ԳԼՈՒԽ 106
Երկու առակ խաղողի այգու մասին
ՄԱՏԹԵՈՍ 21։28–46 ՄԱՐԿՈՍ 12։1–12 ՂՈՒԿԱՍ 20։9–19
ԵՐԿՈՒ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ
ԽԱՂՈՂԻ ԱՅԳՈՒ ՄՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ
Քիչ առաջ տաճարում ավագ քահանաները, դպիրները և ժողովրդի երեցները հարցրել են Հիսուսին, թե ինչ իշխանությամբ է նա զորավոր գործեր անում։ Հիսուսը այնպիսի պատասխան է տվել, որ նրանք, չիմանալով ինչ ասել, լռել են։ Այժմ Հիսուսը, պատմելով մի առակ, ցույց է տալիս, թե ինչպիսին են նրանք իրականում։
Հիսուսն ասում է. «Մի մարդ երկու որդի ուներ։ Մոտենալով առաջինին՝ ասաց. «Որդի՛ս, գնա և այսօր խաղողի այգում աշխատիր»։ Նա էլ ասաց. «Չեմ գնա»։ Բայց հետո զղջաց ու գնաց։ Մոտենալով երկրորդին՝ նույն բանը նրան ասաց։ Այս մեկն ասաց. «Կգնամ, տե՛ր»։ Բայց չգնաց։ Այս երկուսից ո՞ր մեկը կատարեց հոր կամքը» (Մատթեոս 21։28–31, «Նոր աշխարհ» թարգմանություն, 2013 թ., անգլ.)։ Պատասխանն ակնհայտ է. առաջին որդին է կատարում հոր ասածը։
Ուստի Հիսուսն ասում է իր հակառակորդներին. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. հարկահավաքներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծու թագավորություն»։ Հարկահավաքներն ու պոռնիկները սկզբում չեն ծառայում Աստծուն, սակայն հետո, առաջին որդու նման, զղջում են ու սկսում են ծառայել նրան։ Ի տարբերություն այդ մարդկանց՝ կրոնական առաջնորդները նման են երկրորդ որդուն. նրանք ասում են, թե ծառայում են Աստծուն, բայց իրականում չեն ծառայում։ Հիսուսն ասում է. «Հովհաննեսը [Մկրտիչը] եկավ ձեզ մոտ արդարության ճանապարհով, բայց դուք չհավատացիք նրան։ Մինչդեռ հարկահավաքներն ու պոռնիկները հավատացին նրան, իսկ դուք, թեպետև տեսաք, բայց չզղջացիք ու չհավատացիք նրան» (Մատթեոս 21։31, 32)։
Այնուհետև Հիսուսը պատմում է մեկ ուրիշ առակ։ Այս անգամ նա ցույց է տալիս, որ կրոնական առաջնորդները բացի այն, որ չեն ծառայում Աստծուն, նաև չարասիրտ են ու նենգ։ Հիսուսը ասում է. «Մի մարդ խաղողի այգի տնկեց և շուրջբոլորը ցանկապատ քաշեց, հնձանի համար փոս փորեց ու աշտարակ կանգնեցրեց և այն վարձով տալով մշակներին՝ գնաց օտար երկիր։ Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, մշակների մոտ մի ծառա ուղարկեց, որ խաղողի այգու բերքից իր բաժինը վերցնի։ Բայց նրանք բռնեցին նրան, ծեծեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին։ Դարձյալ նա մի ուրիշ ծառա ուղարկեց նրանց մոտ։ Նրա գլխին հարվածեցին ու անարգեցին նրան։ Ապա մեկ ուրիշին ուղարկեց։ Իսկ այս մեկին սպանեցին։ Ուրիշ շատերին էլ ուղարկեց, որոնցից մի քանիսին ծեծեցին, մի քանիսին էլ սպանեցին» (Մարկոս 12։1–5)։
Հիսուսի ունկնդիրները հասկանո՞ւմ են արդյոք այս առակը։ Նրանք թերևս հիշում են Եսայիայի գրած խոսքերը. «Զորքերի Տեր Եհովայի խաղողի այգին Իսրայելի տունն է, և Հուդայի մարդիկ՝ նրա սիրելի տունկը։ Նա արդարադատություն էր ակնկալում, բայց ահա՝ օրինազանցություն» (Եսայիա 5։7)։ Հիսուսը այս նույն միտքն է ընդգծում իր առակում։ Այգու տերը Եհովան է, իսկ խաղողի այգին Իսրայել ազգն է, որին Աստծու Օրենքը ցանկապատի պես պաշտպանում է։ Եհովան ուղարկել է իր մարգարեներին, որ ուսուցանեն այդ ազգին և օգնեն նրան լավ պտուղներ բերելու։
Սակայն «մշակները» դաժանորեն են վերաբերվում այդ «ծառաներին» և սպանում են նրանց։ Հիսուսը շարունակում է. «Նա [խաղողի այգու տերը] մի սիրելի որդի ուներ։ Վերջում նրան ուղարկեց նրանց մոտ՝ մտածելով. «Կհարգեն որդուս»։ Բայց այդ մշակները իրար ասացին. «Սա է ժառանգը։ Եկեք սպանենք սրան, և ժառանգությունը մերը կլինի»։ Եվ բռնեցին նրան, սպանեցին» (Մարկոս 12։6–8)։
Այժմ Հիսուսը հարցնում է. «Այգու տերը ի՞նչ կանի» (Մարկոս 12։9)։ Կրոնական առաջնորդները պատասխանում են. «Քանի որ նրանք չար են, սարսափելի մահվան կմատնի նրանց և իր խաղողի այգին վարձով կտա ուրիշ մշակների, որոնք ճիշտ ժամանակին պտուղները նրան կտան» (Մատթեոս 21։41)։
Այս խոսքերով նրանք ակամայից իրենց դատավճիռն են ասում, քանի որ նրանք Իսրայել ազգի՝ Եհովայի «խաղողի այգու» «մշակներ» են։ Եհովան ակնկալում է «պտուղներ» ստանալ մշակներից։ Այդ պտուղներից է հավատը իր Որդու՝ Մեսիայի նկատմամբ։ Հիսուսը նայում է կրոնական առաջնորդներին և ասում. «Երբևէ չե՞ք կարդացել Գրքի այս հատվածը. «Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ դարձավ գլխավոր անկյունաքարը։ Սա Եհովայից եղավ և սքանչելի է մեր աչքերին»» (Մարկոս 12։10, 11)։ Այնուհետև Հիսուսը բացատրում է իր ասածը. «Դրա համար ասում եմ ձեզ. Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որը նրա պտուղները կբերի» (Մատթեոս 21։43)։
Դպիրներն ու ավագ քահանաները հասկանում են, որ Հիսուսը «իրենց նկատի ունենալով պատմեց այդ առակը» (Ղուկաս 20։19)։ Այժմ նրանք ավելի մեծ վճռականությամբ են լցվում սպանելու Հիսուսին՝ օրինական «ժառանգին»։ Բայց նրանք վախենում են ժողովրդից, որոնք Հիսուսին համարում են մարգարե։ Ուստի նրանք այդ ժամանակ չեն փորձում սպանել նրան։