Եհովայի դատաստանի օրը մո՛տ է
«Մօտ է Տիրոջ մեծ օրը, մօտ է եւ շատ շտապում է» (Սոփոնիա 1։14)։
1. Ինչի՞ մասին նախազգուշացրեց Աստված Սոփոնիայի միջոցով։
ԵՀՈՎԱ Աստված մտադիր է գործի անցնել չարի դեմ։ Լսեցե՛ք։ Ահա նրա նախազգուշացումը. «Բնաջինջ պիտի անեմ մարդն.... պիտի փչացնեմ մարդը երկրի երեսից» (Սոփոնիա 1։3)։ Գերիշխան Տեր Եհովայի այս խոսքերն արտահայտել է Սոփոնիա մարգարեն, որը, հավանաբար, հավատարիմ թագավոր Եզեկիայի թոռան թոռն էր։ Այդ ազդարարությունը, որն արվել էր բարի թագավոր Հովսիայի օրերում, լավ բան չէր խոստանում Հուդայում ապրող ամբարիշտներին։
2. Ինչո՞ւ Հովսիայի գործողությունները չէին կարող կանխել Եհովայի դատաստանի օրը։
2 Սոփոնիայի մարգարեանալը, անշուշտ, ավելի նպաստեց, որ երիտասարդ Հովսիան գիտակցի պիղծ պաշտամունքից Հուդան մաքրելու անհրաժեշտությունը։ Սակայն, կեղծ կրոնից երկիրը մաքրելուն ուղղված թագավորի ջանքերը ժողովրդի միջից արմատախիլ չարեցին չարությունը, ոչ էլ քավեցին իր պապի՝ Մանասե թագավորի մեղքերը, որը «Երուսաղէմը լցրել էր անմեղ արիւնով» (Դ Թագաւորաց 24։3, 4; Բ Մնացորդաց 34։3)։ Ուստի, Եհովայի դատաստանի օրը անպայման գալու էր։
3. Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Եհովայի «բարկութեան օրը» հնարավոր է վերապրել։
3 Բայց այդ ահասարսուռ օրը վերապրողներ էին լինելու։ Այդ պատճառով էլ Աստծո մարգարեն հորդորում էր. «Դեռ որոշումը չ’ծնած, օրը մղեղի պէս է անցնում, դեռ Տիրոջ բորբոքած բարկութիւնը ձեզ վերայ չ’եկած, դեռ Տիրոջ բարկութեան օրը ձեզ վերայ չ’եկած։ Խնդրեցէք Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում էք նորա իրաւունքը, որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն, գուցէ ծածկուած պահուիք Տիրոջ բարկութեան օրը» (Սոփոնիա 2։2, 3)։ Մտքում պահելով Եհովայի դատաստանի օրը վերապրելու հույսը՝ եկեք քննության առնենք Աստվածաշնչի «Սոփոնիայի մարգարէութիւնը» գիրքը։ Այս գիրքը գրվել է Հուդայում՝ մինչև մ.թ.ա. 648 թ.–ը, և Աստծո ‘մարգարեական խոսքի’ մի մասն է հանդիսանում, որը պետք է արժանանա մեր բոլորիս համակ ուշադրությանը (Բ Պետրոս 1։19)։
Եհովան մեկնում է իր ձեռքը
4, 5. Ինչպե՞ս Սոփոնիա 1։1–3-ը ի կատար ածվեց Հուդայում ապրող ամբարիշտների նկատմամբ։
4 «Տիրոջ խօսքը»՝ ուղղված Սոփոնիային, սկսվում է վերոհիշյալ նախազգուշացմամբ։ Աստված հայտարարում է. «Բոլորովին բնաջինջ պիտի անեմ ամեն բան երկրի երեսից, ասում է Տէրը։ Բնաջինջ պիտի անեմ մարդն ու անասունը, բնաջինջ պիտի անեմ երկնից թռչուններն ու ծովի ձկները, եւ գայթակղութիւնները ամբարիշտների հետ, եւ պիտի փչացնեմ մարդը երկրի երեսից, ասում է Տէրը» (Սոփոնիա 1։1–3)։
