Կառքերն ու պսակը պաշտպանություն են մեզ համար
«Այդպես կլինի, եթե դուք լսեք ձեր Աստված Եհովայի ձայնին» (ԶԱՔ. 6։15)։
1, 2. Ի՞նչ իրավիճակ էր տիրում Երուսաղեմում Զաքարիային տրված յոթերորդ տեսիլքից հետո։
ՅՈԹԵՐՈՐԴ տեսիլքից հետո Զաքարիա մարգարեն մտածելու շատ բան ուներ։ Եհովան հավաստիացրել էր, որ անազնիվ մարդկանց պատասխանատվության է կանչելու իրենց անօրենությունների համար։ Այս խոստումն, ինչ խոսք, զորացրեց մարգարեին։ Սակայն ոչինչ չփոխվեց։ Մարդիկ շարունակում էին իրենց անազնիվ ու անօրեն գործերը։ Եհովայի տաճարի վերակառուցման ավարտը հորիզոնում չէր էլ երևում։ Հրեաներն ինչպե՞ս կարող էին այդքան արագ թողնել Աստծու հանձնարարած գործը։ Արդյո՞ք նրանք հայրենիք էին վերադարձել լոկ անձնական շահի համար։
2 Զաքարիան վստահ էր, որ Երուսաղեմ եկած մարդիկ մեծ հավատ ունեին։ Չէ՞ որ նրանք թողել էին իրենց համար հարազատ դարձած մի երկիր ու տեղափոխվել մի վայր, որը նրանցից շատերը երբեք չէին էլ տեսել։ «Ճշմարիտ Աստվածն արթնացրել էր» նրանց «ոգին», որ թողնեին իրենց ապահով կյանքը, տներն ու աշխատանքը (Եզր. 1։2, 3, 5)։ Ի վերջո, եթե այս մարդկանց համար կարևոր չլիներ Եհովայի տաճարի վերակառուցումը, նրանք չէին կատարի այս ճանապարհորդությունը՝ չէին անցնի մոտ 1 600 կիլոմետր (1 000 մղոն) անհարմար ճանապարհներով։
3, 4. Ի՞նչ խոչընդոտների առաջ կանգնեցին հայրենիք վերադարձած հրեաները։
3 Պատկերացրու՝ ինչպիսին կարող էր լինել ճամփորդությունը դեպի հայրենի երկիր։ Ճանապարհին հրեաները բավականին ժամանակ ունեին մտածելու իրենց նոր տան մասին։ Նրանք լսել էին, թե ինչ գեղեցիկ քաղաք է եղել Երուսաղեմը։ Տարեցները նույնիսկ տեսել էին տաճարի նախկին փառքը (Եզր. 3։12)։ Եթե դու էլ նրանց հետ Երուսաղեմ գնալիս լինեիր, ի՞նչ կզգայիր, երբ առաջին անգամ տեսնեիր այդ քաղաքը՝ քո նոր տունը։ Սիրտդ կտրտմե՞ր, երբ տեսնեիր ավերված շինությունները՝ մոլախոտերով ծածկված։ Երուսաղեմի քարուքանդ պարիսպները, ընկած դարպասներն ու աշտարակները կհամեմատեի՞ր Բաբելոնի հսկայական կրկնակի պարիսպների հետ։ Սակայն ժողովուրդը չհուսահատվեց։ Նրանք տունդարձի երկար ճանապարհին արդեն տեսել էին Եհովայի փրկարար ձեռքը։ Ուստի հասնելուն պես զոհասեղան կանգնեցրին նախկին տաճարի գտնվելու վայրում և սկսեցին ամեն օր զոհեր մատուցել Եհովային (Եզր. 3։1, 2)։ Ամեն ինչ այնպես էր ընթանում, որ թվում էր, թե ոչինչ չի կոտրի նրանց վճռականությունը։
4 Տաճարի աշխատանքներից բացի՝ իսրայելացիները պետք է նաև վերակառուցեին իրենց քաղաքները։ Պետք է տներ շինեին, արտեր մշակեին և կերակրեին իրենց ընտանիքները (Եզր. 2։70)։ Ինչ խոսք, աշխատանքը հսկայական էր։ Սակայն շատ չանցած՝ հակառակություն սկսվեց։ Թեև նրանք հաստատակամությամբ էին սկսել իրենց գործը, 15 տարիների թշնամանքը ջլատեց նրանց ուժերը (Եզր. 4։1–4)։ Իսկ երբ մ. թ. ա. 522- ին պարսից թագավորն արգելեց շարունակել Երուսաղեմի վերակառուցման աշխատանքները, դա ասես վերջնական հարված լիներ։ Քաղաքի ապագան անորոշության մշուշով պատվեց (Եզր. 4։21–24)։
