Շարունակիր լիակատար սրտով ծառայել Եհովային
«Որդյա՛կ իմ.... ճանաչիր քո հոր Աստծուն ու ծառայիր նրան լիակատար սրտով» (1 ՏԱՐ. 28։9)։
ՓՆՏՐԻՐ ԱՅՍ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Ի՞նչ է փոխաբերական սիրտը։
Ինչպե՞ս կարող ենք քննել մեր սիրտը։
Ինչպե՞ս կարող ենք շարունակել լիակատար սրտով ծառայել Եհովային։
1, 2. ա) Մարմնի ո՞ր անդամի մասին է հաճախ փոխաբերական իմաստով նշվում Աստծու Խոսքում։ բ) Ինչո՞ւ է կարևոր հասկանալ փոխաբերական սրտի նշանակությունը։
ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ հաճախ մարդու մարմնի տարբեր անդամների մասին փոխաբերական իմաստով է խոսում։ Օրինակ՝ Հոբ նահապետը ասաց. «Ձեռքիս ափերին բռնություն չկա»։ Սողոմոն թագավորը նշեց. «Լավ լուրը պարարտացնում է ոսկորները»։ Եհովան Եզեկիելին վստահեցրեց. «Կայծքարից ավելի կարծր եմ դարձրել քո ճակատը»։ Իսկ Պողոս առաքյալին ասվեց. «Այնպիսի բաների մասին ես խոսում, որոնք օտար են մեր ականջներին» (Հոբ 16։17; Առակ. 15։30; Եզեկ. 3։9; Գործ. 17։20)։
2 Սակայն մարմնի անդամներից մեկի մասին Աստվածաշնչում շատ ավելի հաճախ է նշվում փոխաբերական իմաստով։ Դա այն անդամն է, որի մասին իր աղոթքում նշեց հավատարիմ Աննան՝ ասելով. «Սիրտս ցնծում է Եհովայով» (1 Սամ. 2։1)։ Աստվածաշունչ գրողները մոտ հազար անգամ նշում են սիրտ բառը և գրեթե միշտ՝ փոխաբերական իմաստով։ Ուստի անչափ կարևոր է հասկանալ, թե ինչ է «սիրտը» խորհրդանշում, քանի որ Աստծու Խոսքն ասում է, որ հարկավոր է պահպանել այն (կարդա՛ Առակներ 4։23)։
ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ՍԻՐՏ. Ի՞ՆՉ Է ԱՅՆ
3. Ինչպե՞ս կարող ենք հասկանալ «սիրտ» բառի նշանակությունը Աստվածաշնչում։ Բե՛ր օրինակ։
3 Թեև Աստծու Խոսքում չկա «սիրտ» բառի բառարանային բացատրությունը, այն օգնում է մեզ հասկանալու դրա նշանակությունը։ Ինչպե՞ս։ Պատկերացրու պատի վրա արված մի նրբաճաշակ խճանկար, որը կազմված է իրար կողք ամրացված հազարի հասնող փոքր քարերից։ Երբ հեռվից նայում ես ամբողջ խճանկարին, տեսնում ես, թե այդ բոլոր քարերը ինչպես են միասին մեկ պատկեր ստեղծում։ Նմանապես, եթե փորձենք նայել այն բոլոր տեղերին, որտեղ Աստվածաշնչում օգտագործված է «սիրտ» բառը, կհասկանանք, որ միասին դրանք մեկ պատկեր են ստեղծում։ Բայց ի՞նչ պատկեր։
4. ա) Ի՞նչ է խորհրդանշում «սիրտը»։ բ) Մատթեոս 22։37-ում արձանագրված Հիսուսի խոսքերը ի՞նչ են նշանակում։
