Գլուխ 17
Համաժողովները մեր եղբայրության ապացույցն են
ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԸ Եհովայի վկաների ժամանակակից կազմակերպության կանոնավորաբար անցկացվող միջոցառումներից են։ Սակայն Եհովայի երկրպագուները մեկ երկրի կամ մի քանի երկրների մասշտաբով հավաքույթներ անցկացրել են 20-րդ դարից դեռ շատ առաջ։
Եհովան պահանջում էր, որ հին Իսրայելում բոլոր տղամարդիկ հավաքվեին Երուսաղեմում՝ նշելու տարեկան երեք տոնակատարությունները։ Նրանցից ոմանք իրենց հետ բերում էին ընտանիքի անդամներին։ Սակայն որոշ դեպքերում Մովսիսական օրենքը պահանջում էր, որ ներկա լինեն ընտանիքի բոլոր անդամները՝ տղամարդիկ, կանայք և երեխաները (Ելք 23։14–17; 2 Օրենք 31։10–13; Ղուկ. 2։41–43)։ Այդ միջոցառումներին սկզբում ներկա էին լինում Իսրայելի տարածքում ապրող մարդիկ։ Իսկ երբ հետագայում հրեաները սփռվեցին աշխարհով մեկ, այդ տոները նշելու գալիս էին նաև այլ երկրներից (Գործ. 2։1, 5–11)։ Նրանք գալիս էին ոչ միայն այն պատճառով, որ Իսրայելը և Աբրահամը իրենց նախահայրերն էին, այլև այն պատճառով, որ ընդունում էին Եհովային որպես իրենց երկնային Հայր (Ես. 63։16)։ Այդ տոնակատարությունները իսկապես ուրախ առիթներ էին։ Դրանք նաև օգնում էին ներկաներին իրենց միտքը կենտրոնացած պահելու Աստծու խոսքերի վրա և չափազանց չտարվելու առօրյա հոգսերով, որոնց պատճառով գուցե մոռանային հոգևոր գործերը, որոնք ավելի կարևոր էին։
Նմանապես այսօր Եհովայի վկաների համաժողովները օգնում են կենտրոնացած մնալ հոգևորի վրա։ Անկեղծ մարդիկ համարում են, որ այդ համաժողովները անհերքելի ապացույցն են այն բանի, որ Վկաները միավորված են քրիստոնեական եղբայրության ամուր կապով։
Աստվածաշունչ ուսումնասիրողների առաջին համաժողովները
Աստվածաշունչ ուսումնասիրողները աստիճանաբար սկսեցին անցկացնել համաժողովներ, որոնց ներկա էին լինում տարբեր քաղաքներից և երկրներից եկած հավատակիցներ։ Դրանց շնորհիվ նրանք, ի տարբերություն եկեղեցիներ հաճախող մարդկանց, կարճ ժամանակում սկսեցին ճանաչել այլ վայրերում ապրող իրենց հավատակիցներից շատերին։ Սկզբում այդ համաժողովներն անցկացվում էին Ալեգեյնիում (Փենսիլվանիա) Տիրոջ մահը ամեն տարի նշելու կապակցությամբ։ Սակայն 1891-ին հատուկ հայտարարություն արվեց, որ անցկացվելու է մի «համաժողով Աստվածաշունչը ուսումնասիրելու և Տիրոջ հիշատակի ընթրիքը նշելու համար»։ Հաջորդ տարի «Դիտարանում» խոշոր տառերով տպագրվեց այսպիսի վերնագիր՝ «ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱԼԵԳԵՅՆԻՈՒՄ (ՓԵՆՍԻԼՎԱՆԻԱ).... ԱՊՐԻԼԻ 7-ԻՑ 14-Ը ՆԵՐԱՌՅԱԼ, 1892»։
Սկզբնական շրջանում համաժողովներին հիմնականում ուրիշ մարդկանց չէին հրավիրում։ Բայց 1892-ին մոտ 400 անհատներ, ովքեր հավատ էին դրսևորում փրկանքի հանդեպ և անկեղծորեն հետաքրքրված էին Տիրոջ գործով, նույնպես ներկա եղան համաժողովին։ Ծրագրի հինգ օրը նվիրված էր Աստվածաշնչի մանրակրկիտ ուսումնասիրությանը, իսկ մյուս երկու օրը օգտակար խորհուրդներ տրվեցին գրքեր տարածողներին։
Մի մարդ, որն առաջին անգամ ներկա եղավ այդ հավաքույթներից մեկին, ասաց. «Ես շատ անգամ ներկա եմ եղել մեծ հավաքույթների, բայց այսպիսին չեմ տեսել։ Ամենուրեք՝ տներում թե փողոցներում, ծրագրի ժամանակ թե ճաշին, առավոտից մինչև երեկո անդադար միայն Աստծու կամքի և նպատակների մասին են խոսում»։ Իսկ Վիսքոնսինից մի մարդ, խոսելով պատվիրակների տրամադրվածության մասին, ասաց. «Ինձ անչափ տպավորեց այդ հանդիպումների ժամանակ տիրող սերը և ջերմ մթնոլորտը»։
1893-ին, տարեկան համաժողովների անցկացման հետ կապված, փոփոխություն տեղի ունեցավ։ Այդ ամռանը Չիկագոյի համաշխարհային տոնավաճառի առթիվ գնացքի տոմսերի արժեքը նվազել էր, ուստի Աստվածաշունչ ուսումնասիրողները համաժողովն անցկացրին Չիկագոյում (Իլինոյս) օգոստոսի 20–24-ը։ Առաջին անգամն էր, որ այդ միջոցառումը տեղի ունենացավ Պիտսբուրգից դուրս։ Սակայն որպեսզի Տիրոջ գործի մեջ ժամանակը և նյութական միջոցները լավագույն ձևով օգտագործվեին, հետագա մի քանի տարիներին ընդհանուր համաժողովներ չէին կազմակերպվում։
Սկսած 1898-ից՝ տարբեր վայրերում ապրող Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսեցին իրենց տեղանքում կազմակերպել համաժողովներ, որոնց կարող էին ներկա լինել այդ տարածքի մարդիկ։ 1900-ին Ընկերությունը կազմակերպեց 3 ընդհանուր համաժողով։ Նույն թվականին Միացյալ Նահանգներում և Կանադայում եղբայրները կազմակերպեցին 13 տեղի համաժողովներ, որոնց մեծ մասը մեկօրյա էին և հիմնականում անցկացվում էին՝ պիլիգրիմներից մեկի այցելության հետ կապված։ Գնալով ավելի շատ համաժողովներ էին անցկացվում։ 1909-ին Հյուսիսային Ամերիկայում անցկացվեցին առնվազն 45 տեղի համաժողովներ՝ չհաշված այն համաժողովները, որոնց ժամանակ ելույթներ ներկայացրեց եղբայր Ռասելը իր հատուկ ճամփորդության ընթացքում։ Մեկօրյա համաժողովների ծրագրի մեծ մասը նախատեսված էր հատկապես մյուս մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնելու համար։ Դրանց ներկա էին լինում հարյուրից մինչև մի քանի հազար հոգի։
Իսկ ընդհանուր համաժողովների ժամանակ, որոնց ներկա էին լինում հիմնականում Աստվածաշունչ ուսումնասիրողները, գլխավորաբար տրվում էին խորհուրդներ հատուկ նրանց համար, ովքեր ամուր հաստատված էին ճշմարտության մեջ։ Խոշոր քաղաքներից պատվիրակներին համաժողովների վայր հասցնելու նպատակով հատուկ գնացքներ էին վարձվում։ Երբեմն ներկաների թիվը հասնում էր 4000-ի, որոնց մեջ լինում էին անգամ Եվրոպայից ժամանած պատվիրակներ։ Այդ համաժողովները իսկապես հոգևոր քաջալերանքի աղբյուր էին, որոնց շնորհիվ Եհովայի ժողովուրդը լցվում էր եռանդով ու սիրով։ Մի եղբայր 1903-ին տեղի ունեցած այդպիսի մի համաժողովի վերջում ասաց. «Նույնիսկ հազար դոլարով չէի փոխի այն բոլոր օգուտները, որ ստացա այս համաժողովից, թեև ես աղքատ մարդ եմ»։
Եթե պիլիգրիմներից որևէ մեկը լինում էր համաժողովի անցկացման տարածքում, մասնակցում էր ծրագրին՝ ելույթ ներկայացնելով։ Եղբայր Ռասելը նույնպես ջանում էր ներկա լինել և մասնակցել տեղի համաժողովներին, ինչպես նաև Միացյալ Նահանգներում և Կանադայում անցկացվող մեծ համաժողովներին։ Նա շատ էր ճամփորդում, և ճամփորդության մեկնում էր մեծամասամբ շաբաթ-կիրակի օրերին։ 1909-ին Չիկագոյից մի եղբայր վարձեց գնացքի մի քանի վագոն, որպեսզի եղբայր Ռասելի հետ ճամփորդող պատվիրակները կարողանային մի համաժողովից մյուսը գնալ։ 1911-ին և 1913-ին այդ նույն եղբայրը վարձում էր գնացքի բոլոր վագոնները, որպեսզի հարյուրավոր պատվիրակներ մասնակցեին այդ շրջագայություններին, որոնք տևում էին մեկ ամիս կամ ավելի և ընդգրկում էին Միացյալ Նահանգների արևմտյան մասն ու Կանադան։
Այդ ճամփորդությունները անմոռանալի իրադարձություններ էին։ Մելինդա Քիֆերը, որը 1913-ին Չիկագոյում (Իլինոյս) միացավ գնացքով ճամփորդողներին, տարիներ անց ասաց. «Երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու, որ մենք մի մեծ ընտանիք ենք.... գնացքը մեկ ամսով դարձել էր մեր տունը»։ Երբ գնացքը հեռանում էր կայարանից, նրանք, ովքեր եկել էին հրաժեշտ տալու, երգում էին՝ «թող Աստված ձեզ հետ լինի, մինչ կհանդիպենք», և քանի դեռ գնացքը երևում էր, շարունակում էին թափահարել իրենց գլխարկներն ու թաշկինակները։ Քույր Քիֆերը նաև ասաց. «Մենք կանգ էինք առնում այն վայրերում, որտեղ անցնում էին համաժողովները, հիմնականում եռօրյա, և յուրաքանչյուր վայրում մնում էինք մեկ օր։ Եղբայր Ռասելը ներկայացնում էր երկու ելույթ, մեկը հավատակիցների համար կեսօրին, իսկ մյուսը, որի վերնագիրն էր՝ «Ինչ է լինում մահից հետո», ներկայացնում էր հանրության համար երեկոյան»։
Մյուս երկրներում նույնպես գնալով ավելի շատ համաժողովներ էին անցկացվում։ Հաճախ դրանք բավականին փոքր էին լինում։ 1905-ին Նորվեգիայում անցկացված առաջին համաժողովին ներկա եղավ ընդամենը 15 հոգի։ Բայց դա միայն սկիզբն էր։ Վեց տարի անց, երբ եղբայր Ռասելն այցելեց Նորվեգիա՝ համաժողովի, հատուկ քայլեր ձեռնարկվեցին մարդկանց այդ միջոցառմանը հրավիրելու համար, և ներկաների թիվը կազմեց մոտ 1200 հոգի։ 1909-ին, երբ նա այցելեց Շոտլանդիա, Գլազգոյում ելույթ ներկայացրեց մոտ 2000 ներկաների առաջ, իսկ Էդինբուրգում՝ մոտ 2500 ներկաների։ Ելույթն ուներ հետաքրքրաշարժ վերնագիր՝ «Գողը դրախտում, հարուստ մարդը դժոխքում և Ղազարոսը Աբրահամի գրկում»։
Առաջին համաժողովների ծրագրի վերջում եղբայրները անցկացնում էին, այսպես կոչված, «սիրո խնջույքներ», որոնք արտացոլում էին նրանց ջերմ եղբայրասիրությունը։ Ի՞նչ էր տեղի ունենում այդ «խնջույքների» ժամանակ։ Օրինակ՝ հռետորները շարքով կանգնում էին՝ կտրտած հացով ափսեները ձեռքներին, իսկ ներկաները կազմակերպված ձևով մոտենում էին, վերցնում հացից, միմյանց ձեռք էին սեղմում ու երգում. «Օրհնյալ է քրիստոնեական սիրո կապը, որ միավորում է մեր սրտերը»։ Նրանց աչքերը լցվում էին ուրախության արցունքներով։ Հետագայում, երբ համաժողովներին ներկա եղողների թիվն ավելացավ, ձեռք սեղմելու և հացից օգտվելու արարողությունը այլևս չէր կատարվում, բայց ծրագիրն ավարտվում էր երգով ու աղոթքով, և հաճախ ներկաները երկար ծափահարում էին՝ այդպիսով արտահայտելով իրենց երախտագիտությունը։
