«Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք»
«Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (ՄԱՏԹ. 28։19, 20)։
1, 2. Ի՞նչ հարցեր են առաջանում Մատթեոս 24։14-ում գրված Հիսուսի խոսքերի հետ կապված։
ԱՆԿԱԽ նրանից՝ մարդիկ ընդունում են մեզ, թե հակառակվում, չեն կարող ժխտել, որ Եհովայի վկաները ճանաչված են իրենց քարոզչական գործով։ Գուցե ծառայության ժամանակ հանդիպել ես մարդկանց, ովքեր ասել են, որ համաձայն չեն մեր հավատալիքների հետ, բայց հարգում են մեր կատարած գործը։ Ինչպես գիտենք, Հիսուսն ասաց, որ այդ գործը՝ Թագավորության բարի լուրը քարոզելը, կարվի ամբողջ երկրով մեկ (Մատթ. 24։14)։ Սակայն ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ մեր կատարած գործը Հիսուսի մարգարեության կատարումն է։ Մեծամտությո՞ւն է եզրակացնել, որ միայն մենք ենք կատարում Հիսուսի տված հանձնարարությունը։
2 Շատ կրոնական խմբեր կարծում են, թե իրենք են քարոզում Ավետարանը՝ բարի լուրը։ Սակայն նրանք սահմանափակվում են եկեղեցում արարողություններ անելով, հեռուստատեսության ու ինտերնետի միջոցով ծրագրեր հեռարձակելով կամ էլ մարդկանց պատմելով, թե Տերը ինչպես է իրենց օգնել։ Իսկ ուրիշներն էլ հպարտանում են բժշկության ու կրթության ասպարեզներում իրենց արած բարեգործություններով և հումանիտար օգնություն տրամադրելով։ Արդյո՞ք սա նկատի ուներ Հիսուսը, երբ իր հետևորդներին պատվիրեց «աշակերտներ պատրաստել»։
3. Ըստ Մատթեոս 28։19, 20-ի՝ ո՞ր չորս բաները պետք է անեին Հիսուսի հետևորդները։
3 Հիսուսի աշակերտները պարզապես պետք է սպասեի՞ն, թե երբ մարդիկ կմոտենան իրենց։ Ամենևի՛ն։ Հարություն առնելուց հետո նա իր շուրջը հավաքված հարյուրավոր աշակերտներին ասաց. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28։19, 20)։ Հիսուսը չորս բան պատվիրեց. գնալ, աշակերտներ պատրաստել, մկրտել և սովորեցնել։ «Գնացեք» պատվերի հետ կապված մի աստվածաշնչագետ ասում է. ««Գնալը» յուրաքանչյուր հավատացյալի պարտականությունն է, լինի դա փողոցի մյուս կողմն անցնելը, թե օվկիանոս կտրելը» (Մատթ. 10։7; Ղուկ. 10։3)։
4. Ի՞նչ է ընդգրկում «մարդկանց որսորդներ» լինելը։
4 Հիսուսը ցանկանում էր, որ ամեն մեկը առանձի՞ն քարոզեր բարի լուրը, թե՞ դա արվեր կազմակերպված։ Մի հոգին չի կարող մենակ «բոլոր ազգերին» քարոզել։ Ուստի այս գործը պահանջում է շատերի կազմակերպված ջանքերը։ Հիսուսը հենց սա նկատի ուներ, երբ իր աշակերտներին հրավիրեց «մարդկանց որսորդներ», կամ՝ «ձկնորսներ» դառնալ (կարդա Մատթեոս 4։18–22)։ Նա այստեղ չէր խոսում կարթով ձուկ բռնելու մասին, երբ ձկնորսը նստում և սպասում է, մինչև ձուկը կուլ տա խայծը։ Նա նկատի ուներ ուռկանով ձկնորսություն անելը, ինչի համար պահանջվում է մի խումբ ձկնորսների համատեղ ջանքեր (Ղուկ. 5։1–11)։
5. Ո՞ր չորս հարցերին է հարկավոր պատասխանել և ինչո՞ւ։
5 Որպեսզի իմանանք, թե ովքեր են քարոզում բարի լուրը՝ կատարելով Հիսուսի մարգարեությունը, հարկավոր է պատասխանել հետևյալ հարցերին.
