Պահպանեցեք ձեր ուրախությունը՝ ծառայելով Եհովային
«Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք» (Փիլիպպեցիս 4։4)։
1, 2. Ինչպե՞ս մի քրիստոնեական ընտանիք կարողացավ պահպանել իր ուրախությունը՝ չնայած այն բանին, որ կորցրեց ողջ ունեցվածքը։
ՅՈԹԱՆԱՍՈՒՆԱՄՅԱ Ջեյմսը ապրում է Սիեռա Լեոնեում։ Այդ քրիստոնյան իր ամբողջ կյանքում ծանր աշխատել էր։ Պատկերացրեք նրա ուրախությունը, երբ վերջապես այնքան գումար ետ գցեց, որ կարողացավ չորս սենյականոց մի համեստ բնակարան գնել։ Սակայն, երբ արդեն որոշ ժամանակ էր, ինչ նա ընտանիքով տեղափոխվել էր իր նոր տուն, այդ երկրում քաղաքացիական պատերազմ բռնկվեց, և նրանց տունը ամբողջովին հրո ճարակ դարձավ։ Նրանք կորցրին իրենց տունը, բայց ոչ՝ ուրախությունը։ Ինչո՞ւ։
2 Ջեյմսն ու իր ընտանիքի անդամները կենտրոնացան ոչ թե իրենց կորցրածի, այլ ինչ–որ մնացել էր՝ դրա վրա։ Ջեյմսը պատմում է. «Նույնիսկ այդ սոսկալի օրերին մենք հանդիպումների էինք գնում, Աստվածաշունչ կարդում, միասին աղոթում էինք և մեր սուղ միջոցները կիսում ուրիշների հետ։ Մենք կարողացանք պահպանել մեր ուրախությունը, որովհետև մեզ համար ամենակարևորը Եհովայի հետ ունեցած մեր հրաշալի հարաբերություններն էին»։ Այս հավատարիմ քրիստոնյաները, խորհրդածելով իրենց օրհնությունների մասին, որոնցից ամենամեծը Եհովայի հետ ունեցած սերտ փոխհարաբերություններն էին, կարողացան շարունակել ‘ուրախ լինել’ (Բ Կորնթացիս 13։11, ԱԹ)։ Ինչ խոսք, հայտնվելով այդպիսի մտահոգիչ հանգամանքներում, նրանց համար հեշտ չէր դիմանալ։ Բայցևայնպես, նրանք չդադարեցին ուրախանալ Եհովայով։
3. Ինչպե՞ս են առաջին դարի քրիստոնյաները պահպանել իրենց ուրախությունը։
3 Վաղ քրիստոնյաներն էլ էին նման փորձություններ դիմագրավել, ինչպես Ջեյմսի ընտանիքը։ Այդուհանդերձ, Պողոս առաքյալը հետևյալը գրեց եբրայեցի քրիստոնյաներին. «Ձեր ունեցուածքի յափշտակումը ուրախութեամբ ընդունեցիք»։ Պողոսը բացատրում է, թե որն էր նրանց ուրախության պատճառը. «Գիտենալով որ ձեր անձերի համար աւելի լաւ եւ մնայուն ստացուածք ունիք» (ԱԹ) (Եբրայեցիս 10։34)։ Այո՛, առաջին դարի քրիստոնյաները զորեղ հույս ունեին։ Նրանք վստահությամբ առաջ էին նայում՝ ստանալու մի բան, որը հնարավոր չէր հափշտակել՝ «կեանքի [անթառամ] պսակը» Աստծո երկնային Թագավորությունում (Յայտնութիւն 2։10)։ Այսօր մեր քրիստոնեական հույսը՝ երկնային թե երկրային, կարող է օգնել մեզ՝ պահպանելու մեր ուրախությունը նույնիսկ դժվարությունների ժամանակ։
«Յոյսով ուրախացէք»
4, 5. ա) Ինչո՞ւ էր Պողոսի «յոյսով ուրախացէք» խորհուրդը այդքան ժամանակահարմար Հռոմի քրիստոնյաների համար։ բ) Ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որ քրիստոնյան դադարի հույս ունենալուց։
