ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ
Արդյոք վերջը մո՞տ է
Արդյոք Աստված թույլ կտա՞, որ մարդիկ շարունակեն իշխել մեկը մյուսի վրա և վտանգեն մարդկության ապագան։ Ո՛չ, ինչպես տեսանք, նա քայլեր է ձեռնարկելու և վերջ է դնելու դարերով եկած տառապանքին ու անարդարությանը։ Մեր Արարիչը ուզում է, որ մենք իմանանք, որ մոտենում է այն ժամանակը, երբ նա գործի է անցնելու։ Ինչպե՞ս է նա հայտնել մեզ այդ կարևոր տեղեկությունը։
Բերենք մի օրինակ։ Երբ պլանավորում ես ինչ-որ տեղ ճանապարհորդել մեքենայով, թերևս սկզբում օնլայն ուսումնասիրում ես ճանապարհը, քարտեզները, ուղղությունները։ Հետո, երբ ճանապարհ ես ընկնում ու տեսնում ես ցուցանակներ և ուղենշաններ, որոնք համապատասխանում են քո ստացած տեղեկությանը, վստահությամբ ես լցվում ու համոզվում, որ մոտենում ես նշանակված վայրին։ Նմանապես, Աստված մեզ տվել է իր Խոսքը, որում խոսվում է համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձությունների մասին։ Երբ տեսնում ենք, թե ինչպես են դրանք կատարվում, ավելի ենք համոզվում, որ մոտենում ենք այն ժամանակահատվածին, երբ Աստված կործանում է բերելու։
Աստվածաշնչում նշվել է, որ գալու էր մի նշանակալից, անչափ կարևոր ժամանակահատված, որն էլ մատնանշելու էր աշխարհի վերջը։ Այդ ժամանակ ողջ աշխարհում տեղի էին ունենալու այնպիսի իրադարձություններ և լինելու էին այնպիսի պայմաններ, ինչպիսին չեն եղել մարդկության պատմության ողջ ընթացքում։ Քննենք այդ առանձնահատկություններից մի քանիսը։
1. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ Մատթեոս 24-րդ գլխում արձանագրված մարգարեությունը նշում է մի շարք իրադարձություններ, որոնք կազմելու էին բաղադրյալ նշան։ Այդ նշանը մատնացույց էր անելու, որ մոտ է «աշխարհի վախճանը», և «գալու է վերջը» (3-րդ և 14-րդ համարներՅ)։ Լինելու էին մեծ պատերազմներ, սովեր, երկրաշարժեր, անօրենության շատանալու պատճառով շատերի սերն էր սառչելու, ինչպես նաև կրոնական առաջնորդները նենգորեն մոլորեցնելու էին մարդկանց (6–26 համարներ)։ Ինչ խոսք, նման բաներ եղել են դարերի ընթացքում։ Սակայն մինչ վերջը մոտենում է, այդ բոլոր դեպքերը պետք է տեղի ունենային միևնույն անհանգիստ դարաշրջանում։ Նկատվելու էին նաև հետևյալ երեք նախազգուշական նշանները։
2. ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՐՔԱԳԻԾԸ Աստվածաշունչը նշում է, որ «վերջին օրերում»՝ աշխարհի վերջին նախորդող ժամանակահատվածում, նկատվելու էր մարդկանց վարքագծի խիստ փոփոխություն։ Կարդում ենք. «Մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր» (2 Տիմոթեոս 3։1–4)։ Ճիշտ է, մարդկանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը նոր երևույթ չէ, սակայն նման վերաբերմունքը «վերջին օրերում» պետք է այնքան ծայրաստիճան դառնար, որ այդ ժամանակաշրջանը նկարագրվեր որպես «չափազանց դժվար ժամանակներ»։ Մարդկանց վարքագծի մեջ նկատե՞լ ես այդ կտրուկ փոփոխությունը։
3. ԵՐԿԻՐԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է Աստվածաշունչը նշում է, որ Աստված «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։ Ինչպե՞ս են մարդիկ կործանում երկիրը։ Ճիշտ այնպես, ինչպես Նոյի օրերում։ Կարդում ենք. «Երկիրն ապականվեց ճշմարիտ Աստծու աչքում և բռնությամբ լցվեց։ Աստված նայեց երկրին ու տեսավ, որ այն ապականված էր»։ Ուստի Աստված ասաց. «Ես կործանելու եմ նրանց» (Ծննդոց 6։11–13)։ Նկատե՞լ ես, որ երկիրը ավելի ու ավելի է լցվում բռնությամբ։ Մարդիկ ապրում են պատմության ամենաառանձնահատուկ ժամանակահատվածում. մարդ արարածը իր ստեղծած զենքով կարող է բառացի կործանել երկիրը՝ վերացնելով ողջ մարդկությանը։ Երկիրը կործանվում է նաև մեկ ուրիշ ձևով։ Օդը, որ շնչում ենք, կենդանական և բուսական էկոհամակարգերը, օվկիանոսները ապականվել են մարդու սխալ ղեկավարման հետևանքով։
