ԳԼՈՒԽ 97
Խաղողի այգում աշխատողների առակը
«ՎԵՐՋԻՆՆԵՐԸ» ԴԱՌՆՈՒՄ ԵՆ «ԱՌԱՋԻՆՆԵՐ»
Հիսուսը քիչ առաջ Պիրեայում իր ունկնդիրներին ասել է, որ «շատերը, որ առաջիններ են, վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ» (Մատթեոս 19։30)։ Այժմ այդ միտքն ընդգծելու համար նա պատմում է մի առակ խաղողի այգում աշխատողների մասին։
Հիսուսն ասում է. «Երկնքի թագավորությունը նման է մի տանտիրոջ, որը վաղ առավոտյան դուրս եկավ՝ իր խաղողի այգու համար աշխատողներ վարձելու, և աշխատողների հետ համաձայնության գալով օրվա համար մեկ դինար վճարել՝ նրանց ուղարկեց իր խաղողի այգին։ Երրորդ ժամի կողմերը դարձյալ դուրս եկավ ու տեսավ ուրիշների, որ անգործ կանգնել էին հրապարակում, և ասաց նրանց. «Դուք նույնպես գնացեք իմ խաղողի այգին, և ինչ որ արժան է, կտամ ձեզ»։ Նրանք էլ գնացին։ Ապա վեցերորդ և իններորդ ժամերի կողմերը դարձյալ դուրս եկավ ու նույն բանն արեց։ Եվ վերջապես տասնմեկերորդ ժամի կողմերը դուրս եկավ և ուրիշների էլ տեսավ կանգնած ու ասաց նրանց. «Ինչո՞ւ եք ամբողջ օրը այստեղ անգործ կանգնել»։ Նրանք պատասխանեցին. «Որովհետև ոչ ոք չի վարձել մեզ»։ Նա էլ ասաց. «Դուք նույնպես գնացեք իմ խաղողի այգին»» (Մատթեոս 20։1–7)։
Հիսուսի ունկնդիրները, լսելով «երկնքի թագավորություն» և «տանտեր» արտահայտությունները, հավանաբար մտածում են Եհովա Աստծու մասին։ Սուրբ գրքում Եհովան նկարագրվում է որպես մեկը, ով ունի մի խաղողի այգի։ Այդ այգին խորհրդանշում է Իսրայել ազգին (Սաղմոս 80։8, 9; Եսայիա 5։3, 4)։ Օրենքի ուխտի տակ գտնվողները նմանեցվում են խաղողի այգում աշխատողների։ Սակայն Հիսուսը չի խոսում անցյալի մասին։ Նա խոսում է իր ժամանակներում տիրող մի իրավիճակի մասին։
Կրոնական առաջնորդները, ինչպես, օրինակ, փարիսեցիները, այսպես ասած, շարունակ աշխատել են՝ ծառայելով Աստծուն։ Նրանք նման են լրիվ օրով աշխատողների, որոնք ակնկալում են լիարժեք վարձատրություն՝ մեկ օրվա համար մեկ դինար։
Քահանաները և մյուս կրոնական առաջնորդները համարում են, որ հասարակ հրեա մարդիկ Աստծուն ավելի քիչ են ծառայում, այսինքն՝ նրա «խաղողի այգու» ոչ լրիվ օրով աշխատողներն են։ Հիսուսի պատմած առակում այդ աշխատողները նրանք են, ում տերը վարձում է «երրորդ ժամի կողմերը» (մոտավորապես առավոտյան ժամը 9-ին) և ավելի ուշ՝ «վեցերորդ», «իններորդ» ու վերջապես նաև «տասնմեկերորդ ժամի կողմերը» (մոտավորապես երեկոյան ժամը 5-ին)։
