Անգին գանձեր ունենք տալու
1 Աստծու Խոսքը լի է հոգևոր գանձերով։ Մենք թանկ ենք գնահատում դրանք (Սաղ. 12։6; 119։11, 14)։ Մի անգամ Հիսուսը Թագավորության տարբեր երեսակների մասին մի քանի օրինակներ բերեց։ Հետո իր աշակերտներին հարցրեց. «Հասկացա՞ք արդյոք այս բոլոր բաների իմաստը»։ Դրական պատասխան ստանալուց հետո նա ասաց. «Այդպես էլ ամեն մի կրթված ուսուցիչ, որը սովորել է երկնքի թագավորության մասին, նման է մի մարդու՝ մի տանտիրոջ, որը հին ու նոր բաներ է հանում իր գանձարանից» (Մատթ. 13։1–52)։
2 Հին գանձեր կարելի է համարել սուրբգրային այն ճշմարտությունները, որոնք սովորել ենք, երբ մեզ հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացրել։ Իսկ երբ կանոնավոր անձնական ուսումնասիրություն ենք անում, նոր ճշմարտություններ ենք իմանում։ Դրանք մեզ համար նոր գանձեր են (1 Կորնթ. 2։7)։ Մենք նոր գանձեր՝ նոր ճշմարտություններ ենք իմանում նաև «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով (Մատթ. 24։45)։
3 Մենք թանկ ենք գնահատում և՛ հին, և՛ նոր գանձերը։ Ուստի, ձգտելով դառնալ Աստծու Խոսքի հմուտ և փորձառու ուսուցիչներ, ուզում ենք մեր սովորած թանկագին ճշմարտությունների մասին պատմել բոլորին։
4 Հիսուսի օրինակը։ Հիսուսը ամեն ինչ անում էր, որ այս գանձերի մասին հայտնի մարդկանց։ Նա բարձր էր գնահատում դրանք։ Նույնիսկ հոգնած ժամանակ նա շարունակում էր գանձեր հանել իր «գանձարանից» (Հովհ. 4։6–14)։
5 Հիսուսը սիրում էր հոգևոր առումով աղքատ մարդկանց և նրանց կենսատու գանձեր էր բաժանում (Սաղ. 72։13)։ Նա խղճում էր հոգևորապես քաղցածներին և «նրանց շատ բաներ էր սովորեցնում» (Մարկ. 6։34)։
6 Ընդօրինակենք Հիսուսին։ Եթե բարձր գնահատենք մեր ունեցած գանձերը, կջանանք մարդկանց անմիջապես Աստվածաշնչից ցույց տալ հոգևոր գոհարները, ինչպես որ Հիսուսն էր անում (Առակ. 2։1–5)։ Թեև ժամանակ առ ժամանակ հոգնում ենք, սուրբգրային ճշմարտությունների մասին կխոսենք մեծ խանդավառությամբ (Մարկ. 6։34)։ Մենք կծառայենք մեր ամբողջ կարողությամբ՝ միշտ ավելին անելու հնարավորություններ փնտրելով։