Աստվածաշնչի գիրք համար 31. Աբդիա
Գրողը՝ Աբդիա
Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 607թ.
1. Ի՞նչն է ցույց տալիս, որ մարգարեի հռչակած լուրն է կարևոր և ոչ թե այն հռչակողը։
ԸՆԴԱՄԵՆԸ 21 համարից բաղկացած «Աբդիա» գիրքը, որը Եբրայերեն Գրությունների ամենակարճ գիրքն է, հռչակում է Աստծու դատավճիռը, որով վերջ էր դրվելու մի ամբողջ ազգի գոյությանը, և ազդարարում Աստծու Թագավորության վերջնական հաղթանակը։ Գիրքը սկսվում է հետևյալ խոսքերով՝ «Աբդիայի տեսիլքը»։ Գրքում մարգարեի կյանքից մանրամասներ չեն նշվում, ու ոչինչ չի ասվում այն մասին, թե երբ և որտեղ է ծնվել մարգարեն, որ ցեղից է եղել։ Հստակ է, ուրեմն, որ մարգարեի ով լինելը կարևոր հանգամանք չէ. կարևորը նրա հռչակած լուրն է, քանի որ այն, ինչպես ասաց Աբդիան, Եհովայից է։
2. Ո՞ր երկրի վրա է կենտրոնանում Աբդիայի մարգարեությունը, և ինչո՞ւ էին նրա բնակիչներն իրենց ապահով զգում։
2 Մարգարեությունը հիմնականում վերաբերում է Եդոմին։ Մեռյալ ծովից դեպի հարավ Արաբայի հովտով ձգվող Եդոմի երկիրը, որը նաև կոչվում էր Սեիր լեռ, կտրտված տեղանքով երկիր էր՝ բարձրաբերձ լեռներով և խոր կիրճերով։ Արաբայի հովտից դեպի արևելք գտնվող լեռնաշղթայի որոշ գագաթներ 1700 մետր բարձր են ծովի մակարդակից։ Թեմանի շրջանի բնակիչները հայտնի էին իրենց իմաստությամբ ու քաջությամբ։ Եդոմի աշխարհագրական դիրքն ու բնական պաշտպանությունը ապահովության զգացում էին տալիս բնակիչներին, ու նրանք հպարտանում էին դրանովa։
3. Արդյոք եդոմացիների վերաբերմունքը Իսրայելի հանդեպ եղբայրակա՞ն էր։
3 Եդոմացիները Հակոբի (որի անունը փոխվեց Իսրայելի) եղբայր Եսավի հետնորդներն էին։ Ուստի նրանք իսրայելացիների հետ այնքան սերտորեն էին կապված, որ «եղբայր» էին կոչվում (2 Օրենք 23։7)։ Սակայն նրանց վերաբերմունքը իսրայելացիների հանդեպ հազիվ թե կարելի էր եղբայրական համարել։ Ավետյաց երկիր մտնելուց առաջ Մովսեսը պատգամաբերներ ուղարկեց Եդոմի թագավորի մոտ՝ խնդրելով թույլ տալ, որ ժողովուրդը խաղաղությամբ անցնի նրա երկրի միջով, բայց եդոմացիները թշնամաբար վերաբերվեցին. կտրուկ մերժեցին նրան և մեծ բազմությամբ ու հզոր բանակով դուրս եկան Իսրայելի դեմ (Թվեր 20։14–21)։ Թեև Դավիթը հպատակեցրել էր Եդոմին, բայց տարիներ անց՝ Հովսափատ թագավորի օրոք, եդոմացիները Ամմոնի ու Մովաբի որդիների հետ դավադրություն կազմակերպեցին Հուդայի թագավորության դեմ, իսկ հետագայում ապստամբեցին Հովսափատի որդու՝ Հովրամ թագավորի դեմ, նաև Գազայից ու Տյուրոսից գերի վերցրին իսրայելացիներին, իսկ Աքազ թագավորի օրոք արշավեցին Հուդայի վրա՝ ավելի շատ մարդկանց գերեվարելով (2 Տար. 20։1, 2, 22, 23; 2 Թագ. 8։20–22; Ամոս 1։6, 9; 2 Տար. 28։17)։
4. ա) Եդոմացիների ո՞ր ստոր արարքը, ըստ ամենայնի, մղեց Աբդիային դատապարտելու նրանց։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ գիրքը գրի առնելու ամենահավանական ժամանակը մ.թ.ա. 607-ն է։
