Ինչպե՞ս գտնել իսկական երջանկություն
Բուդդայական կրոնական առաջնորդ Դալայ–լաման ասել է. «Հավատում եմ, որ մեր կյանքի իսկական իմաստը երջանկություն փնտրելն է»։ Այնուհետև նա բացատրել էր իր տեսակետը, համաձայն որի, երջանկության կարելի է հասնել՝ կրթելով և վարժելով միտքն ու սիրտը։ «Միտքը,— ասել է նա,— միակ կարևոր միջոցն է, որով կարելի է հասնել երջանկության»։ Նրա կարծիքով՝ կարևոր չէ հավատալ Աստծուն։a
Դրան հակառակ՝ նկատի առեք Հիսուսին, որն ամուր հավատ ուներ առ Աստված, և նրա ուսմունքները դարեր շարունակ իրենց ազդեցությունն են թողել հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքերի վրա։ Հիսուսն անտարբեր չէր մարդու երջանկության հանդեպ։ Իր հանրահայտ Լեռան քարոզը նա սկսել էր ինը երանիներով. ինը արտահայտություններ, որոնք այսպես էին սկսվում. «Երանի՜....» (Մատթէոս 5։1–12)։ Այդ նույն քարոզում Հիսուսն իր ունկնդիրներին սովորեցնում էր քննել, զտել և դաստիարակել իրենց միտքն ու սիրտը՝ բռնի, անբարո և եսասիրական մտքերը փոխարինելով խաղաղարար, մաքուր ու ուրիշների հանդեպ սիրով լեցուն մտքերով (Մատթէոս 5։21, 22, 27, 28; 6։19–21)։ Եվ ինչպես նրա աշակերտներից մեկն էր ավելի ուշ կոչ անում, մենք պետք է ‘խորհենք’ այն, ինչ որ «ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ» (Փիլիպպեցիս 4։8)։
Հիսուսը գիտեր, որ իսկական երջանկություն ունենալու համար հարկավոր է նաև փոխհարաբերություններ ունենալ ուրիշների հետ։ Մենք՝ մարդիկս, էությամբ շփվող ենք, ուստի, չենք կարող իսկապես երջանիկ լինել, եթե մեզ մեկուսացնենք ուրիշներից կամ էլ շարունակ ընդհարվենք շրջապատի մարդկանց հետ։ Մենք երջանիկ կարող ենք լինել միայն այն դեպքում, եթե զգում ենք, որ սիրված ենք և սիրում ենք ուրիշներին։ Այդ սիրո հիմքը, ինչպես սովորեցրեց Հիսուսը, Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերություններն են։ Հատկապես այս հարցում Հիսուսի ուսմունքները զատորոշվում են Դալայ–լամայի ուսմունքներից, քանզի նա սովորեցրեց, որ մարդիկ, ապրելով Աստծուց անկախ, չեն կարող իսկապես երջանիկ լինել։ Բայց ինչո՞ւ (Մատթէոս 4։4; 22։37–39)։
Մտածեք ձեր հոգևոր կարիքների մասին
«Երանիներից» մեկը հետևյալն է. «Երանի նրանց, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթէոս 5։3, ՆԱ)։ Ինչո՞ւ Հիսուսն այդպես արտահայտվեց. քանի որ մենք, ի տարբերություն կենդանիների, ունենք հոգևոր կարիքներ։ Ստեղծված լինելով Աստծո պատկերով՝ մենք ինչ–որ չափով կարող ենք մեր մեջ զարգացնել Աստծո հատկությունները, ինչպես օրինակ, սերը, արդարությունը, գթությունն ու իմաստնությունը (Ծննդոց 1։27; Միքիա 6։8; Ա Յովհաննէս 4։8)։ Մեր հոգևոր կարիքների մեջ է մտնում կյանքում նպատակ ունենալը։
Ինչպե՞ս կարելի է բավարարել այդ կարիքները. ո՛չ մտահայեցողական խորհրդածումներով կամ էլ զուտ ինքնադիտարկմամբ։ Հիսուսն ասաց. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթէոս 4։4)։ Ուշադրություն դարձրեք. Հիսուսն ասաց, որ Աստված այն «ամեն խոսքի» աղբյուրն է, որը կենսականորեն կարևոր է մեր կյանքի համար։ Կան հարցեր, որոնց պատասխանը գտնելու համար միայն Աստված կարող է մեզ օգնել։ Այս հանգամանքն ըմբռնելը անհրաժեշտ է հատկապես այսօր, երբ տարածվում են կյանքի իմաստի ու երջանկության տանող ճանապարհների մասին տեսությունները։ Գրախանութներում ամբողջ բաժիններ են նվիրված այնպիսի գրքերի, որոնք առողջություն, հարստություն ու երջանկություն են խոստանում ընթերցողներին։ Իսկ Ինտերնետում հատուկ տեղ է հատկացվել երջանկության հարցը քննարկելուն։
