Եհովան բավարարում է մեր ամենօրյա կարիքները
«Մի գրգռուիք [«Ձեզ մի՛ մտատանջեք», ԱՆԹ]։ Որովհետեւ.... ձեր Հայրը գիտէ՝ որ դորանք ձեզ պէտք են» (ՂՈՒԿԱՍ 12։29, 30)։
1. Ինչպե՞ս է Եհովան սննդով ապահովում կենդանիներին։
ԵՐԲԵՎԷ տեսած կա՞ս, թե ինչպես է ճնճղուկը կամ մեկ այլ թռչուն կերակուր փնտրում այնտեղ, որտեղ, թվում է, կեղտից բացի, ուրիշ ոչինչ չկա։ Հավանաբար զարմանում ես, թե նա ի՞նչ կարող է գտնել՝ գետնի վրա այսուայնտեղ կտցահարելով։ Լեռան քարոզում Հիսուսը ցույց տվեց, որ մենք կարող ենք դասեր քաղել այն բանից, թե ինչպես է Եհովան թռչուններին սննդով ապահովում։ Նա ասաց. «Մտիկ արէք երկնքի թռչուններին, որ չեն սերմում, եւ ոչ էլ հնձում, եւ ոչ ամբարների մէջ ժողովում, եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նորանց. չէ՞ որ դուք նորանցից աւելի լաւ էք» (Մատթէոս 6։26)։ Եհովան զմայլելի ձևով իր բոլոր արարածներին ապահովում է սննդով (Սաղմոս 104։14, 21; 147։9)։
2, 3. Ի՞նչ հոգևոր դասեր կարող ենք քաղել այն բանից, որ Հիսուսը սովորեցնում է մեզ աղոթել մեր ամեն օրվա հացը ունենալու համար։
2 Այդ դեպքում ինչո՞ւ Հիսուսը տիպար աղոթքում ընդգրկեց հետևյալ խնդրանքը. «Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր» (Մատթէոս 6։11)։ Այս պարզ խնդրանքից կարևոր հոգևոր դասեր կարող ենք քաղել։ Առաջին՝ այդ խնդրանքը հիշեցնում է մեզ, որ Եհովան Մեծ Մատակարարն է (Սաղմոս 145։15, 16)։ Մարդիկ կարող են վարուցանքով ու հողի մշակությամբ զբաղվել, բայց միայն Աստված է, որ կարող է աճեցնել՝ թե՛ հոգևորապես, թե՛ ֆիզիկապես (Ա Կորնթացիս 3։7)։ Այն ամենը, ինչ ուտում և խմում ենք, պարգև է Աստծո կողմից (Գործք 14։16)։ Երբ Աստծուց խնդրում ենք, որ մեր ամենօրյա կարիքները բավարարի, դրանով ցույց ենք տալիս, որ մենք սովորական բան չենք համարում այն, որ նա մեզ սնունդ է տալիս։ Ինչ խոսք, նման խնդրանքով Աստծուն դիմել չի նշանակում ազատվել աշխատելու պարտավորությունից, եթե ի վիճակի ենք աշխատել (Եփեսացիս 4։28; Բ Թեսաղոնիկեցիս 3։10)։
3 Երկրորդ՝ այն, որ խնդրում ենք «ամեն օրուայ հացը», նշանակում է, որ մենք չափից դուրս չենք անհանգստանում մեր ապագայով։ Հիսուսն ասաց. «Հոգս մի անէք ասելով, թէ Ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք։ Որովհետեւ այդ ամենքը հեթանոսներն են խնդրում. որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ։ Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ։ Ուրեմն էգուցվայ համար հոգս մի՛ անէք, որովհետեւ էգուցվայ օրն իր համար հոգս կ’անէ» (Մատթէոս 6։31–34)։ «Ամեն օրուայ հացը» խնդրելու մասին աղոթքը օգնում է մեզ, որ պարզ, ‘աստվածապաշտ’ կյանք վարենք՝ «բաւականութեան հետ միասին» (Ա Տիմոթէոս 6։6–8)։
Ամենօրյա հոգևոր կերակուր
4. Հիսուսի և իսրայելացիների կյանքում ո՞ր դեպքերը շեշտեցին հոգևորապես սնվելու կարևորությունը։
