Ապավինիր Եհովային և ապրիր
«Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր» (ԱՌԱԿ. 3։5)։
1. Ինչո՞ւ բոլորս էլ մխիթարության կարիք ունենք։
ՉԿԱ մի մարդ, որ մխիթարության կարիք չունենա։ Անհանգստությունները, հիասթափություններն ու նեղությունները մեր կյանքի անբաժան մասն են դարձել։ Գուցե տառապում ես ծերության, հիվանդության կամ հարազատի մահվան պատճառով։ Ոմանք էլ ցավ են զգում, քանի որ վատ վերաբերմունքի են արժանանում։ Աշխարհը օր օրի բռնությամբ է լցվում։ Այս «չափազանց դժվար ժամանակները» փաստում են, որ մենք ապրում ենք «վերջին օրերում», և ամեն անցնող օրը մեզ ավելի է մոտեցնում նոր աշխարհին (2 Տիմոթ. 3։1)։ Բայց հնարավոր է՝ արդեն երկար ժամանակ է, ինչ սպասում ենք Եհովայի խոստումների կատարմանը, և մեր դժվարությունները գնալով շատանում են։ Ուստի որտե՞ղ կարող ենք մխիթարություն գտնել։
2, 3. ա) Ի՞նչ է մեզ հայտնի Ամբակումի մասին։ բ) Ինչո՞ւ ենք քննելու «Ամբակում» գիրքը։
2 Այս հարցի պատասխանը գտնելու համար եկեք քննենք «Ամբակում» գիրքը։ Աստվածաշունչը շատ բան չի հայտնում Ամբակումի կյանքի ու գործունեության մասին, սակայն նրա անունը կրող գիրքը իսկական մխիթարության աղբյուր է։ Մարգարեի անունը, ամենայն հավանականությամբ, նշանակում է «ջերմ գրկախառնություն»։ Սա կարող է վերաբերել այն բանին, թե Եհովան ինչպես է մեզ մխիթարում. նա ասես ջերմորեն գրկում է մեզ։ Այս արտահայտությունը կարող է նաև պատկերել, թե մե՛նք ինչպես ենք փարվում նրան։ Ամբակումը խոսեց Աստծու հետ և մի քանի հարց տվեց նրան։ Քանի որ այդ զրույցը մեզ էլ կարող է օգուտ տալ, Եհովան ներշնչեց Ամբակումին, որ այն գրի առնի (Ամբ. 2։2)։
3 Եհովայի և իր վշտացած մարգարեի միջև տեղի ունեցած մտերմիկ զրույցը միակ աղբյուրն է, որից ինչ-որ բան ենք իմանում Ամբակումի մասին։ Նրա գիրքը Աստվածաշնչի մի մասն է, որը «նախապես գրվել» ու պահպանվել է, «որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմ. 15։4)։ Իսկ ինչպե՞ս կարող է օգնել մեզ «Ամբակում» գիրքը։ Այն կօգնի հասկանալ, թե ինչ է նշանակում ապավինել Եհովային, և կհավաստիացնի մեզ, որ չնայած դժվարություններին ու խնդիրներին՝ հնարավոր է ներքին խաղաղություն ձեռք բերել ու պահպանել։ Ուստի եկեք մանրամասնորեն քննենք «Ամբակում» գիրքը։
ԱՂՈԹԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ
4. Ի՞նչն էր վշտացրել Ամբակումին։
4 Կարդա Ամբակում 1։2, 3։ Ամբակումը դժվարին ժամանակներում էր ապրում։ Նա խորապես վշտացած էր՝ իր շուրջը տեսնելով չարություն ու դաժանություն։ Ե՞րբ էր վերջ դրվելու այդ ամենին։ Ինչո՞ւ էր Եհովան այդքան երկար համբերում։ Ամբակումը ամբողջ օրը տեսնում էր, թե ինչպես են իր հայրենակիցները անարդարություն գործում ու կեղեքում միմյանց։ Նա իրեն անօգնական էր զգում։ Ուստի Եհովային աղերսեց, որ միջամտի։ Ամբակումը գուցե սկսել էր մտածել, որ Աստծու համար միևնույն է, թե ինչ է կատարվում։ Թվում էր, թե Եհովան դանդաղում է։ Իսկ դու ունեցե՞լ ես այսպիսի զգացումներ։