Այնուամենայնիվ, մարդկային խորհրդածումներն այս հարցում հաճախ սխալ ուղղությամբ են առաջնորդում։ Դրանք սովորաբար ուղղված են մարդու եսասիրական ցանկությունները բավարարելու և հիմնված են սահմանափակ գիտելիքների ու փորձառության վրա՝ շատ հաճախ կեղծ տվյալներ ներկայացնելով։ Օրինակ՝ ինքնակրթական գրքերի հեղինակները գնալով ավելի հաճախ են իրենց գաղափարները հիմնում «էվոլյուցիոն հոգեբանության» տեսության վրա, որը ենթադրում է, որ մարդու հույզերը իրենց արմատներով գնում են դեպի նրա կենդանական սկիզբը։ Սակայն ճշմարտությունը հետևյալն է. երջանկության հասնելու բոլոր փորձերը, որոնք հիմնված են Արարչին անտեսող տեսությունների վրա, չեն կարող հաջողություն ունենալ և, վերջին հաշվով, հուսահատություն են բերում։ Հին ժամանակների մի մարգարե ասել է. «Իմաստուններն ամաչեցին, ....ահա անարգեցին Տիրոջ խօսքը, եւ էլ ի՞նչ իմաստութիւն ունին» (Երեմիա 8։9)։
Եհովա Աստված գիտի, թե ինչպես ենք ստեղծված և ինչ է մեզ հարկավոր իսկական երջանկության համար։ Նա գիտի, թե ինչի համար է մարդուն բնակեցրել երկրի վրա և ինչ է սպասվում ապագայում։ Այդ մասին նա պատմում է Աստվածաշնչում։ Այդ ներշնչված գրքում պարունակվող ինֆորմացիան հասնում է դրականորեն տրամադրված մարդկանց սրտերին և երջանկացնում նրանց (Ղուկաս 10։21; Յովհաննէս 8։32)։ Այդպես պատահեց Հիսուսի աշակերտներից երկուսի հետ։ Հիսուսի մահից հետո նրանք անմխիթար վիճակում էին։ Սակայն այն բանից հետո, երբ հարություն առած Հիսուսը նրանց պատմեց մարդկանց փրկելու վերաբերյալ Աստծո նպատակի մեջ իր ունեցած դերի մասին, այդ աշակերտներն ասացին. «Մեր սրտերն էլ միթէ չէի՞ն ճմլւում մեր մէջ, մինչ նա ճանապարհին խօսում էր մեզ հետ. եւ ինչպէ՜ս էր մեզ բացատրում Գրքերը» (Ղուկաս 24։32)։
Այդ ուրախությունն ավելի է սաստկանում, երբ թույլ ենք տալիս, որ Աստվածաշնչի ճշմարտությունն առաջնորդի մեզ։ Այս առումով՝ երջանկությունը կարելի է համեմատել ծիածանի հետ։ Ծիածանը հայտնվում է հատուկ բարենպաստ պայմաններում, սակայն իդեալական պայմաններում նրա գույներն ավելի վառ են և նույնիսկ կրկնապատկվում են։ Եկեք այժմ նկատի առնենք մի քանի օրինակ և տեսնենք, թե ինչպես կարող է Աստվածաշնչի ուսմունքների կիրառումը մեզ ավելի երջանիկ դարձնել։
Մի՛ բարդացրեք ձեր կյանքը
Նախ՝ ուշադրություն դարձնենք հարստության վերաբերյալ Հիսուսի տված խորհրդին։ Հիսուսը զգուշացրեց, որ հարստության ետևից չվազենք ու դա կյանքի հիմնական նպատակ չդարձնենք։ Դրանից հետո նա մի շատ զարմանալի բան ասաց. «Եթէ քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի» (Մատթէոս 6։19–22)։ Ըստ էության, նա ուզում էր ասել, որ եթե հարստության, իշխանության կամ նման այլ բաների տենչանք, մենք կկորցնենք ավելի կարևոր բաներ։ Քանզի ինչպես Հիսուսը նշեց. «Մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ» (Ղուկաս 12։15)։ Եթե մենք առաջին հերթին հոգ տանենք այն մասին, ինչն իրոք կարևոր է, այն է՝ Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերությունների, մեր ընտանիքի և նման այլ բաների մասին, ապա մեր «աչքը պարզ» կլինի՝ ոչ կարևոր բաներով չծանրաբեռնված։
Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը ճգնավորություն կամ էլ ծայրաստիճան անձնուրացություն չէր քարոզում։ Հիսուսն ինքն էլ ճգնավոր չէր (Մատթէոս 11։19; Յովհաննէս 2։1–11)։ Սակայն նա սովորեցնում էր, որ նրանք, որոնց համար կյանքը կայանում է զուտ հարստություն կուտակելու մեջ, իրականում կորցնում են այդ կյանքը։
