Աստվածաշնչի գիրք համար 37. Անգե
Գրողը՝ Անգե
Գրվելու վայրը՝ Երուսաղեմ
Գրության ավարտը՝ մ.թ.ա. 520թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ 112 օր (մ.թ.ա. 520թ.)
1, 2. Ի՞նչ է հայտնի Անգե մարգարեի մասին, և ի՞նչ երկու հանձնարարություն էր նա կատարում։
ՆՐԱ անունը Անգե էր։ Նա «Եհովայի պատգամաբերն» ու մարգարեն էր (Անգե 1։13)։ Իսկ ի՞նչ է հայտնի մեզ նրա ծագման մասին։ Անգեն տասներորդն է այսպես կոչված փոքր մարգարեներից և առաջինը այն երեքից, որ որպես մարգարե ծառայել են մ.թ.ա. 537-ին հրեաների՝ հայրենիք վերադառնալուց հետո. մյուս երկուսը Զաքարիան և Մաղաքիան են։ «Անգե» անունը (եբրայերեն՝ Խագգայ) նշանակում է «տոնին ծնված»։ Անվան նշանակությունից երևում է, որ նա, թերևս, տոն օր էր ծնվել։
2 Ըստ հրեական ավանդության՝ Անգեն ծնվել է Բաբելոնում, ապա վերադարձել Երուսաղեմ Զորաբաբելի և Հեսու քահանայապետի հետ։ Նա ուս ուսի ծառայել է Զաքարիա մարգարեի հետ, և Եզրաս 5։1 ու 6։14 համարները ցույց են տալիս, որ այս երկու մարգարեները գերությունից վերադարձած հրեաներին կոչ են արել վերսկսել տաճարի ընդհատված շինարարությունը։ Որպես Եհովայի մարգարե՝ Անգեն երկու հանձնարարություն էր կատարում. առաջին՝ հորդորում էր հրեաներին, որ կատարեն Աստծու առաջ ունեցած իրենց պարտականությունները, և երկրորդ՝ մարգարեանում էր հատկապես այն մասին, որ Աստված ցնցելու է բոլոր ազգերը (Անգե 2։6, 7)։
3. Ո՞րն էր հրեաների հայրենիք վերադառնալու նպատակը, որի մասին նրանք մոռացել էին։
3 Ինչո՞ւ էր Եհովան Անգեին մարգարե նշանակել։ Մ.թ.ա. 537-ին Կյուրոս թագավորը հրովարտակ էր արձակել՝ թույլ տալով հրեաներին վերադառնալ հայրենիք և վերակառուցել Եհովայի տունը։ Սակայն արդեն մ.թ.ա. 520-ն էր, իսկ տաճարի վերաշինումը ավարտին հասցնելու համար դեռ շատ գործ կար անելու։ Այդ բոլոր տարիներին հրեաները թույլ էին տվել, որ թշնամիների հակառակությունը, ինչպես նաև հենց իրենց անտարբերությունն ու նյութապաշտությունը խանգարեին իրականացնելու հայրենիք վերադառնալու նպատակը (Եզր. 1։1–4; 3։10–13; 4։1–24; Անգե 1։4)։
4. Ի՞նչն էր խոչընդոտում տաճարի շինարարությանը, բայց ինչպե՞ս զարգացան դեպքերը, երբ Անգեն սկսեց մարգարեանալ։
4 Ինչպես ցույց է տալիս արձանագրությունը, հազիվ էր տաճարի հիմքը դրվել (մ.թ.ա. 536թ.), երբ «երկրի ժողովուրդը [սկսեց] թուլացնել Հուդայի ժողովրդի ձեռքերը և հուսահատեցնել նրան, որ չկառուցի, և.... նրանք խորհրդականներ էին վարձում նրանց դեմ, որպեսզի խափանեն նրանց ծրագրերը» (Եզր. 4։4, 5)։ Այլազգիների հակառակությունը հանգեցրեց նրան, որ մ.թ.ա. 522-ին շինարարությունը պաշտոնապես արգելվեց։ Դարեհ Վշտասպի իշխանության երկրորդ տարում՝ մ.թ.ա. 520-ին, Անգեն սկսեց մարգարեանալ, ինչն էլ խրախուսեց հրեաներին սկսել տաճարի վերակառուցումը։ Լսելով այդ մասին՝ հարևան երկրների կառավարիչները նամակ ուղարկեցին Դարեհ թագավորին՝ խնդրելով նրան միջամտել։ Վերջինս, գտնելով Կյուրոսի արձակած հրամանագիրը, հաստատեց այն և ազատեց հրեաներին թշնամիների ճնշումներից։
