Քրիստոնեական մկրտության չափանիշները
«Ի՞նչ է արգելում ինձ, որ մկրտուիմ» (ԳՈՐԾՔ 8։36)։
1, 2. Ինչպե՞ս Փիլիպպոսը զրույց սկսեց եթովպացի պաշտոնյայի հետ, և ի՞նչն է փաստում, որ այդ մարդը հակում ուներ հոգևորի հանդեպ։
ՀԻՍՈՒՍԻ մահվանից մեկ կամ երկու տարի անց մի կառավարական պաշտոնյա կառքով գնում էր դեպի հարավ։ Նա Երուսաղեմից Գազա տանող ճանապարհին էր։ Առջևում դեռ 1 500 կիլոմետր հոգնեցուցիչ ճանապարհ կար։ Եհովային երկրպագելու համար այս աստվածավախ մարդը երկար տարածություն էր կտրել՝ Եթովպիայից մինչև Երուսաղեմ։ Վերադարձին նա, ժամանակն իմաստությամբ օգտագործելով, ընթերցում էր Աստծու Խոսքը։ Դա վկայում էր նրա հավատի մասին։ Եհովան նկատեց այդ ազնվասիրտ մարդուն և հրեշտակի միջոցով Փիլիպպոս աշակերտին ուղարկեց քարոզելու նրան (Գործք 8։26–28)։
2 Փիլիպպոսը հեշտությամբ զրույց սկսեց, քանի որ եթովպացի պաշտոնյան բարձրաձայն էր կարդում, ինչպես որ սովորություն կար այդ օրերում։ Նա հասկացավ, որ այդ մարդը կարդում էր Եսայիա մարգարեի գիրքը։ Փիլիպպոսը մի պարզ հարց տվեց, որը շարժեց եթովպացու հետաքրքրությունը. «Հասկանո՞ւմ ես արդեօք կարդացածդ»։ Նրանք սկսեցին քննարկել Եսայիա 53։7, 8 համարները։ Ապա Փիլիպպոսը «Յիսուսն աւետարանեց նորան» (Գործք 8։29–35)։
3, 4. ա) Ինչո՞ւ Փիլիպպոսը եթովպացուն անմիջապես մկրտեց։ բ) Ի՞նչ հարցեր ենք այժմ քննարկելու։
3 Կարճ ժամանակում եթովպացի պաշտոնյան հասկացավ, թե որն է Հիսուսի դերը Աստծու նպատակի մեջ, և որ հարկավոր է մկրտվել ու Քրիստոսի աշակերտ դառնալ։ Տեսնելով ջուր՝ նա Փիլիպպոսին հարցրեց. «Ի՞նչ է արգելում ինձ, որ մկրտուիմ»։ Իհարկե, այս դեպքը յուրօրինակ էր։ Լինելով հրեա պրոզելիտ և մեծ հավատ ունենալով՝ այդ մարդը երկրպագում էր Աստծուն։ Եթե նա հիմա չմկրտվեր, ապա գուցե երկար ժամանակ հնարավորություն չունենար դա անելու։ Ավելի կարևորն այն էր, որ այդ անձնավորությունը հասկացավ, թե ինչ է Աստված իրենից պահանջում, և ամբողջ սրտով ցանկացավ համապատասխան քայլեր ձեռնարկել։ Փիլիպպոսը հաճույքով համաձայնվեց կատարել նրա խնդրանքը, և եթովպացին մկրտվելուց հետո ‘ուրախությամբ գնաց իր ճանապարհը’։ Անկասկած, իր հայրենիքում նա բարի լուրի եռանդուն քարոզիչ դարձավ (Գործք 8։36–39)։
4 Չնայած որ նվիրմանն ու մկրտությանը չպետք է թեթևամտորեն վերաբերվել կամ այդ քայլերը չմտածված կերպով անել, այնուհանդերձ եթովպացի պաշտոնյայի օրինակը ցույց է տալիս, որ կարող են լինել դեպքեր, երբ անհատը մկրտվի Աստծու Խոսքի ճշմարտությունը լսելուց կարճ ժամանակ անց։a Ուստի, տեղին կլինի քննարկել հետևյալ հարցերը. «Ի՞նչ է հարկավոր մկրտվելու համար։ Նշանակություն ունի՞ տարիքը։ Հոգևոր ի՞նչ հաջողությունների պետք է անհատը հասած լինի, որպեսզի կարողանա մկրտվել։ Եվ ամենակարևորը, ինչո՞ւ է Եհովան պահանջում, որ իր երկրպագուները կատարեն այդ քայլը»։