5. Ի՞նչ կարևոր բան ենք սովորում «Ամբակում» գրքից (տես հոդվածի սկզբի նկարը)։
5 Արդյո՞ք Ամբակումը կորցրել էր Եհովայի հանդեպ իր վստահությունը։ Մի՞թե այլևս չէր հավատում, որ Աստված կկատարի իր խոստումները։ Ամենևի՛ն։ Ամբակումը իր խնդիրների ու անհանգստությունների մասին պատմեց ոչ թե մարդկանց, այլ Եհովային, ինչը փաստում է, որ նա իր հույսը չէր կտրել և շարունակում էր վստահել Աստծուն։ Ըստ ամենայնի, մարգարեի անհանգստությունների պատճառն այն էր, որ նա չէր հասկանում, թե Եհովան երբ է որոշել գործի անցնել կամ ինչու է թույլ տալիս, որ ինքը տառապի։ Աստված ներշնչեց Ամբակումին, որ գրի առնի իր անհանգստությունները, քանի որ ցանկանում է մեզ մի շատ կարևոր բան սովորեցնել. մենք չպետք է վախենանք մեր երկնային Հորը պատմել մեր մտահոգությունների ու կասկածների մասին։ Չէ՞ որ նա ինքն է հորդորում, որ իր առաջ դատարկենք մեր սիրտը (Սաղ. 50։15; 62։8)։ Իսկ Առակներ 3։5-ում կարդում ենք. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր»։ Ամբակումը հավանաբար գիտեր այս խոսքերը և դրանք իր սրտում էր պահում։
6. Աղոթքը ինչո՞ւ է շատ կարևոր։
6 Մարգարեն մոտեցավ Եհովային՝ իր վստահելի Ընկերոջն ու Հորը։ Ճիշտ է, տիրող իրավիճակը մտահոգում էր Ամբակումին, բայց նա իր սեփական հասկացողությանը չվստահեց, այլ իր զգացմունքների և անհանգստությունների մասին պատմեց Աստծուն։ Նա լավ օրինակ է մեզ համար։ Եհովան՝ աղոթքներ Լսողը, հորդորում է, որ վստահենք իրեն ու պատմենք մեր մտահոգությունների մասին (Սաղ. 65։2)։ Եթե այդպես վարվենք, կտեսնենք, թե Եհովան ինչպես է պատասխանում մեր աղոթքներին, և կզգանք նրա ջերմ գրկախառնությունը՝ նրա տված մխիթարությունն ու առաջնորդությունը (Սաղ. 73։23, 24)։ Ինչ նեղություններ էլ կրենք, Աստված կօգնի հասկանալ, թե ինքն ինչպես է նայում մեր իրավիճակին։ Այո՛, սրտաբաց աղոթքը լավագույն միջոցներից մեկն է՝ ցույց տալու, որ իսկապես վստահում ենք Եհովային։
ԼՍԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ
7. Եհովան ինչպե՞ս արձագանքեց Ամբակումի աղոթքին։
7 Կարդա Ամբակում 1։5–7։ Այն բանից հետո, երբ Ամբակումը իր բեռը Եհովային հանձնեց, նա հավանաբար մտածում էր, թե Աստված ինչպես կարձագանքի իր խոսքերին։ Լինելով սիրառատ ու կարեկից Հայր՝ Եհովան նրան չհանդիմանեց իր անկեղծ գանգատն արտահայտելու համար։ Նա հասկանում էր, որ դա իր վշտացած մարգարեի հոգու ճիչն է։ Ուստի Եհովան նրան հայտնեց, թե մոտ ապագայում ինչ է պատահելու անհնազանդ հրեաներին։ Շատ հնարավոր է՝ Ամբակումը առաջինն էր, ում Աստված տեղեկացրեց, որ բռնությամբ լի այդ ժամանակաշրջանի վերջը շատ մոտ է։
