծես «ավազ» հավաքելիս լինեն։
12. Ինչպիսի՞ դիրք են բռնել բաբելոնացիք, և ի՞նչ բանում է այս ահարկու թշնամին ‘հանցավոր դառնում’։
12 Քաղդեացիների բանակը ծաղրում է թագավորներին ու իշխաններին, բոլոր նրանց, ովքեր անզոր են կանգնեցնելու նրա բարբարոս զավթումը։ Նա ‘ծիծաղում է ամեն ամրոցի վրա’, ամեն մի բերդի տապալման վրա, երբ, ‘հող դիզելով’, թումբ է պատրաստում, որպեսզի այնտեղից սկսի գրոհը։ Եհովայի սահմանած ժամանակին այդ ահարկու թշնամին «քամու պես պիտի սլանա»։ Նվաճելով Հուդան և Երուսաղեմը՝ այն ‘հանցավոր կդառնա’՝ վնասներ հասցնելով Աստծո ժողովրդին։ Այդ արագահաս հաղթանակից հետո քաղդեացիների բանակի հրամանատարը պիտի պարծենա. «Այս զորությունը մեր աստծունն է»։ Սակայն, իրականում որքա՜ն անտեղյակ է այդ հարցում նա։
Հույսի համար ամուր հիմքեր
13. Ինչո՞ւ է Ամբակումը հույսով և վստահությամբ լի։
13 Որքան Եհովայի նպատակներն ավելի հասկանալի են դառնում Ամբակումի համար, այնքան նրա հույսն ավելի է ամրապնդվում։ Լիակատար վստահություն տածելով դեպի Աստված՝ մարգարեն փառաբանում է նրան, ինչպես կարդում ենք Ամբակում 1։12–ում. «Ահա դու ի յաւիտենից ես, ով իմ Տէր Աստուած, իմ Սուրբը. մենք չենք մեռնելու [«դու չես մեռնում» ՆԱ]»։ Այո՛, Եհովան Աստված է «յաւիտենից մինչեւ յաւիտեան»՝ առհավետ (Սաղմոս 90։1, 2)։
14. Ինչպիսի՞ ընթացք է բռնել Հուդայի հավատուրաց ժողովուրդը։
14 Տպավորված Աստծուց ստացած տեսիլքից և ուրախանալով վերջինիս բացատրության համար՝ մարգարեն շարունակում է. «Ով Տէր, դու նորան դատաստանի համար ես դրել. եւ ով Վէմ, դու նորան յանդիմանութեան համար ես հաստատել»։ Եհովան պատժել է Հուդայի ուխտադրուժ ժողովրդին, և նրանք այժմ պիտի նախատվեն, խիստ հանդիմանության ենթարկվեն հենց իր՝ Եհովայի կողմից։ Նրանք պետք է դիմեին Աստծուն որպես իրենց Վեմի, միակ իրական ապավենի, որպես ապաստանի և փրկության Աղբյուրի (Սաղմոս 62։7; 94։22; 95։1)։ Սակայն իրականում հակառակ պատկերն է. Հուդայի հավատուրաց առաջնորդները ոչ միայն չեն մոտենում Աստծուն, այլև շարունակում են հարստահարել Եհովայի անմեղ երկրպագուներին։
15. Ի՞նչ իմաստով է Եհովայի աչքերը «մաքուր չարութիւն տեսնելուց»։
15 Տիրող իրավիճակն անսահման վիշտ է պատճառում Եհովայի մարգարեին։ «Աչքերդ մաքուր են չարութիւն տեսնելուց, եւ անիրաւութեան մտիկ տալ չես կարող»,— ասում է նա (Ամբակում 1։13)։ Այո, Եհովայի աչքերը անչափ «մաքուր են չարութիւն տեսնելուց», այսինքն՝ ամբարշտությունը հանդուրժելուց։
16. Ինչպե՞ս համառոտակի կներկայացնեիք Ամբակում 1։13—17 համարները։
16 Ուստի, Ամբակումը մտածելու տեղիք տվող հարցեր է տալիս. «Ինչո՞ւ ես մտիկ տալիս նենգաւորներին,— ասում է,— եւ լռում՝ ամբարիշտն իրանից արդարին կուլ տալիս։ Եւ մարդս շինել ես ծովի ձկների պէս, սողունների պէս՝ որոնց վերայ տիրող չ’կայ։ Նորանց ամենին հանել է կարթով, նորանց քաշում է իր ուռկանովը, եւ նորանց ժողովում է իր ցանցովը, դորա համար ուրախանում է եւ ցնծում։ Դորա համար զոհ է մատուցանում իր ուռկանին եւ խունկ ծխում՝ իր ցանցին. որովհետեւ նորանցով պարարտ է նորա բաժինը, եւ նորա կերակուրը պարարտացրուածն է։ Արդե՞օք այս պատճառով նա դատարկէ իր ուռկանը, եւ միշտ ազգերը խեղդէ առանց խղճալու» (Ամբակում 1։13—17)։