5. Եհովան ի՞նչ արեց, որ քաջալերի ու գործի մղի իր ժողովրդին։
5 Եհովան գիտեր՝ ինչ է պետք իր ժողովրդին։ Ուստի Զաքարիային ևս մեկ տեսիլք տվեց՝ վերջին տեսիլքը, որպեսզի հավաստիացնի, որ սիրում է հրեաներին, ցույց տա իր գնահատանքը նրանց արած ամեն բանի համար և վստահեցնի, որ կպաշտպանի նրանց, եթե շարունակեն կատարել իր տված հանձնարարությունը։ Տաճարը վերաշինելու վերաբերյալ Եհովան խոստացավ. «Այդպես կլինի, եթե դուք լսեք ձեր Աստված Եհովայի ձայնին» (Զաք. 6։15)։
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԶՈՐՔԸ
6. ա) Ինչպե՞ս է սկսվում Զաքարիայի ութերորդ տեսիլքը (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Ինչո՞ւ են ձիերը տարբեր գույների։
6 Զաքարիային տրված վերջին՝ ութերորդ տեսիլքը հավանաբար ամենից շատ է հավատ զորացնում (կարդա Զաքարիա 6։1–3)։ Պատկերացրու տեսարանը. պղնձե «երկու լեռների արանքից» չորս կառքեր են դուրս գալիս ու առաջ սլանում՝ ասես մարտի համար պատրաստված։ Կառքերին տարբեր գույնի ձիեր են լծված, ամեն կառքին՝ մի գույնի, ինչի շնորհիվ մի կառքը զատորոշվում է մյուսից։ Տեսնելով սա՝ Զաքարիան հարցնում է. «Սրանք ի՞նչ են» (Զաք. 6։4)։ Մեզ ևս հետաքրքրում է այս հարցի պատասխանը, քանի որ տեսիլքը անմիջականորեն մեզ է առնչվում։
Եհովան շարունակում է իր հրեշտակների միջոցով պաշտպանել ու զորացնել իր ժողովրդին
7, 8. ա) Ի՞նչ են ներկայացնում երկու լեռները։ բ) Ինչո՞ւ են լեռները պղնձից։
7 Աստվածաշնչում լեռները կարող են ներկայացնել թագավորություններ կամ կառավարություններ։ Զաքարիայի տեսիլքի լեռները նման են այն երկու լեռներին, որոնց մասին խոսվում է Դանիելի մարգարեության մեջ։ Մի լեռը ներկայացնում է ողջ տիեզերքում Եհովայի հավիտենական իշխանությունը, իսկ մյուսը՝ Հիսուսի Մեսիական Թագավորությունը (Դան. 2։35, 45)։ Այն ժամանակվանից սկսած, երբ Հիսուսը 1914 թ. աշնանը գահ նստեց, այս երկու լեռները միասին կարևոր դեր են խաղում երկրի վրա Աստծու կամքի իրագործման մեջ։
8 Իսկ ինչո՞ւ են լեռները պղնձից։ Ոսկու պես՝ պղինձը փայլուն, թանկ գնահատվող մետաղ է։ Եհովան պատվիրել էր այն օգտագործել խորանի և հետագայում Երուսաղեմի տաճարի կառուցման ժամանակ (Ելք 27։1–3; 1 Թագ. 7։13–16)։ Ուստի այն փաստը, որ լեռները պղնձից են, ընդգծում է Եհովայի գերիշխանության և Մեսիական Թագավորության գերազանցությունը։ Դրանք ողջ մարդկության համար ապահովություն և օրհնություններ են բերելու։
9. Ովքե՞ր են վարում կառքերը, և ի՞նչ հանձնարարություն ունեն նրանք։