Լուրջ և կարևոր որոշում
5, 6. ա) Անցյալում ինչպե՞ս է Աստծու ժողովուրդը արձագանքել նրա սիրուն։ բ) Մկրտությունը ի՞նչ հնարավորություն է տալիս Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ վայելելու համար։
5 Իսրայելացիներին Եգիպտոսից ազատագրելուց հետո Եհովան ցանկացավ նրանց որպես իր «սեպհական ժողովուրդ» ընդունել, սիրել, պաշտպանել և նրանցից «սուրբ ազգ» կազմավորել։ Սակայն այդ օրհնությունները ստանալու համար ժողովուրդը Աստծու սիրուն պետք է արձագանքեր՝ կոնկրետ քայլեր կատարելով։ Իրենց արձագանքը նրանք ցույց տվեցին նրանով, որ համաձայնվեցին ‘անել Եհովայի բոլոր ասածները’ և ուխտի մեջ մտան նրա հետ (Ելից 19։4–9)։ Առաջին դարում Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց բոլոր ազգերի մարդկանցից աշակերտներ պատրաստել, և ովքեր ընդունեցին նրա ուսմունքները, մկրտվեցին։ Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալու համար նրանք պետք է հավատ ընծայեին Հիսուսի հանդեպ և մկրտվեին (Մատթէոս 28։19, 20; Գործք 2։38, 41)։
6 Այս սուրբգրային օրինակները ցույց են տալիս, որ Եհովան օրհնում է նրանց, ովքեր խոստանում են ծառայել իրեն և ապրում են իրենց խոստման համաձայն։ Քրիստոնեական նվիրումն ու մկրտությունը անհրաժեշտ քայլեր են Եհովայի օրհնությունը ստանալու համար։ Մենք վճռել ենք գնալ Աստծու ճանապարհներով և փնտրել նրա առաջնորդությունը (Սաղմոս 48։14)։ Իսկ Եհովան փոխաբերական իմաստով բռնում է մեր ձեռքը և մեզ տանում մեր գնալու ճանապարհով (Սաղմոս 73։23; Եսայիա 30։21; 41։10, 13)։
7. Ինչո՞ւ պետք է մեր նվիրման և մկրտության որոշումը ինքներս կայացնենք։
7 Այս քայլերը կատարելուն մեզ պետք է մղի սերը Եհովայի հանդեպ ու նրան ծառայելու ցանկությունը։ Ոչ ոք չպետք է մկրտվի լոկ այն պատճառով, որ իրեն ասում են, թե արդեն բավական երկար ժամանակ է, ինչ ինքը ուսումնասիրում է, կամ որ իր ընկերները արդեն մկրտվել են։ Իհարկե, ծնողները և հասուն քրիստոնյաները կարող են քաջալերել անհատին մտածելու նվիրման և մկրտության մասին։ Պենտեկոստեի օրը Պետրոս առաքյալը իր ունկնդիրներին հորդորեց ‘մկրտվել’ (Գործք 2։38)։ Բայցևայնպես, նվիրվելը անձնական հարց է, և ոչ ոք չի կարող որոշում կայացնել անհատի փոխարեն։ Աստծու կամքը կատարելու որոշումը մենք ինքներս պետք է կայացնենք (Սաղմոս 40։8)։
Ի՞նչ է հարկավոր մկրտվելու համար
8, 9. ա) Ինչո՞ւ մանուկների մկրտությունը չի համապատասխանում Աստվածաշնչի չափանիշներին։ բ) Նախքան մկրտվելը պատանին ի՞նչ հոգևոր քայլեր պետք է արած լինի։