5. Ի՞նչն է փաստում, որ «Անգե» գիրքը ընդգրկված է Աստվածաշնչի կանոնի մեջ։
5 Հրեաների մեջ երբեք հարց չի առաջացել, թե արդյոք «Անգե» գիրքը պատկանել է Եբրայերեն Գրությունների կանոնին։ Ավելին, դա են հաստատում Անգեի մասին հիշատակումը Եզրաս 5։1-ում, որում ասվում է, որ նա մարգարեացել է «Իսրայելի Աստծու անունից», ինչպես նաև 6։14 համարում։ Այն, որ Անգեի մարգարեությունը Աստծուց ներշնչված «բոլոր գրքի» մասն է, հաստատել է նաև Պողոսը՝ մեջբերում անելով այդ գրքից։ Ինչպես կարդում ենք Եբրայեցիներ 12։26-ում, առաքյալը գրում է. «Հիմա նա խոստացել է. «Եվս մեկ անգամ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլև երկինքը»» (Անգե 2։6)։
6. Ի՞նչ է պարունակում Անգեի մարգարեությունը, և նրանում ինչպե՞ս է շեշտվում Եհովայի անունը։
6 Անգեի մարգարեությունը չորս պատգամ է պարունակում, որոնք նա հաղորդել է 112 օրվա ընթացքում։ Նրա ոճը պարզ է ու դիպուկ, մարգարեությունը առանձնապես աչքի է ընկնում նրանով, որ հաճախ է շեշտում Եհովայի անունը։ Եբրայերեն բնագրում «Անգե» գրքի 38 համարներում Եհովայի անունը հիշատակվում է 35 անգամ, որից 14-ը՝ «Զորքերի Տեր Եհովա» արտահայտության մեջ։ Անգեն կասկածի տեղիք չի տալիս, որ իր պատգամը Եհովայից է։ «Եհովայի պատգամաբեր Անգեն շարունակեց խոսել ժողովրդի հետ՝ Եհովայից ստացած հանձնարարության համաձայն։ Նա ասաց. «Ես ձեզ հետ եմ»,– ասում է Եհովան» (1։13)։
7. Անգեն ի՞նչ հորդորեց հրեաներին, և ո՞րն էր նրա պատգամի բուն էությունը։
7 Դա իրոք որ շատ կարևոր ժամանակ էր Աստծու ժողովրդի պատմության մեջ, և Անգեի ծառայությունը մեծ օգուտներ տվեց ժողովրդին։ Մարգարեն ոչ մի ձևով հետ չէր կանգնում իր հանձնարարությունից ու չէր մեղմացնում իր խոսքերը, երբ դիմում էր հրեաներին։ Անգեն բացահայտորեն ասում էր, որ բավական է ձգձգել գործը, և ժամանակն է վերսկսել ընդհատված աշխատանքը։ Եթե նրանք ցանկանում էին որևէ բարիք ստանալ Եհովայի ձեռքից, պետք է վերակառուցեին նրա տունը և վերականգնեին մաքուր երկրպագությունը։ Անգեի հաղորդած լուրը, ըստ էության, հետևյալն է. եթե մեկը ցանկանում է ունենալ ճշմարիտ Աստծու օրհնությունը, պետք է ծառայի նրան և կատարի այն աշխատանքը, որ Եհովան հանձնարարում է։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
8. Եհովան ինչո՞ւ նյութապես չի օրհնում հրեաներին։