5 Այո՛, Եհովան մտադիր է վերջ տալ Հուդայում տիրող բացահայտ ամբարշտությանը։ Ո՞ւմ միջոցով է Աստված ‘բնաջինջ անելու ամեն բան երկրի երեսից’։ Սոփոնիան, հավանաբար, մարգարեացել է Հովսիայի թագավորության վաղ շրջանում, որը սկսվեց մ.թ.ա. 659–ին, բայց նրա մարգարեական խոսքերը ի կատար ածվեցին մ.թ.ա. 607–ին, երբ բաբելոնացիները ամայացրին Հուդան ու նրա մայրաքաղաք Երուսաղեմը։ Այդ ժամանակ Հուդայում ապրող ամբարիշտները ‘բնաջինջ արվեցին’։
6-8. Ի՞նչ է կանխագուշակված Սոփոնիա 1։4–6-ում, և ինչպե՞ս է այդ մարգարեությունը իրականացել հին Հուդայի վրա։
6 Սոփոնիա 1։4–6-ում կանխագուշակվում էր, թե ինչ գործողությունների էր դիմելու Աստված կեղծ երկրպագուների դեմ. «Պիտի մեկնեմ իմ ձեռքը Յուդայի վերայ, եւ Երուսաղէմի բոլոր բնակչաց վերայ. եւ պիտի բնաջինջ անեմ այս տեղից Բահաղի մնացորդը, քուրմերի անունը քահանաների հետ. եւ կտուրների վերայ երկնքի զօրքերին երկրպագողներին, եւ այն երկրպագողներին, որոնք Տիրոջմով են երդնում, եւ Մեղքոմով երդում անողներին. եւ Տիրոջ ետեւից խոտորողներին, եւ Տիրոջը չ’փնտռողներին եւ չ’խնդրողներին» (Սոփոնիա 1։4–6)։
7 Եհովան իր ձեռքը մեկնել է Հուդայի ու Երուսաղեմի ժողովրդի վրա։ Նա որոշել է բնաջինջ անել քանանացիների պտղաբերության աստված Բահաղին։ Այդ վայրերում տարբեր աստվածություններ Բահաղի անունով էին կոչված, քանի որ դրանց երկրպագուները կարծում էին, թե դրանք ազդեցություն են բանեցնում առանձին վայրերում։ Օրինակ՝ մովաբացիներն ու մադիանացիները երկրպագում էին Բահաղին Փեգովր սարի մոտ (Թուոց 25։1, 3, 6)։ Ամբողջ Հուդայով մեկ Եհովան բնաջինջ էր անելու Բահաղի քահանաներին, ինչպես նաև ղևտացի անհավատարիմ քահանաներին, որոնք նրանց հետ մտերմություն անելով՝ ոտնահարում էին Աստծո օրենքը (Ելից 20։2, 3)։
8 Աստված նաև բնաջինջ էր անելու «երկնքի զօրքերին երկրպագողներին», որոնք, ըստ ամենայնի, զբաղվում էին աստղագուշակությամբ և երկրպագում էին արեգակին (Դ Թագաւորաց 23։11; Երեմիա 19։13; 32։29)։ Աստծո ցասումը թափվելու էր նաև նրանց վրա, ովքեր մաքուր պաշտամունքը խառնել էին կեղծ կրոնին՝ ‘Տիրոջով եւ Մեղքոմով երդում անելով’։ Մեղքոմը, հավանաբար, Մողոքի մյուս անունն է, որն ամմոնացիների գլխավոր աստվածն էր։ Մողոքին տրվող երկրպագությունն իր մեջ ներառում էր նաև երեխաների զոհաբերությունը (Գ Թագաւորաց 11։5; Երեմիա 32։35)։
Քրիստոնեական աշխարհի վերջը մոտ է
9. ա) Ո՞րն է քրիստոնեական աշխարհի մեղքը։ բ) Ի տարբերություն Հուդայի անհավատարիմ բնակիչների՝ ի՞նչ պետք է վճռենք անել։
9 Այս ամենը վառ կերպով հիշեցնում է քրիստոնեական աշխարհը, որը խրված է կեղծ պաշտամունքի ու աստղագուշակության մեջ։ Իրոք որ, քրիստոնեական աշխարհը զազրելի դեր է խաղացել իր կողմից հովանավորվող պատերազմների զոհասեղանին միլիոնավոր կյանքեր դնելու գործում։ Եկեք երբեք չնմանվենք Հուդայի անհավատարիմ բնակիչներին, որոնք ‘խոտորում էին Տիրոջ ետևից’՝ անտարբեր դառնալով և այլևս չփնտրելով Աստծուն ու նրա առաջնորդությունը։ Այդպես վարվելու փոխարեն՝ եկեք պահպանենք մեր ուղղամտությունը Աստծո հանդեպ։