4 Եդոմացիների դրսևորած թշնամությունն իր գագաթնակետին հասավ մ.թ.ա. 607-ին բաբելոնյան արշավախմբերի կողմից Երուսաղեմի ամայացման ժամանակ։ Նրանք ոչ միայն հավանությամբ հետևում էին այդ ամենին, այլև կոչ էին անում զավթիչներին ամբողջությամբ ավերել քաղաքը՝ ասելով. «Քանդե՛ք, քանդե՛ք մինչև նրա հիմքերը» (Սաղ. 137։7)։ Երբ վիճակ էր գցվում ավարի վրա, եդոմացիները ավարը կիսողների մեջ էին, ու երբ ազատված հրեաները փորձում էին փախչել երկրից, նրանք փակում էին ճանապարհը, բռնում էին նրանց և հանձնում թշնամուն։ Երուսաղեմի ավերման ժամանակ դրսևորված բռնությունն էր պատճառը, որ Աբդիան դատապարտեց նրանց։ Անկասկած, այդ դատապարտությունը նա գրի առավ, երբ Եդոմի ստոր արարքը դեռ թարմ էր իր հիշողության մեջ (Աբդիա 11, 14)։ Ըստ երևույթին, հինգ տարի էլ չէր անցել Երուսաղեմի կործանումից, երբ Նաբուգոդոնոսորը զավթեց ու թալանեց Եդոմը։ Ուստի գիրքը պետք է որ գրված լիներ նախքան այդ իրադարձությունը։ Ամենահավանական ժամանակը համարվում է մ.թ.ա. 607թ.։
5. ա) Ի՞նչն է ապացուցում, որ «Աբդիա» գիրքը վավերական ու ճշմարիտ է։ բ) Ի՞նչն է ապացուցում, որ Աբդիան ճշմարիտ մարգարե էր, և ինչո՞ւ կարող ենք ասել, որ նրա անունը համապատասխան նշանակություն ունի։
5 Աբդիայի կողմից Եդոմի դեմ ասած մարգարեությունն ամբողջությամբ կատարվեց։ Մարգարեությունը հայտնում է. «Եսավի տունը ծղոտ [պիտի դառնա]։ Նրանք կայրեն ու կկլանեն նրան։ Եսավի տանը վերապրող չի լինի, որովհետև Եհովան ինքն է ասել» (Աբդիա 18)։ Եդոմն ապրում էր սրով ու վախճանվեց սրով, և նրանից ոչ մի հետնորդ չմնաց։ Դա փաստում է այս տեղեկության վավերականությունն ու ճշմարտացիությունը։ Ամեն բան ապացուցում է, որ Աբդիան ճշմարիտ մարգարե էր. նա խոսում էր Եհովայի անունից, նրա մարգարեությունը մեծարում էր Եհովային և, ինչպես փաստում է պատմությունը, հետագայում իրականացավ։ Նրա անունը համապատասխան նշանակություն ունի, քանի որ «Աբդիա» նշանակում է «Յահի ծառա»։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
6. Ինչպե՞ս է Եհովան խոսում Եդոմի մասին և որտեղի՞ց է նրան իջեցնելու։
6 Դատաստան Եդոմի դեմ (1–16)։ Եհովայի հրամանով Աբդիան հայտնում է իր տեսիլքը։ Ազգերը հավաքվում են, որ դուրս գան Եդոմի դեմ պատերազմի։ «Վե՛ր կաց, ո՛վ ժողովուրդ, եկ պատերազմի՛ դուրս գանք նրա դեմ»,— պատվիրում է Աստված։ Այնուհետև իր խոսքերը ուղղելով անմիջապես Եդոմին՝ Եհովան գնահատական է տալիս նրա դիրքին։ Եդոմը ազգերի մեջ փոքր է ու արհամարհված, բայց հանդգնությամբ է վարվում։ Նա ապահով է զգում իրեն՝ բնակվելով բարձր ժայռերում, և համոզված է, որ ոչ ոք չի կարող իջեցնել իրեն այդտեղից։ Այդուհանդերձ, Եհովան հայտարարում է, որ նույնիսկ եթե նա իր բնակավայրը արծվի պես բարձրացնի, աստղերի մեջ դնի իր բույնը, այնտեղից նա կիջեցնի նրան։ Եդոմը պատժվելու է (Աբդիա 1)։
7. Ի՞նչ աստիճան Եդոմը կավերվի։
