Արդյոք մինչև վերջ կատարո՞ւմ եք ձեր պարտականությունն Աստծո առջև
«Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ բարի թէ չար» (Ժողովող 12։14)։
1. Ինչո՞վ է Եհովան ապահովում իր ժողովրդին։
ԵՀՈՎԱՆ թիկունք է կանգնում բոլոր նրանց, ովքեր հիշում են իրեն որպես Արարիչ։ Սուրբ հոգու առաջնորդությամբ գրի առնված իր Խոսքի միջոցով նա անհրաժեշտ գիտելիքներ է տալիս այդ անհատներին իրենց կատարած քայլերով իրեն հաճեցնելու համար։ Աստծո սուրբ հոգին առաջնորդում է, որպեսզի նրա կամքը կատարեն և «բոլոր բարի գործերում պտղաբեր լինեն» (Կողոսացիս 1։9, 10)։ Բացի այդ, Եհովան «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով ապահովում է նրանց հոգևոր սննդով և աստվածապետական ղեկավարությամբ (Մատթէոս 24։45—47)։ Այսպիսով, Աստծո ժողովուրդը շատ առումներով նրա օրհնությունն է ստանում, որպեսզի կարողանա իրականացնել Թագավորության ավետիսի քարոզման հսկայական գործը (Մարկոս 13։10)։
2. Ի՞նչ հարցեր կարող են ծագել Եհովային մատուցվող ծառայության վերաբերյալ։
2 Ճշմարիտ քրիստոնյաները երջանիկ են, որ կարող են սուրբ ծառայություն մատուցել Եհովային։ Բայց և այնպես, ոմանք երբեմն վհատվում են՝ կարծելով, թե իրենց ծառայությունն այդքան էլ արժեք չունի, և որ իրենց գործադրած ջանքերն ապարդյուն են։ Օրինակ՝ խորհելով ընտանեկան ուսումնասիրության և այլ հարցերի շուրջը՝ ընտանիքի գլուխը կարող է մտածել. «Եհովային իսկապե՞ս գոհացնում է այն, ինչ որ անում ենք։ Կատարո՞ւմ ենք, արդյոք, մեր սուրբ պարտականությունն Աստծո առաջ»։ Այս և նման հարցերին կօգնեն պատասխանել Ժողովողի իմաստուն խոսքերը։
Արդյո՞ք ամեն բան ունայն է
3. Ո՞րն է ունայնության գագաթնակետը՝ համաձայն Ժողովող 12։8–ի։
3 Ոմանք գուցե մտածեն, որ այս իմաստուն մարդու խոսքերն այնքան էլ ոգևորիչ չեն հնչում մարդկանց համար՝ լինեն նրանք երիտասարդ, թե՝ ծեր. «Ունայնութիւն ունայնութեանց ասեց Ժողովողը, ամեն բան ունայն է» (Ժողովող 12։8)։ Ունայնության գագաթնակետը այն է, երբ մարդ իր պատանեկության տարիներն անց է կացնում՝ անտեսելով Արարչին ու ծերանում է առանց նրան ծառայելու. արդյունքում, իր տարիներից բացի, կյանքում իրեն ուրիշ ոչինչ չի մնում։ Ամեն բան ունայն է ու դատարկ այդ մարդու համար, անգամ այն դեպքում, եթե նա մահանա այս աշխարհում մեծ կարողություն և անուն թողնելով, աշխարհ, որը գտնվում է չար ուժի՝ Բանսարկու Սատանայի իշխանության տակ (Ա Յովհաննէս 5։19)։
4. Ինչո՞ւ կարելի է ասել, որ ամեն բան չէ, որ ունայն է։
