Աստվածաշնչի գիրք համար 36. Սոփոնիա
Գրողը՝ Սոփոնիա
Գրվելու վայրը՝ Հուդա
Գրության ավարտը՝ նախքան մ.թ.ա. 648թ.
1. ա) Սոփոնիայի պատգամն ինչո՞ւ էր ժամանակահարմար։ բ) Ի՞նչ իմաստով էր նրա անվան նշանակությունը համապատասխանում այդ օրերի իրավիճակին։
ՀՈՒԴԱՅԻ թագավոր Հովսիայի իշխանության սկզբներին (մ.թ.ա. 659–629թթ.), երբ երկրում քրմերի առաջնորդությամբ մեծ տարածում էր գտել Բահաղի երկրպագությունը, Երուսաղեմի ժողովուրդը պետք է որ ցնցված լիներ Սոփոնիա մարգարեի ազդարարած լուրից։ Թեև Սոփոնիան հավանաբար Հուդայի թագավորական տնից էր՝ Եզեկիա թագավորի հետնորդներից, նա խիստ քննադատության ենթարկեց երկրում տիրող վիճակը (Սոփ. 1։1, 4)։ Նրա լուրը աղետաբեր էր։ Ժողովուրդը չէր հնազանդվում Աստծուն։ Միայն Եհովան կարող էր վերականգնել մաքուր երկրպագությունը և օրհնել իր ազգին, որպեսզի նա «լավ անուն ունենար և գովասանքի արժանանար երկրի բոլոր ժողովուրդների մեջ» (3։20)։ Սոփոնիան գրեց, որ միայն Աստծու միջամտությամբ մարդը կկարողանա «ծածկված լինել Եհովայի բարկության օրը» (2։3)։ Որքա՜ն տեղին է նրա անունը (եբրայերեն՝ Ցեֆանյահ), որը նշանակում է «Եհովան ծածկել է (փայփայել է)»։
2. Սոփոնիայի ջանքերը ի՞նչ արդյունք բերեցին, և ինչո՞ւ էր դա ժամանակավոր։
2 Սոփոնիայի ջանքերն իզուր չէին։ Հովսիա թագավորը, որը գահ էր բարձրացել ութ տարեկանում, իր իշխանության 12-րդ տարում սկսեց «մաքրել Հուդան ու Երուսաղեմը»։ Նա արմատախիլ արեց կեղծ պաշտամունքը, վերանորոգեց «Եհովայի տունը» և վերահաստատեց Պասեքի տոնակատարությունը (2 Տար., գլ. 34, 35)։ Սակայն Հովսիայի բարեփոխումները կարճ տևեցին, քանի որ նրա հաջորդները՝ իր որդիներից երեքը և թոռներից մեկը, «չարիք գործեցին իրենց Աստված Եհովայի աչքում» (2 Տար. 36։1–12)։ Այդպիսով կատարվեցին Սոփոնիայի խոսքերը. «Ես ուշադրություն կդարձնեմ իշխաններին, թագավորի որդիներին և բոլոր նրանց.... ովքեր իրենց տերերի տունը լցնում են բռնությամբ ու խաբեությամբ» (Սոփ. 1։8, 9)։
3. Ե՞րբ և որտե՞ղ է մարգարեացել Սոփոնիան, և նրա գիրքն ինչպիսի՞ լուր է պարունակում։
3 Վերոհիշյալ տեղեկություններից կարելի է գալ այն եզրակացության, որ «Եհովայի խոսքը.... Սոփոնիային» հաղորդվել է Հովսիայի իշխանության 12-րդ տարում, այսինքն՝ մինչև մ.թ.ա. 648թ.։ Գրքի առաջին համարը ապացուցում է, որ Սոփոնիան մարգարեացել է Հուդայում։ Մարգարեն շատ լավ գիտեր Երուսաղեմն ու նրա սովորույթները, ինչը վկայում է այն մասին, որ նա ապրել է Հուդայում։ Գիրքը միաժամանակ թե՛ սպառնական, թե՛ մխիթարական լուր է պարունակում։ Հիմնականում այն կենտրոնանում է Եհովայի վերահաս ահեղ օրվա վրա, սակայն միևնույն ժամանակ նշում է, որ Եհովան վերադարձնելու է խոնարհ ժողովրդին, որոնց համար «Եհովայի անունը ապաստան կլինի» (1։1, 7–18; 3։12)։
4. Ի՞նչն է փաստում, որ «Սոփոնիա» գիրքը վավերական է և ներշնչված է Աստծուց։
