Միաբանված ենք սիրո կապով. տարեկան հանդիպման հաշվետվություն
ՀՈՒԶԻՉ մթնոլորտ էր տիրում Ջերսի Սիթիում (Նյու Ջերսի, ԱՄՆ) գտնվող Եհովայի վկաների Համաժողովների սրահում։ 2009 թ. հոկտեմբերի 3–ի առավոտյան ավելի քան 5000 հոգի հավաքվել էր «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) 125–րդ տարեկան հանդիպմանը։ Հազարավորներ էլ Միացյալ Նահանգների Բեթելի երեք շենքերում, ինչպես նաև Կանադայի Բեթելում ունկնդրեցին ծրագիրը հեռախոսակապի և ուղիղ հեռարձակման միջոցով։ Ընդհանուր առմամբ՝ 13235 հոգի, որոնց միավորում էր Եհովայի հանդեպ ունեցած սերը, վայելեցին երեք ժամ տևող ծրագիրը։
Ջեֆրի Ջեքսոնը՝ Կառավարիչ մարմնի անդամներից մեկը, ծրագրի նախագահողն էր։ Նա ծրագիրը սկսեց՝ ներկայացնելով բեթելցիներից կազմված երգչախմբին, որը երգեր երգեց մեր նոր երգարանից։ Երգչախումբը ղեկավարում էր Կառավարիչ մարմնի մեկ այլ անդամ՝ Դեյվիդ Սփլեյնը, որը հակիրճ խոսեց այն մասին, թե ինչ մեծ դեր ունի երաժշտությունը մաքուր երկրպագության մեջ։ Այնուհետև ունկնդիրները հրավիրվեցին երգելու երեք նոր երգ. սկզբում երգեց երգչախումբը, իսկ հետո նրան միացան ներկաները։ Երգչախումբը կազմվել էր միայն այս հատուկ միջոցառման համար։ Ժողովների, ինչպես նաև համաժողովների կազմակերպման ժամանակ կարիք չկա հետևելու այս օրինակին։
Հաշվետվություններ՝ տարբեր մասնաճյուղերից
Հաշվետվություններ ներկայացրին հինգ մասնաճյուղի կոմիտեներում ծառայող եղբայրներ։ Քեննեթ Լիթլը նշեց, որ շուտով Միացյալ Նահանգների և Կանադայի համար նախատեսված պարբերագրերի մեծ մասը տպագրվելու է Կանադայում, իսկ դա նշանակում է, որ այդ մասնաճյուղը սկսելու է տասը անգամ շատ գրականություն տպագրել։ Այդ նպատակով ձեռք է բերվել նոր տպագրահաստոց, որը մեկ օրում 8 ժամվա փոխարեն կաշխատի 16 ժամ։
Ռայներ Թոմսոնը հաշվետվություն ներկայացրեց այն մասին, թե ինչպես է Թագավորության գործն ընթանում Դոմինիկյան Հանրապետությունում։ Իսկ Ալբերտ Օլեն խոսեց Նիգերիայում ծավալվող գործունեության մասին։ էմիլ Կրիցինգերը նշեց, որ տասնամյակներ տևող հալածանքից հետո Մոզամբիկի Եհովայի վկաները 1992 թ.–ին գրանցվեցին։ Այս երեք երկրներում էլ վերջերս քարոզիչների թվի մեծ աճ է նկատվել։ Ավստրալիայի մասնաճյուղից ժամանած Վիվ Մորիցը պատմեց, թե ինչ վերելք է ապրել մեր գործունեությունը Արևելյան Թիմորում, որը գտնվում է Ավստրալիայի եղբայրների հոգածության տակ։
Կառավարիչ մարմնի կոմիտեները
1976 թ.–ին Եհովայի վկաների ողջ գործունեությունը սկսեց վերահսկվել Կառավարիչ մարմնի վեց կոմիտեների կողմից։ Հետագայում ուրիշ ոչխարներից ընտրվեցին մարդիկ, որպեսզի աջակցեն այդ գործին։ Այժմ 23 հոգի է օգնում այդ կոմիտեներին։ Նրանցից վեցի հետ հարցազրույց անցկացվեց։ Այդ եղբայրները ընդհանուր հաշվով 341 տարի անցկացրել են լիաժամ ծառայության մեջ՝ յուրաքանչյուրը՝ միջինը 57 տարի։