4 Սակայն, ամեն բան չէ, որ ունայն է նրանց համար, ովքեր, որպես Եհովայի հավատարիմ ծառաներ, «գանձեր են հավաքում» երկնքում (Մատթէոս 6։19, 20)։ Նրանք դեռևս շատ բան ունեն անելու Տիրոջ գործում, իսկ նման աշխատանքը, վստահաբար, առանց վարձատրության չի մնալու (Ա Կորնթացիս 15։58)։ Բայց, լինելով նվիրված քրիստոնյաներ, այս վերջին օրերում արդյո՞ք շարունակում ենք զբաղված մնալ Աստծո կողմից մեզ հանձնարարված աշխատանքում (Բ Տիմոթէոս 3։1)։ Թե՞ հարմարվել ենք մեր հարևանների ապրելակերպից գրեթե ոչնչով չտարբերվող կյանքին։ Նրանք, թերևս, տարբեր կրոնների են պատկանում, բավականին ջերմեռանդ են հավատքում, այցելում են իրենց պաշտամունքի վայրերը և ձգտում են բավարարել իրենց հավատի պահանջները։ Բայց այդ մարդիկ, ինչ խոսք, Թագավորության լուրի քարոզիչներ չեն։ Նրանք չունեն ճշգրիտ գիտություն այն մասին, որ այսօր է «վերջի ժամանակը», նաև չեն զգում հրատապության ոգու դրսևորման անհրաժեշտությունն այն օրերի հետ կապված, որում ապրում են (Դանիէլ 12։4)։
5. Ի՞նչ պետք է անենք, եթե կյանքի առօրյա գործերը դարձել են մեր գլխավոր մտահոգությունը։
5 Հիսուս Քրիստոսը մեր ապրած այս տագնապալի օրերի մասին հետևյալը մարգարեացավ. «Ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը. որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, – երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ, ու նրանք բան չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, – այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ» (Մատթէոս 24։37—39)։ Եթե ամեն բան չափի սահմանների մեջ է պահվում, ապա ուտելն ու խմելը ինքնին դատապարտելի չեն, իսկ ինչ վերաբերվում է ամուսնությանը, ապա վերջինիս հիմնադիրը Աստված ինքն է (Ծննդոց 2։20—24)։ Բայց, եթե զգում ենք, որ կյանքի առօրյա գործերը դարձել են մեր գլխավոր մտահոգությունը, այդ դեպքում ինչո՞ւ դա աղոթքի թեմա չդարձնել։ Եհովան կօգնի մեզ, որ Թագավորության շահերը կյանքում առաջին տեղը դնենք և կարողանանք, ճիշտը սխալից տարբերելով, նրա առջև ունեցած մեր պարտականությունը կատարել (Մատթէոս 6։33; Հռովմայեցիս 12։12; Բ Կորնթացիս 13։7)։
Նվիրումը և Աստծո առջև մեր կրած պարտականությունը
6. Աստծո առջև իրենց պարտականությունը կատարելու հարցում մկրտված քրիստոնյաներից ոմանք ո՞ր կարևոր գործն են զլանում կատարել։
6 Մկրտված քրիստոնյաներից ոմանց հարկավոր է անկեղծորեն աղոթել, քանի որ նրանք չեն ապրում ծառայությանը վերաբերող այն պահանջների համաձայն, որոնք հանձն էին առել Աստծուն նվիրվելիս։ Արդեն մի քանի տարի է, ինչ տարեկան շուրջ 300 000 հոգի մկրտվում է, սակայն ակտիվ Վկաների ընդհանուր թիվը մկրտվածների թվին համապատասխան չի աճում։ Թագավորության քարոզիչներից ոմանք զլանում են բարի լուրը քարոզել։ Բայց չէ՞ որ նախքան մկրտվելը նրանք գիտակցորեն են մասնակցել ծառայությանը, ուստի, քաջատեղյակ են Հիսուսի տված հանձնարարությանը, թե՝ «գնացէ՛ք.... աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19, 20)։ Եթե պատճառը առողջության հետ կապված սահմանափակումները չեն, կամ էլ այնպիսի խնդիրները, որոնց լուծումը վեր է իրենց ուժերից, ապա այն մկրտված քրիստոնյաները, որոնք չեն ծառայում որպես Աստծո և Քրիստոսի ժրաջան Վկաներ, չեն ապրում Արարչի առջև կրած իրենց սուրբ պարտականության համաձայն (Եսայիա 43։10—12)։