Ինչի՞ մասին ենք քարոզում։
Ինչո՞ւ ենք քարոզում։
Ի՞նչ մեթոդներով ենք քարոզում։
Որքա՞ն է տևելու և ի՞նչ մասշտաբով է արվելու այս գործը։
Այս չորս հարցերի պատասխանները կօգնեն մեզ ոչ միայն հասկանալու, թե ովքեր են անում կյանք փրկող այս գործը, այլև կամրացնեն մեր վճռականությունը, որ հավատարմորեն շարունակենք քարոզել (1 Տիմոթ. 4։16)։
ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԵՆՔ ՔԱՐՈԶՈՒՄ
6. Ինչո՞ւ ես համոզված, որ Եհովայի վկաները հայտնում են այն լուրը, որը Հիսուսը պատվիրեց քարոզել։
6 Կարդա Ղուկաս 4։43։ Հիսուսը քարոզում էր «Աստծու թագավորության բարի լուրը»։ Նա ակնկալում է, որ իր աշակերտները նույնը անեն այսօր։ Մարդկանց ո՞ր խումբն է քարոզում բարի լուրը «բոլոր ազգերին»։ Պատասխանը պարզ է. Եհովայի վկաները։ Այս փաստն ընդունում են անգամ որոշ հակառակորդներ։ Օրինակ՝ մի միսիոներ-քահանա, որը ապրել է տարբեր երկրներում, մի եղբոր ասաց, որ ամեն տեղ Վկաներին հարցրել է, թե ինչ են նրանք քարոզում։ Իսկ ի՞նչ է եղել պատասխանը։ Քահանան ասաց. «Նրանք այնքան անխելք են, որ բոլորն էլ նույն պատասխանը տվեցին՝ Թագավորության բարի լուրը»։ Սակայն նրանց պատասխանը ոչ թե ցույց է տալիս, որ նրանք անխելք են, այլ որ միասնական են, ինչպես պետք է լինեն ճշմարիտ քրիստոնյաները (1 Կորնթ. 1։10)։ Նրանք հռչակում են այն, ինչ «Դիտարան» ամսագիրն է հռչակում՝ Եհովայի Թագավորությունը։ Այս ամսագիրը թողարկվում է 254 լեզուներով միջին հաշվով մոտ 59 միլիոն օրինակով։ Այն ամենաշատ տպաքանակն ունեցող ամսագիրն է աշխարհում։
7. Ինչո՞ւ կարելի է ասել, որ քրիստոնյա աշխարհի հոգևորականները չեն հայտնում այն լուրը, որը Հիսուսը պատվիրեց քարոզել։
7 Քրիստոնյա աշխարհի հոգևորականները չեն քարոզում Աստծու Թագավորությունը։ Նույնիսկ երբ խոսում են Թագավորության մասին, նկատի ունեն մարդու սրտի վիճակը (Ղուկ. 17։21)։ Նրանք մարդկանց չեն սովորեցնում, որ Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է, ունի թագավոր, լուծելու է մարդկության բոլոր խնդիրները և շուտով վերացնելու է չարությունը երկրի երեսից (Հայտն. 19։11–21)։ Իսկ Հիսուս Քրիստոսին նրանք հիշում են միայն Սուրբ Ծննդյան և Զատիկի տոներին։ Նրանք չգիտեն, թե նա ինչ է անելու որպես երկրի նոր Թագավոր։ Եվ քանի որ չեն հասկանում՝ ինչ էր քարոզում Հիսուսը, չեն էլ իմանում, թե ինչ մղումով պետք է դա անել։
ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՔԱՐՈԶՈՒՄ
8. Ի՞նչ մղումով են ոմանք քարոզում։