10. Ինչպե՞ս կբացատրեիք Սոփոնիա 1։7–ի մարգարեական նշանակությունը։
10 Մարգարեի հաջորդ խոսքերը վերաբերում են և՛ Հուդայի մեղավորներին, և՛ մեր օրերի ամբարիշտներին։ Սոփոնիա 1։7–ում ասվում է. «Լռիր Տէր Եհովայի առաջին, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը, որովհետեւ Տէրը զոհ է պատրաստել, սրբել է իր կոչնականներին»։ Այս «կոչնականները», ըստ ամենայնի, քաղդեացիներն էին՝ Հուդայի թշնամիները։ «Զոհը»՝ հենց ինքը Հուդան էր՝ իր մայրաքաղաքով հանդերձ։ Այո՛, Սոփոնիան ազդարարում էր Երուսաղեմը կործանելու Աստծո մտադրության մասին. այս մարգարեությունը մատնացույց է անում նաև քրիստոնեական աշխարհի կործանումը։ Եվ քանի որ այսօր Աստծո դատաստանի օրը մոտ է, ամբողջ աշխարհը պիտի ‘լուռ մնա Տեր Եհովայի առաջին’ և լսի, թե ինչ է նա ասում Հիսուսի «փոքր հոտի» օծյալ հետևորդների ու նրանց ուղեկիցների՝ նրա «այլ ոչխարների» միջոցով (Ղուկաս 12։32; Յովհաննէս 10։16)։ Ամբողջական ոչնչացում է սպասում նրանց, ովքեր չեն լսի ու, այդպիսով, դուրս կգան Աստծո Թագավորության կառավարման դեմ (Սաղմոս 2։1, 2)։
Հեծեծանքի օրը՝ շուտով
11. Ո՞րն է Սոփոնիա 1։8–11-ի հիմնական իմաստը։
11 Եհովայի օրվա վերաբերյալ Սոփոնիա 1։8–11-ում ասվում է. «Պիտի լինի Տիրոջ զոհի օրումը, որ պիտի պատժեմ իշխաններին եւ թագաւորի որդիներին եւ ամեն օտար զգեստ հագնողներին։ Եւ պիտի պատժեմ բոլոր սեմովը լոք տուողին այն օրը, որոնք իրանց Տիրոջ տունը լցնում են զրկանքով, եւ խարդախութեամբ։ Եւ պիտի լինի այն օրը ասում է Տէրը, աղաղակի ձայն Ձկանց դռնիցը, եւ հեծեծանք՝ Մասենայից, եւ մեծ կոտորած [«դղրդոց», ՆԱ]՝ բլուրներիցը։ Ողբացէք, ով Մաքթեսի բնակիչներ, որովհետեւ փչացել է Քանանու բոլոր ժողովուրդը, բնաջինջ [են] եղել բոլոր արծաթ կրողները»։
12. Ինչպե՞ս են ոմանք ‘օտար զգեստ հագնում’։
12 Հովսիա թագավորին հաջորդելու էին Հովաքազը, Հովակիմը և Հովաքինը։ Նրանցից հետո թագավորելու էր Սեդեկիան, որի ժամանակ էլ Երուսաղեմը պիտի ավերվեր։ Թեև նրանց այս աղետն էր սպասում, ոմանք, ըստ ամենայնի, փնտրում էին հարևան ժողովուրդների բարեհաճությունը՝ ‘օտար զգեստ հագնելով’։ Նմանապես այսօր շատերը տարբեր կերպերով ցույց են տալիս, որ իրենք ոչ թե Եհովայի, այլ ակնհայտորեն Սատանայի կազմակերպությանն են մաս կազմում, որի պատճառով էլ պիտի պատժվեն։
13. Սոփոնիայի մարգարեության համաձայն՝ ի՞նչ էր պատահելու, երբ բաբելոնացիները գրոհեին Երուսաղեմի վրա։