7. Ինչո՞ւ պետք է երկրպագության համար կանոնավորաբար մեկտեղ հավաքվենք։
7 Հին Իսրայելը Աստծուն նվիրված ժողովուրդ էր համարվում և, գտնվելով Օրենքի ուխտի տակ, Եհովայի առջև որոշակի պարտականություններ էր կրում։ Օրինակ՝ բոլոր այր մարդիկ տարին երեք անգամ պետք է հավաքվեին տոներին, և, եթե որևէ մեկը դիտավորյալ չպահեր Պասեքը, «պիտի կորչեր» ժողովրդի միջից, այսինքն՝ մահվան դատապարտվեր (Թուոց 9։13; Ղեւտացոց 23։1—43; Բ Օրինաց 16։16)։ Որպես Աստծո նվիրված ազգ իրենց պարտականությունն Աստծո առջև կատարելու համար՝ իսրայելացիները պետք է հավաքվեին երկրպագության (Բ Օրինաց 31։10—13)։ Օրենքում չէր ասվում, թե՝ արա, եթե կարող ես դա համատեղել կյանքիդ հետ։ Իսրայելացիներին ուղղված այդ հրահանգը հաստատում են Պողոսի խոսքերը, որոնք վերաբերում են նաև մեր օրերում Եհովային նվիրված անհատներին. «Հոգ տանենք միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորելով և զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը, ինչպէս որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմեանց, և այդ այնքան աւելի, որքան տեսնում էք Տիրոջ օրուայ մօտենալը» (Եբրայեցիս 10։24, 25)։ Այո՛, հավատակիցների հետ կանոնավորաբար մեկտեղ հավաքվելը Աստծո առջև մեր՝ քրիստոնյաներիս կրած պարտականության մի մասն է։
Նախօրոք կշռադատեք ձեր որոշումները
8. Ինչո՞ւ պետք է նվիրված երիտասարդը լրջորեն և աղոթքի միջոցով խորհի իր սուրբ ծառայության շուրջը։
8 Գուցե Եհովային նվիրված երիտասարդ ես։ Եթե դու կյանքում Թագավորության շահերը առաջին տեղում ես դնում, ապա, անկասկած, առատորեն կօրհնվես (Առակաց 10։22)։ Աղոթքները և ճիշտ պլանավորումը կօգնեն քեզ կյանքիդ երիտասարդ տարիներն անցկացնել լիաժամ ծառայության որևէ ձևի մեջ, իսկ դա հիանալի միջոց է՝ ցույց տալու, որ հիշում ես քո Արարչին։ Հակառակ դեպքում, բացառված չէ, որ ոչ հոգևոր գործերը սկսեն զբաղեցնել քո ժամանակի և ուշադրության մեծ մասը։ Մարդկանց մեծամասնության նման, դու էլ, հնարավոր է, վաղ հասակում ամուսնանաս ու սկսես պարտքեր անել նյութական իրեր ձեռք բերելու նպատակով։ Եկամտաբեր աշխատանքը, թերևս, սպառի ժամանակիդ ու էներգիայիդ մեծ մասը։ Եթե երեխաներ ծնվեն, ապա նոր ընտանեկան պատասխանատվություններ առաջ կգան, որոնք պարտավոր ես տարիներ շարունակ կրել (Ա Տիմոթէոս 5։8)։ Դա