Թագավորությունը հռչակում են ամբողջ աշխարհում
Առաջին համաշխարհային պատերազմից հետո առաջին մեծ համաժողովը տեղի ունեցավ 1919թ. սեպտեմբերի 1-ից 8-ը Օհայո նահանգի Սիդար Փոյնթ քաղաքում (Էրի լճի մոտ՝ Քլիվլենդից 96 կմ դեպի արևմուտք)։ Եղբայր Ռասելի մահից հետո կազմակերպության մեջ հեղինակություն ունեցող որոշ անհատներ հեռացել էին ճշմարտությունից։ Եղբայրների համար դա լուրջ փորձություն էր։ 1919-ի սկզբին Ընկերության նախագահը և նրա ընկերակիցները ազատ էին արձակվել բանտից։ Բոլորը սպասումների մեջ էին։ Թեև առաջին օրը ներկաները փոքրաթիվ էին, սակայն նույն օրը ավելի ուշ մեծ թվով պատվիրակներ ժամանեցին հատուկ գնացքներով։ Քանի որ պատվիրակներին ընդունող հյուրանոցները ծանրաբեռնված էին, եղբայրներ Ռ. Ջ. Մարտինը և Ա. Հ. Մակմիլանը (երկուսն էլ նրանց թվում էին, ովքեր նոր էին ազատվել բանտից) առաջարկեցին իրենց օգնությունը։ Նրանք մինչև կեսգիշեր բաշխում էին հյուրանոցային համարները, իսկ եղբայր Ռադերֆորդը և շատ ուրիշներ մեծ ուրախությամբ ծառայում էին պատվիրակներին՝ տանելով նրանց ծանրոցները և ուղեկցելով նրանց դեպի իրենց սենյակներ։ Բոլորը մեծ խանդավառությամբ էին լցված։
Ակնկալվում էր, որ մոտ 2500 մարդ է հավաքվելու։ Բայց համաժողովը գերազանցեց բոլոր ակնկալիքները։ Երկրորդ օրը դահլիճն արդեն լեփ-լեցուն էր, ուստի որոշեցին հարակից սրահները օգտագործել։ Երբ դա էլ չբավարարեց, որոշեցին համաժողովն անցկացնել դրսում՝ գեղեցիկ մի պուրակում։ Ներկա էին մոտ 6000 Աստվածաշունչ ուսումնասիրողներ Միացյալ Նահանգներից և Կանադայից։
Կիրակի օրը գլխավոր ելույթը լսելու եկան նաև մոտ 1000 հյուրեր, և ներկաների թիվը հասավ 7000-ի։ Ելույթը ներկայացրեց Ջ. Ֆ. Ռադերֆորդը բաց երկնքի տակ՝ առանց որևէ խոսափողի կամ բարձրախոսի։ Ելույթում, որի վերնագիրն էր՝ «Հույս վհատված մարդկության համար», նա հստակ ցույց տվեց, որ մարդկության խնդիրների միակ լուծումը Աստծու Մեսիական Թագավորությունն է։ Նա նաև ցույց տվեց, որ Ազգերի լիգան (որն այն ժամանակ նոր էր ստեղծվել և արդեն ուներ հոգևորականության հավանությունը) բոլորովին էլ Աստծու Թագավորության քաղաքական դրսևորումը չէր։ Սանդասքի քաղաքում լույս տեսնող մի թերթում (Register) մանրամասնորեն ներկայացվեց այդ հանրային ելույթը, ինչպես նաև ամփոփ նկարագրվեց Աստվածաշունչ ուսումնասիրողների գործունեությունը։ Այդ թերթի օրինակներն ուղարկվեցին Միացյալ Նահանգների և Կանադայի տարբեր թերթերի խմբագրություններ։ Բացի այն, որ այս համաժողովը հայտնի եղավ մարդկանց լայն շրջաններում, այն նշանակալից էր նաև այլ առումներով։
Ողջ համաժողովի ամենակարևոր մասը եղբայր Ռադերֆորդի՝ «Կոչ համագործակիցներին» վերնագրով ելույթն էր, որի հիման վրա հետագայում տպագրվեց «Թագավորության հռչակումը» վերնագրով հոդված։ Աստվածաշունչ ուսումնասիրողներին ուղղված այդ ելույթում պարզաբանվեց անգլերեն GA տառերի նշանակությունը, որոնք գրված էին ծրագրի վրա, ինչպես նաև փակցված էին համաժողովի տարածքի տարբեր մասերում։ Հայտարարվեց, որ լույս է տեսնելու նոր պարբերագիր՝ «Ոսկե դար» (The Golden Age) անվանումով, որի նպատակը մարդկանց ուշադրությունը Մեսիական Թագավորության վրա հրավիրելն էր։ Նկարագրելով այն աշխատանքը, որն արվելու էր՝ եղբայր Ռադերֆորդը ասաց ներկաներին. «Ձեր առջև հնարավորությունների դուռ է բացվում։ Մի հապաղեք, մտեք այդ դռնով։ Հիշեք, որ այս գործը անելիս դուք լինելու եք ոչ թե պարզապես այս պարբերագիրը ներկայացնողներ, այլ Թագավորների Թագավորի ու Տերերի Տիրոջ դեսպաններ և արժանապատվությամբ հայտնելու եք մարդկանց գալիք Ոսկե դարի մասին, նաև մեր Տիրոջ փառահեղ թագավորության մասին, որի համար դարեր շարունակ հույս են փայփայել ու աղոթել ճշմարիտ քրիստոնյաները» (տե՛ս Հայտնություն 3։8)։ Անչափ տպավորիչ էր տեսնել, թե ինչ մեծ խանդավառությամբ արձագանքեցին ներկաները, երբ հռետորը հարցրեց, թե ովքեր են ցանկանում մասնակցել այդ գործին. 6000 ներկաները մի մարդու պես ոտքի կանգնեցին։ Հաջորդ տարի արդեն ավելի քան 10000 հոգի էր մասնակցում քարոզչական ծառայությանը։ Համաժողովի ողջ ծրագիրը միավորեց ու եռանդով լցրեց ներկաներին։
Երեք տարի անց՝ 1922-ին, մեկ ուրիշ հիշարժան համաժողով տեղի ունեցավ Սիդար Փոյնթում։ Այն տևեց ինը օր՝ սեպտեմբերի 5-ից 13-ը։ Պատվիրակները միայն Միացյալ Նահանգներից ու Կանադայից չէին։ Շատերը եկել էին նաև Եվրոպայից։ Ծրագիրը ներկայացվում էր տասը լեզվով։ Ամեն օր միջին հաշվով ներկա էր լինում մոտ 10000 հոգի. իսկ «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» ելույթի ժամանակ այնքան շատ մարդ եկավ, որ ներկաների թիվը գրեթե կրկնապատկվեց։
Աստվածաշունչ ուսումնասիրողները, որ ներկա էին այս համաժողովին, չէին պատկերացնում, որ այն գործը, որ նրանք կատարում էին երկրի վրա, շարունակվելու էր տասնամյակներ։ Իրականում, նրանք կարծում էին, որ դա գուցե լինի իրենց վերջին ընդհանուր համաժողովը և շուտով «եկեղեցին կազատագրվի.... ու կմտնի երկնային ոլորտ՝ Աստծու թագավորության մեջ իշխելու համար և կկանգնի անձամբ մեր Տիրոջ ու մեր Աստծու առաջ»։ Բայց որքան էլ կարճ լիներ ժամանակը, նրանց համար ամենակարևորը Աստծու կամքը կատարելն էր։ Հենց դա ի նկատի ունենալով՝ եղբայր Ռադերֆորդը սեպտեմբերի 8-ին՝ ուրբաթ օրը, ներկայացրեց «Թագավորությունը» վերնագրով հիշարժան ելույթը։
Համաժողովի տարածքի տարբեր մասերում ADV տառերով մեծ պլակատներ էին կախված։ Ելույթի ընթացքում պարզ դարձավ այդ տառերի նշանակությունը, երբ հռետորը ներկաներին հետևյալ հորդորը տվեց. «Եղե՛ք Տիրոջ հավատարիմ ու ճշմարիտ վկաները։ Շարունակե՛ք կռվել, մինչև որ Բաբելոնն ամբողջովին ամայանա։ Լուրը հռչակեք ամենո՛ւր։ Աշխարհը պիտի իմանա, որ Եհովան է Աստված, և որ Հիսուս Քրիստոսը թագավորների Թագավորն է ու տերերի Տերը։ Այսօր ամենակարևոր օրն է։ Տեսե՛ք, Թագավորն իշխում է։ Դուք նրա մունետիկներն եք։ Դե՛, ուրեմն, հռչակե՛ք, հռչակե՛ք, հռչակե՛ք Թագավորին ու նրա թագավորությունը»։ Հենց այդ պահին 11 մետր երկարության մի մեծ պլակատ բացվեց հանդիսատեսի առաջ, որի վրա գրված էր խրախուսիչ կոչը՝ «Հռչակե՛ք Թագավորին և նրա թագավորությունը» (ADV տառերը ներկայացնում են անգլերեն «advertise» բառը, որը նշանակում է «հռչակել»)։ Դա շատ տպավորիչ տեսարան էր։ Բոլորը մեծ ոգևորությամբ ծափահարում էին։ Տարեց եղբայր Փֆանեբեքերը, որը համաժողովի նվագախմբի մեջ էր, իր ջութակը թափահարեց գլխավերևում և իր խիստ գերմանական ակցենտով բացականչեց. «Այո՜։ Հիմա մենք հենց դա՛ էլ կանենք»։ Եվ նրանք հենց այդպես էլ վարվեցին։
Չորս օր հետո, երբ համաժողովը դեռ չէր ավարտվել, եղբայր Ռադերֆորդը մյուս պատվիրակների հետ մասնակցում էր Թագավորությունը տնից տուն քարոզելու գործին համաժողովի անցկացման վայրի շրջակայքում՝ մինչև 72 կիլոմետր շառավղով տարածքում։ Բայց դա միայն սկիզբն էր։ Թագավորության հռչակման գործն այնպիսի թափ էր ստացել, որ այն ի վերջո ընդգրկելու էր ողջ աշխարհը։ Այդ տարի 58 երկրներում վկայություն էին տալիս ավելի քան 17000 եռանդուն քարոզիչներ։ Տասնամյակներ անց Ջորջ Գանգասը, որը ներկա էր եղել Սիդար Փոյնթի համաժողովին և տարիներ անց դարձել էր Կառավարիչ մարմնի անդամ, համաժողովի ծրագրի վերաբերյալ հետևյալն ասաց. «Այն անջնջելի հետք թողեց իմ մտքում ու սրտում, և ես երբեք չեմ մոռանա այդ ամենը, քանի դեռ կենդանի եմ»։
Հոգևոր առումով նշանակալից իրադարձություններ
Բոլոր համաժողովներն էլ թարմություն և Աստծու Խոսքից կրթություն ստանալու աղբյուր են եղել։ Սակայն դրանցից մի քանիսը հիշվել են տասնամյակներ շարունակ որպես հոգևոր առումով նշանակալից իրադարձություններ։
1922-ից մինչ 1928 թվականները Միացյալ Նահանգներում, Կանադայում և Բրիտանիայում յոթ այդպիսի համաժողովներ տեղի ունեցան։ Այդ համաժողովները նշանակալից էին, օրինակ, նրանով, որ դրանցից յուրաքանչյուրի ժամանակ ընդունվեց կարևոր բանաձև։ Բոլոր յոթ բանաձևերը բերված են հաջորդ էջի շրջանակում։ Թեև Վկաները թվով համեմատաբար քիչ էին, նրանք ամբողջ աշխարհում տարբեր լեզուներով տարածեցին այդ բանաձևերից մեկի 45 միլիոն օրինակ, և մի քանի այլ բանաձևերի՝ 50 միլիոն օրինակ։ Մի քանիսը հեռարձակվեցին միջազգային ռադիոցանցով։ Այդպիսով հրաշալի վկայություն տրվեց։
1931-ին Կոլումբուսում (Օհայո) տեղի ունեցավ մեկ նշանակալից համաժողով ևս։ Հուլիսի 26-ին Աստվածաշունչ ուսումնասիրողները, ուշադրությամբ լսելով սուրբգրային փաստարկները, ընդունեցին նոր անուն՝ Եհովայի վկաներ։ Որքա՜ն տեղին էր դա։ Այդ անունը գլխավորապես ուշադրություն է հրավիրում Արարչի վրա և հստակորեն ցույց է տալիս, թե ինչ պատասխանատվություն ունեն նրան երկրպագողները (Ես. 43։10–12)։ Այս անունը ընդունելով՝ եղբայրները մղվեցին ավելի մեծ եռանդով հռչակել Աստծու անունը և նրա Թագավորությունը։ Դանիացի մի եղբայր այդ տարի մի նամակ գրեց, որում ասվում էր. «Ի՜նչ հրաշալի անուն է Եհովայի վկաներ անունը, թող որ բոլորս իսկապես ապրենք այդ անվան համաձայն»։
