Աստվածաշնչի գիրք համար 39. Մաղաքիա
Գրողը՝ Մաղաքիա
Գրվելու վայրը՝ Երուսաղեմ
Գրության ավարտը՝ մ.թ.ա. 443թ.-ից հետո
1. Ի՞նչն է ցույց տալիս, որ Մաղաքիան անմնացորդ նվիրված է եղել Եհովա Աստծուն։
Ո՞Վ Է եղել Մաղաքիան։ Նրա ծագման ու կյանքի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա։ Այնուհանդերձ, Մաղաքիայի մարգարեության բովանդակությունը պարզորոշ ցույց է տալիս, որ նա անմնացորդ նվիրված է եղել Եհովա Աստծուն, պաշտպանել է նրա անունն ու մաքուր երկրպագությունը, ինչպես նաև խիստ վրդովվել է նրանց վրա, ովքեր ձևացրել են, թե Աստծու ծառաներ են, սակայն իրականում եղել են սեփական անձերի ծառաներ։ Նրա գրքի չորս գլուխներում Եհովայի անունը հանդիպում է 48 անգամ։
2. Հավանաբար ի՞նչ է նշանակում «Մաղաքիա» անունը, և, ակներևաբար, ե՞րբ է նա ապրել։
2 «Մաղաքիա» անունը (եբրայերեն՝ Մալախի) հավանաբար նշանակում է «իմ պատգամաբեր»։ Եբրայերեն Գրություններում և «Յոթանասնից» թարգմանությունում «Մաղաքիա» գիրքը վերջինն է «12 փոքր մարգարեների» բաժնում, ինչը համապատասխանում է այդ գրքերի ժամանակագրական հաջորդականությանը։ Ըստ հրեական Մեծ ժողովարանի ավանդության՝ Մաղաքիան ապրել է Անգե և Զաքարիա մարգարեներից հետո և եղել է Նեեմիայի ժամանակակիցը։
3. Ի՞նչն է ցույց տալիս, որ «Մաղաքիա» գիրքը գրի է առնվել մ.թ.ա. 443-ից հետո։
3 Ե՞րբ է գրվել «Մաղաքիա» գիրքը։ Ինչ-որ «կառավարչի» օրերում, որը իշխել է Հուդայի 70-ամյա ամայացումից հետո Երուսաղեմի վերականգնման ժամանակ (Մաղ. 1։8)։ Իսկ ո՞վ էր այդ կառավարիչը։ Քանի որ գիրքը տաճարում մատուցվող ծառայությունը հիշատակելիս ոչինչ չի ասում տաճարի շինարարության մասին, ուստի պետք է որ այն գրված լինի Զորաբաբելի իշխանությունից հետո, որովհետև նրա օրոք էր ավարտվել տաճարի շինարարությունը։ Աստվածաշնչում, Զորաբաբելից բացի, այս ժամանակահատվածում հիշատակվող միակ կառավարիչը Նեեմիան է։ Համընկնո՞ւմ է արդյոք Մաղաքիայի մարգարեությունը Նեեմիայի ժամանակներին։ Այնտեղ ոչինչ չի ասվում Երուսաղեմի ու քաղաքի պարսպի վերակառուցման մասին, ինչը բացառում է, որ գիրքը գրված լինի Նեեմիայի իշխանության վաղ տարիներին։ Սակայն բավական շատ է խոսվում քահանաների կողմից իրենց պարտականությունները չարաշահելու մասին, իսկ այդպիսի իրավիճակ Երուսաղեմում տիրում էր այն ժամանակ, երբ Նեեմիան երկրորդ անգամ այցելեց Երուսաղեմ այն բանից հետո, երբ Արտաքսերքսես թագավորը իր իշխանության 32-րդ տարում՝ մ.թ.ա. 443թ.-ին, հետ կանչեց նրան Բաբելոն (Մաղ. 2։1; Նեեմ. 13։6)։ «Մաղաքիա» և «Նեեմիա» գրքերում հանդիպող նույնանման հատվածները նույնպես վկայում են, որ Մաղաքիայի մարգարեությունը վերաբերում է հենց այդ ժամանակահատվածին (Մաղ. 2։4–8, 11, 12 — Նեեմ. 13։11, 15, 23–26; Մաղ. 3։8–10 — Նեեմ. 13։10–12)։
4. Ի՞նչն է փաստում, որ «Մաղաքիա» գիրքը վավերական է և գրվել է Աստծու ներշնչմամբ։