Սան Ֆրանցիսկոյում ապրող մի հոգեբույժ գրել է, որ փողը «բոլոր ստրեսների ու հույզերի պատճառն է» նրանց համար, ովքեր մեծ հարստության տեր են դառնում կյանքի վաղ տարիներից։ «Այդ մարդիկ,— ավելացրել է նա,— գնում են երկու–երեք տուն, ավտոմեքենա, դրամ են ծախսում ամեն մի դատարկ բանի վրա, իսկ երբ տեսնում են, որ ամենը իզուր է [որ երջանկություն այդպես էլ չկա], ընկճվածություն ու դատարկություն են զգում՝ չիմանալով, թե ինչ անեն իրենց կյանքի հետ»։ Ի հակադրություն նրանց՝ այն անհատները, ովքեր, հետևելով Հիսուսի խորհրդին, նյութապես ավելի պարզ կյանք են վարում և հոգևորին ավելի շատ ժամանակ հատկացնում, ավելի շուտ երջանկություն կգտնեն։
Հավայիում ապրող Թոմ անունով մի շինարար ցանկություն հայտնեց մասնակցել Աստծո երկրպագության համար կառուցվող շենքերի շինարարությանը։ Այդ շինարարությունն անց էր կացվում խաղաղօվկիանոսյան կղզիներում, որտեղ մարդիկ նյութապես այնքան էլ ապահովված չէին։ Ահա թե ինչ է ասում Թոմը այդ հասարակ մարդկանց մասին. «Այդ կղզիներում ապրող իմ քրիստոնյա քույրերն ու եղբայրները իրոք երջանիկ են։ Նրանք օգնեցին ինձ ավելի լավ հասկանալ, որ փողի ու կարողության մեջ չէ երջանկության գաղտնիքը»։ Բացի այդ, նա ուշադրություն էր դարձրել մյուս կամավոր աշխատողների վրա և նկատել, որ բոլորն էլ բավարարված են իրենց ունեցածով։ «Նրանք հնարավորություն ունեին մեծ կարողություն դիզելու, բայց հոգևորը իրենց կյանքում առաջին տեղն են դրել և հասարակ կյանք են վարում»,— ասում է Թոմը։ Այդ օրինակներով ոգեշնչված՝ Թոմը պարզեցրեց իր կյանքը, որպեսզի կարողանա ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին և հոգևորին։ Նա չի զղջում, որ նման քայլի է դիմել կյանքում։
Երջանկությունը և սեփական արժանապատվության զգացումը
Երջանիկ լինելու համար մարդուն անչափ անհրաժեշտ է սեփական արժանապատվության զգացում ունենալ։ Մարդկային անկատարությունն ու դրա հետևանքով առաջացած թուլությունները ստիպում են ոմանց թերարժեքության զգացում ունենալ, և շատերի մեջ այդ զգացումն առաջ է եկել դեռևս մանուկ հասակից։ Թերևս դժվար է ձերբազատվել խորապես արմատացած զգացումներից, այնուհանդերձ, դա հնարավոր է. լուծումը Աստծո Խոսքը կիրառելն է։
Աստվածաշունչը բացատրում է, թե ինչ է Աստված զգում մեր հանդեպ։ Մի՞թե Աստծո կարծիքը մեզ համար ավելի կարևոր չէ, քան մեկ ուրիշի կարծիքը, նույնիսկ՝ մեր սեփականը։ Սիրո մարմնացում հանդիսացող Աստված մեզ նայում է առանց նախապաշարումների և հիշաչարության։ Նա գիտի, թե ինչպիսին ենք մենք և ինչպիսին կարող ենք լինել (Ա Թագաւորաց 16։7; Ա Յովհաննէս 4։8)։ Աստծո համար մեծապես գնահատելի ու ցանկալի են այն անհատները, ովքեր ուզում են գոհացնել՝ իրեն անկախ այն բանից, թե ինչպիսի թերություններ ունեն նրանք (Դանիէլ 9։23; Անգէ 2։7)։
Իհարկե, Աստված չի անտեսում մեր թերություններն ու մեղքերը։ Նա ցանկանում է, որ մենք մեր ողջ ուժերը ներդնենք ճիշտն անելու մեջ և դա անելու համար թիկունք է կանգնում մեզ (Ղուկաս 13։24)։ Սակայն Աստվածաշունչն ասում է նաև, որ «ինչպէս որ հայրը կ’գթայ որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին»։ Նաև ասում է. «Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր։ Որովհետեւ քեզ մօտ է թողութիւնը, որ քեզանից վախենան» (Սաղմոս 103։13; 130։3, 4)։