4 Աստվածաշունչ գրողները «սիրտ» բառը օգտագործում են, որ նկարագրեն մարդու ողջ ներքին էությունը։ Այն ընդգրկում է մեր ցանկությունները, մտքերը, տրամադրվածությունը, վերաբերմունքը, կարողությունները, մղումներն ու նպատակները (կարդա՛ 2 Օրենք 15։7; Առակներ 16։9; Գործեր 2։26)։ Ինչպես նշվում է մի աշխատության մեջ, այն «մարդու ողջ ներաշխարհն» է։ Որոշ դեպքերում «սիրտը» նեղ իմաստ ունի։ Օրինակ՝ Հիսուսն ասաց. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթ. 22։37)։ Այստեղ «սիրտ» բառը վերաբերում է անհատի էմոցիաներին, ցանկություններին ու խոր զգացմունքներին։ Առանձին նշելով սիրտը, հոգին ու միտքը՝ Հիսուսն ընդգծեց, որ մեր սրտում պետք է սիրենք Աստծուն և արտահայտենք այն մեր ապրելակերպով և նրանով, թե ինչպես ենք օգտագործում մեր մտային կարողությունները (Հովհ. 17։3; Եփես. 6։6)։ Սակայն երբ միայն «սիրտն» է նշվում, այն ցույց է տալիս մարդու ողջ ներքին էությունը։
ԻՆՉՈՒ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆԵԼ ՍԻՐՏԸ
5. Ինչո՞ւ ենք ցանկանում մեր լավագույնն անել, որ լիակատար սրտով ծառայենք Եհովային։
5 Սրտի մասին Դավիթ թագավորը Սողոմոնին հիշեցրեց. «Որդյա՛կ իմ Սողոմոն, ճանաչիր քո հոր Աստծուն ու ծառայիր նրան լիակատար սրտով և ուրախ հոգով, որովհետև Եհովան քննում է բոլոր սրտերը և գիտի բոլոր մտքերն ու ցանկությունները» (1 Տար. 28։9)։ Այո՛, Եհովան բոլոր սրտերը Քննողն է, այդ թվում մեր (Առակ. 17։3; 21։2)։ Եվ այն, ինչ նա տեսնում է մեր սրտում, մեծապես ազդում է նրա հետ ունեցած մեր փոխհարաբերությունների, ինչպես նաև մեր ապագայի վրա։ Ուստի հիմնավոր պատճառ ունենք հետևելու սուրբ ոգով ներշնչված Դավթի խորհրդին՝ մեր լավագույնն անել, որ լիակատար սրտով ծառայենք Եհովային։
6. Ի՞նչ պետք է գիտակցենք Եհովային ծառայելու մեր վճռականության հետ կապված։
6 Որպես Եհովայի ժողովուրդ նախանձախնդրորեն ծառայելով՝ ցույց ենք տալիս, որ իսկապես մեծ ցանկություն ունենք լիակատար սրտով ծառայելու Աստծուն։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ Սատանայի ամբարիշտ աշխարհից եկող ճնշումներն ու մեր մարմնի մեղավոր հակումները զորեղ ազդեցություն ունեն և կարող են թուլացնել Աստծուն ամբողջ սրտով ծառայելու մեր վճռականությունը (Երեմ. 17։9; Եփես. 2։2)։ Իսկ որպեսզի ստուգենք, թե արդյոք Աստծուն ծառայելու վճռականությունը չի թուլանում, այսինքն՝ չենք կորցնում մեր զգոնությունը, հարկավոր է կանոնավորաբար նայել սրտի մեջ։ Ինչպե՞ս։
7. Ի՞նչն է ցույց տալիս մեր սրտի վիճակը։
7 Մեր ներքին էությունը անտեսանելի է, ինչպես որ անտեսանելի է ծառաբնի միջուկը։ Այդուհանդերձ, Լեռան քարոզում Հիսուսը նշեց, որ ինչպես պտուղներից կարելի է իմանալ, թե ինչ վիճակում է ծառը, այնպես էլ մեր գործերից կարելի է տեսնել, թե իրականում ինչ վիճակում է մեր սիրտը (Մատթ. 7։17–20)։ Քննենք այդ գործերից մեկը։
ՍԻՐՏԸ ՔՆՆԵԼՈՒ ՄԵԹՈԴ
8. Մատթեոս 6։33-ում արձանագրված Հիսուսի խոսքերը ի՞նչ առնչություն ունեն մեր սրտի հետ։