4 Ամեն օրվա հացի համար աղոթելը պետք է մեզ հիշեցնի նաև այն մասին, որ մենք ամեն օր կարիք ունենք հոգևորապես սնվելու։ Հիսուսը, թեև խիստ քաղցած էր երկարատև ծոմից հետո, ընդդիմացավ Սատանային, որն առաջարկում էր, որ նա քարերը հաց դարձնի։ Հիսուսն ասաց. «Գրուած է՝ Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը» (Մատթէոս 4։4)։ Հիսուսն այստեղ մեջբերեց Մովսես մարգարեի խոսքերը։ Վերջինս իսրայելացիներին ասել էր. «[Եհովան] քեզ խոնարհեցրեց, եւ սոված պահեց, եւ մանանայ ուտեցրեց, որ ոչ դու էիր ճանաչում եւ ոչ քո հայրերը, որ քեզ իմացնէ թէ ոչ միայն հացով կ’ապրէ մարդ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով [«խօսքովը», ԱԱ] կ’ապրէ» (Բ Օրինաց 8։3)։ Եհովան, իսրայելացիներին մանանա մատակարարելով, նրանց հնարավորություն էր տալիս ոչ միայն սնունդ ունենալ, այլև որոշ հոգևոր դասեր քաղել։ Օրինակ՝ նրանք պետք է «օրուայ պէտք եղածը նոյն օրը ժողովէ[ին]»։ Եթե նրանք պետք եղածից ավելին հավաքեին, ապա դա հոտելու ու որդնոտելու էր (Ելից 16։4, 20)։ Սակայն այդպես չէր լինելու վեցերորդ օրը, երբ նրանք երկու անգամ շատ պետք է հավաքեին, որպեսզի շաբաթ օրվա կերակուրն էլ ունենային (Ելից 16։5, 23, 24)։ Այսպես մանանան հիշեցնում էր նրանց, որ իրենք պետք է հնազանդ լինեն, և որ իրենց կյանքը կախված է ոչ միայն հացից, այլև ‘Եհովայի բերանից դուրս եկած ամեն խոսքից’։
5. Ինչպե՞ս է Եհովան ամեն օր ապահովում մեզ հոգևոր կերակրով։
5 Նմանապես, մենք կարիք ունենք ամեն օր սնվելու այն հոգևոր կերակրով, որ տալիս է Եհովան իր Որդու միջոցով։ Այդ նպատակով Հիսուսը ‘հավատարիմ և իմաստուն ծառային’ նշանակել է՝ ‘ժամանակին կերակուր տալու’ Եհովայի բոլոր հավատարիմ ծառաներին (Մատթէոս 24։45)։ Այդ հավատարիմ ծառա դասակարգը ոչ միայն առատորեն հոգևոր կերակուր՝ Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկներ է մատակարարում, այլև մեզ քաջալերում է ամեն օր կարդալ Աստվածաշունչը (Յեսու 1։8; Սաղմոս 1։1–3)։ Ամեն օր ջանք անելով ավելի շատ բան իմանալ Եհովայի կամքի մասին, ինչպես նաև ջանալով նրա կամքը կատարել՝ մենք նույնպես, Հիսուսի նման, կարող ենք հոգևոր կենսամիջոցներ ստանալ (Յովհաննէս 4։34)։
Մեղքերի թողություն
6. Ո՞ր պարտքերի համար պետք է ներում խնդրենք, և ո՞ր դեպքում է Եհովան պատրաստ չեղյալ համարել դրանք։
6 Տիպար աղոթքում հաջորդ խնդրանքը հետևյալն է. «Թող [«Ներէ», ԱԱ] մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք [«կը ներենք», ԱԱ] մեր պարտականներին» (Մատթէոս 6։12)։ Այստեղ Հիսուսը նկատի չուներ դրամական պարտքը։ Նա նկատի ուներ մեր մեղքերի թողությունը։ Ղուկասի Ավետարանում տիպար աղոթքի այս մասը հնչում է հետևյալ կերպ. «Թող մեզ մեր մեղքերը. որովհետեւ մենք էլ թողում ենք ամենին, որ պարտական է մեզ» (Ղուկաս 11։4)։ Ուրեմն, երբ մեղք ենք գործում, մենք կարծես թե պարտք ենք մնում Եհովային։ Բայց մեր սիրառատ Աստվածը պատրաստ է ‘ջնջելու’՝ չեղյալ համարելու այդ պարտքը, եթե անկեղծորեն զղջանք, ‘ետ դառնանք’ ու Քրիստոսի քավիչ զոհաբերությանը հավատ ընծայելու հիման վրա նրանից ներում հայցենք (Գործք 3։19; 10։43; Ա Տիմոթէոս 2։5, 6)։
