Ընթերցողների հարցերը
Երբ Հիսուս Քրիստոսը իր 12 առաքյալներին ուղարկեց քարոզելու, նրանք պե՞տք է վերցնեին ցուպ և սանդալներ, թե՞ ոչ։
Ոմանց կարծիքով՝ հակասություն կա երեք ավետարանագիրների այն արձանագրություններում, որտեղ նշված է, թե Հիսուսն ինչ պատվիրեց իր առաքյալներին, երբ ուղարկում էր քարոզելու։ Սակայն եթե համեմատենք դրանք, հետաքրքիր եզրահանգման կգանք։ Նախ տեսնենք, թե ինչ են ասում Մարկոսի և Ղուկասի Ավետարանները։ Մարկոսի Ավետարանում կարդում ենք. «[Հիսուսը] պատվիրեց, որ ճանապարհի համար, բացի ցուպից, ուրիշ ոչինչ չվերցնեն, ո՛չ հաց, ո՛չ ուտելիքի պարկ, ո՛չ էլ պղնձադրամ իրենց գոտիների քսակներում, այլ սանդալներ հագնեն և իրենց հետ չունենան երկու ներքնազգեստ» (Մարկ. 6։7–9)։ Իսկ Ղուկասի Ավետարանում գրված է. «Ճանապարհի համար ոչինչ չվերցնեք, ո՛չ ցուպ, ո՛չ ուտելիքի պարկ, ո՛չ հաց, ո՛չ արծաթադրամ և ո՛չ էլ երկու հանդերձ ունեցեք» (Ղուկ. 9։1–3)։ Թվում է, թե այստեղ հակասություն կա։ Համաձայն Մարկոսի՝ առաքյալները պետք է վերցնեին ցուպ և հագնեին սանդալներ։ Բայց Ղուկասի խոսքերի համաձայն՝ նրանք ոչինչ չպետք է վերցնեին, նույնիսկ ցուպ։ Իսկ սանդալների մասին նա ոչինչ չի ասում։
Հասկանալու համար, թե ինչ էր ուզում ասել Հիսուսը, ուշադրություն դարձնենք այն խոսքերին, որ երեք Ավետարաններում էլ նույնն են։ Ինչպես Մարկոսի և Ղուկասի, այնպես էլ Մատթեոսի Ավետարանում առաքյալներին պատվեր է տրվում, որ իրենց հետ չունենան «երկու ներքնազգեստ» (Մատթ. 10։5–10)։ Ամենայն հավանականությամբ յուրաքանչյուր առաքյալ արդեն ուներ մեկ ներքնազգեստ։ Ուստի նրանք չպետք է վերցնեին երկրորդը ճանապարհի համար։ Նրանք արդեն իրենց հագին ունեին նաև սանդալներ։ Մարկոսը պարզապես նշեց սանդալներ հագնելու մասին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ցուպի մասին։ «Հրեական հանրագիտարանում» նշվում է. «Հավանաբար հնում հրեաները սովորություն ունեին ճանապարհ գնալիս իրենց հետ ցուպ վերցնելու» (Ծննդ. 32։10; The Jewish Encyclopedia)։ Պարզ է ուրեմն, որ Մարկոսի խոսքերի համաձայն՝ առաքյալները պետք է «ճանապարհի համար.... ուրիշ ոչինչ չվերցնեին», բացի ցուպից, որն արդեն ունեին, երբ Հիսուսը պատվեր էր տալիս նրանց։ Ուստի ավետարանագիրները ընդգծում են այն միտքը, որ առաքյալները չպետք է հետաձգեին իրենց հանձնարարված գործը՝ լրացուցիչ իրեր ձեռք բերելու համար։
Այս միտքն ընդգծում է նաև Մատթեոսը, որն անձամբ էր լսել Հիսուսի այս պատվերը։ Հիսուսն ասել էր. «Ձեզ հետ մի՛ ունեցեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ պղինձ ձեր գոտիների քսակներում, ո՛չ ուտելիքի պարկ ճանապարհի համար, ո՛չ երկու ներքնազգեստ, ո՛չ սանդալներ և ո՛չ էլ ցուպ, որովհետև աշխատողը արժանի է իր կերակուրին» (Մատթ. 10։9, 10)։ «Մի՛ ունեցեք» թարգմանված հունարեն բառը բառացի նշանակում է «մի՛ ձեռք բերեք»։ Փաստորեն, Հիսուսը ոչ թե ասում էր, որ առաքյալները իրենց ցուպն ու սանդալները դեն նետեն, այլ որ այդպիսի բաներ ձեռք բերելու կարիք չկա։ Ինչո՞ւ նա այդպիսի պատվեր տվեց։ Քանի որ «աշխատողը արժանի է իր կերակուրին»։ Սա էր Հիսուսի պատվերի գլխավոր միտքը, որը նա ընդգծել էր նաև Լեռան քարոզում՝ ասելով, որ առաքյալները չպետք է մտահոգվեին, թե ինչ պիտի ուտեն, խմեն կամ հագնեն (Մատթ. 6։25–32)։
