ԳԼՈՒԽ 99
Հիսուսը բուժում է կույր մարդկանց և օգնում է Զաքեոսին
ՄԱՏԹԵՈՍ 20։29–34 ՄԱՐԿՈՍ 10։46–52 ՂՈՒԿԱՍ 18։35–19։10
ՀԻՍՈՒՍԸ ԵՐԻՔՈՎՈՒՄ ԲՈՒԺՈՒՄ Է ԿՈՒՅՐ ՄԱՐԴԿԱՆՑ
ՀԱՐԿԱՀԱՎԱՔ ԶԱՔԵՈՍԸ ԶՂՋՈՒՄ Է
Հիսուսը և նրան ուղեկցող մարդիկ հասնում են Երիքով։ Երուսաղեմից մինչև այս քաղաք մոտ մեկ օրվա ճանապարհ է։ Երիքովը հավանաբար երկու մասից է բաղկացած. հին քաղաքը հռոմեական նոր քաղաքից մոտ մեկուկես կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Երբ Հիսուսը իրեն ուղեկցող բազմության հետ դուրս է գալիս Երիքովի մի քաղաքից և մոտենում մյուսին, այդտեղ գտնվող երկու կույր մուրացկան լսում են մարդկանց աշխույժ ձայներ։ Կույրերից մեկի անունը Բարտիմեոս է։
Իմանալով, որ Հիսուսն է անցնում՝ Բարտիմեոսը և իր կողքի մուրացկանը սկսում են աղաղակել. «Տե՛ր, ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի» (Մատթեոս 20։30)։ Ոմանք խստորեն ասում են նրանց, որ լռեն, բայց նրանք սկսում են ավելի բարձր աղաղակել։ Լսելով նրանց ձայները՝ Հիսուսը կանգ է առնում։ Նա խնդրում է, որ բղավողներին իր մոտ կանչեն։ Նրանք էլ գնում են այդ կույր մուրացկանների մոտ և նրանցից մեկին ասում. «Քաջացի՛ր, վե՛ր կաց, նա կանչում է քեզ» (Մարկոս 10։49)։ Այդ մարդը այնքան է ուրախանում, որ մի կողմ է նետում իր վերնահագուստը, վեր է ցատկում և գնում դեպի Հիսուսը։
Հիսուսը հարցնում է այդ կույր մարդկանց. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։ Նրանք էլ աղաչում են. «Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն» (Մատթեոս 20։32, 33)։ Խղճահարվելով Հիսուսը դիպչում է նրանց աչքերին և դիմելով նրանցից մեկին՝ ասում. «Գնա՛, քո հավատը բուժեց քեզ» (Մարկոս 10։52)։ Այդ մարդկանց տեսողությունն իսկույն վերականգնվում է, և, անկասկած, երկուսն էլ սկսում են փառաբանել Աստծուն։ Տեսնելով այս ամենը՝ մարդիկ նույնպես սկսում են փառաբանել Աստծուն։ Այս երկու բուժված մարդիկ սկսում են հետևել Հիսուսին։
Մինչ Հիսուսը անցնում է Երիքովի միջով, մեծ բազմություն է հավաքվում նրա շուրջը։ Բոլորը ցանկանում են տեսնել այն անձնավորությանը, ով բուժել է այդ կույր մարդկանց։ Ժողովուրդը ամեն կողմից սեղմում է Հիսուսին, այդ պատճառով ոմանք նույնիսկ չեն կարողանում գեթ մի պահ տեսնել նրան։ Նրան ցանկանում է տեսնել նաև Զաքեոսը, որը հարկահավաքների պետ է Երիքովում և դրա շրջակա տարածքում։ Նա չի կարողանում տեսնել, թե ինչ է կատարվում շուրջբոլորը, քանի որ կարճահասակ է։ Ուստի Զաքեոսը առաջ է վազում և բարձրանում մի ժանտաթզենու վրա, որը գտնվում է հենց այն ճանապարհին, որով անցնում է Հիսուսը։ Այնտեղից ամեն ինչ երևում է։ Երբ Հիսուսը մոտենում է և տեսնում Զաքեոսին, ասում է. «Զաքեո՛ս, շտապ ցած իջիր, որովհետև այսօր քո տանը պետք է մնամ» (Ղուկաս 19։5)։ Զաքեոսը ցած է իջնում և շտապում է տուն, որպեսզի պատրաստություններ տեսնի այս առանձնահատուկ հյուրի համար։
Սակայն ժողովուրդը, տեսնելով այս ամենը, սկսում է դժգոհել։ Նրանք կարծում են, որ Հիսուսը ճիշտ չի վարվում՝ հյուրընկալվելով մի մարդու տանը, ով, ըստ նրանց, մեղավոր է։ Զաքեոսը հարստացել է անազնիվ ճանապարհով՝ փող շորթելով ժողովրդից։
Երբ Հիսուսը մտնում է Զաքեոսի տուն, մարդիկ սկսում են բողոքել՝ ասելով. «Մեղավոր մարդու տուն մտավ իջևանելու»։ Սակայն Հիսուսը հասկանում է, որ Զաքեոսը զղջում է։ Եվ Հիսուսը իրավացի է, քանի որ Զաքեոսը կանգնում է և ասում նրան. «Ահա իմ ունեցվածքի կեսը, Տե՛ր, տալիս եմ աղքատներին, և ինչ էլ որ շորթել եմ որևէ մեկից կեղծ մեղադրանքով, քառապատիկն եմ վերադարձնում» (Ղուկաս 19։7, 8)։
Այո՛, Զաքեոսը այս քայլով ցույց է տալիս, որ անկեղծորեն զղջում է։ Նա թերևս իր հարկերի գրառումներից կարող է հաշվել, թե որքան գումար է ստացել տարբեր հրեաներից, և խոստանում է քառապատիկը վերադարձնել այդ մարդկանց։ Դա ավելին է, քան պահանջում է Աստծու օրենքը (Ելք 22։1; Ղևտական 6։2–5)։ Բացի այդ, Զաքեոսը խոստանում է իր ունեցվածքի կեսը բաժանել աղքատներին։
Հիսուսը շատ է ուրախանում՝ տեսնելով, որ Զաքեոսը զղջում է, ուստի ասում է նրան. «Այսօր փրկություն եկավ այս տանը, որովհետև նա նույնպես Աբրահամի որդի է։ Մարդու Որդին եկավ կորածին փնտրելու և փրկելու» (Ղուկաս 19։9, 10)։
Որոշ ժամանակ առաջ Հիսուսը պատմել էր կորած որդու մասին առակը և ցույց էր տվել, թե ինչպիսի վիճակում են գտնվում նման մարդիկ (Ղուկաս 15։11–24)։ Իսկ այժմ բոլորը կարող են տեսնել կենդանի օրինակ. այս հարկահավաքը կորած էր, բայց գտնվեց։ Թեև կրոնական առաջնորդները և նրանց հետևորդները բողոքում են ու քննադատում Հիսուսին, քանի որ նա ուշադրություն է դարձնում Զաքեոսի պես մարդկանց, սակայն Հիսուսը շարունակում է փնտրել և հետ բերել Աբրահամի կորած որդիներին։