Քեզ դեմ շինած ոչ մի գործիք հաջողություն չի ունենա
«Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի» (ԵՍԱՅԻԱ 54։17)։
1, 2. Ալբանիայում Եհովայի վկաների հետ տեղի ունեցած դեպքերը ինչպե՞ս են փաստում Եսայիա 54։17–ի ճշմարտացիությունը։
ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐ առաջ Եվրոպայի հարավ–արևելքում՝ լեռնային մի փոքր քաղաքում, կար անվախ քրիստոնյաների մի խումբ։ Աթեիստական այդ երկրում կոմունիստական կառավարությունը հնարավոր ամեն բան անում էր նրանց վերացնելու համար։ Սակայն ո՛չ չարչարանքները, ո՛չ ուղղիչ–աշխատանքային ճամբարները և ո՛չ էլ լրատվական կեղծ պրոպագանդան չկարողացան ոչնչացնել նրանց։ Ովքե՞ր էին նրանք։ Ալբանիայի Եհովայի վկաները։ Չնայած մեկտեղ հավաքվելը և քարոզելը շատ դժվար էր, սակայն տասնամյակներ շարունակ դրսևորած նրանց հաստատակամությունը մեծ պատիվ բերեց ճշմարիտ քրիստոնյաներին և փառավորեց Եհովա Աստծու անունը։ Անցյալ տարի նրանց երկրի մասնաճյուղի նվիրման ժամանակ երկար տարիներ ծառայած մի Վկա ասաց. «Անկախ այն բանից, թե որքան շատ ջանքեր է թափում Սատանան՝ միևնույն է, նա ամեն անգամ պարտվում է, իսկ Եհովան ամեն անգամ հաղթում է»։
2 Այս ամենը կենդանի ապացույց է այն բանի, որ Եսայիա 54։17–ում արձանագրված Աստծու խոստումը ճշմարիտ է. «Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի, եւ ամեն լեզու որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի, պիտի դատապարտուի»։ Պատմությունը հաստատում է, որ Սատանայի աշխարհը ոչինչ չի կարող անել, որ Եհովա Աստծու հավատարիմ ծառաները դադարեն նրան երկրպագելուց։
Սատանայի ջանքերը անհաջողության են մատնվել
3, 4. ա) Որո՞նք են Սատանայի գործիքները։ բ) Ինչպե՞ս է փաստվել, որ Բանսարկուի գործիքները անհաջողության են մատնվել։
3 Ճշմարիտ քրիստոնյաների դեմ օգտագործվել են տարբեր գործիքներ՝ արգելքներ, բռնություն, բանտարկություն, ինչպես նաև «չարիք», որն արվում է օրենքի միջոցով (Սաղմոս 94։20, ՆԱ)։ Իրականում նույնիսկ այս պահին, երբ Եհովայի վկաները ուսումնասիրում են այս հոդվածը, որոշ երկրներում նրանց հավատակիցների անարատությունը Աստծու հանդեպ «փորձվում» է (Հայտնություն 2։10)։
4 Օրինակ՝ Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկը տեղեկացրեց, որ միայն մեկ տարվա ընթացքում 32 դեպք է տեղի ունեցել, որի ժամանակ Աստծու ծառաները ենթարկվել են ֆիզիկական հարձակման։ Բացի այդ, գրանցվել է 59 դեպք, երբ ոստիկանությունը Վկաներին՝ ծեր թե երիտասարդ, տղամարդ թե կին, կալանավորել է քարոզչական գործունեություն կատարելիս։ Ոմանց լուսանկարել են, վերցրել նրանց մատնահետքերը և որպես հանցագործ բանտարկել։ Մյուսներին սպառնացել են ֆիզիկական վնաս հասցնել։ Մեկ ուրիշ երկրում փաստերով արձանագրվել է Եհովայի վկաների բանտարկության, տուգանման և ծեծի ավելի քան 1 100 դեպք։ Այս դեպքերից 200–ը տեղի են ունեցել այն օրը, երբ նրանք հավաքվել էին նշելու Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն։ Չնայած այդ բոլոր ճնշումներին՝ Եհովայի ժողովուրդը սուրբ ոգու միջոցով կարողացել է տոկալ (Զաքարիա 4։6)։ Թշնամու կատաղի հակառակությունը չի լռեցնի նրանց, ովքեր փառաբանում են Եհովային։ Այո՛, մենք վստա՛հ ենք. ոչ մի գործիք չի կարող խոչընդոտ լինել, որ Աստծու նպատակը իրականացվի։