7. Ինչո՞ւ պետք է ամեն օր աղոթենք մեղքերի թողության համար։
7 Նաև, մենք մեղք ենք գործում, եթե չենք բավարարում Եհովայի՝ արդարության չափանիշները։ Ժառանգած անկատարության պատճառով մենք բոլորս մեղանչում ենք խոսքով, գործով ու մտքով կամ էլ չենք անում այն, ինչ պետք է անենք (Ժողովող 7։20; Հռովմայեցիս 3։23; Յակոբոս 3։2; 4։17)։ Ուստի, անկախ այն բանից՝ գիտակցում ենք, թե՝ ոչ, որ օրվա ընթացքում մեղանչել ենք՝ կարիք ունենք մեր ամենօրյա աղոթքներում ներում հայցել Աստծուց մեր մեղքերի համար (Սաղմոս 19։12; 40։12)։
8. Ներում ստանալու համար աղոթելը ի՞նչ անելու պետք է մեզ մղի, և այդ դեպքում ի՞նչ օգտավետ արդյունքներ կլինեն։
8 Այն բանից հետո, երբ մենք ազնվորեն ինքնաքննություն ենք կատարել, զղջացել ենք ու հավատ ընծայելով Քրիստոսի թափած արյան քավիչ զորությանը՝ խոստովանել ենք մեր մեղքը, պետք է աղոթենք ներում ստանալու համար (Ա Յովհաննէս 1։7–9)։ Ցույց տալու համար, որ իսկապես անկեղծ ենք մեր աղոթքում, մենք պետք է գործենք մեր խնդրանքին համապատասխան՝ «ապաշխարութեան արժանի գործեր» անելով (Գործք 26։20)։ Այդժամ մենք կլցվենք հավատով, որ Եհովան պատրաստ է ներել մեր մեղքերը (Սաղմոս 86։5; 103։8–14)։ Արդյունքը կլինի ոչ մի բանի հետ չհամեմատվող հոգեկան անդորրը՝ «Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է», որը «կ’պահպանէ [մեր] սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4։7)։ Սակայն Հիսուսի տիպար աղոթքը է՛լ ավելին է մեզ սովորեցնում այն մասին, թե ինչ պետք է անենք, որպեսզի մեղքերի թողություն ստանանք։
Որպեսզի ներում ստանանք, պետք է ներենք
9, 10. ա) Ի՞նչ բացատրություն Հիսուսն ավելացրեց տիպար աղոթքին, և դրանով ի՞նչը շեշտվեց։ բ) Հիսուսն ինչպե՞ս լուսաբանեց ներելու անհրաժեշտությունը։
9 Հետաքրքիր է, որ «թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին» խնդրանքը տիպար աղոթքի միակ հատվածն է, որը Հիսուսը մեկնաբանել է։ Այդ աղոթքն ավարտելուց հետո նա ավելացրեց. «Որովհետեւ եթէ դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կ’թողէ։ Իսկ եթէ դուք մարդկանց չէք թողիլ նորանց յանցանքները, ձեր Հայրն էլ չի թողիլ ձեր յանցանքները» (Մատթէոս 6։14, 15)։ Այսպիսով, Հիսուսը շատ պարզ ցույց տվեց, որ եթե ուզում ենք, որ Եհովան մեզ ների, ապա պետք է կամենանք ներել ուրիշներին (Մարկոս 11։25)։