9 Այժմ անդրադառնանք կառքերին։ Ի՞նչ են ներկայացնում կառքերն ու կառապանները։ Կառքերը վարողները հրեշտակներ են, հավանաբար նրանցից կազմված զորախմբեր (կարդա Զաքարիա 6։5–8)։ Նրանք հատուկ հանձնարարությամբ «դուրս են եկել ամբողջ երկրի Տիրոջ առջևից»։ Ի՞նչ է նրանց հանձնարարված։ Կառքերն ուղարկվում են տարբեր տարածքներ, որպեսզի պաշտպանեն Եհովայի ժողովրդին, հատկապես «հյուսիսի երկրից»՝ Բաբելոնից։ Եհովան այնպես էր անելու, որ իր ժողովուրդն այլևս Բաբելոնի գերության մեջ չընկներ։ Պատկերացրու՝ որքա՜ն սա մխիթարեց տաճարը վերակառուցողներին։ Այլևս կարիք չկար վախենալու թշնամիների միջամտությունից։
10. Զաքարիայի տեսիլքը ինչո՞ւմ է մեզ վստահեցնում։
10 Ինչպես Զաքարիայի օրերում, այնպես էլ այսօր Զորքերի Տեր Եհովան իր հրեշտակների միջոցով պաշտպանում ու զորացնում է իր ժողովրդին (Մաղ. 3։6; Եբր. 1։7, 14)։ 1919 թ.-ից սկսած, երբ հոգևոր Իսրայելը ազատվեց Մեծ Բաբելոնի խորհրդանշական գերությունից, ճշմարիտ երկրպագությունը ծաղկում է՝ չնայած անդադար հալածանքներին (Հայտն. 18։4)։ Քանի որ մենք ունենք հրեշտակների պաշտպանությունը, չպետք է վախենանք, թե Եհովայի կազմակերպությունը մի օր նորից հոգևոր գերության մեջ կընկնի (Սաղ. 34։7)։ Փոխարենը՝ կարող ենք վստահ լինել, որ Աստծու ծառաները ամբողջ աշխարհում կշարունակեն հոգևորապես բարգավաճել։ Զաքարիայի տեսիլքի շուրջ խորհելով՝ համոզվածությամբ ենք լցվում, որ պղնձե երկու լեռների շուքի տակ մենք ապահով ենք։
11. Ինչո՞ւ չպետք է վախենանք այն հարձակումից, որ գալու է Աստծու ժողովրդի վրա։
11 Շատ շուտով Սատանայի աշխարհի քաղաքական ուժերը կոալիցիա կկազմեն, որպեսզի ոչնչացնեն Աստծու ժողովրդին (Եզեկ. 38։2, 10–12; Դան. 11։40, 44, 45; Հայտն. 19։19)։ Եզեկիելի մարգարեության մեջ այդ ուժերը նկարագրվում են որպես երկիրը ծածկող ամպեր։ Այնտեղ նաև ասվում է, որ «ձիեր հեծած»՝ նրանք կատաղած կգան մեզ վրա (Եզեկ. 38։15, 16)։a Արդյո՞ք պետք է վախենանք։ Բոլորովի՛ն։ Մեր թիկունքում հրեշտակների մեծ բանակ է կանգնած։ Մեծ նեղության այդ թեժ պահին Զորքերի Տեր Եհովայի հրեշտակները կհավաքվեն, որ պաշտպանեն նրա ժողովրդին ու կործանեն նրա գերիշխանությանը հակառակվողներին (2 Թեսաղ. 1։7, 8)։ Ի՜նչ փառահեղ կլինի այդ օրը։ Իսկ ո՞վ է առաջնորդելու Եհովայի այդ երկնային զորքին։
ԵՀՈՎԱՆ ՊՍԱԿ Է ԴՆՈՒՄ ԹԱԳԱՎՈՐԻ ՈՒ ՔԱՀԱՆԱՅԻ ԳԼԽԻՆ
12, 13. ա) Եհովան ի՞նչ է պատվիրում Զաքարիային։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ Ընձյուղ անունով անձնավորությունը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին։