8 Առաջին պատգամը (1։1–15)։ Այն ուղղված է կառավարիչ Զորաբաբելին և քահանայապետ Հեսուին, բայց ասվում է ժողովրդի ներկայությամբ։ Ժողովուրդն ասում է. «Ժամանակը չի եկել, ժամանակը չէ, որ Եհովայի տունը կառուցվի»։ Եհովան Անգեի միջոցով հարց է տալիս. «Իսկ ժամանա՞կն է, որ դուք բնակվեք փայտակերտ տներում, մինչ այս տունը ավերակների մեջ է» (1։2, 4)։ Նյութական առումով նրանք շատ են «ցանում», բայց շատ քիչ ուտելիք, խմելիք ու հագուստ են ստանում։ «Ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին»,— հորդորում է Եհովան (1։7)։ Ժամանակն է փայտանյութ բերել և կառուցել տունը, որ Եհովան փառավորվի։ Հրեաները լավ հոգ են տանում իրենց տների համար, մինչդեռ Եհովայի տունը ավերակների մեջ է։ Ուստի նա հետ է պահել երկնքի ցողը, երկրից բերքը և իր օրհնությունը մարդու ու նրա ձեռքի բոլոր գործերի վրայից։
9. Ինչպե՞ս է Եհովան արթնացնում հրեաներին, որ գործի անցնեն։
9 Նրանք հասկանում են պատգամի էությունը։ Անգեն զուր չի մարգարեացել։ Կառավարիչներն ու ժողովուրդը «լսում են իրենց Աստված Եհովայի ձայնին»։ Մարդավախությանը փոխարինում է Եհովայի հանդեպ վախը։ Եհովան իր պատգամաբեր Անգեի միջոցով հետևյալ հավաստիացումն է տալիս. «Ես ձեզ հետ եմ» (1։12, 13)։ Եհովան է արթնացրել կառավարչի ոգին, քահանայապետի ոգին և իր ժողովրդից մնացած մարդկանց ոգին։ Չնայած պարսից իշխանության կողմից դրված արգելքին՝ նրանք գործի են անցնում Անգեի մարգարեանալուց ընդամենը 23 օր հետո։
10. Որոշ հրեաներ ի՞նչ են մտածում տաճարի մասին, որը կառուցում են, բայց ի՞նչ է խոստանում Եհովան։
10 Երկրորդ պատգամը (2։1–9)։ Մեկ ամիս էլ չի անցել շինարարական աշխատանքների վերսկսումից, երբ Անգեն ազդարարում է իր երկրորդ ներշնչված պատգամը։ Այն ուղղված է Զորաբաբելին, Հեսուին և ժողովրդից մնացած մարդկանց։ Ակներևաբար, հրեաներից ոմանք, ովքեր վերադարձել են գերությունից ու տեսել են նախկին տաճարը, որը կառուցել էր Սողոմոնը, կարծում են, թե այս տաճարը, նախորդի հետ համեմատած, ոչնչի պես կլինի իրենց աչքին։ Բայց ի՞նչ է ասում Զորքերի Տեր Եհովան։ «Զորացի՛ր, երկրի ամբո՛ղջ ժողովուրդ.... և գործի՛ անցիր։ Ես ձեզ հետ եմ» (2։4)։ Եհովան հիշեցնում է այն ուխտը, որ հաստատել էր նրանց հետ, և ասում է, որ չվախենան։ Նա զորացնում է նրանց՝ խոստանալով, որ կցնցի բոլոր ազգերը և այնպես կանի, որ նրանց ցանկալի գանձերը գան, և որ իր տունը փառքով կլցնի։ Այս վերջին տան փառքը ավելի մեծ կլինի, քան նախորդինը, և այս վայրին նա խաղաղություն պիտի տա։
11. ա) Ի՞նչ այլաբանության միջոցով է Անգեն ցույց տալիս, որ քահանաները անտեսում են մաքուր երկրպագությունը։ բ) Ի՞նչ է եղել դրա հետևանքը։
