Եհովայի վերականգնած ժողովուրդը գովաբանում է նրան ամբողջ աշխարհում
«Ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ, որ ամենքը կանչեն Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] անունը» (Սոփոնիա 3։9)։
1. Ինչո՞ւ իրականացվեցին Հուդայի և մյուս ժողովուրդների վերաբերյալ դատաստանական ուղերձները։
Ի՜ՆՉ հուժկու դատաստանական ուղերձներ է Եհովան ներշնչել Սոփոնիային՝ մարդկանց հաղորդելու համար։ Դատապարտության այդ խոսքերը իրականացան Հուդայի և նրա մայրաքաղաք Երուսաղեմի վրա, քանի որ ժողովուրդն ու նրա առաջնորդները՝ որպես մեկ ամբողջություն, չէին կատարում Եհովայի կամքը։ Հարևան ժողովուրդների՝ փղշտացիների, մովաբացիների և ամմոնացիների վրա նույնպես թափվելու էր Աստծո ցասումը։ Ինչո՞ւ. Եհովայի ժողովրդի հանդեպ նրանց դարավոր, դաժանությամբ լի թշնամության պատճառով։ Այդ նույն պատճառով ժամանակին համաշխարհային տերություն հանդիսացող Ասորեստանը ավերվելու էր և այլևս չէր վերականգնվելու։
2. Ո՞ւմ էին, հավանաբար, ուղղված Սոփոնիա 3։8 խոսքերը։
2 Սակայն հին Հուդայում կային մարդիկ, որոնց սրտերն ուղիղ էին տրամադրված Աստծո հանդեպ։ Նրանք անհամբեր սպասում էին աստվածային դատաստանին՝ ընդդեմ ամբարիշտների, և, հավանաբար, հենց այդ մարդկանց էին ուղղված հետևյալ խոսքերը. «Ինձ սպասեցէք, ասում է Տէրը, մինչեւ իմ որսի վեր կենալու օրը. որովհետեւ իմ իրաւունքն է ազգերը ժողովել, թագաւորութիւնները հաւաքել, որ նորանց վերայ թափեմ իմ ցասումը՝ իմ բարկութեան բոլոր բորբոքումը. որովհետեւ իմ նախանձի կրակովը պիտի սպառուի բոլոր երկիրը» (Սոփոնիա 3։8)։
«Մաքուր շրթունքներ». ո՞ւմ համար
3. Հույսի ի՞նչ ուղերձ էր ներշնչվել Սոփոնիային՝ մարդկանց հաղորդելու համար։
3 Այո՛, Սոփոնիան ազդարարում էր Եհովայի դատաստանական ուղերձները։ Սակայն մարգարեին ներշնչվել էին նաև հիանալի հույսի ուղերձներ. հույս, որն անչափ մխիթարական էր լինելու նրանց համար, ովքեր կշարունակեին հավատարիմ մնալ Եհովային։ Ինչպես գրված է Սոփոնիա 3։9–ում, Եհովա Աստված հայտարարել է. «Այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ, որ ամենքը կանչեն Տիրոջ անունը նորան համամտաբար [«մէկ սրտով», Արևմտ. Աստ.] ծառայելու համար»։
4, 5. ա) Ի՞նչ էր պատահելու անօրեններին։ բ) Ովքե՞ր էին դրանից օգուտ քաղելու և ինչո՞ւ։
4 Լինելու էին մարդիկ, որոնց «մաքուր շրթունքներ» չէին տրվելու։ Մարգարեությունը նրանց մասին ասում է. «Քու հպարտութիւնովդ զուարճացողները քու մէջէդ պիտի վերցնեմ» (Սոփոնիա 3։11, Արևմտ. Աստ.)։ Ուրեմն, հպարտները, որոնք անտեսում էին Աստծո օրենքներն ու անօրենություն գործում, վերացվելու էին։ Իսկ ո՞ւմ էր դա օգուտ բերելու։ Սոփոնիա 3։12, 13–ում կարդում ենք. «Քո միջումը պիտի մնացորդ թողեմ մի խոնարհ եւ աղքատ [«հեզ», ԷԹ] ժողովուրդ, եւ նորանք պիտի յուսան Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] անուանը։ Իսրայէլի մնացորդը անօրէնութիւն չեն անելու, եւ սուտ չեն խօսելու, եւ նորանց բերանումը խաբեբայութեան լեզու չի գտնուելու, որովհետեւ նորանք պիտի արածեն եւ մակաղեն, եւ վախեցնող չի լինիլ»։
