Քրիստոնյաների կյանքը առաջին դարում
Ատաղձագործը
«Սա ատաղձագործի որդին չէ՞» (ՄԱՏԹԵՈՍ 13։55)։
ՀԻՍՈՒՍԸ ճանաչված էր ոչ միայն որպես «ատաղձագործի որդի», այլև որպես «ատաղձագործ» (Մարկոս 6։3)։ Հավանաբար նրան այդ արհեստը սովորեցրել էր նրա հայրը՝ Հովսեփը։
Ի՞նչ հմտություններ է ձեռք բերել և ի՞նչ գործիքներ է օգտագործել Հիսուսը։ Ինչե՞ր է նա պատրաստել Նազարեթում։ Եվ ի՞նչ դեր է ունեցել նրա կյանքի վրա ատաղձագործությունը։
Ընտանեկան գործ։ Ներքևի նկարում պատկերված է, թե ինչպես է հայրը սովորեցնում իր ավագ որդուն հմտորեն և անվնաս աշխատել շաղափով։ Իսկ կրտսեր որդին ուշադիր հետևում է և լսում։
Տղաները հաճախ 12–15 տարեկան հասակում էին սկսում արհեստ սովորել։ Սովորաբար հայրն էր նրանց սովորեցնում։ Հմուտ վարպետ դառնալու համար երկար տարիներ էր պահանջվում, ուստի տղաները պետք է շատ ջանքեր թափեին։ Պատկերացրու, թե Հովսեփը ինչ հաճելի ժամեր է անցկացրել՝ Հիսուսի հետ աշխատելով, զրուցելով և իր փորձը նրան փոխանցելով։ Որքա՜ն էր նա ուրախանում՝ տեսնելով, թե ինչպես է որդին յուրացնում արհեստը։
Գիտելիքներ, ուժ և հմտություն էր պահանջվում։ Ատաղձագործը պետք է իմանար յուրաքանչյուր փայտի առանձնահատկությունները։ Նրա բնակավայրում աճում էին մի շարք ծառեր, օրինակ՝ նոճի, կաղնի, մայրի, ժանտաթզենի և ձիթենի, որոնք նա կարող էր օգտագործել որպես փայտանյութ։ Սակայն առաջին դարում փայտանյութ վաճառող խանութներ չկային, որ ատաղձագործը գնար և իր ուզած չափի կտրած փայտ գներ։ Նա պետք է գնար անտառ, ընտրեր իրեն հարմար ծառը, կտրեր և ծանր գերանները քարշ տար իր արհեստանոց։
Իսկ ի՞նչ էր ատաղձագործը պատրաստում իր հավաքած փայտից։ Նա երկար ժամեր դրսում էր անցկացնում՝ մասնակցելով տների շինարարությանը։ Նա տանիքի համար գերաններ էր կտրում, աստիճաններ, դռներ, և պատուհաններ էր պատրաստում։
Ատաղձագործը նաև կահույք էր պատրաստում։ Նկարում պատկերված են կահույքի տարբեր տեսակներ՝ 1) դռներով և դարակներով պահարաններ, 2) փոքր և 3) մեծ աթոռներ, 4) տարբեր չափերի և ձևերի սեղաններ, նաև օրորոցներ։ Ատաղձագործը կահույքը նաև ձևավորում էր փայտյա բարդ նախշերով, և որպեսզի այն ավելի գեղեցիկ լիներ ու չվնասվեր, պատում էր մեղրամոմով, լաքով կամ յուղով։
Ատաղձագործը նաև պատրաստում էր հողագործական գործիքներ, ինչպես օրինակ՝ 5) լուծ՝ ամուր փայտից, 6) եղան, փոցխ, թիակ և 7) արոր։ Արորը պետք է ամուր լիներ, որպեսզի հողագործը դրանով կարողանար կոշտացած հողում ակոսներ բացել։ Ատաղձագործը փայտից պատրաստում էր նաև 8) սայլեր և դրանց համար անիվներ։ Նրա գործի մեջ էր մտնում իր պատրաստած կահույքը, գործիքներն ու սայլերը նորոգելը։
Պատկերացրու, թե ատաղձագործ Հիսուսը ինչպիսի արտաքին կարող էր ունենալ. Մերձավոր Արևելքի արևից թխացած նրա մաշկը, տարիների ֆիզիկական աշխատանքից ամրացած նրա մկանները և փայտի, կացնի, մուրճի և սղոցի հետ գործ ունենալու պատճառով կոշտացած ձեռքերը։
