Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Անգէ» և «Զաքարիա» գրքերից
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ 520 թվականն է։ 16 տարի է անցել այն օրից, երբ բաբելոնյան գերությունից վերադարձած հրեաները Երուսաղեմում գցեցին Եհովայի տաճարի հիմքը։ Սակայն շինարարությունը չի ավարտվել. նրա վրա արգելք է դրված։ Եհովան վեր է կացնում Անգե մարգարեին, իսկ երկու ամիս անց՝ Զաքարիա մարգարեին, որ նրանք հայտնեն իր խոսքը։
Անգեի ու Զաքարիայի նպատակը մեկն է՝ մղել ժողովրդին վերսկսելու տաճարի շինարարությունը։ Մարգարեների ջանքերը հաջողությամբ են պսակվում, և տաճարի կառուցումն ավարտվում է հինգ տարի անց։ Անգեի և Զաքարիայի հաղորդած պատգամները գրված են Աստվածաշնչի այն գրքերում, որոնք կրում են նրանց անունները։ «Անգէ» և «Զաքարիա» գրքերը ամբողջացվել են համապատասխանաբար մ.թ.ա. 520–ին և 518–ին։ Աստված այսօր մեզ էլ է հանձնարարություն տվել, որը պետք է կատարվի նախքան իրերի ներկա համակարգի վախճանը։ Դա Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործն է։ Տեսնենք, թե ինչով են քաջալերական «Անգէ» և «Զաքարիա» գրքերը։
«ՁԵՐ ՈՒՇԸ ԴԱՐՁՐԷՔ ՁԵՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ»
112 օրվա ընթացքում Անգեն չորս ազդու պատգամ է հաղորդում ժողովրդին։ Առաջինը հետևյալն է. «Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին։ Վեր ելէք սարը եւ փայտ բերէք, եւ տունը շինեցէք. այն ժամանակ ես կ’հաւանեմ դորան եւ կ’փառաւորուիմ, ասում է Տէրը» (Անգէ 1։7, 8)։ Ժողովուրդը դրականորեն է արձագանքում։ Երկրորդ պատգամը խոստում է Եհովայի կողմից. «Կ’լցնեմ այս տունը փառքով» (Անգէ 2։7)։
Ըստ երրորդ պատգամի՝ քանի որ ժողովուրդն անտարբեր է տաճարի շինարարության հանդեպ, «նրանք և նրանց ձեռքի բոլոր գործերը» դառնում են պիղծ Եհովայի աչքում։ Բայց այն օրվանից, երբ աշխատանքները վերսկսեն, Եհովան «օրհնելու» է նրանց։ Իսկ չորրորդ պատգամը հետևյալն է. Եհովան «կորցնելու է ազգերի թագավորությունների զորությունը» և Զորաբաբել իշխանին «շինելու է ինչպես մի կնիք» (Անգէ 2։14, 19, 22, 23)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։6 — Ի՞նչ է նշանակում «խմեցիք, բայց ծարաւը չ’հանգցրիք» արտահայտությունը։ Այստեղ խոսքը գինու սակավության մասին է։ Եհովայի օրհնության բացակայության պատճառով գինին քիչ էր լինելու, այնքան քիչ, որ չէր բավականացնելու մինչև հարբելու աստիճան խմելու համար։