5 Օգուտ էր քաղելու հին Հուդայում ապրող Աստծո ժողովրդի հավատարիմ մնացորդը։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք ներդաշնակ էին գործել հետևյալ խոսքերի հետ. «Խնդրեցէք [«փնտռեցէ՛ք», Արևմտ. Աստ.] Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում էք նորա իրաւունքը, որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն, գուցէ ծածկուած պահուիք Տիրոջ բարկութեան օրը» (Սոփոնիա 2։3)։
6. Ի՞նչ տեղի ունեցավ Սոփոնիայի մարգարեության առաջին կատարման ժամանակ։
6 Սոփոնիայի մարգարեության առաջին կատարման ժամանակ Աստված պատժեց հավատադրուժ Հուդային՝ մ.թ.ա. 607–ին թույլ տալով, որ բաբելոնական աշխարհակալ ուժը տիրեր երկրին ու գերեվարեր ժողովրդին։ Ոմանք, ներառյալ Երեմիա մարգարեն, փրկվեցին, մյուսներն էլ, գերության մեջ գտնվելով հանդերձ, Եհովայի հանդեպ իրենց հավատարմությունը պահեցին։ Մ.թ.ա. 539–ին Բաբելոնը կործանվեց Կյուրոս թագավորի մարա–պարսկական զորքերի կողմից։ Մոտավորապես երկու տարի անց Կյուրոսը հրովարտակ արձակեց, համաձայն որի գերության մեջ գտնվող հրեաների մնացորդը կարող էր վերադառնալ հայրենիք։ Ժամանակի ընթացքում Երուսաղեմի տաճարը վերակառուցվեց, և քահանաները կրկին իրենց գործն էին կատարում՝ ժողովրդին սովորեցնում էին Օրենքը (Մաղաքիա 2։7)։ Քանի դեռ վերականգնված մնացորդը հավատարիմ էր մնում՝ Եհովան հաջողություն էր տալիս նրան։
7, 8. Ո՞ւմ են վերաբերում Սոփոնիա 3։14–17 մարգարեական խոսքերը, և ինչո՞ւ եք այդպես պատասխանում։
7 Նրանց մասին, ովքեր իրենց աչքերով տեսնելու էին այդ վերականգնումը, Սոփոնիան կանխագուշակել էր. «Ցնծա, ով Սիօնի աղջիկ, աղաղակիր, ով Իսրայէլ. ուրախացիր ու զուարճացիր բոլոր սրտով, ով Երուսաղէմի աղջիկ։ Տէրը վեր առաւ քո դատաստանները. նա վռնտել է քո թշնամիին, Իսրայէլի թագաւորը՝ Տէրը քո միջումն է, այլ եւս չարիք չես տեսնելու։ Այն օրը Երուսաղէմին պիտի ասուի. Մի վախենար. ով Սիօն, ձեռքերդ չ’թուլանան։ Քո Տէր Աստուածը քո միջումը զօրաւոր է, նա փրկում է, նա պիտի ուրախանայ քեզ վերայ զուարճութեամբ, նա պիտի լռէ իր սիրովը, եւ պիտի ցնծայ քեզ վերայ խնդալով» (Սոփոնիա 3։14–17)։
8 Այս մարգարեական խոսքերը վերաբերում են այն մնացորդին, որը դուրս եկավ Բաբելոնի գերությունից ու վերադարձավ հայրենի երկիր։ Սա հստակ երևում է Սոփոնիա 3։18–20 խոսքերից, որտեղ կարդում ենք. «Հանդիսաւոր տօների մասին տրտմածներին պիտի ժողովեմ, նորանք քեզանից են. նորանց վերայ բեռ է նախատինքը։ Ահա ես այն ժամանակ պիտի գործեմ քո բոլոր նեղիչների հետ, եւ կաղին պիտի ազատեմ, եւ աքսորուածին պիտի ժողովեմ, եւ նորանց գովասանք եւ անուանի պիտի անեմ, նորանց նախատինքի բոլոր երկրումը։ Այն ժամանակ ձեզ պիտի բերեմ, եւ այն ժամանակ ձեզ պիտի ժողովեմ. որովհետեւ ձեզ անուանի եւ գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդներումը, երբոր ետ կ’դարձնեմ ձեր գերութիւնը ձեր աչքի առաջին, ասում է Տէրը»։
