Միշտ թանկ գնահատենք հոգևոր գանձերը
«Որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի» (ՂՈՒԿ. 12։34)։
1, 2. ա) Եհովան ի՞նչ հոգևոր գանձեր է տվել մեզ։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
ԵՀՈՎԱՆ տիեզերքի ամենահարուստ Անձնավորությունն է (1 Տար. 29։11, 12)։ Լինելով հոգատար Հայր՝ նա իր հոգևոր հարստությունից առատորեն տալիս է նրանց, ովքեր հասկանում են դրա արժեքը։ Որքա՜ն երախտապարտ ենք նրան այդ հոգևոր գանձերի համար, որոնցից են Աստծու Թագավորությունը, կյանքեր փրկող մեր ծառայությունը և այն թանկ ճշմարտությունները, որ գտնում ենք Աստվածաշնչում։ Սակայն եթե զգույշ չլինենք, հնարավոր է՝ կորցնենք այս գանձերի համար գնահատանքը, և մեր աչքում դրանք անարժեք դառնան։ Հետևաբար պետք է շարունակ հիշեցնենք մեզ, թե որքան թանկ են այդ հոգևոր գանձերը և խորացնենք մեր սերը դրանց հանդեպ։ Հիսուսն ասաց. «Որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի» (Ղուկ. 12։34)։
2 Այժմ եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք սեր ու գնահատանք զարգացնել մեր մեջ Թագավորության, ծառայության և ճշմարտության հանդեպ։ Ուսումնասիրության ընթացքում խորհրդածենք, թե ինչպես կարող ենք պահպանել և խորացնել մեր սերը այս հոգևոր գանձերի հանդեպ։
ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆԳԻՆ ՄԱՐԳԱՐԻՏ
3. Հիսուսի պատմած առակում վաճառականը ի՞նչ անելու էր պատրաստ՝ թանկարժեք մարգարիտը ձեռք բերելու համար (տես հոդվածի սկզբի նկարը)։
3 Կարդա Մատթեոս 13։45, 46։ Հիսուսը իր աշակերտներին առակ պատմեց մի վաճառականի մասին, որը մարգարիտներ էր փնտրում։ Տարիների ընթացքում, անկասկած, նա հարյուրավոր մարգարիտներ էր գնել ու վաճառել։ Մի անգամ վաճառականը անչափ գեղեցիկ ու արժեքավոր մարգարիտ գտավ։ Տեսնելով այն՝ շատ ուրախացավ։ Սակայն այդ մարգարիտը գնելու համար նա պետք է իր ողջ ունեցվածքը վաճառեր։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան թանկ էր այդ մարգարիտը նրա համար։
4. Եթե Աստծու Թագավորությունը շատ սիրենք, ի՞նչ անելու դա կմղի մեզ։
4 Ի՞նչ ենք սովորում Հիսուսի այս առակից։ Աստծու Թագավորության մասին ճշմարտությունը նման է այդ թանկարժեք մարգարտին։ Եթե մենք այն շատ սիրենք, մարգարիտ գտած վաճառականի պես պատրաստ կլինենք հրաժարվել ամեն ինչից, միայն թե դառնանք այդ Թագավորության հպատակ (կարդա Մարկոս 10։28–30)։ Այժմ նկատի առնենք երկու մարդկանց օրինակ, որոնք հենց այդպես են վարվել։
5. Ի՞նչ անելու էր պատրաստ Զաքեոսը Աստծու Թագավորության համար։
5 Զաքեոսը հարկահավաքների պետն էր, որը հարստացել էր՝ մարդկանցից փող շորթելով (Ղուկ 19։1–9)։ Երբ այս անիրավ մարդը լսեց Թագավորության մասին Հիսուսի քարոզած լուրը, հասկացավ դրա արժեքը և անմիջապես քայլեր ձեռնարկեց։ Նա ասաց. «Ահա իմ ունեցվածքի կեսը, Տե՛ր, տալիս եմ աղքատներին, և ինչ էլ որ շորթել եմ որևէ մեկից կեղծ մեղադրանքով, քառապատիկն եմ վերադարձնում»։ Նա ուրախությամբ հրաժարվեց անազնիվ ճանապարհով ձեռք բերած հարստությունից և ձերբազատվեց ագահությունից։
