Ի՞նչ կարող ենք սովորել երեխաներից
«ԴՈՒ ԵՐԵԽԱՅԻ պես ես վարվում»։ Եթե այս խոսքերը մեզ ասեին, մենք հավանաբար կվիրավորվեինք։ Ճիշտ է, երեխաները ուրախություն են պատճառում, բայցևայնպես պետք է ընդունել, որ նրանք չունեն հասունություն, կյանքի փորձ և իմաստություն, որ ձեռք է բերվում տարիքի հետ (Յոբ 12:12)։
Սակայն մի առիթով Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ դարձ չ’գաք եւ չ’լինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը» (Մատթէոս 18:3)։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը։ Ի՞նչ հատկություններ ունեն երեխաները, որ պետք է ունենան նաև մեծերը։
Երեխաներին բնորոշ խոնարհություն զարգացնենք
Տեսնենք, թե ինչը մղեց Հիսուսին այդպիսի խոսքեր ասելու։ Երկար ճանապարհորդությունից հետո գալով Կափառնայում՝ նա հարցրեց իր աշակերտներին. «Ի՞նչ էիք ճանապարհին իրար հետ վիճում»։ Շփոթության մեջ ընկնելով՝ աշակերտները լուռ մնացին, քանի որ վիճում էին, թե ով է իրենցից ավելի մեծը։ Ի վերջո, նրանք քաջություն գտան հարցնելու Հիսուսին. «Ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ» (Մարկոս 9:32, 33; Մատթէոս 18:1)։
Գուցե զարմանալի թվա, որ աշակերտները Հիսուսի կողքին մոտ երեք տարի լինելուց հետո դեռ վիճաբանում էին բարձր դիրքի վերաբերյալ։ Բայց նկատի առնենք այն հանգամանքը, որ նրանք դաստիարակվել էին հրեական կրոնով, որը նման բաներին մեծ կարևորություն էր տալիս։ Ամենայն հավանականությամբ, այդ կրոնական ծագումը, ինչպես նաև մարդկային անկատարությունը իրենց ազդեցությունն էին թողել աշակերտների մտածելակերպի վրա։
Հիսուսը նստեց, իր մոտ կանչեց աշակերտներին և ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջին լինել, թող ամենից յետին եւ ամենի ծառայ լինի» (Մարկոս 9:34)։ Այս խոսքերը հավանաբար ապշեցրին նրանց։ Այն, ինչ ասաց Հիսուսը, ուղղակիորեն հակասում էր մեծության վերաբերյալ հրեաների ունեցած տեսակետին։ Ապա Հիսուսն իր մոտ կանչեց մի փոքր երեխայի, ջերմորեն գրկեց նրան ու ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ դարձ չ’գաք եւ չ’լինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը: Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայութեան մէջ» (Մատթէոս 18:3, 4)։
Խոնարհության ինչպիսի՜ հրաշալի դաս։ Եկեք մտովի պատկերացնենք այդ տեսարանը։ Մի խումբ հասուն, լուրջ տղամարդիկ շրջապատել են մի փոքր երեխայի և մեծ ուշադրությամբ նայում են նրան։ Որքա՜ն երկչոտ էր այդ երեխան, վստահելու պատրաստ, մրցակցությունից և չարակամությունից զերծ, ենթարկվող ու համեստ։ Այո, երեխաները հրաշալի կերպով արտացոլում են աստվածահաճո խոնարհությունը։
Պարզ է, թե ինչ էր ուզում ասել Հիսուսը։ Մենք բոլորս պետք է երեխաներին բնորոշ խոնարհություն զարգացնենք, եթե ցանկանում ենք ժառանգել Աստծու Թագավորությունը։ Եհովայի ծառաների մեջ մրցակցություն ու հպարտություն չպետք է լինի (Գաղատացիս 5:26)։ Իրականում հենց այդ հատկությունները առաջին հերթին մղեցին Բանսարկու Սատանային ըմբոստանալ Աստծու դեմ։ Ուստի զարմանալի չէ, որ Եհովան ատում է դրանք (Առակաց 8:13)։
