Ինչ ենք սովորում Հիսուսից
Աղոթքներ, որոնք Աստված լսում է
Հիսուսը հաճախ էր առանձնանում և աղոթում Աստծուն։ Նա խրախուսում էր իր հետևորդներին նույնն անել։ Աստվածաշնչում գրված է. «Պատահեց այնպես, որ նա մի տեղ աղոթք էր անում, և երբ վերջացրեց, նրա աշակերտներից մեկը նրան ասաց. «Տե՛ր, սովորեցրու մեզ, թե ինչպես պետք է աղոթել....»։ Նա էլ ասաց նրանց. «Երբ աղոթելու լինեք, ասացեք. «Հա՛յր, թող սրբացվի՛ քո անունը»» (Ղուկաս 5։16; 11։1, 2)։ Այսպիսով Հիսուսը ցույց տվեց, որ պետք է աղոթել իր Հորը՝ Եհովային, քանի որ նա է մեր Արարիչը և աղոթք Լսողը (Սաղմոս 65։2)։
Բոլո՞ր աղոթքներն են հաճելի Աստծուն
Անգիր ասված աղոթքները հաճելի չեն Աստծուն։ Հիսուսն ասաց. «Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր» (Մատթեոս 6։7)։ Երբ աղոթում ենք մեր երկնային Հորը, պետք է սրտից բխած խոսքեր ասենք։ Մի անգամ Հիսուսն ասաց, որ Աստված ավելի շատ ընդունում է մեղավոր մարդու աղոթքները, ով զղջում է իր արածի համար և ուզում է փոխվել, քան հպարտ անձնավորության աղոթքները, որը գուցե հետևում է բոլոր կրոնական ավանդույթներին (Ղուկաս 18։10–14)։ Ուստի մենք պետք է խոնարհաբար անենք այն, ինչ Աստված ասում է մեզ։ Հիսուսը այդպես էր վարվում. «Ինչպես որ Հայրը սովորեցրեց ինձ, ա՛յն եմ խոսում.... ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում» (Հովհաննես 8։28, 29)։ Իսկ մի անգամ էլ աղոթելիս ասաց. «Ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի» (Ղուկաս 22։42)։
Ի՞նչի մասին պետք է աղոթենք
Հիսուսն ասաց. «Ուստի, դուք այսպե՛ս աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի՛ քո անունը։ Թող գա՛ քո թագավորությունը։ Թող կատարվի՛ քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։ Նա կենտրոնացավ իր Հոր անվան սրբացման վրա, քանի որ Նրա անունը անարգվել էր։ Աղոթելիս կարող ենք խնդրել Աստծուն, որ բերի իր Թագավորությունը, քանի որ դրա միջոցով կկատարվի նրա կամքը թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա։ Հիսուսն ասաց, որ մենք կարող ենք աղոթել նաև «մեր օրվա հացի», աշխատանքի, ապաստանի, հագուստի և առողջության համար։ Այս ամենից բացի, պետք է նաև ներում խնդրենք մեր գործած սխալների համար (Ղուկաս 11։3, 4)։
Կարո՞ղ ենք աղոթել ուրիշների համար
Հիսուսը աղոթում էր ուրիշների համար։ Աստվածաշնչում կարդում ենք. «Երեխաներ բերեցին նրա մոտ, որպեսզի իր ձեռքերը նրանց վրա դնի և աղոթի» (Մատթեոս 19։13)։ Իսկ մի անգամ էլ նա Պետրոս առաքյալին ասաց. «Ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատը չսպառվի» (Ղուկաս 22։32)։ Իրականում Հիսուսը հորդորում էր իր հետևորդներին աղոթել ուրիշների, անգամ իրենց հալածողների և վիրավորողների համար (Մատթեոս 5։44; Ղուկաս 6։28)։
Ինչո՞ւ է կարևոր հարատևել աղոթքներում
Հիսուսը ժամանակ էր հատկացնում աղոթելուն, ուստիև իր հետևորդներին էլ քաջալերեց «միշտ աղոթք անել և չհանձնվել» (Ղուկաս 18։1)։ Եհովան պատրաստ է լսելու մեզ։ Մենք միշտ կարող ենք մեր մտահոգությունները հայտնել նրան։ «Շարունակե՛ք խնդրել, և կտրվի ձեզ»,— ասաց Հիսուսը։ Բայց դա չի նշանակում, որ Եհովան դժկամորեն է պատասխանում իրեն սիրող ու հարգող մարդկանց աղոթքներին։ Աստծու Որդին ասաց. «Եթե դուք, չար լինելով, գիտեք, թե ինչպես բարի պարգևներ տաք ձեր երեխաներին, ապա որքա՛ն առավել Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկաս 11։5–13)։
Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 17–րդ գլուխըa։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։