13 Հուդան հաշիվ էր տալու «այն օրը». դա համապատասխանում է Եհովայի այն օրվան, երբ նա կդատի իր թշնամիներին, վերջ կդնի ամբարշտությանը և կարդարացնի իր գերիշխանությունը։ Երբ բաբելոնացիները գրոհեին Երուսաղեմի վրա, աղաղակ էր լսվելու Ձկան դռնից։ Ենթադրվում է, որ այս անվանումը ծագել է մոտակայքում գտնվող ձկան շուկայից (Նէեմիա 13։16)։ Բաբելոնական հորդաները ներս էին խուժելու Մասենա կոչվող թաղամասը և բլուրներից եկող դղրդոցը վկայելու էր մոտեցող քաղդեացիների մասին։ Մաքթեսի (հավանաբար, Թիրոպեոն հովտի վերին մասերի) բնակիչները ողբալու էին. ինչո՞ւ. քանի որ առևտուրը, որն իր մեջ էր ներառում «արծաթ կրողներին», այնտեղ դադարելու էր։
14. Մինչև ո՞ր աստիճան էր Եհովան ‘քննելու’ նրանց, ովքեր իրենց համարում էին Աստծո երկրպագուներ։
14 Մինչև ո՞ր աստիճան էր Եհովան ‘քննելու’ նրանց, ովքեր իրենց համարում էին Աստծո երկրպագուներ։ Մարգարեության մեջ շարունակվում է. «Պիտի լինի այն ժամանակը, որ ես Երուսաղէմը պիտի քննեմ ճրագներով, եւ պիտի պատժեմ իրանց մրուրի վերայ նստող մարդկանցը, որոնք ասում են իրանց սրտումը. Տէրը ոչ բարիք է անում ոչ չարիք։ Եւ նորանց ստացուածքը աւար պիտի դառնայ, եւ նորանց տուները՝ աւերակներ. եւ պիտի տուներ շինեն, բայց չ’բնակուեն, եւ պիտի այգիներ տնկեն, բայց գինին չ’խմեն» (Սոփոնիա 1։12, 13)։
15. ա) Ի՞նչ պիտի պատահեր Երուսաղեմի ուխտադրուժ քահանաներին։ բ) Ի՞նչ է սպասում կեղծ կրոնը դավանողներին այսօր։
15 Երուսաղեմի ուխտադրուժ քահանաները Եհովային տրվող երկրպագությունը խառնել էին կեղծ կրոնի հետ։ Թեպետ նրանք իրենց ապահով էին զգում, Աստված փնտրելու էր նրանց, ասես, պայծառ ճրագով, որի լույսը թափանցելու էր այն հոգևոր խավարի մեջ, որում իրենք էին ապաստան գտել։ Ոչ մեկը չէր պրծնելու Աստծո ազդարարությունից և դատաստանից։ Այս ինքնագոհ ուխտադրուժները հարմար տեղավորվել էին իրենց տաք տեղերում այնպես, ինչպես մրուրն է նստում գինու տակառի հատակին։ Նրանք չէին ցանկանում, որ իրենց անհանգստացներ մարդկանց գործերի վերաբերյալ Աստծո կողմից արվող որևէ ազդարարություն, բայց և չէին խուսափելու իրենց գլխին եկող Աստծո դատաստանից։ Նմանապես այսօր. կեղծ կրոն դավանողները, ինչպես նաև քրիստոնեական աշխարհի անդամները և Եհովայի երկրպագությունը ուրացածները չեն խուսափի այդ պատժից։ Ժխտելով, որ ապրում են «վերջին օրերում»՝ նրանք իրենց սրտում ասում են. «Եհովան ոչ բարիք է անում, ոչ՝ չարիք»։ Որքա՜ն են սխալվում նրանք (Բ Տիմոթէոս 3։1–5; Բ Պետրոս 3։3, 4, 10)։
16. Ի՞նչ էր պատահելու, երբ Աստծո դատաստանը ի կատար ածվեր Հուդայի վրա, և այս բանի իմացությունը ինչպե՞ս պետք է ներգործի մեզ վրա։
16 Հուդայի ուխտադրուժ բնակիչներին զգուշացվում էր, որ բաբելոնացիները կզավթեն իրենց ունեցվածքը, տները կավերեն, խաղողի բերքը կհափշտակեն։ Նյութական իրերն արժեք չէին ունենալու, երբ Հուդայի վրա գար Աստծո դատաստանը։ Նույնը տեղի կունենա, երբ Եհովայի դատաստանի օրը հարվածի իրերի ներկա համակարգին։ Ուստի, թող որ հոգևոր մտածելակերպ ունենանք ու ‘գանձեր դիզենք երկնքում’՝ կյանքում առաջին տեղում դնելով Եհովայի ծառայությունը (Մատթէոս 6։19–21, 33)։