4 Պողոս առաքյալը Հռոմում գտնվող իր հավատակիցներին քաջալերեց հավիտենական կյանքի ‘հույսով ուրախանալ’ (Հռովմայեցիս 12։12)։ Դա ժամանակահարմար խորհուրդ էր նրանց համար։ Պողոսի նամակից տասը տարի էլ չէր անցել, որ Հռոմի քրիստոնյաները դաժան հալածանքի ենթարկվեցին, ոմանք էլ Ներոն կայսրի հրամանով տանջամահ արվեցին։ Նրանք հավատում էին, որ Աստված կտա խոստացած կյանքի պսակը, ինչն էլ, անկասկած, զորացրեց նրանց՝ տոկալու տանջանքներին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։
5 Որպես քրիստոնյաներ՝ մենք նույնպես հալածանքների ենք սպասում (Բ Տիմոթէոս 3։12)։ Նաև, հասկանում ենք, որ «ժամանակ եւ դիպուած» է պատահում բոլորիս (Ժողովող 9։11)։ Դժբախտ պատահարը կարող է կտրել մեզ սիրելի անձնավորության կյանքի թելը։ Կարող է պատահել, որ մեր ծնողը կամ մտերիմ ընկերը հիվանդանա մահացու հիվանդությամբ։ Եթե Թագավորության հույսը մեր ուշադրության կենտրոնում չպահենք, ապա այդպիսի փորձություններ ծագելու դեպքում հնարավոր է հոգևոր վտանգավոր իրավիճակում հայտնվենք։ Ուստի, լավ կլիներ ինքներս մեզ հարցնեինք. «‘Հույսով ուրախանո՞ւմ եմ’։ Որքա՞ն հաճախ եմ ժամանակ հատկացնում դրա շուրջ խորհելուն։ Իրակա՞ն է ինձ համար գալիք Դրախտը։ Տեսնո՞ւմ եմ ինձ այնտեղ։ Նույն չափո՞վ եմ ցանկանում, որ իրերի ներկա համակարգը իր վախճանին հասնի, ինչպես այն ժամանակ, երբ առաջին անգամ իմացա ճշմարտությունը»։ Այս վերջին հարցը մեծ ուշադրության է արժանի։ Ինչո՞ւ։ Քանի որ, եթե առողջ ենք, լավ ենք վաստակում և ապրում ենք պատերազմից, սովից, բնական աղետներից քիչ թե շատ ապահով վայրում, ապա հնարավոր է խորհենք, համենայն դեպս ներկայումս, թե Աստծո նոր աշխարհի գալուստը այնքան էլ խիստ անհրաժեշտ չէ։
6. ա) Երբ Պողոսն ու Շիղան նեղության մեջ ընկան, ինչի՞ վրա իրենց ուշադրությունը կենտրոնացրին։ բ) Ինչպե՞ս է Պողոսի և Շիղայի օրինակը քաջալերում մեզ այսօր։
6 Պողոսը Հռոմի քրիստոնյաներին նաև խորհուրդ տվեց ‘նեղության համբերել’ (Հռովմայեցիս 12։12)։ Պողոսին խորթ չէին նեղությունները։ Մի անգամ նա տեսիլքում տեսավ մի մարդու, որը խնդրում էր նրան «Մակեդոնիա անցնել»՝ սովորեցնելու այնտեղի ժողովրդին Եհովայի մասին (Գործք 16։9)։ Ուստի, Պողոսը Ղուկասի, Շիղայի և Տիմոթեոսի հետ միասին նավարկեց դեպի Եվրոպա։ Ի՞նչ էր սպասում այս նախանձախնդիր միսիոներներին։ Նեղությո՛ւն։ Նրանք քարոզեցին մակեդոնիական քաղաք Փիլիպպեում։ Սակայն Պողոսին և Շիղային բռնեցին, մտրակահարեցին ու բանտ նետեցին։ Պարզ էր, որ Փիլիպպեի բնակիչներից ոմանք ոչ միայն անտարբեր չէին Թագավորության լուրի հանդեպ, այլև չարաչար ընդդիմանում էին դրան։ Արդյոք իրադարձությունների այսպիսի շրջադարձը պատճառ հանդիսացա՞վ, որ եռանդուն միսիոներները կորցնեն իրենց