Գիտեի՞ք արդյոք
Ինչո՞ւ Հիսուսը աստիճանաբար բուժեց մի կույր մարդու
Մարկոս 8։22–26 համարներում կարդում ենք, թե ինչպես Հիսուսը Բեթսայիդայում բուժեց մի կույր մարդու։ Արձանագրության մեջ ասվում է, որ Հիսուսը սկզբում այդ մարդու աչքերին թուք քսեց, ապա հարցրեց նրան, թե ինչ է տեսնում։ Նրա պատասխանից երևում է, որ նա փոքր–ինչ շփոթված էր. «Մարդիկ եմ տեսնում. որովհետև բաներ եմ տեսնում, որ ասես ծառեր լինեն, բայց նրանք քայլում են»։ Այնուհետև Հիսուսը նորից դիպավ նրա աչքերին և «մարդը պարզ տեսավ. նա առողջացավ և ամեն ինչ հստակ տեսնում էր»։ Ակնհայտ է, որ Հիսուսը աստիճանաբար բուժեց այդ մարդուն։ Ինչո՞ւ։
Աստվածաշունչը հստակ չի պատասխանում այս հարցին, սակայն տվյալ դեպքում կարող ենք նկատի առնել հնարավոր մի բացատրություն։ Տարիներով կամ նույնիսկ ողջ կյանքում կույր լինելուց հետո առաջին անգամ տեսնելը մեծ փոփոխություն է։ Պարզաբանենք օրինակով. մի ժամանակ պոնի ձիերին պահում էին հանքերում՝ նրանց աշխատեցնելու նպատակով։ Այս ձիերը այնքան էին վարժվել մթին, որ երբ նրանց դուրս բերեցին հանքից, մի ամբողջ օր էր անհրաժեշտ լույսին հարմարվելու համար։ Կուրության դեպքում փոփոխությունը շատ ավելի մեծ է։ Այսօր վիրաբույժները որոշ դեպքերում կարողացել են լուծել աչքի հետ կապված խնդիրները՝ վերականգնելով տեսնելու կարողությունը։ Սակայն աչքերի միջոցով ուղեղ հասնող տեղեկությունների տարափը հաճախ ծանրաբեռնել է հիվանդներին։ Տեսնելով շրջապատի գույները, ձևերն ու պատկերները՝ նրանք շփոթվել են և չեն կարողացել ճանաչել նույնիսկ ծանոթ առարկաները։ Ժամանակի ընթացքում ուղեղը սովորել է ընկալել այն, ինչ տեսնում է աչքը։
Ուստի կույր մարդուն աստիճանաբար բուժելը ցույց է տալիս Հիսուսի սիրառատ հոգատարությունը այդ մարդու հանդեպ։ Ի վերջո, նա «ամեն ինչ հստակ տեսնում էր» և ընկալում էր իր տեսածը։
Ինչո՞ւ էր Հիսուսի օրերում դժվար գլանաձև փաթեթից կարդալը
Փաթեթներ պատրաստելու համար օգտագործվող թերթերն սովորաբար ունեին 23–28 սանտիմետր երկարություն և 15–23 սանտիմետր լայնություն։ Այս թերթերից մի քանիսը, կողք կողքի դրված, ամրացվում էին սոսնձով կամ կարվում էին վուշի թելով։ Որոշ դեպքերում ավելի երկար թերթեր էին օգտագործվում։ Օրինակ՝ Մեռյալ ծովի մոտ հայտնաբերված Եսայիայի գիրքը պատրաստված է եղել 17 մագաղաթից, որը ներկայումս ունի մոտավորապես 7 մետր երկարություն։ Եսայիայի գիրքը, որից Հիսուսը կարդաց Նազարեթի ժողովարանում, հավանաբար ուներ նույն երկարությունը (Ղուկաս 4։16, 17)։
Այդ մասին Ալան Միլարդն իր գրքում գրում է. «Ընթերցողը վերցնում էր մագաղաթը, ձախ ձեռքով բացում էր այն, աջ ձեռքով պահում էր ծայրից և սյունակ առ սյունակ ընթերցելուց հետո նորից փաթաթում էր։ Եսայիա 61–րդ գլխին հասնելու համար, որից Հիսուսն ընթերցեց ժողովարանում, նա պետք է բաց աներ մագաղաթի մեծ մասը և նորից փաթաթեր այն» (Discoveries From the Time of Jesus)։
Այդ ժամանակ «Եսայիա» գիրքը բաժանված չէր գլուխների և համարների, ինչպես որ այսօր տեսնում ենք։ Երբ Նազարեթի ժողովարանում Հիսուսին տվեցին Եսայիայի մագաղաթը, նա պետք է գտներ այն հատվածը, որն այժմ մեր Աստվածաշնչում գտնվում է Եսայիա 61։1, 2 համարներում։ Այն, որ Հիսուսը հեշտությամբ «գտավ այդ տեղը», ցույց է տալիս, թե նա որքան լավ գիտեր Աստծու Խոսքը։