1935-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ մեկ այլ հիշարժան համաժողով։ Ծրագրի երկրորդ օրը՝ մայիսի 31-ին, եղբայր Ռադերֆորդը խոսեց Հայտնություն 7։9–17 համարներում նշված մեծ բազմության մասին։ Ավելի քան կես դար Աստվածաշունչ ուսումնասիրողները փորձում էին ճշգրտորեն հասկանալ, թե ովքեր են այդ խմբի անդամները, բայց չէին կարողանում։ Այժմ՝ Եհովայի սահմանած ժամանակին, արդեն կատարվող իրադարձությունների լույսի ներքո պարզ դարձավ, որ դրանք այն անհատներն են, ովքեր երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկար ունեն։ Այս հասկացողության շնորհիվ նոր իմաստ հաղորդվեց քարոզչական գործին, և սուրբգրային հիմքեր բերվեցին բացատրելու համար այն մեծ փոփոխությունները, որ արդեն սկսել էին կատարվել Եհովայի վկաների ժամանակակից կազմակերպության կառույցում։
Շատերը, որ ներկա են եղել 1941-ին Սենտ Լուիսում (Միսուրի) տեղի ունեցած համաժողովին, հիշում են առաջին օրը ներկայացված «Անարատություն» վերնագրով ելույթը, որում եղբայր Ռադերֆորդը ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց այն մեծ վիճաբանական հարցի վրա, որի առաջ կանգնած են բոլոր բանական արարածները։ Սատանայի ըմբոստությունից հետո բարձրացված վիճաբանական հարցերը պարբերաբար քննարկվել են 1928-ից ի վեր, երբ ներկայացվեց «Կառավարիչ՝ մարդկության համար» վերնագրով ելույթը։ Սակայն այժմ ընդգծվեց, որ «Սատանայի հանդուգն մարտահրավերով բարձրացված գլխավոր հարցը եղել է և մնում է ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»։ Եհովայի ծառաների ձեռք բերած հասկացողությունն այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում վիճաբանական հարցը, և թե որքան կարևոր է անարատություն պահել Եհովայի՝ տիեզերքի Գերիշխանի հանդեպ, հզոր մղիչ ուժ է եղել նրանց կյանքում։
1942-ին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը դեռ ընթացքի մեջ էր, և ոմանք մտածում էին, որ քարոզչական գործը գուցե շուտով ավարտվի, տեղի ունեցավ մի համաժողով, որի ժամանակ եղբայր Ն. Հ. Նորը՝ «Դիտարան ընկերության» նոր նշանակված նախագահը, ներկայացրեց հանրային ելույթ՝ «Խաղաղություն. կարո՞ղ է այն հարատև լինել» վերնագրով։ Այդ ելույթում բացատրվեց «Հայտնություն» գրքի 17-րդ գլխում նկարագրված փոխաբերական «ալ կարմիր գազանի» նշանակությունը, ինչը օգնեց Եհովայի վկաներին հասկանալու, որ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդելու է մի ժամանակաշրջան, որի ընթացքում ավելի շատ մարդկանց է հնարավորություն տրվելու գալ դեպի Աստծու Թագավորությունը։ Սա զարկ տվեց համաշխարհային քարոզչական գործին, որը տարիների ընթացքում իրականացվել է ավելի քան 235 երկրներում և դեռևս չի ավարտվել։
Մեկ այլ նշանակալից իրադարձություն էր 1950թ. օգոստոսի 2-ին Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում տեղի ունեցած համաժողովը։ Այդ համաժողովի պատվիրակները առաջինն էին, որ ստացան «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը». նրանք հիացած ու զարմացած էին։ «Նոր աշխարհ թարգմանության» մնացած հատվածները մաս առ մաս լույս տեսան հաջորդ տասնամյակի ընթացքում։ Սուրբ Գրքի այս ժամանակակից թարգմանության մեջ Աստծու անունը վերականգնվել էր այն տեղերում, որտեղ այն պետք է լիներ։ Այս հրատարակությունը, որը բնագիր լեզուներից կատարված ճշգրիտ թարգմանություն է, հրաշալի գործիք է, որը Եհովայի վկաները կարող են օգտագործել թե՛ Աստվածաշնչի իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ և թե՛ քարոզելիս։
Համաժողովի նախավերջին օրը Ֆ. Ու. Ֆրանցը, որն այն ժամանակ «Դիտարան ընկերության» փոխնախագահն էր, ներկայացրեց մի ելույթ՝ «Նոր համակարգ» վերնագրով։ Տարիներ շարունակ Եհովայի վկաները հավատացել են, որ նախաքրիստոնեական ժամանակներում ապրած՝ Եհովայի որոշ ծառաներ նախքան Արմագեդոնը հարություն կառնեն, որպեսզի նոր աշխարհում լինեն իշխաններ՝ ի կատարումն Սաղմոս 45։16-ի։ Կարելի է պատկերացնել, թե ինչ ազդեցություն թողեցին ունկնդիրների վրա հռետորի հետևյալ խոսքերը. «Մի՞թե այս միջազգային համաժողովի ներկաները ուրախ չեն լինի՝ իմանալով, որ այստեղ այսօր մեր մեջ կան մարդիկ, ովքեր լինելու են նոր երկրի իշխանները»։ Բուռն ծափահարությունները և ուրախ բացականչությունները երկար չէին դադարում։ Ապա հռետորը ցույց տվեց, որ Աստվածաշնչում «իշխան» թարգմանված բառի գործածությունը, ինչպես նաև ներկայումս ապրող «ուրիշ ոչխարներից» շատերի հավատարմությունը թույլ են տալիս եզրակացնել, որ այժմ ապրող մարդկանցից ոմանց Հիսուս Քրիստոսը հավանաբար կընտրի որպես իշխաններ։ Բայց նա նաև ընդգծեց, որ այդպիսի ծառայություն կատարողները տիտղոսներ չեն ստանալու։ Եվ ելույթի վերջում այսպիսի կոչ արեց. «Ուրեմն, եկեք բոլորս միասին անսասան առա՛ջ ընթանանք որպես Նոր աշխարհի հասարակություն»։
Եհովայի վկաների համաժողովների ժամանակ հնչել են նաև ուրիշ կարևոր ելույթներ։ Օրինակ՝ 1953-ին ներկայացվեց «Նոր աշխարհի հասարակության վրա հարձակվում են հեռավոր հյուսիսից» վերնագրով ելույթը, որում անչափ հետաքրքիր ձևով բացատրվեց, թե ինչ նշանակություն ունի Մագոգի երկրի Գոգի հարձակումը, որ նկարագրված է «Եզեկիել» գրքի 38 և 39 գլուխներում։ Նույն տարի ներկայացվեց «Այս տունը փառքով կլցնեմ» վերնագրով ելույթը, որը անչափ հուզեց ունկնդիրներին, քանի որ իրենց աչքերով տեսնում էին, թե ինչպես է կատարվում Անգե 2։7-ում տրված Եհովայի խոստումը, թե նա բոլոր ազգերի ցանկալի գանձերը կբերի իր տուն։
Ամենանշանակալից համաժողովը անցկացվել է 1958-ին Նյու Յորքում, երբ երկու մեծ մարզադաշտերում հավաքվել էր ավելի քան մեկ քառորդ միլիոն մարդ՝ լսելու «Աստծու Թագավորությունը իշխում է. աշխարհի վերջը մո՞տ է» վերնագրով ելույթը։ Պատվիրակները եկել էին 123 երկրներից, և համաժողովի ժամանակ նրանց ներկայացրած տեղեկությունները ամրացրին միջազգային եղբայրության կապը։ Այդ առանձնահատուկ համաժողովի ժամանակ հայտարարվեց 54 լեզուներով տարբեր հրատարակությունների թողարկման մասին, որոնք օգնելու էին ներկաներին հոգևորապես աճել և մարդկանց ճշմարտությունը սովորեցնել։
1962-ին հնչեցին մի շարք ելույթներ «Հպատակվել վերին իշխանություններին» թեմայով, որոնք շտկեցին Վկաների հասկացողությունը Հռոմեացիներ 13։1–7 համարների վերաբերյալ։ 1964-ին «Մահից դեպի կյանք» և «Գերեզմանից հարություն են առնում» վերնագրերով ելույթները օգնեցին ներկաներին ավելի լավ հասկանալ, թե որքան մեծ է Եհովայի ողորմությունը, որը հարության խոստում է տվել։ Դեռ երկար կարելի է թվարկել բաներ, որոնցով համաժողովները նշանակալից են դարձել։
Ամեն տարի տասնյակ հազարավոր, նույնիսկ հարյուր հազարավոր նոր անհատներ են ներկա լինում համաժողովներին։ Թեև ներկայացված մտքերը միշտ չէ, որ նորություն են լինում կազմակերպության համար ընդհանուր առմամբ, բայց հաճախ դրանք օգնում են նոր անհատներին հասկանալ Աստծու կամքը, և դա խորապես տպավորում են նրանց։ Նրանք իմանում են Աստծուն ծառայելու հնարավորության մասին և մղվում են քայլեր անելու, ինչը ամբողջությամբ փոխում է նրանց կյանքը։
Շատ համաժողովների ժամանակ ուշադրություն է դարձվել Աստվածաշնչի որոշ գրքերի բացատրության վրա։ Օրինակ՝ 1958-ին և հետագայում 1977-ին թողարկվեցին գրքեր, որոնցում քննարկվում էին Դանիելի արձանագրած մարգարեությունները, որ վերաբերում են Աստծու նպատակին՝ հաստատել մեկ համաշխարհային կառավարություն, որի Թագավորը Քրիստոսն է լինելու։ 1971-ին ուշադրություն դարձվեց «Եզեկիել» գրքին, որում մի քանի անգամ շեշտվում են Աստծու հետևյալ խոսքերը՝ «ազգերը պիտի իմանան, որ ես Եհովան եմ» (Եզեկ. 36։23)։ 1972-ին մանրամասնորեն քննարկվեցին Զաքարիայի և Անգեի մարգարեությունները։ 1963-ին, 1969-ին և 1988-ին ավելի խորությամբ քննարկվեցին «Հայտնություն» գրքի տպավորիչ մարգարեությունները, որոնցում վառ կերպով նկարագրվում են Մեծ Բաբելոնի անկումը և Աստծու գալիք փառահեղ նոր երկինքն ու նոր երկիրը։
Համաժողովների ժամանակ քննարկվել են տարբեր թեմաներ՝ «Աստվածապետության աճը», «Մաքուր երկրպագություն», «Միավորված երկրպագուները», «Խիզախ ծառայողները», «Ոգու պտուղը», «Աշակերտներ պատրաստելը», «Բարի լուր բոլոր ազգերի համար», «Աստծու անունը», «Աստծու Գերիշխանությունը», «Սուրբ ծառայությունը», «Հաղթանակող հավատ», «Թագավորությանը հավատարիմ», «Անարատություն պահողները», «Եհովայի հանդեպ վստահությունը», «Աստծու հանդեպ նվիրվածությունը», «Լուսակիրները» և այլն։ Դրանք բոլորը նպաստել են կազմակերպության և նրա հետ համագործակցող անհատների հոգևոր աճին։
Նոր զարկ է տրվում քարոզչական գործին