8 Նույն քարոզում Հիսուսը նշել էր, թե կոնկրետ ինչ է հարկավոր անել Եհովային ամբողջ սրտով ծառայելու ցանկությունը ցույց տալու համար։ Նա ասել էր. «Ուրեմն շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» (Մատթ. 6։33)։ Այն, ինչն առաջնահերթ ենք համարում կյանքում, ցույց է տալիս, թե սրտի խորքում ինչ ենք ցանկանում, մտածում ու ծրագրում։ Մեր դրած առաջնահերթությունները քննելով՝ կարող ենք ստուգել, թե արդյոք լիակատար սրտով ենք ծառայում Աստծուն։
9. Ի՞նչ հրավեր տվեց Հիսուսը որոշ մարդկանց, և ի՞նչ բացահայտեց նրանց արձագանքը։
9 Շատ չանցած այն բանից հետո, երբ Հիսուսն իր հետևորդներին հորդորեց «շարունակել նախ թագավորությունը.... փնտրել», մի դեպք տեղի ունեցավ, որը ցույց է տալիս, որ կյանքում դրած առաջնահերթությունները իսկապես բացահայտում են մարդու սրտի վիճակը։ Ավետարանագիր Ղուկասը պատմում է, որ Հիսուսը «վճռեց գնալ Երուսաղեմ», թեև լավ գիտեր, թե ինչ է սպասում իրեն այնտեղ։ Հիսուսն ու առաքյալները ճանապարհին հանդիպեցին մի քանի մարդկանց, որոնց նա հրավեր տվեց. «Իմ հետևո՛րդը դարձիր»։ Այդ մարդիկ ուզում էին ընդունել հրավերը, բայց որոշ պայմաններով։ Մեկը պատասխանեց. «Թույլ տուր, որ գնամ և առաջ իմ հորը թաղեմ»։ Մյուսը ասաց. «Ես քո հետևից կգամ, Տե՛ր, բայց նախ թույլ տուր, որ հրաժեշտ տամ իմ տան անդամներին» (Ղուկ. 9։51, 57–61)։ Ի՜նչ տարբերություն Աստծուն ծառայելու Հիսուսի վճռականության ու այդ մարդկանց արձագանքի միջև։ Առաջին տեղում դնելով իրենց ցանկությունները և ոչ թե Թագավորության շահերը՝ նրանք բացահայտեցին, որ չեն ուզում լիակատար սրտով ծառայել Աստծուն։
10. ա) Քրիստոսի հետևորդները ինչպե՞ս են արձագանքել նրա հրավերին։ բ) Ի՞նչ կարճ օրինակ բերեց Հիսուսը։
10 Ի տարբերություն այդ մարդկանց՝ մենք, իմաստությամբ վարվելով, ընդունել ենք Հիսուսի հետևորդը լինելու հրավերը և ամեն օր ծառայում ենք Եհովային։ Այդպես ցույց ենք տալիս, թե մեր սրտում ինչ ենք զգում նրա հանդեպ։ Սակայն նույնիսկ եթե ակտիվ ենք ժողովում, պետք է գիտակցենք, որ մեր սրտին վտանգ է սպառնում։ Այդ մարդկանց հետ զրուցելիս Հիսուսը նշեց, թե որն է վտանգը՝ ասելով. «Ով որ ձեռքը արորի վրա է դնում և նայում է հետևում եղած բաներին, հարմար չէ Աստծու թագավորության համար» (Ղուկ. 9։62)։ Ի՞նչ ենք սովորում այս օրինակից։
ԿԱՌՉՈ՞ՒՄ ԵՆՔ ԲԱՐՈՒՆ
11. Ի՞նչ է տեղի ունենում, երբ հերկողը շրջվում ու հետ է նայում, և ինչո՞ւ։