4 Պատճառ չկա կասկածի ենթարկելու այս մարգարեական գրքի վավերականությունը։ Մ.թ.ա. 607թ.-ին՝ Սոփոնիայի մարգարեանալուց ավելի քան 40 տարի անց, Երուսաղեմը կործանվեց։ Այդ մասին միայն պատմությունը չէ, որ փաստում է։ Հենց Աստվածաշունչն է վկայում, որ դա տեղի է ունեցել ճիշտ այնպես, ինչպես մարգարեացել էր Սոփոնիան։ Երուսաղեմի ավերումից գրեթե անմիջապես հետո Երեմիան «Ողբ» գրքում նկարագրեց այն սարսափելի դեպքերը, որոնց ականատեսն էր եղել, և որոնք դեռ թարմ էին իր հիշողության մեջ։ Այս երկու գրքերից մի քանի հատվածների համեմատությունները ցույց են տալիս, որ Սոփոնիան իրոք մարգարեացել է Աստծու ներշնչմամբ։ Մարգարեն կոչ է անում զղջալու, «քանի դեռ ձեզ վրա Եհովայի բարկության օրը չի հասել», մինչդեռ Երեմիան խոսում է արդեն կատարված իրադարձության մասին՝ գրելով. «Եհովան.... թափեց իր բորբոքված բարկությունը» (Սոփ. 2։2; Ողբ 4։11)։ Սոփոնիան կանխագուշակում է, որ Եհովան «նեղության կմատնի մարդկանց, և նրանք կույրի պես ման կգան.... Նրանց արյունը փոշու պես կթափվի» (Սոփ. 1։17)։ Երեմիան նույն բանի մասին խոսում է անցյալ ժամանակով. «Կույրերի պես նրանք թափառեցին փողոցներում, պղծվեցին արյունով» (Ողբ 4։14; համեմատի՛ր նաև Սոփոնիա 1։13-ը Ողբ 5։2-ի հետ; Սոփոնիա 2։8, 10-ը Ողբ 1։9, 16 և 3։61-ի հետ)։
5. Պատմությունն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Սոփոնիայի մարգարեությունը ճշգրտորեն կատարվել է։
5 Բացի այդ, պատմությունը հաստատում է հեթանոս ազգեր մովաբացիների, ամմոնացիների, ինչպես նաև Ասորեստանի և նրա մայրաքաղաք Նինվեի կործանումը, ինչի մասին Աստծու հրահանգով մարգարեացել էր Սոփոնիան։ Ինչպես Նաումն էր մարգարեացել Նինվեի կործանման մասին (Նաում 1։1; 2։10), այնպես էլ Սոփոնիան հայտարարեց, որ Եհովան «ամայի կդարձնի Նինվեն, անապատի պես անջուր վայր» (Սոփ. 2։13)։ Դա իրոք լիակատար կործանում էր եղել, քանի որ 200 տարի էլ չէր անցել, երբ պատմիչ Հերոդոտոսը Տիգրիսի մասին հիշատակելիս գրեց. «Գետ, որի ափին մի ժամանակ կանգնած է եղել Նինվե քաղաքը»a։ Մ.թ. մոտ 150-ին հույն գրող Լուկիանոսը Նինվեի մասին նշեց, թե «հետք էլ չի մնացել նրանից»b։ Ըստ մի աստվածաշնչյան բառարանի՝ զավթիչներին «մեծապես օգնել էր Տիգրիսի ջրերի մակարդակի հանկարծակի բարձրացումը, ինչի հետևանքով քշվել-տարվել էր քաղաքի պարսպի մեծ մասը, ու տեղանքը դարձել էր անպաշտպան.... Նինվեն այնպես էր ավերվել, որ հունական ու հռոմեական ժամանակաշրջաններում այն արդեն գրեթե առասպել էր դարձել։ Մինչ օրս քաղաքը ավերակների կույտ է»c։ Նույն բառարանի 627-րդ էջում ասվում է, որ Մովաբը նույնպես կործանվել էր՝ մարգարեության համաձայն։ «Նաբուգոդոնոսորը հպատակեցրեց մովաբացիներին»,— կարդում ենք այդ աշխատության մեջ։ Իսկ Հովսեպոս Փլավիոսը գրում է Ամմոնի որդիների հպատակեցման մասինd։ Թե՛ մովաբացիները և թե՛ ամմոնացիները ժամանակի ընթացքում դադարեցին որպես ժողովուրդ գոյություն ունենալուց։