4 «Մաղաքիա» գիրքը հրեաները միշտ վավերական են համարել։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում այդ գրքից արված մեջբերումները, որոնցից մի քանիսը ցույց են տալիս նրա մարգարեության կատարումները, ապացուցում են, որ Մաղաքիայի գիրքը գրվել է Աստծու ներշնչմամբ և մտել է Եբրայերեն Գրությունների կանոնի մեջ, որի վավերական լինելը ճանաչվել է նաև քրիստոնեական ժողովի կողմից (Մաղ. 1։2, 3 — Հռոմ. 9։13; Մաղ. 3։1 — Մատթ. 11։10, Ղուկ. 1։76 և 7։27; Մաղ. 4։5, 6 — Մատթ. 11։14 և 17։10–13, Մարկ. 9։10–12 և Ղուկ. 1։17)։
5. Ժողովրդի ինչպիսի՞ հոգևոր վիճակը դրդեց Մաղաքիային մարգարեանալու։
5 Մաղաքիայի մարգարեությունից երևում է, որ այն եռանդն ու ոգևորությունը, որը ներշնչել էին Անգեն ու Զաքարիան տաճարի վերակառուցման ժամանակ, մարել էր։ Քահանաները դարձել էին անհոգ, հպարտ ու ինքնագոհ։ Տաճարում մատուցվող ծառայությունները ծաղրուծանակի առարկա էին դարձել։ Մարդիկ տասանորդներ ու ընծաներ չէին բերում՝ մտածելով, որ Աստված հետաքրքրված չէ Իսրայելով։ Զորաբաբելի հետ կապված հույսերը չէին իրականացել, և հակառակ ոմանց սպասումների՝ Մեսիան չէր եկել։ Հրեաները հոգևորապես թուլացել էին։ Ի՞նչը կարող էր նրանց քաջալերել ու հույս տալ։ Ինչպե՞ս կարելի էր ժողովրդին տեղեկացնել նրա իրական վիճակի մասին և մղել արդար գործերի։ Պատասխանը գտնում ենք Մաղաքիայի մարգարեության մեջ։
6. Ի՞նչ ոճով է գրել Մաղաքիան։
6 Մաղաքիայի գրության ոճը դիպուկ է ու համոզիչ։ Նախ նա դատողություն է անում, հետո պատասխանում է այն առարկություններին, որոնք բարձրացրել են նրանք, ում ուղղված է իր խոսքը։ Այնուհետև հաստատում է առաջին դատողությունը։ Դա նրա փաստարկներին ուժգնություն և կենդանություն է հաղորդում։ Պերճախոսելու փոխարեն՝ Մաղաքիան օգտագործել է կտրուկ և խիստ տրամաբանական ոճ։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
7. Ո՞ւմ հանդեպ սեր և ո՞ւմ հանդեպ ատելություն է արտահայտում Եհովան։
7 Եհովայի պատվիրանը քահանաներին (1։1–2։17)։ Եհովան նախ իր սերն է արտահայտում ժողովրդի հանդեպ։ Նա սիրել է Հակոբին, իսկ Եսավին՝ ատել։ Եթե Եդոմը փորձի շինել իր ավերակները, Եհովան կքանդի դրանք, և այն կկոչվի «ամբարշտության երկիր» ու Եհովայի կողմից դատապարտված ժողովուրդ, քանի որ Եհովան «կմեծարվի ողջ Իսրայելի երկրում» (1։4, 5)։
8. Քահանաներն ինչպե՞ս են պղծել Եհովայի սեղանը, և ինչո՞ւ է նրանց վրա անեծք գալու։
8 Այժմ Եհովան դիմում է «քահանաներին, որ անարգում են իր անունը»։ Երբ նրանք փորձում են արդարանալ, Եհովան մատնանշում է նրանց կույր, կաղ և հիվանդ զոհաբերությունները ու հարցնում, թե արդյոք կառավարչին հաճելի կլինեն այդպիսի զոհերը։ Եհովային տհաճ են դրանք։ Նրա անունը մեծ պետք է լինի ազգերի մեջ, բայց այդ մարդիկ պղծում են նրան՝ ասելով. «Պիղծ է Եհովայի սեղանը»։ Նրանց վրա անեծք կգա, քանի որ նենգությամբ զանց են անում իրենց երդումները՝ անարժեք զոհեր մատուցելով։ «Բայց չէ՞ որ ես մեծ Թագավոր եմ,— ասում է Զորքերի Տեր Եհովան,— և իմ անունը ահ կներշնչի ազգերին» (1։6, 12, 14)։