8 Ի վիճակի՞ են արդյոք երեխաները նվիրման գիտակից որոշում կայացնել։ Գրություններում չի նշվում, թե անհատը որ տարիքում կարող է մկրտվել։ Անշուշտ, փոքրիկ երեխաները չեն կարող հավատ դրսևորել և Աստծուն նվիրվելու որոշում կայացնել (Գործք 8։12)։ Առաջին դարի քրիստոնյաների վերաբերյալ պատմաբան Ավգուստոս Նեանդերը իր գրքում ասում է. «Սկզբնական շրջանում մկրտվում էին միայն չափահասները, քանի որ մարդկանց համար բնական էր, որ մկրտությունն ու հավատը սերտորեն փոխկապակցված լինեն» («General History of the Christian Religion and Church»)։
9 Ինչ վերաբերում է պատանիներին, նրանցից ոմանք համեմատաբար վաղ հասակում կարողանում են որոշակի հոգևոր առաջադիմության հասնել, այնինչ մյուսներին դա հաջողվում է ավելի երկար ժամանակամիջոցում։ Սակայն նախքան մկրտվելը պատանին, ինչպես որ չափահասների դեպքում է, պետք է արդեն անձնական փոխհարաբերություն հաստատած լինի Եհովայի հետ, սուրբգրային հիմնական ուսմունքների ճիշտ հասկացողություն ունենա և հստակ պատկերացնի, թե ինչ է նշանակում նվիրվել Աստծուն։
10. Ո՞ր քայլերը պետք է նախորդեն նվիրմանն ու մկրտությանը։
10 Հիսուսն իր աշակերտներին հրահանգ տվեց սովորեցնել նորերին այն ամենը, ինչ ինքը պատվիրել էր (Մատթէոս 28։20)։ Ուստի անհատը նախ ճշմարտության վերաբերյալ ճշգրիտ գիտելիքներ է ձեռք բերում, որոնց շնորհիվ կարողանում է հավատ զարգացնել Եհովայի և նրա Խոսքի հանդեպ (Հռովմայեցիս 10։17; Ա Տիմոթէոս 2։4; Եբրայեցիս 11։6)։ Այնուհետև, երբ սուրբգրային ճշմարտությունը հասնում է նրա սրտին, վերջինս մղվում է զղջալու և թողնելու իր նախկին ապրելակերպը (Գործք 3։19)։ Եվ վերջապես, գալիս է մի պահ, երբ անհատը ցանկանում է իր անձը նվիրել Եհովային ու մկրտվել, ինչպեսև պատվիրել էր Հիսուսը։
11. Ինչո՞ւ է կարևոր, որ անհատը նախքան մկրտվելը կանոնավորաբար մասնակցի քարոզչությանը։
11 Հաջորդ կարևոր քայլը, որ անհատը պետք է անի նախքան մկրտությունը, Թագավորության բարի լուրի քարոզչությանը մասնակցելն է։ Դա ամենակարևոր գործն է, որ Եհովան հանձնարարել է իր ժողովրդին այս վերջին օրերում (Մատթէոս 24։14)։ Ուստի, չմկրտված քարոզիչները կարող են մեծ ուրախությամբ իրենց հավատի մասին պատմել ուրիշներին։ Նաև, այս գործում բաժին ունենալով՝ նրանք կկարողանան մկրտվելուց հետո կանոնավոր և եռանդուն կերպով մասնակցել քարոզչական ծառայությանը (Հռովմայեցիս 10։9, 10, 14, 15)։
Ի՞նչն է խանգարում քեզ մկրտվել
12. Ի՞նչը կարող է ոմանց ետ պահել մկրտությունից։
12 Ոմանք մկրտությունից խուսափում են գուցե այն պատճառով, որ չեն ցանկանում իրենց վրա պատասխանատվություն վերցնել։ Նրանք գիտակցում են, որ Եհովայի չափանիշներին համապատասխանելու համար պետք է մեծ փոփոխություններ կատարեն կյանքում։ Կամ գուցե վախենում են, որ մկրտությունից հետո դժվար կլինի ապրել Աստծու պահանջների համաձայն։ Ուրիշներն էլ նույնիսկ գուցե ասեն. «Հնարավոր է մի օր ես սխալ քայլ կատարեմ և զրկվեմ ժողովի ընկերակցությունից»։
