Ուրախ եղեք ուրախ Աստծո հետ միասին
«Վերջապէս, եղբայրք, ուրախ եղէք, ....եւ սէրի եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ [կ]լինի» (Բ Կորնթացիս 13։11, ԱԹ)։
1, 2. ա) Ինչո՞ւ շատերը կյանքում ուրախություն չեն գտնում։ բ) Ի՞նչ է ուրախությունը, և ինչպե՞ս կարելի է ուրախ լինել։
ՄԱՐԴԻԿ ուրախանալու քիչ պատճառներ են տեսնում այս մռայլ օրերում։ Երբ նրանց կամ նրանց հարազատին չարիք է պատահում, նրանք, հավանաբար, ունենում են այն նույն զգացումները, ինչ որ՝ հնում ապրած Հոբը։ Նա ասաց. «Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով» (Յոբ 14։1)։ Քրիստոնյաները պաշտպանված չեն այս «վերջին օրերի չար ժամանակների» հարուցած դժվարություններից, ուստի, զարմանալի չէ, որ Եհովայի հավատարիմ ծառաները երբեմն վհատության մեջ են ընկնում (Բ Տիմոթէոս 3։1)։
2 Բայցևայնպես, քրիստոնյաները կարող են ուրախ լինել, և նույնիսկ՝ փորձության ժամանակ (Գործք 5։40, 41)։ Հասկանալու համար, թե ինչպես է դա հնարավոր, նախ տեսնենք, թե ինչ է ուրախությունը։ «Ուրախությունը» սահմանվում է որպես «զգացում, որն առաջանում է մի լավ բան ձեռք բերելուց կամ ակնկալելուց»։a Հետևաբար, եթե խորհենք, թե ներկայումս ինչքան օրհնություններ ունենք և մտածենք Աստծո նոր աշխարհում մեզ սպասող ուրախությունների մասին, ապա ուրախ կլինենք։
3. Ինչո՞ւ կարելի է ասել, որ ամեն ոք ուրախանալու պատճառ ունի։
3 Ամեն ոք էլ երախտապարտ լինելու պատճառ ունի։ Ենթադրենք, ընտանիքի գլուխը աշխատանքը կորցրել է։ Բնական է, նա անհանգստացած է, քանի որ ցանկանում է հոգալ ընտանիքի կարիքները։ Այնուամենայնիվ, եթե նա ֆիզիկապես ուժեղ է և առողջ, ապա կարող է գոհ լինել դրա համար, որովհետև աշխատանք գտնելու դեպքում ի վիճակի կլինի շատ աշխատել։ Մեկ ուրիշ օրինակ։ Քրիստոնյա կինը ծանր հիվանդացել է։ Այդուհանդերձ, նա կարող է շնորհակալ լինել իր սիրող ընկերներին և ընտանիքի անդամներին, որ նրանք օգնում են իրեն արժանապատվությամբ և խիզախորեն դիմադրել հիվանդությանը։ Բոլոր քրիստոնյաներն էլ, անկախ իրենց հանգամանքներից, կարող են ուրախանալ այն առանձնաշնորհումով, որ ճանաչում են Եհովային՝ «երանելի [«ուրախ», ՆԱ] Աստծուն» և Հիսուս Քրիստոսին՝ ‘Երանելիին [«ուրախին», ՆԱ] և միակ Հզորին’ (Ա Տիմոթէոս 1։11; 6։15)։ Այո՛, Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը կատարելապես ուրախ են։ Նրանք շարունակում են ուրախ մնալ, չնայած որ երկրի վրա տիրող կացությունը շատ հեռու է նրանից, ինչ որ Եհովան սկզբում էր մտադրվել։ Նրանց օրինակը կարող է մեզ շատ բան սովորեցնել, թե ինչպես պահպանել մեր ուրախությունը։
Նրանք երբեք չկորցրին իրենց ուրախությունը
4, 5. ա) Ինչպե՞ս արձագանքեց Եհովան առաջին մարդկանց անհնազանդությանը։ ա) Ինչպե՞ս Եհովան դրական տրամադրվածություն պահպանեց մարդկության հանդեպ։