«Մօտ է Տիրոջ մեծ օրը»
17. Համաձայն Սոփոնիա 1։14–16-ի՝ որքանո՞վ է մոտ Եհովայի դատաստանի օրը։
17 Որքանո՞վ է մոտ Եհովայի դատաստանի օրը։ Եհովան, ինչպես գրված է Սոփոնիա 1։14–16-ում, վստահեցնում է. «Մօտ է Տիրոջ մեծ օրը, մօտ է եւ շատ շտապում է, ահա Տիրոջ օրուան ձայնը. դառնապէս աղաղակում է այնտեղ տղամարդը։ Բարկութեան օր է այն օրը, նեղութեան եւ տառապանքի օր, կործանման եւ աւերման օր, խաւարի եւ մէգի օր, ամպի եւ մառախուղի օր. Փողի եւ աղաղակի օր պարըսպաւոր քաղաքների դէմ, եւ բարձրացած աշտարակների դէմ»։
18. Ինչո՞ւ չպետք է մտածենք, որ Եհովայի դատաստանի օրը շուտ չի գալու։
18 Հուդայի մեղսագործ քահանաներին, իշխաններին և ժողովրդին նախազգուշացվում էր, որ Եհովայի մեծ օրը մոտ է։ Եհովայի օրը ‘շատ շտապում էր’ Հուդայի վրա. պարագան նույնն է մեր օրերում։ Թող ոչ ոք չմտածի, որ ամբարիշտների վրա Եհովայի կողմից իրականացվող դատաստանը տեղի կունենա հեռավոր ապագայում։ Ընդհակառակը, ինչպես Աստված արագորեն գործեց Հուդայի դեմ, այնպես էլ հիմա նա ‘կշտապեցնի’ իր դատաստանական օրը (Յայտնութիւն 16։14, 16)։ Ի՛նչ դառը օր է լինելու դա բոլոր նրանց համար, ովքեր անտեսում են Եհովայի նախազգուշացումները՝ տրված իր Վկաների միջոցով, և չեն ցանկանում միանալ ճշմարիտ երկրպագությանը։
19, 20. ա) Ի՞նչ հետևանքներ ունեցավ Աստծո ցասման թափվելը Հուդայի ու Երուսաղեմի վրա։ բ) Քանի որ իրերի այս համակարգի ոչնչացման ժամանակ ընտրողական մոտեցում է ցուցաբերվելու, ի՞նչ հարցեր են առաջ գալիս։
19 Հուդայի և Երուսաղեմի վրա Աստծո բարկության թափվելը «նեղութեան եւ տառապանքի օր» էր։ Բաբելոնական զավթիչները Հուդայի բնակիչներին մեծ ցավ ու տառապանք պատճառեցին. հրեաներն իրենց աչքերով տեսան մահ ու ավերում։ Այդ «կործանման եւ աւերման օրը» «խաւարի եւ մեգի, ամպի եւ մառախուղի» օր էր ոչ միայն փոխաբերական, այլև բառացի իմաստով, որովհետև ամենուրեք ծուխ էր բարձրանում և մարդիկ էին կոտորվում։ Դա «փողի եւ աղաղակի օր» էր, բայց զուր էին այդ նախազգուշացումները։
20 Երուսաղեմի դետերը անօգնական էին բաբելոնական պարսպակործան զենքերի դեմ, որոնցով տապալվեցին «բարձրացած աշտարակները»։ Ներկա ամբարիշտ համակարգի պաշտպանական օղակները ճիշտ այդպես անկարող կլինեն Աստծո երկնային սպառազինության դեմ, որը պատրաստ է ճիշտ ժամանակին օգտագործվել ընտրողական ոչնչացում բերելու համար։ Հույս ունե՞ք վերապրել։ Արդյոք Եհովայի կո՞ղմն եք դիրք բռնել. նրա, որ «պահում է բոլոր իրան սիրողներին. բայց բոլոր ամբարիշտներին կ’կորցնէ» (Սաղմոս 145։20)։
21, 22. Ինչպե՞ս է Սոփոնիա 1։17, 18–ը իրականանալու մեր օրերում։