8 Ո՞րը պետք է լինի քարոզելու մեր մղումը։ Փող հավաքե՞լը, էլիտար շենքեր կառուցե՞լը։ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթ. 10։8)։ Աստծու Խոսքը չպետք է վաճառել (2 Կորնթ. 2։17)։ Նրանք, ովքեր քարոզում են, իրենց արած գործի համար չպետք է շահ փնտրեն (կարդա Գործեր 20։33–35)։ Թեև սա պարզ կերպով նշվում է Աստծու Խոսքում, շատ կրոններ իրենց եկեղեցիների համար, ինչպես նաև հոգևորականներին և մյուս աշխատողներին վճարելու համար փող են հավաքում կամ դիմում այլ միջոցների։ Հաճախ քրիստոնյա աշխարհի հոգևոր առաջնորդները հսկայական հարստություն են դիզում (Հայտն. 17։4, 5)։
9. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովայի վկաները ճիշտ մղումով են կատարում քարոզչական գործը։
9 Իսկ ի՞նչ կարելի է ասել Եհովայի վկաների մասին։ Նրանց գործունեությունը օժանդակվում է կամավոր նվիրաբերությունների շնորհիվ (2 Կորնթ. 9։7)։ Նրանք իրենց Թագավորության սրահներում և համաժողովների անցկացման վայրերում փող չեն հավաքում։ Բացի դրանից, միայն վերջին մեկ տարվա ընթացքում Եհովայի վկաները 1,93 միլիարդ ժամ են տրամադրել բարի լուրը քարոզելու և ամսական 9 միլիոն Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն անցկացնելու համար։ Գուցե մարդիկ զարմանան, որ դրա դիմաց Վկաները չեն վարձատրվում։ Ընդհակառակը՝ նրանք ուրախությամբ իրենց միջոցներից են տրամադրում ծախսերը փակելու համար։ Եհովայի վկաների գործունեության վերաբերյալ մի պրոֆեսոր ասաց. «Նրանց գլխավոր նպատակը քարոզելն ու սովորեցնելն է.... Նրանք չունեն հոգևորական դասակարգ, ինչի պատճառով էլ նրանց գործունեության ծախսերը բավականին նվազում են»։ Ուրեմն ի՞նչն է մղում մեզ անելու այս գործը։ Մենք անում ենք դա մեր հոժար կամքով՝ Եհովայի և մերձավորի հանդեպ սիրուց մղված։ Սա կատարումն է Սաղմոս 110։3-ում գրված մարգարեության (կարդա)։
Ի՞ՆՉ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԵՆՔ ՔԱՐՈԶՈՒՄ
10. Ինչպե՞ս էին Հիսուսը և նրա աշակերտները քարոզում։
10 Ինչպե՞ս էին Հիսուսը և նրա աշակերտները քարոզում բարի լուրը։ Նրանք գնում էին այնտեղ, որտեղ հնարավոր էր մարդկանց գտնել՝ հասարակական վայրերում և տներում։ Քարոզչական գործի մեջ մտնում էր «արժանիներին» փնտրելու համար տնից տուն գնալը (Մատթ. 10։11; Ղուկ. 8։1; Գործ. 5։42; 20։20)։ Սա ցույց է տալիս նրանց անկողմնակալությունը մարդկանց հանդեպ։
11, 12. Բարի լուրը քարոզելու գործում ինչպե՞ս են Եհովայի վկաները տարբերվում քրիստոնեական աշխարհի եկեղեցու անդամներից։
11 Ի՞նչ են արել քրիստոնյա աշխարհի եկեղեցիները այս ոլորտում։ Շատ երկրներում եկեղեցիների անդամները քարոզելու գործը ուրախությամբ թողնում են հոգևորականների վրա՝ մտածելով, որ դրա համար նրանք վարձատրվում են։ Սակայն հոգևորականները «ձկնորսությամբ» զբաղվելու փոխարեն՝ ավելի շատ մտածում են իրենց «ձկներին» պահելու մասին։ Երբեմն նրանք փորձում են իրենց հետևորդների մեջ ավետարանելու ցանկություն արթնացնել։ Օրինակ՝ 2001թ. սկզբին Հովհաննես Պողոս II