Ե՞րբ է լինելու աշխարհի վերջը
Աստվածաշնչի պատասխանը
Իմանալու համար, թե երբ է լինելու աշխարհի վերջը, անհրաժեշտ է հասկանալ, թե Աստվածաշնչում ինչպես է գործածված «աշխարհ» բառը։ Հիմնականում «աշխարհ» թարգմանված հունարեն կոսմոս բառը գլխավորապես վերաբերում է ամբողջ մարդկությանը, հատկապես նրանց, ովքեր օտարացած են Աստծուց և չեն վարվում նրա կամքին ներդաշնակ (Հովհաննես 15:18, 19; 2 Պետրոս 2:5)։ Երբեմն կոսմոս բառը վերաբերում է մարդկային հասարակության կառուցվածքին (1 Կորնթացիներ 7:31; 1 Հովհաննես 2:15, 16)։a
Ի՞նչ է «աշխարհի վերջը»
«Աշխարհի վերջ» արտահայտությունը, որը հանդիպում է աստվածաշնչյան բազմաթիվ թարգմանություններում, կարող է նաև թարգմանվել «համակարգի վերջ» կամ «դարաշրջանի ավարտ» (Մատթեոս 24:3, New World Translation; English Standard Version)։ Այն վերաբերում է ոչ թե երկրի կամ ողջ մարդկության կործանմանը, այլ մարդկային հասարակության կառուցվածքի կործանմանը (1 Հովհաննես 2:17)։
Աստվածաշունչը սովորեցնում է, որ «չարագործները կկործանվեն», որպեսզի լավ մարդիկ կարողանան վայելել կյանքը երկրի վրա (Սաղմոս 37:9–11)։ Այդ կործանումը տեղի կունենա «մեծ նեղության» ժամանակ, որի գագաթնակետը կլինի Արմագեդոն պատերազմը (Մատթեոս 24:21, 22; Հայտնություն 16:14, 16)։
Ե՞րբ է լինելու աշխարհի վերջը
Հիսուսն ասաց. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթեոս 24:36, 42)։ Նա նաև նշեց, որ այդ վերջը անսպասելի է գալու՝ «այն ժամին, որ չեք կարծում» (Մատթեոս 24:44)։
Թեև մենք չենք կարող իմանալ կոնկրետ օրն ու ժամը, Հիսուսը բաղադրյալ «նշան» տվեց կամ՝ մի շարք իրադարձություններ նշեց, որոնք վերաբերում էին աշխարհի վերջին նախորդող ժամանակահատվածին (Մատթեոս 24:3, 7–14)։ Աստվածաշնչում այդ ժամանակահատվածը կոչվում է «վերջի ժամանակ», «վերջին օրեր» (Դանիել 12:4; 2 Տիմոթեոս 3:1–5)։
Աշխարհի վերջից հետո որևէ բան կմնա՞
Այո՛։ Երկիրը կշարունակի գոյություն ունենալ, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ «այն հավիտյանս հավիտենից չի սասանվի» (Սաղմոս 104:5)։ Երկրի վրա մարդիկ կբնակվեն, քանի որ Սուրբ Գրքում հետևյալ խոստումն է տրվում. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37:29)։ Երկրի վրա կլինեն այն պայմանները, որ Աստված ի սկզբանե նպատակադրել էր։
Դրախտ (Եսայիա 35:1; Ղուկաս 23:43)։
Ապահովություն և բարեկեցություն (Միքիա 4:4)։
Բովանդակալից և բավարարվածություն պատճառող աշխատանք (Եսայիա 65:21–23)։
Կյանք՝ զերծ հիվանդություններից ու ծերությունից (Հոբ 33:25; Եսայիա 33:24)։
a Որոշ Աստվածաշնչերում հունարեն աիոն բառը նույնպես թարգմանվել է «աշխարհ»։ Այդ դեպքերում աիոն բառն ունի այն նույն իմաստը, ինչ կոսմոս բառը, և վերաբերում է մարդկային հասարակության կառուցվածքին։