9. Ինչպե՞ս Եհովան փառավորեց իր անունը՝ կապված Հուդայի հետ։
9 Երևակայեցե՜ք, թե ինչպես էին ապշահար եղել Աստծո ժողովրդին շրջապատող թշնամի ազգերը։ Հզոր Բաբելոնը գերել էր Հուդայի բնակիչներին, որոնք գերությունից երբևէ ազատվելու հույս չունեին։ Ավելին, նրանց երկիրը անմարդաբնակ էր դարձել։ Սակայն Աստծո զորությամբ՝ 70 տարի անց նրանք վերադարձան հայրենիք, մինչդեռ թշնամի ժողովուրդներին կործանում էր սպասում։ Ինչպե՜ս փառավորեց Եհովան իր անունը՝ ետ բերելով հավատարիմ մնացորդին։ Նա նրանց ‘անվանի և գովելի արեց բոլոր ժողովուրդներում’։ Ինչպե՜ս այդ վերականգնումը նպաստեց Եհովայի ու նրա անունը կրողների գովքին։
Եհովայի երկրպագությունը՝ վեհացված
10, 11. Ե՞րբ պետք է վերականգնման մասին Սոփոնիայի մարգարեության ավելի մեծ կատարումը տեղի ունենար, և որտեղի՞ց է դա մեզ հայտնի։
10 Մեկ ուրիշ վերականգնում տեղի ունեցավ մ.թ. 1–ին դարում, երբ Հիսուս Քրիստոսը հավաքեց Իսրայելի մնացորդին ճշմարիտ երկրպագության մեջ։ Դա նախատիպն էր այն բանի, որը դեռ պետք է տեղի ունենար, այսինքն՝ վերականգնման ավելի մեծ կատարումն առջևում էր։ Միքիայի մարգարեության մեջ ասվում է. «Վերջի օրերը պիտի լինի որ Տիրոջ տան սարը հաստատուն պիտի լինի սարերի գլխին, եւ բարձր պիտի լինի բլուրներից, եւ ժողովուրդները հոսելով նորա մօտ պիտի գնան» (Միքիա 4։1)։
11 Ե՞րբ էր դա տեղի ունենալու։ Ինչպես մարգարեության մեջ է ասվում՝ «վերջի օրերում» (Բ Տիմոթէոս 3։1)։ Դա տեղի էր ունենալու նախքան իրերի ներկա համակարգի վախճանը, երբ ազգերը դեռ երկրպագելիս կլինեին կեղծ աստվածներին։ Միքիա 4։5–ում ասվում է. «Բոլոր ժողովուրդները՝ իւրաքանչիւրն իր աստուծոյ անունովն է գնում»։ Բայց ի՞նչ կարելի է ասել ճշմարիտ երկրպագուների մասին։ Միքիայի մարգարեությունը պատասխանում է.«Իսկ մենք մեր Տէր [«Եհովա», ՆԱ] Աստուծոյ անունովը պիտի գնանք, յաւիտեանս յաւիտենից»։
12. Ինչպե՞ս է ճշմարիտ երկրպագությունը վեր խոյացել այս վերջին օրերում։
12 Ուստի, այս վերջին օրերում ‘Տիրոջ տան սարը հաստատուն է դարձել սարերի գլխին’։ Եհովայի բարձրաբարձր ճշմարիտ պաշտամունքը վերականգնվել է, ամուր կերպով հաստատվել ու բարձր է կանգնած մյուս բոլոր կրոններից։ Միքիայի մարգարեության մեջ նաև ասվում է, որ «ժողովուրդները հոսելով նորա մօտ պիտի գնան»։ Եվ նրանք, ովքեր դավանում են ճշմարիտ կրոնը, ‘իրենց Եհովա Աստծո անունով պիտի գնան, հավիտյանս հավիտենից’։
13, 14. Ե՞րբ է այս աշխարհը մտել «վերջի օրերի» փուլը, և այդ ժամանակից սկսած՝ ճշմարիտ երկրպագության առնչությամբ ի՞նչ է տեղի ունենում։
13 Ի կատարումն աստվածաշնչյան մարգարեությունների՝ իրադարձությունները ցույց են տալիս, որ 1914 թ.–ին այս աշխարհը մտել է իր «վերջին օրերի» փուլը (Մարկոս 13։4–10)։ Պատմությունը վկայում է, որ Եհովան սկսել է հավաքել օծյալների հավատարիմ մնացորդին, որոնք երկնային հույս են փայփայում։ Դրան հետևել է «մեծ բազմության» հավաքումը՝ «ամեն ազգից եւ ցեղերից, եւ ժողովուրդներից եւ լեզուներից». նրանք, ովքեր հույս են տածում հավիտյան ապրել երկրի վրա (Յայտնութիւն 7։9, ԱԹ)։