10 Մեկ այլ դեպքում Հիսուսը մի օրինակ պատմեց, որը ցույց է տալիս, որ մենք պետք է ներենք, եթե Եհովայից ակնկալում ենք, որ մեզ ների։ Նա պատմեց մի թագավորի մասին, որը մեծահոգաբար ներեց իր ծառայի հսկայական պարտքը։ Այդ թագավորը ավելի ուշ խստորեն պատժեց այդ նույն ծառային, երբ վերջինս չցանկացավ ներել մեկ այլ ծառայի անհամեմատ փոքր պարտքը։ Իր օրինակը Հիսուսը ամփոփեց՝ ասելով. «Այսպէս էլ իմ երկնաւոր Հայրը կ’անէ ձեզ, եթէ դուք ամեն մէկդ իր եղբօրը՝ ձեր բոլոր սրտիցը չ’թողէք նորանց յանցանքը» (Մատթէոս 18։23–35)։ Միանգամայն պարզ է, թե ինչ դաս ենք քաղում. այն մեղքը՝ պարտքը, որ Եհովան ներել է մեզանից յուրաքանչյուրին, անչափելիորեն մեծ է, քան այն սխալը, որ ինչ–որ մեկը գուցե արել է մեր հանդեպ։ Ավելին, Եհովան ամե՛ն օր է մեզ ներում։ Ուրեմն, մենք անշուշտ կարող ենք ներել մարդկանց, որոնք երբեմն վիրավորում են մեզ։
11. Պողոս առաքյալի ո՞ր խորհրդին պետք է հետևենք, եթե ակնկալում ենք, որ Եհովան մեզ ների, և ի՞նչ լավ արդյունքներ կլինեն։
11 Պողոս առաքյալը գրեց. «Իրար հետ քաղցր եղէք, գթած՝ իրար ներելով, ինչպէս Աստուած էլ Քրիստոսով ձեզ ներեց» (Եփեսացիս 4։32)։ Եթե քրիստոնյաները իրար փոխադարձաբար ներեն, ապա դա կնպաստի, որ նրանց միջև խաղաղություն լինի։ Պողոսն այնուհետև հորդորեց. «Ուրեմն հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն. իրար համբերելով եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ [«Եհովան», ՆԱ] ձեզ ներեց, այնպէս էլ դուք. եւ այս ամենի վերայ հագէք սէրը, որ կատարելութեան կապն է» (Կողոսացիս 3։12–14)։ Այս բոլոր հատկությունները ամփոփված են Հիսուսի սովորեցրած աղոթքում. «Թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին»։
Պաշտպանություն փորձության ժամանակ
12, 13. ա) Ի՞նչ չի կարող լինել տիպար աղոթքի նախավերջին խնդրանքի իմաստը։ բ) Ո՞վ է մեծ Փորձիչը, և ի՞նչ ենք ուզում ասել, երբ աղոթում ենք Աստծուն, որ մեզ ‘փորձության մեջ չտանի’։
12 Հիսուսի տիպար աղոթքում նախավերջին խնդրանքը հետևյալն է. «Մի տանիր մեզ փորձութեան մէջ» (Մատթէոս 6։13)։ Արդյո՞ք Հիսուսը նկատի ուներ, որ մենք պետք է խնդրենք Եհովային, որ մեզ չփորձի։ Ոչ, այդպես լինել չի կարող, քանի որ Հակոբոս աշակերտը Աստծո ներշնչումով գրեց. «Ոչ ով, որ փորձութեան մէջ է, չ’ասէ թէ Աստուածանից եմ փորձվում. որովհետեւ Աստուած չար բաներով չէ փորձվում. ինքն էլ ոչ մէկին չէ փորձում» (Յակոբոս 1։13)։ Իսկ սաղմոսերգուն գրել է. «Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր» (Սաղմոս 130։3)։ Եհովան չի սպասում, թե երբ կսխալվենք, և, անտարակույս, նա չի դրդում մեզ սխալներ գործելու։ Այդ դեպքում տիպար աղոթքի այս մասը ի՞նչ է նշանակում։
13 Բանսարկու Սատանան է, որ փորձում է մեզ դրդել սխալ գործելու, իր հնարքներով մեզ վայր գցել և նույնիսկ մեզ կուլ տալ (Եփեսացիս 6։11)։ Նա է մեծ Փորձիչը (Ա Թեսաղոնիկեցիս 3։5)։ Աղոթելով չտանել մեզ փորձության մեջ՝ մենք խնդրում ենք Եհովայից, որ թույլ չտա մեզ ընկնել, երբ փորձության մեջ ենք։ Մենք նրան խնդրում ենք, որ «սատանան մեզ զրկանք չ’անէ»՝ մեզ չխաբի, և որ դիմանանք փորձություններին (Բ Կորնթացիս 2։11)։ Մենք աղոթում ենք, որ մնանք «Բարձրեալի ծածկոցի տակ»՝ հոգևոր պաշտպանություն ստանալով, որը կարող են ունենալ այն մարդիկ, ովքեր իրենց բոլոր գործերով ցույց են տալիս, որ ճանաչում են Եհովայի գերիշխանությունը (Սաղմոս 91։1–3)։