Ճշմարիտ քրիստոնյաները ձգտում են ծառայել և ոչ թե ուժ բանեցնել։ Անկախ այն բանից, թե որքան անդուրեկան է մեզ համար առաջադրանքը, կամ որքան ցածր դիրք ունի այն անհատը, որին պետք է ծառայություն մատուցենք, իսկական խոնարհությունը մղում է մեզ ծառայելու մյուսներին։ Այդպիսի խոնարհ ծառայությունը առատ օրհնություններ է բերում։ Հիսուսն ասաց. «Ով որ այսպիսի երեխաներից մէկին իմ անունովն ընդունի՝ ինձ է ընդունում. եւ ով որ ինձ ընդունի՝ ինձ չէ ընդունում, այլ ինձ ուղարկողին» (Մարկոս 9:36)։ Զարգացնելով երեխաներին բնորոշ առատաձեռնության և խոնարհության ոգի՝ մենք միաբանության մեջ ենք լինում տիեզերքի գերագույն Անձնավորության և նրա Որդու հետ (Յովհաննէս 17:20, 21; Ա Պետրոս 5:5)։ Նաև ուրիշներին ծառայելով՝ մենք երջանիկ կլինենք (Գործք 20:35)։ Բացի այդ, նպաստելով Աստծու ժողովրդի մեջ եղող խաղաղությանն ու միասնությանը՝ մենք ուրախություն կստանանք (Եփեսացիս 4:1–3)։
Սովորելու պատրաստ և վստահություն ցուցաբերող
Հիսուսը ուշադրություն դարձրեց մեկ այլ բանի վրա, որ մեծերը կարող են սովորել երեխաներից։ Նա ասաց. «Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ, նա չի մտնիլ նորա մէջ» (Մարկոս 10:15)։ Երեխաները ոչ միայն խոնարհ են, այլ նաև պատրաստ են սովորելու։ «Նրանք ինֆորմացիան կլանում են, ինչպես սպունգը»,— նկատում է մի մայր։
Այսպիսով՝ Աստծու Թագավորությունը ժառանգելու համար մենք պետք է ընդունենք Թագավորության պատգամը և հնազանդվենք այդ պատգամին (Ա Թեսաղոնիկեցիս 2:13)։ Նորածինների նման՝ մենք պետք է «ցանկա[նանք] այն բանաւոր անխարդախ կաթին որ նորանով աճէ[ն]ք դէպի փրկութիւնը» (Ա Պետրոս 2:2)։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե դժվարանում ենք հասկանալ Աստվածաշնչի մի որևէ ուսմունք։ «Երեխաները շարունակ հարցնում են՝ ինչո՞ւ, մինչև որ չգտնեն իրենց հարցերին բավարարող պատասխաններ»,— ասում է երեխաների խնամքով զբաղվող մի մասնագետ։ Մենք պետք է օրինակ վերցնենք նրանցից։ Ուստի, շարունակեք ուսումնասիրել Աստծու Խոսքը։ Զրուցեք փորձառու քրիստոնյաների հետ։ Եհովայից իմաստություն խնդրեք (Յակոբոս 1:5)։ Անկասկած, ձեր անդադար աղոթքներն իրենց արդյունքը կտան ճիշտ ժամանակին (Մատթէոս 7:7–11)։
Սակայն ոմանք գուցե հարցնեն. «Իսկ սովորելու պատրաստ մարդուն արդյոք հեշտ չէ՞ մոլորեցնել»։ Ոչ, եթե նա վստահելի առաջնորդություն ունի։ Օրինակ՝ երեխաներն առաջնորդություն ստանալու համար բնազդորեն դիմում են իրենց ծնողներին։ «Ամեն օր պաշտպանելով և հոգալով իրենց երեխաների կարիքները՝ ծնողները փաստում են, որ վստահելի են»,— ասում է մի հայր։ Անշուշտ, մենք նույն պատճառներն ունենք վստահելու մեր երկնային Հորը՝ Եհովային (Յակոբոս 1:17; Ա Յովհաննէս 4:9, 10)։ Նա մեզ հուսալի առաջնորդություն է տալիս իր գրավոր Խոսքի միջոցով։ Նրա սուրբ ոգու և կազմակերպության միջոցով մենք մխիթարություն և աջակցություն ենք ստանում (Մատթէոս 24:45–47; Յովհաննէս 14:26)։ Այդ միջոցներից օգտվելով՝ մենք պաշտպանված կլինենք հոգևորապես վնասվելուց (Սաղմոս 91:1–16)։
Աստծու հանդեպ այնպիսի վստահություն զարգացնելը, որը բնորոշ է երեխաներին, նաև մտքի խաղաղություն է տալիս։ Մի աստվածաշնչագետ գրում է. «Երբ երեխան իր ծնողների հետ ճամփորդության է գնում, սովորաբար նա ճանապարհածախս չի ունենում, նաև չի մտածում, թե ինչպես տեղ կհասնի, այդուհանդերձ, նա չի կասկածում, որ իր ծնողները իրեն ապահով տեղ կհասցնեն»։ Իսկ մենք ունե՞նք նույնանման վստահություն Եհովայի հանդեպ, մինչ ընթանում ենք մեր կյանքի ճանապարհով (Եսայիա 41:10)։