ուրախությունը։ Ո՛չ։ Ծեծվելուց և բանտ գցվելուց հետո «գիշերուայ կէսին Պօղոսն ու Շիղան աղօթում էին ու օրհնում Աստծուն» (Գործք 16։25, 26)։ Իհարկե, ծեծի պատճառած ցավերը Պողոսին ու Շիղային չուրախացրին, սակայն այս երկու միսիոներները դրա վրա չէ, որ կենտրոնացան։ Նրանք մտածում էին Եհովայի մասին, և՝ թե ինչպես է նա օրհնում իրենց։ Ուրախությամբ ‘նեղության համբերելով’՝ Պողոսն ու Շիղան եղբայրների համար հիանալի օրինակ հանդիսացան Փիլիպպեում և այլուր։
7. Ինչո՞ւ մեր աղոթքներում նաև պետք է շնորհակալություն հայտնենք։
7 Պողոսը գրեց. «Աղօթքում յարատեւեցէք» (Հռովմայեցիս 12։12, ԱԹ)։ Աղոթո՞ւմ եք, երբ մտահոգված եք լինում։ Ինչի՞ մասին եք աղոթում։ Հավանաբար, խոսում եք ձեզ հուզող խնդրի մասին և Եհովայից օգնություն եք խնդրում։ Բայց դուք կարող եք նաև շնորհակալություն հայտնել ձեր վայելած օրհնությունների համար։ Երբ խնդիրներ են ծագում, Եհովայի՝ մեր հանդեպ կատարած բարի գործերի մասին խորհրդածելն օգնում է ‘հույսով ուրախանալ’։ Դավիթը, որի կյանքը լի էր ցավերով, գրեց. «Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. եւ քո խորհուրդները մեզ վերայ են. ոչ ով քեզ հաւասար չէ. կ’պատմէի եւ կը խօսէի նորանց [մասին], բայց համարից շատ են» (Սաղմոս 40։5)։ Եթե Դավթի պես միշտ խորհում ենք Եհովայի տված օրհնությունների շուրջ, ապա անհնար է, որ ուրախ չլինենք։
Դրականորեն տրամադրվեք
8. Ի՞նչն է օգնում քրիստոնյային ուրախ մնալ փորձության ժամանակ։
8 Հիսուսը խրախուսեց իր հետևորդներին դրականորեն տրամադրվել, երբ զանազան փորձությունների մեջ ընկնեն։ Նա ասաց. «Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն» (Մատթէոս 5։11)։ Այսպիսի հանգամանքների ներքո ինչո՞ւ՝ ‘երանի մեզ’։ Հակառակությանը դիմանալու մեր կարողությունը վկայում է, որ Եհովայի ոգին մեզ վրա է։ Պետրոս առաքյալն իր օրերի քրիստոնյաներին ասաց. «Եթէ նախատուէք էլ Քրիստոսի անուան համար, երանելի՜ էք, քանի որ փառքի եւ զօրութեան անունը եւ Աստծու Հոգին է հանգչում ձեր վրայ» (Ա Պետրոս 4։13, 14)։ Իր ոգու միջոցով Եհովան կօգնի մեզ տոկալ ու, այդպիսով, պահպանել մեր ուրախությունը։
9. Ի՞նչն օգնեց եղբայրներին ուրախ լինել, երբ հավատի պատճառով բանտում էին գտնվում։
9 Ամենասոսկալի իրավիճակն անգամ չի կարող խանգարել մեզ ուրախ լինելու։ Ադոլֆ անունով մի քրիստոնյա համոզվեց դրանում։ Նա ապրում է մի երկրում, որտեղ Եհովայի վկաների գործունեությունը երկար տարիներ արգելված էր։ Ադոլֆին ու նրա մի քանի ընկերակիցներին ձերբակալեցին և դատապարտեցին երկարաժամկետ ազատազրկման, քանի որ նրանք չհրաժարվեցին Աստվածաշնչի վրա հիմնված իրենց համոզմունքներից։ Բանտային կյանքը ծանր էր, սակայն Պողոսի և Շիղայի նման Ադոլֆն ու իր