2։6, 7, 21, 22 — Ո՞վ կամ ի՞նչն է երկինքն ու երկիրը շարժելու պատճառ դառնում, և ի՞նչ արդյունքով։ Եհովան «շարժում է բոլոր ազգերը» Թագավորության մասին համաշխարհային քարոզչությամբ։ Քարոզչական գործի միջոցով նաև «բոլոր ազգերի ցանկալիքն» է բերվում Եհովայի տուն՝ այդպիսով լցնելով այն փառքով։ Ժամանակի ընթացքում «Զօրաց Տէրը» կշարժի «երկինքն ու երկիրը, եւ ծովն ու ցամաքը» և պատճառ կդառնա, որ իրերի ներկա ամբարիշտ համակարգը ցնցվի ու դադարի գոյություն ունենալուց (Եբրայեցիներ 12։26, 27)։
2։9 — Ի՞նչ առումներով էր «վերջի տան փառքը մեծ լինելու առաջվանինից»։ Առնվազն երեք առումով՝ 1) տաճարի գոյության տարիները, 2) ով է այնտեղ սովորեցրել, և 3) ովքեր են հավաքվել այնտեղ՝ Եհովային երկրպագելու։ Չնայած Սողոմոնի փառավոր տաճարը գոյություն ունեցավ 420 տարի՝ մ.թ.ա. 1027–ից մինչև մ.թ.ա. 607–ը, «վերջին տունը» կանգուն մնաց ավելի քան 580 տարի՝ տաճարի շինարարության ավարտից (մ.թ.ա. 515) մինչև նրա կործանումը (70 թ.)։ Այդ «վերջին տանը» ուսուցանեց Մեսիան՝ Հիսուս Քրիստոսը։ Վերջապես, Աստծուն երկրպագելու համար այնտեղ ավելի շատ մարդիկ հավաքվեցին, քան «առաջվա» տաճարում (Գործեր 2։1–11)։
Դասեր մեզ համար
1։2–4. Քարոզչական գործունեության դեմ ուղղված հակառակությունը չպետք է պատճառ լինի, որ մենք փոխենք մեր առաջնահերթությունները. մենք չպետք է «նախ թագավորությունը փնտրելու» փոխարեն նախ մեր շահերը փնտրենք (Մատթեոս 6։33)։
1։5, 7. Իմաստուն կլինի «մեր ուշը դարձնել մեր ճանապարհներին» և խորհել, թե ինչպես է մեր ապրելակերպը ազդում Աստծու հետ ունեցած մեր փոխհարաբերությունների վրա։
1։6, 9–11; 2։14–17. Անգեի օրերում ապրող հրեաները տքնաջան աշխատում էին անձնական շահերի համար, սակայն չէին վայելում իրենց աշխատանքի պտուղները։ Նրանք անտեսում էին տաճարի շինարարության գործը, ուստի չունեին Աստծու օրհնությունը։ Մենք պետք է առաջնահերթություն տանք հոգևոր բաներին և ծառայենք Աստծուն ամբողջ հոգով՝ հիշելով, որ «Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում» և ոչ թե նյութականը (Առակաց 10։22)։
2։15, 18. Եհովան հորդորեց հրեաներին նայել առաջ՝ իրենց ուշադրությունը կենտրոնացնել տաճարի շինարարության վրա, և ոչ թե հետ, երբ անուշադրության էին մատնել այդ գործը։ Նմանապես, մենք պետք է ձգտենք առաջ նայել՝ շարունակելով կենտրոնացած մնալ մեր Աստծու երկրպագության վրա։
«ՈՉ ԹԷ ՈՅԺՈՎ, ԱՅԼ ԻՄ ՀՈԳՈՎԸ»
Զաքարիան իր մարգարեական պատգամը սկսում է հրավերով։ Նա կոչ է անում հրեաներին «ետ դառնալ դեպի Եհովան» (Զաքարիա 1։3)։ Այնուհետև ութ տեսիլքների միջոցով վստահեցնում է, որ Աստված կաջակցի տաճարի վերակառուցման գործին (տե՛ս «Զաքարիայի ութ այլաբանական տեսիլքները» շրջանակը)։ Շինարարությունը իր վերջնակետին է հասնելու «ոչ թէ զօրութիւնով, եւ ոչ թէ ոյժով, այլ [Եհովայի] հոգովը» (Զաքարիա 4։6)։ «Շառավիղ» անունով մի մարդ «կ’շինէ Տիրոջ տաճարը» և «քահանա կլինի իր աթոռի վրա» (Զաքարիա 6։12, 13)։