11 Երրորդ պատգամը (2։10–19)։ Երկու ամիս ու երեք օր անց Անգեն իր խոսքն ուղղում է քահանաներին։ Նա օգտագործում է այլաբանություն, որ հասկացնի իր միտքը։ Արդյոք այն քահանան, որը սուրբ միս է տանում, սուրբ կդարձնի՞ ցանկացած այլ կերակուր, որին դիպչի։ Պատասխանն է՝ ո՛չ։ Իսկ եթե մեկը անմաքուր բանի դիպչի, օրինակ՝ դիակի, անմաքո՞ւր կդառնա։ Պատասխանն է՝ այո՛։ Այնուհետև Անգեն պարզաբանում է այդ այլաբանությունը։ Երկրի ժողովուրդը անմաքուր է, քանի որ անտեսում է մաքուր երկրպագությունը։ Ցանկացած բան, որ նրանք մատուցում են, անմաքուր է Եհովա Աստծու աչքին։ Այդ պատճառով Եհովան չի օրհնում նրանց ձեռքի գործերը, ավելին, նա ուղարկում է տոթակեզ քամի, ալրացող և կարկուտ։ Թող նրանք փոխեն իրենց ճանապարհները։ Այդ ժամանակ Եհովան կօրհնի նրանց։
12. Ի՞նչ վերջին պատգամով է Անգեն դիմում Զորաբաբելին։
12 Չորրորդ պատգամը (2։20–23)։ Անգեն այս պատգամը հայտնում է նույն օրը, երբ հայտնում է երրորդ պատգամը, բայց այն ուղղված է Զորաբաբելին։ Եհովան կրկին ասում է, որ «ցնցելու է երկինքն ու երկիրը», բայց այս անգամ խոսքը ազգերի թագավորությունների լիակատար կործանման մասին է։ Շատերը կընկնեն՝ «յուրաքանչյուրն իր եղբոր սրով» (2։21, 22)։ Անգեն ավարտում է իր մարգարեությունը՝ հավաստիացնելով, որ Զորաբաբելը ունի Եհովայի հաճությունը։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
13. Անգեի ծառայությունը ի՞նչ օգուտ բերեց։
13 Անգեի միջոցով Եհովայի հաղորդած չորս պատգամները անչափ օգտակար եղան այն օրերի հրեաների համար։ Քաջալերվելով՝ նրանք անմիջապես գործի անցան, և չորսուկես տարի անց տաճարի շինարարությունն ավարտին հասավ, ինչը նպաստեց Իսրայելում ճշմարիտ երկրպագության վերելքին (Եզր. 6։14, 15)։ Եհովան օրհնեց նրանց նախանձախնդիր գործունեությունը։ Տաճարի վերակառուցման այդ ժամանակահատվածում էր, որ պարսից Դարեհ թագավորը ստուգեց պետական արձանագրությունները և հաստատեց Կյուրոսի արձակած հրամանը։ Ուստի տաճարի շինարարությունը ավարտվեց Դարեհի աջակցությամբ (Եզր. 6։1–13)։
14. Ի՞նչ իմաստուն խորհուրդներ է տալիս Անգեն մեր օրերի համար։
14 Անգեի մարգարեությունն իմաստուն խորհուրդներ է պարունակում, որոնք կիրառելի են նաև այսօր։ Օրինակ՝ այն ընդգծում է Աստծու երկրպագությունը սեփական շահերից վեր դասելու անհրաժեշտությունը (Անգե 1։2–8; Մատթ. 6։33)։ «Անգե» գիրքը նաև ցույց է տալիս, որ եսասիրությունը վնասակար հատկություն է, նյութապաշտական նպատակներ հետապնդելն անօգուտ է, և միայն Եհովայից եկող խաղաղությունն ու օրհնություններն են, որ հարստացնում են մարդուն (Անգե 1։9–11; 2։9; Առակ. 10։22)։ Բացի այդ, մարգարեությունը շեշտում է այն միտքը, որ Աստծուն ծառայելով՝ մարդն ինքնըստինքյան չի մաքրվում, քանի դեռ նրա