ընկերները Աստծուն շնորհակալ լինելու բաներ գտան։ Նրանց խոսքերով՝ բանտային կյանքը նպաստեց, որ զորանա իրենց հավատը և այնպիսի քրիստոնեական հատկություններ մշակեն, ինչպիսիք են առատաձեռնությունը, կարեկցանքը, եղբայրական կապվածությունը։ Օրինակ՝ երբ իրենցից մեկը ծանրոց էր ստանում տնից, դրա պարունակությունից բաժին էր հանում իր հավատակիցներին։ Վերջիններս այդ ամենը համարում էին Եհովայից եկած բարիք։ Չէ որ, վերջին հաշվով, նա է «ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ» Տվողը։ Բարության այսպիսի դրսևորումները ուրախություն էին պարգևում թե՛ տվողին և թե՛ ստացողներին։ Նրանց բանտարկելու բուն նպատակը իրենց հավատը թուլացնելն էր, սակայն իրականում այն ավելի ուժեղացավ (Յակոբոս 1։17; Գործք 20։35)։
10, 11. Ինչպե՞ս Էլլան դիմացավ անողոք հարցաքննությանն ու երկարատև բանտարկությանը։
10 Էլլան նույնպես ապրում էր մի երկրում, որտեղ երկար տարիներ Թագավորության գործը արգելված էր։ Իր քրիստոնեական հույսն ուրիշների հետ կիսելու համար նա ձերբակալվեց։ Ութ ամիս շարունակ Էլլան անողոք հարցաքննության էր ենթարկվում։ Վերջապես նրան դատեցին և տասը տարի ազատազրկման դատապարտեցին՝ ուղարկելով այնպիսի բանտ, որտեղ Եհովայի ոչ մի երկրպագու չկար։ Այդ ժամանակ Էլլան ընդամենը 24 տարեկան էր։
11 Անշուշտ, նա չէր կարծում, որ իր երիտասարդ տարիների մեծ մասը անց էր կացնելու բանտախցում։ Բայց քանի որ չէր կարող կացությունը փոխել, որոշեց փոխել իր տրամադրվածությունը։ Ուստի, սկսեց դիտել բանտը որպես անձնական քարոզչական տարածք։ «Քարոզելու այնքան մեծ հնարավորություններ կային այնտեղ,— ասում է նա,— որ տարիները շատ արագ էին անցնում»։ Ավելի քան հինգ տարի անց նրան կրկին հարցաքննեցին։ Հասկանալով, որ բանտի պատերը չեն թուլացրել նրա հավատը՝ քննիչները ասացին նրան. «Մենք չենք կարող քեզ ազատել. դու չես փոխվել»։ «Բայց չէ՞ որ ես փոխվել եմ,— վճռականորեն պատասխանեց Էլլան։— Հիմա ես ավելի լավ տրամադրվածություն ունեմ, քան երբ բանտ նստեցի, և իմ հավատը հիմա ավելի ուժեղ է, քան առաջ։ Իսկ եթե չեք ցանկանում ինձ ազատել, ապա ես կնստեմ այնքան ժամանակ, մինչև որ Եհովան հարմար գտնի ինձ ազատել»։ Բանտարկության հինգ ու կես տարիները չկարողացան զրկել Էլլային ուրախությունից։ Նա սովորել էր գոհ մնալ, ինչպիսի իրավիճակում էլ որ հայտնվեր։ Կարո՞ղ եք ինչ–որ բան սովորել նրա օրինակից (Եբրայեցիս 13։5)։
12. Ի՞նչը կարող է դժվար իրավիճակներում քրիստոնյային հոգեկան անդորր տալ։