6. Ի՞նչ փոփոխություններ արեց Ռոուզը Աստծու Թագավորության հպատակ դառնալու համար և ինչո՞ւ։
6 Մի կին, որին մենք կկոչենք Ռոուզ, համասեռամոլ էր, երբ տարիներ առաջ լսեց Թագավորության լուրը։ Նա համասեռամոլների իրավունքները պաշտպանող մի կազմակերպության նախագահ էր։ Երբ Ռոուզը ուսումնասիրեց Աստվածաշունչը, հասկացավ Աստծու Թագավորության մասին ճշմարտության արժեքը։ Սակայն նա հսկայական փոփոխություններ պետք է աներ իր կյանքում (1 Կորնթ. 6։9, 10)։ Նրա սիրտը մղեց նրան, որ թողնի իր աշխատանքը և վերջ տա իր նույնասեռ հարաբերություններին։ 2009 թ.-ին Ռոուզը մկրտվեց, իսկ 2010-ին սկսեց ծառայել որպես ռահվիրա։ Եհովայի ու նրա Թագավորության հանդեպ Ռոուզի սերն այնքան ուժգին էր, որ հաղթեց մարմնական ցանկություններին (Մարկ. 12։29, 30)։
7. Ի՞նչը կօգնի, որ շարունակենք ամբողջ սրտով սիրել Աստծու Թագավորությունը։
7 Մեզանից շատերը լիովին փոխել են իրենց կյանքը, որպեսզի դառնան Աստծու Թագավորության հպատակներ (Հռոմ. 12։2)։ Սակայն այդ աշխատանքը ավարտված չէ։ Մենք պետք է զգոն լինենք, որպեսզի թույլ չտանք, որ որևէ բան, օրինակ՝ նյութապաշտությունը և անբարո սեռական ցանկությունները բույն դնեն մեր սրտում (Առակ. 4։23; Մատթ. 5։27–29)։ Որպեսզի կարողանանք շարունակել ամբողջ սրտով սիրել Աստծու Թագավորությունը, Եհովան մեկ ուրիշ անգին գանձ էլ է տվել մեզ։
ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿՈՂ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
8. ա) Պողոս առաքյալն ինչո՞ւ է ծառայությունը նկարագրում որպես գանձ կավե անոթներում։ բ) Պողոսն ինչպե՞ս ցույց տվեց, որ թանկ է գնահատում իր ծառայությունը։
8 Հիսուսը մեզ հանձնարարել է Աստծու Թագավորության բարի լուրը քարոզել և ուսուցանել (Մատթ. 28։19, 20)։ Պողոս առաքյալը գիտակցում էր, թե որքան թանկ է այդ ծառայությունը։ Նոր ուխտի հետ կապված ծառայությունը նա նկարագրեց որպես «գանձ.... կավե անոթներում» (2 Կորնթ. 4։7; 1 Տիմոթ. 1։12)։ Թեպետ մենք պարզապես անկատար հողե անոթներ ենք, սակայն այն լուրը, որ քարոզում ենք, կարող է հավիտենական կյանք տալ թե՛ մեզ, թե՛ մեզ լսողներին։ Այդ պատճառով Պողոսն ասաց. «Ամեն բան բարի լուրի համար եմ անում, որպեսզի այն քարոզեմ ուրիշներին» (1 Կորնթ. 9։23)։ Այո՛, ծառայության հանդեպ Պողոսի սերը մղեց նրան, որ ջանք չխնայի աշակերտներ պատրաստելու գործում (կարդա Հռոմեացիներ 1։14, 15; 2 Տիմոթեոս 4։2)։ Դա օգնեց նրան դիմանալու ծանր հալածանքների (1 Թեսաղ. 2։2)։ Ինչպե՞ս կարող ենք մենք էլ նման սեր դրսևորել ծառայության հանդեպ։
9. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ թանկ ենք գնահատում մեր ծառայությունը։
9 Պողոսը տարբեր կերպերով ցույց տվեց, որ թանկ է գնահատում իր ծառայությունը։ Օրինակ՝ նա ամեն առիթ օգտագործում էր, որպեսզի բարի լուրը հայտներ բոլորին։ Առաքյալների և առաջին դարի մյուս քրիստոնյաների նման՝ մենք նույնպես մարդկանց քարոզում ենք ամենուրեք՝ մասնակցելով ծառայության տարբեր ձևերի՝ ոչ պաշտոնական, հրապարակային և տնետուն (Գործ. 5։42; 20։20)։ Երբ մեր հանգամանքները թույլ են տալիս, մենք ծառայությունը ընդլայնելու կերպեր ենք փնտրում՝ ծառայելով, օրինակ, որպես ռահվիրա, ենթառահվիրա, կամ էլ նոր լեզու ենք սովորում ու տեղափոխվում այլ տարածքներ, նույնիսկ այլ երկրներ (Գործ. 16։9, 10)։