7 Ի՞նչ է լինելու Եդոմին։ Եթե գողերը գային նրա մոտ, ապա կգողանային միայն այն, ինչ ուզեին։ Նույնիսկ խաղող հավաքողները մնացորդ կթողնեին։ Սակայն Եսավի որդիներին ավելի վատ բան է սպասում։ Նրանց գանձերը մանրակրկիտ խուզարկվելու են։ Եդոմի հետ ուխտի մեջ գտնվողները շրջվելու են նրա դեմ։ Նրա մտերիմ ընկերները ցանցով թակարդ են դնելու նրա համար որպես խորաթափանցություն չունեցողի։ Եդոմի մարդիկ, որոնք հայտնի են իրենց իմաստությամբ, նրա զորավորները, որոնք հայտնի են իրենց արիությամբ, օգնության չեն հասնելու աղետի ժամանակ։
8. Ինչո՞ւ է Եդոմի պատիժը այդքան դաժան։
8 Բայց ինչո՞ւ Եդոմի որդիները այդպիսի դաժան պատժի կարժանանան։ Հակոբի որդիների՝ իրենց եղբայրների հանդեպ դրսևորած բռնության պատճառով։ Նրանք ուրախացան, երբ Երուսաղեմն ընկավ և նույնիսկ միացան ներխուժող օտարականներին, որ բաժանեն կողոպուտը։ Աբդիան խիստ հանդիմանում է Եդոմին, ասես ականատես է եղել այդ զազրելի արարքներին։ Նա ասում է. «Դու չպետք է ուրախանայիր եղբորդ նեղության օրը։ Դու չպետք է խոչընդոտեիր ազատվածների փախուստը և չպետք է վերապրածներին մատնեիր թշնամիների ձեռքը։ Մոտ է Եհովայի հատուցման օրը, և քեզնից հաշիվ է պահանջվելու։ Ինչպես որ դու արեցիր, այդպես էլ քեզ կանեն»։
9. Ի՞նչ վերականգնման մասին է կանխագուշակվել։
9 Հակոբի տունը կվերականգնվի (17–21)։ Ի տարբերություն Եդոմի՝ Հակոբի տունը վերականգնվելու է։ Մարդիկ կվերադառնան Սիոն լեռ։ Նրանք կկլանեն Եսավի տունը, ինչպես որ կրակն է կլանում ծղոտը։ Նրանք կտիրեն հարավում եղող Նեգևին, ինչպես նաև Եսավի լեռնային շրջանին ու Շեֆելային։ Հյուսիսում կտիրեն Եփրեմի երկրին ու Սամարիայի երկրին մինչև Սարեփթա։ Արևելքում նրանք կտիրեն Գաղաադի տարածքին։ Եդոմի հպարտությանը վերջ կդրվի, Հակոբը կվերականգնվի, և «թագավորությունը Եհովային կպատկանի» (Աբդիա 21)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
10. Ուրիշ ո՞ր մարգարեություններում է կանխագուշակվել Եդոմի կործանումը, և ինչո՞ւ օգտակար կլինի քննել դրանք Աբդիայի մարգարեությանը զուգահեռ։
10 Որպես հավաստիացում, որ Եդոմի դեմ իր դատաստանները կիրագործվեն, Եհովան նմանատիպ դատավճիռներ է ասել նաև իր մյուս մարգարեների բերանով։ Դրանցից առավել աչքի են ընկնում հետևյալ համարներում նշված դատաստանները՝ Հովել 3։19; Ամոս 1։11, 12; Եսայիա 34։5–7; Երեմիա 49։7–22; Եզեկիել 25։12–14 և 35։2–15։ Ակներևաբար, ավելի վաղ արված ազդարարությունները վերաբերում են եդոմացիների կողմից անցյալում դրսևորված թշնամությանը։ Մինչդեռ ավելի ուշ ներկայացված մեղադրանքները, ըստ երևույթին, վերաբերում են այն աններելի վարքին (ինչի մասին և հիշատակում է Աբդիան), որը Եդոմը դրսևորեց, երբ բաբելոնացիները զավթեցին Երուսաղեմը։ Ապագան կանխատեսելու Եհովայի կարողության հանդեպ մեր հավատը կամրապնդենք՝ քննելով, թե ինչպես են կանխագուշակված աղետները հարվածել Եդոմին։ Բացի այդ, մեր վստահությունը է՛լ ավելի կմեծանա Եհովայի հանդեպ, այն Աստծու, որը միշտ իրագործում է իր նպատակները (Ես. 46։9–11)։