Կրոնական առաջնորդները Հիսուսին հետևող մարդկանց համարում են «անիծված ժողովուրդ» (Հովհաննես 7։49)։ Հիսուսի հետևորդները իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են՝ զբաղվելով ձկնորսությամբ կամ այլ գործերով։ Սակայն մ.թ. 29-ի աշնանը «այգու տերը» Հիսուսին ուղարկեց, որ նա այս հասարակ մարդկանց հրավիրի աշխատելու Աստծու «այգում» որպես Քրիստոսի աշակերտներ։ Նրանք Հիսուսի առակում նշված «վերջիններն» են՝ «տասնմեկերորդ ժամին վարձվածները»։
Ավարտելով իր առակը՝ Հիսուսն ասում է, թե ինչ է լինում աշխատանքային օրվա վերջում. «Երեկոյան այգու տերն ասաց իր գործավարին. «Կանչիր աշխատողներին և տուր նրանց վարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները»։ Երբ եկան տասնմեկերորդ ժամին վարձվածները, նրանցից յուրաքանչյուրը մեկ դինար ստացավ։ Իսկ երբ առաջինները եկան, կարծեցին, թե իրենք ավելի շատ կստանան, բայց նրանք նույնպես մեկական դինար ստացան։ Վարձը ստանալուց հետո նրանք սկսեցին տրտնջալ տանտիրոջ դեմ՝ ասելով. «Այդ վերջինները մեկ ժամ աշխատեցին, բայց դու նրանց հավասարեցրիր մեզ, որ օրվա ծանրությունն ու սաստիկ շոգը կրեցինք»։ Բայց նրանցից մեկին պատասխանելով՝ նա ասաց. «Բարեկա՛մ, ես քեզ ոչ մի անիրավություն չեմ անում։ Չէ՞ որ դու ինձ հետ մեկ դինարով համաձայնվեցիր, ուրեմն քոնը վերցրու ու գնա։ Ես ուզում եմ այս վերջինին տալ նույնը, ինչ որ քեզ։ Մի՞թե իրավունք չունեմ իմ ունեցածի հետ ուզածիս պես վարվելու։ Թե՞ աչքդ չար է, որ ես բարի եմ»։ Այսպես՝ վերջինները առաջիններ կլինեն, իսկ առաջինները՝ վերջիններ» (Մատթեոս 20։8–16)։
Այս վերջին միտքը թերևս աշակերտներին մտածելու տեղիք է տալիս։ Ինչպե՞ս է հնարավոր, որ հրեա կրոնական առաջնորդները, ովքեր իրենց «առաջիններ» են համարում, դառնան «վերջիններ»։ Եվ ինչպե՞ս են Հիսուսի աշակերտները դառնալու «առաջիններ»։
Հիսուսի աշակերտները, ում փարիսեցիները և մյուս կրոնական առաջնորդները համարում են «վերջիններ», դառնալու են «առաջիններ» և ստանալու են լիարժեք վարձատրություն։ Երբ Հիսուսը մահանա, երկրային Երուսաղեմը մերժվելու է Աստծու կողմից, և դրանից հետո Աստված ընտրելու է նոր ժողովուրդ՝ «Աստծու Իսրայելին» (Գաղատացիներ 6։16; Մատթեոս 23։38)։ Հովհաննես Մկրտիչը հենց այս ժողովրդին նկատի ուներ, երբ խոսեց այն մասին, որ ապագայում սուրբ ոգով մկրտություն է լինելու։ Նրանք ովքեր «վերջիններ» են եղել, առաջինն են մկրտվելու սուրբ ոգով և ստանալու են առանձնաշնորհում՝ լինելու Հիսուսի վկաները «մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1։5, 8; Մատթեոս 3։11)։ Աշակերտները Հիսուսի խոսքերից որոշ չափով հասկանում են, թե ինչ կտրուկ փոփոխություն է լինելու, և թերևս պատկերացնում են, թե իրենք ինչ մեծ թշնամանքի են արժանանալու կրոնական առաջնորդների կողմից, որոնք դառնալու են «վերջիններ»։