14 Սկսած Առաջին համաշխարհային պատերազմից մինչև այսօր՝ Եհովային տրվող երկրպագությունը, որը կատարվում է իր անունը կրողների կողմից, նրա ղեկավարության ներքո մեծ քայլերով առաջ է ընթացել։ Այդ պատերազմից հետո Եհովայի երկրպագուների թիվը մի քանի հազարից աճել է մինչև մոտ վեց միլիոնի, որոնք կազմում են մոտավորապես 91 000 ժողովներ 235 երկրներում։ Ամեն տարի Թագավորության այս քարոզիչները ավելի քան մեկ միլիարդ ժամ են տրամադրում Աստծո հրապարակավ փառաբանմանը։ Հստակ է, որ Եհովայի այս վկաները հենց նրանք են, ովքեր իրականացնում են Հիսուսի մարգարեական խոսքերը. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը» (Մատթէոս 24։14)։
15. Ինչպե՞ս է Սոփոնիա 2։3–ը կատարվում մեր օրերում։
15 Սոփոնիա 3։17–ում ասվում է. «Քո Տէր Աստուածը քո միջումը զօրաւոր է, նա փրկում է»։ Այն հոգևոր բարգավաճումը, որ Եհովայի ծառաները վայելում են այս վերջին օրերում, անմիջական արդյունքն է հանդիսանում այն բանի, որ Եհովան ‘իրենց միջում’ է՝ որպես ամենազոր Աստված։ Այսօր տեղի է ունենում նույնը, ինչ որ կատարվել էր մ.թ.ա. 537–ին, այսինքն՝ երբ վերականգնվեց հին Հուդան։ Այսպիսով՝ կարող ենք տեսնել, թե ինչպես է Սոփոնիա 2։3–ի «Տէրը փնտռեցէ՛ք, ո՛վ երկրի բոլոր խոնարհներ» խոսքը իր գլխավոր կատարումն ունենում մեր օրերում (Արևմտ. Աստ.)։ Մ.թ.ա. 537–ին «բոլորը» ընդգրկում էր հրեաների այն մնացորդը, որը վերադարձել էր բաբելոնյան գերությունից։ Այսօր մնացորդը ներկայացնում են աշխարհի բոլոր ազգերից դուրս եկած այն խոնարհները, ովքեր բարյացակամորեն են արձագանքում Թագավորության քարոզչության աշխարհածավալ գործին և «հոսում» են դեպի Եհովայի «տան սարը»։
Ճշմարիտ երկրպագությունը բարգավաճում է
16. Հավանաբար, ինչպե՞ս են արձագանքում մեր թշնամիները՝ տեսնելով Եհովայի ժամանակակից ծառաների բարգավաճումը։
16 Մ.թ.ա. 537–ին շրջապատող ժողովուրդներից շատերը ապշահար եղան, երբ Աստծո ծառաները վերադարձան հայրենիք ու վերականգնեցին ճշմարիտ երկրպագությունը։ Ինչևէ, այդ վերականգնումը տեղի ունեցավ հարաբերականորեն փոքր մասշտաբով։ Պատկերացնո՞ւմ եք, թե այժմ ինչ են ասում ոմանք, նույնիսկ Աստծո ժողովրդի թշնամիները՝ տեսնելով Եհովայի ժամանակակից ծառաների զարմանալի աճը, բարգավաճումը և առաջադիմությունը։ Շատ հավանական է, որ նրանցից ոմանք զգում են այն, ինչ որ զգում էին փարիսեցիները՝ տեսնելով, թե մարդիկ ինչպես են գնում Հիսուսի ետևից։ Այն ժամանակ նրանք բացականչել էին. «Ահաւասիկ ամբողջ աշխարհը նրա ետեւից գնաց» (Յովհաննէս 12։19)։
17. Մի հեղինակ ի՞նչ է ասել Եհովայի վկաների մասին, և ի՞նչ աճ են նրանք ունեցել։