14. Ինչպե՞ս է Պողոս առաքյալը վստահեցնում, որ Եհովան երբեք չի լքի մեզ, եթե փորձության ժամանակ մեր հույսը դնենք նրա վրա։
14 Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան երբեք չի լքի մեզ, եթե իհարկե սրտանց ցանկանում ենք, որ նա մեզ հետ լինի, և եթե մեր աղոթքներն ու գործերը այդ ցանկությունն են վկայում։ Պողոս առաքյալը վստահեցնում է մեզ. «Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս 10։13)։
«Ազատիր մեզ չարիցը»
15. Ինչո՞ւ հիմա, առավել քան երբևէ, կարևոր է աղոթել Եհովային, որ մեզ ազատի չարից։
15 Համաձայն Քրիստոնեական Հունարեն Գրությունների ամենավստահելի բնագրերի՝ Հիսուսի տիպար աղոթքը վերջանում է հետևյալ խոսքերով. «Ազատիր մեզ չարից»a (Մատթէոս 6։13)։ Այս վերջին ժամանակներում մենք Սատանայից պաշտպանվելու ավելի շատ կարիք ունենք։ Սատանան ու նրա դևերը պատերազմ են մղում ինչպես օծյալ մնացորդի դեմ, որ «Աստուծոյ պատուիրանքները պահում [է]» ու Հիսուս Քրիստոսի մասին է վկայում, այնպես էլ նրանց ուղեկիցների՝ «մեծ բազմության» (ԱԱ) դեմ (Յայտնութիւն 7։9; 12։9, 17)։ Պետրոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց. «Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ [«մռնչող», ԱԱ] առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ։ Որին հակառակ կացէք հաւատքով հաստատուած» (Ա Պետրոս 5։8, 9)։ Սատանան ցանկանում է կանգնեցնել վկայության գործը և իր երկրային գործակալների միջոցով՝ լինեն դրանք կրոնական, առևտրական թե քաղաքական բնագավառներից, փորձում է վախեցնել մեզ։ Բայց եթե աննկուն մնանք, Եհովան մեզ կազատի։ Հակոբոս աշակերտը գրեց. «Հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից» (Յակոբոս 4։7)։
16. Եհովան իր տրամադրության տակ ի՞նչ միջոցներ ունի, որոնցով կարող է օգնել փորձության մեջ գտնվող իր ծառաներին։
16 Եհովան թույլ տվեց, որ իր Որդին փորձվի։ Բայց երբ Հիսուսը դիմադրեց Սատանային՝ Աստծո Խոսքը օգտագործելով որպես պաշտպանություն, Եհովան ուղարկեց իր հրեշտակներին, որ զորացնի նրան (Մատթէոս 4։1–11)։ Նման ձևով, Աստված իր հրեշտակների միջոցով կօգնի մեզ, եթե հավատով աղոթենք իրեն ու նրան դարձնենք մեր ապավենը (Սաղմոս 34։7; 91։9–11)։ Պետրոս առաքյալը գրեց. «Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձանքից, եւ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար» (Բ Պետրոս 2։9)։
Լիակատար ազատագրումը մոտ է
17. Սովորեցնելով տիպար աղոթքը՝ ինչպե՞ս է Հիսուսը ցույց է տալիս, թե որն է ճիշտ տեսակետը իրերի հանդեպ։