21 Ի՜նչ սարսափազդու է լինելու դատաստանի այդ օրը, որի մասին Սոփոնիա 1։17, 18–ում ասվում է. «Ես պիտի նեղեմ մարդկանց, որ կոյրերի պէս ման գան, որովհետեւ Տիրոջ դէմ մեղանչեցին, եւ նորանց արիւնը պիտի թափուի փոշիի պէս, եւ նորանց միսը՝ աղբերի պէս։ Նորանց արծաթն էլ, նորանց ոսկին էլ չէ կարող նորանց ազատել Տիրոջ բարկութեան օրը, եւ նորա նախանձի կրակովը պիտի սպառուի բոլոր երկիրը, որովհետեւ նա պիտի վերջացնէ եւ պիտի պատուհասէ երկրի բոլոր բնակիչներին»։
22 Եհովան, ինչպես և Սոփոնիայի օրերում, շուտով նեղելու է ‘երկրի բոլոր բնակիչներին’՝ նրանց, ովքեր մերժում են ականջ դնել իր նախազգուշացումներին։ Քանի որ նրանք մեղանչում են Աստծո դեմ, ապա կույր մարդու պես անօգնական ու անզոր կլինեն՝ փրկություն գտնելու։ Եհովայի դատաստանի օրը նրանց արյունը «պիտի թափուի փոշիի պէս»՝ ինչպես մի անարժեք բան։ Այդ ամբարիշտներն, իրոք, ամոթալի վերջ են ունենալու, որովհետև Աստված ‘աղբի պես’ շաղ է տալու նրանց մարմինները, նույնիսկ՝ փորոտիքը։
23. Թեև մեղսագործները չեն խուսափելու Եհովայի բարկության օրից, ի՞նչ հույս է պարունակում Սոփոնիայի մարգարեությունը։
23 Ոչ ոք չի կարող փրկել նրանց, ովքեր պայքարում են Աստծո ու նրա ժողովրդի դեմ։ Ո՛չ ոսկին, ո՛չ էլ արծաթը չկարողացան ազատել Հուդայի մեղսագործներին։ Այսօր էլ, նույն կերպով, ամբարված հարստությունն ու կաշառքը չեն կարող փրկել քրիստոնեական աշխարհին ու իրերի այս համակարգի մնացած մասին Եհովայի բարկության օրը։ Այդ դատական օրը «բոլոր երկիրը պիտի սպառուի». ամբարիշտները կոչնչանան Աստծո նախանձախնդրության կրակով։ Քանի որ մենք հավատում ենք Աստծո մարգարեական խոսքին, ապա համոզված ենք, որ հիմա ապրում ենք «վերջի ժամանակի» վերջում (Դանիէլ 12։4)։ Եհովայի դատաստանի օրը մոտ է, և նա շուտով վրեժխնդիր կլինի իր թշնամիներից։ Սակայն Սոփոնիայի մարգարեությունը փրկության հո՛ւյս է պարունակում իր մեջ։ Ի՞նչ է, ուրեմն, մեզանից պահանջվում Եհովայի բարկության օրը ‘ծածկված’ մնալու համար։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս Սոփոնիայի մարգարեությունը իրականացավ Հուդայի և Երուսաղեմի վրա։
• Ի՞նչ է սպասում մեր օրերի քրիստոնեկան աշխարհին ու բոլոր ամբարշտություն գործողներին։
• Ինչո՞ւ չպիտի խորհենք, թե Եհովայի դատաստանի օրը հեռավոր ապագայում է լինելու։
[նկար 13–րդ էջի վրա]
Սոփոնիան համարձակորեն ազդարարում էր Եհովայի դատաստանի օրվա մոտ լինելը
[թույլտվությամբ]
«Self-Pronouncing Edition of the Holy Bible»–ից. պարունակում է Աստվածաշնչի «King James» և «Revised versions» թարգմանությունները
[նկար 15–րդ էջի վրա]
Եհովայի օրը վրա հասավ Հուդայի և Երուսաղեմի վրա մ.թ.ա. 607–ին բաբելոնացիների ձեռքով
[նկար 16–րդ էջի վրա]
Արդյոք հույս ունե՞ք վերապրել, երբ Եհովան վերջ տա ամբարշտությանը