Թե մեծ, թե փոքր համաժողովները եղել են մեծ քաջալերության աղբյուր և նպաստել են բարի լուրի քարոզչությանը։ Ելույթների և ցուցադրումների միջոցով գործնական խորհուրդներ են տրվել։ Ծրագրում միշտ ընդգրկվել են դեպքեր քարոզչական ծառայությունից, նաև այն անհատների պատմությունները, ովքեր վերջերս են ընդունել ճշմարտությունը։ Բացի այդ, տարիներ շարունակ համաժողովների ծրագրի մաս է կազմել քարոզչական ծառայությունը, ինչը շատ օգտակար է եղել։ Դրա շնորհիվ հիանալի վկայություն է տրվել այն քաղաքներում, որտեղ անցկացվել են համաժողովները, ինչպես նաև մեծ քաջալերություն են ստացել հենց իրենք՝ Վկաները։
Քարոզչական ծառայությունը առաջին անգամ ընդգրկվեց համաժողովների ծրագրում 1922-ի հունվարին Վինիպեգ քաղաքում (Մանիտոբա, Կանադա)։ Ծառայություն է կազմակերպվել նաև այդ տարի ավելի ուշ Սիդար Փոյնթում (Օհայո) անցկացված համաժողովի ժամանակ։ Այդ ժամանակվանից ի վեր ամեն անգամ համաժողովների ժամանակ քարոզչական ծառայության համար հատկացվում էր մի ամբողջ օր կամ օրվա մի մասը կամ էլ որոշակի ժամանակահատված մի քանի օրերի ընթացքում, որպեսզի պատվիրակները միասնաբար մասնակցեին քարոզչական ծառայությանը այդ քաղաքում կամ քաղաքի շրջակայքում։ Խոշոր քաղաքներում մարդիկ, որոնք գուցե հազվադեպ էին առնչվում Վկաների հետ, այդպիսով հնարավորություն էին ունենում լսելու բարի լուրը Աստծու նպատակի մասին, այն է՝ հավիտենական կյանք պարգևել արդարություն սիրողներին։
Դանիայում առաջին անգամ համաժողովի ժամանակ քարոզչական ծառայություն կազմակերպվեց 1925-ին, երբ Նյորիվոլդում հավաքվեց 400–500 հոգի։ Այդ համաժողովին քարոզչական ծառայությանը մասնակցեց 275 հոգի, որոնցից շատերը առաջին անգամ էին ծառայում։ Ոմանք անվստահության զգացում ունեին։ Բայց ծառայության ուրախությունը ճաշակելուց հետո նրանք սկսեցին եռանդորեն քարոզել իրենց բնակավայրերում։ Այդ համաժողովից հետո մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Դանիայում մեկօրյա շատ այդպիսի ծառայողական համաժողովներ անցկացվեցին, որոնց նաև հրավիրվում էին եղբայրներ մոտակա քաղաքներից։ Բոլորն ավելի մեծ եռանդով էին լցվում, երբ միասին մասնակցում էին ծառայությանը, ապա կրկին հավաքվում՝ ելույթներ լսելու։ Նմանատիպ ծառայողական համաժողովներ անցկացվեցին նաև Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում, և դրանք տևում էին երկու օր։
Մեծ համաժողովների ժամանակ քարոզչական գործունեությունը ավելի լայն մասշտաբներով էր իրականացվում։ 1936-ից սկսած՝ համաժողովի հանրային ելույթի մասին Վկաները հանրությանը տեղեկացնում էին կազմակերպված երթերի միջոցով, որոնց ժամանակ նրանք իրենց վրա կրում էին ազդագրեր և տարածում էին տեղեկատու թերթիկներ (այդ ազդագրերը կոչվում էին նաև «սենդվիչներ», քանի որ բաղկացած էին երկու կտորից, որոնցից մեկը կրում էին առջևից, մյուսը՝ հետևից)։ Երբեմն հազար կամ ավելի Վկաներ էին մասնակցում այդպիսի երթերի։ Իսկ մյուսները գնում էին տնից տուն և հրավիրում բոլորին գալ ու լսել ծրագիրը։ Յուրաքանչյուր Վկայի համար քաջալերական էր համագործակցել մյուսների հետ և տեսնել, որ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր հավատակիցներ իրենց հետ մասնակցում են այդ գործին։ Միևնույն ժամանակ բազմաթիվ մարդիկ իմանում էին, որ Եհովայի վկաները հավաքվել են իրենց քաղաքում. այդպիսով նրանք հնարավորություն էին ունենում անձամբ լսելու, թե ինչ են սովորեցնում Վկաները, և տեսնելու նրանց վարքը։
Համաժողովների ժամանակ հնչող ելույթները հաճախ միայն ներկաները չէին լսում։ 1927-ին Տորոնտոյում (Կանադա) տեղի ունեցած համաժողովի ժամանակ եղբայր Ռադերֆորդը ներկայացրեց «Ազատություն ժողովուրդներին» վերնագրով ելույթը, որը 53 ռադիոկայանների ցանցով հեռարձակվեց տարբեր երկրների բազմաթիվ ռադիոլսողների համար. այդպիսի բան պատմության մեջ մինչ այդ չէր եղել։ Հաջորդ տարի Դետրոյտում (Միչիգան, ԱՄՆ) հնչեց «Կառավարիչ՝ մարդկության համար» ելույթը, որը հեռարձակվեց երկու անգամ ավելի շատ ռադիոկայաններով, իսկ կարճալիք ռադիոկայանով այն լսեցին հեռավոր Ավստրալիայում, Նոր Զելանդիայում ու Հարավաֆրիկյան Միությունում (այժմ՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն)։
1931-ին հիմնական ռադիոցանցերը հրաժարվեցին հեռարձակել համաժողովի մի ելույթ, որը ներկայացնելու էր եղբայր Ռադերֆորդը։ Ուստի «Դիտարան ընկերությունը», համագործակցելով «Ամերիքան թելեֆոն էնդ թելեգրաֆ քոմփանի» ընկերության հետ, ստեղծեց իր սեփական ռադիոցանցը, որը բաղկացած էր 163 ռադիոկայաններից և ներառում էր այն ժամանակվա խոշորագույն հեռահաղորդագրական ցանցը (American Telephone and Telegraph Company)։ Այդ ռադիոցանցով հեռարձակվեց «Թագավորություն. աշխարհի հույսը» վերնագրով ելույթը։ Բացի այդ, աշխարհի տարբեր մասերում 300 ուրիշ կայաններով հնչեցին այդ ծրագրի ձայնագրությունները։
1935-ին Վաշինգտոնում տեղի ունեցած համաժողովի ժամանակ եղբայր Ռադերֆորդը ներկայացրեց ելույթ՝ «Կառավարություն» վերնագրով՝ հստակորեն ընդգծելով այն միտքը, որ Եհովայի Թագավորությունը՝ Քրիստոսի գլխավորությամբ, շուտով փոխարինելու է բոլոր մարդկային կառավարություններին։ Այդ ելույթը Վաշինգտոնի դահլիճում լսեց ավելի քան 20000 հոգի։ Այն նաև հնչեց ողջ աշխարհում ռադիոյով և հեռախոսակապով՝ հասնելով մինչև Կենտրոնական և Հարավային Ամերիկա, Եվրոպա, Հարավաֆրիկյան Միություն (այժմ՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն), Խաղաղօվկիանոսյան կղզիներ և Արևելքի երկրներ։ Այդ միջոցներով ելույթը կարող էր լսել մոտ մի քանի միլիոն մարդ։ Վաշինգտոնի երկու առաջատար թերթեր խախտեցին իրենց պայմանագիրը և չտպագրեցին ելույթը։ Սակայն եղբայրները ձայնափողով մեքենաներ կանգնեցրին 3 տեղ Վաշինգտոնում և 40 տեղ քաղաքի մոտակայքում և հնչեցրին ելույթի ձայնագրությունը ընդհանուր հաշվով մոտ 120000 ունկնդիրների համար։
1938-ին «Ռոյալ Ալբերտ Հոլ» համերգասրահում (Լոնդոն, Անգլիա) հնչեց «Ուղիղ նայենք փաստերին» ելույթը, որը հեռարձակվեց աշխարհի 50 քաղաքներում, որտեղ անցկացվում էր համաժողովը և միաժամանակ այն լսեց, ընդհանուր հաշվով, մոտ 200000 հոգի։ Այդ ելույթը հեռարձակվեց նաև ռադիոյով։
Այսպիսով՝ թեև Եհովայի վկաները համեմատաբար փոքրաթիվ էին, բայց նրանց համաժողովների շնորհիվ Թագավորության լուրը հռչակվեց մարդկանց լայն շրջանների։
Համաժողովները Եվրոպայում պատերազմից հետո
Որոշ համաժողովներ մյուսներից ավելի շատ են տպավորվել ներկաների հիշողության մեջ։ Դրանցից մի քանիսը տեղի ունեցան Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Այդպիսի մի համաժողով անցկացվեց Ամստերդամում (Նիդերլանդներ) 1945-ի օգոստոսի 5-ին, երբ նույնիսկ չորս ամիս էլ չէր անցել, ինչ Վկաներն ազատվել էին Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներից։ Ակնկալվում էր, որ մոտ 2500 պատվիրակներ կգային, որոնցից 2000-ին հարկավոր էր կացարանով ապահովել։ Քնելու տեղ պատրաստելու համար տեղի Վկաները իրենց տանը ծղոտ էին փռել հատակին։ Պատվիրակները գալիս էին տարբեր վայրերից ամենատարբեր փոխադրամիջոցներով՝ նավով, բեռնատար մեքենաներով, հեծանիվներով, իսկ ոմանք՝ ճանապարհին պատահած մեքենաներով։
Այդ համաժողովի ժամանակ նրանք ծիծաղում էին և արտասվում, երգում էին ու շնորհակալություն էին հայտնում Եհովային նրա բարության համար։ Ներկաներից մեկն ասաց. «Նրանք անասելի ուրախություն էին ապրում, որ աստվածապետական կազմակերպությունը ազատվել է կապանքներից»։ Պատերազմից առաջ Նիդերլանդներում Վկաների թիվը 500-ի չէր հասնում։ Ընդհանուր հաշվով՝ 426 հոգի ձերբակալվել էր, որոնցից 117-ը մահացել էր դաժան հալածանքի պատճառով։ Բայց ի՜նչ մեծ ուրախություն ապրեցին համաժողովի ներկաներից ոմանք՝ հանդիպելով իրենց սիրելիներին, որոնց մահացած էին համարում։ Մյուսներն էլ արտասվում էին, քանի որ նրանց որոնումներն ապարդյուն էին։ Այդ երեկո 4000 հոգի համակ ուշադրությամբ լսեց հանրային ելույթը, որում բացատրվում էր, թե ինչու են Եհովայի վկաներն այդպիսի դաժան հալածանքների ենթարկվում։ Չնայած իրենց կրած հալածանքներին՝ նրանք միջոցներ ձեռնարկեցին, որպեսզի կազմակերպված ձևով եռանդորեն շարունակեն կատարել Աստծու հանձնարարած գործը։
Հաջորդ տարի՝ 1946-ին, Գերմանիայի եղբայրները Նյուրնբերգում համաժողով կազմակերպեցին։ Նրանց թույլ տրվեց անցկացնել այն «Ցեպելին դաշտ» կոչվող հրապարակում, որտեղ Հիտլերը նախկինում շքերթներ էր կազմակերպում։ Համաժողովի երկրորդ օրը Էրիխ Ֆրոստը, որն անձամբ ենթարկվել էր գեստապոյի դաժան վերաբերմունքին և մի քանի տարի անցկացրել էր նացիստական համակենտրոնացման ճամբարներից մեկում, ներկայացրեց հանրային ելույթը, որի վերնագիրն էր՝ «Քրիստոնյաները դաժան հալածանքների ներքո»։ Համաժողովին ներկա էին 6000 Վկաներ, որոնց միացել էին 3000 ոչ Վկաներ Նյուրնբերգից։