17 Տիպար աղոթքում Հիսուսը ցույց է տալիս, թե որն է ճիշտ տեսակետը իրերի հանդեպ։ Մեր գլխավոր հետաքրքրությունը պետք է լինի Եհովայի մեծ ու սուրբ անվան սրբացումը։ Քանի որ դա արվելու է Մեսիական Թագավորության միջոցով, մենք աղոթում ենք, որ Թագավորությունը գա ու կործանի բոլոր մարդկային անկատար թագավորություններին, կամ՝ կառավարություններին, և այնպես անի, որ Աստծո կամքը լիովին կատարվի երկրի վրա, ինչպես որ երկնքում է կատարվում։ Դրախտային երկրի վրա հավիտյան ապրելու մեր հեռանկարը կախված է Եհովայի անվան սրբացումից և նրա արդար գերիշխանության՝ ամբողջ տիեզերքում ճանաչում գտնելուց։ Այս ամենակարևոր բաների համար աղոթելուց հետո մենք կարող ենք աղոթել մեր ամենօրյա կարիքների, մեր մեղքերի թողության, ինչպես նաև Բանսարկու Սատանայի կողմից հարուցվող փորձություններից ու խորամանկություններից ազատվելու մասին։
18, 19. Ինչպե՞ս է Հիսուսի տիպար աղոթքն օգնում մեզ արթուն մնալ ու մեր հույսը ամուր պահել «մինչև վերջը»։
18 Մեր լիակատար ազատագրումը չարից ու նրա ապականված համակարգից գնալով մոտենում է։ Սատանան լավ գիտակցում է, որ միայն «քիչ ժամանակ ունի»՝ արտահայտելու իր ‘մեծ բարկությունը’ երկրի նկատմամբ, մասնավորապես Եհովայի հավատարիմ ծառաների (Յայտնութիւն 12։12, 17)։ Վերջին օրերի բաղադրյալ նշանի մասին խոսելիս Հիսուսը կանխագուշակեց ուշագրավ իրադարձություններ, որոնցից մի քանիսը դեռ պետք է կատարվեն (Մատթէոս 24։3, 29–31)։ Հենց որ տեսնենք այդ ամենը կատարվելիս, ազատագրման հույսը մեր սրտում ավելի կամրանա։ Հիսուսն ասաց. «Երբոր այս բաները կ’սկսեն լինիլ, վեր նայեցէք եւ բարձրացրէք ձեր գլուխները. որ ձեր փրկութիւնը մօտ է» (Ղուկաս 21։25–28)։
19 Տիպար աղոթքը, որ Հիսուսը տվեց իր աշակերտներին, մեզ հրաշալի հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչի մասին կարող ենք աղոթել, մանավանդ որ վերջը մոտենում է։ Թող որ վստահ լինենք, որ Եհովան ընդհուպ մինչև վախճանի գալը կշարունակի ապահովել մեր ամենօրյա կարիքները թե՛ հոգևորապես, թե՛ նյութապես։ ‘Աղոթքներում արթուն մնալը’ մեզ հնարավորություն կտա, որ «հաստատ պահենք այն վստահութիւնը, որ ունեցել ենք սկզբից» (Եբրայեցիս 3։14, ԷԹ; Ա Պետրոս 4։7)։
[ծանոթագրություններ]
a Աստվածաշնչի «Արարատ» թարգմանության մեջ այս համարում տիպար աղոթքը վերջանում է հետևյալ փառաբանական խոսքերով. «Որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն»։ Աստվածաշնչի վերաբերյալ մի աշխատության մեջ ասվում է. «Այդ փառաբանական արտահայտությունը.... չի հանդիպում ամենից վստահելի [բնագրերում]» («Jerome Biblical Commentary»)։
Կրկնության հարցեր
• Ի՞նչ է նշանակում այն, որ մենք Եհովայից խնդրում ենք «ամեն օրուայ հացը»։
• Բացատրիր, թե ինչ է նշանակում «թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին» խնդրանքը։
• Ի՞նչ են նշանակում այն խոսքերը, երբ Եհովային խնդրում ենք, որ մեզ ‘փորձության մեջ չտանի’։
• Ինչո՞ւ կարիք ունենք աղոթելու՝ «ազատիր մեզ չարիցը»։
[նկարներ 15–րդ էջի վրա]
Մենք պետք է ներենք, եթե ուզում ենք ներում ստանալ
[նկար 13–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Lydekker