Կեղծ լեզուները «դատապարտված են»
5. Ի՞նչ կեղծ լեզուներ վեր կացան Եհովայի ծառաների դեմ առաջին դարում։
5 Եսայիան մարգարեացավ, որ Աստծու ժողովուրդը դատապարտելու էր ամեն լեզու, որ «վեր կկենար» իր դեմ։ Առաջին դարի քրիստոնյաներին հաճախ ներկայացնում էին որպես չարագործների։ Օրինակ՝ Գործեր 16։20, 21–ում կարդում ենք, թե ինչում էին նրանք մեղադրվում. «Այս մարդիկ.... շատ անհանգստություն են պատճառում մեր քաղաքին և այնպիսի սովորույթներ են քարոզում, որ օրենքով թույլատրելի չէ, որ մենք ընդունենք կամ անենք, քանի որ հռոմեացիներ ենք»։ Մեկ այլ դեպքում կրոնական հակառակորդները փորձեցին քաղաքի ղեկավարներին գրգռել Քրիստոսի հետևորդների դեմ՝ պնդելով. «Այս մարդիկ, որ քանդեցին բնակեցված երկիրը, այստեղ էլ են հասել.... [և նրանք] կայսրի հրահանգներին հակառակ են գործում» (Գործեր 17։6, 7)։ Իսկ Պողոս առաքյալին անվանեցին «վնասակար մարդ» և մի աղանդի առաջնորդ, որը խռովություն է հրահրում «ողջ բնակեցված երկրով մեկ» (Գործեր 24։2–5)։
6, 7. Ո՞րն է կերպերից մեկը, որով ճշմարիտ քրիստոնյաները դատապարտում են չար լեզուները։
6 Ուստի մեզ չի զարմացնում, որ այսօր ճշմարիտ քրիստոնյաներին սխալ են ներկայացնում, չարախոսում են նրանց մասին և զրպարտչական արշավներ են կազմակերպում նրանց դեմ։ Ինչպե՞ս ենք մենք «դատապարտում» նման չար լեզուները (Եսայիա 54։17)։
7 Այդ մեղադրանքներն ու պրոպագանդան հաճախ հերքվում են Եհովայի վկաների գերազանց վարքով (1 Պետրոս 2։12)։ Երբ քրիստոնյաները փաստում են, որ օրինապահ քաղաքացիներ են, ունեն բարոյական բարձր չափանիշներ և անկեղծորեն հետաքրքրված են մարդկանց բարօրությամբ, ակնհայտ է դառնում, որ նրանց դեմ բարձրացված մեղադրանքներն անհիմն են։ Մեր լավ վարքն ինքնին վկայում է, որ մենք ազնիվ և ուղղամիտ ենք։ Նկատելով, որ ամեն ժամանակ բարի գործեր ենք անում՝ մարդիկ հաճախ ցանկանում են փառաբանել մեր երկնային Հորը և ընդունում են, որ նրա ծառաները ավելի լավ կյանքով են ապրում, քան մյուսները (Եսայիա 60։14; Մատթեոս 5։14–16)։
8. ա) Երբեմն ի՞նչ է անհրաժեշտ անել սուրբգրային մեր համոզմունքները պաշտպանելու համար։ բ) Ընդօրինակելով Հիսուսին՝ ինչպե՞ս ենք դատապարտում ընդդիմացող լեզուները։
8 Ի լրումն մեր քրիստոնեական վարքի՝ երբեմն նաև անհրաժեշտ է լինում սուրբգրային մեր համոզմունքները համարձակորեն պաշտպանել։ Օրինակ՝ կարող ենք դիմել կառավարությանը կամ դատարանին՝ մեզ պաշտպանելու համար (Եսթեր 8։3; Գործեր 22։25–29; 25։10–12)։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, երբեմն բացահայտորեն հանդիմանում էր իր հակառակորդներին՝ հերքելով նրանց կեղծ մեղադրանքները (Մատթեոս 12։34–37; 15։1–11)։ Հիսուսի պես՝ մենք էլ, առիթից օգտվելով, հստակ բացատրում ենք մեր խոր համոզմունքները (1 Պետրոս 3։15)։ Թող որ երբեք թույլ չտանք, որ Աստծու Խոսքի ճշմարտությունների քարոզչությունը կասեցվի համադասարանցիների, աշխատակիցների կամ մեր հավատը չընդունող հարազատների ծաղրանքի պատճառով (2 Պետրոս 3։3, 4)։