Համաժողովի վերջին օրը համընկավ այն օրվա հետ, երբ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ պետք է հայտարարվեր պատերազմի հանցագործների դատավճիռները։ Զինվորական իշխանությունները այդ օրը պարետային ժամ հայտարարեցին, բայց երկար բանակցություններից հետո նրանք համաձայնեցին, որ հաշվի առնելով Եհովայի վկաների դիրքորոշումը նացիստական ռեժիմի ներքո՝ պատշաճ չէր լինի թույլ չտալ նրանց խաղաղությամբ ավարտելու իրենց համաժողովը։ Ուստի վերջին օրը եղբայրները հավաքվեցին լսելու մի հուզիչ ելույթ՝ «Անվախ՝ չնայած համաշխարհային դավադրությանը» վերնագրով։
Նրանք տեսնում էին Եհովայի ձեռքը տեղի ունեցող իրադարձությունների մեջ։ Հենց այն ժամանակ, երբ հայտարարվում էր նրանց դատավճիռը, ովքեր ներկայացնում էին նացիստական ռեժիմը, որը փորձել էր ոչնչացնել Եհովայի վկաներին, վերջիններս հավաքվել էին Եհովային երկրպագելու հենց այն վայրում, որտեղ Հիտլերն անցկացնում էր իր ամենապերճաշուք շքերթները՝ ցուցադրելով նացիզմի ուժը։ Համաժողովի նախագահողն ասաց. «Արժեր ինը տարի անցկացնել համակենտրոնացման ճամբարում միայն այս օրը տեսնելու համար, որն ընդամենը նախաշուքն է այն հաղթանակի, որ Աստծու ժողովուրդը տանելու է Արմագեդոնի ժամանակ իր թշնամիների դեմ»։
Այլ անմոռանալի համաժողովներ
Եհովայի վկաների գործունեությունն ընդլայնվում էր, և համաժողովներ էին կազմակերպվում ամբողջ աշխարհում։ Դրանք բոլորն էլ աչքի էին ընկնում որոշակի առանձնահատկություններով։
1952-ին Կիտվեում (Հյուսիսային Ռոդեզիա, այժմ՝ Զամբիա)՝ Քոփերբելթի կենտրոնում, ծրագրվում էր անցկացնել համաժողով՝ «Դիտարան ընկերության» նախագահի այցելության հետ կապված։ Համաժողովը անցկացվելու էր հանքավայրերից մեկի մոտակայքում գտնվող մի մեծ տարածքում, որն այժմ հայտնի է Չամբոլի անունով։ Եղբայրները հարթեցրին մի մեծ բլուր, որը նախկինում մրջնանոց էր եղել, և այդ տեղում ծղոտե տանիք կառուցեցին բեմի համար։ Կենտրոնական մասից, որտեղ հիմնական նստատեղերն էին, 180 մետր երկարության ճառագայթաձև շարքերով կառուցեցին գիշերելու համար ուրիշ ծղոտե տանիքներ և դրանց տակ երկհարկանի հարթակներ։ Մի քանիսում քնում էին տղամարդիկ ու տղաները, իսկ մյուսներում՝ կանայք և աղջիկները։ Համաժողովին ներկա լինելու համար պատվիրակներից ոմանք երկու շաբաթ ճամփորդել էին հեծանվով։ Ուրիշներն էլ մի քանի օր գնացել էին ոտքով, իսկ հետո ավտոբուսով։
Համաժողովի ընթացքում ունկնդիրները շատ ուշադիր էին, թեև նստած էին բաց երկնքի տակ բամբուկե չոր նստարաններին։ Նրանք եկել էին ծրագիրը լսելու և մի բառ անգամ չէին ուզում բաց թողնել։ Շատ հուզումնալից էր լսել, թե որքան գեղեցիկ էին երգում 20000 ներկաները։ Նրանք երգում էին՝ առանց երաժշտական նվագակցության, բայց հիանալի ներդաշնակությամբ։ Այս Վկաների միասնությունը երևում էր ոչ միայն երգեցողության մեջ, այլ առհասարակ ամեն ինչում, թեև նրանք տարբեր ծագում ունեին և տարբեր ցեղերից էին։
Իսկ պատկերացրեք, թե ինչ էին զգում Պորտուգալիայի Եհովայի վկաները, երբ ազատորեն երկրպագելու համար մոտ 50 տարի մղված պայքարից հետո 1974-ի դեկտեմբերի 18-ին նրանք պետական գրանցում ստացան։ Այդ ժամանակ նրանց թիվը մոտ 14000 էր։ Մի քանի օր անց Պորտուի մարզասրահներից մեկում հավաքվեցին 7586 Վկաներ. ազատ տեղ չկար։ Իսկ հաջորդ օրը Լիսաբոնի ֆուտբոլի մարզադաշտը լեփ-լեցուն էր մարդկանցով. այնտեղ ներկա էին 39284 հոգի։ Եղբայր Նորն ու եղբայր Ֆրանցը նրանց հետ էին այդ ուրախ միջոցառման ժամանակ, որը շատերի համար անմոռանալի իրադարձություն էր։
Կազմակերպում են միջազգային հավաքույթներ
Մոտ կես դարից ավելի Եհովայի վկաները կազմակերպել են համաժողովներ, որոնք միաժամանակ անցկացվել են շատ երկրների տարբեր քաղաքներում։ Նրանց միջազգային եղբայրությունը ավելի ցայտուն է եղել այդ միջոցառումների ժամանակ, երբ նրանք բոլորը միասին լսել են քաղաքներից մեկից հեռարձակվող գլխավոր ելույթները։
Սակայն առաջին անգամ 1946 թվականին էր, որ տեղի ունեցավ մեծ միջազգային համաժողով, որի ժամանակ տարբեր երկրներից պատվիրակներ հավաքվեցին մեկ քաղաքում։ Այն անցկացվեց Քլիվլենդում (Օհայո)։ Թեև պատերազմից հետո դեռևս դժվար էր ճամփորդել, բայց համաժողովին ներկա եղավ 80000 հոգի, այդ թվում 302 պատվիրակներ 32 երկրներից՝ չհաշված Միացյալ Նահանգները։ Ծրագիրն անցկացվում էր 20 լեզվով։ Բազմաթիվ գործնական խորհուրդներ տրվեցին քարոզչական գործը ընդլայնելու վերաբերյալ։ Համաժողովի ծրագրում առանձնահատուկ էր եղբայր Նորի ելույթը, որում նա խոսեց վերակառուցման և ընդլայնման հարցերի մասին։ Ներկաները մեծ խանդավառությամբ ու բուռն ծափահարություններով ողջունեցին լուրն այն մասին, որ ծրագրվում էր ընդլայնել Ընկերության գլխավոր վարչության տպարանը և գրասենյակային շենքերը, ռադիոկայանների շենքերը, նաև որ նախատեսվում էր նոր մասնաճյուղեր հիմնել խոշոր երկրներում և ընդլայնել միսիոներական գործունեությունը։ Այդ համաժողովից կարճ ժամանակ անց միջոցներ ձեռնարկվեցին, որ եղբայր Նորը և եղբայր Հենշելը մեկնեն շուրջերկրյա ճամփորդության՝ նշված ծրագրերը իրականացնելու համար։
Հաջորդ տարիներին պատմական նշանակություն ունեցող համաժողովներ տեղի ունեցան Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում։ Դրանցից առաջինի ժամանակ, որն անցկացվեց 1950-ի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 6-ը, ներկա էին 67 երկրներից եկած պատվիրակներ։ Ծրագիրն ընդգրկում էր կարճ հաշվետվություններ, որոնք ներկայացրին մասնաճյուղերի ծառայողները, միսիոներները և ուրիշ պատվիրակներ։ Համաժողովի ներկաների համար տպավորիչ էր լսել տեղեկություններ այն մասին, թե ինչպիսի եռանդով էր քարոզչական գործը կատարվում այն երկրներում, որտեղից եկել էին այդ պատվիրակները։ Վերջին օրը հնչեց մի ելույթ՝ «Կարո՞ղ ես ունենալ երջանիկ հավիտենական կյանք երկրի վրա» վերնագրով, որի ժամանակ ներկաների թիվը հասավ 123707-ի։ Համաժողովի խորագիրն էր՝ «Աստվածապետության աճը»։ Ուշադրություն դարձվեց մեծ աճի մասին վկայող ցուցանիշների վրա։ Սակայն ինչպես հստակորեն նշեց համաժողովի նախագահող Գրանտ Սյութերը, դա չէր արվում կազմակերպության մեջ ինչ-որ մեկի փայլուն ունակությունները գովաբանելու համար։ Նա ասաց. «Այդ բարձր թվերի համար պատիվը պետք է տալ Եհովային։ Այո՛, այդպես էլ պետք է վարվենք, այլ կերպ լինել չի կարող»։
1953-ին Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում տեղի ունեցավ մեկ ուրիշ համաժողով։ Այս անգամ ներկաների բարձրագույն թիվը 165829 էր։ Ինչպես առաջին համաժողովի ժամանակ էր, այս անգամ էլ ծրագրում ընդգրկված էին քննարկումներ Աստվածաշնչի հուզիչ մարգարեությունների վերաբերյալ և գործնական խորհուրդներ այն մասին, թե ինչպես արդյունավետորեն կատարել բարի լուրի քարոզչությունը։ Նաև ներկայացվեցին հաշվետվություններ տարբեր երկրներից։ Ծրագիրը սկսվում էր առավոտյան ժամը 9։30-ին և սովորաբար ավարտվում էր երեկոյան ժամը 21։00-ին կամ 21։30-ին։ Համաժողովը տևեց 8 օր, և ներկաները ուրախ հոգևոր խնջույք վայելեցին։
1958-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ամենամեծ համաժողովը, որի համար անհրաժեշտ եղավ վարձել ոչ միայն «Յանկի» մարզադաշտը, այլև այդտեղից ոչ հեռու գտնվող «Պոլո Գրաունդզ» մարզադաշտը, ինչպես նաև դրանց հարակից տարածքները։ Վերջին օրը, երբ մարզադաշտում ոչ մի ազատ տեղ չկար, հատուկ թույլտվություն ստացան օգտագործելու «Յանկի» մարզադաշտի խաղադաշտը։ Անչափ հուզիչ էր տեսնել, թե ինչպես էին հազարավոր պատվիրակներ գալիս, հանում իրենց կոշիկները և նստում խոտերին։ Հանրային ելույթը լսեցին 253922 ներկաներ։ Այն, որ Եհովան օրհնում էր իր ժողովրդի ծառայությունը, երևաց նաև այն բանից, որ 7136 հոգի խորհրդանշեց իր նվիրումը ջրի մկրտությամբ։ Այդ թիվը երկու անգամ գերազանցում էր այն պատմական իրադարձության ժամանակ մկրտվածների թիվը, որ տեղի ունեցավ մ.թ. 33-ի Պենտեկոստեին, որի մասին արձանագրված է Աստվածաշնչում (Գործ. 2։41)։
Այդ համաժողովները ցույց տվեցին, որ Աստծու ժողովուրդը ոչ միայն լավ կազմակերպված է, այլև փաստեցին, որ Աստծու ոգին գործում էր նրանց մեջ։ Ամեն հարցում դրսևորվում էր եղբայրական սեր, որի հիմքում ընկած էր սերը Աստծու հանդեպ։ Բոլոր բաժիններում աշխատանքն ամբողջությամբ կատարում էին կամավորները։ Չկային բարձր վարձատրվող կազմակերպիչներ։ Քրիստոնյա եղբայրներն ու քույրերը՝ հաճախ ողջ ընտանիքով, հոգ էին տանում սննդի սեղանների մասին։ Նրանք նաև պատրաստում էին տաք կերակուր և մարզադաշտին կից տարածքում՝ հսկայական ծածկերի տակ, պատվիրակներին սնունդ էին մատակարարում՝ մեկ րոպեում սպասարկելով մինչև հազար հոգու։ Տասնյակ հազարավորներ ուրախությամբ մասնակցում էին համաժողովի կազմակերպման գործին՝ ծառայելով որպես սպասարկուներ և կատարելով անհրաժեշտ շինարարական գործեր, կերակուր պատրաստելով ու մատուցելով, մաքրություն անելով և ուրիշ գործեր կատարելով։