անպայմանորեն չի նշանակում, թե կմոռանաս քո Արարչին, բայց օգտակար է հիշել հետևյալը. ապագադ շատ բանով կարող է կախված լինել այն բանից, թե որքա՞ն վաղ այն կպլանավորես։ Ինչո՞ւ տարիներ անց ետ նայես և ափսոսանքով մտածես, որ իզուր երիտասարդ հասակումդ ավելի շատ չես ծառայել Արարչին։ Ինչո՞ւ հիմա իսկ քո աղոթքներում չխնդրես առաջնորդության մասին, որպեսզի ապագայում ափսոսանքի զգացում չունենաս և արդեն երիտասարդ տարիներիդ ընթացքում բավականություն ստանաս Եհովային սուրբ ծառայություն մատուցելուց։
9. Ի՞նչ անելու հնարավորություն ունի այն տարեց մարդը, որը մի ժամանակ մեծ պատասխանատվություններ է կրել ժողովում։
9 Նկատի առնենք, օրինակ, մեկ այլ հանգամանք, որում կարող է հայտնվել ժամանակին «Աստծու հօտը» հովվող մարդը (Ա Պետրոս 5։2, 3)։ Ինչ–ինչ պատճառներով նա կամովին թողել է այդ պատվավոր ծառայությունը։ Իհարկե, տարիքը թույլ չի տալիս նրան առաջվա նման ծառայել Աստծուն։ Բայց արդյո՞ք նրա համար դժվար է կրկին ձգտել աստվածապետական նշանակումներ ստանալ։ Այդ անձնավորությունը ժողովի համար մեծ օրհնություն կարող է լինել, եթե իր մեջ դարձյալ պատասխանատվություններ կրելու ուժ գտնի։ Ու, քանի որ նա չի ապրում միայն իր համար, բնականաբար, նրա հարազատներն ու ընկերները ուրախ կլինեն՝ տեսնելով նրան Աստծո փառքի համար իր ծառայությունն ընդարձակելիս (Հռովմայեցիս 14։7, 8)։ Իսկ ամենագլխավորը՝ միշտ հիշենք, որ Եհովան երբեք չի մոռանում, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ ծառայություն է իրեն մատուցում (Եբրայեցիս 6։10—12)։ Հետևաբար, ի՞նչը կօգնի մեզ հիշել մեր Արարչին։
Ի՞նչը կօգնի մեզ հիշել մեր Արարչին
10. Ինչո՞ւ է տրամաբանական ընդունել, որ Ժողովողը կարող է մեզ ուղղություն տալ այն հարցում, թե ինչպես հիշենք մեր Արարչին։
10 Ժողովողը լիովին կարող էր մեզ ուղղություն տալ, թե ինչպե՛ս հիշենք մեր Արարչին, քանի որ Եհովան պատասխանել էր նրա սրտագին աղոթքներին՝ օժտելով նրան ոչ սովորական իմաստությամբ (Գ Թագաւորաց 3։6—12)։ Սողոմոնին բավականաչափ ծանոթ էին մարդկային գործունեության բոլոր ոլորտները։ Բացի դրանից, Աստծո սուրբ հոգու ներգործությամբ, նա հօգուտ մարդկանց գրի էր առել իր որոնումների արդյունքները։ «Բացի դորանից որ Ժողովողը իմաստուն էր, նա դեռ ժողովրդին գիտութիւն սովորեցրեց. եւ կշռեց ու քննեց շատ առակներ շարադրեց։ Ժողովողը ջանք արաւ վայելուչ խօսքեր գտնելու. եւ գրուածը ուղիղ ճշմարիտ խօսքեր են»,— գրեց նա (Ժողովող 12։9, 10)։
11. Ինչո՞ւ պետք է ընդունենք Սողոմոնի իմաստուն խորհուրդները։