12 Մի կարծեք, թե Էլլան ինչ–որ արտասովոր ընդունակություն ուներ, որի շնորհիվ կարողացավ դիմանալ այդ զրկանքներին։ Մինչ բանտարկությունը ամիսներ տևած հարցաքննության մասին նա ասում է. «Հիշում եմ, թե ինչպես էին ատամներս իրար զարնվում։ Ինձ վախեցած ճնճղուկի պես էի զգում»։ Այո՛, Էլլան ուժեղ հավատ ունի Եհովայի հանդեպ։ Նա սովորել է ապավինել Եհովային (Առակաց 3։5–7)։ Արդյունքում, Աստված նրա համար հիմա ավելի իրական է, քան առաջ։ Նա բացատրում է. «Ամեն անգամ մտնելով քննիչի սենյակ՝ զգում էի, որ խաղաղություն է իջնում վրաս.... Ինչքան սարսափելի էր դառնում իրավիճակը, այնքան ավելի խաղաղ էի զգում ինձ»։ Եհովան էր այդ խաղաղության աղբյուրը։ Պողոս առաքյալը բացատրում է. «Հոգ մի արէ՛ք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն։ Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով» (Փիլիպպեցիս 4։6, 7)։
13. Ի՞նչն է վստահեցնում մեզ, որ նեղությունների մեջ ընկնելու դեպքում տոկալու զորություն կստանանք։
13 Էլլան այժմ ազատության մեջ է։ Չնայած դժվարություններին՝ նա պահպանեց իր ուրախությունը և կարողացավ դա անել ոչ թե իր, այլ Եհովայի տված զորությամբ։ Նույնը Պողոս առաքյալի հետ էր։ Նա գրեց. «Արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում.... Որ, երբոր տկարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ» (Բ Կորնթացիս 12։9, 10, ԱԹ)։
14. Բացատրեք, թե ինչպես կարող է քրիստոնյան դրականորեն տրամադրվել դժվար իրավիճակում, և ինչ կարող է լինել արդյունքը։
14 Անձամբ ձեզ վրա եկած ճնշումները գուցե փոքր–ինչ տարբերվում են մեր քննարկածից։ Այդուհանդերձ, ինչպիսին էլ որ դրանք լինեն, դժվար է հաղթահարել։ Օրինակ՝ ձեր գործատերը, հնարավոր է, ձեր հանդեպ շատ ավելի պահանջկոտ է, քան այլակրոն մյուս աշխատակիցների։ Հնարավոր էլ չէ ուրիշ աշխատանք գտնել։ Ինչպե՞ս կարող եք պահպանել ձեր ուրախությունը։ Հիշեք Ադոլֆին ու իր ընկերներին, որոնց բանտը սովորեցրեց կարևոր հատկություններ մշակել։ Եթե անկեղծ ջանքեր գործադրեք ձեր՝ նույնիսկ դժվարահաճ գործատիրոջը գոհացնելու համար, դուք ձեռք կբերեք այնպիսի քրիստոնեական հատկություններ, ինչպիսիք են համբերությունն ու երկայնամտությունը (Ա Պետրոս 2։18)։ Բացի դրանից, միանգամայն հնարավոր է, որ ավելի գնահատելի աշխատող դառնաք, ինչը կարող է ավելացնել հետագայում ավելի գոհացուցիչ աշխատանք ունենալու ձեր հնարավորությունները։ Իսկ հիմա եկեք քննարկենք մի քանի այլ միջոցներ, որոնց օգնությամբ կարող ենք պահպանել մեր ուրախությունը Եհովայի ծառայության մեջ։
Կյանքը պարզեցնելը ուրախություն է բերում
15-17. Ի՞նչ սովորեց մի ամուսնական զույգ այն մասին, թե ինչպես, թեկուզ և մասամբ, թուլացնել կյանքի լարվածությունը։
15 Միգուցե աշխատանքի տեսակի կամ աշխատավայրի ընտրության հարցում ձեր հնարավորությունները սահմանափակ են, բայց ձեր կյանքում գուցե կան այլ բաներ, որոնց վրա կարող եք որոշակիորեն ազդել։ Քննարկենք հետևյալ դեպքը։