Հիսուսի բերած օրինակների աղբյուրը։ Հոգևոր խոր ճշմարտությունները սովորեցնելու համար Հիսուսը առօրյա կյանքից պարզ օրինակներ էր բերում։ Դրանցից մի քանիսը հավանաբար առնչվում էին նրա մասնագիտությանը։ Օրինակ՝ մի առիթով նա ասաց. «Ինչո՞ւ ես նայում քո եղբոր աչքի միջի շյուղին, բայց քո աչքի միջի գերանը չես նկատում»։ Ատաղձագործին անշուշտ ծանոթ կլիներ գերանի չափերը (Մատթեոս 7։3)։ Իսկ մի ուրիշ անգամ Հիսուսը մարդկանց ասաց. «Ոչ ոք, ով ձեռքը արորի վրա է դնում և նայում է հետևում եղած բաներին, հարմար չէ Աստծու թագավորության համար»։ Նա այս օրինակը բերեց, քանի որ ժամանակին հավանաբար պատրաստել էր այդ գործիքից (Ղուկաս 9։62)։ Մի առիթով էլ, երբ Հիսուսը հրավեր ուղղեց հոգնած մարդկանց, որպես օրինակ օգտագործեց ատաղձագործին քաջ ծանոթ լուծը։ «Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և ինձանից սովորեք,— ասաց նա,— որովհետև իմ լուծը հարմար է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11։29, 30)։ Հիսուսն անկասկած գիտեր ինչպես պատրաստել լուծը, որպեսզի այն հարմար լիներ և մաշկի վրա վերքեր չառաջացներ։
Հիսուսի հակառակորդները հավանաբար հեգնանքով էին նրան «ատաղձագործի որդի» անվանում։ Սակայն ինչպես առաջին դարում, այնպես էլ այսօր քրիստոնյաները մեծ պատիվ են համարում լինել այդ խոնարհ ատաղձագործի հետևորդը։
[Շրջանակ/Նկարներ 26–րդ էջի վրա]
Ատաղձագործի գործիքները
Առաջին դարում ապրող ատաղձագործը պետք է կարողանար հմտորեն օգտագործել այն բոլոր գործիքները, որ պատկերված են այստեղ։ Նա ուներ 1) սղոց, որը բաղկացած էր փայտե բռնակներից և երկաթե ժապավենից։ Ժապավենի ատամներն այնպես էին դասավորված, որ քաշելիս այն կտրում էր փայտը։ 2) Անկյունարդի օգնությամբ նա գծանշում էր նախապատրաստվածքը և 3) կապարալարի օգնությամբ ստուգում էր մակերեսների ուղղահայաց լինելը։ Նա նաև ուներ 4) հարթաչափ, 5) չափման ձող, 6) ռանդա, որն օգտագործում էր կոշտ մակերեսը հարթեցնելու համար, և 7) կացին՝ ծառ կտրելու համար։
Ատաղձագործը 8) աղեղի միջոցով գործի դրվող խառատահաստոցով և 9) կիսաբոլոր դուրով կտրում և ձևավորում էր տարբեր տեսակի իլիկներ։ Նկարում պատկերված է 10) թակը (փայտամուրճը), որն ատաղձագործը օգտագործում էր անցքերի մեջ սեպ խրելու համար կամ էլ ինչ-որ բան քանդակելիս դուրին հարվածելու համար։ Նաև պատկերված է ատաղձագործի 11) փոքր ձեռնասղոցը, 12) երկբռնակ դանակը և 13) մեխերը։ Գործիքների արկղի առջևում դրված է 14) երկաթե մուրճը և 15) ուրագը, որով արվում է փայտի նախնական մշակումը։ Արկղի կափարիչի վրա նաև կա 16) սովորական դանակ և 17) տարբեր չափերի դուրեր։ Իսկ արկղի կողքին դրված է 18) աղեղի միջոցով գործի դրվող շաղափը։