17 Պրոֆեսոր Չարլզ Բրեյդենը իր «Նրանք նույնպես հավատում են» գրքում գրել է. «Եհովայի վկաները բառացիորեն լցրել են երկիրը իրենց քարոզչությամբ։ Չենք սխալվի, եթե ասենք, որ երկրագնդի ոչ մի կրոնական խումբ ցույց չի տալիս այնպիսի նախանձախնդրություն և հաստատակամություն Թագավորության բարի լուրի տարածման գործում, ինչպիսին ցույց են տալիս Եհովայի վկաները։ Նրանց շարքերը, ամենայն հավանականությամբ, ավելի կստվարանան»։ Որքա՜ն իրավացի էր նա։ Հիսուն տարի առաջ, երբ նա գրեց այս խոսքերը, ամբողջ աշխարհում մոտ 300 000 Վկա էր քարոզում։ Ի՞նչ կասեր նա այսօր, երբ մոտ 20 անգամ ավելի շատ՝ մոտավորապես վեց միլիոն քարոզիչներ են տարածում բարի լուրը։
18. Ի՞նչ են իրենցից ներկայացնում «մաքուր շրթունքները», և ո՞ւմ է Աստված դրանք տվել։
18 Իր մարգարեի միջոցով Աստված խոստացել է. «Ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ, որ ամենքը կանչեն Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] անունը նորան համամտաբար [«մէկ սրտով», Արևմտ. Աստ.] ծառայելու համար» (Սոփոնիա 3։9)։ Այս վերջին օրերում Եհովայի վկաներն են, որ կանչում են Եհովայի անունը ու «մէկ սրտով» ծառայում նրան՝ միացած սիրո անխզելի կապով։ Նրանց է, որ Եհովան «մաքուր շրթունքներ» է տվել։ «Մաքուր շրթունքներով» խոսելն այն է, որ ըմբռնենք Աստծո ու նրա նպատակների մասին ճշմարտությունը։ Այդ հասկացողությունը միայն Եհովան է տալիս իր սուրբ ոգու միջոցով (Ա Կորնթացիս 2։10)։ Ո՞ւմ է նա տվել իր ոգին։ Միայն «իրեն [«որպես իշխանի», ՆԱ] հնազանդուողներին» (Գործք 5։32)։ Եհովայի վկաները միակն են, որ պատրաստ են ամեն ինչում հնազանդվել Աստծուն՝ որպես Իշխանի։ Ահա թե ինչու են նրանք ստանում Աստծո ոգին և խոսում մաքուր շրթունքներով, այսինքն՝ պատմում են ճշմարտությունն Աստծո և նրա սքանչելի նպատակների մասին։ Մաքուր շրթունքներով փառաբանելով Աստծուն՝ նրանց գովաբանության ձայնը հասնում է երկրագնդի բոլոր անկյունները։
19. Ի՞նչ է իր մեջ ներառում մաքուր շրթունքներով խոսելը։
19 Մաքուր շրթունքներով խոսելը ներառում է իր մեջ ոչ միայն ճշմարտությանը հավատալն ու այն ուրիշներին սովորեցնելը, այլև Աստծո օրենքներին ու սկզբունքներին ներդաշնակ վարք ունենալը։ Օծյալ քրիստոնյաները առաջնորդություն են վերցրել՝ Եհովային փնտրելու և մաքուր շրթունքներով խոսելու մեջ։ Պատկերացրեք, թե ի՜նչ գործեր են կատարվել։ Չնայած օծյալների թիվը նվազել է (8 700–ից էլ քիչ), գրեթե վեց միլիոն մարդ ընդօրինակում է նրանց հավատը՝ փնտրելով Եհովային ու խոսելով մաքուր շրթունքներով։ Այդ մարդիկ, որոնց թիվը գնալով աճում է, կազմում են բոլոր ազգերից հավաքված այն մեծ բազմությունը, որը հավատ է ընծայում Հիսուսի քավիչ զոհաբերությանը, սուրբ ծառայություն է մատուցում Աստծուն նրա հոգևոր տաճարի երկրային գավիթում ու վերապրելու է «մեծ նեղությունը», որը շուտով վրա կհասնի այս անօրեն աշխարհի վրա (Յայտնութիւն 7։9, 14, 15)։
20. Ի՞նչ է սպասում օծյալ հավատարիմներին և նրանց, ովքեր մեծ բազմությունն են կազմում։
