Ժողովարան. վայր, որտեղ քարոզել են Հիսուսն ու իր աշակերտները
«Նա շրջում էր ողջ Գալիլեայով մեկ՝ սովորեցնելով նրանց ժողովարաններում, քարոզելով թագավորության բարի լուրը» (ՄԱՏԹԵՈՍ 4։23)։
ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ բազմիցս նշվում է, որ Հիսուսը հաճախ էր լինում ժողովարաններում։ Անկախ նրանից, թե երեք ու կես տարիների ընթացքում որ քաղաքներն էր Հիսուսը այցելում՝ Նազարեթ, Կափառնայում կամ այլ քաղաքներ ու գյուղեր, հիմնականում ժողովարաններում էր քարոզում Աստծու Թագավորության մասին։ Մի առիթով նա անգամ ասաց. «Միշտ սովորեցնում էի ժողովարանում և տաճարում, որտեղ հավաքվում են բոլոր հրեաները» (Հովհաննես 18։20)։
Առաքյալներն ու մյուս քրիստոնյաները նույնպես հաճախ են հրեական ժողովարաններում սովորեցրել Աստծու Խոսքը։ Իսկ ինչպե՞ս էին հրեաները երկրպագություն մատուցում ժողովարաններում։ Ինչպիսի՞ն էին երկրպագության այդ վայրերը Հիսուսի ժամանակներում։ Տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։
Ի՞նչ նպատակի էին ծառայում։ Տարին երեք անգամ հրեաները ուղևորվում էին դեպի Երուսաղեմ՝ նշելու սուրբ տաճարում անցկացվող տոնակատարությունները։ Սակայն կանոնավորաբար երկրպագություն մատուցելու համար նրանք հաճախում էին տեղի ժողովարանները, անկախ այն բանից՝ ապրում էին Պաղեստինում, թե այլ բնակավայրերում։
Իսկ երբվանի՞ց են ժողովարանները սկսել օգտագործվել։ Ոմանք ասում են, որ դա եղել է մոտավորապես այն ժամանակ, երբ հրեաները գերի տարվեցին Բաբելոն և Եհովայի տաճարը ավերվեց (մ.թ.ա. 607–537)։ Կամ էլ այն բանից հետո, երբ հրեաները վերադարձան գերությունից և Եզրաս քահանան հորդորեց իսրայելացիներին ավելի շատ գիտելիքներ ու հասկացողություն ձեռք բերել Աստծու օրենքների մասին (Եզրաս 7։10; 8։1–8; 10։3)։
«Ժողովարան» բառը նշանակում է «ժողով», «հանդիպում»։ Հենց այս իմաստով է այն օգտագործված Եբրայերեն Գրությունների «Յոթանասնից» հունարեն թարգմանության մեջ։ Ժամանակի ընթացքում, սակայն, այս բառը օգտագործվեց շինության առնչությամբ, որտեղ մարդիկ հավաքվում էին երկրպագության համար։ Մ.թ. առաջին դարում արդեն բոլոր քաղաքներում, որտեղ այցելում էր Հիսուսը, ժողովարաններ կային, որոշ քաղաքներում կային մի քանի ժողովարաններ, իսկ Երուսաղեմում՝ ավելի շատ։ Ինչպիսի՞ն էին այդ շինությունները։
Երկրպագության համեստ վայրեր։ Ժողովարան կառուցելու համար հրեաները սովորաբար բարձրադիր տարածք էին ընտրում և այնպես էին շենքը նախագծում, որ մուտքը (1) դեպի Երուսաղեմ բացվեր։ Սակայն շինարարության չափանիշները փոխվում էին, քանի որ միշտ հնարավոր չէր լինում այդպիսի տարածք գտնել։
Ժողովարանը պարզ շինություն էր։ Ամենաարժեքավոր իրերը, օրինակ՝ Սուրբ Գրությունների մագաղաթները, պահվում էին (2) գրապահոցում։ Երբ ժողովներ էին անցկացվում, շարժական այս գրապահոցը բերում էին հանդիպման վայր, իսկ հետո նորից տանում էին ապահով սենյակ (3)։
Գրապահոցի մոտ գտնվում էին առջևի նստատեղերը (4), որոնք նախատեսված էին ժողովարանի նախագահող վերակացուների և առանձնահատուկ հյուրերի համար (Մատթեոս 23։5, 6)։ Սրահի կենտրոնում կար բեմ, որի վրա տեղադրված էին գրակալը և հռետորի աթոռը (5)։ Բեմի երեք կողմերում ժողովի անդամների համար նստարաններ էին դրված (6)։
Սովորաբար տեղի ժողովի անդամներն էին հոգ տանում ժողովարանի մասին։ Բոլորը՝ հարուստ թե աղքատ, հոժարակամորեն նվիրաբերություններ էին անում, ինչի շնորհիվ շինությունը բարվոք վիճակում էր մնում։ Ինչպե՞ս էին անցկացվում ժողովները։