13. Հիսուսի օրերում ի՞նչը ոմանց ետ պահեց նրա աշակերտը դառնալուց։
13 Հիսուսի օրերում որոշ մարդիկ թույլ էին տվել, որ անձնական շահերն ու ընտանեկան կապերը խոչընդոտ հանդիսանան նրա աշակերտը դառնալու հարցում։ Մի դպիր ասաց, որ կհետևի Հիսուսին, ուր էլ որ նա գնա։ Սակայն Հիսուսը պատասխանեց, որ շատ դեպքերում ինքը նույնիսկ գիշերելու տեղ չի ունենում։ Երբ Հիսուսը մեկ այլ անձնավորության հրավիրեց լինելու իր հետևորդը, վերջինս պատասխանեց, որ նախ պետք է իր հորը ‘թաղի’։ Հավանաբար, այդ մարդը նախընտրեց մնալ տանը և սպասել, մինչև որ իր հայրը մահանա։ Բայց նա իր այդ պարտականությունը կկարողանար կատարել նաև այն դեպքում, եթե ինքը Հիսուսի աշակերտը լիներ։ Իսկ երրորդ անձնավորությունն ասաց, որ ինքը նախ պետք է հրաժեշտ տա իր ընտանիքին և ապա հետևի Հիսուսին։ Հիսուսը նման պատճառաբանումները համարեց ‘ետևին մտիկ անել’։ Այս ամենից երևում է, որ ովքեր այդպես են տրամադրված, միշտ էլ պատճառներ կգտնեն իրենց քրիստոնեական պատասխանատվությունից խուսափելու համար (Ղուկաս 9։57–62)։
14. ա) Ինչպե՞ս արձագանքեցին Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսը, երբ Հիսուսը նրանց հրավիրեց դառնալ մարդկանց որսորդներ։ բ) Ինչո՞ւ չպետք է տատանվենք՝ ընդունելու Հիսուսի լուծը։
14 Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսը բոլորովին այլ մտայնություն հանդես բերեցին, երբ Հիսուսը նրանց հրավիրեց հետևել իրեն ու դառնալ մարդկանց որսորդներ։ Աստվածաշունչն ասում է. «Նորանք շուտով իրանց ուռկանները թողած նորա ետեւից գնացին» (Մատթէոս 4։19–22)։ Այդ որոշումն առանց տատանվելու կայացնելով՝ նրանք անձամբ տեսան, թե որքան ճշմարիտ են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն [«թարմություն», ՆԱ] կ’գտնէք։ Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթէոս 11։29, 30)։ Ճիշտ է, մկրտությունն իսկապես պատասխանատվության լուծ է բերում, բայց Հիսուսը վստահեցրեց, որ այն քաղցր է և հեշտ տանելի ու մեծ թարմություն է պատճառում։
15. Ինչպե՞ս են Մովսեսի ու Երեմիայի օրինակները ցույց տալիս, որ կարող ենք ակնկալել Եհովայի աջակցությունը։
15 Ոչ մի սխալ բան չկա, եթե անհատը մտածում է, թե ինքը չի կարող կրել մկրտության բերած պատասխանատվությունը։ Ե՛վ Մովսեսը, և՛ Երեմիան սկզբում կարծում էին, թե իրենք չեն կարող կատարել Եհովայի տված հանձնարարությունը (Ելից 3։11; Երեմիա 1։6)։ Ինչպե՞ս Եհովան սրտապնդեց նրանց։ Մովսեսին նա ասաց. «Ես քեզ հետ կլինիմ»։ Իսկ Երեմիային խոստացավ. «Ես քեզ հետ եմ որ քեզ ազատեմ» (Ելից 3։12; Երեմիա 1։8)։ Մենք նույնպես կարող ենք վստահ լինել, որ Աստված կաջակցի մեզ։ Աստծու