20 Մեծ բազմությունը առաջնորդվելու է դեպի Աստծո արդար նոր աշխարհը (Բ Պետրոս 3։13)։ Հիսուս Քրիստոսը և 144 000 օծյալները, որոնք հարություն են առնում երկնային կյանքի՝ նրա հետ միասին ծառայելու որպես թագավորներ ու քահանաներ, կկազմեն երկրի նոր կառավարությունը (Հռովմայեցիս 8։16, 17; Յայտնութիւն 7։4; 20։6)։ «Մեծ նեղությունը» վերապրողները երկիրը դրախտի են վերածելու և շարունակելու են խոսել Աստծո կողմից տրված մաքուր շրթունքներով։ Հետևյալ խոսքերը, ընդհանուր առմամբ, նրանց է վերաբերում. «Քո բոլոր որդիքը [և, իհարկե, դստրերը] Տէրից ուսուած պիտի լինեն, եւ շատ պիտի լինի քո որդկանց խաղաղութիւնը։ Արդարութիւնով պիտի հաստատուիս» (Եսայիա 54։13, 14)։
Պատմության մեջ մեծագույն կրթական գործը
21, 22. ա) Ինչպես մատնանշվում է Գործք 24։15–ում, ո՞ւմ է անհրաժեշտ լինելու սովորել մաքուր շրթունքներով խոսել։ բ) Ի՞նչ չտեսնված կրթական աշխատանք է կատարվելու երկրի վրա Թագավորության իշխանության օրոք։
21 Գործք 24։15–ում խոսվում է մի ստվար խմբի մասին, որին հնարավորություն կտրվի սովորել, թե ինչպես խոսել մաքուր շրթունքներով նոր աշխարհում։ Այնտեղ ասվում է. «Յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների»։ Անցյալում միլիարդավոր մարդիկ ապրել են ու մահացել՝ այդպես էլ Եհովայի մասին ճշգրիտ գիտություն չստանալով։ Աստված կազմակերպված ձևով նրանց հարություն է տալու, և նրանք կարիք են ունենալու սովորել մաքուր շրթունքներով խոսել։
22 Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է լինելու այդ մեծ կրթական աշխատանքին մասնակցելը։ Դա կլինի մարդկության պատմության մեջ եղած մեծագույն կրթական ձեռնարկումը։ Այդ ամենը կիրագործվի թագավորական զորությամբ օժտված Հիսուս Քրիստոսի բարերար կառավարման օրոք։ Արդյունքում՝ մարդկությունը, վերջիվերջո, կտեսնի այն խոսքերի իրականացումը, որոնք գրված են Եսայիա 11։9–ում. «Երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը»։
23. Ինչո՞ւ կարելի է ասել, որ մեծ առանձնաշնորհում ունենք՝ որպես Եհովայի ժողովուրդ։
23 Ի՜նչ առանձնաշնորհյալ դիրքում ենք մենք գտնվում այս վերջին օրերում՝ նախապատրաստվելով դիմավորելու այն սքանչելի ժամանակը, երբ Եհովայի գիտությունն իսկապես կլցնի երկիրը։ Եվ հենց այսօր ինչպիսի՜ առանձնաշնորհում է լինել Աստծո ժողովրդի մեջ, որի վրա փառահեղ կերպով իրականանում են Սոփոնիա 3։20–ում նշված մարգարեական խոսքերը։ Այդ խոսքերում Եհովան մեզ վստահեցնում է. «Ձեզ անուանի եւ գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդներումը»։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ կատարումներ է ունեցել վերականգնման մասին Սոփոնիայի մարգարեությունը։
• Ինչպե՞ս է ճշմարիտ երկրպագությունը բարգավաճում այս վերջին օրերում։
• Ի՞նչ մեծ կրթական գործ է կատարվելու նոր աշխարհում։
[նկար 25–րդ էջի վրա]
Եհովայի ժողովուրդը հայրենիք վերադարձավ մաքուր երկրպագությունը վերականգնելու համար։ Գիտե՞ք, թե այս ամենն ինչ է նշանակում այսօր
[նկարներ 26–րդ էջի վրա]
Խոսելով «մաքուր շրթունքներով»՝ Եհովայի վկաները մարդկանց հաղորդում են Աստվածաշնչի մխիթարիչ լուրը