10. Ինչպե՞ս օրհնվեցին Այրինի թափած ջանքերը։
10 Տեսնենք Այրինի օրինակը, որը ամուրի քույր է և ապրում է ԱՄՆ-ում։ Նա մեծ ցանկություն ուներ քարոզելու ռուսախոս ներգաղթյալներին։ 1993 թ.-ին, երբ նա սկսեց համագործակցել Նյու Յորք քաղաքի ռուսալեզու խմբի հետ, այնտեղ ընդամենը 20 քարոզիչ կար։ Մոտ 20 տարի այս դաշտում ծառայելուց հետո Այրինն ասաց. «Ես դեռ կատարելապես չեմ տիրապետում ռուսերենին»։ Սակայն Եհովան օրհնել է նրա և ուրիշ շատերի եռանդը, որ ներդրել են ծառայության մեջ։ Այսօր այդ քաղաքում վեց ռուսական ժողով կա։ Այն մարդկանցից տասնհինգը, ում հետ Այրինը Աստվածաշունչ է ուսումնասիրել, մկրտվել են։ Նրանցից ոմանք ծառայում են որպես ռահվիրաներ, երեցներ ու բեթելցիներ։ Այրինն ասում է. «Երբ մտածում եմ այլ նպատակների մասին, որ կարող էի դնել, հասկանում եմ, որ դրանցից ոչ մեկը այսքան շատ ուրախություն չէր տա ինձ»։ Այրինը իսկապես թանկ է գնահատում իր ծառայությունը։
11. Ի՞նչ դրական արդյունքներ են լինում, երբ շարունակում ենք քարոզել՝ չնայած հալածանքին։
11 Եթե թանկ գնահատենք մեր ծառայությունը, Պողոս առաքյալի պես կկարողանանք շարունակել քարոզել՝ չնայած հալածանքին (Գործ. 14։19–22)։ 1930- ականներին և 1940-ականների սկզբին մեր եղբայրները Միացյալ Նահանգներում մեծ հակառակության հանդիպեցին։ Իրենց իրավունքները պաշտպանելու համար նրանք դիմեցին իշխանություններին և շատ դատեր շահեցին։ 1943-ին եղբայր Նաթան Նորը, խոսելով ԱՄՆ-ի Գերագույն դատարանում տարած հաղթանակներից մեկի մասին, ասաց. «Մենք ձեր պայքարի շնորհիվ ենք հաղթանակներ տարել։ Եթե քարոզիչը չշարունակեր քարոզել դաշտում, ոչ մի գործ չէր քննվի Գերագույն դատարանում։ Ուստի քո շնորհիվ է, քարոզի՛չ, որ ամբողջ աշխարհում եղող եղբայրները շարունակում են պայքարել ու չեն հանձնվում, և որ հալածանքը վերջ է գտնում։ Տիրոջ ժողովուրդը ամուր կանգնած է մնում և արդյունքում հաղթում է, ինչի մասին վկայում է այս վճիռը»։ Այլ երկրներում նույնպես եղբայրների բռնած հաստատուն դիրքը հանգեցրեց նման հաղթանակների։ Այո՛, ծառայության հանդեպ սերը կարող է վերջ դնել հալածանքներին։
12. Ի՞նչ ես վճռել անել ծառայության հետ կապված։
12 Եթե մեր ծառայությունը Եհովայից ստացած անգին գանձ համարենք, չենք բավարարվի պարզապես հաշվետվության մեջ «ժամ գրելով»։ Մենք մեր ձեռքից եկած ամեն բան կանենք, որպեսզի «հիմնովին վկայություն տանք.... բարի լուրի մասին» (Գործ. 20։24; 2 Տիմոթ. 4։5)։ Բայց ի՞նչ ենք ուսուցանելու մարդկանց։ Տեսնենք, թե ուրիշ ինչ գանձ է տվել մեզ Եհովան։
ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁԱՐԱՆ
13, 14. Ի՞նչ «գանձարանի» մասին խոսեց Հիսուսը Մատթեոս 13։52-ում, և ինչպե՞ս ենք այն լցնում։