4 Եդեմի պարտեզում ապրելիս Ադամն ու Եվան կատարյալ առողջություն ու կատարյալ միտք ունեին։ Նրանց հանձնարարված էր մի աշխատանք, որը հաջողությամբ կատարելու համար իդեալական պայմաններ էին ստեղծված։ Իսկ ամենից կարևորը՝ նրանք Եհովայի հետ կանոնավորաբար հաղորդակցվելու առանձնաշնորհում ունեին։ Աստծո նպատակն էր, որ նրանք երջանիկ ապագա ունենային։ Սակայն մեր առաջին ծնողները չբավարարվեցին այդ բոլոր բարիքներով. նրանք գողացան «բարիի եւ չարի գիտութեան ծառիցը» արգելված պտուղը։ Այս անհնազանդությունը սկիզբ դրեց բոլոր այն դժբախտություններին, որոնք մենք՝ նրանց հետնորդներս, մեզ վրա զգում ենք այսօր (Ծննդոց 2։15–17; 3։6; Հռովմայեցիս 5։12)։
5 Սակայն, Եհովան թույլ չտվեց, որ Ադամի ու Եվայի անշնորհակալ դիրքը զրկի իրեն ուրախությունից։ Նա վստահ էր, որ նրանց ժառանգներից գոնե ոմանք կցանկանան ծառայել իրեն։ Փաստորեն, նա այնքան վստահ էր, որ նույնիսկ, նախքան Ադամի ու Եվայի առաջին երեխայի ծնվելը, հայտարարեց նրանց հնազանդ սերունդներին փրկելու իր նպատակի մասին (Ծննդոց 1։31; 3։15)։ Թեպետև հետագա դարերի ընթացքում մարդկության մեծ մասը գնաց Ադամի ու Եվայի հետքերով, Եհովան համատարած անհնազանդության պատճառով երես չթեքեց մարդկային ընտանիքից։ Ընդհակառակը, նա կենտրոնացրեց իր ուշադրությունը այն մարդկանց վրա, ովքեր նրա ‘սիրտը ուրախացրին’, ովքեր, սիրելով Աստծուն, ջանք չխնայեցին նրան հաճեցնելու համար (Առակաց 27։11; Եբրայեցիս 6։10)։
6, 7. Ի՞նչ գործոններ նպաստեցին Հիսուսի ուրախ մնալուն։
6 Ի՞նչ կարելի է ասել Հիսուսի մասին. ինչպե՞ս նա պահպանեց իր ուրախությունը։ Լինելով հզոր ոգեղեն արարած երկնքում՝ Հիսուսը բոլոր հնարավորություններն ուներ տեսնելու երկրի վրա ապրող մարդկանց գործերը։ Թեև նրանց անկատարությունն ակնհայտ էր, բայցևայնպես, նա սիրում էր նրանց (Առակաց 8։31)։ Իսկ ավելի ուշ, երբ նա երկիր իջավ և «բնակուեց» մարդկանց մեջ, իր տեսակետը մարդկության վերաբերյալ չփոխեց (Յովհաննէս 1։14)։ Ի՞նչը օգնեց Աստծո կատարյալ Որդուն նման դրական տեսակետ պահպանել մեղավոր մարդկային ընտանիքի նկատմամբ։
7 Նախևառաջ՝ Հիսուսը ողջամիտ էր և՛ ինքն իրենից, և՛ ուրիշներից ունեցած ակնկալիքների մեջ։ Նա գիտեր, որ ինքը չէր եկել աշխարհը վերափոխելու նպատակով (Մատթէոս 10։32–39)։ Եվ ուրախանում էր, երբ նույնիսկ անկեղծ սրտով մեկը բարյացակամորեն էր վերաբերվում Թագավորության լուրին։ Չնայած իր աշակերտների վարքագիծն ու վերաբերմունքը երբեմն այնքան էլ գոհացուցիչ չէին՝ Հիսուսը գիտեր, որ սրտի խորքում նրանք ցանկանում էին կատարել Աստծո կամքը, ուստի և սիրում էր նրանց (Ղուկաս 9։46; 22։24, 28–32, 60–62)։ Ուշագրավ է այն, որ իր երկնային Հորն աղոթելիս Հիսուսն աշակերտների դրական ընթացքը ի մի բերեց հետևյալ կերպ. «Նրանք քո խօսքը պահեցին»։ (Յովհաննէս 17։6)։
8. Ինչո՞ւմ կարող ենք ընդօրինակել Եհովային և Հիսուսին՝ մեր ուրախությունը պահպանելու համար։