16 Մի քրիստոնյա ամուսնական զույգ տուն հրավիրեց երեցին՝ միասին ընթրելու։ Երեկոյի ընթացքում եղբայրն ու իր կինը խոստովանեցին, որ վերջին ժամանակները իրենց հոգսերը խիստ շատացել են։ Ու թեև երկուսն էլ ծանրաբեռնված աշխատում էին ողջ օրը, չէին ցանկանում այլ աշխատանք փնտրել։ Նրանք մտորումների մեջ էին, թե դեռ ինչքան կարող են այդպես շարունակել։
17 Եվ երբ երեցից խորհուրդ հարցրեցին, նա պատասխանեց. «Պարզեցրեք ձեր կյանքը»։ Ինչպե՞ս։ Ամուսիններն ամեն օր գործի գնալու և վերադառնալու համար ծախսում էին մինչև երեք ժամ։ Երեցը, որ լավ էր ճանաչում նրանց, խորհուրդ տվեց մտածել այն մասին, թե արդյոք չէին կարող տեղափոխվել նոր՝ աշխատավայրին ավելի մոտ բնակարան, որի արդյունքում կնվազեր գործի գնալ–գալու ժամանակը։ Խնայված ժամերը կարելի էր օգտագործել ավելի կարևոր բաների կամ էլ պարզապես հանգստանալու համար։ Եթե հոգսերն ինչ–որ չափով խլում են ձեր ուրախությունը, ինչո՞ւ չքննել, թե ինչպես կարելի է թեթևանալ դրանցից։
18. Ինչո՞ւ է հարկավոր հանգամանորեն կշռադատել՝ նախքան որևէ որոշում կայացնելը։
18 Լարվածությունը թուլացնելու մյուս միջոցն այն է, որ, նախքան որևէ որոշում կայացնելը, հարկավոր է հանգամանորեն կշռադատել։ Օրինակ՝ մի քրիստոնյա որոշեց տուն կառուցել։ Նա ընտրեց մի շատ բարդ նախագիծ, չնայած որ նախկինում երբեք տուն չէր կառուցել։ Հիմա նա հասկանում է, որ կարող էր բազմաթիվ անտեղի պրոբլեմներից խուսափել, եթե ‘քններ իր քայլերը’ նախքան տան նախագիծ ընտրելը (Առակաց 14։15)։ Մեկ ուրիշ քրիստոնյա համաձայնվեց իր վրա կրել հավատակցի վերցրած փոխառության պատասխանատվությունը։ Պայմանավորվածության համաձայն՝ եթե փոխառուն չկարողանար վերադարձնել փոխառված գումարը, ապա դա պարտավոր էր անել իր վրա պատասխանատվություն վերցրած անձը՝ երաշխավորը։ Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում, բայց ժամանակի ընթացքում փոխառուն սկսեց հրաժարվել իր պարտականություններից։ Փոխատուն՝ անհանգստացած, երաշխավորից պահանջեց վճարել ողջ փոխառությունը։ Դա մեծ հարված էր վերջինիս համար։ Հնարավո՞ր էր արդյոք դրանից խուսափել, եթե մինչ այդ պատասխանատվությունը վերցնելը նա հարցը բոլոր կողմերից մեծ ուշադրությամբ քններ (Առակաց 17։18)։
19. Որո՞նք են այն մի քանի միջոցները, որոնք կյանքում կարող են նվազեցնել լարվածությունը։
19 Երբ հոգնում ենք պրոբլեմներից, եկեք երբեք չմտածենք, որ, Աստվածաշնչի ուսումնասիրության, ծառայության և հանդիպումներ հաճախելուն տրամադրվող ժամանակը քչացնելով, կկարողանանք թուլացնել կյանքի լարվածությունը և վերագտնել մեր ուրախությունը։ Ընդհակառա՜կը, այդ ամենը շատ կարևոր է, քանի որ հենց դրանց միջոցով ենք ստանում Եհովայի սուրբ ոգին։ Իսկ ուրախությունը սուրբ ոգու պտուղ է (Գաղատացիս 