11 Որպեսզի ավելի լավ հասկանանք Հիսուսի օրինակը, պատկերացնենք հետևյալը։ Արտում աշխատողը զբաղված է հերկելով։ Այդ ընթացքում, սակայն, նա չի դադարում իր տան մասին մտածելուց, որտեղ մի հով անկյունում կարող է իր ընտանիքի ու ընկերների հետ ժամանակ անցկացնել, վայելել կերակուր, երաժշտություն, խինդ ու ծիծաղ։ Նա փափագում է այդ ամենը։ Բավականին հերկելուց հետո այդ հաճելի բաների հանդեպ ցանկությունն այնքան է մեծանում, որ շրջվում է ու նայում «հետևում եղած բաներին»։ Թեև նախքան արտը ցանելը դեռ շատ աշխատանք կա անելու, աշխատողի ուշադրությունը շեղվում է, ու նրա գործը տուժում է։ Արտի տերը, տեսնելով, որ աշխատողն իր գործում հաստատակամ չէ, անշուշտ, հիասթափվում է։
12. Ի՞նչ զուգահեռ կարող ենք անցկացնել արտը հերկողի և այսօրվա որոշ քրիստոնյաների միջև։
12 Այժմ զուգահեռ տանենք մեր օրերի հետ։ Հերկողը ներկայացնում է այն քրիստոնյային, որը թվում է՝ ակտիվ է ծառայության մեջ, բայց իրականում հոգևոր վտանգի մեջ է։ Պատկերացնենք, որ մի եղբայր զբաղված է հոգևոր գործերով։ Թեև նա հաճախում է ժողովի հանդիպումներին ու մասնակցում է քարոզչական ծառայությանը, սակայն շարունակ մտածում է աշխարհիկ ապրելակերպի որոշ կողմերի մասին, որոնք իր համար գրավիչ են, և սրտի խորքում փափագում է դրանք։ Ի վերջո, մի քանի տարի ծառայելուց հետո այդ բաների հանդեպ իր ցանկությունն այնքան է մեծանում, որ նա շրջվում է ու նայում «հետևում եղած բաներին»։ Թեև ծառայության մեջ դեռ շատ բան կա անելու, նա «ամուր [չի] բռնում կյանքի խոսքը», և իր ծառայությունը տուժում է (Փիլիպ. 2։16)։ Գործում հաստատակամ չլինելը, ինչ խոսք, տրտմեցնում է Եհովային՝ «հնձի Տիրոջը» (Ղուկ. 10։2)։
13. Ի՞նչ է ներառում Եհովային լիակատար սրտով ծառայելը։
13 Պարզ է, թե Հիսուսն ինչ էր ուզում սովորեցնել։ Գովելի է, որ կանոնավորաբար մասնակցում ենք առողջ և բավարարվածություն բերող գործունեությանը՝ հաճախում ենք ժողովի հանդիպումներին ու մասնակցում քարոզչական ծառայությանը։ Սակայն լիակատար սրտով Եհովային ծառայելը ավելին է ներառում (2 Տար. 25։1, 2, 27)։ Եթե քրիստոնյան սրտի խորքում շարունակում է սիրել «հետևում եղած բաները»՝ աշխարհիկ կյանքի որոշ կողմերը, նա Աստծու առաջ իր լավ համբավը կորցնելու վտանգի առաջ է կանգնում (Ղուկ. 17։32)։ Մենք հարմար կլինենք «Աստծու թագավորության համար» միայն այն դեպքում, եթե «զզվենք չարից [և] բարուն կառչենք» (Հռոմ. 12։9; Ղուկ. 9։62)։ Ուստի բոլորս պետք է վստահ լինենք, որ Սատանայի աշխարհում եղող ոչ մի բան, անկախ նրանից՝ որքան օգտակար կամ հաճելի կարող է թվալ, հետ չի պահում մեզ ամբողջ սրտով Թագավորության շահերին հետամուտ լինելուց (2 Կորնթ. 11։14; կարդա՛ Փիլիպպեցիներ 3։13, 14)։
ՊԱՀՊԱՆԻ՛Ր ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԴ
14, 15. ա) Սատանան ինչպե՞ս է փորձում ազդել մեր սրտի վրա։ բ) Օրինակով պարզաբանի՛ր, թե ինչու է Սատանայի մեթոդը վտանգավոր։