8 Անկասկած, այս առումով բոլորս էլ օգուտներ կքաղենք՝ խորհրդածելով Եհովա Աստծո և Հիսուս Քրիստոսի թողած օրինակների շուրջ։ Կարո՞ղ ենք հնարավորին չափ ընդօրինակել Եհովային՝ չափից դուրս չանհանգստանալով, երբ գործերը մեր ուզածի պես չեն ընթանում։ Կարո՞ղ ենք ավելի ճշգրտորեն հետևել Հիսուսի հետքերին՝ դրական տեսակետ պահպանելով մեր ներկա հանգամանքների նկատմամբ, ինչպես նաև ողջամիտ լինելով ինքներս մեզնից և ուրիշներից ունեցած ակնկալիքների մեջ։ Եկեք տեսնենք, թե այս սկզբունքներից մի քանիսն ինչպես կարելի է կիրառել մի առանձնահատուկ ասպարեզում, որը շատ սիրելի է բոլոր փութաջան քրիստոնյաներին։ Դա ծառայությունն է։
Դրական տրամադրվածություն՝ ծառայության նկատմամբ
9. Ինչպե՞ս Երեմիան վերագտավ իր ուրախությունը, և ինչպե՞ս կարող է նրա օրինակն օգնել մեզ։
9 Եհովան ցանկանում է, որ մենք ուրախությամբ ծառայենք իրեն։ Մեր ուրախությունը չպետք է կախված լինի ձեռք բերված արդյունքներից (Ղուկաս 10։17, 20)։ Երեմիա մարգարեն տարիներ շարունակ քարոզում էր «անբերրի» տարածքում։ Երբ նա կենտրոնացավ մարդկանց բացասական վերաբերմունքի վրա, կորցրեց ուրախությունը (Երեմիա 20։8)։ Բայց երբ խորհեց այն բանի շուրջ, թե որքան գեղեցիկ է իր բերած լուրը, վերագտավ այն։ Երեմիան ասաց Եհովային. «Քո խօսքերը գտնուեցան, եւ ես կերայ նորանց, եւ քո խօսքն ինձ համար սրտիս ցնծութիւն եւ ուրախութիւն եղաւ. որովհետեւ քո անունը կանչուած է ինձ վերայ, ով Եհովայ» (Երեմիա 15։16)։ Այո՛, Երեմիան ուրախություն գտավ Աստծո խոսքը քարոզելու իր առանձնաշնորհման մեջ։ Մենք էլ կարող ենք։
10. Ինչպե՞ս կարող ենք մեր ուրախությունը պահպանել նույնիսկ այն դեպքում, երբ մեր «տարածքը» ներկայումս «անբերրի» է։
10 Նույնիսկ եթե մարդկանց մեծամասնությունը մերժում է ընդունել բարի լուրը, միևնույն է, մենք, գտնվելով ծառայության մեջ, բոլոր հիմքերն ունենք ուրախ մնալու։ Հիշենք, որ Եհովան միանգամայն վստահ էր, որ ոմանք ցանկություն կունենան ծառայել իրեն։ Եհովայի պես՝ մենք չպետք է երբևէ կորցնենք մեր հույսը, որ գոնե ոմանք, վերջիվերջո, կհասկանան վիճաբանական հարցի էությունը և կընդունեն Թագավորության ավետիսը։ Չպետք է մոռանանք, որ մարդկանց հանգամանքները փոփոխվում են։ Նույնիսկ ամենաինքնագոհ մարդը անսպասելի կորուստ ունենալիս կամ ծայրահեղ իրավիճակում հայտնվելիս սկսում է լրջորեն մտածել կյանքի իմաստի մասին։ Երբ այդպիսի անձնավորությունը ‘գիտակցի իր հոգևոր կարիքները’, կլինե՞ք արդյոք այնտեղ՝ նրան օգնելու համար (Մատթէոս 5։3, ՆԱ)։ Այո՛, ձեր «տարածքում» ինչ–որ մեկը գուցե պատրաստ է լսել բարի լուրը հենց այն ժամանակ, երբ հաջորդ անգամ այցելեք նրան։
11, 12. Ի՞նչ տեղի ունեցավ մի քաղաքում, և ի՞նչ կարող ենք սովորել դրանից։
11 Քարոզվող տարածքի բնակչության կազմում էլ հնարավոր է փոփոխություններ տեղի ունենան։ Ահա մի օրինակ։ Փոքրիկ քաղաքում մի քանի երիտասարդ ընտանիքներ էին ապրում, որոնք իրար հետ սերտ բարեկամական կապերի մեջ էին։ Ամեն անգամ նրանց այցելելիս Եհովայի վկաները յուրաքանչյուր դռան մոտ նույն պատասխանն էին լսում. «Դա մեզ չի հետաքրքրում»։ Եթե ինչ–որ մեկն իսկապես հետաքրքրվում էր Թագավորության ավետիսով, հարևանները ժամանակ չէին կորցնում նրան ետ պահել Վկաների հետ հետագա շփումից։ Ակնհայտ էր, որ այդ տարածքում քարոզելը դժվարին խնդիր էր։ Այնուամենայնիվ, Վկաները չհուսահատվեցին. նրանք շարունակեցի՛ն քարոզել։ Եվ ի՞նչ արդյունքով։