11 Հունարեն «Յոթանասնից» թարգմանության մեջ այս խոսքերը հետևյալ կերպ են հնչում. «Բացի սրանից, քարոզիչը, քանի որ իմաստուն էր, քանի որ մարդկանց իմաստություն էր սովորեցնում, որ ականջը բարին գտնի իր առակներում, ջանք արեց հաճելի բառեր գտնելու, և շիտակության մասին գրվածքը՝ ճշմարտության խոսքեր են» («Septuagint Bible»՝ Չարլզ Թոմսոնի թարգմանություն)։ Սողոմոնը ձգտում էր հասնել մարդկանց սրտերին՝ գրի առնելով վայելուչ խոսքեր, լուսաբանելով իրապես հետաքրքիր և արժեքավոր թեմաներ։ Եվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գրություններում շարադրված նրա խոսքերը թղթին են հանձնվել սուրբ հոգու ազդեցության ներքո, կարելի է, առանց վարանելու, համաձայնել նրա եզրակացությունների հետ ու ընդունել իմաստուն խորհուրդները (Բ Տիմոթէոս 3։16, 17)։
12. Ինչպե՞ս կարող եք ձեր բառերով արտահայտել Ժողովող 12։11, 12–ում արձանագրված խոսքերը։
12 Չնայած ժամանակակից տպագրական միջոցների բացակայությանը՝ Սողոմոնի օրերում շատ գրքեր կային։ Ինչպե՞ս էր պետք վերաբերվել այդ գրականությանը։ Սողոմոնն ասաց. «Իմաստունների խօսքերը խթանների պէս են, եւ ինչպէս խրուած բեւեռներ ժողովածուների տէրերի ձեռքով՝ տրուած են մէկ հովիւից [«գամված բևեռներ են [ասույթներ] ժողովողները. նրանք տրված են մեկ հովվից», ՆԱ]։ Եւ վերջապէս, որդեակս, նորանցով լուսաւորուիր. շատ գրքեր շինելը ծայր չ’ունի. եւ շատ կարդալը կ’յոգնեցնէ մարմինը» (Ժողովող 12։11, 12)։
13. Ի՞նչ իմաստով են Աստծո իմաստությունն ունեցողների արտասանած խոսքերը նման «խթանների», և ովքե՞ր են համեմատվում «գամված բևեռների» հետ։
13 Աստծո իմաստությունն ունեցողների խոսքերը նման են խթանների, որոնցով հովվում են հոտը։ Ի՞նչ իմաստով։ Դրանք խթանում են ընթերցողներին կամ ունկնդիրներին առաջ քայլել, բարեփոխություններ կատարել՝ իրենց կարդացած կամ լսած իմաստության համաձայն։ Դրանից բացի, իմաստուն և արժեքավոր ասույթներ ժողովողները իրականում նման են «գամված բևեռների» կամ հուսալիորեն ամրացված մեխերի։ Դա այդպես է, քանի որ նման մարդկանց խոսքերում արտացոլվում է Եհովայի իմաստությունը։ Ուստի, այդպիսի խոսքերը քաջալերում են կարդացողին կամ լսողին և օգնում նրանց չվարանել։ Եթե դու աստվածավախ ծնող ես, պետք չէ՞, արդյոք, որ ամեն ջանք գործադրես, որպեսզի այդ իմաստությունը արմատներ ձգի քո զավակների մտքում ու սրտում (Բ Օրինաց 6։4—9)։
14. ա) Ո՞ր գրքերի մասին է խոսքը, որոնք «շատ կարդալը» օգտակար չէ։ բ) Ինչի՞ն է հարկավոր գլխավոր ուշադրությունը դարձնել և ինչո՞ւ։