8. Եհովայի պատասխանն ինչո՞ւ ապշեցրեց Ամբակումին։
8 Եհովան Ամբակումին հավաստիացրեց, որ պատրաստ է գործի անցնելու։ Այդ չար ու դաժան սերնդի պատիժը անխուսափելի էր։ «Ձեր օրերում» արտահայտությամբ Աստված ցույց տվեց, որ իր դատաստանը բերելու էր մարգարեի կամ նրա սերնդակիցների կյանքի օրոք։ Սակայն Ամբակումը այսպիսի պատասխան չէր ակնկալում։ Եհովայի խոսքերը նշանակում էին, որ Հուդայի բոլոր բնակիչների տառապանքն ավելանալու էր։ Չէ՞ որ քաղդեացիները, այսինքն՝ բաբելոնացիները անգութ ու վայրագ ժողովուրդ էին և ավելի դաժան էին, քան Ամբակումի ազգը, որը գոնե գիտեր Եհովայի չափանիշները։ Այդ դեպքում ինչո՞ւ էր Աստված որոշել այդ դաժան հեթանոսների միջոցով պատժել իր ժողովրդին։ Իսկ դո՞ւ ինչպես կարձագանքեիր, եթե Եհովայից այդպիսի պատասխան ստանայիր։
9. Ի՞նչ հարցեր կարող էին ծագել Ամբակումի մտքում։
9 Կարդա Ամբակում 1։12–14, 17։ Ամբակումը իմացավ, որ Եհովան բաբելոնացիների միջոցով դատելու և պատժելու է չարերին, բայց նա դեռ մտահոգ էր։ Չնայած դրան՝ մարգարեն խոնարհաբար ասաց Աստծուն, որ նա իր Վեմն է (2 Օրենք 32։4; Ես. 26։4)։ Ամբակումը առաջվա պես վստահ էր, որ Եհովան սիրառատ է ու բարի։ Նա այնքան համոզված էր դրանում, որ չվախեցավ կրկին հարցեր ուղղել նրան։ Ինչո՞ւ էր Աստված թույլ տալու, որ Հուդայում իրավիճակը ավելի վատանա։ Ինչո՞ւ անմիջապես գործի չէր անցնելու։ Ինչո՞ւ էր ավելի մեծ չարիք հանդուրժելու։ Ինչո՞ւ էր լռելու, երբ ամբարշտությունը ծաղկեր։ Չէ՞ որ նա սուրբ է, և նրա «աչքերը չափազանց մաքուր են, որ նայեն չարիքին»։
10. Ինչո՞ւ ենք երբեմն մեզ Ամբակումի պես զգում։
10 Երբեմն, հնարավոր է, մեզ Ամբակումի պես զգանք։ Թեև մենք ականջ ենք դնում Եհովային, վստահում ենք նրան, կարդում և ուսումնասիրում ենք նրա Խոսքը, որը մեզ հույսով է լցնում, և Աստծու կազմակերպության տրամադրած կրթության շնորհիվ անընդհատ լսում ենք նրա խոստումների մասին, բայց հնարավոր է՝ մտածենք. «Ե՞րբ է վերջ դրվելու մեր տառապանքներին»։ Ամբակումի հաջորդ քայլից կարող ենք շատ բան սովորել։
ՍՊԱՍԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ
11. Եհովային լսելուց հետո Ամբակումը ի՞նչ վճռեց անել։
11 Կարդա Ամբակում 2։1։ Եհովայի հետ ունեցած զրույցը Ամբակումի սիրտը խաղաղությամբ լցրեց։ Ուստի նա վճռեց շարունակել սպասել, մինչև որ Աստված գործի անցնի։ Դա պահի ազդեցությամբ կայացված որոշում չէր, քանի որ նա հետո էլ, վճռականությամբ լցված, ասաց. «Ես հանգիստ կսպասեմ նեղության օրվան» (Ամբ. 3։16)։ Եհովայի մյուս հավատարիմ ծառաները նույնպես համբերություն ու վստահություն են դրսևորել։ Նրանց օրինակը քաջալերում է մեզ, որ չհանձնվենք, այլ շարունակենք սպասել Եհովային (Միք. 7։7; Հակ. 5։7, 8)։
12. Ի՞նչ ենք սովորում Ամբակումից։