12 Ժամանակի ընթացքում այդ քաղաքի երեխաները մեծացան և նրանցից շատերն ամուսնացան ու բնակություն հաստատեցին այդտեղ։ Հասկանալով, որ իրենց կենսաձևը իսկական երջանկություն չի բերում՝ այդ երիտասարդներից ոմանք սկսեցին փնտրել ճշմարտությունը։ Եվ գտան, երբ դրականորեն արձագանքեցին Վկաների ազդարարած բարի լուրին։ Ահա այդպես, տարիներ անց, փոքրիկ ժողովը սկսեց աճել։ Պատկերացրե՜ք Թագավորության այն քարոզիչների ուրախությունը, ովքեր ժամանակին չհուսալքվեցին։ Թող որ Թագավորության փառահեղ լուրը տարածելու մեջ հաստատակամություն դրսևորելը մեզ նույնպես ուրախություն բերի։
Հավատակիցները կաջակցեն ձեզ
13. Ո՞ւմ կարող ենք դիմել, երբ վհատության մեջ ենք։
13 Երբ դժվարությունները ճնշում են կամ դժբախտություն է պատահում, ո՞ւմ կարող եք դիմել աջակցության համար։ Եհովային նվիրված միլիոնավոր ծառաներ առաջին հերթին դիմում են հենց նրան՝ աղոթքով, և հետո՝ իրենց քրիստոնյա եղբայրներին ու քույրերին։ Ապրելով երկրի վրա՝ ինքը Հիսուսն արժեվորեց իր աշակերտների կողմից ցույց տրվող աջակցությունը։ Իր մահվանը նախորդող գիշերը նա նրանց մասին ասաց. «Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում» (Ղուկաս 22։28)։ Իհարկե, աշակերտներն անկատար էին, սակայն իրենց հավատարմությամբ սատարում էին Աստծո Որդուն։ Մենք նույնպես կարող ենք զորություն ստանալ մեր հավատակիցներից։
14, 15. Ի՞նչն օգնեց մի ամուսնական զույգի՝ տանելու իրենց որդու մահվան վիշտը։ Ի՞նչ կարելի է սովորել նրանց հետ պատահածից։
14 Քրիստոնյա ամուսիններ Միշելն ու Դայանը տեսան, թե ինչքան արժեքավոր կարող է լինել եղբայրների ու քույրերի աջակցությունը։ Նրանց 20–ամյա որդին՝ Ջոնաթանը, կենսախինդ ու խոստումնալից երիտասարդ էր։ Բայց ահա նրա ուղեղում ուռուցք հայտնաբերվեց։ Բժիշկներն ամեն ինչ անում էին նրան փրկելու համար, սակայն Ջոնաթանի վիճակը գնալով վատանում էր, և մի օր՝ օրվա վերջում, նա մահացավ։ Միշելն ու Դայանը ծայրաստիճան ընկճված էին։ Այդ երեկո Ծառայողական հանդիպում կար, բայց այն արդեն ավարտվելու վրա էր։ Չնայած դրան՝ նրանք խնդրեցին իրենց կողքին գտնվող երեցին ուղեկցել իրենց դեպի Թագավորության սրահ, քանի որ մխիթարության խիստ կարիք էին զգում։ Տեղ հասան հենց այն պահին, երբ ժողովում հայտարարվում էր Ջոնաթանի մահվան լուրը։ Հանդիպումից հետո արտասվող ծնողներին շրջապատեցին եղբայրներն ու քույրերը, որոնք գրկում էին նրանց ու սփոփանքի խոսքեր ասում։ Ահա թե ինչ է վերհիշում Դայանը. «Նախքան սրահ հասնելը, մեր հոգում դատարկություն էր տիրում, սակայն ինչպե՜ս մխիթարեցին մեզ եղբայրները, ինչպե՜ս բարձրացրին մեր ոգին։ Թեև նրանք չէին կարող լիովին փարատել մեր վիշտը, բայց օգնեցին մեզ դիմանալ այդ ցավին» (Հռովմայեցիս 1։11, 12; Ա Կորնթացիս 12։21–26)։