Բեթելը պատվիրակություն է ուղարկում քահանաների մոտ, որ նրանց հարցնի ծոմ պահելու մասին՝ կապված Երուսաղեմի կործանումը հիշելու հետ։ Մարդիկ չորս ծոմերի ընթացքում սգում են և հիշում Երուսաղեմի հետ կատարված աղետը։ Եհովան Զաքարիային ասում է, որ այդ սուգը կվերածվի «ցնծության, ուրախության և խնդալից օրերի» (Զաքարիա 7։2; 8։19)։ Հաջորդ երկու ազդարարությունները ներառում են դատաստաններ ազգերի և կեղծ մարգարեների դեմ, մեսիական մարգարեություններ և Աստծու ժողովրդի վերականգնման մասին խոստում (Զաքարիա 9։1; 12։1)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
2։1 — Ինչո՞ւ էր մի մարդ չափում Երուսաղեմը չվանով՝ պարանով։ Ակներևաբար այս գործողությունը մատնանշում է քաղաքի շուրջ պաշտպանական պարիսպ կառուցելուն։ Հրեշտակն այդ մարդուն տեղեկացնում է, որ Երուսաղեմը պետք է ընդարձակվի և ունենա Եհովայի պաշտպանությունը (Զաքարիա 2։3–5)։
6։11–13 — Արդյո՞ք քահանայապետ Հեսուի գլխին պսակ դնելը նշանակում էր, որ նա դարձավ թագավոր–քահանա։ Ո՛չ։ Հեսուն Դավթի արքայական տոհմից չէր։ Սակայն նա Մեսիայի նախապատկերը դարձավ, երբ նրա գլխին պսակ դրեցին (Եբրայեցիներ 6։20)։ «Շառավղի» մասին մարգարեությունը իր կատարումն է ունենում երկնային Թագավոր–Քահանա Հիսուս Քրիստոսի վրա (Երեմիա 23։5)։ Ինչպես Հեսուն վերադարձած հրեաների համար ծառայեց որպես քահանայապետ վերակառուցված տաճարում, այնպես էլ Հիսուսը Եհովայի հոգևոր տաճարում ծառայում է որպես Քահանայապետ հանուն ճշմարիտ երկրպագության։
8։1–23 — Ե՞րբ են կատարվում տասը ազդարարությունները, որոնք նշված են այս համարներում։ Յուրաքանչյուր ազդարարության նախորդում է «այսպէս է ասում Զօրաց Տէրը» արտահայտությունը։ Այդ ազդարարությունները խաղաղության խոստումներ են՝ տրված Աստծու կողմից իր ժողովրդին։ Դրանցից մի քանիսը կատարվել են մ.թ.ա. վեցերորդ դարում։ Սակայն սկսած 1919–ից՝ այդ բոլոր խոստումները կա՛մ կատարվել են, կա՛մ էլ դեռ կատարվում են։a
8։3 — Ինչո՞ւ է Երուսաղեմը կոչվում «Ճշմարտութեան քաղաք» (ԱԱ)։ Նախքան մ.թ.ա. 607–ի կործանումը Երուսաղեմը «հարստահարող քաղաք» էր, որտեղ ապրում էին կաշառակեր մարգարեներ, քահանաներ և անհավատարիմ մարդիկ (Սոփոնիա 3։1; Երեմիա 6։13; 7։29–34)։ Սակայն այն բանից հետո, երբ տաճարը վերաշինվեց և մարդիկ նվիրվեցին Եհովայի երկրպագությանը, մաքուր երկրպագության ճշմարտությունները հռչակվելու էին այնտեղ, իսկ Երուսաղեմը կոչվելու էր «ճշմարտութեան քաղաք»։