5։22, ԱԹ)։ Քրիստոնեական գործերը միշտ էլ թարմացնում են և սովորաբար ուժասպառ չեն անում (Մատթէոս 11։28–30)։ Շատ ավելի հավանական է, որ աշխարհիկ գործերը կամ ժամանակ անցկացնելը մեզ հոգնեցնեն, և ոչ թե՝ հոգևորը։ Ժամանակին քնելը սովորություն դարձնելով՝ կկարողանանք վերականգնել մեր ուժերը։ Փոքր–ինչ ավել հանգստանալը կարող է մեծ օգուտներ տալ։ Նաթան Նորը, որ մինչև մահ ծառայեց Եհովայի վկաների Կառավարիչ մարմնում, միսիոներներին սովորաբար խորհուրդ էր տալիս. «Երբ զգում եք, որ ձեր ուժերը լքում են ձեզ, ամենաառաջին բանը, որ պիտի անեք, այն է՝ հանգստանալ։ Եթե գիշերը լավ քնեք, ապա առավոտյան ձեզ կզարմանացնի այն, որ ձեր գրեթե բոլոր պրոբլեմները շատ ավելի հեշտ լուծելի կերևան»։
20. ա) Թվեք մի քանի միջոցներ, որոնք կարող են օգնել մեզ՝ պահպանելու մեր ուրախությունը։ բ) Ուրախ լինելու ի՞նչ պատճառներ ունեք (տեսեք շրջանակը 17–րդ էջում)։
20 Քրիստոնյաները առանձնաշնորհում ունեն ծառայելու «ուրախ Աստծուն» (Ա Տիմոթէոս 1։11, ՆԱ)։ Ինչպես տեսանք, կարող ենք պահպանել մեր ուրախությունը, նույնիսկ երբ լուրջ պրոբլեմներ ունենք։ Եկեք Թագավորության հույսը մեր առջև ունենանք, վերանայենք մեր տրամադրվածությունը, երբ հարկ է և պարզ կյանքով ապրենք։ Եվ այդ դեպքում, ինչպիսի իրավիճակում էլ որ հայտնվենք, կկարողանանք արձագանքել Պողոս առաքյալի խոսքերին. «Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք» (Փիլիպպեցիս 4։4)։
Հետևյալ հարցերին մտածված պատասխաններ տվեք.
• Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է Թագավորության հույսն իրենց համակ ուշադրության կենտրոնում պահեն։
• Ի՞նչը կարող է օգնել մեզ՝ պահպանելու մեր ուրախությունը դժվար իրավիճակներում։
• Ինչո՞ւ պետք է ձգտենք մեր կյանքը պարզեցնել։
• Ի՞նչ ասպարեզներում են ոմանք իրենց կյանքը պարզեցրել։
[շրջանակ/նկարներ 17–րդ էջի վրա]
Ուրախ լինելու լրացուցիչ պատճառներ
Որպես քրիստոնյաներ՝ մենք շատ պատճառներ ունենք ուրախ լինելու։ Նկատի առեք հետևյալը.
1. Մենք ճանաչում ենք Եհովային։
2. Մենք գիտենք Աստծո Խոսքի ճշմարտությունը։
3. Հավատ ընծայելով Հիսուսի քավիչ զոհաբերությանը՝ կարող ենք մեղքերի թողություն ստանալ։
4. Աստծո Թագավորությունը հիմա տիրապետում է. շուտով նո՛ր աշխարհ է լինելու։
5. Եհովան մեզ հոգևոր դրախտ է տվել։
6. Շրջապատված ենք բարերար քրիստոնեական ընկերակցությամբ։
7. Առանձնաշնորհում ունենք մասնակցելու քարոզչական գործին։
8. Մենք ապրում ենք և որոշակի զորություն ունենք։
Ուրախ լինելու ուրիշ ի՞նչ պատճառներ կարող եք հիշատակել։
[նկար 13–րդ էջի վրա]
Պողոսն ու Շիղան նույնիսկ բանտում էին ուրախ
[նկարներ 15–րդ էջի վրա]
Արդյոք ձեր հայացքն ուղղվա՞ծ է դեպի Աստծո նոր աշխարհի ուրախ հեռանկարը