հանդեպ սերն ու վստահությունը կարող են օգնել մեզ փարատելու այն կասկածները, թե կկարողանանք արդյոք ապրել մեր նվիրման համաձայն։ Հովհաննես առաքյալը գրեց. «Վախ չ’կայ սէրի մէջ. այլ կատարեալ սէրը հեռացնում է վախը» (Ա Յովհաննէս 4։18)։ Փոքրիկ տղան գուցե վախենա մենակ քայլել, բայց նա իրեն վստահ է զգում, երբ քայլում է հոր ձեռքը բռնած։ Նմանապես, եթե մենք ամբողջ սրտով վստահենք Եհովային ու քայլենք նրա հետ, ապա նա, իր խոստման համաձայն, ‘կուղղի մեր ճանապարհները’ (Առակաց 3։5, 6)։
Վեհ իրադարձություն
16. Ինչո՞ւ մկրտությունը պետք է տեղի ունենա լիակատար ընկղմումով։
16 Նախքան մկրտության կատարվելը սովորաբար ներկայացվում է Աստվածաշնչի վրա հիմնված ելույթ, որը բացատրում է քրիստոնեական մկրտության նշանակությունը։ Այդ ելույթի վերջում մկրտության թեկնածուներին խնդրվում է իրենց հավատը հրապարակավ ցույց տալ՝ պատասխանելով երկու հարցի (Հռովմայեցիս 10։10; տե՛ս 22–րդ էջի շրջանակը)։ Ապա թեկնածուները, Հիսուսի թողած օրինակի համաձայն, ընկղմումով մկրտվում են ջրում։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը մկրտվելուց հետո «դուրս եկաւ ջրիցը» (Մատթէոս 3։16; Մարկոս 1։10)։ Ակնհայտ է, որ Հովհաննես Մկրտիչը Հիսուսին ամբողջությամբ ընկղմեց ջրի մեջ։b Լիովին ընկղմումը դիպուկ կերպով խորհրդանշում է այն մեծ փոփոխությունը, որ արել ենք մեր կյանքում. մենք այլաբանորեն մահանում ենք մեր նախկին ապրելակերպի համար և սկսում ենք ապրել Աստծուն ծառայելու համար։
17. Ինչպե՞ս կարող են մկրտության թեկնածուներն ու մյուս ներկաները նպաստել այդ իրադարձության վեհությանը։
17 Մկրտությունը թե՛ լուրջ և թե՛ ուրախ իրադարձություն է։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Հիսուսը աղոթում էր, երբ Հովհաննեսը նրան ընկղմեց ջրի մեջ՝ Հորդանան գետում (Ղուկաս 3։21, 22)։ Ինչպես որ Հիսուսը, մկրտության թեկնածուներն այսօր պետք է պատշաճ վարք հանդես բերեն։ Նաև, քանի որ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս ամեն ժամանակ համեստ հագուկապ ունենալ, ուստի առավել ևս մկրտության օրը հարկավոր է այս խորհրդին հետևել (Ա Տիմոթէոս 2։9)։ Ներկաները նույնպես պետք է պատշաճ հարգանք ցուցաբերեն՝ ելույթն ուշադրությամբ լսելով և մկրտության ընթացքում իրենց վարքին հետևելով (Ա Կորնթացիս 14։40)։
Օրհնություններ, որ վայելում են մկրտված աշակերտները
18, 19. Ի՞նչ եզակի հնարավորություններ և օրհնություններ է բերում մկրտությունը։