9. Ինչո՞ւմ են թերացել քահանաները և ինչպե՞ս են պղծել Եհովայի սրբությունը։
9 Այժմ Եհովան պատվիրան է տալիս քահանաներին՝ ասելով, որ եթե իրենց սրտում չդնեն այդ խորհուրդը, նա անեծք կուղարկի նրանց և նրանց օրհնությունների վրա։ Նա գոմաղբ ցրիվ կտա նրանց երեսին՝ տոների ժամանակ զոհաբերված կենդանիների գոմաղբը, քանի որ թերացել են պահել Ղևիի հետ կապած ուխտը։ «Չէ՞ որ քահանայի շուրթերում գիտելիքներ պետք է լինեն, և մարդիկ օրենք պետք է փնտրեն նրա բերանից, որովհետև նա Զորքերի Տեր Եհովայի պատգամաբերն է» (2։7)։ Մաղաքիան խոստովանում է Իսրայելի ու Հուդայի մեծ մեղքը։ Նրանք նենգորեն են վարվում իրար հետ և պղծում են Եհովայի՝ իրենց Հոր և Արարչի սրբությունը՝ կնության առնելով օտարազգի աղջիկների, որոնք պաշտում են կեղծ աստվածների։ Ժողովուրդը ծայրաստիճան ձանձրացրել է Եհովային։ Նույնիսկ հարցնում է. «Որտե՞ղ է արդարության Աստվածը» (2։17)։
10. Ի՞նչ դատաստանի համար Տերը կգա իր տաճար։
10 Ճշմարիտ Տերը և պատգամաբերը (3։1–18)։ Մարգարեությունը հասնում է իր գագաթնակետին «Զորքերի Տեր Եհովայի» հետևյալ խոսքերում. «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և նա իմ առաջ կհարթի ճանապարհը։ Հանկարծակի իր տաճար կգա ճշմարիտ Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք փափագով սպասում եք։ Նա կգա» (3։1)։ Որպես զտող՝ նա կմաքրի Ղևիի որդիներին և պատրաստակամորեն վկայություն կտա ամբարիշտների դեմ, ովքեր չեն վախենում իրենից։ Եհովան չի փոխվում, և քանի որ նրանք Հակոբի որդիներն են, նա ողորմածաբար կվերադառնա նրանց մոտ, եթե նրանք վերադառնան իր մոտ։
11. Հիմա իսրայելացիները ինչպե՞ս պետք է ստուգեն Աստծուն, և ի՞նչ օրհնություններ կլինեն դրանից հետո։
11 Իսրայելացիները կողոպտում են Աստծուն, բայց թող հիմա ստուգեն նրան՝ իրենց տասանորդները ամբար բերելով, որպեսզի նրա տան մեջ ուտելիք լինի, և վստահ լինեն, որ Աստված կբացի երկնքի պատուհանները ու ամբողջությամբ կթափի իր օրհնությունը։ Նրանք ցանկալի երկիր կդառնան, ու բոլոր ազգերը երանի կտան նրանց։ Եհովայից վախեցողները խոսում են իրար հետ, իսկ Եհովան ուշադիր լսում է։ «Եվ նրա առաջ հիշատակի գիրք էր գրվում Եհովայից վախեցողների ու նրա անվան շուրջ խորհրդածողների մասին» (3։16)։ Այն օրը, երբ Եհովան նրանց իր հատուկ սեփականությունը դարձնի, նրանք Եհովայինը կլինեն։
12. Ի՞նչ է խոստացվել Եհովայի ահազդու օրվա հետ կապված։