11։7–14 — Ի՞նչ է խորհրդանշում Զաքարիայի կողմից «Գեղեցկություն» և «Կապեր» կոչվող գավազանների կոտրվելը։ Զաքարիան պատկերվում է ինչպես մի անհատ, որին ուղարկում են «արածեցնելու մորթվելու հոտը», այսինքն՝ այն հեզ ու խոնարհ մարդկանց, որոնք շահագործվում են իրենց առաջնորդների կողմից։ Որպես հովիվ՝ Զաքարիան նախապատկերում էր Հիսուս Քրիստոսին, որն ուղարկվեց Աստծու ուխտյալ ժողովրդի մոտ, բայց մերժվեց նրա կողմից։ «Գեղեցկությունը» կոտրելը խորհրդանշում էր այն, որ Աստված չեղյալ էր հայտարարելու հրեաների հետ կապած Օրենքի ուխտը և այլևս նրանց հետ հաճելի ձևով չէր վարվելու։ «Կապեր» գավազանը կոտրելը նշանակում էր, որ Հուդայի և Իսրայելի միջև եղբայրական միասնությունը, որը հիմնված էր Եհովայի երկրպագության վրա, վերանալու էր։
12։11 — Ի՞նչ է «Ադադ–ռիմմօնի սուգը Մակեդդովի դաշտումը»։ Հուդայի Հովսիա թագավորը սպանվեց «Մակեդդովի դաշտումը» Եգիպտոսի Նեքավով փարավոնի դեմ պատերազմելիս։ Իսրայելացիները տարիներ շարունակ սգում էին նրա մահը «իրանց ողբերումը» (Բ Մնացորդաց 35։25)։ Ահա թե ինչու «Ադադ–ռիմմօնի սուգը» կարող է վերաբերել Հովսիայի մահը ողբալուն։
Դասեր մեզ համար
1։2–6; 7։11–14. Եհովային հաճելի են նրանք, ովքեր զղջում են, ընդունում են հանդիմանությունը և, վերադառնալով դեպի Աստված, ամբողջ հոգով երկրպագություն մատուցում նրան։ Եհովան էլ դեպի նրանց է դառնում։ Սակայն նա չի պատասխանում այն մարդկանց աղաչանքներին, ովքեր «մերժում են ականջ դնել, ուս են խոտորեցնում և իրենց ականջները ծանրացնում են, որ չլսեն» նրա պատգամը։
4։6, 7. Ոչ մի խոչընդոտ չէր կարող այնքան մեծ լինել, որ Եհովայի սուրբ ոգին չկարողանար հաջողությամբ ավարտին հասցնել տաճարի վերակառուցումը։ Ինչ խնդրի էլ որ հանդիպենք մեր ծառայության ժամանակ, կկարողանանք հաղթահարել, եթե հավատ դրսևորենք Եհովայի հանդեպ (Մատթեոս 17։20)։
4։10. Եհովայի հսկողության ներքո Զորաբաբելն ու նրա մարդիկ կառուցեցին տաճարը Աստծու բարձր չափանիշների համաձայն։ Աստծու սկզբունքների համաձայն ապրելը չափազանց դժվար բան չէ անկատար մարդկանց համար։
7։8–10; 8։16, 17. Եհովայի բարեհաճությանն արժանանալու համար մենք պետք է արդարություն, սիրառատ բարություն, ողորմածություն դրսևորենք, ինչպես նաև ճշմարտությունը խոսենք մեկս մյուսիս հետ։
8։9–13. Եհովան օրհնում է մեզ, եթե մեր «ձեռքերը զորացնում» ենք իր հանձնարարած գործն անելու համար։ Այդ օրհնություններից են խաղաղությունը, ապահովությունը և հոգևոր առաջադիմությունը։
12։6. Եհովայի ժողովրդի մեջ վերակացուները պետք է լինեն «կրակի ջահի պէս», այսինքն՝ ակնառու եռանդ ցուցաբերեն։
13։3. Մենք պետք է ավելի շատ ճշմարիտ Աստծուն և նրա կազմակերպությանը հավատարիմ լինենք, քան ցանկացած մարդու՝ անկախ նրանից, թե որքան մտերիմ են մեր փոխհարաբերությունները։