Ուստի ջանացեք նայել ձեզ Աստծո աչքերով։ Թեև մարդիկ գուցե իրենք իրենց անարժան համարեն, սակայն Աստծո համար թանկ են իրեն սիրողները ու նա վստահում է նրանց. գիտակցելով դա՝ մարդը կարող է ավելի երջանիկ լինել (Ա Յովհաննէս 3։19, 20)։
Հույս, որ նպաստում է երջանկությանը
Համաձայն վերջերս մշակվող դրական հոգեբանություն կոչվող կոնցեպցիայի՝ դրական մտքերի և մարդկանց մեջ լավը տեսնելու ձգտման վրա հիմնված լավատեսությունը նպաստում է երջանկությանը։ Դժվար թե որևէ մեկը ժխտի, որ ներկայի և ապագայի հանդեպ լավատեսական տրամադրվածությունը օգնում է երջանիկ լինել։ Սակայն նման լավատեսությունը պետք է հիմնված լինի փաստերի և ոչ թե՝ որևէ մեկի երազանքների վրա։ Բացի այդ, լավատեսությունը կամ դրական մտածելակերպն ի վիճակի չեն վերացնելու պատերազմները, սովը, հիվանդությունները, շրջապատի աղտոտումը, ծերությունն ու մահը. այնպիսի բաներ, որ շատերին են զրկում երջանկությունից։ Այնուամենայիվ, լավատեսությունը իր որոշակի դերն է խաղում մարդու կյանքում։
Հետաքրքրական է, որ Աստվածաշնչում չի հանդիպում «լավատեսություն» բառը, այլ օգտագործվում է ավելի ծանրակշիռ մի բառ՝ «հույս»։ Մի բառարան «հույս»–ը Աստվածաշնչի համատեքստում սահմանում է որպես «հաճելի և վստահ սպասելիք.... հաճելի ակնկալիք» («Vine’s Complete Expository Dictionary»)։ Աստվածաշնչում հույսը մի որևէ բանի հանդեպ դրական տրամադրվածությունից ավելին է նշանակում։ Այդ հույսը նաև հաստատուն է (Եփեսացիս 4։4; Ա Պետրոս 1։3)։ Քրիստոնեական հույսը, օրինակ, կայանում է նրանում, որ բոլոր դժբախտությունները, որոնց մասին հիշատակվեց նախորդ պարբերությունում, շուտով վերացված կլինեն (Սաղմոս 37։9–11, 29)։ Բայց սա դեռ բոլորը չէ։
Քրիստոնյաները սպասում են այն ժամանակին, երբ Աստծուն հավատարիմ մարդիկ կհասնեն կատարելության և կապրեն դրախտ–երկրի վրա (Ղուկաս 23։42, 43)։ Յայտնութիւն 21։ 3, 4 համարներն ավելին են ասում այդ հույսի մասին։ «Ահա՛ւասիկ Աստծու խորանը, որ մարդկանց մէջ է. նա պիտի բնակուի նրանց հետ, եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը.... եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ»։
Յուրաքանչյուր մարդ, ով ակնկալում է այսպիսի ապագա ունենալ, կարող է իսկապես երջանիկ լինել, եթե նույնիսկ նրա ներկա հանգամանքներն այնքան էլ նպաստավոր չեն (Յակոբոս 1։12)։ Ուրեմն, ինչու չուսումնասիրել Աստվածաշունչը ու չհամոզվել, թե ինչո՛ւ կարող եք հավատալ նրան։ Ամրապընդե՛ք ձեր հույսը՝ ամեն օր Աստվածաշունչ ընթերցելով։ Դա ձեզ հոգևորապես կհարստացնի, կօգնի խուսափել այն ամենից, ինչը կարող է խլել ձեր ուրախությունը և ձեր մեջ կամրացնի բավարարվածության զգացումը։ Իսկական երջանկության գաղտնիքն Աստծո կամքը կատարելն է (Ժողովող 12։13)։ Հնազանդվելով Աստվածաշնչի պատվիրաններին՝ մենք երջանիկ կլինենք, քանզի Հիսուսն ասաց. «Երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խօսքը եւ կը պահեն» (Ղուկաս 11։28)։
[ծանոթագրություն]
a Բուդդայականների համար անպայման չէ հավատալ Աստծուն։
[նկարներ 5–րդ էջի վրա]
Հնարավոր չէ հասնել երջանկության՝ հարստություն դիզելով, մարդկանցից մեկուսանալով կամ էլ մարդկային սահմանափակ գիտելիքների վրա հույս դնելով
[նկար 6–րդ էջի վրա]
Աստծո Խոսքին հնազանդվելով՝ մենք երջանիկ կլինենք
[նկար 7–րդ էջի վրա]
Քրիստոնեական հույսը երջանիկ է դարձնում մարդուն