Ոսկե օրենք. այն այժմեական է
Թեև շատ մարդիկ ոսկե օրենքը Հիսուսի կողմից տրված բարոյական սկզբունք են համարում, Հիսուսն ինքը ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց» (Յովհաննէս 7։16)։
Այո՛, Հիսուսի ուսուցումների, այդ թվում նաև՝ ոսկե օրենքի հեղինակը նա է, ով նրան ուղարկեց, այսինքն՝ Արարիչը՝ Եհովա Աստված։
Ի սկզբանե Աստծո մտադրությունն այն էր, որ բոլոր մարդիկ ուրիշներին վերաբերվեին այնպես, ինչպես որ կցանկանային, ուրիշներն իրենց վերաբերվեն։ Նա մարդուն ստեղծեց այնպես, որ դրանով իսկ թողեց ուրիշների բարօրության մասին հոգ տանելու լավագույն օրինակը. «Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց» (Ծննդոց 1։27)։ Այստեղից հետևում է, որ Աստված սիրով օժտել էր մարդկանց իր սեփական բացառիկ հատկություններով, որպեսզի նրանք կարողանային վայելել կյանքը խաղաղության, երջանկության և ներդաշնակության մեջ. հնարավորության դեպքում՝ հավիտյան։ Աստծո պարգևած խիղճը պատշաճորեն մարզելուց հետո նրանք կմղվեին ուրիշների հետ այնպես վարվելու, ինչպես կցանկանային, որ իրենց հետ վարվեն։
Գլուխ է բարձրացնում եսասիրությունը
Սակայն, ի՞նչ տեղի ունեցավ մարդկության այդ հրաշալի սկզբնավորումից հետո։ Պարզ ասած՝ մարդիկ սկսեցին այնպիսի գարշելի հատկություն ցուցաբերել, ինչպիսին է եսասիրությունը։ Շատերն են ծանոթ Աստվածաշնչի Ծննդոց գրքի 3–րդ գլխում արձանագրված այն պատմությանը, թե ինչ արեց առաջին մարդկային զույգը։ Դրդված լինելով Սատանայի՝ Աստծո բոլոր արդար չափանիշների հակառակորդի կողմից՝ Ադամն ու Եվան եսասիրաբար մերժեցին Աստծո ղեկավարությունը՝ նախընտրելով բացարձակ անկախություն։ Այդ եսասեր և ըմբոստ արարքը ոչ միայն նրանց վնաս հասցրեց, այլ նաև ողբերգական հետևանքներ ունեցավ նրանց ողջ ապագա սերնդի համար, ինչից ակնհայտ դարձավ, որ «ոսկե օրենք» անունով հայտնի ուսմունքն անտեսելը աղետալի արդյունքների է բերում։ Որպես հետևանք՝ «մէկ մարդով մեղքը աշխարհ մտաւ, եւ մեղքով էլ՝ մահը, այնպէս էլ բոլոր մարդկանց մէջ տարածուեց մահը, որովհետեւ բոլորն էլ մեղանչեցին» (Հռովմայեցիս 5։12)։
Թեև մարդկությունն, ընդհանուր առմամբ, մերժեց Եհովայի սիրառատ ճանապարհները, Աստված չհրաժարվեց նրանից։ Օրինակ՝ որպես առաջնորդություն՝ Եհովան Իսրայել ազգին տվեց իր Օրենքը, որից նրանք կարող էին սովորել ուրիշների հետ վարվել այնպես, ինչպես կցանկանային, որ ուրիշներն իրենց հետ վարվեն։ Օրենքում ցուցումներ կային այն մասին, թե ինչպես էր պետք վերաբերվել ստրուկներին, որբերին և այրիներին։ Այնտեղ նկարագրվում էր, թե ինչպես դեմ կանգնել հարձակումներին կամ պայքարել մարդկանց առևանգման ու գողության դեմ։ Առողջապահական օրենքները սովորեցնում էին, որ անհրաժեշտ է հոգատարություն ցուցաբերել ուրիշների առողջության նկատմամբ։ Որոշ օրենքներ էլ վերաբերում էին նույնիսկ սեռական հարցերին։ Եհովան իր խոսքն ավարտում էր՝ ասելով. «Քո ընկերին սիրես քո անձի պէս» (Ղեւտացոց 19։18; Մատթէոս 22։39, 40)։ Օրենքը նաև հրահանգներ էր պարունակում այն մասին, թե ինչպես պետք է իսրայելացիները վերաբերվեին իրենց մոտ ապրող օտարականներին։ Այնտեղ հրամայվում էր. «Օտարականին մի նեղիր. դուք էլ գիտէք օտարականի սիրտը. որովհետեւ Եգիպտոսի երկրումը օտարական էիք»։ Այլ կերպ ասած՝ իսրայելացիները պետք է կարեկից ու բարի լինեին դժվարության մեջ գտնվող մարդկանց նկատմամբ (Ելից 23։9; Ղեւտացոց 19։34; Բ Օրինաց 10։19)։