12 Ի՞նչ ենք սովորում Ամբակումից։ Առաջին՝ մենք երբեք չպետք է դադարենք աղոթել, ինչ փորձությունների էլ բախվենք։ Երկրորդ՝ պետք է լսենք, թե Եհովան մեզ ինչ է ասում իր Խոսքի ու կազմակերպության միջոցով։ Երրորդ՝ պետք է համբերությամբ սպասենք Աստծուն՝ լիովին համոզված, որ նա իր սահմանած ժամանակին կազատի մեզ տառապանքներից։ Եթե Ամբակումի պես շարունակենք անկեղծորեն զրուցել Եհովայի հետ և լսել նրան, ինչպես նաև պատրաստ լինենք սպասելու Աստծուն, մեր սիրտը հանգիստ կլինի, ինչն էլ կօգնի տոկալ։ Հույսի շնորհիվ կկարողանանք համբերել և, չնայած բոլոր դժվարություններին, ուրախ մնալ։ Հույսը կամրացնի մեր վստահությունը, որ մեր երկնային Հայրը անպայման գործի կանցնի (Հռոմ. 12։12)։
13. Ի՞նչ հավաստիացում է տրված Ամբակում 2։3-ում։
13 Կարդա Ամբակում 2։3։ Եհովան անշուշտ ուրախ էր, որ Ամբակումը վճռել էր սպասել իրեն։ Ամենակարողը շատ լավ գիտեր, թե ինչի միջով է անցնում իր ծառան։ Դրա համար էլ Աստված ջերմ խոսքերով մխիթարեց իր մարգարեին՝ վստահեցնելով, որ շատ շուտով նա կստանա իր անկեղծ հարցերի պատասխանները և թեթևություն կզգա։ Եհովան, ըստ էության, ասաց Ամբակումին. «Դու միայն համբերիր ու վստահիր ինձ։ Ես կպատասխանեմ քո աղոթքներին, նույնիսկ եթե թվա, թե իմ պատասխանն ուշանում է»։ Աստված հիշեցրեց իր մարգարեին, որ արդեն որոշել է, թե կոնկրետ երբ է կատարելու իր խոստումները։ Ուստի հորդորեց նրան սպասել։ Դա անելով՝ Ամբակումը չէր հիասթափվի։
14. Դժվարությունների ժամանակ ի՞նչ պետք է անենք։
14 Եթե համբերությամբ սպասենք Եհովային և ուշադիր լսենք, թե ինչ է նա մեզ ասում, վստահությամբ կլցվենք և հանդարտ կլինենք՝ չնայած նեղություններին ու դժվարություններին։ Հիսուսը իր աշակերտներին քաջալերեց վստահել Եհովային ու չկենտրոնանալ «ժամանակների և ժամանակահատվածների» վրա, որոնք Աստված դեռ չի հայտնել (Գործ. 1։7)։ Ուստի եկեք չհանձնվենք, այլ խոնարհությամբ, հավատով ու համբերությամբ սպասենք Եհովային։ Դրա հետ մեկտեղ եկեք մնացած ժամանակը ճիշտ օգտագործենք՝ մեր բոլոր ուժերը ներդնելով ծառայության մեջ (Մարկ. 13։35–37; Գաղ. 6։9)։
ԱՊԱՎԻՆԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ԵՎ ԱՊՐԻՐ ՀԱՎԻՏՅԱՆ
15, 16. ա) Ի՞նչ խոստումներ են գրված «Ամբակում» գրքում։ բ) Այդ խոստումները կարդալով՝ ի՞նչ ենք սովորում։
15 Եհովան իրեն վստահող արդար մարդկանց խոստացել է. «Արդարն իր հավատարմության շնորհիվ կապրի»։ Բացի այդ, ասել է. «Երկիրը լիքն է լինելու Եհովայի փառքի մասին գիտելիքներով» (Ամբ. 2։4, 14)։ Այո՛, բոլոր նրանք, ովքեր համբերում և ապավինում են Աստծուն, հավիտենական կյանք կստանան։
16 Առաջին հայացքից գուցե թվա, թե Ամբակում 2։4-ում գրված խոստումը ընդհանուր ճշմարտություն է։ Սակայն այդ հավաստիացումը այնքան կարևոր է, որ Պողոս առաքյալը իր նամակներում երեք անգամ մեջբերել է այն (Հռոմ. 1։17; Գաղ. 3։11; Եբր. 10։38)։ Ուստի արդարը ինչ դժվարություններ էլ ունենա, եթե պահպանի իր հավատը և ապավինի Աստծուն, անշուշտ կտեսնի նրա խոստումների կատարումը։ Եհովան հորդորում է մեր աչքերը հառել ապագային։