14 Եհովայի հանդեպ սերը մղել է մեզ նվիրելու մեր անձը նրան։ Այդ ժամանակից ի վեր մեզնից շատերը տարիներ շարունակ փաստել են, որ վճռել են լիակատար սրտով ծառայել Եհովային։ Բայց Սատանան ձեռք չի քաշում մեզնից։ Նա շարունակում է նշան բռնել մեր սրտին (Եփես. 6։12)։ Անշուշտ, Սատանան գիտակցում է, որ միանգամից չենք թողնի Եհովային։ Այդ պատճառով խորամանկորեն օգտագործում է «աշխարհը»՝ ձգտելով աստիճանաբար թուլացնել մեր եռանդը (կարդա՛ Մարկոս 4։18, 19)։ Ինչո՞ւ է Սատանայի այդ մեթոդը արդյունավետ։
15 Պատկերացրու՝ 100 վատտ հզորության լամպի լույսի տակ գիրք ես կարդում։ Հանկարծ լույսը հանգչում է։ Քանի որ հայտնվում ես մթության մեջ, անմիջապես հասկանում ես, թե ինչ է տեղի ունեցել, և փչացած լամպը նորով ես փոխարինում։ Սենյակը նորից լուսավորվում է։ Հաջորդ երեկո դու նորից կարդում ես։ Սակայն չգիտես, որ ինչ-որ մեկը 100 վատտ հզորության լամպը փոխարինել է 95 վատտ հզորության լամպով։ Կնկատե՞ս տարբերությունը։ Հավանաբար ոչ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե հաջորդ օրը ինչ-որ մեկը 90 վատտ հզորության լամպ դնի։ Ըստ երևույթին, դու կրկին չես նկատի դա։ Ինչո՞ւ։ Քանի որ լամպի լույսը աստիճանաբար է նվազում։ Նմանապես, Սատանայի աշխարհի ազդեցությունը կարող է քիչ-քիչ նվազեցնել մեր եռանդը։ Եթե այդպիսի բան պատահի, կնշանակի, որ Սատանային հաջողվել է ծառայության հանդեպ 100 վատտ հզորության մեր սրտագին եռանդը պակասեցնել։ Եթե քրիստոնյան զգոն չլինի, չի էլ նկատի այդ աստիճանական փոփոխությունը (Մատթ. 24։42; 1 Պետ. 5։8)։
ԱՂՈԹՔԸ ԿԵՆՍԱԿԱՆ Է
16. Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել Սատանայի դիտավորություններից։
16 Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել Սատանայի դիտավորություններից ու շարունակել լիակատար սրտով ծառայել Եհովային (2 Կորնթ. 2։11)։ Այս հարցում կենսական է աղոթքը։ Պողոսն իր հավատակիցներին քաջալերեց «հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների դեմ»։ Այնուհետև հորդորեց. «Ամեն տեսակ աղոթքով ու աղաչանքով շարունակեք ամեն առիթով աղոթել» (Եփես. 6։11, 18; 1 Պետ. 4։7)։
17. Ի՞նչ ենք սովորում Հիսուսի աղոթքներից։
17 Սատանայի դեմ «հաստատ կանգնելու» համար իմաստուն կլինի ընդօրինակել Հիսուսին, որը միշտ աղոթում էր, ինչը ցույց է տալիս, որ նա Եհովային լիակատար սրտով ծառայելու անձկագին ցանկություն ուներ։ Նկատի առ, օրինակ, թե ըստ Ղուկասի արձանագրության՝ Հիսուսն ինչպես աղոթեց իր մահվան նախորդ գիշերը. «Նա սաստիկ տագնապի մեջ լինելով՝ շարունակեց ավելի ջերմեռանդորեն աղոթել» (Ղուկ. 22։44)։ Հիսուսը նախկինում էլ էր ջերմեռանդորեն աղոթում, բայց այս անգամ, երբ կանգնած էր ամենադաժան փորձության առաջ, «ավելի ջերմեռանդորեն աղոթեց», և Աստված պատասխանեց նրա աղոթքին։ Հիսուսի օրինակը ցույց է տալիս, որ աղոթքների ուժգնության աստիճանը կարող է տարբեր լինել։ Հետևաբար, որքան ծանր են մեր փորձությունները և նենգ են Սատանայի դիտավորությունները, այնքան «ավելի ջերմեռանդորեն» պետք է աղոթենք Եհովային, որ պաշտպանի մեզ։