Երուսաղեմը՝ «ծանր քար»
9. Զաքարիա 12։3–ում նշված «ծանր քարը» ո՞ր Երուսաղեմին է վերաբերում, և ո՞ւմ է այն ներկայացնում երկրի վրա։
9 Զաքարիայի մարգարեությունը բացահայտում է, թե ինչու են ազգերը հակառակվում ճշմարիտ քրիստոնյաներին։ Նկատի առնենք, թե ինչ է ասվում Զաքարիա 12։3–ում. «Պիտի լինի որ այն օրը ես Երուսաղէմը ծանր քար եմ շինելու բոլոր ազգերի համար»։ Ո՞ր Երուսաղեմին է վերաբերում այս մարգարեությունը։ Այն վերաբերում է «երկնային Երուսաղեմին»՝ երկնային Թագավորությանը, որում կանչվել են օծյալ քրիստոնյաները (Եբրայեցիներ 12։22)։ Մեսիական Թագավորության ժառանգորդների մի փոքր մնացորդ դեռևս երկրի վրա է։ Իրենց ուղեկիցների՝ «ուրիշ ոչխարների» հետ նրանք հորդորում են մարդկանց դառնալ Աստծու Թագավորության հպատակները, քանի դեռ ժամանակ կա (Հովհաննես 10։16; Հայտնություն 11։15)։ Ինչպե՞ս են ազգերն արձագանքում այս հրավերին, և ինչպե՞ս է Եհովան պաշտպանում ճշմարիտ երկրպագուներին այսօր։ Եկեք գտնենք այս հարցերի պատասխանները՝ քննելով Զաքարիա 12–րդ գլուխը։ Կհավաստիանանք, որ Աստծու օծյալների և նրանց հավատարիմ ընկերակիցների դեմ «շինված ոչ մի գործիք հաջողություն չի ունենա»։
10. ա) Ինչո՞ւ են Աստծու ծառաները հալածվում։ բ) Ի՞նչ է պատահել նրանց, ովքեր փորձել են հեռացնել «ծանր քարը»։
10 Զաքարիա 12։3–ը ցույց է տալիս, որ ազգերը «ջարդվում» են։ Բայց ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Աստված վճռել է, որ Թագավորության բարի լուրը պետք է քարոզվի։ Եհովայի վկաները քարոզելու պարտականությանը լուրջ են վերաբերվում։ Սակայն ազգերի համար «ծանր քար» է դարձել այն, որ մենք Թագավորությունը քարոզում ենք որպես մարդկության միակ հույս։ Նրանք փորձում են հեռացնել իրենց ճանապարհից այդ քարը, այսինքն՝ խանգարել Թագավորության քարոզիչներին։ Այդպես վարվելով՝ ազգերը վնասում են իրենք իրենց։ Նրանք վարկաբեկվում են, երբ Աստծու ծառաների դեմ պայքարում ստորացուցիչ կերպով պարտություն են կրում։ Նրանք չեն կարող լռեցնել ճշմարիտ երկրպագուներին։ Աստծու ծառաները թանկ են գնահատում, որ պատիվ ունեն հռչակելու Մեսիական Թագավորության «հավիտենական բարի լուրը»։ Նրանք չեն դադարի քարոզելուց մինչև իրերի այս համակարգի վախճանը (Հայտնություն 14։6)։ Օրինակ՝ աֆրիկյան երկրներից մեկում մի բանտապահ, տեսնելով Եհովայի ծառաների հանդեպ բռնությունը, հետևյալն ասաց. «Իզուր ժամանակ եք վատնում՝ հալածելով այդ մարդկանց։ Նրանք երբեք զիջումների չեն գնա։ Միևնույն է, նրանք գնալով շատանում են»։
11. Աստված ինչպե՞ս պահեց Զաքարիա 12։4–ում գրված իր խոստումը։