Երբ Իսրայելը հավատարմորեն հետևում էր օրենքին, Եհովան օրհնում էր նրան։ Դավիթի և Սողոմոնի իշխանության օրոք պետությունը բարգավաճում էր, իսկ մարդիկ երջանիկ էին ու գոհ։ Պատմական հաղորդագրությունը հայտնում է. «Եւ Յուդան եւ Իսրայէլը շատ էին ինչպէս որ ծովի եզերքի շատ աւազը. եւ ուտում ու խմում եւ ուրախանում էին։ Եւ Յուդան եւ Իսրայէլը ապահով բնակվում էին ամեն մարդ իր որթի եւ իր թզենիի տակ» (Գ Թագաւորաց 4։20, 25)։
Ցավոք, երկրի խաղաղությունն ու ապահովությունը երկար չտևեցին։ Ունենալով Աստծո Օրենքը՝ իսրայելացիներն, այնուամենայնիվ, չպահեցին այն՝ թույլ տալով, որ եսասիրությունը ճնշի իրենց մեջ հոգատարությունն ուրիշների նկատմամբ։ Սա, ինչպես նաև հավատուրացությունը, իրենց փաստի առջև կանգնեցրեցին, ընդ որում՝ թե՛ անհատապես և թե՛ ազգովի։ Ի վերջո՝ մ.թ.ա. 607 թ.–ին Եհովան թույլ տվեց, որ բաբելոնացիները կործանեն Հուդայի թագավորությունը, Երուսաղեմ քաղաքը և, նույնիսկ, այնտեղի հոյակապ տաճարը։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ դուք չ’լսեցիք իմ խօսքերը, ահա ես կ’ուղարկեմ եւ կ’առնեմ հիւսիսի բոլոր ազգատոհմերը, ասում է Տէրը, եւ իմ ծառայ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի հետ կ’դնեմ, եւ ես նորանց կ’բերեմ այս երկրի վերայ եւ նորա բնակիչների վերայ, եւ այս բոլոր ազգերի վերայ շուրջանակի, եւ նորանց նզովածի պէս բնաջինջ կ’անեմ եւ նորանց կ’շինեմ հիացման եւ նախատինքի առարկայ եւ յաւիտենական աւերակներ» (Երեմիա 25։8, 9)։ Որքա՜ն թանկ նստեց նրանց վրա Եհովայի մաքուր երկրպագությունից հրաժարվելը։
Հետևելու օրինակ
Ի տարբերություն իրենց՝ Հիսուսը ո՛չ միայն սովորեցրել է ոսկե օրենքը, այլ նաև թողել այդ օրենքին հետևելու լավագույն օրինակը։ Նա անկեղծորեն հոգ էր տանում ուրիշների բարօրության մասին (Մատթէոս 9։36; 14։14; Ղուկաս 5։12, 13)։ Մի անգամ Նային քաղաքի մոտ Հիսուսը տեսավ սիրտը կոտրված այրի մի կնոջ, որի միակ որդուն տանում էին թաղելու։ Աստվածաշնչում ասվում է. «Երբ Տէրը կնոջը տեսաւ, խղճաց նրան» (Ղուկաս 7։11–15)։ Համաձայն «Վայնի՝ Հին և Նոր կտակարանների բառերի բացատրական բառարանի» («Vine’s Expository Dictionary of Old and New Testament Words»)՝ «խղճալ» բառը նշանակում է «ուրիշի դրության մեջ մտնել»։ Այսինքն՝ Հիսուսը զգաց նրա սրտի ցավը, և դա իրեն համապատասխան քայլերի մղեց՝ կնոջ ցավը թեթևացնելու։ Որքա՜ն ուրախացավ այրի կինը, երբ Հիսուսը վերակենդանացրեց տղային և «նրան մօրը տուեց»։
Վերջում, Աստծո կամքի համաձայն՝ Հիսուսը կամավոր տառապեց և իր կյանքը տվեց իբրև փրկագին, որպեսզի մարդկությունը կարողանա ազատվել մեղքի և մահվան գերությունից։ Դա ոսկե օրենքի համաձայն ապրելու մեծագույն օրինակն է (Մատթէոս 20։28; Յովհաննէս 15։13; Եբրայեցիս 4։15)։
Ոսկե օրենքը կիրառող մարդիկ
Իսկ մեր օրերում կա՞ն արդյոք այնպիսի մարդիկ, որոնք իսկապես ապրում են ոսկե օրենքի համաձայն։ Այո՛, և ոչ միայն այն ժամանակ, երբ դա իրենց հարմար է։ Օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայում ապրող Եհովայի Վկաները պահպանեցին իրենց հավատն Աստծո, և սերը մերձավորի նկատմամբ՝ հրաժարվելով խախտել ոսկե օրենքը։ Այն ժամանակ, երբ պետությունը սաստկացրեց պայքարը բոլոր հրեաների դեմ՝ նրանց նկատմամբ ատելություն սերմանելով և խտրականություն դնելով, Վկաները շարունակեցին հետևել ոսկե