11, 12. ա) Եդոմի հետ «խաղաղության մեջ» լինողները ինչպե՞ս հաղթեցին նրան։ բ) Ինչպե՞ս Եդոմը աստիճանաբար «վերացավ»։
11 Աբդիան մարգարեացել էր, որ Եդոմի հետ «ուխտի մեջ գտնվող բոլոր մարդիկ»՝ նրա հետ «խաղաղության մեջ» լինողները, հաղթելու են նրան (Աբդիա 7)։ Բաբելոնի հետ ունեցած Եդոմի խաղաղությունը երկար չտևեց։ Մ.թ.ա. վեցերորդ դարում բաբելոնյան զորքերը Նաբոնիդ թագավորի հրամանատարությամբ նվաճեցին Եդոմըb։ Սակայն նույնիսկ Նաբոնիդի ներխուժումից մեկ դար անց ինքնավստահ Եդոմը վերականգնվելու հույս ուներ, ինչի մասին գրված է Մաղաքիա 1։4-ում. «Քանի որ Եդոմն ասում է՝ «մենք կործանվել ենք, բայց կվերադառնանք ու կշինենք ավերակները», դրա համար Զորքերի Տեր Եհովան այսպես է ասում. «Նրանք կշինեն, իսկ ես կքանդեմ»»։ Չնայած Եդոմի ջանքերին՝ հետ վերցնել գրավված տարածքները, արդեն մ.թ.ա. չորրորդ դարում նրա երկրում հաստատվել էին նաբաթեացիները։ Եդոմացիներին վտարեցին իրենց երկրից, ու նրանք բնակություն հաստատեցին Հրեաստանի հարավում, որն էլ հետագայում կոչվեց Իդումեա։ Եդոմացիներին այլևս երբեք չհաջողվեց հետ գրավել Սեիր երկիրը։
12 Համաձայն Հովսեպոսի՝ մ.թ.ա. երկրորդ դարում եդոմացիների մնացած մասը հպատակեցվեց հրեաների թագավոր Հովհաննես Հիրկանոս I-ին, հարկադրաբար թլփատության ենթարկվեց ու աստիճանաբար միախառնվեց հրեաներին հրեա կառավարիչների իշխանության ներքո։ Այն բանից հետո, երբ մ.թ. 70-ին տեղի ունեցավ Երուսաղեմի կործանումը, պատմության էջերից նրանց անունը մեկընդմիշտ անհետացավc, ինչպեսև Աբդիան մարգարեացել էր. «Դու ընդմիշտ կվերանաս.... Եսավի տանը վերապրող չի լինի» (Աբդիա 10, 18)։
13. Ի տարբերություն եդոմացիների՝ ի՞նչ եղավ հրեաների հետ։
13 Ի տարբերություն եդոմացիների, որոնք բնաջինջ եղան՝ հրեաները մ.թ.ա. 537-ին Զորաբաբելի գլխավորությամբ վերադարձան հայրենիք, Երուսաղեմում վերստին կառուցեցին տաճարը ու կրկին հաստատվեցին իրենց հայրենի երկրում։
14. ա) Ի՞նչ ենք սովորում Եդոմին բաժին ընկածից։ բ) Աբդիայի նման՝ բոլորը ի՞նչ պետք է ընդունեն և ինչո՞ւ։
14 Պարզ է, որ գոռոզության ու ամբարտավանության վերջը կործանումն է։ Թող որ բոլոր նրանք, ովքեր գոռոզաբար բարձրացնում են իրենց անձերը և չարախնդում Աստծու ծառաների վրա, դաս քաղեն Եդոմին բաժին ընկածից։ Թող որ Աբդիայի նման՝ նրանք էլ ընդունեն, որ «թագավորությունը Եհովային կպատկանի»։ Եհովայի ու նրա ժողովրդի դեմ պայքարողները հավիտյան բնաջինջ են լինելու երկրի երեսից, Եհովայի վեհապանծ Թագավորությունը հավիտյան կանգուն է մնալու, իսկ նրա գերիշխանությունը արդարացված է լինելու (Աբդիա 21)։
[ծանոթագրություններ]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 679 (անգլ.)։
b «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 682 (անգլ.)։
c «Հրեական հնախոսություն», XIII, էջ 257, 258 (ix, 1); XV, էջ 253, 254 (vii, 9)։