6. «Սոփոնիա» գիրքն ինչո՞ւ է ընդգրկված Աստվածաշնչի կանոնում։
6 Հրեաները «Սոփոնիա» գիրքը միշտ ներշնչված Սուրբ Գրքի կանոնի շարքում են դասել։ Եհովայի անունից արված ազդարարությունները, որոնք արձանագրված են գրքում, ուշագրավ կերպով կատարվել են՝ նպաստելով Եհովայի գերիշխանության արդարացմանը։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
7. Եհովայի մեծ օրը ի՞նչ կնշանակի իր թշնամիների համար։
7 Մոտ է Եհովայի օրը (1։1–18)։ Գիրքը սկսվում է ահարկու լուրով։ ««Ես անպատճառ երկրի երեսից բնաջինջ կանեմ ամեն ինչ»,– ասում է Եհովան» (1։2)։ Ոչ ոք չի փրկվի՝ ո՛չ մարդ, ո՛չ անասուն։ Բահաղի երկրպագուները, քրմերը, կտուրների վրա երկնքի զորքի առաջ խոնարհվողները, Եհովային մատուցվող երկրպագությունը Մեղքոմի երկրպագության հետ խառնողները, նրանք, ովքեր դադարում են Եհովային հետևելուց, և ովքեր չեն փնտրում նրան, բոլորը պետք է կործանվեն։ Մարգարեն հրաման է տալիս. «Լռե՛ք Գերիշխան Տեր Եհովայի առաջ, որովհետև մոտ է Եհովայի օրը» (1։7)։ Եհովան զոհ է պատրաստել։ Նա կխուզարկի ու կփնտրի իշխաններին, բռնություն գործողներին, խաբողներին և սրտով անտարբեր մարդկանց։ Նրանց հարստությունն ու ունեցվածքը կվերանան։ Մո՛տ է Եհովայի մեծ օրը։ «Ցասման օր է այդ օրը, նեղության ու տառապանքի օր, փոթորկի ու ավերման օր, մթության ու խավարի օր, ամպերի ու թանձր խավարի օր»։ Եհովայի դեմ մեղք գործողների արյունը փոշու պես կթափվի։ «Ո՛չ նրանց արծաթը և ո՛չ էլ նրանց ոսկին չեն կարողանա ազատել նրանց Եհովայի ցասման օրը»։ Նրա նախանձախնդրության կրակը կլափի ողջ երկիրը (1։15, 18)։
8. ա) Ինչպե՞ս է հնարավոր պաշտպանություն գտնել։ բ) Ի՞նչ վայեր են հայտարարվում ազգերի դեմ։
8 Փնտրեք Եհովային, ազգերը կործանվելու են (2։1–15)։ Քանի դեռ այդ օրը մղեղի պես չի անցել, «փնտրե՛ք Եհովային, ո՛վ երկրի բոլոր հեզեր.... որոնե՛ք արդարություն, որոնե՛ք հեզություն, գուցե ծածկված լինեք Եհովայի բարկության օրը» (2։3)։ Այնուհետև Եհովան վայ է հայտարարում փղշտացիների երկրին, որը հետագայում պետք է «Հուդայի տնից մնացածներինը լինի»։ Հպարտ Մովաբն ու Ամմոնը Սոդոմի ու Գոմորի պես ամայի կդառնան, «որովհետև նրանք նախատեցին Զորքերի Տեր Եհովայի ժողովրդին և մեծամտացան նրանց հանդեպ»։ Նրանց աստվածները կկործանվեն նրանց հետ (2։7, 10)։ Եհովայի «սուրը» կսպանի նաև եթովպացիներին։ Իսկ ի՞նչ կլինի հյուսիսում գտնվող Ասորեստանին ու նրա մայրաքաղաք Նինվեին։ Այն կդառնա անապատ և գազանների բնակատեղի, այո՛, «զարհուրելի տեսարան», այնպես որ, «ով որ անցնի նրա կողքով, կսուլի» զարմանքից (2։12, 15)։
9. ա) Ինչո՞ւ վայ է ազդարարվում Երուսաղեմին, և ի՞նչ դատավճիռ է Եհովան կայացրել ազգերի դեմ։ բ) Ի՞նչ ուրախալի լուրով է ավարտվում մարգարեությունը։