18 Նվիրելով մեր անձը Աստծուն և մկրտվելով՝ մենք մի անզուգական ընտանիքի անդամ ենք դառնում։ Եհովան դառնում է մեր Հայրը և մեր Ընկերը։ Երբ դեռ մկրտված չէինք, օտարացած էինք Աստծուց, իսկ այժմ հաշտվել ենք նրա հետ (Բ Կորնթացիս 5։19; Կողոսացիս 1։20)։ Քրիստոսի զոհագործության միջոցով մենք մոտեցել ենք Աստծուն, իսկ նա մոտեցել է մեզ (Յակոբոս 4։8)։ Մաղաքիա մարգարեն նկարագրում է, թե ինչպես է Եհովան ուշադրություն դարձնում և լսում իր անունը կրողներին ու օգտագործողներին, և նա նրանց անունները գրում է ‘հիշատակի գրքում’։ «Նորանք իմը կ’լինեն,— ասում է Աստված,— եւ ես նորանց կ’խնայեմ ինչպէս մի մարդ իր որդիին կ’խնայէ, որ ծառայում է իրան» (Մաղաքիա 3։16–18)։
19 Մկրտությունը նաև հնարավորություն է տալիս դառնալ համաշխարհային եղբայրության անդամ։ Երբ Պետրոս առաքյալը Հիսուսին հարցրեց, թե ինչ օրհնություններ կստանան նրա աշակերտներն իրենց արած զոհողությունների դիմաց, նա ասաց. «Ամեն ով որ թողեց տներ, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիք, կամ արտեր իմ անունի համար, հարիւրապատիկ կ’առնէ եւ յաւիտենական կեանքը կ’ժառանգէ» (Մատթէոս 19։29)։ Տարիներ անց Պետրոսը գրեց այն ‘եղբայրության’ մասին, որ արդեն կար «աշխարհքիս մէջ»։ Նա անձամբ էր զգացել, թե ինչ օրհնություններ է բերում սիրառատ եղբայրությունը։ Նույնը կարող ենք զգալ և մենք (Ա Պետրոս 2։17; 5։9)։
20. Մկրտությունն ի՞նչ հիասքանչ հեռանկար է բացում անհատի առջև։
20 Նաև, Հիսուսը նշեց, որ իր հետևորդները ‘հավիտենական կյանքը կժառանգեն’։ Այո՛, նվիրումն ու մկրտությունը մեզ հնարավորություն են տալիս ‘հավիտենական կյանք ձեռք բերել’, որ կարող ենք վայելել Աստծու նոր աշխարհում (Ա Տիմոթէոս 6։19)։ Ապագայի ուրիշ ի՞նչ ավելի լավ հիմք կարող ենք կառուցել մեզ և մեր ընտանիքի անդամների համար։ Երբ այս հիասքանչ հեռանկարն իրականանա, մենք կկարողանանք մեր Եհովա Աստծու անունով գնալ հավիտյանս հավիտենից (Միքիա 4։5)։
[ծանոթագրություններ]
a Նմանապես, երեք հազար հրեաներն ու պրոզելիտները, որ Պենտեկոստեին լսեցին Պետրոսի ելույթը, անմիջապես մկրտվեցին։ Անշուշտ, եթովպացի պաշտոնյայի պես՝ նրանք արդեն գիտեին Աստծու Խոսքի հիմնական ուսմունքներն ու սկզբունքները (Գործք 2։37–41)։
b «Աստվածաշնչում «մկրտություն» թարգմանված հունարեն բառը նշանակում է «ջուրը մտնելու, լիովին ընկղմվելու և ջրից դուրս գալու պրոցես» («Vine’s Expository Dictionary of New Testament Words»)։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչպե՞ս և ինչո՞ւ պետք է արձագանքենք Եհովայի սիրուն։
• Հոգևոր ի՞նչ հաջողությունների պետք է անհատը հասած լինի, որպեսզի կարողանա մկրտվել։
• Ինչո՞ւ չպետք է թույլ տանք, որ անհաջողության մատնվելու վախը կամ պատասխանատվության բեռը մեզ ետ պահի մկրտվելուց։
• Ի՞նչ եզակի օրհնություններ կարող են վայելել Հիսուսի մկրտված աշակերտները։
[նկար 26-րդ էջի վրա]
«Ի՞նչ է արգելում ինձ, որ մկրտուիմ»
[նկարներ 29-րդ էջի վրա]
Մկրտությունը թե՛ լուրջ և թե՛ ուրախ իրադարձություն է