Դոն Ադամսը, որը սկսել է ծառայել Բեթելում 1943 թ.–ից, բացատրեց, որ Կոորդինատորների կոմիտեն բաղկացած է հինգ մյուս կոմիտեների կոորդինատորներից։ Այն հոգ է տանում, որ այդ հինգ կոմիտեները արդյունավետորեն համագործակցեն։ Կոորդինատորների կոմիտեն միջոցներ է ձեռնարկում Եհովայի վկաների համաշխարհային եղբայրությանը առնչվող արտակարգ իրավիճակների, հալածանքների, դատական գործերի, աղետների և այլ հրատապ խնդիրների դեպքում։
Դեն Մոլքենը նկարագրեց Կադրերի կոմիտեի աշխատանքը։ Այն հոգ է տանում ամբողջ աշխարհի 19851 բեթելցիների հոգևոր և ֆիզիկական բարօրության մասին։ Դեյվիդ Սինքլերը պատմեց, թե ինչպես է Հրատարակչական կոմիտեն հոգ տանում, որ մասնաճյուղերի համար գնվեն անհրաժեշտ իրեր և սարքավորումներ։ Իսկ հետո Ռոբերտ Ուոլենը, որը ծառայում է Բեթելում մոտ 60 տարի, ներկայացրեց, թե ինչպես է Ծառայողական կոմիտեն վերահսկում Եհովայի վկաների գործունեությունը դաշտում և ժողովներում։ Ուիլյամ Մալենֆոնտը խոսեց այն մասին, թե ինչ մեծ ջանքեր է ներդնում Ուսումնական կոմիտեն, որ պատրաստի համաժողովների ծրագիրը։ Վերջում Ջոն Վիսչուկը պատմեց, թե ինչպես է Գրական կոմիտեն պատրաստում և մշակում նյութեր հրատարակությունների համարa։
2010 թվականի տարվա խոսքը
Հաջորդ երեք ելույթները ներկայացրին Կառավարիչ մարմնի անդամները։ Գերիտ Լյոշը իր ելույթը սկսեց հետևյալ հարցով. «Ուզո՞ւմ ես սիրված լինել ուրիշների կողմից»։ Ամենից շատ մենք սիրո կարիք ունենք, առանց սիրո՝ «կթորշնենք»։ Մենք գոյություն ունենք այն բանի շնորհիվ, որ Եհովան անշահախնդիր սիրուց մղված ստեղծել է մեզ։ Առաջին հերթին Եհովայի հանդեպ սերն է, որ մղում է մեզ քարոզելու և սովորեցնելու մարդկանց։
Սկզբունքների վրա հիմնված սերը դրսևորվում է ոչ միայն մեր մերձավորների, այլև թշնամիների հանդեպ (Մատթ. 5։43–45)։ Հռետորը խնդրեց, որ ունկնդիրները մի պահ խորհեն, թե ինչեր կրեց հանուն մեզ Հիսուսը. նա խարազանվեց, ծաղրի ենթարկվեց, նրա վրա թքեցին և նրան խոցեցին։ Չնայած այս ամենին՝ Հիսուսն աղոթեց իրեն ցցին գամող զինվորների համար։ Մի՞թե սա չի մղում մեզ նրան ավելի շատ սիրելու։ Եղբայր Լյոշն այնուհետև հայտարարեց, որ 2010 թվականի տարվա խոսքը հիմնված է 1 Կորնթացիներ 13։7, 8 համարների վրա. «Սերը ամեն ինչի տոկում է։ Սերը երբեք չի վերջանում»։ Մեր առջև բացված է ոչ միայն հավիտյան ապրելու, այլև հավիտյան սիրելու ու սիրված լինելու հեռանկարը։
«Դատա՞րկ բաքով» ես ճամփա ընկնում