պապը իր նամակներից մեկում գրեց. «Արդեն տարիներ է, ինչ կոչ եմ անում նոր ավետարանչության։ Հիմա էլ նույնն եմ անում.... Պետք է բորբոքենք մեր մեջ Պողոսի ներսում վառվող նույն ոգին, ով ասաց. «Վա՛յ ինձ, եթե չքարոզեմ Ավետարանը»»։ Այնուհետև պապն ասում էր, որ այս առաքելությունը «ոչ թե պետք է թողնել մի խումբ առաջնորդների վրա, այլ սա Աստծու ժողովրդի յուրաքանչյուր անդամի պարտականությունն է»։ Բայց հարց է՝ արձագանքեցի՞ն այդ կոչին։
12 Իսկ ի՞նչ կարելի է ասել Եհովայի վկաների մասին։ Միայն նրանք են քարոզում, որ 1914-ից ի վեր Հիսուսն իշխում է որպես Թագավոր։ Հիսուսի պատվերի համաձայն՝ նրանք առաջնային տեղում են դնում քարոզչական գործը (Մարկ. 13։10)։ Մի աշխատության մեջ հետևյալն է գրված. «Եհովայի վկաների համար իրենց առաքելությունը կարևորագույն գործն է»։ Մեջբերելով մի Վկայի խոսքեր՝ հեղինակն ասում է. «Երբ նրանք հանդիպում են սոված, միայնակ կամ հիվանդ մարդկանց, փորձում են օգնել նրանց.... բայց երբեք չեն մոռանում, որ իրենց գլխավոր գործը աշխարհի վերջի և փրկության մասին լուրը հայտնելն է» (Pillars of Faith— American Congregations and Their Partners)։ Եհովայի վկաները շարունակում են այս լուրը տարածել այն նույն մեթոդներով, որ Հիսուսն ու իր աշակերտներն էին օգտագործում։
ՈՐՔԱ՞Ն Է ՏԵՎԵԼՈՒ ԵՎ Ի՞ՆՉ ՄԱՍՇՏԱԲՈՎ Է ԱՐՎԵԼՈՒ
13. Ի՞նչ մասշտաբով էր արվելու քարոզչական գործը։
13 Հիսուսը նշեց, թե ինչ մասշտաբով էր կատարվելու քարոզչական գործը՝ ասելով. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ» (Մատթ. 24։14)։ Նրա հետևորդները աշակերտներ էին պատրաստելու «բոլոր ազգերի մեջ» (Մատթ. 28։19, 20)։ Դա նշանակում է, որ գործը լինելու էր աշխարհածավալ։
14, 15. Ի՞նչն է փաստում, որ Եհովայի վկաները Հիսուսի նշած մասշտաբով են կատարում քարոզչական գործը (տես հոդվածի սկզբի նկարը)։
14 Տեսնելու համար, թե ինչպես են Եհովայի վկաները կատարել Հիսուսի այս մարգարեությունը, քննենք մի քանի փաստեր։ ԱՄՆ-ի տարբեր կրոնական ուղղություններում կա մոտավորապես 600000 հոգևորական, իսկ Եհովայի վկաների թիվը անցնում է 1200000-ը։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին ամբողջ աշխարհում ունի 400000-ից ավելի քահանաներ։ Եհովայի վկաների թիվը ամբողջ աշխարհում 8000000-ից ավել է։ Նրանք 240 երկրներում ակտիվորեն մասնակցում են Թագավորության քարոզչությանը։ Ի՜նչ հսկայական աշխատանք են նրանք անում, և այդ ամենը ի փառս Եհովայի (Սաղ. 34։1; 51։15)։