Շատ կամավորներ հարյուր հազարավոր ժամեր էին հատկացրել պատվիրակներին կացարաններով ապահովելու համար։ Որոշ համաժողովների համար կառուցում էին վագոն-տնակների և վրանների ճամբարներ։ 1953-ին Նյու Ջերսիում Վկաները մի ֆերմերի համար անվճար հնձեցին հացահատկի 16 հեկտար մեծության մի արտ, իսկ ֆերմերը այդ տարածքը տրամադրեց եղբայրներին, որպեսզի նրանք վագոն-տնակների ճամբար հիմնեին 45000-ից ավելի պատվիրակների համար։ Նրանք կառուցեցին զուգարաններ, լոգարաններ, լվացքատներ, ճաշարաններ, մթերային խանութներ, նաև հոգ տարան էլեկտրականության մասին։ Երբ պատվիրակները ժամանեցին ճամբար, մեկ գիշերվա մեջ, ասես, մի քաղաք հայտնվեց այդտեղ։ Նյու Յորքում և մոտակա քաղաքներում հազարավորներ մնում էին հյուրանոցներում կամ տներում։ Դա մի հսկայական միջոցառում էր։ Եհովայի օրհնությամբ ամեն ինչ հաջող անցավ։
«Ճամփորդող» համաժողովներ
Եհովայի վկաները անկեղծորեն հետաքրքրված են ուրիշ երկրներում ապրող իրենց հավատակիցներով։ Այդ իսկ պատճառով նրանք, օգտվելով ընձեռված հնարավորություններից, ներկա են լինում ուրիշ երկրներում անցկացվող համաժողովներին։
Երբ 1951-ին Լոնդոնի (Անգլիա) Ուեմբլի մարզադաշտում սկսվեց «Մաքուր երկրպագությունը» խորագրով համաժողովների շարքը, պատվիրակներ ժամանեցին 40 երկրներից։ Ծրագրում հատուկ շեշտ դրվեց ճշմարիտ երկրպագության գործնական կողմերի և ծառայությունը կյանքի գլխավոր նպատակը դարձնելու վրա։ Անգլիայից շատ Վկաներ մեկնեցին դեպի մայրցամաք, որտեղ հաջորդ երկու ամիսների ընթացքում անցկացվելու էին ինը համաժողով ևս։ Ամենամեծը Մայնի Ֆրանկֆուրտի (Գերմանիա) համաժողովն էր, որին ներկա էին 47432 հոգի 24 երկրներից։ Եղբայրների ջերմ սերը դրսևորվեց ծրագրի վերջում, երբ նվագախումբը սկսեց նվագել և գերմանացի եղբայրները սկսեցին հրաժեշտի երգ երգել՝ պաշտպանություն խնդրելով Աստծուց իրենց հավատակիցների համար, որոնք եկել էին տարբեր տեղերից։ Շատերը թափահարում էին թաշկինակները, իսկ հարյուրավոր պատվիրակներ հավաքվել էին խաղադաշտում, որպեսզի իրենց երախտագիտությունը հայտնեին այս մեծ աստվածապետական միջոցառման համար։
1955-ին ավելի շատ Վկաներ պլանավորեցին գնալ ուրիշ երկրներ՝ համաժողովի, որպեսզի հանդիպեն իրենց քրիստոնյա եղբայրներին։ Երկու վարձված նավերով (յուրաքանչյուրը 700 ուղևորներով) և 42 վարձված ինքնաթիռներով՝ պատվիրակները Միացյալ Նահանգներից և Կանադայից մեկնեցին Եվրոպա։ Գերմանիայում հրատարակվող «Սթարզ էնդ Սթրայփս» թերթի եվրոպական թողարկման մեջ Վկաների հսկայական խմբի ժամանելու մասին նշվում էր, որ դա «հավանաբար ամերիկացիների ամենամեծ հոսքն էր դեպի Եվրոպա դաշնակից բանակների ներխուժումից հետո, որը տեղի էր ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ» (The Stars and Stripes)։ Պատվիրակներ էին եկել նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայից, Ասիայից, Աֆրիկայից և Ավստրալիայից։ Թեև քրիստոնեական աշխարհի հոգևորականությունը փորձում էր խանգարել Վկաներին համաժողովներ անցկացնել Հռոմում և Նյուրնբերգում, սակայն այդ տարի ամռանը համաժողովներ տեղի ունեցան ոչ միայն այդ երկու քաղաքներում, այլև ուրիշ վեց համաժողովներ՝ Եվրոպայի տարբեր մասերում։ Ներկաների թիվը տարբեր էր՝ 4351-ից (Հռոմում) մինչև 107423 (Նյուրնբերգում)։ Իսկ 17729 հոգի հավաքվեց Վալդբյունե ամֆիթատրոնում (գտնվում էր Արևմտյան Բեռլինում), քանի որ եղբայրները Արևելյան Գերմանիայի տարածքից ավելի քիչ վտանգներով կարող էին հասնել այդտեղ։ Այդ եղբայրներից շատերը նախկինում իրենց հավատի համար բանտարկված էին եղել կամ էլ նրանց ընտանիքի անդամներն էին այդ ժամանակ դեռ բանտում, սակայն նրանք անսասան էին իրենց հավատի մեջ։ Ուստի համաժողովի համար ընտրվել էր տեղին խորագիր՝ «Հաղթական Թագավորությունը»։
Թեև արդեն տեղի էին ունեցել միջազգային շատ համաժողովներ, սակայն 1963-ի համաժողովը յուրահատուկ էր։ Այդ համաժողովը «ճամփորդեց» ողջ երկրով մեկ։ Սկսելով Միլուոկիից (Վիսքոնսին, Միացյալ Նահանգներ) այն շարժվեց դեպի Նյու Յորք, ապա դեպի Եվրոպայի չորս խոշոր քաղաքներ, այնուհետև անցավ Միջին Արևելքով դեպի Հնդկաստան, ապա Բիրմա (այժմ՝ Մյանմա), Թաիլանդ, Հոնկոնգ, Սինգապուր, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, Ավստրալիա, Թայվան, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Ֆիջի, Կորեայի Հանրապետություն և Հավայի, այդտեղից վերադարձավ Հյուսիսային Ամերիկա։ Պատվիրակներ էին եկել ընդհանուր հաշվով 161 երկրներից։ Ներկաների թիվը 580000-ից ավելի էր։ 583 պատվիրակներ մոտ 20 երկրներից համաժողովի հետ ճամփորդեցին երկրից երկիր՝ շրջելով գրեթե ողջ երկրագնդով մեկ։ Կազմակերպվեցին հատուկ էքսկուրսիաներ կրոնական նշանակություն ունեցող տեսարժան վայրերը այցելելու համար։ Նրանք նաև տեղի եղբայրների և քույրերի հետ մասնակցում էին տնետուն ծառայությանը։ Ճանապարհորդող պատվիրակներն անձամբ էին հոգում իրենց ֆինանսական կարիքները։
Միջազգային համաժողովներից շատերին մեծ թվով պատվիրակներ էին ներկա լինում Լատինական Ամերիկայից։ Իսկ 1966–1967թթ.-ին արդեն իրենք ունեին առանձնաշնորհում համաժողովների պատվիրակներին իրենց երկրում ընդունելու։ Ներկաները երբեք չեն մոռանա Երեմիայի մասին աստվածաշնչյան ներկայացումը, որն օգնեց յուրաքանչյուրին տեսնել այդ դրվագի նշանակությունը մեր օրերի համարa։ Քրիստոնեական սիրո կապը ավելի ամրացավ, երբ հյուրերը տեսան, թե ինչպիսի հանգամանքներում է Լատինական Ամերիկայում իրականացվում Աստվածաշնչի հսկայական կրթական ծրագիրը։ Նրանց անչափ տպավորել էր իրենց հավատակիցների ամուր հավատը, որոնցից շատերը համաժողովին ներկա լինելու համար դիմագրավել էին անհաղթահարելի թվացող խոչընդոտներ՝ հակառակություն ընտանիքի անդամների կողմից, ջրհեղեղներ, ունեցվածքի կորուստ։ Նրանց նաև քաջալերեցին տարբեր քարոզիչների մասին պատմությունները։ Օրինակ՝ հարցազրույց անցկացվեց Ուրուգվայից ֆիզիկապես տկար մի քրոջ հետ, որը ծառայում էր որպես հատուկ ռահվիրա։ Նա օգնել էր 80 հոգու, որ ընդունեն ճշմարտությունը և մկրտվեն։ Այդ անհատներից շատերը այդ օրը նրա հետ բեմ էին բարձրացել (1992-ի տվյալներով՝ այս քույրը օգնել էր 105 հոգու մկրտվել, ու թեև նա տկար էր, բայց դեռ շարունակում էր ծառայել որպես հատուկ ռահվիրա)։ Որքան ուրախալի էր նաև հանդիպել միսիոներների, որոնք ավարտել էին «Գաղաադ» դպրոցի առաջին դասարանները և դեռ ծառայում էին իրենց նշանակումներում։ Այդ համաժողովները մեծապես նպաստեցին այն բանին, որ քարոզչական գործը առաջ ընթանա երկրագնդի այդ հատվածում։ Այդ երկրներից շատերում այժմ 10, 15, 20 անգամ ավելի շատ Եհովային փառաբանողներ կան։
Մի քանի տարի անց՝ 1970–1971թթ.-ին, Վկաները առիթ ունեցան հաճելի ընկերակցություն վայելելու իրենց եղբայրների հետ Աֆրիկայում անցկացվող միջազգային համաժողովների ժամանակ։ Այդ համաժողովներից ամենամեծը անցկացվեց Լագոսում (Նիգերիա), որտեղ ամեն բան պետք է հիմքից կառուցվեր։ Պատվիրակներին արևից պաշտպանելու համար բամբուկե քաղաք կառուցեցին, որտեղ կային նստարաններ, ննջարաններ, ճաշարաններ և այլն։ Այդ ամենն իրականացնելու համար պահանջվեցին 100000 բամբուկի ցողուններ և 36000 մեծ, ծղոտե կարպետներ, և այդ բոլորը պատրաստեցին եղբայրներն ու քույրերը։ Ծրագիրը անցկացվեց միաժամանակ 17 լեզուներով։ Ներկաների թիվը հասավ 121128-ի, և 3775 հոգի մկրտվեց։ Ներկա էին բազմաթիվ ցեղերի պատկանող պատվիրակներ, որոնցից շատերը մի ժամանակ պատերազմել են միմյանց դեմ։ Որքա՜ն ուրախալի էր տեսնել, որ այժմ նրանք միավորված էին քրիստոնեական անկեղծ սիրո կապով։
Համաժողովից հետո օտարերկրացի պատվիրակները ավտոբուսով ճամփորդեցին դեպի Իգբոլանդ՝ տեսնելու այն տարածքը, որը խիստ վնասվել էր որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից։ Երբ նրանք անցնում էին քաղաքից քաղաք, տեղի բնակիչները անչափ զարմանում էին՝ տեսնելով, թե ինչպես են հյուրերը ծանոթանում և գրկախառնվում տեղի Վկաների հետ։ Մարդիկ դուրս էին գալիս փողոցներ տեսնելու այդ ամենը։ Սևամորթ և սպիտակամորթ մարդկանց միջև սիրո և միասնության այդպիսի դրսևորում նրանք երբեք չէին տեսել։
Որոշ երկրներում Եհովայի վկաները շատ էին, ուստի հնարավոր չէր հավաքվել մեկ վայրում։ Սակայն երբեմն անցկացվում էին միաժամանակ մի քանի մեծ համաժողովներ, որոնցից հետո ամեն շաբաթ տեղի էին ունենում ուրիշ համաժողովներ։ 1969-ին այդ կերպով կազմակերպված համաժողովների ժամանակ ակնհայտ երևաց նրանց միասնությունը, երբ հիմնական ելույթները ներկայացող եղբայրներից ոմանք ինքնաթիռով մեկնում էին մի վայրից մյուսը՝ այդպիսով ծառայելով բոլոր համաժողովներում։ 1983-ին և 1988-ին տեղի ունեցած համաժողովների ժամանակ նույնպես ակնհայտ եղավ Վկաների միասնությունը, երբ մի շարք մեծ համաժողովներում, որ անցկացվում էին տարբեր երկրներում միևնույն լեզվով, հեռախոսակապով հեռարձակվեցին Կառավարիչ մարմնի անդամների կողմից ներկայացվող գլխավոր ելույթները։ Սակայն իրականում Եհովայի վկաների միասնության հիմքում ընկած է այն, որ նրանք բոլորը երկրպագում են Եհովային՝ որպես միակ ճշմարիտ Աստծու։ Բոլորը առաջնորդվում են Աստվածաշնչով և օգուտներ են քաղում միևնույն հոգևոր կրթական ծրագրից։ Նրանք բոլորը ընդունում են Հիսուս Քրիստոսին՝ որպես իրենց Առաջնորդ, ձգտում են կյանքում դրսևորել Աստծու ոգու պտղի հատկությունները, ապավինում են Աստծու Թագավորությանը և մասնակցում են այդ Թագավորության մասին բարի լուրը մարդկանց քարոզելու գործին։