օրենքին։ Նույնիսկ համակենտրոնացման ճամբարներում նրանք հոգ էին տանում իրենց մերձավորների մասին՝ կիսելով իրենց՝ առանց այն էլ սակավ սնունդը սովամահ եղող հրեաների և ոչ հրեաների հետ։ Դեռ ավելին՝ չնայած այն բանին, որ պետության կողմից զենք վերցնելու և ուրիշներին սպանելու հրաման էին ստացել՝ նրանք հրաժարվեցին այդ անել, քանի որ իրենց հերթին չէին ցանկանում սպանված լինել ուրիշների կողմից։ Եվ իսկապես, ինչպե՞ս կարող էին Վկաները սպանել նրանց , ում պետք է սիրեին իրենց անձերի պես։ Այդ բանի համար նրանցից շատերին ոչ միայն համակենտրոնացման ճամբարներ ուղարկեցին, այլև դատապարտեցին մահվան (Մատթէոս 5։43–48)։
Այս հոդվածը կարդալու հնարավորությունը ոսկե օրենքի կիրառման մեկ ուրիշ օրինակ է։ Գիտակցելով, որ այսօր շատերն են տառապում՝ անհույս և անօգնական՝ Եհովայի վկաները, կամավոր, գործնական քայլեր են ձեռնարկում ուրիշներին օգնելու համար. նրանք սովորեցնում են մարդկանց Աստվածաշնչում տրվող հույսի ու այնտեղ գրված գործնական խորհուրդների մասին։ Այդ ամենը մեր օրերում աննախադեպ չափերով կատարվող համաշխարհային կրթական ծրագրի մասն է կազմում։ Արդյունքո՞ւմ։ Ինչպես կանխագուշակվել էր Եսայիա 2։2–4-ում «շատ ժողովուրդներ» (ի դեպ, աշխարհում ավելի քան վեց միլիոն հոգի) ‘սովորել են Եհովայի ճանապարհները և գնում են նրա շավիղներով’։ Փոխաբերական իմաստով՝ նրանք սովորել են «ձուլել իրանց սուրերը խոփերի, եւ իրանց նիզակները՝ յօտոցների» և խաղաղություն ու ապահովություն են գտել այս դժվար ժամանակներում։
Ի՞նչ կարելի է ասել ձեր մասին
Մի պահ խորհեցեք, թե սկսած Եդեմում Բանսարկու Սատանայի դրդմամբ տեղի ունեցած ապստամբությունից՝ ոսկե օրենքն անտեսելը ինչպիսի տանջանքներ ու տառապանք է բերել մարդկությանը։ Սակայն, Եհովան մտադրվել է մոտ ապագայում փոխել իրավիճակը։ Ինչպե՞ս։ «Աստծու Որդին հենց նրա համար յայտնուեց, որ քանդի Սատանայի գործերը» (Ա Յովհաննէս 3։8)։ Դա տեղի կունենա Աստծո Թագավորության իշխանության օրոք իմաստուն և հզոր Հիսուս Քրիստոսի ձեռքով՝ մի անձնավորության, որն ուսուցանել է ոսկե օրենքը և ապրել նրա համաձայն (Սաղմոս 37։9–11; Դանիէլ 2։44)։
Հին Իսրայելի Դավիթ թագավորն ասել է. «Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չ’տեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ։ Արդարը ամեն օր ողորմած է եւ փոխ է տալիս, եւ նորա զաւակը օրհնուած է» (Սաղմոս 37։25, 26)։ Համաձայն չե՞ք, որ մարդիկ այսօր ավելի շուտ ձգտում են տիրանալու և զավթելու, քան թե ‘ողորմած և փոխ տվող’ լինելու։ Ակնհայտ է, ուրեմն, որ ոսկե օրենքը կիրառելով՝ իսկական խաղաղության և ապահովության կհասնենք, քանի որ դա մեծ օրհնություններ կբերի մեզ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում՝ Աստծո Թագավորության իշխանության ժամանակ։ Այդ Թագավորությունը երկրի վրայից կվերացնի եսասիրության ու չարության վերջին հետքն անգամ և այսօրվա մարդակերտ ու քայքայվող կառավարման համակարգը կփոխարինի նոր՝ Աստծո կողմից ստեղծված համակարգով։ Այդ ժամանակ բոլոր մարդիկ կվայելեն կյանքը՝ ապրելով ոսկե օրենքի համաձայն (Սաղմոս 29։11; Բ Պետրոս 3։13)։
[նկար 4–րդ և 5–րդ էջերի վրա]
Հիսուսը ոչ միայն սովորեցրել է ոսկե օրենքը, այլ նաև թողել այն կիրառելու լավագույն օրինակը
[նկարներ 7–րդ էջի վրա]
Կիրառելով ոսկե օրենքը՝ իսկական խաղաղության և ապահովության կհասնենք