Սեմյուել Հերդն իր ելույթը սկսեց մի օրինակով։ Նա պատմեց, որ մի մարդ իր ընկերոջ հետ պետք է մեքենայով 50 կիլոմետր ճանապարհ անցներ։ Ճանապարհին նկատում է, որ վառելիքի ցուցիչը ցույց է տալիս, որ բաքը համարյա դատարկ է, և այդ մասին տեղեկացնում է ընկերոջը։ Սակայն վերջինս ասում է, որ չանհանգստանա, քանի որ բաքում դեռ մոտ չորս լիտր վառելիք կա։ Բայց շուտով վառելիքը վերջանում է։ Այնուհետև եղբայրը հարցրեց, թե արժե արդյոք գրեթե «դատարկ բաքով» ճամփա ընկնել՝ իմանալով, որ այն ուր որ է կվերջանա։ Որքան ավելի լավ կլիներ, եթե բաքը լիքը լիներ։ Նմանապես, մեր «բաքում» պետք է շատ «վառելիք» ունենանք, որը խորհրդանշում է Եհովայի մասին մեր ունեցած գիտելիքները։
Ուստի մենք պետք է կանոնավորաբար բավականաչափ «վառելիք» ձեռք բերենք։ Այդ նպատակով չորս բան պետք է անենք։ Առաջին՝ պետք է անձնական ուսումնասիրություն անենք և ամեն օր կարդանք Աստվածաշունչը։ Մենք չպետք է միայն կարդանք ու անցնենք, պետք է հասկանանք մեր ընթերցածը։ Երկրորդ՝ լավագույնս օգտագործենք ընտանեկան երկրպագության երեկոն։ Հարցրու ինքդ քեզ. «Ամեն շաբաթ շա՞տ վառելիք եմ լցնում իմ բաքը, թե՞ քիչ»։ Երրորդ՝ պետք է հաճախենք ժողովի բոլոր հանդիպումներին։ Չորրորդ՝ հանգիստ պայմաններում խորհրդածենք Եհովայի ճանապարհների մասին։ Այդպես էր վարվում սաղմոսերգուն, որն ասաց. «Ես յիշում եմ առաջի օրերը. մտածում եմ քո բոլոր գործերի վերայ» (Սաղմ. 143։5)։
«Արդարները.... կշողան»
Ջոն Բարը ներկայացրեց վերջին՝ եզրափակիչ ելույթը, որում բացատրեց Հիսուսի՝ ցորենի ու որոմների առակը (Մատթ. 13։24–30, 38, 43)։ Այդ առակը «հնձի» մասին է, որի ընթացքում «թագավորության որդիները» հավաքվում են, իսկ որոմներն առանձնացվում են այրվելու նպատակով։
Եղբայր Բարը հստակ նշեց, որ հավաքը անվերջ չի շարունակվելու։ Նա անդրադարձավ Մատթեոս 24։34 համարին, որում ասվում է. «Այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն»։ Նա երկու անգամ ընթերցեց հետևյալ մեկնաբանությունը. «Հիսուսը հավանաբար նկատի ուներ այն, որ օծյալներից ոմանք, ովքեր տեսել են նշանի սկիզբը 1914 թ.–ին, անպայման չէ, որ կենդանի լինեն, երբ վերջը գա։ Բայց մեծ նեղության ժամանակ կենդանի կլինեն այն օծյալները, ովքեր թեև չեն տեսել նշանի սկիզբը, սակայն մի որոշ ժամանակ տեսել են այդ նշանը տեսնող օծյալներին»։ Թեև մենք չենք կարող ճշգրտորեն որոշել «այս սերնդին» առնչվող ժամանակահատվածի տևողությունը, սակայն կարող ենք հստակ ասել, որ այդ սերնդի մեջ մտնում են վերը նշված երկու խմբի մարդիկ։ Չնայած որ օծյալները տարբեր տարիքի են, նրանք, ովքեր մտնում են այդ երկու խմբի մեջ և կազմում են սերունդը, կենդանի կլինեն վերջին օրերի մի որոշ ժամանակահատվածում։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ երիտասարդ օծյալները, որոնք 1914 թ. նշանը տեսնողների ժամանակակիցներն են, չե՛ն մահանա, մինչև որ մեծ նեղությունը սկսվի։