Թեև առաջին հայացքից այս արձանագրությունները կարող են հակասական թվալ, սակայն դրանք բոլորն էլ ընդգծում են միևնույն միտքը։ Առաքյալները անմիջապես պետք է գործի անցնեին՝ առանց լրացուցիչ իրեր ձեռք բերելու համար ժամանակ կորցնելու, քանի որ Եհովան կհոգար նրանց կարիքները։
Սողոմոնն ո՞ւմ նկատի ուներ՝ ասելով «տիկին ու շատ տիկիններ» (Ժող. 2։8)։
Մենք չենք կարող համոզված լինել, բայց կարծիք կա, որ նրանք այն իշխանազուն կանայք էին, ովքեր եղել են Սողոմոնի պալատում։
Ժողովող 2-րդ գլխում կարդում ենք Սողոմոնի խոսքերն այն մասին, թե ինչ մեծամեծ գործեր է կատարել, այդ թվում նաև ինչ շինարարական նախագծեր է իրականացրել։ Նա ասում է. «Ինձ համար նաև արծաթ ու ոսկի կուտակեցի, ինչպես նաև ձեռք բերեցի այնպիսի սեփականություն, որ միայն թագավորներն ու գավառներն ունեն։ Երգիչներ ու երգչուհիներ ձեռք բերեցի ինձ համար, նաև տիկին ու շատ տիկիններ՝ մարդկանց որդիների անսահման հաճույքը» (Ժող. 2։8)։
Շատ վերլուծաբաններ ենթադրում են, որ «տիկիններ» ասելով՝ Սողոմոնը նկատի ուներ օտարազգի այն բազմաթիվ կանանց ու հարճերին, որոնց հետ նա ամուսնացավ իր թագավորության վերջին տարիներին և որոնք նրան ներքաշեցին կռապաշտության մեջ (1 Թագ. 11։1–4)։ Սակայն այս ենթադրությունը թերի կողմեր ունի։ Երբ Սողոմոնը գրում էր այդ խոսքերը, «տիկին ու շատ տիկիններ» կոչեց այն կանանց, որոնց նա արդեն գիտեր։ Այդ ժամանակ նա դեռ ուներ Եհովայի հավանությունը, որովհետև Եհովան էր ներշնչում նրան գրելու Աստվածաշնչի այս գիրքը։ Ուստի դժվար թե նա գրեր այս խոսքերն իր թագավորության վերջին տարիներին, երբ ուներ հարյուրավոր օտարազգի կանայք ու հարճեր և երբ զբաղվում էր կռապաշտությամբ։
«Ժողովող» գրքում Սողոմոնն ասաց, որ «ձգտում էր հաճելի խոսքեր գտնել և ճշմարտության ճշգրիտ խոսքեր էր գրում» (Ժող. 12։10)։ Անկասկած նա գիտեր «կին», «թագուհի» և «հարճ» բառերը, քանի որ նա օգտագործել է դրանք իր գրքերում (Առակ. 5։18; 12։4; 18։22; Ժող. 9։9; Երգ 6։8, 9)։ Բայց Ժողովող 2։8-ում նա չօգտագործեց դրանցից և ոչ մեկը։
«Տիկին» թարգմանված եբրայերեն բառը հազվադեպ է օգտագործվել, իսկ Աստվածաշնչում այս համարը միակն է, որտեղ գրված է այս բառը (եզակի և հոգնակի թվով)։ Լեզվաբաններին հայտնի չէ այս բառի ստույգ նշանակությունը։ Իսկ Աստվածաշնչի շատ թարգմանիչների կարծիքով՝ Ժողովող 2։8-ում գրված այս արտահայտությունը վերաբերում է կանանց, և Սողոմոնը, այդ բառը օգտագործելով եզակի և հոգնակի թվով, ընդգծում է նրանց բարձր դիրքը։ Այդ պատճառով եբրայերեն այդ արտահայտությունը թարգմանվել է «տիկին ու շատ տիկիններ»։
Սողոմոնը այնքան մեծ համբավ էր ձեռք բերել, որ Սաբայի թագուհին, լսելով նրա մասին, եկավ Իսրայել նրան տեսնելու (1 Թագ. 10։1, 2)։ Հավանաբար այս փաստը նույնպես թիկունք է կանգնում այն մտքին, որ «տիկին ու շատ տիկիններ» գրելով՝ Սողոմոնը նկատի ուներ այդպիսի իշխանազուն կանանց, որոնց նա ընդունել էր իր արքունիքում այն տարիներին, երբ դեռ ուներ Աստծու հավանությունը։