Երկրպագությունը ժողովարանում։ Ժողովարանում գովաբանական երգեր էին երգում, աղոթում էին, Սուրբ գրքից ընթերցում էին, ինչպես նաև ուսուցանում ու քարոզում էին։ Ժողովը սկսում էին՝ անգիր արտասանելով «Շման»՝ հրեաների հավատի խոստովանությունը։ Այս անունը ծագել է Բ Օրինաց 6։4 համարի առաջին տողերից. «Լսիր [Շմա], ով Իսրայէլ, մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան մէկ է»։
Այնուհետև ընթերցվում և մեկնաբանվում էր Թորան՝ Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը, որոնք գրի է առել Մովսեսը (Գործեր 15։21)։ Հետո ընթերցվում էին հատվածներ մարգարեների գրվածքներից. ընթերցողը բացատրում էր մարգարեությունները և ցույց էր տալիս դրանց կատարումը։ Երբեմն այս բաժինը կարող էին ներկայացնել ուրիշ հռետորներ, որոնք այցելել էին այլ քաղաքներից։ Մի անգամ հենց այդպես վարվեց Հիսուսը, ինչպես արձանագրված է Ղուկաս 4։16–21 համարներում։
Ինչ խոսք, այդ ժամանակ մագաղաթի գլանակներում գլուխներ և համարներ չկային նշված, ինչպես որ ժամանակակից Աստվածաշնչերում է։ Կարող ենք պատկերացնել, թե ինչպես Հիսուսը ձախ ձեռքով բացեց մագաղաթը՝ միևնույն ժամանակ աջ ձեռքով պահելով ծայրից, և գտավ այն հատվածը, որ պետք է կարդար։ Այնուհետև նորից փաթաթեց այն։
Ընթերցանությունը հիմնականում կատարվում էր եբրայերենով և թարգմանվում էր արամերեն։ Հունախոս ժողովներում օգտագործվում էր «Յոթանասնից» թարգմանությունը։
Ժողովարանի դերը հրեաների կյանքում։ Ժողովարանին կից կային նաև այլ շինություններ, որոնք ծառայում էին զանազան նպատակների համար։ Օրինակ՝ երբեմն դատալսումները, ինչպես նաև որոշ հավաքույթներ, անգամ համաժողովները, որոնց ժամանակ հատուկ ճաշասենյակներում մատուցվում էր ընթրիք, այնտեղ էին անցկացվում։ Այդ շինություններում կային նաև հատուկ սենյակներ, որտեղ կարող էին իջևանել ճանապարհորդները։
Իրականում յուրաքանչյուր քաղաքի ժողովարանի հսկողության ներքո կար նաև դպրոց, որը հաճախ գտնվում էր հենց ժողովարանում։ Այդտեղ աշակերտները սովորում էին գրել և կարդալ մոմապատ տախտակի վրա գրված տառերը։ Այսպիսի դպրոցները կարևոր դեր էին խաղում հրեաների կյանքում, այդ պատճառով հրեաները գրագետ էին, հասարակ ժողովուրդն անգամ ծանոթ էր Սուրբ գրքին։
Սակայն ժողովարանը գլխավորապես ծառայում էր այն նպատակին, որ մարդիկ կանոնավորաբար երկրպագություն մատուցեն Աստծուն։ Զարմանալի չէ, որ առաջին դարի քրիստոնյաների ժողովի հանդիպումները նման էին հրեական ժողովարաններում անցկացվող հանդիպումներին։ Քրիստոնեական հանդիպումների ժամանակ նույնպես մարդիկ գովաբանական երգեր էին երգում Եհովային, աղոթում էին նրան, ընթերցում և քննարկում էին Աստծու Խոսքը։ Ինչպես ժողովարանի անդամները, այնպես էլ քրիստոնյաները հոժարակամ նվիրաբերություններ էին անում։ Սակայն Աստծու Խոսքը ընթերցելու և քննարկելու առանձնաշնորհումը տրված չէր միայն հատուկ մարդկանց. հանդիպումները կազմակերպվում ու առաջնորդվում էին պատասխանատու և տարիքով ավելի մեծ տղամարդկանց կողմից։
Այսօր Եհովայի վկաները ջանում են հետևել Հիսուսի և նրա հետևորդների օրինակին։ Նրանց Թագավորության սրահներում անցկացվող ժողովները նույնպես շատ առումներով նման են առաջին դարի ժողովարանների հանդիպումներին։ Եվ ամենակարևորը, Վկաները նույնպես ունեն այն նպատակը, որ ունեն ճշմարտությունը սիրող բոլոր մարդիկ՝ «մոտենալ Աստծուն» (Հակոբոս 4։8)։
[Նկար 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Այս մոդելը հիմնված է առաջին դարի Գամլա ժողովարանի գծագրի վրա
[Նկար 18–րդ էջի վրա]
Ժողովարանի դպրոցներում սովորում էին 6–13 տարեկան տղաներ