«Թագավորության որդիները» անհամբերությամբ սպասում են իրենց երկնային վարձատրությանը։ Սակայն բոլորս պետք է հավատարիմ մնանք՝ «պայծառ շողալով» մինչև վերջ։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է տեսնել, թե ինչպես է հավաքվում «ցորենը» մեր օրերում։
Վերջին երգից հետո աղոթեց Կառավարիչ մարմնի անդամ Թեոդոր Յարաչը։ Ինչ խոսք, տարեկան հանդիպման ծրագիրն անչափ քաջալերիչ էր։
[Ծանոթագրություն]
a Կառավարիչ մարմնի վեց կոմիտեների գործունեության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս 2008 թ. «Դիտարանի» մայիսի 15–ի համարը, էջ 29։
[Շրջանակ 5–րդ էջի վրա]
ԵՐԵՑՆԵՐԻ ԴՊՐՈՑ
Տարեկան հանդիպմանը Կառավարիչ մարմնի անդամ էնթոնի Մորիսը հայտարարեց, որ ժողովի երեցների համար անընդմեջ վերապատրաստման դասեր են անցկացվելու։ Երեցների դպրոցը Միացյալ Նահանգների երեցների համար սկսել է գործել 2008 թ. սկզբից Պատերսոնի (Նյու Յորք) կրթական կենտրոնում։ Վերջերս ավարտվեց 72–րդ դասարանը. ընդհանուր հաշվով այդ դպրոցում վերապատրաստվել է 6720 երեց։ Սակայն դեռ շատ բան կա անելու։ Միայն Միացյալ Նահանգներում կա ավելի քան 86000 երեց։ Ուստի Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ Բրուքլինում (Նյու Յորք) ևս մի դպրոց բացվի՝ սկսած 2009 թ. դեկտեմբերի 7–ից։
Հայտարարվեց, որ Պատերսոնում երկու ամսվա ընթացքում չորս շրջագայող վերակացու վերապատրաստվելու է ուսուցիչ դառնալու համար։ Այնուհետև նրանք տեղափոխվելու են Բրուքլին՝ դասավանդելու։ Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու են չորս ուրիշ անհատներ, որոնք այնուհետև դասավանդելու են Բրուքլինում, իսկ առաջին չորսը դասավանդելու է Համաժողովների և Թագավորության սրահներում անցկացվող դպրոցում։ Այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև որ Միացյալ Նահանգների վեց դպրոցներում ամեն շաբաթ անգլերենով դասավանդի 12 ուսուցիչ։ Իսպաներենով դասավանդելու համար չորս ուսուցիչ նույնպես կվերապատրաստվի։ Երեցների դպրոցը չի փոխարինի ներկայումս գործող Թագավորական ծառայության դպրոցին։ Դպրոցի նպատակն է օգնել երեցներին հոգևորապես առաջադիմելու։ 2011 թ. ծառայողական տարվա ընթացքում ամբողջ աշխարհի մասնաճյուղերը կսկսեն դպրոցներ անցկացնել Համաժողովների և Թագավորության սրահներում։
[Նկարներ 4–րդ էջի վրա]
Տարեկան հանդիպումը սկսվեց «Գովերգենք Եհովային» նոր երգարանի երգերով