Անվերապահորեն վստահելով Աստծուն՝ մենք կխուսափենք այնպիսի մտածելակերպից ու գործերից, որոնք կարող են վտանգել մեր հոգևոր վիճակը։ Մենք ամբողջությամբ վստահում ենք Հիսուսի այն խոսքերին, որ մեր երկնային Հայրը՝ Եհովան, տեսնում է մեր գործերը, ու քանի դեռ մենք առաջին հերթին փնտրում ենք Թագավորությունը և Աստծու արդարությունը, նա կհոգա մեր մասին։ Դա կօգնի մեզ, որ չանտեսենք մեր հոգևոր պարտականությունները նյութականի մասին չափից շատ մտահոգվելու պատճառով (Մատթէոս 6:19–34)։
Լինենք «երեխայ չարութիւն գործելու մէջ»
Թեև երեխաներն անկատար են ծնվում, սակայն նրանց սիրտը և միտքը մաքուր են լինում։ Դա է պատճառը, որ Աստվածաշնչում քրիստոնյաներին հետևյալ հորդորն է տրվում. «Եղէ՛ք երեխայ չարութիւն գործելու մէջ» (Ա Կորնթացիս 14:20, ԷԹ)։
Հնգամյա Մոնիկան ոգևորությամբ ասաց իր մայրիկին. «Իմ նոր ընկերուհին՝ Սառան, ինձ նման խուճուճիկ է»։ Այս աղջնակը ոչինչ չասաց իր ընկերուհու մաշկի գույնի կամ էթնիկական ծագման մասին։ Մի ծնող այսպիսի խոսքեր ասաց. «Երեխաների համար նշանակություն չունի մաշկի գույնը։ Նրանք գաղափար չունեն ռասայական խտրականության մասին և չունեն կանխակալ կարծիք»։ Այս առումով երեխաները հրաշալիորեն արտացոլում են մեր անաչառ Աստծու վերաբերմունքը, որը սիրում է բոլոր ազգերի մարդկանց (Գործք 10:34, 35)։
Երեխաները նաև ներելու բացառիկ կարողություն ունեն։ Մի ծնող ասում է. «Երբ փոքրիկ Ջեքը և Լևայը կռվում են, մենք նրանց ասում ենք, որ ներողություն խնդրեն իրարից, և շատ չանցած նրանք նորից սկսում են ուրախ խաղ անել։ Նրանք խռով չեն մնում, հիշաչար չեն և ներելու համար պայմաններ չեն դնում։ Պարզապես հաշտվում են և շարունակում իրենց ուրախ խաղը»։ Ի՜նչ հրաշալի օրինակ է մեծերի համար (Կողոսացիս 3:13)։
Բացի այդ, երեխաները հեշտությամբ ընդունում են Աստծու գոյության փաստը (Եբրայեցիս 11:6)։ Անկեղծությունը հաճախ մղում է նրանց համարձակորեն վկայություն տալու մարդկանց (Դ Թագաւորաց 5:2, 3)։ Նրանց պարզ, սրտաբուխ աղոթքները կարող են փափկացնել կարծր սրտերը։ Իսկ փորձության մեջ գտնվելիս նրանք կարող են զարմանալի բարոյական ուժ դրսևորել։ Ի՜նչ թանկ պարգև են երեխաները (Սաղմոս 127:3, 4)։
Հրաշալի բարեփոխում
Գուցե հարցնեք. «Արդյոք հնարավո՞ր է, որ չափահաս մարդիկ վերականգնեն այն հրաշալի հատկությունները, որ ունեցել են մանուկ հասակում»։ Պատասխանը պարզ է և հուսադրող. այո՛։ Այն, որ Հիսուսը խրախուսում է դառնալ «երեխաների նման», ցույց է տալիս, որ դա իրոք հնարավոր է (Մատթէոս 18:3)։
Քննենք օրինակով. մի խումբ վարպետներ վերականգնում են արվեստի մի թանկարժեք գործ։ Նրանք հեռացնում են կուտակված փոշու շերտերը և վերականգնում են դրա նախնական տեսքը։ Վերականգնիչների անխոնջ ջանքերի շնորհիվ բոլորը կարողանում են տեսնել արվեստի այդ գործի վառ գույներն ու բնական գեղեցկությունը։ Նմանապես, շարունակական ջանքերի, Եհովայի սուրբ ոգու և քրիստոնեական ժողովի օգնության շնորհիվ մենք կարող ենք կրկին ձեռք բերել այն հրաշալի հատկությունները, որ ունեցել ենք այն ժամանակ, երբ երեխաներ էինք (Եփեսացիս 5:1)։
[նկար 9–րդ էջի վրա]
Երեխաներին բնորոշ է խոնարհությունը
[նկար 10–րդ էջի վրա]
Երեխաները կանխակալ կարծիք չունեն և հեշտությամբ են ներում ու մոռանում