13։8, 9. Հավատուրացները, որոնց Եհովան մերժեց, բավական մեծ թիվ էին կազմում՝ երկրի բնակչության «երկու մասը»։ Միայն երկրի երրորդ մասը զտվեց կրակի միջոցով։ Մեր օրերում քրիստոնեական աշխարհը, որի մեջ մտնում է իրենց քրիստոնյա համարող մարդկանց մեծամասնությունը, մերժվել է Եհովայի կողմից։ Միայն փոքրաթիվ մարդիկ՝ օծյալ քրիստոնյաները, «կանչեցին Եհովայի անունը» և պատրաստ եղան անցնելու զտման պրոցեսը։ Այդ մարդիկ և նրանց հավատակիցները փաստեցին, որ իրենք միայն անունով չեն Եհովայի վկա։
Գործենք եռանդորեն
Ինչպե՞ս են ազդում մեզ վրա Անգեի և Զաքարիայի մարգարեությունները։ Երբ խորհում ենք, թե ինչպես նրանց խոսքերը մղեցին հրեաներին ուշադրություն դարձնելու տաճարի շինարարությանը, մի՞թե չենք մղվում եռանդորեն մասնակցելու Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին։
Զաքարիան կանխագուշակեց, որ Մեսիան գալու էր «էշի վերայ հեծած», որ նրան դավաճանելու էին «երեսուն արծաթով», ծեծելու էին, և որ «ոչխարները ցրվելու էին» (Զաքարիա 9։9; 11։12; 13։7)։ Մեսիայի վերաբերյալ այս մարգարեությունների շուրջ խորհրդածելն ամրացնում է մեր հավատը (Մատթեոս 21։1–9; 26։31, 56; 27։3–10)։ Մենք է՛լ ավելի ենք լցվում վստահությամբ Եհովայի Խոսքի և հանուն մեր փրկության նրա ձեռնարկած քայլերի հանդեպ (Եբրայեցիներ 4։12)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Դիտարանի» 1996 թ. հունվարի 1–ի համարը (էջ 9–22, ռուս.)։
[շրջանակ 11–րդ էջի վրա]
ԶԱՔԱՐԻԱՅԻ ՈՒԹ ԱՅԼԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԻԼՔՆԵՐԸ
1։8–17. Երաշխավորում է տաճարի շինարարության ավարտը և ցույց է տալիս, որ Երուսաղեմը ու Հուդայի մյուս քաղաքները օրհնվելու են։
1։18–21. Խոստանում է ոչնչացնել այն «չորս եղջյուրները, որոնք ցրեցին Հուդային», այսինքն՝ բոլոր այն կառավարություններին, որոնք հակառակվում են Եհովայի երկրպագությանը։
2։1–13. Ցույց է տալիս, որ Երուսաղեմը կընդարձակվի, և Եհովան «հրեղեն պարիսպ», այսինքն՝ պաշտպանություն կլինի նրա համար։
3։1–10. Ցույց է տալիս, որ Սատանան նույնպես հակառակվում էր տաճարի շինարարությանը։ Քահանայապետ Հեսուն ազատվում է կրակից և մաքրվում։
4։1–14. Վստահեցնում է, որ լեռնանման խոչընդոտները կվերացվեն, և Զորաբաբել կառավարիչը ավարտին կհասցնի տաճարի շինարարությունը։
5։1–4. Ազդարարում է անեծք չարագործներին, որոնք «անպատիժ են մնացել» (ՆԱ)։
5։5–11. Կանխագուշակում է չարության ավարտը։
6։1–8. Խոստանում է, որ հրեշտակները կհսկեն և կպաշտպանեն։
[նկար 8–րդ էջի վրա]
Ո՞րն էր Անգեի և Զաքարիայի հաղորդած պատգամների նպատակը
[նկար 10–րդ էջի վրա]
Ի՞նչ առումով են վերակացուները «կրակի ջահի պէս»