17. ա) Հուդան և Երուսաղեմը նվաճելիս՝ բաբելոնացիներն ինչպե՞ս պիտի Եհովայի ձեռքում որպես գործիք ծառայեին։ բ) Ի՞նչ է Եհովան հայտնում Ամբակումին։
17 Հուդայի և նրա մայրաքաղաքի՝ Երուսաղեմի վրա գրոհելիս բաբելոնացիք կվարվեն իրենց ցանկացածի պես։ Նրանք չեն իմանալու, որ գործիք են Աստծո ձեռքում, անհավատարիմ ժողովրդի դեմ դատաստան տեսնելու գործիք։ Ուստի, հեշտ է հասկանալ, թե ինչո՛ւ է Ամբակումը դժվարությամբ ընդունում, որ Աստված իր դատավճիռը կայացնելու համար օգտագործելու է չար բաբելոնացիներին։ Այդ անգութ քաղդեացիները Աստծո երկրպագուները չեն։ Նրանց համար մարդիկ «ձկների...., սողունների պէս» են, որոնց կարելի է բռնել ու խեղդել։ Սակայն Ամբակումի շփոթվածությունը երկար չի տևում։ Եհովան շուտով հայտնում է իր մարգարեին, որ բաբելոնացիներն անպատիժ չեն մնալու իրենց անհագուրդ կողոպուտների և անհեթեթ արյունահեղությունների համար (Ամբակում 2։8)։
Եհովայի հետագա խոսքերը լսելու պատրաստ
18. Ի՞նչ կարելի է սովորել Ամբակումի ցուցաբերած պատրաստակամությունից, ինչպես դա երևում է Ամբակում 2։1 համարից։
18 Սակայն Ամբակումը դեռ սպասում է, թե Եհովան է՛լ ինչ է ասելու իրեն։ Հաստատակամ մարգարեն հայտարարում է. «Իմ պահապանութեան տեղը կանգնեմ, եւ կենամ պարսպի վերայ, եւ մտիկ տամ տեսնեմ թէ ի՞նչ է խօսելու ինձ հետ. եւ ի՞նչ պիտի պատասխանեմ իմ յանդիմանութեան մասին» (Ամբակում 2։1)։ Ամբակումին անչափ հետաքրքրում է, թե ինչ է դեռ Աստված ասելու իր միջոցով։ Նա հավատում է Եհովային և գիտի, որ նա չի հանդուրժում չարությունը, հետևաբար, նրան հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչո՛ւ է ամբարշտությունը դեռ շարունակում գոյատևել. դրա հետ մեկտեղ, նա պատրաստ է հարկ եղած դեպքում փոխել իր մտածելակերպը։ Իսկ մե՞նք։ Երբ զարմանում ենք, թե ինչո՛ւ է չարությունն այսքան ժամանակ թույլատրվում, Եհովա Աստծո հանդեպ վստահությունը օգնո՞ւմ է մեզ հավասարակշռվածություն պահպանել և նրան սպասել (Սաղմոս 42։5, 11)։
19. Ամբակումին ուղղված Աստծո խոսքերի համաձայն՝ ի՞նչ պատահեց քմահաճ հրեաներին։
19 Ամբակումին ասած խոսքերի համաձայն՝ Աստված դատաստան տեսավ կամակոր հրեաների դեմ՝ թույլ տալով բաբելոնացիներին ներխուժել Հուդա։ Մ.թ.ա. 607–ին նրանք ավերեցին Երուսաղեմն ու տաճարը, չխնայալով ո՛չ երիտասարդ, ո՛չ ծեր, բոլորին սրի քաշեցին, իսկ մնացածներին գերի վերցրին (Բ Մնացորդաց 36։17—20)։ Բաբելոնում երկար տարիների գերությունից հետո հավատարիմ մնացած հրեաները վերադարձան հայրենիք և աստիճանաբար սկսեցին տաճարի վերակառուցման աշխատանքները։ Ժամանակի ընթացքում, սակայն, նրանք կրկին անհավատարիմ գտնվեցին Եհովայի հանդեպ, ինչի ցայտուն ապացույցն է Հիսուսին որպես Մեսիա չընդունելը։
20. Պողոսն ինչպե՞ս օգտագործեց Ամբակում 1։5 խոսքը Հիսուսին մերժելու կապակցությամբ։