12 Եհովայի տված ութ տեսիլքները միայն Զաքարիան տեսավ։ Այժմ Աստված նրան պատվիրում է մարգարեական նշանակություն ունեցող մի բան անել, ինչը տեսանելի կլինի ուրիշների համար։ Դա կքաջալերի տաճարը վերաշինողներին (կարդա Զաքարիա 6։9–12)։ Եհովան մարգարեին ասում է, որ այն նվիրաբերությունների միջից, որոնք իրենց հետ բերել էին Բաբելոնից նոր վերադարձած մարդիկ՝ Հելդան, Տուբիան ու Հեդայիան, արծաթ ու ոսկի վերցնի և մի «վեհաշուք պսակ» շինի (Զաք. 6։11)։ Արդյո՞ք Զաքարիան այդ պսակը պետք է դներ Զորաբաբել կառավարչի գլխին, որը Հուդայի ցեղից էր ու Դավթի սերնդից։ Ո՛չ։ Ժողովուրդը գուցե զարմացավ՝ տեսնելով, որ Զաքարիան պսակը դնում է Հեսու քահանայապետի գլխին։
13 Արդյո՞ք դա նշանակում էր, որ Հեսու քահանայապետը թագավոր դարձավ։ Ո՛չ։ Նա Դավթի արքունական սերնդից չէր, ուստի չէր կարող թագավոր լինել։ Նրա գլխին պսակ դնելը մարգարեական նշանակություն ուներ։ Դա մատնանշում էր ապագա հավիտենական թագավորին ու քահանային։ Թագավոր դարձող քահանայապետի անունը Ընձյուղ է։ Սուրբ Գիրքը բացահայտում է, որ Ընձյուղը Հիսուս Քրիստոսն է (Ես. 11։1; Մատթ. 2։23)։b
14. Ի՞նչ է անում Հիսուսը՝ որպես Թագավոր ու Քահանայապետ։
14 Գործելով որպես Թագավոր ու Քահանայապետ՝ Հիսուսը առաջնորդում է Եհովայի երկնային զորքին։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի Աստծու ժողովուրդը՝ որպես ամբողջություն, պաշտպանված լինի թշնամանքով լի այս աշխարհում (Երեմ. 23։5, 6)։ Մոտ ապագայում Քրիստոսը, հաղթելով ազգերին, կարդարացնի Աստծու գերիշխանությունը և կպաշտպանի նրա ժողովրդին (Հայտն. 17։12–14; 19։11, 14, 15)։ Սակայն մինչ այդ Ընձյուղը մեկ ուրիշ կարևոր բան պետք է իրագործի։
ՆԱ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ Է ՏԱՃԱՐԸ
15, 16. ա) Մեր ժամանակներում վերականգնման ու զտման ի՞նչ աշխատանքներ են արվել, և ո՞վ է դա արել։ բ) Ի՞նչ իրագործված կլինի Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջում։
15 Թագավոր ու Քահանայապետ լինելուց բացի՝ Հիսուսը պետք է «կառուցեր Եհովայի տաճարը» (կարդա Զաքարիա 6։13)։ Այդ գործը ներառում էր Աստծու ճշմարիտ երկրպագուներին Մեծ Բաբելոնից ազատելը և քրիստոնեական ժողովը վերականգնելը, ինչը տեղի ունեցավ 1919 թ.-ին։ Այդ տարի Հիսուսը նաև նշանակեց «հավատարիմ և իմաստուն ծառային», որպեսզի վերջինս առաջնորդի այն գործը, որն արվում է հոգևոր մեծ տաճարի երկրային գավիթներում (Մատթ. 24։45)։ Բացի այդ, Հիսուսը զտում է Աստծու ժողովրդին՝ օգնելով, որ մաքուր երկրպագություն մատուցեն (Մաղ. 3։1–3)։
16 Հազարամյա Իշխանության ժամանակ Հիսուսը իր 144 000 թագավորակիցների ու քահանայակիցների հետ կօգնի հավատարիմ մարդկանց հասնել կատարելության։ Դրանից հետո մաքրված երկրի վրա միայն կմնան Աստծու ճշմարիտ երկրպագուները։ Այդ ժամանակ ճշմարիտ երկրպագությունը վերջապես լիովին վերականգնված կլինի։
ՄԱՍՆԱԿՑԻՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
17. Ինչո՞ւմ Եհովան վստահեցրեց հրեաներին, և դա ի՞նչ ազդեցություն թողեց նրանց վրա։