12 Եհովայի մեծ ու ահազդու օրը (4։1–6)։ Այդ օրը, որ գալիս է, կխժռի ամբարիշտներին՝ չթողնելով ո՛չ արմատ, ո՛չ էլ ճյուղ։ Բայց արդարության արևը կշողա Եհովայի անունից վախեցողների համար, և նրանք կբուժվեն։ Եհովան հորդորում է նրանց հիշել Մովսեսի օրենքը։ Նախքան իր մեծ ու ահազդու օրվա գալը Աստված խոստանում է ուղարկել Եղիա մարգարեին։ «Եվ նա հայրերի սիրտը հետ կդարձնի որդիներին և որդիների սիրտը՝ հայրերին, որպեսզի ես չգամ ու չզարկեմ երկիրը և այն կործանման չմատնեմ» (4։6)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
13. «Մաղաքիա» գիրքն ի՞նչ է ասում ա) Եհովայի ողորմության ու սիրո մասին, բ) Աստծու Խոսքը մարդկանց ուսուցանողների պարտականության մասին, գ) Աստծու օրենքներն ու սկզբունքները խախտողների մասին։
13 «Մաղաքիա» գիրքն օգնում է հասկանալու Եհովա Աստծու անփոփոխ սկզբունքներն ու նրա ողորմած սերը։ Գրքի հենց առաջին տողերում խոսվում է իր ժողովրդի՝ «Հակոբի» հանդեպ Եհովայի տածած խոր սիրո մասին։ Հակոբի որդիներին Եհովան հայտարարեց. «Ես Եհովան եմ, ես չեմ փոխվում»։ Չնայած նրանց մեծ չարությանը՝ նա պատրաստ էր վերադառնալու նրանց մոտ, եթե նրանք վերադառնային իր մոտ։ Իրոք որ, Եհովան ողորմած Աստված է (Մաղ. 1։2; 3։6, 7; Հռոմ. 11։28; Ելք 34։6, 7)։ Մաղաքիայի միջոցով Եհովան շեշտեց, որ «քահանայի շուրթերում գիտելիքներ պետք է լինեն»։ Ամեն ոք, որին վստահված է Աստծու Խոսքը մարդկանց ուսուցանելը, պետք է հետևի այս հորդորին՝ հավաստիանալով, որ ճշգրիտ գիտելիքներ է փոխանցում (Մաղ. 2։7; Փիլիպ. 1։9–11; համեմատի՛ր Հակոբոս 3։1)։ Եհովան չի հանդուրժում կեղծավոր անհատներին, որոնք պնդում են, թե «ամեն չարագործ հաճելի է Եհովայի աչքին»։ Ոչ ոք չպիտի կարծի, թե կարող է խաբել Եհովային՝ ձևականորեն ընծա մատուցելով այս մեծ Թագավորին (Մաղ. 2։17; 1։14; Կող. 3։23, 24)։ Շուտով Եհովան պատրաստակամորեն վկայություն կտա բոլոր նրանց դեմ, ովքեր ոտնակոխ են անում իր արդար օրենքներն ու սկզբունքները։ Ուստի ոչ ոքի չի հաջողվի չարություն գործել ու մնալ անպատիժ. Եհովա՛ն կլինի նրանց դատավորը (Մաղ. 3։5; Եբր. 10։30, 31)։ Իսկ արդարները կարող են վստահ լինել, որ Աստված կհիշի իրենց բարի գործերը և վարձահատույց կլինի։ Նրանք պետք է ուշադրություն դարձնեն Մովսեսի օրենքին, ինչպես Հիսուսը, քանի որ Օրենքում գրված շատ բաներ կատարվել են Հիսուսի վրա (Մաղ. 3։16; 4։4; Ղուկ. 24։44, 45)։
14. ա) Մասնավորապես ինչի՞ մասին է խոսում «Մաղաքիա» գիրքը։ բ) Մ.թ. առաջին դարում ինչպե՞ս կատարվեց Մաղաքիա 3։1-ը։
14 Լինելով Աստծու կողմից ներշնչված Եբրայերեն Գրությունների վերջին գիրքը՝ «Մաղաքիա»-ն խոսում է այն դեպքերի մասին, որոնք կապված են Մեսիայի գալստյան հետ, որի հայտնվելը ավելի քան չորս դար անց հիմք հանդիսացավ Քրիստոնեական Հունարեն Գրությունների արձանագրության համար։ Ինչպես գրված է Մաղաքիա 3։1-ում, Զորքերի Տեր Եհովան ասաց. «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և նա իմ առաջ կհարթի ճանապարհը»։ Տարեց Զաքարիա