9 Ապստամբ Երուսաղեմից հաշիվ է պահանջվում, խոնարհ մնացորդը օրհնվում է (3։1–20)։ Վա՜յ նաև Երուսաղեմին՝ ապստամբ և հարստահարող քաղաքին։ Նրա իշխանները՝ «մռնչող առյուծները», ու նրա մարգարեները՝ «դավաճանները», չապավինեցին իրենց Աստված Եհովային։ Նա հաշիվ է պահանջելու։ Արդյոք Երուսաղեմի բնակիչները կվախենա՞ն Եհովայից ու խրատ կընդունե՞ն։ Ո՛չ, քանի որ նրանք «առանց վարանելու, ապականիչ գործեր են անում» (3։3, 4, 7)։ Եհովայի դատավճիռն այն է, որ հավաքի ազգերը ու նրանց վրա թափի իր ողջ բորբոքված բարկությունը։ Նրա նախանձախնդրության կրակը կլափի ողջ երկիրը։ Սակայն Եհովան հրաշալի խոստում է տալիս։ Նա «ժողովուրդներին մաքուր լեզու կտա, որպեսզի նրանք բոլորը կանչեն Եհովայի անունը և ուս ուսի ծառայեն նրան» (3։9)։ Ամբարտավանությամբ հրճվողները կհեռացվեն, իսկ խոնարհ մնացորդի համար, որը արդարությամբ է վարվում, Եհովայի անունը ապաստան կլինի։ Սիոնը կլցվի ուրախ բացականչություններով, հրճվանքով և ուրախությամբ, որովհետև Եհովան՝ Իսրայելի թագավորը, նրա մեջ է։ Վախենալու կամ թևաթափ լինելու ժամանակը չէ, քանի որ Եհովան կփրկի նրանց ու կցնծա՝ նրանց հանդեպ սեր ցուցաբերելով և նրանցով ուրախանալով։ ««Այնպես կանեմ, որ դուք լավ անուն ունենաք և գովասանքի արժանանաք երկրի բոլոր ժողովուրդների մեջ, երբ ձեր աչքի առաջ վերադարձնեմ ձեր գերիներին»,– ասում է Եհովան» (3։20)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
10. Սոփոնիայի մարգարեությունը ի՞նչ օգուտ բերեց Հովսիա թագավորի օրոք։
10 Հովսիա թագավորը ականջ դրեց Սոփոնիայի ազդարարությանը և արդյունքում մեծ օգուտներ քաղեց։ Նա կրոնական բարեփոխումներ կատարեց երկրում։ Այդ բարեփոխումների շնորհիվ գտնվեց նաև Օրենքի գիրքը, որը կորել էր, երբ Եհովայի տաճարը բարձիթողի վիճակում էր։ Հովսիան խորապես ազդվեց, երբ նրա համար ընթերցեցին այդ գրքից այն մասին, թե ինչ հետևանքներ էր ունենալու անհնազանդությունը։ Չէ՞ որ այդ գրքում մեկ ուրիշ վկայի՝ Մովսեսի բերանով հաստատվեց այն, ինչի մասին Սոփոնիան մարգարեացել էր ամբողջ ժամանակ։ Հովսիան իր անձը խոնարհեցրեց Աստծու առջև, և Եհովան խոստացավ, որ կանխագուշակված կործանումը նրա կենդանության օրոք չի լինի (2 Օրենք, գլ. 28–30; 2 Թագ. 22։8–20)։ Հուդայի երկիրը խույս տվեց իրեն սպասող աղետից, սակայն կարճ ժամանակով. Հովսիայի որդիները չհետևեցին իրենց հոր թողած լավ օրինակին։ Բայց քանի որ Հովսիա թագավորն ու նրա ժողովուրդը ուշադրություն դարձրին «Եհովայի խոսքին», որը եղավ Սոփոնիային, մեծ օգուտներ ստացան (Սոփ. 1։1)։
11. ա) Ի՞նչ նման խորհուրդներ կան «Սոփոնիա» գրքում, Լեռան քարոզում և եբրայեցիներին ուղղված Պողոսի նամակում։ բ) Ինչո՞ւ է Սոփոնիան ասում՝ «գուցե ծածկված լինեք»։