11 Կարդանք Զաքարիա 12։4–ը։ Եհովան խոստանում է, որ փոխաբերական իմաստով կկուրացնի և «սոսկումի» մեջ կգցի նրանց, ովքեր պայքարում են իր քաջ երկրպագուների դեմ։ Նա պահել է իր խոսքը։ Օրինակ՝ մի երկրում, որտեղ ճշմարիտ երկրպագությունն արգելքի տակ էր, հակառակորդներն անկարող եղան Աստծու ժողովրդին զրկել հոգևոր կերակուրից։ Թերթերից մեկում նույնիսկ գրվեց, որ Եհովայի վկաները օդապարիկներով են աստվածաշնչյան գրականություն բերում երկիր։ Իրոք, Աստված պահեց իր ծառաներին տված խոստումը. «Պիտի բանամ աչքերս, եւ ժողովուրդների բոլոր ձիերը պիտի զարկեմ կուրութիւնով»։ Կատաղությունից կուրացած՝ Թագավորության թշնամիները չգիտեն՝ ինչ անեն։ Բայց մենք համոզված ենք, որ Եհովան կպահպանի իր ժողովրդին և կհոգա նրա կարիքները (Դ Թագաւորաց 6։15–19)։
12. ա) Ի՞նչ իմաստով Հիսուսը կրակ գցեց, երբ երկրի վրա էր։ բ) Ինչպե՞ս է օծյալ մնացորդը հոգևոր իմաստով կրակ գցել, և ի՞նչ արդյունքով։
12 Կարդանք Զաքարիա 12։5, 6–ը։ «Յուդայի տոհմապետները» նրանք են, ովքեր վերակացություն են անում Աստծու ժողովրդի մեջ։ Եհովան նրանց լցնում է կրակոտ եռանդով՝ հանուն իր Թագավորության երկրային շահերի։ Մի անգամ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Ես եկա, որ կրակ գցեմ երկրի վրա» (Ղուկաս 12։49)։ Եվ իսկապես, Հիսուսը կարծես կրակ գցեց երկրի վրա։ Աստծու Թագավորությունը այն կարևոր թեման էր, որի մասին նա եռանդորեն քարոզում էր։ Դա ողջ հրեա ազգի մեջ լուրջ տարաձայնություններ առաջացրեց (Մատթեոս 4։17, 25; 10։5–7, 17–20)։ Այսօր, ինչպես «կրակի վառարանն է [կրակ գցում] փայտերի մեջ, և ջահը՝ որաների մեջ», այնպես էլ Քրիստոսի հետևորդների բերած լուրն է հոգևոր իմաստով կրակ գցում։ 1917 թ.–ին «Գաղտնիքը բացահայտված է»a գիրքը մերկացրեց քրիստոնեական աշխարհի կեղծավորությունը։ Դա հարուցեց հոգևորականության զայրույթը։ Իսկ վերջերս «Թագավորության լուրը» №37 թերթիկը, որը կոչվում է «Կեղծ կրոնի վերջը մո՛տ է», շատերին մղեց կանգնել Թագավորության կողմը, շատերին էլ՝ ընդդիմանալ։
«Պիտի փրկի Հուդայի վրանները»
13. Ի՞նչ է ցույց տալիս «Յուդայի վրանները» արտահայտությունը, և ինչո՞ւ է Եհովան փրկում նրանց։
13 Կարդանք Զաքարիա 12։7, 8–ը։ Հին իսրայելացիները սովորաբար բնակվում էին վրաններում։ Հովիվներն ու հողագործները, որոնք երբեմն մնում էին վրաններում, առաջինը կտուժեին և պաշտպանության կարիք կունենային, եթե թշնամի ազգերը հարձակվեին Երուսաղեմ քաղաքի վրա։ «Յուդայի վրանները» արտահայտությունը ցույց է տալիս, որ օծյալ մնացորդը մեր ժամանակներում չի գտնվում, այսպես ասած, պաշտպանված քաղաքներում, այլ գտնվում է բաց դաշտում։ Այնտեղ նրանք անվախորեն պաշտպանում են Մեսիական Թագավորության շահերը։ Զորքերի Տեր Եհովան կփրկի «առաջ Յուդայի վրանները», որովհետև նրանք Սատանայի թիրախն են։
14. Ինչպե՞ս է Եհովան պաշտպանում «Յուդայի վրաններում» գտնվողներին և հետևում, որ նրանք չսայթաքեն։
14 Ինչ խոսք, պատմական արձանագրությունները փաստում են, որ Եհովան պաշտպանում է Թագավորության այս օծյալ դեսպաններին, որոնց «վրանները» գտնվում են բաց դաշտում։b Աստված պահպանում է նրանց, որ չսայթաքեն, և դրանով իսկ նրանց դարձնում է Դավիթ թագավորի պես, որը ուժեղ ու քաջ ռազմիկ էր։