քահանան, Աստծուց ներշնչված խոսելով, ցույց տվեց, որ այդ խոսքերը կատարվել են իր որդու՝ Հովհաննես Մկրտչի վրա (Ղուկ. 1։76)։ Հիսուս Քրիստոսը հաստատեց դա և ավելացրեց, որ «դեռ վեր չի կացել մեկը, որ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ լինի, սակայն երկնային թագավորության մեջ փոքրը նրանից մեծ է»։ Ինչպես մարգարեացավ Մաղաքիան, Հովհաննեսն ուղարկվեց, որպեսզի «պատրաստի ճանապարհը», ուստի նա չընդգրկվեց այն մարդկանց շարքում, որոնց հետ Հիսուսն ավելի ուշ Թագավորության ուխտ կնքեց (Մատթ. 11։7–12; Ղուկ. 7։27, 28; 22։28–30)։
15. Ո՞վ է Մաղաքիայի մարգարեության «Եղիան»։
15 Այնուհետև Մաղաքիա 4։5, 6 համարներում Եհովան խոստանում է. «Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում Եղիա մարգարեին»։ Ո՞վ է «Եղիան»։ Թե՛ Հիսուսը և թե՛ Զաքարիային հայտնված հրեշտակը այս խոսքերն ասել են Հովհաննես Մկրտչի առնչությամբ՝ ցույց տալով, որ նա է, ով «ամեն բան պիտի վերականգնի» ու «Եհովայի համար մի ժողովուրդ պատրաստի», որպեսզի վերջինս ընդունի Մեսիային։ Սակայն Մաղաքիան ասում է նաև, որ «Եղիան» գալու է «նախքան Եհովայի մեծ ու ահազդու օրվա գալը»՝ դրանով իսկ ցույց տալով, որ մարգարեության մեկ այլ կատարում է լինելու դատաստանի օրը (Մատթ. 17։11; Ղուկ. 1։17; Մատթ. 11։14; Մարկ. 9։12)։
16. Ո՞ր օրհնյալ օրվան է մատնանշում Մաղաքիան և ի՞նչ է խրախուսում։
16 Սպասելով այդ օրվան՝ Զորքերի Տեր Եհովան ասում է. «Արևածագից մինչև արևամուտ իմ անունը մեծ կլինի ազգերի մեջ.... Չէ՞ որ ես մեծ Թագավոր եմ.... և իմ անունը ահ կներշնչի ազգերին»։ Իրոք որ ահարկու է։ Որովհետև «ահա գալիս է այն օրը, որ բորբոքված է հնոցի պես, և հանդուգն ու ամբարշտություն անող բոլոր մարդիկ ծղոտի պես պիտի դառնան»։ Բայց երջանիկ են նրանք, ովքեր ակնածում են Եհովայի անունից, քանի որ նրանց համար «արդարության արևը կշողա, և նրա շողերում բուժում կլինի»։ Այս խոսքերը այն ժամանակի մասին են, երբ հնազանդ մարդիկ ամբողջությամբ ապաքինված կլինեն հոգևոր, էմոցիոնալ, մտային ու ֆիզիկական առումներով (Հայտն. 21։3, 4)։ Մեր ուշադրությունը կենտրոնացնելով այդ փառահեղ ու օրհնյալ օրվա վրա՝ Մաղաքիան խրախուսում է, որ մեր ընծաները սրտանց բերենք Եհովայի տուն։ «Ստուգեք ինձ, խնդրեմ,— ասում է Զորքերի Տեր Եհովան,— արդյոք չե՞մ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն չե՞մ թափի, մինչև որ էլ տեղ չլինի» (Մաղ. 1։11, 14; 4։1, 2; 3։10)։
17. «Մաղաքիա» գրքում լավատեսության ի՞նչ կոչով են մեղմացվում նախազգուշական խոսքերը։
17 Երկիրը «զարկելու և այն կործանման մատնելու» մասին զգուշացնելով՝ մարգարեների այս վերջին գիրքը միևնույն ժամանակ հորդորում է լավատես լինել և ուրախանալ, չէ՞ որ Եհովան իր ժողովրդին ասում է. «Բոլոր ազգերը երանի կտան ձեզ, և դուք ցանկալի երկիր կդառնաք» (4։6; 3։12)։