Հարցրու ինքդ քեզ. «Ընդամենը մեկ դար առաջ ո՞վ կարող էր ասել, որ մարդը ի զորու է ոչնչացնել մարդկությանը»։ Իսկ այսօր գերզարգացած զինամթերքի մեծ պաշարները սպառնալիքի տակ են դրել ողջ մարդկության գոյությունը։ Տեխնոլոգիայի բնագավառն այնպիսի առաջընթաց է ապրում, որ մարդ արարածը չի հասցնում հասկանալ կամ վերահսկել դրա հետևանքները։ Սակայն մեր մոլորակի ապագան մարդը չէ, որ պետք է վերահսկի կամ տնօրինի։ Աստված ինքը քայլ կանի ու կկործանի նրանց, ովքեր այսօր կործանում են երկիրը, և թույլ չի տա, որ կյանքը վերանա երկրի վրայից։ Սա է նրա խոստումը։
4. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Համաձայն կանխագուշակման՝ նշանի մաս էր կազմելու նաև այն, որ վերջին օրերում աննախադեպ մասշտաբով քարոզչական գործունեություն էր ծավալվելու։ Կարդում ենք. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։ Այս քարոզչությունը խիստ տարբերվելու էր այն քարոզչությունից, որ դարերի ընթացքում տարբեր կրոններ իրականացրել են։ Վերջին օրերի ընթացքում հատուկ լուր պետք է քարոզվեր՝ «Թագավորության այս բարի լուրը»։ Ճանաչո՞ւմ ես որևէ կրոնական խմբի, որ քարոզում է այս մասին։ Իսկ արդյո՞ք այն քարոզում է բարի լուրը «ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին»։
Կա մի վեբ կայք՝ www.jw.org, որի գլխավոր նպատակն է «Թագավորության այս բարի լուրը» քարոզելը։ Կայքում կա ավելի քան 700 լեզուներով գրականություն, որում խոսվում է բարի լուրի մասին։ Գիտե՞ս նման մեկ ուրիշ միջոց, որով ողջ աշխարհում քարոզվում է Թագավորության բարի լուրը։ Նախքան ինտերնետի հասանելի լինելը Եհովայի վկաներն արդեն հայտնի էին որպես Աստծու Թագավորության մասին բարի լուրը հռչակողներ։ 1939-ից սկսած՝ «Դիտարան» ամսագրի կազմին գրվում է. «Հռչակում է Եհովայի Թագավորությունը»։ Կրոնների վերաբերյալ մի գրքում նշվում է, որ Եհովայի վկաների քարոզչական գործունեությունը «մասշտաբով և ինտենսիվությամբ իր զուգահեռը գրեթե չունի»։ Վկայության այս մեծածավալ գործունեությունը շեշտում է, որ շուտով Աստծու Թագավորության միջամտությամբ գալու է վերջը։
ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Նկատեցի՞ր, որ այս հոդվածում նշված բոլոր չորս առանձնահատկությունները կատարվում են։ Ավելի քան հարյուր տարի այս ամսագիրը տեղեկացնում է աշխարհում տեղի ունեցող դեպքերի մասին և օգնում է անձամբ համոզվելու, որ մոտենում ենք վերջին։ Ինչ խոսք, որոշ սկեպտիկներ համաձայն չեն՝ պնդելով, որ փաստերն ու վիճակագրական տվյալները սուբյեկտիվ են ու ենթակա փոփոխության։ Նրանք պնդում են, որ քանի որ համաշխարհային կոմունիկացիան շարունակում է զարգանալ, միայն թվում է, թե աշխարհի վիճակը դեպի վատն է գնում։ Այդուհանդերձ, աստիճանաբար ավելացող փաստերը ցույց են տալիս, որ մենք պատմության մեջ առանձնահատուկ ժամանակաշրջանում ենք ապրում։
Որոշ մասնագետներ կարծում են, որ մենք մոտենում ենք այն ժամանակին, երբ երկրի վրա մեծ փոփոխություններ են լինելու։ Օրինակ՝ 2014-ին մի հայտնի հանդես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին նախազգուշացրեց այն մասին, որ մարդկության գոյությունը մեծ սպառնալիքի տակ է (The Science and Security Board of the Bulletin of the Atomic Scientists)։ Այդ գիտնականները նշեցին. «Սպառնալիքների ուշադիր ուսումնասիրությունը մղում է մեզ եզրակացնելու, որ մարդկությանը սպառնացող տեխնոլոգիական աղետի վտանգը դեռ մնում է բավականին բարձր»։ Շատերն են համոզվում, որ մենք մարդկության պատմության շրջադարձային մի կետի ենք հասել։ Այս ամսագրի հրատարակիչները, ինչպես նաև շատ ընթերցողներ կասկած չունեն, որ այս առանձնահատուկ ժամանակաշրջանը բնորոշում է «վերջին օրերը», և որ վերջը մոտ է։ Սակայն կարիք չկա վախենալու ապագայից։ Դու կարող ես մեծ հույսով լցվել։ Ինչո՞ւ։ Քանի որ հնարավորություն ունես վերապրելու։