17. «Ամբակում» գիրքը ի՞նչ հավաստիացում է տալիս։
17 Մենք՝ վերջին օրերում ապրողներս, «Ամբակում» գրքից կարևոր բան ենք սովորում։ Եհովան հավիտենական կյանք է խոստանում բոլոր արդարներին, ովքեր հավատում և ապավինում են իրեն։ Ուստի եկեք շարունակենք ամրացնել մեր հավատն ու վստահությունը՝ անկախ մեր ունեցած խնդիրներից և անհանգստություններից։ Ամբակումի միջոցով Եհովան հավաստիացնում է, որ կաջակցի ու կփրկի մեզ։ Սիրուց մղված՝ նա մեզ խնդրում է վստահել իրեն և համբերությամբ սպասել իր սահմանած ժամանակին, երբ կգա իր Թագավորությունը, և երկրի վրա կապրեն իր հեզ ու երջանիկ ծառաները (Մատթ. 5։5; Եբր. 10։36–39)։
ԱՊԱՎԻՆԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ԵՎ ՑՆԾԱ ՆՐԱՆՈՎ
18. Եհովայի խոսքերը ի՞նչ ազդեցություն ունեցան Ամբակումի վրա։
18 Կարդա Ամբակում 3։16–19։ Եհովայի խոսքերը մեծ ազդեցություն ունեցան Ամբակումի վրա։ Նա մտածեց Աստծու ահազդու գործերի մասին, որ անցյալում արել էր ի նպաստ իր ժողովրդի։ Դրա շնորհիվ նա Բարձրյալի հանդեպ ավելի մեծ վստահությամբ լցվեց։ Մարգարեն համոզվեց, որ Եհովան շուտով գործի կանցնի։ Դա մխիթարեց նրան, թեև նա գիտեր, որ իր տառապանքը դեռ որոշ ժամանակ կշարունակվի։ Ամբակումի կասկածները վերածվեցին խոր վստահության, որ Աստված կփրկի իրեն։ Նրա սիրտը ուրախությամբ լցվեց։ Նա այնպիսի խոսքեր ասաց, որոնք Աստծու հանդեպ վստահություն արտահայտող ամենահիշարժան խոսքերից են։ Որոշ աստվածաշնչագետներ կարծում են, որ 18-րդ համարը կարող է բառացիորեն հետևյալ կերպ թարգմանվել. «Տիրոջով ցնծալով՝ կթռչկոտեմ, Աստծով ուրախանալով՝ պտույտ կգամ»։ Ի՜նչ ազդեցիկ խոսքեր։ Եհովան ոչ միայն հրաշալի խոստումներ է տալիս, այլև հավաստիացնում է, որ հիմա իսկ քայլեր է ձեռնարկում իր նպատակն իրականացնելու համար։
19. Ինչպե՞ս կարող ենք Ամբակումի պես մխիթարվել։
19 «Ամբակում» գրքից սովորում ենք ապավինել Եհովային (Ամբ. 2։4)։ Դա կկարողանանք անել, եթե ամրացնենք նրա հետ ունեցած փոխհարաբերությունները։ Ինչպե՞ս։ 1) Անդադար աղոթելով ու Եհովային պատմելով մեր բոլոր խնդիրների ու մտահոգությունների մասին, 2) ականջ դնելով Աստծու Խոսքին և նրա կազմակերպությունից եկած բոլոր հրահանգներին, 3) հավատով ու համբերությամբ սպասելով նրան։ Ամբակումը հենց այդպես էլ վարվեց։ Թեև նա իր գիրքը սկսում է վիշտ արտահայտող խոսքերով, սակայն այն ավարտում է վստահություն արտահայտող ուրախ բացականչություններով։ Թող որ մենք էլ հետևենք նրա օրինակին և զգանք, թե մեր երկնային Հայրը ինչպես է ջերմորեն գրկում մեզ։ Այս խավար աշխարհում դրանից ավելի մեծ մխիթարություն չկա։