15. Ինչո՞ւ է Եհովան «ջանում փչացնել բոլոր ազգերը», և ե՞րբ է նա անելու դա։
15 Կարդանք Զաքարիա 12։9–ը։ Ինչո՞ւ է Եհովան «ջանում փչացնել բոլոր ազգերը»։ Որովհետև նրանք համառորեն ընդդիմանում են Մեսիական Թագավորությանը։ Աստծու ժողովրդին անհանգստացնելու և հալածելու պատճառով նրանք դատապարտված են։ Շուտով Սատանայի երկրային կամակատարները վերջնական հարձակում կգործեն Աստծու ճշմարիտ երկրպագուների վրա, ինչի արդյունքում աշխարհում կտիրի այնպիսի իրավիճակ, որը, ըստ Աստվածաշնչի, կոչվում է Հար–Մագեդոն (Հայտնություն 16։13–16)։ Ի պատասխան այդ գրոհին՝ Գերագույն Դատավորը կպաշտպանի իր ծառաներին ու կսրբացնի իր անունը ազգերի առաջ (Եզեկիէլ 38։14–18, 22, 23)։
16, 17. ա) Ո՞րն է մեր «ժառանգությունը»։ բ) Ի՞նչ է ապացուցում Սատանայի հարձակումների ներքո մեր ցուցաբերած տոկունությունը։
16 Սատանան ոչ մի գործիք չունի, որով կարող է թուլացնել աշխարհով մեկ սփռված Աստծու ժողովրդի հավատը և կասեցնել նրանց եռանդուն գործունեությունը։ Մեր հոգևոր խաղաղությունը, որը գալիս է Եհովայի փրկարար զորությունից, մեր «ժառանգությունն» է (Եսայիա 54։17)։ Ոչ ոք չի կարող բռնի կերպով զրկել մեզ այդ խաղաղությունից և հոգևոր բարգավաճ վիճակից (Սաղմոս 118։6)։ Սատանան կշարունակի բորբոքել հակառակության կրակը և կջանա փորձությունների մեջ գցել մեզ։ Հավատարմորեն տոկալով հակառակությանը՝ մենք կփաստենք, որ ունենք Աստծու ոգին (1 Պետրոս 4։14)։ Աստծու Թագավորության մասին բարի լուրը մենք քարոզում ենք ամենուրեք։ Հակառակորդները բազմաթիվ խորհրդանշական «պարսաքարեր» են նետում Աստծու ժողովրդի վրա։ Սակայն Եհովայի զորությամբ նրա ծառաները հաղթահարում են այդ քարանման դժվարությունները՝ վերացնելով դրանց հետևանքները (Զաքարիա 9։15)։ Օծյալ մնացորդը և նրանց հավատարիմ ընկերակիցները երբեք չեն դադարի գործելուց։
17 Մենք անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ ամբողջությամբ ազատագրված կլինենք Բանսարկուի հարձակումներից։ Ի՜նչ մխիթարություն ենք ստանում այն հավաստիացումից, որ «մեր դեմ շինած ոչ մի գործիք հաջողություն չի ունենա, և ամեն լեզու որ վեր կենա մեր դեմ դատաստանի, կդատապարտվի»։
[ծանոթագրություններ]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այժմ չի տպագրվում։
b Ավելի շատ տեղեկությունների համար տե՛ս «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գիրքը, էջ 675, 676 (ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչն է ցույց տալիս, որ Սատանայի գործիքները անհաջողության են մատնվել։
• Ինչպե՞ս երկնային Երուսաղեմը «ծանր քար» դարձավ։
• Ինչպե՞ս է Եհովան փրկում «Յուդայի վրանները»։
• Ինչո՞ւմ ես վստահ, մինչ մոտենում ենք Արմագեդոնին։
[նկար 21–րդ էջի վրա]
Չնայած Սատանայի հարձակումներին՝ Ալբանիայի Եհովայի վկաները հավատարիմ մնացին
[նկար 23–րդ էջի վրա]
Հիսուսը հերքեց կեղծ մեղադրանքները
[նկար 24–րդ էջի վրա]
Բարի լուրը հռչակողների դեմ շինված ոչ մի գործիք հաջողություն չի ունենա