ծառայությունը չի մատուցվում սրբությամբ ու ամբողջ հոգով, քանի դեռ այն պղծվում է անմաքուր վարքով (Անգե 2։10–14; Կող. 3։23; Հռոմ. 6։19)։ Գիրքը ցույց է տալիս, որ Աստծու ծառաները չպետք է ափսոսանքով հետ նայեն «անցած-գնացած լավ օրերին», այլ պետք է առաջ նայեն՝ «ուշադրություն դարձնելով իրենց ճանապարհներին» և ձգտելով փառավորել Եհովային։ Այդ դեպքում Եհովան նրանց հետ կլինի (Անգե 2։3, 4; 1։7, 8, 13; Փիլիպ. 3։13, 14; Հռոմ. 8։31)։
15. Ըստ «Անգե» գրքի՝ նախանձախնդիր ծառայությունը ի՞նչ արդյունքներ է բերում։
15 Հենց որ հրեաները ձեռնամուխ եղան տաճարի շինարարությանը, Եհովան օրհնեց նրանց և նրանց բոլոր գործերին հաջողություն տվեց։ Արգելքները հօդս ցնդեցին։ Աշխատանքն ավարտվեց ժամանակին։ Անվախությունն ու նախանձախնդրությունը Եհովայի գործում միշտ էլ վարձատրվում են։ Դժվարությունները՝ լինեն իրական թե երևակայական, միշտ էլ կարելի է հաղթահարել, եթե քաջություն ու հավատ դրսևորենք։ «Եհովայի խոսքին» հնազանդվելը լավ արդյունքներ է բերում (Անգե 1։1)։
16. Անգեի մարգարեությունը ի՞նչ առնչություն ունի Թագավորության հույսի հետ, և ի՞նչ ծառայության է այն մղում մեզ այսօր։
16 Իսկ ի՞նչ կարելի է ասել «կցնցեմ երկինքն ու երկիրը» մարգարեության մասին։ Պողոս առաքյալը Անգե 2։6-ը այսպես է բացատրում. «Բայց հիմա [Աստված] խոստացել է. «Եվս մեկ անգամ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլև երկինքը»։ «Եվս մեկ անգամ» արտահայտությունը ցույց է տալիս, որ սասանվող բաները, որոնք Աստծու կողմից ստեղծված չեն, հեռացվելու են, որպեսզի չսասանվող բաները մնան։ Հետևաբար, տեսնելով, որ ստանալու ենք մի անսասան թագավորություն՝ եկեք շարունակենք օգտվել անզուգական բարությունից, որի միջոցով կկարողանանք ընդունելի կերպով սուրբ ծառայություն մատուցել Աստծուն՝ աստվածավախությամբ և ակնածանքով, որովհետև մեր Աստվածը նաև սպառող կրակ է» (Եբր. 12։26–29)։ Անգեն ցույց է տալիս, որ Եհովան ցնցելու է երկինքն ու երկիրը, որպեսզի «տակնուվրա անի թագավորությունների գահը և ոչնչացնի ազգերի թագավորությունների զորությունը» (Անգե 2։21, 22)։ Այս մարգարեությունը մեջբերելիս Պողոսը նշում է, որ Աստծու Թագավորությունը, ի տարբերություն մարդկային կառավարությունների, «անսասան» է։ Այդ Թագավորության հույսն ունենալով՝ եկեք զորանանք և գործի անցնենք՝ Աստծուն սուրբ ծառայություն մատուցելով։ Չմոռանանք նաև, որ նախքան Եհովայի կողմից երկրի ազգերի տապալումը թանկարժեք մի բան է շարժվելու և դուրս գալու այդ ազգերի միջից դեպի փրկություն. ««Բոլոր ազգերը ես կցնցեմ, ու բոլոր ազգերի ցանկալի գանձերը կգան, և այս տունը փառքով կլցնեմ»,— ասում է Զորքերի Տեր Եհովան» (Անգե 2։4, 7)։