Կազմակերպված են աշխարհով մեկ Եհովային փառաբանելու համար
Եհովայի վկաների թիվը այնքան է մեծացել, որ գերազանցում է որոշ երկրների բնակչության թիվը։ Ուստի որպեսզի նրանք առավելագույնս օգուտներ քաղեն համաժողովներից, լավ պլանավորում է հարկավոր։ Որպեսզի բոլոր ներկաների համար տեղ լինի, բավական է նախօրոք մի պարզ նամակով տեղեկացնել ժողովներին, թե որտեղ են նրանք նշանակված այցելելու համաժողով։ Իսկ երբ միջազգային համաժողովներ են կազմակերպվում, հաճախ հարկավոր է լինում, որ Կառավարիչ մարմինը ոչ միայն նկատի առնի տարբեր երկրներից այն Վկաների թիվը, որոնք ցանկանում են և հնարավորություն ունեն գնալ համաժողովի, այլ նաև այն, թե ինչպիսի շինություններ են մատչելի միջոցառումն անցկացնելու համար։ Բացի այդ, եղբայրները հաշվի են առնում ընդունող երկրի Վկաների թիվը և առկա կացարանների քանակը։ Իսկ հետո որոշում են, թե յուրաքանչյուր երկրից ամենաշատը քանի պատվիրակ կարող է ներկա լինել համաժողովին։ 1989-ին այդպես կազմակերպվեցին Լեհաստանի երեք համաժողովները՝ «Աստծու հանդեպ նվիրվածություն» խորագրով։
Ակնկալվում էր, որ այդ համաժողովներին Լեհաստանից ներկա կլինեն 90000 Եհովայի վկաներ, ինչպես նաև հազարավոր հետաքրքրվող անհատներ։ Շատերը հրավիրված էին Բրիտանիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից։ Մեծ թվով պատվիրակներ եկան Իտալիայից, Ֆրանսիայից և Ճապոնիայից։ Մյուսները եկել էին Սկանդինավյան երկրներից և Հունաստանից։ Ներկայացուցիչներ կային առնվազն 37 երկրներից։ Ծրագրի որոշ բաժիններ հարկ եղավ թարգմանել լեհերենից կամ անգլերենից 16 ուրիշ լեզուների։ Ներկաների ընդհանուր թիվը 166518 էր։
Լեհաստանի այդ համաժողովներին ներկա էին նաև մեծ թվով Վկաներ Խորհրդային Միությունից և Չեխոսլովակիայից։ Բազմաթիվ պատվիրակներ կային նաև Արևելյան Եվրոպայի այլ երկրներից։ Հյուրանոցներում կամ ուսանողական հանրակացարաններում բավականաչափ կացարաններ չկային բոլոր պատվիրակների համար։ Ուստի լեհ Վկաները, հյուրասիրություն դրսևորելով, բաց արեցին իրենց սրտերն ու տան դռները և ուրախությամբ առաջարկեցին այն ամենը, ինչ որ ունեին։ Մի ժողով, որն ուներ 146 քարոզիչ, կացարան տրամադրեց ավելի քան 1200 պատվիրակների։ Որոշ պատվիրակներ առաջին անգամ էին եկել այնպիսի հանդիպման, որին ներկա էին ոչ թե 15–20 Վկաներ, այլ հավատակիցների մի հսկայական խումբ։ Նրանց սրտերը հուզմունքով լցվեցին, երբ նրանք մարզադաշտերում տեսան տասնյակ հազարավոր մարդկանց իրենց հետ աղոթելիս և միասնականորեն Եհովային փառաբանող երգեր երգելիս։ Ընդմիջումների ժամանակ տարբեր պատվիրակների հետ շփվելիս նրանք ջերմորեն գրկախառնվում էին, նույնիսկ եթե միմյանց լեզուն չիմանալու պատճառով չէին կարողանում արտահայտել իրենց սրտում եղածը։
Համաժողովի վերջում նրանց սրտերը լցված էին Եհովայի հանդեպ երախտագիտությամբ այն ամենի համար, որ հնարավոր էր եղել նրա շնորհիվ։ Վարշավայի համաժողովի նախագահողի հրաժեշտի խոսքերից հետո բուռն ծափահարությունները չէին դադարում տասը րոպե։ Եզրափակիչ երգից ու աղոթքից հետո դարձյալ հնչեցին ծափահարություններ, և պատվիրակները դեռ երկար կանգնած էին իրենց տեղերում։ Նրանք երկար տարիներ էին սպասել այս իրադարձությանը և չէին ցանկանում, որ այն ավարտվեր։
Հաջորդ տարի՝ 1990-ին, Բեռլինում կազմակերպվեց միջազգային համաժողով։ Այդ ժամանակ դեռ հինգ ամիս էլ չէր անցել այն բանից, ինչ Արևելյան Գերմանիայում Եհովայի վկաների գործունեության վրայից հանվել էր 40 տարի տևած արգելքը։ 44532 ներկաների մեջ կային պատվիրակներ 65 տարբեր երկրներից։ Որոշ երկրներից եկել էին ընդամենը մի քանի հոգի, իսկ Լեհաստանից՝ մոտ 4500։ Բառերով հնարավոր չէ նկարագրել այն խոր զգացումները, որ ունեցան նրանք, ովքեր մինչ այդ երբևիցե ազատություն չեն ունեցել ներկա լինելու այդպիսի համաժողովի, ու երբ բոլոր ներկաները սկսեցին փառաբանության երգ երգել Եհովային, նրանք չկարողացան զսպել ուրախության արցունքները։
Այդ տարի ավելի ուշ Սան Պաուլուում (Բրազիլիա) տեղի ունեցավ մեկ այլ միջազգային համաժողով, որն անցկացնելու համար անհրաժեշտ եղավ վարձել երկու մեծ մարզադաշտեր 134406 պատվիրակների համար։ Դրանից հետո միջազգային համաժողով տեղի ունեցավ Արգենտինայում, որտեղ նույնպես միաժամանակ երկու մեծ մարզադաշտ օգտագործվեց։ 1991-ի հենց սկզբից միջոցներ սկսեցին ձեռնարկվել Ֆիլիպիններում, Թայվանում և Թաիլանդում միջազգային համաժողովներ անցկացնելու համար։ Այդ տարի տարբեր երկրներից բազմաթիվ պատվիրակներ եկան համաժողովների Արևելյան Եվրոպա՝ Հունգարիա, Չեխոսլովակիա և ներկայիս Խորվաթիա։ Իսկ 1992-ին 28 երկրներից պատվիրակների համար մեծ առանձնաշնորհում էր լինել 46214 ներկաների թվում Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած համաժողովին, որը Ռուսաստանում անցկացված առաջին միջազգային համաժողովն էր։
Հոգևորապես կերտիչ միջոցառումներ
Եհովայի վկաները միայն միջազգային համաժողովներն չեն կազմակերպում։ Բայց Կառավարիչ մարմինը հոգ է տանում, որ տարին մեկ անգամ անցկացվեն մեծ համաժողովներ, և ամբողջ աշխարհում բոլոր Վկաները լսեն միևնույն ծրագիրը շատ լեզուներով։ Դրանք կարող են լինել բավականին մեծ, ինչը հնարավորություն է տալիս շփվել տարբեր վայրերից եկած Վկաների հետ։ Նաև կարող են լինել փոքր և անցկացվել շատ քաղաքներում, ինչի շնորհիվ հետաքրքրվող անհատների համար ավելի հեշտ է լինում ներկա լինել այդ միջոցառումներին, և առիթ է ստեղծվում, որ հարյուրավոր փոքր քաղաքների բնակիչներ ավելի լավ ճանաչեն Եհովայի վկաներին։
Բացի այդ, ամեն տարի անցկացվում են շրջանային համաժողովներ (յուրաքանչյուր շրջանի մեջ մտնում է մոտ 20 ժողով)։ Այդ համաժողովների երկօրյա ծրագրի միջոցով հոգևոր խորհուրդներ և քաջալերանք է տրվում ներկաներինb։ Նաև 1987-ի սեպտեմբերից ի վեր սկսեցին տարին մեկ անգամ յուրաքանչյուր շրջանի համար անցկացվել նաև մեկօրյա հատուկ համաժողովներ։ Հնարավորության դեպքում Ընկերության գլխավոր վարչությունից կամ տեղի մասնաճյուղից որևէ մեկը ուղարկվում է մասնակցելու այդ համաժողովի ծրագրին։ Եհովայի վկաները բարձր են գնահատում այդ կերտիչ միջոցառումները։ Հիմնականում համաժողովների անցկացման վայրերը չափազանց հեռու կամ դժվար հասանելի չեն։ Բայց երբեմն դրանք շատ հեռու են լինում։ Մի շրջանային վերակացու պատմում է, որ տարեց ամուսինների մասին, որոնք Զիմբաբվեում անցկացվող շրջանային համաժողովին ներկա լինելու համար ոտքով անցան 76 կիլոմետր՝ իրենց հետ տանելով ճամպրուկներն ու ծածկոցները։
Համաժողովների ծրագրով այլևս քարոզչական ծառայություն նախատեսված չէ, բայց պատճառը այն չէ, որ Վկաները այդ գործը կարևոր չեն համարում։ Ներկայումս համաժողովների անցկացման վայրերում ապրող մարդկանց հիմնականում կանոնավորաբար այցելում են տեղի Վկաները, որոշ դեպքերում նույնիսկ մի քանի շաբաթը մեկ։ Իսկ համաժողովի պատվիրակները օգտագործում են ցանկացած առիթ ոչ պաշտոնական վկայություն տալու համար։ Նրանք զորեղ վկայություն են տալիս նաև իրենց քրիստոնեավայել վարքով։
Ճշմարիտ եղբայրության ապացույց
Վկաների համաժողովների ժամանակ ականատեսների համար նկատելի է նրանց եղբայրական միությունը։ Նրանք կարող են տեսնել, որ Վկաների միջև կողմնապահություն չկա, և որ նրանք ջերմ վերաբերմունք են դրսևորում միմյանց հանդեպ, նույնիսկ եթե առաջին անգամ են հանդիպում իրար։ 1958-ին Նյու Յորքում անցկացված «Աստծու կամքը» միջազգային համաժողովի վերաբերյալ Նյու Յորքի «Ամստերդամ նյուս» հանդեսում (օգոստոսի 2-ի թողարկումը) գրվեց. «Ամենուրեք սպիտակամորթները, սևամորթները և ասիացիները հասարակության բոլոր խավերից և աշխարհի տարբեր մասերից ուրախությամբ ու ազատորեն շփվում էին միմյանց հետ.... 120 երկրներից մեծ թվով Վկաներ խաղաղությամբ ապրում էին ու երկրպագություն մատուցում՝ ցույց տալով ամերիկացիներին, թե որքան հեշտ կարելի է անել դա.... Այս համաժողովը փայլուն օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են մարդիկ միասին ապրել ու աշխատել»։
1985-ին, երբ Եհովայի վկաները միաժամանակ համաժողովներ անցկացրին Դուրբանում և Յոհաննեսբուրգում (Հարավաֆրիկյան Հանրապետություն), դրանց ներկա եղան պատվիրակներ Հարավաֆրիկյան Հանրապետության խոշոր ցեղերից և լեզվական խմբերից, ինչպես նաև 23 ուրիշ երկրներից։ Հնարավոր չէր չնկատել 77830 ներկաների ջերմ ընկերակցությունը։ Մի երիտասարդ հնդկուհի ասաց. «Հրաշալի է տեսնել, թե ինչպես են մետիսները, հնդկացիները, սպիտակամորթները և սևամորթները շփվում են միմյանց հետ։ Դա ամբողջությամբ փոխել է կյանքի հանդեպ իմ տեսակետը»։