17 Զաքարիայի հաղորդած լուրը ի՞նչ ազդեցություն թողեց նրա օրերում ապրող հրեաների վրա։ Եհովան խոստացավ, որ կօգնի ու կպաշտպանի նրանց, որ վերակառուցեն տաճարը։ Այդ խոստումը հույսով լցրեց նրանց վհատված սրտերը։ Բայց ինչպե՞ս էին հրեաները քիչ մարդկանցով կատարելու այդ մեծ գործը։ Զաքարիայի մյուս խոսքերը փարատեցին նրանց բոլոր կասկածներն ու վախերը։ Եհովան հայտնեց, որ Հելդայից, Տուբիայից ու Հեդայիայից բացի՝ ուրիշ հավատարիմ մարդիկ էլ էին գալու և շինելու իր տաճարը (կարդա Զաքարիա 6։15)։ Ուստի վստահ լինելով, որ Աստված կաջակցի իրենց՝ հրեաները իսկույն գործի անցան ու, չնայած արգելքին, վերսկսեցին տաճարի շինարարությունը։ Շուտով Եհովան վերացրեց ամենամեծ խոչընդոտը՝ թագավորի դրած արգելքը, և մ. թ. ա. 515- ին տաճարի վերակառուցումն ավարտվեց (Եզր. 6։22; Զաք. 4։6, 7)։ Սակայն Եհովայի ասած խոսքերը վերաբերում են ավելի մեծ գործի, որն արվում է մեր օրերում։
18. Ինչպե՞ս է մեր օրերում կատարվում Զաքարիա 6։15-ը։
18 Այսօր միլիոնավոր մարդիկ ճշմարիտ երկրպագության կողմն են կանգնել։ Նրանք իրենց «արժեքավոր բաները»՝ ժամանակը, ուժերն ու միջոցները, հոժար սրտով նվիրում են ի նպաստ Եհովայի հոգևոր մեծ տաճարի (Առակ. 3։9)։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Եհովան գնահատում է մեր հավատարիմ աջակցությունը։ Հիշիր, որ Հելդան, Տուբիան ու Հեդայիան թանկարժեք նյութեր բերեցին, որոնցից Զաքարիան պսակ շինեց։ Հետագայում այդ պսակը ծառայեց որպես «հիշեցում» այն ամենի մասին, ինչ նրանք արել էին ճշմարիտ երկրպագության համար (Զաք. 6։14)։ Նույն ձևով էլ Եհովայի հանդեպ մեր ունեցած սերը և նրա համար արած գործը երբեք չեն մոռացվի (Եբր. 6։10)։ Դրանք երբեք չեն ջնջվի Եհովայի հիշողությունից։
19. Զաքարիայի տեսիլքները մեզ ի՞նչ անելու պետք է մղեն։
19 Այն ամենը, ինչ այս վերջին օրերում արվում է ճշմարիտ երկրպագության համար, Եհովայի օրհնության և Քրիստոսի առաջնորդության վառ ապացույցն է։ Մենք կայուն, ապահով և հավիտենական կազմակերպության մաս ենք կազմում։ Մաքուր երկրպագության վերաբերյալ Եհովայի նպատակը անպայման կիրագործվի։ Ուստի թանկ գնահատիր Եհովայի ժողովրդի մեջ լինելու քո առանձնաշնորհումը և միշտ լսիր նրա ձայնին։ Եթե այդպես վարվես, մեր Թագավորն ու Քահանայապետը, ինչպես նաև երկնային կառքերը վարող հրեշտակները կպաշտպանեն քեզ։ Ձգտիր հնարավորինս լիարժեքորեն աջակցել ճշմարիտ երկրպագությանը։ Այդ դեպքում կարող ես համոզված լինել, որ Զորքերի Տեր Եհովան քեզ իր հովանու տակ կպահի այս աշխարհի վերջին օրերում և ողջ հավիտենության ընթացքում։
a Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Դիտարան», 2015, մայիսի 15, էջ 29, 30, «Ընթերցողների հարցերը»։
b Մատթեոս 2։23-ում «նազովրեցի» թարգմանված բառը ծագում է եբրայերեն մի բառից, որը նշանակում է «ընձյուղ»։