13 Երրորդ հոգևոր գանձը բացահայտված ճշմարտությունների շտեմարանն է։ Եհովան ճշմարտության Աստված է (2 Սամ. 7։28; Սաղ. 31։5)։ Լինելով առատաձեռն Հայր՝ նա այդ ճշմարտությունները հայտնում է աստվածավախ մարդկանց։ Այն պահից սկսած, երբ առաջին անգամ լսեցինք բարի լուրը՝ մենք հնարավորություն ունեցանք ճշմարտություններ հավաքելու Աստծու Խոսքից՝ Աստվածաշնչից, մեր հրատարակություններից, համաժողովներից ու ժողովի շաբաթական հանդիպումներից։ Ժամանակի ընթացքում մենք ձեռք բերեցինք Հիսուսի նկարագրած «գանձարանը»՝ հին ու նոր ճշմարտություններով լի (կարդա Մատթեոս 13։52)։ Եթե այդ ճշմարտությունները փնտրենք ինչպես թաքցված գանձեր, Եհովան կօգնի մեզ համալրել մեր «գանձարանը» անգին նոր ճշմարտություններով (կարդա Առակներ 2։4–7)։ Ինչպե՞ս կարող ենք անել դա։
14 Մենք պետք է անձնական ուսումնասիրության լավ սովորություն զարգացնենք և խոր փնտրտուքներ անենք Աստծու Խոսքում ու մեր հրատարակություններում։ Դա կօգնի մեզ գտնել ճշմարտություններ, որոնք գուցե «նոր» լինեն մեզ համար այն առումով, որ նախկինում չգիտեինք դրանց մասին (Հեսու 1։8, 9; Սաղ. 1։2, 3)։ Այս ամսագրի առաջին համարում, հրատարակված 1879 թ. հուլիսին, գրված է. «Ճշմարտությունը նման է կյանքի անապատում աճող քնքուշ ծաղկի, որին շրջապատել և գրեթե խեղդում են կեղծիքի փարթամ մոլախոտերը։ Եթե ցանկանում եք գտնել այն, պետք է միշտ ուշադիր փնտրեք.... Եթե ուզում եք ունենալ այն, պետք է կռանաք, որ քաղեք։ Մի՛ բավարարվեք ճշմարտության մեկ ծաղկով.... Շարունակեք հավաքել, փնտրեք նորերը»։ Այո՛, մենք պետք է փափագենք հարստացնել աստվածաշնչյան ճշմարտությունների մեր գանձարանը։
15. Ի՞նչ իմաստով ենք որոշ ճշմարտություններ «հին» անվանում, և դրանցից որո՞նք են քեզ համար հատկապես թանկ։
15 Մենք իմացանք որոշ թանկարժեք ճշմարտությունների մասին, երբ սկսեցինք շփվել Աստծու ժողովրդի հետ։ Այդ ճշմարտությունները կարելի է անվանել «հին», քանի որ դրանք իմացել ու սկսել ենք գնահատել մեր քրիստոնեական կյանքի ուղու հենց սկզբից։ Որո՞նք են դրանցից մի քանիսը։ Մենք սովորեցինք, որ Եհովան է մեր Արարիչը ու կյանք Պարգևողը, և որ նա մարդկության հետ կապված նպատակ ունի։ Նաև իմացանք, որ Աստված, սիրուց մղված, իր Որդուն որպես փրկանք է տվել, որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան ճիրաններից։ Բացի այդ, սովորեցինք, որ Նրա Թագավորությունը վերջ է դնելու բոլոր տառապանքներին, և որ մենք հեռանկար ունենք հավիտյան խաղաղ ու երջանիկ ապրելու այդ կառավարության իշխանության ներքո (Հովհ. 3։16; Հայտն. 4։11; 21։3, 4)։
16. Ի՞նչ պետք է անենք, երբ որևէ ճշմարտության վերաբերյալ վերաճշտումներ են լինում։
16 Ժամանակ առ ժամանակ Աստվածաշնչի որոշ մարգարեությունների կամ համարների մեր հասկացողությունը, հնարավոր է, վերաճշտվի։ Երբ որևէ վերաճշտում է լինում, պետք է ժամանակ հատկացնենք, որ մանրամասնորեն ուսումնասիրենք ստացված տեղեկությունը և խորհրդածենք դրա շուրջ (Գործ. 17։11; 1 Տիմոթ. 4։15)։ Մենք պետք է ձգտենք հստակ հասկանալ ոչ միայն հին և նոր հասկացողության հիմնական տարբերությունները, այլև նրբությունները։ Այդպես մենք կարող ենք վստահ լինել, որ այդ նոր ճշմարտությունները մեր գանձարանում իրենց տեղը կունենան։ Ինչո՞ւ արժե նման ջանքեր ներդնել։