15 Դժբախտությունն ավելի մտերմացրեց Միշելին ու Դայանին եղբայրների հետ։ Նրանք նաև իրար հետ ավելի մտերմացան։ «Ես սովորեցի իմ սիրելի կնոջն ավելի փայփայել,— ասում է Միշելը։— Ընկճվածության պահերին մենք խոսում ենք աստվածաշնչյան ճշմարտության և այն մասին, թե ինչպես է Եհովան նեցուկ կանգնում մեզ»։ Իսկ Դայանն ավելացնում է. «Թագավորության հույսը մեզ համար հիմա ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել»։
16. Ինչո՞ւ է կարևոր, որ մեր կարիքների մասին եղբայրներին տեղյակ պահենք։
16 Այո՛, քրիստոնյա եղբայրներն ու քույրերը կարող են զորավիգ լինել մեզ կյանքի ծանր պահերին ու, այդպիսով, օգնել՝ պահպանելու մեր ուրախությունը (Կողոսացիս 4։11)։ Անշուշտ, նրանք չեն կարող կարդալ մեր մտքերը։ Ուստի, երբ աջակցության կարիք ենք զգում, լավ կլիներ նրանց տեղյակ պահել այդ մասին։ Եվ այդ ժամանակ մենք կկարողանանք խորապես գնահատել եղբայրների կողմից արվող ամեն բան՝ դա համարելով որպես Եհովայից եկող աջակցություն (Առակաց 12։25; 17։17)։
Նայեցեք ձեր ժողովին
17. Ինչպիսի՞ դժվարություններ է դիմագրավում մի միայնակ մայր, և ինչպե՞ս ենք վերաբերվում նման վիճակում գտնվողներին։
17 Ինչքան ավելի լավ ճանաչեք ձեր հավատակիցներին, այնքան ավելի շատ կիմանաք, թե ինչպես գնահատել նրանց և ուրախություն գտնել՝ նրանց հետ հաղորդակցվելով։ Նայեցեք ձեր ժողովին։ Ի՞նչ եք տեսնում։ Տեսնո՞ւմ եք միայնակ մոր, որն ամեն ինչ անում է իր երեխաներին ճշմարտության ճանապարհով դաստիարակելու համար։ Բավականաչափ խորհե՞լ եք նրա հիանալի օրինակի շուրջ։ Փորձեք պատկերացնել նրա որոշ դժվարությունները։ Միայնակ մայր Ջենինը նշում է դրանցից մի քանիսը՝ միայնակություն, անցանկալի սիրահետումներ աշխատակիցների կողմից, խիստ սահմանափակ բյուջե։ Սակայն ամենամեծ դժվարությունը, նրա խոսքերով, երեխաների էմոցիոնալ կարիքները բավարարելն է, քանի որ նրանցից յուրաքանչյուրը մի անհատականություն է։ Ջենինը մի ուրիշ խնդրի մասին էլ է հիշատակում. «Տանը ընտանիքի գլուխ չկա, իսկ ես հակված եմ այդ բացը լրացնել որդուս միջոցով, և դրա դեմ պայքարելը մեծ խնդիր է։ Ես դուստր ունեմ, և ինձ հարկավոր է միշտ հիշել, որ չպետք է նրան ծանրաբեռնեմ և մտերիմ ընկերուհիս դարձնեմ»։ Հազարավոր աստվածավախ միայնակ ծնողների պես Ջենինը աշխատում է ամբողջ օրը և հոգ է տանում իր երեխաներին։ Նա նաև Աստվածաշունչ է ուսումնասիրում նրանց հետ, սովորեցնում է ծառայել և իր հետ տանում է ժողովի հանդիպումներին (Եփեսացիս 6։4)։ Որքա՜ն է ուրախանում Եհովան՝ տեսնելով, թե ամեն օր այս ընտանիքը ինչ ջանքեր է գործադրում անարատություն պահելու համար։ Մի՞թե չենք ուրախանում՝ տեսնելով այդպիսի մարդկանց մեզանում։ Իհարկե, ուրախանում ենք։
18, 19. Բացատրեք, թե ինչպես կարող ենք ավելի շատ գնահատել ժողովի անդամներին։
