ԳԼՈՒԽ 56
Ի՞նչն է իրականում պղծում մարդուն
ՄԱՏԹԵՈՍ 15։1–20 ՄԱՐԿՈՍ 7։1–23 ՀՈՎՀԱՆՆԵՍ 7։1
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՎԵՐ ԵՆ ԴԱՍՈՒՄ ԱՍՏԾՈՒ ՕՐԵՆՔԻՑ
Մոտենում է մ.թ. 32-ի Պասեքը։ Հիսուսը շարունակում է ուսուցանել մարդկանց Գալիլեայում։ Հետո նա հավանաբար ուղևորվում է դեպի Երուսաղեմ՝ Պասեքը նշելու, ինչպես որ Աստծու Օրենքն էր պահանջում։ Սակայն դա անում է աննկատ, քանի որ հրեաները առիթ են փնտրում, որ սպանեն նրան (Հովհաննես 7։1)։ Պասեքից հետո նա վերադառնում է Գալիլեա։
Հիսուսը թերևս Կափառնայումում է, երբ դպիրներն ու փարիսեցիները Երուսաղեմից նրա մոտ են գալիս։ Ո՞րն է նրանց նպատակը։ Նրանք առիթ են փնտրում, որ մեղադրեն Հիսուսին Օրենքը խախտելու մեջ։ Նրանք հարցնում են. «Ինչո՞ւ են քո աշակերտները խախտում նախնիների ավանդույթը. ուտելուց առաջ նրանք չեն լվանում իրենց ձեռքերը» (Մատթեոս 15։2)։ Աստված չէր պատվիրել, որ մարդիկ կատարեն նման արարողություն, այսինքն՝ «ձեռքերը մինչև արմունկները լվանան» (Մարկոս 7։3)։ Բայց փարիսեցիները այդ արարողությունը չկատարելը լուրջ հանցանք են համարում։
Նրանց մեղադրանքին պատասխանելու փոխարեն՝ Հիսուսը ցույց է տալիս, որ իրականում հենց նրանք են գիտակցաբար խախտում Աստծու Օրենքը։ Նա հարցնում է. «Իսկ դուք ինչո՞ւ եք Աստծու պատվիրանը խախտում ձեր ավանդույթի պատճառով։ Օրինակ՝ Աստված ասաց՝ «պատվիր քո հորը և մորը» և «իր հորը կամ մորը չարախոսողը պիտի մեռնի»։ Բայց դուք ասում եք. «Ով իր հորը կամ մորը ասի՝ «այն, ինչ ես ունեմ, որից դու կարող էիր օգտվել, Աստծուն նվիրված ընծա է», նա ընդհանրապես պարտավոր չէ պատվել իր հորը»» (Մատթեոս 15։3–6; Ելք 20։12; 21։17)։
Փարիսեցիները սովորեցնում են, որ եթե ինչ-որ մեկը իր դրամը, ունեցվածքը կամ մեկ այլ բան նվիրաբերում է Աստծուն, ապա դա այդուհետ պատկանում է տաճարին և այլ նպատակով չի կարող օգտագործվել։ Մինչդեռ իրականում այդ նվիրաբերված ընծան մնում է նվիրաբերողի մոտ։ Օրինակ՝ որդին կարող է ասել, որ իր դրամը կամ ունեցվածքը «կորբան» է, այսինքն՝ Աստծուն կամ տաճարին նվիրված ընծա, ինչը նշանակում է, որ դրա սեփականության իրավունքը, այսպես ասած, պատկանում է տաճարին։ Ու թեև նրա նվիրաբերած դրամը կամ ունեցվածքը շարունակում է մնալ նրա տրամադրության տակ, նա ասում է, որ չի կարող այն օգտագործել կարիքի մեջ գտնվող իր տարեց ծնողներին օգնելու համար։ Այդպես որդին ազատվում է իր ծնողների նկատմամբ ունեցած պարտականությունից (Մարկոս 7։11)։
Հիսուսին զայրացնում է այն, որ փարիսեցիները աղավաղում են Աստծու Օրենքը։ Նա ասում է. «Աստծու խոսքը անվավեր եք դարձրել ձեր ավանդույթի պատճառով։ Կեղծավորնե՛ր, Եսայիան շատ տեղին մարգարեացավ ձեր մասին, երբ ասաց. «Այս ժողովուրդը իր շուրթերով է պատվում ինձ, մինչդեռ նրա սիրտը հեռացած է ինձանից։ Իզուր են երկրպագում ինձ, որովհետև նրանց ուսմունքները լոկ մարդկային պատվիրաններ են»»։ Փարիսեցիները ոչինչ չեն կարողանում պատասխանել Հիսուսի խիստ քննադատությանը։ Այդ ժամանակ Հիսուսը ժողովրդին մոտ է կանչում ու ասում. «Լսեք և հասկացեք իմաստը։ Ոչ թե բերանը մտածն է պղծում մարդուն, այլ բերանից դուրս եկածը» (Մատթեոս 15։6–11; Եսայիա 29։13)։
Որոշ ժամանակ հետո, երբ Հիսուսն ու աշակերտները տուն են գալիս, աշակերտները հարցնում են. «Գիտե՞ս, որ փարիսեցիները գայթակղվեցին՝ լսելով քո ասած խոսքերը»։ Նա պատասխանում է. «Ամեն տունկ, որ իմ երկնային Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի։ Թողե՛ք նրանց։ Նրանք կույր առաջնորդներ են։ Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն» (Մատթեոս 15։12–14)։
Այդ ժամանակ Պետրոսը բոլոր աշակերտների անունից խնդրում է մանրամասնորեն բացատրել, թե ինչն է պղծում մարդուն։ Թերևս փոքր-ինչ զարմացած՝ Հիսուսը պատասխանում է. «Մի՞թե չգիտեք, որ ամեն ինչ, որ մտնում է բերանը, որովայնն է իջնում և ապա արտաքնոցն է գնում։ Մինչդեռ բերանից դուրս եկած բաները սրտից են դուրս գալիս, և հենց դրանք են պղծում մարդուն։ Սրտից են դուրս գալիս չար մտքերը, սպանությունները, շնությունները, պոռնկությունները, գողությունները, սուտ վկայությունները, հայհոյանքները։ Այս բաներն են պղծում մարդուն, բայց անլվա ձեռքերով հաց ուտելը չի պղծում մարդուն» (Մատթեոս 15։17–20)։
Հիսուսը չի խրախուսում անտեսել հիգիենայի կանոնները, ոչ էլ ուզում է ասել, թե պետք չէ ուտելուց կամ կերակուր պատրաստելուց առաջ ձեռքերը լվանալ։ Նա ուզում է ցույց տալ, թե որքան կեղծավոր են կրոնական առաջնորդները, որոնք փորձում են շրջանցել Աստծու արդար օրենքները՝ ստեղծելով մարդկային ավանդույթներ։ Այո՛, մարդուն պղծում են չար գործերը, որոնք սկիզբ են առնում մարդու սրտում։