17, 18. Սուրբ ոգին ինչպե՞ս կարող է օգնել մեզ։
17 Հիսուսը ասաց, որ Աստծու ոգին կարող է մեր միտքը բերել այնպիսի բաներ, որոնք սովորել ենք նախկինում (Հովհ. 14։25, 26)։ Ինչպե՞ս դա կարող է օգնել մեզ, երբ քարոզում ենք բարի լուրը։ Նկատի առնենք Պիտեր անունով մի եղբոր օրինակը։ 1970 թ.-ին նա 19 տարեկան էր և նոր էր սկսել ծառայել Բրիտանիայի Բեթելում։ Մի օր տնետուն ծառայելիս նա հանդիպեց մորուքով, մոտ 50 տարեկան մի մարդու։ Պիտերը հարցրեց նրան, թե արդյոք չէր ուզի հասկանալ Աստվածաշունչը։ Փոքր-ինչ վրդովված՝ տղամարդն ասաց, որ Պիտերը հրեա ռաբբիների տուն է եկել, և նրան փորձելու համար հարցրեց. «Դե՛, տղա՛ս, ասա՝ տեսնեմ՝ ո՞ր լեզվով է գրվել Դանիելի գիրքը»։ Պիտերը պատասխանեց. «Մի մասը արամերենով է գրվել»։ «Ռաբբին զարմացավ, որ գիտեի պատասխանը,— պատմում է Պիտերը,— բայց ես ավելի զարմացա։ Որտեղի՞ց գիտեի պատասխանը։ Երբ վերադարձա տուն և աչքի անցկացրի վերջին ամիսներին լույս տեսած «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի համարները, գտա մի հոդված, որտեղ խոսվում էր այն մասին, որ Դանիելի գիրքը արամերենով է գրվել» (Դան. 2։4, ծնթ.)։ Այո՛, սուրբ ոգին կարող է հիշեցնել մեզ այն մտքերը, որ կարդացել ենք և ամբարել մեր գանձերի շտեմարանում (Ղուկ. 12։11, 12; 21։13–15)։
18 Եթե բարձր գնահատենք Եհովայից եկող իմաստությունը, մեր սիրտը կմղի մեզ, որ մեր գանձարանը լցնենք ճշմարտություններով՝ հին ու նոր։ Եվ եթե այդ իմաստության հանդեպ մեր սերն ու գնահատանքը շարունակ աճեն, մենք ավելի լավ պատրաստված կլինենք ուրիշներին ուսուցանելու համար։
ՊԱՀՊԱՆԻՐ ՔՈ ԳԱՆՁԵՐԸ
19. Ինչո՞ւ պետք է պահպանենք մեր հոգևոր գանձերը։
19 Այս հոդվածում քննարկեցինք, թե որքան կարևոր է գնահատել հոգևոր գանձերը։ Սակայն Սատանան ու նրա աշխարհը շարունակ փորձում են այնպես անել, որ չգնահատենք դրանք։ Եթե զգոն չլինենք, հեշտությամբ կհրապուրվենք շահութաբեր կարիերայի խոստումներով, ճոխ կյանքով ապրելու երազանքներով և նյութական հարստությունը ցուցադրաբար ներկայացնելու ցանկությամբ։ Հովհաննես առաքյալը հիշեցնում է մեզ, որ «աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ» (1 Հովհ. 2։15–17)։ Հետևաբար, մենք պետք է ամեն ջանք թափենք, որպեսզի հսկենք մեր սիրտը և պահենք հոգևոր գանձերի հանդեպ մեր սերն ու գնահատանքը։
20. Ի՞նչ ես վճռել անել հոգևոր գանձերդ պահպանելու համար։
20 Պատրաստ եղիր հրաժարվելու ցանկացած բանից, որը կարող է քո սրտում զբաղեցնել Աստծու Թագավորության հանդեպ սիրո տեղը։ Շարունակիր եռանդով քարոզել և միշտ թանկ գնահատիր ծառայությունը, որը մարդկանց կյանքեր է փրկում։ Շարունակիր հոգևոր գանձեր փնտրել Աստվածաշնչում։ Եթե այդպես վարվես, գանձեր կկուտակես «երկնքում, որտեղ ո՛չ գողն է հասնում, ո՛չ էլ ցեցն է ոչնչացնում»։ Հիշիր՝ «որտեղ քո գանձն է, այնտեղ էլ քո սիրտը կլինի» (Ղուկ. 12։33, 34)։