18. ա) Աղոթքի վերաբերյալ ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ գործոններ են ազդում մեր սրտի վրա և ինչպե՞ս (տե՛ս 16-րդ էջի շրջանակը)։
18 Ի՞նչ ազդեցություն կունենան մեզ վրա այսպիսի աղոթքները։ Պողոսը նշեց. «Ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերը» (Փիլիպ. 4։6, 7)։ Այո՛, մենք պետք է ջերմեռանդորեն ու հաճախ աղոթենք, որպեսզի կարողանանք շարունակել լիակատար սրտով ծառայել Եհովային (Ղուկ. 6։12)։ Հարցրու ինքդ քեզ. «Որքա՞ն ջերմեռանդ ու որքա՞ն հաճախ եմ աղոթում» (Մատթ. 7։7; Հռոմ. 12։12)։ Քո պատասխանը ցույց կտա, թե որքան մեծ է Աստծուն ծառայելու սրտիդ ցանկությունը։
19. Ի՞նչ պետք է անես, որ շարունակես լիակատար սրտով ծառայել Եհովային։
19 Ինչպես տեսանք, կյանքում դրած առաջնահերթությունները կարող են շատ բան ասել մեր սրտի վիճակի մասին։ Ուզում ենք ամեն բան անել, որ ո՛չ հետևում թողած բաները, ո՛չ Սատանայի խորամանկ դիտավորությունները չթուլացնեն Եհովային լիակատար սրտով ծառայելու մեր վճռականությունը (կարդա՛ Ղուկաս 21։19, 34–36)։ Այդ պատճառով Դավթի նման՝ շարունակ աղերսում ենք Եհովային, որ մեզ «լիակատար սիրտ տա» (1 Տար. 29։19)։
[շրջանակ 16-րդ էջի վրա]
ԵՐԵՔ ԳՈՐԾՈՆ, ՈՐ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՍՐՏԻ ՎՐԱ
Ինչպես որ կարող ենք քայլեր ձեռնարկել, որ մեր բառացի սիրտը առողջ լինի, այնպես էլ կարող ենք քայլեր ձեռնարկել, որ փոխաբերական սիրտը առողջ լինի։ Նկատի առ երեք կարևոր գործոն։
1 Սնուցում։ Մեր բառացի սիրտը բավարար քանակության առողջ սննդի կարիք ունի։ Նմանապես, պետք է համոզված լինենք, որ բավականաչափ առողջ հոգևոր սնունդ ենք ընդունում անձնական ուսումնասիրության, խորհրդածության ու ժողովի հանդիպումներին հաճախելու միջոցով (Սաղ. 1։1, 2; Առակ. 15։28; Եբր. 10։24, 25)։
2 Վարժություններ։ Ֆիզիկական վարժությունները, արագացնելով սրտի աշխատանքը, մարզում են այն։ Նմանապես, նախանձախնդրորեն ծառայությանը մասնակցելը, թերևս ուժերը լարելով ու մեր գործունեությունն ընդլայնելով, կնպաստի, որ փոխաբերական սիրտը լավ վիճակում լինի (Ղուկ. 13։24; Փիլիպ. 3։12)։
3 Շրջապատ։ Աշխարհիկ մարդկանց շրջապատը, որում աշխատում ու ապրում ենք, կարող է մեծ սթրեսի ենթարկել թե՛ բառացի և թե՛ փոխաբերական սիրտը։ Սակայն մենք կարող ենք նվազեցնել սթրեսը՝ հնարավորինս հաճախ շփվելով հավատակիցների հետ, ովքեր անկեղծորեն հոգ են տանում մեզ և լիակատար սրտով ծառայում Աստծուն (Սաղ. 119։63; Առակ. 13։20)։