14 Բայց ինչո՞ւ Սողոմոնը գրքերի մասին այդպես արտահայտվեց։ Ի տարբերություն Եհովայի Խոսքի՝ աշխարհում գրված գրքերի անհամար հատորներն ընդամենը մարդկային դատողության արդյունք են։ Դեռ ավելին, այդ հատորների մեծամասնությունը Բանսարկու Սատանայի մտքերն են պարունակում (Բ Կորնթացիս 4։4)։ Կարող ենք հետևություն անել, որ աշխարհիկ գրականություն «շատ կարդալը» մնայուն օգուտներ չի կարող բերել։ Բացի դրանից, այնտեղ զետեղված նյութերի մեծ մասը հոգևոր առումով վնասակար է։ Եկեք, ուրեմն, Սողոմոնի նման մենք էլ խորհենք այն մասին, ինչ որ կյանքի վերաբերյալ ասում է Աստծո Խոսքը։ Դա կամրացնի մեր հավատը և մեզ ավելի կմոտեցնի Եհովային։ Ծայրահեղության հասած ուշադրությունը գրքերի կամ տեղեկատվության այլ աղբյուրների հանդեպ՝ կարող է հյուծել մեզ։ Իսկ երբ այդ տեղեկությունն Աստծո իմաստությանը հակասող աշխարհիկ դատողության պտուղն է, այն առավել ևս անառողջ է և կործանարար Աստծո նպատակների ու նրա նկատմամբ մեր ունեցած հավատի հարցում։ Ամփոփելով՝ եկեք վերհիշենք. թե՛ Սողոմոնի, և թե՛ մեր օրերի համար ամենից օգտակար տեղեկությունն այն տեղեկությունն է, որը գալիս է «մեկ հովվի»՝ Եհովա Աստծո իմաստության աղբյուրից։ Նա է տվել Սուրբ գրությունների վաթսունվեց գրքերը, և հենց դրա՛նց պետք է առաջնահերթությունը տալ։ Չէ՞ որ Աստվածաշունչն ու «հաւատարիմ ծառայի» օգտակար հրատարակությունները օգնում են մեզ գիտություն ձեռք բերել Աստծո մասին (Առակաց 2։1—6)։
Մեր սուրբ պարտականությունն Աստծո առջև
15. ա) Ինչպե՞ս կբացատրեք Սողոմոնի՝ «մարդիս բոլոր պարտականութիւնը» խոսքերը։ բ) Ի՞նչ պետք է անենք Աստծո առջև ունեցած մեր պարտականությունը կատարելու համար։
15 Ի մի բերելով իր հետազոտությունները՝ Ժողովողը կամ Սողոմոնը գրեց. «Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար [«մարդուս բոլոր պարտականութիւնը ասիկա է», Արևմտ. Աստ.]։ Որովհետեւ Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ բարի թէ չար» (Ժողովող 12։13, 14)։ Առողջ վախը կամ ակնածանքը մեր Արարչի հանդեպ կպաշտպանի մեզ, և, հուսով ենք, նաև մեր ընտանիքներին՝ կյանքի անխոհեմ ընթացքից, մի ընթացք, որն անպատմելի տառապանքներ ու վիշտ է բերում թե՛ մեզ, և թե՛ մեր հարազատներին։ Առողջ վախն առ Աստված մաքուր է և հանդիսանում է իմաստության ու գիտության սկիզբը (Սաղմոս 19։9; Առակաց 1։7)։ Եթե մենք տիրապետում ենք Աստծո Խոսքի վրա հիմնված խորաթափանցությանը և մեր քայլերում հետևում ենք նրա խորհուրդներին, ապա, կարելի է ասել, որ մինչև վերջ կատարում ենք Աստծո առջև ունեցած մեր «բոլոր պարտականութիւնը»։ Սակայն պարտականությունների ցուցակ կազմելու անհրաժեշտությունը չկա։ Մեզանից ընդամենը պահանջվում է, որ կյանքում կարևոր խնդիրներ լուծելիս դիմենք Գրություններին և միշտ աստվածահաճո վարք ունենանք։
16. Ո՞ր գործերն է դատելու Եհովան։