11 Իր հայտնի Լեռան քարոզում մեծագույն մարգարե Հիսուս Քրիստոսը հաստատեց, որ Սոփոնիան Աստծու ճշմարիտ մարգարեն էր՝ ասելով մի միտք, որը անչափ նման է «Սոփոնիա» գրքի 2-րդ գլխի 3-րդ համարում տրված խորհրդին. «Փնտրե՛ք Եհովային, ո՛վ երկրի բոլոր հեզեր.... որոնե՛ք արդարություն, որոնե՛ք հեզություն»։ Հիսուսը հորդորեց. «Ուրեմն շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել» (Մատթ. 6։33)։ Նրանք, ովքեր նախ Աստծու Թագավորությունն են փնտրում, զգույշ պետք է լինեն անտարբեր դառնալուց, ինչի մասին զգուշացրեց Սոփոնիան, երբ խոսեց նրանց մասին, «ովքեր դադարում են Եհովային հետևելուց և ովքեր չեն փնտրում Եհովային ու չեն հարցնում նրան», ինչպես նաև նրանց մասին, ովքեր իրենց սրտում ասում են. «Եհովան ո՛չ բարիք է անում, ո՛չ չարիք» (Սոփ. 1։6, 12)։ Եբրայեցիներին ուղղված նամակում Պողոսը նույնպես խոսեց դատաստանի վերահաս օրվա մասին և զգուշացրեց, որ կարևոր է չնահանջել։ Նա գրեց. «Սակայն մենք նահանջողներից չենք, ովքեր իրենց վրա կործանում են բերում, այլ հավատ ունենք՝ մեր հոգին կենդանի պահելու համար» (Եբր. 10։30, 37–39)։ Ասելով «գուցե ծածկված լինեք Եհովայի բարկության օրը»՝ մարգարեն դիմում է ոչ թե վախկոտներին կամ անշնորհակալներին, այլ այն մարդկանց, ովքեր, խոնարհություն ու ջանասիրություն դրսևորելով, հավատով փնտրում են Եհովային։ Իսկ ինչո՞ւ «գուցե»։ Որովհետև վերջնական փրկությունը կախված է անհատի բռնած ընթացքից (Մատթ. 24։13)։ Դա նաև հիշեցում է այն մասին, որ չի կարելի չարաշահել Աստծու ողորմածությունը։ Սոփոնիայի մարգարեությունը ոչ մի կասկած չի թողնում, որ Տիրոջ օրը հանկարծակի է գալու և անակնկալի է բերելու նրանց, ովքեր չեն սպասում դրան (Սոփ. 2։3; 1։14, 15; 3։8)։
12. Քաջ լինելու համար ի՞նչ հիմք է տալիս Սոփոնիան նրանց, ովքեր «փնտրում են Եհովային»։
12 Այսպիսով՝ «Սոփոնիա» գիրքը կործանման լուր է նրանց համար, ովքեր մեղք են գործում Աստծու դեմ, և հակառակը՝ օրհնությունների վառ հեռանկար է խոստանում նրանց, ովքեր զղջում են և «փնտրում են Եհովային»։ Վերջիններս կարող են սրտապնդվել, քանի որ, ինչպես ասում է Սոփոնիան, «Իսրայելի թագավորը՝ Եհովան, քո մեջ է»։ Ժամանակը չէ, որ Սիոնը երկյուղի կամ էլ թևաթափ լինի։ Ժամանակն է ապավինել Եհովային։ «Որպես հզոր՝ նա կփրկի։ Նա բերկրությամբ կցնծա քեզնով, քո հանդեպ սեր ցուցաբերելով՝ անդորր կգտնի։ Նա կուրախանա քեզնով ու հրճվանքով կբացականչի»։ Երջանիկ են նրանք, ովքեր նախ Աստծու Թագավորություն են փնտրում՝ սպասելով նրա սիրառատ պաշտպանությանն ու հավիտենական օրհնություններին (3։15–17)։
[ծանոթագրություններ]
a «Մըքքլինթոքի և Սթրոնգի հանրագիտարան», 1981թ. վերահրատարակություն, հատ. VII, էջ 112 (անգլ.)։
b «Աստվածներ, դամբարաններ, գիտնականներ», Կ. Կերամ, 1971, էջ 298։
c «The New Westminster Dictionary of the Bible», 1970, էջ 669։
d «Հրեական հնախոսություն» X, 181, 182 (ix, 7)։