15 Լինելով Եհովայի վկաներ՝ մենք ցանկանում ենք նախքան աշխարհի վախճանը բարի լուրը հասցնել հնարավորինս շատ մարդկանց։ Այս նպատակով բազմաթիվ լեզուներով աստվածաշնչյան գրականություն է թարգմանվում ու հրատարակվում։ Միլիոնավոր օրինակներով գրքեր, ամսագրեր, թերթիկներ և համաժողովի ու Հիշատակի երեկոյի հրավիրատոմսեր ենք անվճար բաժանում։ Մենք գրականություն ենք հրատարակել ավելի քան 700 լեզուներով։ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» հրատարակվել է մոտ 130 լեզուներով ավելի քան 200 միլիոն օրինակով։ Միայն անցած տարի տպագրվել է աստվածաշնչյան գրականության 4,5 միլիարդ օրինակ, իսկ մեր պաշտոնական կայքում տեղադրված նյութերը մատչելի են 750-ից ավելի լեզուներով։ Ուրիշ ո՞վ է անում այսպիսի գործ։
16. Ի՞նչն է փաստում, որ Եհովայի վկաները ունեն Աստծու սուրբ ոգին։
16 Որքա՞ն է տևելու մարգարեացված քարոզչական գործը։ Մինչև այն ժամանակը, երբ «կգա վերջը» (Մատթ. 24։14)։ Ուրիշ ո՞ր կրոնն է առանց դադարի քարոզում բարի լուրը այս վերջին օրերում։ Ոմանք, ում հանդիպում ենք ծառայության ժամանակ, ասում են. «Սուրբ ոգին մենք ունենք, բայց գործը դուք եք անում»։ Սակայն մի՞թե մեր արած գործը չի վկայում այն մասին, որ ունենք Եհովայի սուրբ ոգին (Գործ. 1։8; 1 Պետ. 4։14)։ Ժամանակ առ ժամանակ որոշ կրոններ փորձել են անել այն, ինչ Եհովայի վկաներն են անում, սակայն նրանց ջանքերը անհաջողության են մատնվել։ Ոմանք էլ միսիոներական ծառայություն են անում, բայց միայն սահմանափակ ժամանակով, որից հետո վերադառնում են իրենց սովորական կյանքին։ Ուրիշներն էլ գուցե գնում են տնից տուն, բայց ի՞նչ են քարոզում։ Պատասխանը հստակ ցույց է տալիս, որ նրանք չեն շարունակում Հիսուսի սկսած գործը։
ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ
17, 18. ա) Ինչո՞ւ ենք համոզված, որ Թագավորության լուրը միայն Եհովայի վկաներն են քարոզում։ բ) Ինչի՞ շնորհիվ ենք շարունակում անել այս գործը։
17 Ովքե՞ր են Թագավորության բարի լուրը քարոզում։ Համոզվածությամբ կարող ենք ասել՝ Եհովայի վկաները։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք քարոզում ենք այն լուրը, որը Հիսուսն է պատվիրել։ Գնալով մարդկանց մոտ՝ օգտագործում ենք Հիսուսի սովորեցրած մեթոդները։ Քարոզչական գործը անում ենք ճիշտ մղումով՝ սիրուց, ոչ թե ֆինանսական շահից ելնելով։ Մեր ծառայությունը կատարում ենք հսկայական մասշտաբներով՝ քարոզելով բոլոր ազգերից ու լեզուներից եղող մարդկանց։ Մենք կշարունակենք անել այս գործը առանց հանձնվելու՝ այնքան ժամանակ, մինչև գա վերջը։
18 Հիանում ենք, երբ տեսնում ենք, թե ինչ է անում Աստծու ժողովուրդը այս վերջին ժամանակներում։ Սակայն ո՞ւմ շնորհիվ է արվում այս ամենը։ Պողոսը պատասխանում է այս հարցին փիլիպպեցիներին գրված իր նամակում. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպ. 4։13)։ Թող որ շարունակենք զորություն ստանալ մեր սիրելի Հորից, որպեսզի անենք մեր լավագույնը և ամբողջովին կատարենք մեր ծառայությունը (2 Տիմոթ. 4։5)։