Եղբայրական միասնությունը չի դրսևորվում միայն միմյանց ժպտալով, ձեռք սեղմելով և իրար «եղբայր» ու «քույր» կոչելով։ Օրինակ՝ երբ 1963-ին ամբողջ աշխարհով մեկ կազմակերպվում էր «Հավիտենական ավետիս» խորագրով համաժողովը, Եհովայի վկաներին տեղեկացվեց, որ եթե որևէ մեկը ցանկանում է ֆինանսապես օգնել մյուս հավատակիցներին, որ նրանք կարողանան ներկա լինել այդ համաժողովին, ապա Ընկերությունը սիրով հոգ կտանի, որ այդ միջոցներից օգտվեն աշխարհի բոլոր անկյուններում ապրող եղբայրները։ Ոչ ոքի չստիպեցին գումար նվիրաբերել, և հավաքված միջոցներից գումար չպահվեց կազմակերպչական աշխատանքների համար։ Ողջ գումարը օգտագործվեց այն նպատակով, ինչի համար որ հավաքվել էր։ Այդ միջոցառումից օգտվեցին 8179 հոգի։ Նրանց թվում կային պատվիրակներ Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բոլոր երկրներից, նաև՝ հազարավորներ Աֆրիկայից, շատերն էլ եկել էին Մերձավոր Արևելքից և Հեռավոր Արևելքից։ Մեծամասամբ օգնություն ցույց տրվեց այն եղբայրներին ու քույրերին, որոնք երկար տարիներ անցկացրել էին լիաժամ ծառայության մեջ։
1978-ի վերջերին Օքլենդում (Նոր Զելանդիա) ծրագրվում էր համաժողով անցկացնել։ Այդ մասին իմացան Կուկի կղզիներում ապրող Վկաները և անչափ ցանկացան ներկա լինել։ Սակայն կղզիներում տնտեսական վիճակը ծանր էր, և յուրաքանչյուրից բավականին մեծ գումար էր պահանջվում ճանապարհածախսի համար։ Բայց Նոր Զելանդիայի սիրառատ եղբայրներն ու քույրերը գումար նվիրաբերեցին, որի շնորհիվ մոտ 60 կղզիաբնակ հավատակիցներ կարողացան հոգալ իրենց ճանապարհածախսը։ Որքա՜ն ուրախ էին նրանք, որ կարող էին սպիտակամորթ հավատակիցների, ինչպես նաև մաորիացի, սամոացի և նիուեցի եղբայրների հետ վայելել առատ հոգևոր խնջույքը։
1988-ին Մոնրեալում (Կանադա) անցկացված «Աստծու արդարությունը» խորագրով մարզային համաժողովի վերջում նույնպիսի մթնոլորտ էր տիրում, որը սովորաբար լինում է Եհովայի վկաների այդպիսի հավաքույթների ժամանակ։ Չորս օր անգլիացի, արաբ, իսպանացի, իտալացի, հույն, պորտուգալացի և ֆրանսիացի Վկաները վայելում էին միևնույն հոգևոր ծրագիրը՝ յուրաքանչյուրն իր լեզվով։ Բայց վերջին մասի ավարտից հետո բոլոր 45000 ներկաները հավաքվեցին Օլիմպիական մարզադաշտում։ Այնտեղ երևաց, որ նրանք մեկ եղբայրություն են և միավորված են մեկ ընդհանուր նպատակի համար։ Բոլորը խմբերը՝ յուրաքանչյուրը իր լեզվով, միասին երգեցին. «Եկեք երգենք.... «Յահն է իշխում, ցնծա՛ երկիր»»։
[ծանոթագրություններ]
a Հաջորդ 25 տարիների ընթացքում յոթանասուն այդպիսի ներկայացումներ են ցուցադրվել համաժողովների ժամանակ։
b 1947-ից մինչև 1987 թվականը այդ համաժողովները անցկացվել են տարին երկու անգամ։ Մինչև 1972թ. դրանք եղել են եռօրյա համաժողովներ, իսկ այդ թվականից հետո՝ երկօրյա։
[մեջբերում 255-րդ էջի վրա]
«Ինձ անչափ տպավորեց այդ հանդիպումների ժամանակ տիրող սերը և ջերմ մթնոլորտը»
[մեջբերում 256-րդ էջի վրա]
Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միության համաժողովի պատվիրակները 1917-ին Վինիպեգում (Կանադա)
[մեջբերում 275-րդ էջի վրա]
Գործը կատարվում է ոչ թե բարձր վարձատրվող կազմակերպիչների կողմից, այլ կամավորների
[մեջբերում 278-րդ էջի վրա]
Միասնություն սևամորթների և սպիտակամորթների միջև
[շրջանակ/նկար 261-րդ էջի վրա]
Յոթ կարևոր բանաձևերը
1922, «Մարտահրավեր՝ աշխարհի կառավարիչներին»։ Կոչ էր անում կառավարիչներին կա՛մ ապացուցել, որ մարդիկ բավականին իմաստուն են երկիրը ղեկավարելու համար, կա՛մ էլ ընդունել, որ միայն Եհովան կարող է խաղաղություն, կյանք, ազատություն և երջանկություն պարգևել Քրիստոսի միջոցով։
1923, «Նախազգուշացում՝ ուղղված բոլոր քրիստոնյաներին»։ Ցույց էր տալիս, որ անհրաժեշտ է անհապաղ թողնել այն կազմակերպությունները, որոնք խաբեությամբ պնդում էին, թե Աստծուն և Քրիստոսին են ներկայացնում։
1924, «Մեղադրանք՝ հոգևորականությանը»։ Քողազերծում էր քրիստոնեական աշխարհի հոգևորականության հակասուրբգրային ուսմունքներն ու սովորությունները։
1925, «Հույսի պատգամ»։ Ցույց էր տալիս, թե ինչու նրանք, ովքեր պնդում էին, թե աշխարհի լույսն են, չկարողացան բավարարել մարդու հիմնական կարիքները, և որ դա կարող է անել միայն Աստծու Թագավորությունը։
1926, «Վկայություն՝ աշխարհի կառավարիչներին»։ Տեղեկացնում էր կառավարիչներին, որ միակ ճշմարիտ Աստվածը Եհովան է, և որ Քրիստոսը այժմ իշխում է որպես երկրի օրինական Թագավոր։ Հորդորում էր կառավարիչներին վերահաս աղետից խուսափելու նպատակով գործի դնել իրենց իշխանությունը՝ մարդկանց մտքերը դեպի ճշմարիտ Աստված դարձնելու համար։
1927, «Բանաձև՝ ուղղված քրիստոնեական աշխարհի ժողովուրդներին»։ Քողազերծում էր ֆինանսա-քաղաքա-կրոնական միությունը, որը ճնշում է մարդկությանը։ Հորդորում էր մարդկանց թողնել քրիստոնեական աշխարհի կրոնները և իրենց հույսը դնել Եհովայի և նրա Թագավորության վրա, որի Թագավորը Քրիստոսն է։
1928, «Հռչակագիր ընդդեմ Սատանայի և հօգուտ Եհովայի»։ Հստակ ընդգծում էր, որ օծյալ Թագավոր Հիսուս Քրիստոսը շուտով կհաղթի Սատանային և կոչնչացնի նրա նենգ կազմակերպությունը։ Հորդորում էր արդարություն սիրող բոլոր մարդկանց դիրք բռնել Եհովայի կողմը։
[շրջանակ/նկարներ 272-րդ, 273-րդ էջերի վրա]
Ինչով էին հիշարժան մեծ համաժողովներից մի քանիսը
Հարյուրավոր խանդավառ պատվիրակներ համաժողով ժամանեցին նավով, հազարավորներ՝ ինքնաթիռով, իսկ տասնյակ հազարավորներ՝ ավտոմեքենաներով և ավտոբուսներով
Լավ կազմակերպվածության և բազմաթիվ կամավորների աջակցության շնորհիվ հնարավոր եղավ բոլոր պատվիրակներին ապահովել կացարանով
Ութօրյա այդ համաժողովների ընթացքում պատվիրակների համար կանոնավորաբար տասնյակ հազարավոր բաժին տաք կերակուր էր պատրաստվում
Վագոն-տնակների և վրանների ճամբար՝ ավելի քան 45000 պատվիրակների համար, 1953թ.
1958թ.-ին Նյու Յորքում մկրտվեց 7136 հոգի։ 33թ. Պենտեկոստեից ի վեր դա մեկ օրում մկրտվածների ամենաբարձր թիվն էր
1953թ.-ին Նյու Յորքի համաժողովին կարելի էր տեսնել պլակատներ՝ տարբեր երկրների պատվիրակների ողջույնի խոսքերով։ Ծրագիրը ներկայացվում էր 21 լեզուներով
[նկար 256-րդ էջի վրա]
Համաժողովի գնացքները մեկնում են
[նկարներ 258-րդ էջի վրա]
Ջ. Ֆ. Ռադերֆորդը Սիդար Փոյնթում 1919-ին։ Նա քաջալերեց եռանդորեն հռչակել Թագավորությունը «Ոսկե դարի» միջոցով
[նկար 259-րդ էջի վրա]
Համաժողով Սիդար Փոյնթում 1922-ին։ Հնչում է հետևյալ կոչը. «Հռչակե՛ք Թագավորին և նրա թագավորությունը»
[նկար 260-րդ էջի վրա]
Ջորջ Գանգասը Սիդար Փոյնթում 1922-ին։ Տասնյակ տարիներ շարունակ նա եռանդորեն հռչակել է Աստծու Թագավորությունը
[նկար 262-րդ, 263-րդ էջերի վրա]
Կոլումբուսի (Օհայո) համաժողովի պատվիրակները, որոնք խանդավառությամբ ընդունեցին Եհովայի վկաներ անունը (1931)
[նկար 264-րդ էջի վրա]
1950-ին Ն. Հ. Նորը հայտարարում է «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» թողարկման մասին
[նկար 264-րդ էջի վրա]
1958-ին Նյու Յորքում Ֆ. Ու. Ֆրանցը ելույթներ ներկայացրեց մարգարեությունների կատարման մասին
[նկարներ 265-րդ էջի վրա]
Երկար տարիներ քարոզչական ծառայությունը եղել է համաժողովների կարևոր մասը։
Լոս Անջելես, ԱՄՆ, 1939 (մեծ նկար). Ստոկհոլմ, Շվեդիա, 1963 (փոքր նկար)
[նկարներ 266-րդ էջի վրա]
Ջ. Ֆ. Ռադերֆորդի ելույթը հեռարձակվեց ռադիոյով և հեռախոսակապով վեց մայրցամաքներում (1935, Վաշինգտոն)
[նկարներ 268-րդ էջի վրա]
Նյուրնբերգում Էրիխ Ֆրոստը ազդեցիկ ելույթ ներկայացրեց՝ «Քրիստոնյաները դաժան հալածանքների ներքո» վերնագրով (1946)
[նկար 269-րդ էջի վրա]
1952-ին Կիտվեում (Հյուսիսային Ռոդեզիա) Ն. Հ. Նորի այցելության ժամանակ համաժողով անցկացվեց բաց երկնքի տակ
[նկարներ 270-րդ, 271-րդ էջերի վրա]
1958-ին 253922 պատվիրակներ Նյու Յորքի մեծ մարզադաշտերում լսեցին «Աստծու Թագավորությունը իշխում է. աշխարհի վերջը մո՞տ է» վերնագրով ելույթը
«Պոլո Գրաունդզ» մարզադաշտը
«Յանկի» մարզադաշտը
[նկար 274-րդ էջի վրա]
Գրանտ Սյութերը 1950-ին «Յանկի» մարզադաշտում անցկացված համաժողովի նախագահողն էր
[նկար 274-րդ էջի վրա]
Ջոն Գրոն (նստած) Ջորջ Քաուչի հետ քննարկում է համաժողովի կազմակերպման հարցերը (1958)
[նկարներ 277-րդ էջի վրա]
1963-ին մի համաժողով «ճամփորդեց» ողջ երկրով մեկ։ Մոտ 20 երկրներից պատվիրակներ ճամփորդեցին այդ համաժողովի հետ
Կիոտոն (Ճապոնիա, ներքևում՝ ձախ կողմում) համաժողովի 27 քաղաքներից էր։ Կորեայում պատվիրակները ծանոթանում են միմյանց հետ (կենտրոնում)։ Նոր Զելանդիայում այսպես են ողջունում միմյանց մաորիները (ներքևում՝ աջ կողմում)
[նկարներ 279-րդ էջի վրա]
Մի համաժողովի համար, որի ծրագիրը ներկայացվեց միաժամանակ 17 լեզուներով, բամբուկե քաղաք կառուցվեց (Լագոս, Նիգերիա, 1970)
[նկարներ 280-րդ էջի վրա]
1989-ին Լեհաստանում անցկացվեցին երեք մեծ համաժողովներ, որոնց պատվիրակները էին եկել 37 երկրներից
Թ. Յարաչը (աջ կողմում) ելույթ է ներկայացնում Պոզնանի համաժողովի ժամանակ
Հազարավորներ մկրտվեցին Խոժուվում
Վարշավայում ծափահարությունները երկար ժամանակ չէին դադարում
ԽՍՀՄ-ից եկած պատվիրակները (ներքևում)
Խոժուվում ծրագրի որոշ հատվածներ թարգմանվեցին 15 լեզուներով