16 Ի վերջո, պետք է հաշվի առնենք, որ ոչինչ չի վրիպում մեր Արարչի աչքից (Առակաց 15։3)։ Նա «ամեն գործքը բերելու է դատաստան»։ Այո՛, Բարձրյալը դատելու է ամեն գործ՝ ներառյալ նաև այն գործերը, որոնք մարդկային աչքերը ի վիճակի չեն տեսնելու։ Այս իրականությունը մեկ անգամ ևս քաջալերում է մեզ կատարել նրա պատվիրանները։ Բայց, ամենից առաջ, նրա պատվիրանները պահելուն պետք է մեզ մղի մեր սիրասուն Հոր հանդեպ ունեցած սերը։ Այդ մասին են վկայում Հովհաննես առաքյալի խոսքերը. «Ա՛յս է Աստծու հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները. եւ նրա պատուիրանները ծանր չեն» (Ա Յովհաննէս 5։3, 4)։ Եվ, քանի որ Աստծո պատվիրանները մեր հավիտենական բարօրության համար են, ուստի դրանք կատարելը ոչ միայն ճիշտ, այլև խելամիտ քայլ կլինի։ Արարչին սիրողների համար դա դժվար չէ. չէ՞ որ նրանք կամենում են Աստծո առջև իրենց պարտականությունը կատարել։
Մեր պարտականությունը կատարենք մինչև վերջ
17. Ինչպե՞ս պետք է վարվենք, եթե ցանկանում ենք մինչև վերջ կատարել մեր պարտականությունն Աստծո առաջ։
17 Եթե իմաստություն դրսևորենք և իրոք ցանկանանք մինչև վերջ կատարել մեր պարտականությունը, ապա ոչ միայն կպահենք նրա պատվիրանները, այլ կվախենանք նույնիսկ տխրեցնել նրան։ Իսկապես, «իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է», և նրանց, ովքեր պահում են նրա պատվիրանները, կարելի է «խոհեմ» կոչել (Սաղմոս 111։10; Առակաց 1։7)։ Եկե՛ք, ուրեմն, իմաստնորեն վարվենք և ամեն բանում հնազանդ լինենք Եհովային։ Դա հատկապես կարևոր է այսօր՝ Թագավոր Հիսուս Քրիստոսի ներկայության ժամանակ, որովհետև մոտ է արդեն այն օրը, երբ նա դատաստան է տեսնելու որպես Աստծո կողմից նշանակված դատավոր (Մատթէոս 24։3; 25։31, 32)։
18. Մինչև վերջ մեր պարտականությունը կատարելու դեպքում ի՞նչ է մեզ սպասվելու։
18 Աստված ուշադրությամբ հետևում է մեզանից յուրաքանչյուրին։ Արդյո՞ք մենք տրամադրված ենք դեպի հոգևորը, թե՞ թույլ ենք տալիս, որ աշխարհի ազդեցությունը թուլացնի Աստծո հետ մեր փոխհարաբերությունը (Ա Կորնթացիս 2։10—16; Ա Յովհաննէս 2։15—17)։ Ջահել թե ահել, եկե՛ք մեր ուժերից եկածն անենք Ստեղծիչին հաճեցնելու համար։ Եթե մենք հնազանդվենք Եհովային և պահենք նրա պատվիրանները, դրանով կմերժենք այս անցողիկ աշխարհի առաջարկած ունայն բաները։ Եվ այդ ժամանակ հավիտյան կապրենք նրա խոստացած նոր աշխարհում (Բ Պետրոս 3։13)։ Ինչպիսի՜ փառահեղ խոստումներ նրանց համար, ովքեր Աստծո առջև մինչև վերջ կատարում են իրենց պարտականությունը։
Ինչպե՞ս կպատասխանեք
◻ Ինչո՞ւ կարելի է ասել, որ ամեն բան չէ, որ ունայն է։
◻ Ինչո՞ւ տեղին կլինի, եթե երիտասարդ քրիստոնյան աղոթքի միջոցով խորհի իր սուրբ ծառայության շուրջը։
◻ Ո՞ր գրքերը օգտակար չեն «շատ կարդալու» համար։
◻ Ինչո՞ւմն է կայանում «մարդիս բոլոր պարտականութիւնը»։
[նկար 16–րդ էջի վրա]
Ի տարբերություն աշխարհիկ շատ գրքերի՝ Աստծո Խոսքն ուժ է տալիս և մեր օգտին է ծառայում։