20 Գործք 13։38—41 համարներում կարդում ենք Պողոս առաքյալի Անտիոքի հրեաներին ուղղված խոսքերը, որոնք ցույց են տալիս, թե ինչ կարող են նշանակել Հիսուսին մերժելը և, հետևաբար, նրա քավիչ զոհաբերությունն արհամարհելը։ Հունարեն «Յոթանասնից» թարգմանությունից մեջբերելով Ամբակում 1։5 խոսքը՝ Պողոսը նախազգուշացրեց. «Զգո՛յշ կացէք, գուցէ ձեր գլխին գայ այն, ինչ ասուած է մարգարէների գրուածքներում. «Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր, եւ զարմացէ՛ք ու չքուեցէ՛ք. որովհետեւ ես ձեր օրերում մի գործ եմ կատարելու, այնպիսի մի գործ, որին չպիտի հաւատաք, եթէ մէկը ձեզ պատմի այն»»։ Ամբակում 1։5–ից Պողոսի վկայակոչած խոսքերն իրականացան մ.թ. 70 թ.–ին, երբ հռոմեական բանակը կործանեց Երուսաղեմն ու նրա տաճարը։
21. Ամբակումի օրերի հրեաները ինչպե՞ս արձագանքեցին Աստծո նախատեսած «գործի» մասին լուրին, համաձայն որի բաբելոնացիները կործանելու էին Երուսաղեմը։
21 Ամբակումի օրերի հրեաների համար Աստծո «գործը»՝ բաբելոնացիների կողմից Երուսաղեմի ավերումը, անհավատալի մի բան էր թվում, քանի որ քաղաքը Եհովայի երկրպագության կենտրոնն էր և նրա օծած թագավորների աթոռանիստը (Սաղմոս 132։11—18)։ Իր գոյատևման ողջ ընթացքում Երուսաղեմը երբեք չէր կործանվել, նրա տաճարը չէր հրդեհվել, Դավիթի թագավորող հետնորդները երբեք գահընկեց չէին արվել։ Անհավատալի էր, թե Եհովան երբևիցե կարող էր թույլ տալ նման բան։ Սակայն Ամբակումի միջոցով նա բազմիցս զգուշացրեց, որ այդ սարսափելի իրադարձությունները մի օր վրա են հասնելու։ Պատմությունը հաստատում է, որ այդ ամենը պատահել է ճիշտ այնպես, ինչպես կանխագուշակվել էր։
Աստծո անհավատալի «գործը» մեր օրերում
22. Ի՞նչ անհավատալի «գործ» է կատարելու մեր օրերում Եհովան։
22 Մտադի՞ր է Եհովան անհավատալի «գործ» ձեռնարկել նաև մեր օրերում։ Կարող եք վստահ լինել, որ այո՛, թեև դա կասկածամիտ մարդկանց անհավանական է թվում։ Բայց այս անգամ այդ «գործը» լինելու է քրիստոնեական աշխարհի կործանումը։ Հին Հուդայի նման սա էլ է դավանում, թե երկրպագում է Աստծուն, սակայն իրականում ամբողջովին ապականվել է։ Եհովան հոգ կտանի, որպեսզի քրիստոնեական կրոնական այդ համակարգից հետք անգամ չմնա, ինչպես որ հետք չի մնալու նաև «Մեծն Բաբելոնից»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունից (Յայտնութիւն 18։1—24)։
23. Ամբակումին ի՞նչ անելու դրդեց Աստծո սուրբ ոգին։
23 Մինչ մ.թ.ա. 607–ին Երուսաղեմի կործանվելը, Եհովան Ամբակումին ուրիշ գործ էլ պետք է հանձնարարեր։ Ի՞նչ էր նա հայտնելու իր մարգարեին։ Ամբակումը այնպիսի բաներ էր լսելու, որ ստիպված իր ձեռքն էր վերցնելու երաժշտական գործիքը և, դիմելով Եհովային աղոթքով, սգո երգ էր երգելու։ Բայց, մինչ այդ, Աստծո սուրբ ոգին դրդելու էր նրան մի շարք դժբախտությունների մասին հայտարարել։ Ինչ խոսք, ուզում ենք ըմբռնել Աստծո սահմանած ժամանակների վերաբերյալ այդ մարգարեական խոսքերի նշանակությունը։ Եկեք, ուրեմն, շարունակենք ուշադրությամբ քննել Ամբակումի մարգարեությունը։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ պայմաններ էին տիրում Հուդայում Ամբակումի օրերում։
• Ի՞նչ անհավատալի «գործ» կատարեց Եհովան այդ օրերին։
• Ամբակումը հույսեր տածելու ի՞նչ հիմքեր ուներ։
• Ի՞նչ անհավատալի «գործ» է կատարելու Եհովան մեր օրերում։
[նկար 19–րդ էջի վրա]
Ամբակումը զարմանում էր, թե ինչո՞ւ է Աստված հանդուրժում չարությունը։ Իսկ դո՞ւք։