18 Կրկին նայեցեք ձեր ժողովին։ Դուք կտեսնեք հավատարիմ այրիների, որոնք երբեք չեն բացակայում հանդիպումներից (Ղուկաս 2։37)։ Արդյոք նրանք ժամանակ առ ժամանակ իրենց միայնակ զգո՞ւմ են։ Անշուշտ։ Նրանք խիստ զգում են իրենց կողակիցների բացակայությունը, սակայն շարունակում են ծառայել Եհովային և անհատապես հետաքրքրվում են ուրիշներով։ Նրանց հավասարակշռված, դրական մտայնությունը ավելացնում է ժողովի ուրախությունը։ Ավելի քան 30 տարի լիաժամ ծառայության մեջ գտնվող մի քրիստոնյա ասաց. «Իմ ամենամեծ ուրախություններից մեկն այն է, որ ավելի տարեց եղբայրներն ու քույրերը, որոնք բազմաթիվ փորձությունների միջով են անցել, մինչև հիմա հավատարմորեն ծառայում են Եհովային»։ Այո՛, ժողովի տարեց քրիստոնյաները քաջալերանքի մեծ աղբյուր են հանդիսանում երիտասարդների համար։
19 Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր միայն վերջերս են միացել ժողովին։ Չե՞նք ոգևորվում, երբ նրանք իրենց հավատն են դրսևորում հանդիպումների ժամանակ։ Մի պահ խորհեցեք, թե որքան են նրանք առաջ ընթացել Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու օրվանից։ Այո՛, դա Եհովային շատ է ուրախացնում։ Իսկ մե՞զ։ Ցո՞ւյց ենք տալիս մեր հավանությունը՝ գովելով նրանց իրենց ջանքերի համար։
20. Ինչո՞ւ կարելի է ասել, որ ժողովի յուրաքանչյուր անդամ կարևոր դեր է խաղում ժողովում։
20 Ամուսնացա՞ծ եք, թե՝ ոչ։ Միայնակ ծնո՞ղ եք։ Հորդ կամ մորդ կորցրած երեխա՞ ես։ Կամ գուցե այրի՞ եք։ Արդեն երկար տարինե՞ր է, ինչ ժողովում եք, թե՞ նորերս եք սկսել հաճախել։ Վստահ եղեք, որ ձեր հավատարիմ ընթացքը քաջալերում է մեզ բոլորիս։ Եվ երբ երգում եք Թագավորության երգերը, մեկնաբանություն եք տալիս կամ ելույթ եք ունենում Աստվածապետական ծառայության դպրոցում, այդ ամենով ավելացնում եք մեր ուրախությունը։ Իսկ ամենակարևորը՝ ուրախությամբ եք լցնում Եհովայի սիրտը։
21. Ի՞նչ անելու բազում պատճառներ ունենք, սակայն ի՞նչ հարցեր են ծագում։
21 Այո՛, նույնիսկ այսպիսի անհանգիստ ժամանակներում մենք կարող ենք ուրախությամբ երկրպագել մեր ուրախ Աստծուն։ Շատ պատճառներ ունենք ընդառաջելու Պողոսի քաջալերանքին. «Ուրախ եղէք, ....եւ սէրի եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ [կ]լինի» (Բ Կորընթացիս 13։11, ԱԹ)։ Սակայն ի՞նչ կարելի է ասել, երբ բնական աղետ է հարվածում, հալածվում ենք կամ ծանր տնտեսական կացության մեջ ենք։ Հնարավո՞ր է այդպիսի իրավիճակներում պահպանել ուրախությունը։ Դրա մասին կիմանանք՝ քննելով հաջորդ հոդվածը։
[ծանոթագրություն]
a Տեսեք «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը, հատոր 2, էջ 119, անգլ.։ Հրատարակված է Եհովայի վկաների կողմից։
Կարո՞ղ եք պատասխանել
• Ի՞նչ է ուրախությունը։
• Ինչպե՞ս է դրական տրամադրվածությունն օգնում մեզ ուրախ մնալ։
• Ի՞նչը կարող է օգնել մեզ՝ դրականորեն տրամադրվելու ժողովի քարոզչական տարածքի նկատմամբ։
• Ինչպե՞ս կարող եք բարձր գնահատել ձեր ժողովի եղբայրներին ու քույրերին։
[նկարներ 10–րդ էջի վրա]
Մեր քարոզչական տարածքում ապրող մարդիկ կարող են փոխվել
[նկար 12–րդ էջի վրա]
Ինչպիսի՞ դժվարություններ են դիմագրավում ձեր ժողովի անդամները